Ազատ տարածք խորագրի արխիվներ

mariam avetyan

Տատիկի խանութում

Իմ տատիկը խանութ ունի: Ես փոքր ժամանակ տատիկիս օգնականն էի արձակուրդների ընթացքում: Բակի բոլոր տատիկներն ու պապիկները, մեծրեը և փոքրերը ճանաչում էին ինձ: Ինձ սիրում էին հատկապես տատիկներն ու պապիկները, ովքեր ազատ ժամանակ հավաքվում էին խանութում ՝ զրուցելու , նորություններ փոխանակելու և մտքերով կիսվելու համար: Ես ճտպտում էի, խառնվում խոսակցություններին և թռվռում այս կողմից այն կողմ:

Ես շատ լավ եմ հիշում մի պապիկի, ով ինձ շատ էր սիրում և ինձ «շակալաթ» էր անվանում: Ամեն անգամ խանութ մտնելիս նրա շուրթերից հնչում էին այս խոսքերը. «Շակալա՛թս, մալմալաթ կտա՞ս»: Ես էլ նրան էի շատ սիրում: Նա վարսավիր էր, բայց ուներ մի հոբբի: Նա շատ էր սիրում որսի գնալ: Եվ երբ մենք մի անգամ զրուցում էինք որսի մասին, նա ինձ խոստացավ թռչուն բերել: Ամեն անգամ հանդիպելիս ասում էր, որ անպայման թռչուն կբերի:

Անցան տարիներ, ես մեծացա, իսկ պապիկը ծերացավ: Մի անգամ հանդիպեցինք նրա հետ, եկար զրուցեցինք, էլ «շակալաթ» չէր ասում, ես էլ առաջվա պես չէի ճտպտում: Երբ նա գնաց, ես շրջվեցի և հուսահատ ձայնով ասացի մայրիկիս. «Այդպես էլ թռչուն չբերեց»:

inesa soghoyan

Արձակուրդային պլաններ

Սկսվեցին, ջա՜ն, արձակուրդները սկսվեցին: Ինչքան էի սպասում: Ուռա՜, ամեն օր արդեն հավեսով կարթնանամ (ես երբեք զարթուցիչով չեմ արթնացել), մարմնամարզությունը կտևի երկար, կգնամ կլվացվեմ ու ամենասիրելի հարցս՝ թե՞յ, թե՞ սուրճ. համաձայնեք՝ բարդ ընտրություն է: Ու 15 օր շարունակ ստիպված չես արագ գործերդ վերջացնել, որ գնաս դասի, կամ հոգնած դասից գաս ու դաս սովորես, շուտ քնես ու կինո չնայես:

Վերջապես ստիպված չես գիշերվա 3-ին արթնանալ ու մտածել՝ հեռախոսդ կամ նվագարկիչդ լիցքավորման դրվա՞ծ է, թե՞ մոռացել ես: Եվ էլ չես ասի. «Մի հատ կոմպը կտա՞ս՝ դասերս գրեմ»:
Բայց ամենալավը արձակուրդների մեջ շատ ազատ ժամանակ ունենալն է: Արդեն կսկսեմ նվագարկչիս մեջ շատ երգեր ներբեռնել, կվերջացնեմ գիրքս, որն սկսել եմ մի քանի օր առաջ ու դասերի պատճառով չեմ հասցրել կարդալ: Ամենակարևորը՝ կգրեմ նյութեր 17.am-ին տպագրվելու համար:

Թող ամեն բան ժամանակին լինի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Այսօր առատ ձյուն է գալիս: Դե, արդեն ձմեռ է, իսկը ժամանակն է: Լավ է, երբ ամեն բան ժամանակին է ու տեղին: Դա միայն ուրախություն է պատճառում, սակայն հաճախ ինքը՝ բնությունն է փչացնում իր ստեղծած բարիքը: Շատ ցավալի է, երբ անժամանակ եկած ձյունը կամ անսպասելի հուժկու կարկուտը մարդկանց չարչարանքը ջուրն է գցում: Այս տարի այդպիսի դեպքերը շատ էին: Դրանցից մեկին ես ականատես եղա Արագածոտնի մարզի Կարբի գյուղում: Ավելի քան 10 րոպե տեղացած կարկուտից հետո խնձորի այգիները այսպիսին էին:

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Լուսանկարը` Էլադա Պետրոսյանի

Հիմա հիշում եմ բոլոր այդ ընտանիքներին, որոնց բերքը փչացրեց բնությունը: Շատ շատերի ապրուստի միակ միջոցը հենց այդ բարիքն էր:

seda mkhitaryan

Ձյունը փափուկ է

Մի քանի օր առաջ դասից տուն վերադառնալիս քայլում էի ձյան միջով ու հրճվում ոտքերիս տակ ճռճռացող ձյան ձայնով։ Ականջիս հասան մանկական չարաճճի քրքիջներ։ Շարունակեցի առաջ գնալ ու հանդիպեցի երեք փոքրիկ աղջիկների: Նրանք ոտքից գլուխ ձյան մեջ կորած էին։ Անմիջապես ինձ հիշեցի: Այդ տարիքում, ձմռանը ես էլ էի տուն հասնում ձյան մեջ թաթախված ու արժանանում մորս կշտամբանքին։ Երեխաները խաղում էին ձյան հետ, ընկնում, բարձրանում, հրում միմյանց ու ծիծաղում։ Հասա նրանց ու հարցրեցի.

-Էրեխե՛ք, որ ընկնում եք, չի՞ ցավում։

-Չէ՜, ձյունը փափուկ է, չի՛ ցավում,- եղավ պատասխանը։

Զարմանալին այն է, որ այդ տարիքում իսկապես չի ցավում, ավելի ճիշտ՝ չես զգում այդ ցավը։

Աղջիկներից երկուսը մեր թաղամասից էին, իսկ այ, մյուսը՝ բավականին հեռու է ապրում, բայց ընկերուհիների հետ խաղալու համար եկել հասել էր գրեթե նրանց տան մոտ։

-Հասմի՛կ, դու ինչո՞ւ ես այս ճամփով գալիս։

-Խաղալու համար,- ասաց վառվռուն աչքերով ու ցրտից կարմրած քթով Հասմիկը։

Երանի ես էլ դեռ այդ տարիքում լինեի, այն տարիքում, երբ ընկնելուց հետո բարձր ծիծաղում ես: Պատրաստ ես ճանապարհդ կրկնապատկել, միայն թե մի քիչ երկար խաղաս ընկերներիդ հետ: Երբ քեզ չի հետաքրքրում ցուրտը, տանը սպասող մայրիկի զայրույթը և, առհասարակ, դու ունես սեփական աշխարհդ և ապրում ես ներկայով ու ներկա պահով։

Emma Kosakyan

«Բա էտ էլ ծախեն, էլի…»

Շուտով Նոր տարի է, ամենուր` իրարանցում: Խանութներում վաճառվում են ամենագեղեցիկ լույսերը, զարդերը ու, իհարկե, մանդարինը, չամիչը, բաստուրման: Այն ամենը, ինչ պետք է Նոր տարին «տեղը-տեղին» դիմավորելու համար:

Այս իրարանցումը տեսնելով` ամեն անգամ հիշում եմ մեր տատիկ-պապիկների նկարագրած Նոր տարին. «Պատերազմ էր, ուժեղ կռիվ, սաղ տարին սոված-ծարավ ինք, առանց լիս: Ու սաղ ժղովուրդն էր սհե: Խանութ չկար, կամ խանութը կար, բայց զատ չին ծախըմ: Բայց վեր Նոր տարուն լիմոնադ ու մանդարին ինք ճարըմ, էտ ա, էլ ի՞նչ ա պետք: Էլ մի պյան էլ ա, մի մեծ քեֆ էր, ուրախություն: Հընգեր-հըրևան հվաքվմ ինք ու զուռնա-դհոլով քեֆ անըմ: Բա հմի էս ի՞նչ ա, խանութնին լիքն ա, բայց տրամադրություն չկա, ուրախություն չկա: Բա էտ էլ ծախեն, էլի… Սաղ առըտուր արած քընմ են, դեմքներին ծիծաղ չկա»:

Ու պատկերացնելով այդ Նոր տարիները, հասկանում եմ, որ, իրոք, շատ-շատերի համար Նոր տարին պարտականությունների շղթա է դարձել, ուրիշներին զարմացնելու առիթ: Մեկը աղցան չի սիրում, բայց 5 տեսակ կպատրաստի հյուրերին զարմացնելու համար, մյուսը՝ պարտքով Ձմեռ պապ կհրավիրի իր տուն, որ երեխային անձամբ նվերը տա: Դեռ լավ է, եթե արվում է երեխային ուրախացնելու, այլ ոչ թե նրա համար, որ բոլորը տեսնեն՝ Ձմեռ պապը եկավ հենց այդ տուն մտավ:

Չնայած այս ամենին՝ Նոր տարին մի նոր էջ է բացում մեր առաջ՝ մաքուր ու սպիտակ: Ցանկանում եմ՝ բոլորս այդ էջում գրենք մեր կյանքի անկեղծ, երջանիկ պատմությունները, չունենանք ջնջումներ, սխալներ:

elen gevorgyan

Փախուստ դպրոցից

Հինգշաբթի էր, դասարանի բոլոր երեխաներով որոշել էինք դասարանը զարդարել, ձյունն էլ եկել էր, և մեզ ավելի ոգևորել: Տոնական տրամադրություն կար առաջին իսկ ժամից: Այդ ժամը մեզ մոտ ֆիզկուլտուրայի դասն էր, իսկ մեր տրամադրությունն այնքան բարձր էր, որ թույլտվություն խնդրեցինք մեր ուսուցչից, որպեսզի զարդարենք մեր դասարանը: Սկսեցինք, և ամեն բան շատ լավ էր ստացվում, ամեն մեկս մեր գործը գիտեինք և, երգելով, ծիծաղելով զարդարեցինք, արագ վերջացրեցինք: Շատ գեղեցիկ էր ստացվել:

Արդեն երկրորդ դասաժամն էր, բոլոր ուսուցիչները ասում էին, որ շատ գեղեցիկ է ստացվել, և մեր ուրախությունը կրկնապատկվում էր: Դասամիջոցին բոլորս հավաքվել էինք պատուհանի մոտ և որոշեցինք դուրս գալ բակ, մի փոքր խաղալ, բայց արգելեցին:

Անցավ ևս երեք ժամ, բայց մենք անհամբեր սպասում էինք դասերի վերջանալուն: Ուզում էինք խաղալ, հինգերորդ ժամին որոշեցինք անպայման դուրս գալ և խաղալ: Երբ զանգը հնչեց, բոլորս ներքև վազեցինք: Բախտներս բերեց, որ պահակը մի կողմ էր կանգնել: Արագ վազեցինք դուրս` ազատություն: Գնացել էինք դպրոցի ետևամաս և խաղում էինք, այնքան էինք տարվել խաղով, որ ժամանակի մասին մոռացել էինք: Զանգը հնչել էր, իսկ մենք դեռ խաղում էինք: Երբ վերադարձանք դասարան, իմացանք, որ մեր դասից ուշանալը համարել էին «փախուստ դասից» և զանգահարել մեր ծնողներն, որպեսզի մեզ գտնեն: Մենք շատ արագ զանգեցինք մեր ծնողներին, որ ասենք՝ դպրոցում ենք:

Խառնաշփոթ էր տիրում մեր դասարանում: Ախր, մենք դուրս էինք եկել՝ խաղալու, իսկ մեր խաղը կոչվեց՝ «փախուստ դասից»:

Հիանալի օր էր: Չնայած նրան, որ մի փոքր բարկացան, բայց մեզ համար այդ օրը տարվա ամենաուրախ օրերից մեկն էր:

Բանավեճ

Երեք տարի էր, ինչ ես ընդգրկված էի ԵՆՀ բանավեճի ակումբում: Առաջին տարում, երբ մասնակցեցի, 7-րդ դասարանցի էի: Ճիշտ է, դեռ այդքան չէի հասկանում, թե ինչ է բանավեճը, ինչն է դրա նպատակը, սակայն մեծ հետաքրքրությամբ ընդգրկվեցի: 8-րդ դասարանում արդեն միայն ես էի մնացել ակումբում որպես «հին խաղացող» (որովհետև բոլորը 9-րդ դասարանցիներ էին ու արդեն ավարտել էին): Այդ տարի ես ավելի պատասխանատու զգացի ինձ ու փորձեցի ավելի շատ ուսումնասիրել ու աշխատել որպես թիմի ավագ: Տարվա վերջում, համեմատած նախորդ տարվան, ունեցանք մեծ հաջողություն: Այդ տարի` 2014 թվականին, ես մեր դպրոցից ընտրվեցի որպես հանրապետական փուլի մասնակից: Երբ շատ ուրախացա ու սկսեցի անհամբեր սպասել մեր փորձերին ու, դե իհարկե, հանրապետական փուլին: Մենք մեր թիմով (արդեն քաղաքի թիմով, ոչ թե դպրոցի) մեր առջև նպատակ էինք դրել հանրապետական փուլում գրավել առաջին տեղը: Երբ սկսվեց մրցույթային առաջին օրը, ամեն ինչ շատ լավ էր ստացվում, և մենք հաղթեցինք առաջին օրվա համարյա բոլոր խաղերում: Երկրորդ օրը արդեն հաղթեցինք բոլոր խաղերը և վճռական փուլում` կիսաեզրափակիչում, հաղթեցինք` անցնելով եզրափակիչ փուլ: Եզրափակիչ խաղում, սակայն մենք գրավեցինք 2-րդ տեղը: Դա ևս շատ-շատ մեծ հաջողություն էր մեզ համար, և մենք շատ ուրախ էինք:

Արդեն 9-րդ դասարան էի, 3-րդ տարին էր, ինչ մասնակցում էի բանավեճին: Տարեցտարի ավելի կատարելագործված մենք մեր առջև նպատակ դրեցինք հաղթել տարվա բոլոր խաղերը: Եվ այդպես էլ եղավ, մենք հաղթեցինք բոլոր խաղերում, և մեր դպրոցը մեր քաղաքում` Արտաշատում, գրավեց առաջին տեղը:

Այս երեք տարում, շնորհիվ բանավեճի, ես շատ ու շատ հմտություններ ու գիտելիքներ ձեռք բերեցի:

Շատ մարդկանցից լսել եմ նման արտահայտություններ. «Էդ բանավեճի իմաստը չեմ հասկանում, լեզվակռիվ եք էլի անում», «Բանավեճը լեզուդ ա երկարացնում», և այլն: Դպրոցում, ուսուցիչներից շատերը նույնպես համարում էին բանավեճը բացասական: Ասում էին. «Այ, Ռազմիկ ջան, բանավեճի պատճառով դասերից հետ ես ընկնում, չես հասցնում»: Սակայն բանավեճը ինձ համար արդեն դարձել էր օդ ու ջուր, ու չէի կարող հրաժարվել դրանից: Չնայած որոշ ուսուցիչների տեսակետին` բանավեճը ինձ օգնում էր նաև դասերի ընթացքում: Բանավեճի շնորհիվ զարգանում է մտահորիզոնը, խոսքը, լինում ես ավելի տեղեկացված, կարողանում ես պնդել քո կարծիքը ու հաստատուն պահել քո տեսակետը, ձեռք ես բերում նոր ընկերներ … Էսպես անվերջ կարող եմ թվել բանավեճի դրական կողմերը: Մի խոսքով, այն երեք տարիները, երբ ես բանավիճում էի, կարող եմ համարել իմ կյանքի կարևորագույն, գիտելիքներով լի փուլ, որը հուսով եմ կշարունակվի:

Բանավեճի համար իմ առանձնահատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Ջինիշյան հիշատակի հիմանադրամին»` այս հրաշալի ծրագիրը ստեղծելու և դպրոցներ մտցնելու համար:

Anna Andreasyan

Ձյան հետ թարմացող հիշողություններ

Նորից եկավ ձմեռը՝ իր հետ բերելով մի շատ ուրախալի երևույթ՝ ձյունը: Եվ ես ամեն ձմեռ, սկսած դեկտեմբերից մինչև փետրվար, ամեն օր երազում եմ, թե երբ է ձյուն գալու: Միշտ նախանձել եմ այն տարածաշրջաններում ապրող մարդկանց, որտեղ ձյունը շատ առատ է լինում: Սիրում եմ խոշոր փաթիլներով, արագ տեղացող ու ամենակարևորը՝ գետնին հասնելուն պես չհալչող ու կպնող ձյունը: Էլ ավելի եմ սիրում, երբ այն գալիս է գիշերային լույսերի ներքո:

Միշտ զարմացել եմ այն մարդկանց վրա, որոնց համար միևնույն է ձյուն կգա, թե՝ ոչ: Այն մի տեակ լավ տրամադրություն է հաղորդում, հիշեցնում, որ շուտով Ամանոր է: Նոր տարին առանց ձյան կորցնում է իր փայլը: Ասում են. «Հո երեխա չե՞ս, որ այդքան շատ ես սիրում ձյունը»: Բայց ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ: Հետո էլ յուրաքանչյուրս էլ անկախ տարիքից, պետք է մի քիչ էլ երեխա լինենք:

Տատս միշտ «վիճում է» ձյան հետ ու ասում, որ չգա: Իսկ ես հակառակը՝ համոզում եմ, որ գա: Բայց նա, երևի, ոչ ոքի էլ չի լսում, երբ սիրտն ուզում է, այն ժամանակ էլ գալիս է: Եվ նրա գալուստը ես ամեն տարի նույն հրճվանքով եմ դիմավորում:

Հիշում եմ, ոչ վաղ մանկության օրերին, որից դեռ լիովին չեմ անջատվել, ընկերներով մեզնից մի քանի անգամ մեծ ձնեմարդ էինք պատրաստում: Գնդերն այնքան ծանր էին լինում, որ մի քանի հոգով հազիվ էինք դնում իրար վրա: Թթվի տարրայից էլ մի գազար էինք թռցնում, որը քիթ էր ծառայում Ձմեռ պապին: Մի ավել, դույլ և մի քանի քար. ահա և պատրաստ է մեր ձնեմարդը: Մնում էր ձյունե պարիսպներ պատրաստել և ձնագնդիկ խաղալ: Ձնեմարդն էլ մրցավարն էր և անխոս վկան մեր՝ մանկական հրճվանքի այդ քաղցր ակնթարթի:

Վերջում էլ մայրիկների հորդորներով գնում էինք տուն` հաջորդ օրը խաղը շարունակելու պայմանով: Սկսվում էր մի տհաճ պահ: Քրտնած ու հոգնած էինք, իսկ ձեռքերս՝ սառած ու քարացած, վառարանից այն կողմ չէինք գնում:

Այսպես ամեն ձյան գալու հետ մեկտեղ, արթնանում են մանկության հիշողությունները և ստիպում ինձ ժպտալ:

elada

«Երևանի նշանավոր ընտանիքները»

Այս գիրքը նվեր ստացանք մեզ շատ հարազատ դարձած մարդուց՝ Արմեն Խեչումյանից: Նա մեր ընտանիքի բարեկամն է դարձել դեռ շա՜տ վաղուց, երբ պապիկս աշխատել է հաստոցաշինական գործարանում: Այնտեղ Արմեն Խեչումյանը լաբորատորիայի վարիչ էր աշխատում, այդպես ծանոթացել և բարեկամացել ենք ընտանիքներով:

Արմեն Խեչումյանը տեխնիկական գիտությունների թեկնածու է: Նա իր թեզը պաշտպանել է Սանկտ Պետերբուրգում, իսկ հիմա ապրում է Ռուսաստանում և տարին գոնե մեկ անգամ այցելում է մեզ: Հենց այդ այցելությունների ժամանակ էլ նվիրեց Ամիրյան Անահիտի հեղինակային գիրքը «Երևանի նշանավոր ընտանիքները» վերնագրով, որտեղ տոհմածառի տեսքով նշվում է հատկապես իրենց տոհմը, քանի որ այն ամենամեծն է Երևանի նշանավոր ընտանիքների մեջ: Գիրքը նվիրված է Երևանի՝ 18-20-րդ դարերի այն նշանավոր անհատներին, որոնք կարևոր դերակատարություն ու ներդրում են ունեցել Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, տնտեսության, արդյունաբերության, քաղաքականության, գիտության, բժշկության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում: Աշխատության մեջ նյութերի ընձեռած հնարավորությունների սահմաններում, փորձ է արվել անդրադառնալու նաև նրանց ծագումնաբանության ու տոհմի պատմության հարցերին…

Գիրքը կազմելիս հեղինակներն օգտվել են Հայաստանի ազգային արխիվի, Երևան քաղաքի պատմության թանգարանի ֆոնդերի նյութերից, գրքում նշված էր, որ անհատական զրույցներ են ունեցել նշանավոր մարդկանց սերունդների ներկայացուցիչների հետ: Առանձին մասով ներկայացված են փաստաթղթեր, լուսանկարներ, անձնական իրեր, գունավոր պատկերներ:

Այս գիրքը շատ է տպավորել է իմ մեջ, քանի որ ինձ ծանոթ և հարազատ մարդկանց մասին էլ է նշված գրքի մեջ, ուստի ցանկացա ներկայացնել ձեզ, որպեսզի դուք էլ կարդաք, գուցե և ձեր կողքին էլ են ապրում Երևանի նշանավոր ընտանիքների սերունդներից, կամ էլ հանկարծ պարզեք, որ այդ սերունդներից մեկն էլ դուք եք: