Ազատ տարածք խորագրի արխիվներ

Mari Baghdasaryan malishka

Բարև, ուրախություն

Կարդում էի համակուրսեցուս հուշատետրը, որն ինչպես ինքն է ասում՝ հուշատետր չէ, այլ մտորումների գիրք: Կանգ առա այս տողերի վրա, կարդացի մի քանի անգամ և որոշեցի գրի առնել…

«Բարև, իմ ուրախություն: Ես եմ: Հերթական անգամ ուզում էի գրել քեզ, բայց հերթական անգամ սկզբունքներս չթողեցին: Անգիր եմ արել բառերդ, գիտեմ՝ եթե կարդայիր սա, կասեիր, որ կան պահեր, երբ պետք է մի կողմ դնել սկզբունքները, որովհետև յուրաքանչյուր բառը, քայլը, հանդիպումը կարող է շատ բան փոխել: Կասեիր, որ կապ չունի՝ մարդուն մեկ, թե մի քանի անգամ ես տեսել, կարևորն այն է, թե նա ինչ տեղ է զբաղեցնում քո կյանքում: Կասեիր: Դե, չգիտեմ, թե ինչ կասեիր, չէ՞ որ վաղուց չենք զրուցել: Չգիտեմ՝ դու ես մինչ օրս ինձանից նեղացած, թե ես՝ քեզնից, որ էլ չենք գրում իրար: Չգիտեմ՝ հիշո՞ւմ ես ինձ:
Շատ եմ լսել, որ հին նամակները պետք չէ կարդալ: Բայց այսօր կարդում էի: Հիշո՞ւմ ես՝ մեկ տարի առաջ էր, լսարանում դեսից դենից էինք խոսում: Ու այն աղջիկը, որ առաջին հայացքից երևի շատ լուրջ, գուցե և գոռոզ աղջկա տպավորություն էր թողել, սկսել էր ժպտալ: Հիշում եմ՝ գրիչ ուզեցիր, հետո ասացիր.
-Այս լսարանում, երբ ծանոթանում են, անունը գրում են սեղանին:
Ասացիր, որ ավանդույթ է դարձել: Գրեցիր անունս: Այդ սեղանին քո և մյուս ուսանողների անուններն էլ կային գրված: Օրեր առաջ նույն լսարանում էի ուսանողների հետ: Դու բացակայում էիր: Ոչ մի նոր անուն չի ավելացել այդ սեղանին գրված անունների կողքին և ոչ մի անուն չի ջնջվել: Մի տեսակ լռություն էր տասնյակ ձայների մեջ, գուցե ոչ նրանց, բայց ինձ համար բացահայտ նկատելի էր:
Չգիտեմ՝ նայեցի՞ր այն ֆիլմը, որի վերնագիրը հաճախ էի կրկնում քեզ հետ խոսելիս: Հաճախ էի ասում.
-Բարև, իմ ուրախություն:
-Ես քո ուրախությո՞ւնն եմ:
Ի պատասխան ժպտում էի, քեզ հաջողվում էր դեմքիս ժպիտ նկարել: Հիմա էլ առաջվանը չեմ, փոխվել եմ, դեմքիս ժպիտը կեղծ է: Եթե անգամ փորձեմ հավատացնել, համոզել քեզ, որ ոչինչ չի եղել, ամեն ինչ կարգին է, դու չես հավատա: Երևի կբարկանաս, լուրջ հայացքով կնայես ու կասես.
-Ժպտա, քեզ սազում ա:
Ու երևի քո դիմաց անզոր կլինեմ ժպիտս կեղծել, երևի կժպտամ:
Դու կարդալ սիրում ես, երևի կկարդաս սա, կկարդա՞ս: Ու անպատասխան է մնում հարցս:
«Բարև իմ ուրախություն»,- գրում եմ հերթական անգամ, և հերթական անգամ սկզբունքներս ինձ թույլ չեն տալիս, որ նամակս տեղ հասնի»:

milena araqelyan

Եթե

Եթե.. Փետրվար: Ամենակարճ տևողությամբ ամիս: Գլորում ենք օրերը: Որևէ մեկդ մտածե՞լ եք, որ տարվա երկրորդ ամիսը նույնպես անցյալում է: Միգուցե չե՞ք հասցրել անել այն, ինչ գծագրել էիք մի ամբողջ դեկտեմբեր ամսին: Երբեք պետք չէ մտածել, որ գալիք օրը առջևում է, ու կկարողանաս հասցնել ասել մի բառ կամ ստեղծել, գծագրածդ պատկերը, որ երևակայությանդ մեջ ծնվել էր նախորդ տարվա ամենավերջին օրը:

Մենք՝ մարդիկս, սիրում ենք ընկնել «եթե»-ների հետևից, կամ չէ, սիրում ենք քայլել նրանց հետ՝ կողք-կողքի: Օրինակ, եթե դու այդ ամենավերջին օրը մտքիդ եկածը ասեիր կամ թղթին հանձնեիր պատկերը, այն միգուցե գլուխգործոց դառնար, բայց նորից «եթե»-ի հետ քայլեցիր ու վախեցար: Հաստատ մտածեցիր. «Եթե ասեմ այն, ինչ պահել եմ մտքերիս ամենասառը անկյունում՝ մի պատի տակ, որն ամբողջ տարվա ընթացքում նույնիսկ չեմ ակնարկել, հիմա սխալ կհասկացվի:

Տե՛ս, եթե այդ գրողի տարած «եթե»-ն չգար ու կողքովդ չքայլեր՝ մտքերիդ հետ հավասար, դու տարվա երկրորդ ամսվա վերջին օրը արդեն տաքացրած կլինեիր մտքերիդ այն ամենասառը անկյունը: Ա՜խ, այդ «եթե»-ները: Նրանք ստեղծվել են, որ իրենց շաղկապային ամենաանտանելի իմաստով քեզ հետ պահեն առաջ քայլելուց:

Դեն գցի՛ր կողքովդ քայլող «եթե»-ն ու կհասկանաս, որ քայլերդ թեթևանում են: Ոչ թե մտածիր. «Եթե այսօր շատ շոգ է, ուրեմն անձրև կգա», այլ՝ «Հաստատ անձրև է գալու»: Ամեն բան արա՛, հաստատակամ եղիր թեկուզ սխալիդ մեջ, բայց ազատվիր ներսդ խառնող «եթե»-ից ու դրսում՝ ամեն քայլափոխի, ճանապարհիդ հայտնվող այդ ապակողմնորոշող բառից: Ու ամենավերջում վստահ կլինես, որ նրան կողքովդ քայլել թույլ չտալու դեպքում հենց հասկացար, որ ամենաերկար ճանապարհը հաստատակամ ու առանց «եթե»-ների ճանապարհն է:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երևանյան էսքիզներ

meri baghdasaryan

Ես չգիտեմ

Ես չգիտեմ, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այն չի էլ վերջանում: Ես չգիտեմ, թե ինչ գույն ունի լռությունը, գուցե այն քո աչքերի գույնն ունի, գուցե և անգույն է, չգիտեմ: Դու գիտե՞ս:

Դու հաճախ մի ամբողջ քաղաք ոտնատակ ես տալիս ինչ-որ մտքեր ցրելու, կամ ինչ-որ բան վերհիշելու համար: Քայլում ես երկա՜ր, երկա՜ր: Հանդիպում ես ծանոթ մարդկանց, խոսում առօրյա հոգսերից ու բաժանվում ես։ Այդ բաժանումից հետո հոգուդ մեջ մի մեծ ծանրություն է մնում: Քայլում ես ու մտածում, հաճախ տարվում ես երազանքով, հետո սթափվում ես ինչ-որ մեկի ձայնից: Հասկանում ես, որ քեզ չէին կանչում, այլ քո անունն ունեցող մեկ ուրիշին:
Շարունակում ես քայլերդ, երևակայությանդ մեջ գտնում ես մեկին, պատկերացնում ես նրա հայացքը, ժպիտը, աչքերի գույնը և զգում ես, որ նա քեզ հարազատ է, և հոգուդ խորքում սիրում ես նրան:
Ակամա նայում ես երկնակամարին, արդեն աստղեր են նշմարվում: Մտքերով տարված՝ չես նկատել, թե ինչպես է մթնել: Տուն հասնելուն պես վառում ես մի փոքր լամպ, որովհետև քամի է, և լույս չկա:
Առավոտյան դուրս ես գալիս: Այգում մի քանի բացված մանուշակ ես նկատում: Մտածում ես՝ քաղես ու նվիրես մեկին: Բայց ի՞նչ իմանաս՝ այդ մեկը մանուշա՞կ է սիրում, թե՞ փշոտ վարդեր: Ի՞նչ իմանաս:
Պահի ազդեցության տակ տխրում ես, թախծում, հետո վերցնում ես թուղթ ու գրիչ և սկսում ես գրել: Գրում ես, որովհետև այս աշխարհում ուրիշ ոչինչ չի մնացել անելու, կամ էլ որովհետև այլ տաղանդ չունես:
Հուսահատության պահերին չգիտակցելով սրտեր ես փշրում, անտարբերությամբ ես անցնում արցունքի կողքով:
Ես չգիտեմ, թե ինչ տեսք ունի մենախոսությունը, գուցե նման է այն վարդին, որի թերթերը ոչ ոք հաշվել չի փորձել:
Ես չգիտեմ, թե ինչպես է վերջանում «Մատանիների տիրակալը» ֆիլմը: Ես այն երբեք չեմ նայել մինչև վերջ:
Ես չգիտեմ, թե քանի երգ է գրվելու անփոխադարձ սիրո մասին, չէ՞ որ ամեն օր սրտեր են կոտրվում:
Միգուցե դու գիտես, միգուցե պատասխան տաս հարցերիս: Չէ որ ինչպես ինքդ ես ասում՝ նայել ես աշխարհի բոլոր ֆիլմերը, դա էլ նայած կլինես, պատմիր ինձ վերջաբանը: Դու գրում ես երգեր, որոշները պատռում ես ու աղբամանը նետում, լավագույններն էլ պահում ես խնամքով՝ մի օր ձայնագրելու նպատակով: Դու երևի գիտես նաև, թե որտեղ է վերջանում հորիզոնը, գուցե այնտե՞ղ, որտեղ կատարելություն չկա: Այն բեմում, որում խամաճիկներին դերասան են կոչում: Գուցե վերջանում է այնտեղ, որտեղ գլուխ է բարձրացնում ամենախոսուն լռությո՞ւնը…

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

«Ձնեմարդուկ» փառատոն 2018

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Արդեն 6 տարի է, ինչ Ջերմուկում անց է կացվում «Ձնեմարդուկ» երկօրյա փառատոնը։ Այս տարի այն մեկնարկեց փետրվարի 17-ին։ Փառատոնի մասնակիցներն սկսեցին իրենց աշխատանքը հենց առավոտյան։ Այս տարի նույնպես փառատոնին մասնակցեցին Փ. Թերլեմեզյանի անվան քոլեջի աշակերտները, ինչպես նաև մի քանի այլ քանդակագործներ։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Փառատոնի առաջին օրվա ընթացքում Ջերմուկի երիտասարդական կենտրոնի կամավորները պարում ու օտարերկացիներին սովորեցնում էին մի քանի հայկական ազգագրական պարեր։ Փառատոնը այնքան էր ոգևորել զբոսաշրջիկներից ոմանց, որ իրենք էլ հեռանալիս իրենց քանդակները նվիրեցին քաղաքին։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Փառատոնի ընթացքում իրենց վարպետությունը ցուցադրեցին «Slake line»-ի ասպարեզում հանդես եկող հյուրերը։ Նրանք, բացի հնարքներ ցույց տալուց, անցորդներին օգնում ու սովորեցնում էին քայլել պարանի վրայով։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Այնուհետև Ջերմուկ այցելեցին «Խազեր» երգչախմբի անդամները և փոքրիկ երգեցողության դաս անցկացրին «Արմենիա» առողջարանային համալիրում, իսկ հետո երգեցին մի քանի ստեղծագործություններ և հմայեցին բոլոր ունկնդիրներին։ Նրանք ոչ միայն սովորեցրին երգել, այլ նաև պատմեցին հայ երաժշտության ակունքների մասին և խոստացան վերադառնալ Ջերմուկ։ Փառատոնի առաջին օրվա երեկոն ավարտվեց ըմպելասրահի տարածքում կրակով պարեր դիտելով ու մինչ ուշ գիշեր պարելով։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Փառատոնի երկրորդ օրը, չնայած նախորդ օրվա արևոտ եղանակին, սկսվեց ձնառատ ու ցուրտ, սակայն դա փառատոնի մասնակիցներին չխանգարեց քանդակել։ Քանդակները ավարտելուց հետո բոլորը հավաքվել էին Ջերմուկի ճոպանուղու տարածքում՝ մասնակցելու միջոցառմանը և իմանալու հաղթողի անունը։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև հեծանվավազք և ձնագնդիի առաջնություն, իսկ ամբողջ միջոցառման ընթացքում համայնքապետարանի աջակցությամբ ճոպանուղին անվճար գործեց։ Փառատոնի վերջնամասում Թերլեմեզյանի անվան քոլեջի սաները, հրավիրված քանդակագործները, հեծանվորդները, լարախաղացները, Ջերմուկի համայնքապետը և այլոք ստացան փոքրիկ մրցանակներ, իսկ մրցակցող քանդակներից բոլորն էլ հաղթող ճանաչվեցին։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Ահա այսպես էլ ավարտվեց ևս մեկ «Ձնեմարդուկ» փառատոն, որի կազմակերպիչները՝ Ջերմուկի երիտասարդական կենտրոնի տնօրենն ու կամավոր անդամները, Ջերմուկի զարգացման կենտրոնը, խոստացան իրենց նոր անակնկալներով էլ ավելի զարմացնել ձյունառատ Ջերմուկի այցելուներին ու բնակիչներին։

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Նանե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Անուշ Հովհաննիսյանի, Արմավիրի մարզ, ք. Արմավիր

Փետրվար

naira mkhitaryan

Բարեկենդանի նապաստակը

Դասերն ավարտվել էին: Ես ու ընկերուհիս տուն էինք վերադառնում, սովորականի նման՝ դանդա՜ղ քայլելով, կամ չէ, այս անգամ՝ թռչկոտելով քարից-քար, որովհետև այս եղանակին մեր գյուղի ճանապարհները անանցանելի են՝ ցեխի պատճառով: Ճանապարհին հանկարծ նկատեցինք էլի քարից քար թռչկոտողի, բայց նապաստակի, կամ՝ նապաստակի դեմքով երեխայի: Զարմացանք, մեծ հետաքրքրություն առաջացավ, ու մոտեցանք նապաստակին, կամ՝ նապաստակի դեմքով երեխային: Պարզվեց՝ դասարանով Բարեկենդանի տոնն են նշում: Դասընկերներով հավաքվելու են, փոխվեն հագուստներով ու շրջեն տնից տուն: Հետաքրքրությունը կայանում է նրանում, որ փորձելու են հնարավորինս անճանաչելի լինել, այնչափ, որ սեփական ծնողները չճանաչեն: Ծնողներն էլ իրենց հերթին պիտի երեխաներին նվերներ տան, հիմնականում քաղցրեղեն: Վերջում բոլորով հավաքվելու են մի տեղ Բարեկենդանը նշելու:

Այսքանը հասցրեցի պարզել մեր նապաստակի դեմքով հերոսից, ով շնչակտուր վազում էր ընկերների մոտ՝ հանկարծ առանց իրեն տեղ չգնան, բան չուտեն:

Հա, մեկ էլ հասցրեցի իմանալ, որ այս ամենը կազմակերպել է իրենց դասղեկը, ով միևնույն ժամանակ, Հայ Եկեղեցու Պատմության ուսուցչուհին է:

Հետո ես ու ընկերուհիս շարունակեցինք ճանապարհը, դժգոհելով, որ մեծացել ենք՝ իբրև թե, ու նման բաներ կազմակերպելու ո՛չ հավես ունենք, ո՛չ էլ ժամանակ:

Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Չե՞ս լսել «Համայնքը ԵՍ եմ» համայնքային երիտասարդ առաջնորդների ճամբարի մասին, հոգ չէ, հիմա մանրամասն կպատմեմ:

2016 թվականին ուզում էի մասնակցել ճամբարին, սակայն տարիքս բավարար չէր: 2018 թվականի փետրվարին էլ հնարավորությունը ձեռքիցս բաց չթողեցի, նստեցի ու հայտը լրացրի: Հարցազրույցի փուլն էլ հաղթահարելուց հետո պարզվեց, որ անցել եմ:

Ճանապարհին, երբ աչքերս բացեցի և տեսա, թե ինչ հրաշալի տեսարան է շուրջս, մտածեցի․ «Տեղ հասնելուց հետո աչքերս կբացեմ, որ անակնկալի գամ»: Մտածեցի ու աչքերս փակեցի:

Վերջապես հասանք Աղվերան, որտեղ պիտի անցկացվեր ճամբարը: Տրամադրող մթնոլորտ էր։ Հետաքրքրասեր աչքեր ու անծանոթ դեմքեր կային, որոնք հետո չպետք է մոռացվեին: Նախքան ճամբարի առաջին դասընթացի սկսվելը, գնացինք սենյակներ, մի փոքր հանգստացանք: Ի դեպ, սենյակակիցս 17.am-ի թղթակից Պետրոսյան Նոնան էր, ճամբարին մասնակցում էր նաև 17-ից Անի Ղուլինյանը։ Արդեն հետաքրքիր էր:

Հանգստի ժամն ավարտվել էր, գնացինք կոնֆերանս դահլիճ: Պետք է խոստովանեմ, որ այս ճամբարում փոքր-ինչ պասիվ էի, բայց չգիտեմ՝ ինչով էր դա պայմանավորված: Պատմեմ մեր խիտ, բայց օգտակար օրակարգի մասին: Առաջինը ելույթ ունեցավ ՄԱԶԾ (ՄԱԿ-ի ծարգացման ծրագիր) ծրագրի համակարգող Նատալյա Հարությունյանը, խոսեց ճամբարի մասին: Հետո խաղի միջոցով ծանոթացանք միմյանց հետ: Նատալյա Հարությունյանը խոսեց ժամանակակից առաջնորդության հիմունքների, միտումների մասին:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Օրվա ամենահետաքրքիր մասը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ հանդիպումն էր։ Նա պատմեց իր մասին, պատասխանեց մեր հարցերին: Հետո խմբային աշխատանքներ կատարեցինք, որոնց գաղտնիքները մեզ բացահայտեց ՄԱԶԾ ծրագրի փորձագետ Ժաննա Հարությունյանը:

Առաջին օրվա համար այն ամենն, ինչ նախատեսված էր, ավարտին հասցրինք: Արդեն ժամը 20:30 էր, կարող էինք գնալ քնելու, հանգստանալու, բայց քանի որ մեր թիմի Անդրանիկը հրաշալի էր պարում, որոշեց մեզ ազգային պարեր սովորեցնել: Դա էլ սովորեցինք, մի փոքր էլ խաղացինք ու գնացինք քնելու։

Հաջորդ օրը սկսվեց հետաքրքիր քննարկումով, թե որն է մեր երազած համայնքը, որտեղ կցանկանանք ապրել: Ծանոթացանք Հայաստանի տեղական ինքնակառավարման համակարգին. նախապատմությանը, կառուցվածքին և հիմունքներին, ինչը ներկայացրեց Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը:

Inspiro զրույց ունեցանք նաև «Գոլդն Գրեյպ Արմաս»-ի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի հետ:

Խաղի միջոցով ընտրություններ անցկացրինք մեր Արենավան բնակավայրում, յուրաքանչյուրս ունեինք մեր դերերը: Նրանք, ովքեր ո՛չ ավագանի էին, ո՛չ համայնքապետի թեկնածու, ընտրություններին մասնակցում էին որպես ընդդիմադիր ժողովուրդ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Հետո խաղ-վարժություն ունեինք, որը վերաբերում էր հիմնախնդրի վերհանմանը, լուծումների հավաքագրմանը, ծրագրի մշակմանը, հանրային լուծմանը։ Խաղը կազմակերպվել էր ՄԱԶԾ ծրագրի թիմի կողմից: Իսկ օրվա ավարտին աշխատեցինք մեր անհատական ծրագրերի վրա։

Երրորդ օրը հանդիպեցինք Աշոտ Գիլոյանի (ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ) հետ:

Տպավորիչ էր ՄԱԶԾ կառավարման և մասնակցային գործընթացի փորձագետ Վիջինիա Սեզիլի հետ հանդիպումը: Նաև քննարկեցինք քաղաքացիների ներգրավվածության կարևորությունը համայնքային որոշումների կայացման գործում:

Երրորդ օրը Inspiro զրույց ունեցանք Համայնքային ֆինանսիստների միության նախագահ Վահան Մովսիսյանի հետ:

Գենդերային հավասարության և տեղական քաղաքականության մասին խոսեց ՄԱԶԾ դասընթացավար Արմինե Մխիթարյանը:

Հետաքրքիր հանդիպում ունեցանք «Համայնքը ԵՍ եմ» ճամբարի շրջանավարտ Լուսինե Կարապետյանի հետ, որն ի դեպ , իր գործունեությունը նույնպես 17-ից է սկսել:

Չորրորդ օրը, «ՀԿ կենտրոն»-ի նախագահ Արփինե Հակոբյանը ծրագիր գրելու, ճիշտ ներկայացնելու մասին գաղափար տվեց, որից հետո խմբային աշխատանքի միջոցով ամրապնդեցինք ստացած գիտելիքը:

Ու քանի որ չորրորդ օրը վերջին անգամ պիտի գիշերեինք, մի փոքրիկ խնջույք էր կազմակերպվել։ Առավոտյան, նախքան ճամբարի փակման արարողությունը, հանդիպում ունեցանք «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քաթրին Շեֆերի, ՄԱԶԾ ժողովրդավարական կառավարման ծրագրերի համակարգող Ալլա Բակունցի հետ:

Նաև հետաքրքիր էր աշխատել Արմինե Փաթաթանյանի, Անի Թարվերդյանի, Դավիթ Դադալյանի և Լիլիթ Սարիբեկյանի հետ:

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Լուսանկարը՝ Համայնքը ԵՍ եմ

Վերջում ուզում եմ նշել, որ ճամբարի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցները տարբեր տարիքային խմբերում էին․ կային և՛ ավագանիներ, և՛ քաղաքագետներ, և՛ աշակերտներ, և՛ ուսանողներ:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Համայնքը ԵՍ եմ»-ին հրաշալի ճամբարի և նոր գիտելիքների համար։

Lilitgalstyan

21-րդ դարի մարդը ափիս մեջ

«Արդարացնում եմ և անծիր ծովի այն թերությունը, որ ափեր ունի»։ Սևակյան խորհրդավորություն։

21-րդ դարում երկրագունդն ունի ձեռքեր, ոտքեր, գլուխ, և այն համր քայլերով առաջ է ընթանում..․ Քայլող երկրագունդ, այո՛, որ մարդ ենք հորջորջում։ Գիտելիքի, տեխնոլոգիաների, արդյունաբերության «ծովում» խեղդվում ու ափ է փնտրում այդ նույն մարդը՝ միաժամանակ գտնվելով «ափում»։

Մատներդ ծալի՛ր և փակի՛ր ափդ, կստանաս բռունցք, որն ունի ճիշտ և ճիշտ քո սրտի չափը, այն սրտի, որը լցված է համբերանքի ծովով։

21-րդ դարի մարդ… Մի ափով գողանում է, մյուսով՝ դրամ դնում մուրացկանի պարզած ափի մեջ, մի ափով՝ սպանում և դժբախտացնում, մյուսով՝ արցունք սրբում։

21-րդ դարի միակ զենքը ժպիտն է։ Ժպտա՛ թշնամուդ և խեղդի՛ր նրան այտերիդ փոսում, որոնք լցված են «հմայքի ծովով»։

Պարզում ես ափդ, ձեռք ձեռքի եք տալիս և դաշինք կնքում՝ այդուհետ քայլել միասին և ձգտել մի նպատակի։ Նորից պարզում ես ափդ, ձեռք ձեռքի եք տալիս, բայց այս անգամ բռնում եք գրազ՝ այդուհետ ձգտել մի նպատակի՝ քայլելով տարբեր ուղիներով։

Սեղմում ես մեկի ափն ու հաստատում նոր ծանոթություն։

Թողնում ես մեկի՝ արդեն քոնը դարձած ափն ու վերջ տալիս անհեռանկար ծանոթություններին։

Ծնվում ես և աչքերդ բաց ես անում ինչ-որ մեկի ափերի մեջ։ Մորդ ափը քեզ շոյում է, մեծացնում, գրկում, դու էլ մեծանում ու համբուրում ես այդ նույն ափերը։ Ուրախ ես՝ ափերդ վեր ես պարզում ու շնորհակալություն ես հայտնում Բարձրյալին, տխուր ես՝ ափերդ պարզում ես վեր ու օգնություն ես խնդրում Բարձրյալից։ Մահանում ես՝ ափերդ վեր պարզած՝ թողություն խնդրելով։ Եվ միայն վերջում ավանդում ես հոգիդ ու ակամա բացում այդքան տարի փակված ափդ։ Կարծես ուզում ես, որ համբերությանդ ծովը դուրս գա իր ափերից ու դուրս նետի խեղդված վշտերդ ու հույսերդ։