Ազատ տարածք խորագրի արխիվներ

Նոր տարի, նոր էջ

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

-Ո~ւխ, վերջացնում ենք:

-Արի գնանք տուն, կիսամյակները արդեն փակել են:

-Երեխե~ք, միջոցառում է լինելու:

Այսպիսի արտահայտություններ լսեցի, երբ ուրբաթ օրը մտա դպրոց: Բոլորը շատ ուրախ էին ու խառնված: Երեխաները ամանորյա փայլեր, շղթաներ, խաղալիքներ ձեռքներին այս ու այն կողմ էին վազվզում: Դե իհարկե, պատրաստվում էին ամանորյա միջոցառման: Ամեն տարի մինչև արձակուրդների սկսվելը դպրոցում ամանորյա միջոցառում է կազմակերպվում: Բայց մինչև ամանորյա միջոցառումը կատարվում է տոնածառ դնելու արարողությունը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ մեծ ուրախություն է տիրում դպրոցի միջանցքում, երբ երեխաները տեսնում են զարդարված եղևնին: Նրանք շրջան են կազմում տոնածառի շուրջը և սկսում երգել.

-Ալո՜, Ձմեռ Պապի՜կ, քեզ սպասում ենք անհամբե՜ր…

Շա՜տ եմ ոգևորվում, երբ տեսնում եմ նրանց՝ տոնածառի մոտ երգելիս: Ես էլ եմ ուզում գնալ միանալ նրանց. երգել ու սպասել Ձմեռ պապին: Նրանք այնքան լավ տրամադրություն են հաղորդում մեծերին, որ մի պահ մեծերն էլ են մանկանում և սկսում հավատալ ամանորյա հրաշքներին:

Ուրբաթ օրն էր և ամեն տարվա նման՝ մեր հեքիաթային ամանորյա միջոցառումն էր: Բոլորը երգում էին ու պարում.

-Նոր տարի, Նոր տարի, քեզ սպասում ենք շուտ արի…

Թեև ուրախ տրամադրություն ունեի, բայց ինձ կրկին այցելել էին իմ մտքերը: Սովորաբար հաճախ են դրանք այցելում ինձ: Հիշեցի, որ ես արդեն մեծ եմ, մյուս տարի կավարտեմ դպրոցը ու ամեն տարվա պես չեմ կարող իմ հին ու հարազատ դպրոցի հետ նշել Ամանորը: Զգացի, որ ամեն տարին ավարտվելու հետ սկսում եմ ավելի շատ գնահատել ու արժևորել դպրոցս, ընկերներիս, գյուղս: Ու անգամ դեռ այստեղ լինելով՝ կարոտել:

Միջոցառման օրը նայում էի բոլոր ուսուցիչներին, նրանց ժպտացող դեմքերին: Նրանց դեմքերին երևում էր տարիների հոգնատանջ աշխատանքը, որը սքողված էր ժպիտով: Իսկ այդ ժպիտը նրանց պարգևում էին հենց իրենց աշակերտները: Ինչքա՜ն մեծ հպարտությամբ էր տնօրենը խոսում աշակերտների մասին: Դա իրոք մեծ երջանկություն է: Երջանկություն է այն, որ ուսուցիչները իրենց կատարած աշխատանքնի արդյունքը տեսնում են ու մտածում, որ իզուր չէ այն ամբողջ եռանդը, որը ներդնում են իրենց նվիրական գործում: Մեծ երջանկություն է, երբ աշակերտները հասկանում են, որ արդարացրել են թե՛ իրենց ծնողների, և թե՛ ուսուցիչների սպասելիքները: Ինչքա՜ն եմ կարոտելու ուսուցիչներիս հայացքները՝ բարի, խիստ, ուրախ և տխուր:

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Լուսանկարը` Սոնա Զաքարյանի

Ամանորի գալուստը մեզ հուշում է, որ մի տարով էլ մեծացանք ու սկսում ենք մտածել այս տարիների մեր արածների ու չարածների մասին: Սկսում ենք հասկանալ կյանքը և գիտակցել բոլոր այն դժվարությունները, որոնք շուտով շրջապատելու են մեզ:

Նոր տարին իր հետ կյանքի մի նոր էջ է բերում, մաքուր էջ, որի վրա պետք է գրենք գեղեցիկ ձեռագրով ու առանց ջնջումների:

Նոր տարվա գալու հետ ոչ միայն մենք ենք մեծանում, այլև մեր հայրենիքը և նրա պատմությանը մի նոր էջ է ավելանում: Բոլորս հավատում ենք և աղոթում հայրենիքի համար, աղոթում, որ այս էջը գրվի պայծառ ու գունավոր տառերով:

Gayane Avagyan

2017 թիվ, խաղաղությո՛ւն բեր հայրենիքիս

Չգիտեմ` կհամաձայնե՞ք ինձ հետ, թե՞ ոչ, բայց այս տարին մի փոքր երկար ձգվեց: Ինձ թվում է` նույնիսկ մի քանի տարվա իրադարձություններ տեղի ունեցան այս մեկ տարվա ընթացքում: Խոսքն իհարկե Քառօրյա պատերազմի մասին է: Թվում է, թե մի ամբողջ տարի անցավ այդ մի քանի օրվա ընթացքում: Միշտ արթուն, հայացքը հեռուստացույցին կամ համակարգչին կամ էլ՝ հեռախոսին, սպասում էինք լուրի: Բայց սպասում էինք հույով ու հավատով: Մեր՝ ապագայի մասին պատկերացումները սրտերում, սպասում էինք, որ խաղաղվի աշխարհը, հանդարտվի թշնամին: Ամեն ինչ փոխվում էր վայրկյան առ վայրկյան, ու հավատացե՛ք, հենց այդ մի քանի օրում մենք` ես, դու, մեր քաջարի զինվորները, վայրկյանի փոխարեն րոպե ապրեցինք, րոպեի փոխարեն` ժամ, ժամի փոխարեն` օր ու օրվա փոխարեն` տարի:

Իսկ ի՞նչ տվեց մեզ 2016 թվականը: Կարծում եմ` ավելի շատ վերցրեց, քան տվեց: Քաջերը ապացուցեցին, որ որքան էլ աշխարհը անտարբեր լինի, որքան էլ լռի. միևնույն է՝ հայը պայքարելու է իր հողի համար ու լինելու է միասնական: 2016-ը բացահայտեց իրական հային, իր իրական որակներով: Եվ մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայը կհաղթի, եթե հայրենիքի նկատմամբ սերը բարձր է դասում ամեն ինչից: Այս տարի մենք ապացուցեցինք, որ կարող ենք լինել միասնական: Երևացին նաև սին հայերի իրական դեմքերը, երևացին կեղծ հարևանները` առանց իրենց դիմակների: Ամենացավալին այն էր, որ այս ամենը հասկանալու համար զոհվեցին մեր զինվորները: Սրբացան իրենց հողում, իրենց մի բուռ հողում, այդ հողը պաշտպանելու ժամանակ: Նրանք չվախեցան, որովհետև գիտեին` քանի հայը կա, պիտի պահի հայրենի հողը ու ապրի միայն իր հողում:

Միակ բանը, որ ցանկանում եմ իմ հայրենիքին բերի 2017 թիվը՝ խաղաղությունն է…

nina arsutamyan portret

Իմ հեքիաթը և իրականությունը

Իմ պատկերացրած հեքիաթում կյանքը ուրիշ է: Բոլորն այնտեղ ուրիշ են: Ուրիշ է նաև ընկերությունը, ուրիշ է մարդկանց հավատարմությունը: Հեքիաթում միշտ կա սեր, կա ջերմություն ամեն մի անկյունում, կա հավատարմություն: Իմ՝ գույներով լեցուն աշխարհը, լի է հավատարիմ ընկերներով: Իմ փոքրիկ, գունավոր հեքիաթի աշխարհում մի աղջիկ է լինում այնքան բարի և այնքան անկեղծ: Իսկ եթե այդ աղջիկը վիճում կամ կռվում էր իր մտերիմ ընկերուհու հետ, դրանից հետո նրա անկեղծ արցունքները միայն գիշերն էին թափվում: Բայց միայն հեքիաթիս վերջում է, որ նրանք կարողանում են կրկին մտերմանալ: Իսկ իմ հեքիաթի վերջում նրա աչքերից թափվեց 3 հատիկ արցունք: Առաջին արցունքը՝ տխրության, երկրորդ արցունքը՝ երջանկության, իսկ երրորդ արցունքը` մտերմության և հաշտության արցունքն էր:

Հիմա վերադառնանք իմ իրականություն: Իմ իրականությունում գույներ չկան: Կամ էլ կան, ուղղակի ինձանից թաքնվել են: Բայց գուցե կարողանայի՞ գտնել գույները, եթե չլինեի մենակ: Այս մեծ աշխարհում լինել մենա՞կ: Անհավանական է, չէ՞: Բայց ես մենակ եմ: Իմ իրական աշխարհում իմ հանդեպ չկա հավատարմություն, չկա սեր, չկա ջերմություն: Իսկ եթե կա, ուրեմն գնացել է հեռու, շա՜տ հեռու: Այնքան հեռու, որ չեմ զգում, կամ էլ միայն իմ սիրտն է զգում: Իմ իրական աղջիկը նման է հեքիաթի միջի աղջկան. բոլորի հետ անկեղծ է, բոլորի հետ՝ մաքուր: Մտերմանում է, սիրում է, վստահում է, հարգում է, կապվում է: Բայց այդ ամենը նա չի կարողանում գտնել իր մտերիմի սրտի մեջ: Կապվում է իր մտերիմ ընկերուհու հետ, անկեղծանում է, իր սիրտը «բացում է», իր ամբողջ հոգին «նվիրում է» այդ մարդուն: Սական այդ ամենից հետո էլի ամեն ինչ անփոխադարձ է:

Իսկ ես չեմ ցանկանում ապրել այս իրական՝ սև ու սպիտակ գույներով լցված աշխարհում: Ցանկանում եմ, որ մի օր իմ հեքիաթը գա կանգնի իմ առջև և ասի.

-Իմ իրական աշխարհ, արի միանանք և միասին բոլորին սեր, ջերմություն, հավատարմություն և, իհարկե, փոխադարձ վստահությամբ ընկերություն տանք:

Իսկ ես, մինչև հեքիաթիս այդ հատվածը, կապրեմ իրականի և իմ հեքիաթի միախառնումից առաջացած աշխարհում: Մեծերն ասում են` պատանեկան տարիք է, շուտով կանցնի, և գույները կվերադառնան:

mariam tonoyan

Արգելք

Երեկոյան, մինչ ծնողներս կլանված սերիալ էին դիտում, որոշեցի լրացնել կիսատ մնացած հայոց լեզվի տնային առաջադրանքս: Գրքերս շարեցի սեղանի անկյունում, բացեցի հայոց լեզվի գիրքս, ականջակալս ամրացրի աջ ականջիս (մայրս նստած էր ինձնից ձախ) և, ինչպես սովորաբար, կանգնած սկսեցի գրել:

-Բարդ ստորադասական նախադասության կետադրությունը,- բարձրաձայն արտասանեցի ես:

Ականջակալներումս հնչում էր Մոցարտի «Անձրևը»` հաճելի և տրամադրող երաժշտություն: Անզգայացումը պարուրեց ինձ ու միաձուլվելով երաժշտության նոտաներին` կորցրի երկրային էությունս: Գրիչս թղթի վրայով սահում էր այնպես թեթև, ինչպես քամին ծովի մակերևույթին:  Շուտով Մոցարտին հաջորդում է Բեթհովենը, ապա` երաժշտական հատված «Սատանայի ջութակահարը» ֆիլմից: Մի պահ ձայները մարեցին: Սկսվեց ասմունք. Կոնստանտին Սիմոնովի «Жди меня, и я вернусь» բանաստեղծությունն էր: Ակամա զգաստացա և ամբողջությամբ սուզվելով ասմունքի մեջ, թողնելով հայոց լեզվի առաջադրանքը՝ սկսեցի, ինչպես շատ հազվադեպ է պատահում, բարձրաձայն ասմունքել: Անհուն հուզմունքով լցված` ավարտեցի բանաստեղծությունս: Ինձ սթափեցրեց միայն քրոջս թաքուն ծիծաղը: Նայեցի շուրջս: Ծնողներս զարմացած ինձ նայում էին այնպես, ինչպես կնայեին հայտնագործություն արած վեցամյա փոքրիկի: Նրանց զարմանքին պատասխանեցի հարցական հայացքով:

-Հակո՛բ,- կանչեց մայրս քիչ հեռու նստած հորս:

Իսկույն հասկացա, թե բանն ինչումն է: Մայրս մի բառով և այդպիսի տոնայնությամբ հայրիկին կանչում է միայն այն ժամանակ, երբ բարկացած է մեզ` երեխաներիս վրա: Տեղումս մեխված` սկսեցի սպասել դեպքերի հետագա զարգացմանը:

-Լավ ես ասմունքում,- ասաց հայրս, դանդաղ ինձ մոտենալով:

-Դու նախ վերցրու նրա դիմացից գիրքը և նայիր,- միջամտեց մայրս:

Հորս զարմանքը կրկնապատկվեց, երբ տեսավ իմ առաջ դրված հայոց լեզվի դասագիրքս: Սկսեցի բացատրել պատճառը, արդարանալ, ներողություն խնդրել:

Ընտանիքս ծիծաղով ընդունեց նոր տաղանդիս բացահայտումը, բայց արգելեցին դաս սովորելիս ականջակալներս ինձ մոտ պահել:

seda mkhitaryan

Ձմեռային ավանդույթներ

Կան ավանդույթներ ու արարողություններ, որոնք բնորոշ են ձմռանը։ Օրինակ՝ Նոր տարվան պատրաստվելը։ Բայց, մինչ Նոր տարին կան մի շարք գործողություններ, որոնք դարձել են ավանդույթ մեր գյուղում։ Դեկտեմբերի կեսերից դուք կարող եք մեր գյուղի տարբեր ծայրերից լսել մորթվող խոզերի վերջին կաղկանձները։

Մեր խոզն էլ մորթեցին վերջերս, ու ամեն տարվա պես, այս տարի էլ դա դարձավ մի մեծ իրադարձություն։ Մեր բակում էին հավաքվել մեր թաղի բոլոր տղամարդիկ՝ իրենց սուր դանակներով։ Երբ նրանք «հարձակվեցին» կենդանու վրա, ես ականջներս փակեցի ու տուն վազեցի, որ չլսեմ խեղճ կենդանու ճվաղոցը։

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սեդա Մխիթարյանի

Հետո խոզը հանձեցին, ու այդ ժամանակ եկավ իմ ամենասիրելի պահը՝ «կաշի ուտելու» ժամանակը։ Դա շատ հետաքրքիր ու համեղ գործընթաց է։ Խոզի կաշին՝ մաշկը մաքրում են մազերից, ու դա դառնում է անմահական ուտելիք և խոզ մորթելու գործընթացի խորհրդանիշը։

Հետո այդ միսը մենք մշակում ենք ու պատրաստում զանազան կերակուրներ, որոնց մեծ մասը հայրիկիս սեփական բաղադրատոմսով են պատրաստվում։

Համեցեք…

hasmik vardanyan

Ամփոփելով 2016-ը

Անցավ ևս մեկ տարի: Տարի, որը լի էր հույզերով ու ապրումներով, սպասումներով ու ձեռքբերումներով, հույսերով ու ակնկալիքներով: Դրանց մի մասն իրականացավ, մի մասն էլ երևի մնաց հաջորդ տարվան: 2016 թվականին ես ունեցա մեծ հաջողություններ: Դրանցից կառանձնացնեմ երկուսը: Առաջինը, այն էր որ ես հայտնվեցի նախագահական նստավայրում, իսկ երկրորդը՝ հանդիպեցի 17.am-ի անձնակազմին ու դարձա այդ ընտանիքի մի մասնիկը: Բայց ինչպես գիտենք, կյանքում շատ են հակադրությունները: Ուրախությունն ու տխրությունը միշտ միասին են: Ասում են, եթե կյանքում լինի միայն ուրախություն, մարդը երևի երբեք չհասկանա ուրախության արժեքը: Այս տարին լի էր ոչ միայն ձեռքբերումներով, այլև կորուստներով. մեր երկրի և ամեն մեկիս համար անդառնալի:

Ես շատ եմ ուզում, որ այն ամենից հետո, ինչ եղավ անցած տարի սահմանի վրա, այլևս նման բան չկրկնվի: Ոչ մի սերունդ պատերազմ չտեսնի, որ այն մայրերը, որոնց զավակները ծառայում են Հայոց բանակում, անհոգ լինեն: Ես գիտեմ, որ եթե մի բան շատ ես ուզում ու լավ տրամադրվածություն ունես, իրականություն է դառնում…

Իսկ մեզ` այս տարվա շրջանավարտներիս, ցանկանում եմ, որ ով, ինչ մասնագիտական կողմնորոշում ունի՝ այդ ոլորտում մեծ հաջողությունների հասնի:

hakob melqonyan

Տարեվերջյան հանդիպումներ

Դեռևս մեկ ամիս առաջ որոշել էինք, որ դեկտեմբերի կեսերին պիտի միջոցառում կազմակերպենք` նվիրված մեր համագյուղացի երկրապահներին և Գեղարքունիքի մարզի ԵԿՄ (Երկրապահ Կամավորների Միություն) նախագահ` Աշոտ Տաճատի Գասպարյանին, որը նույնպես մեր համագյուղացին է:

Սկսեցինք պատրաստվել միջոցառմանը ամենայն պատասխանատվությամբ և սիրով: Երբ ամեն ինչ պատրաստ էր, սկսեցինք միջոցառման պատվավոր հյուրերի հրավերը: Մեր հրավերը  ոչ ոք չմերժեց: Միջոցառման սկզբում ներկայացրինք Աշոտ Գասպարյանի կենսագրությունը: Պետք է նշեմ նաև, որ Աշոտ Գասպարյանը իր սխրանքներին ավելացրեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցելը, որի ժամանակ նա զրկվեց ոտքից: Միջոցառումը անցավ շատ հաճելի մթնոլորտում՝ մասնակիցների վկայությամբ: Միջոցառման վերջում մեր երախտիքի խոսքը հայտնեցինք Աշոտ Գասպարյանին և երկրապահներին, ցանկացանք նրանց առողջություն, երկար տարիների կյանք և անսահման հայրենասիրություն:

Նշեմ նաև, որ Աշոտ Գասպարյանը ևս ձեռնունայն չեր եկել: Նա պատվոգրեր հանձնեց  միջոցառման կազմակերպիչներին` Հասմիկ Ումրշատյանին՝ դպրոցում տարվող մեծ աշխատանքների համար և Լուսինե Ջրաղացպանյանին՝ միջոցառումը  կազմակերպելու համար:

Իսկ վերջում Գասպարյանը «Մայրական» մեդալ հանձնեց մեր դպրոցի տնօրեն Կարինե Շահբազյանին, նաև դպրոցին նվիրեց համակարգիչ:

Milena sedrakyan

Նոր տարի՞ է, հա՞ որ…

Վե՛րջ, հա՞:

2016-ն էլ վերջացավ, ախր, ինչպե՞ս, է՞: Երբ ինձ ասում էին՝ կյանքն արագ է անցնում, չէի հավատում, իսկ հիմա, աչքս էլ չեմ հասցնում թարթել, ու մթնում է:

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց այս տարի ես այդքան էլ անհամբեր չեմ սպասում Ամանորին: Նախորդ տարիներին հյուրասենյակում նստած՝ անհամբեր սպասում էի, թե երբ պիտի զարկի տասներկուսը, որ գրկեմ ու շնորհավորեմ ընտանիքիս անդամներին ու բարձր երաժշտության տակ խենթություններ անեմ: Իսկ այս տարի ծրագրերս մի փոքր այլ են. շնորհավորել հարազատներիս, վերցնել նվերներս և ուղիղ քնելու:

Հա՛, նվեր ասացի, հիշեցի: Մեր ընտանիքում մի գեղեցիկ ավանդույթ կա. հավատում ես Ձմեռ պապիկին՝ կստանաս նվեր, չես հավատում ՝ չես ստանա: Դրա համար ես շարունակում եմ նամակ գրել ու սպասել… Մի խոսքով, ծնողներս այդպես են անում, որ մենք չդադարենք երազել ու հավատալ:

Չեմ սիրում, երբ Ամանորին այդքան համբուրում և շնորհավորում են ինձ այն մարդիկ, որոնց առաջին անգամ հենց այդ պահին եմ տեսնում: Զարմանալիորեն նրանք ինձ շատ լավ են ճանաչում: Ու մի հարց է ինձ տանջում՝ ինչո՞ւ է այս՝ ուտելիքով լեցուն օրերին, ախորժակս փակվում, ինչո՞ւ:

Լավ, լա՛վ շատ բողոքեցի… Իրականում՝ Նոր տարվա հենց օրերին` հունվարի 6-ին ամենակարևոր տոնն է մարդկության համար` Հիսուս Քրիստոսի ծննդյան տարեդարձը, և մենք պիտի ուրախ լինենք և շնորհակալ, որ մի տարի էլ ապրեցինք և գոհունակ սրտով մտնենք 2017` մեր տխրություններն ու խնդիրները թողնելով հին տարվա մեջ, բացենք մի նոր էջ՝ հավատարիմ մնալով մեր երազանքներին:

Meri Muradyan

Յուղն ու բրինձը

Այս պատմությունը կատարվել է շատ տարիներ առաջ և ցույց է տալիս, թե ինչ կարող է անել սուտը: Այս պատմությունը պատմել է տատիկս:
Երբ պապիկս երկու տարեկան է եղել, նրա հայրը գնացել է Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու և չի վերադարձել: Երեք երեխաների հոգսը մնացել է նրանց մոր՝ Կեկել տատի վրա: Նա միշտ կարևոր գործեր անելիս տեղյակ էր պահում եղբորը: Բայց մի անգամ երկու տղամարդ են գալիս և ասում, որ եթե գումար տա իրենց, ապա նրանք կգնան և յուղ ու բրինձ կբերեն: Այս անգամ չգիտեմ՝ ինչու, մեր Կեկել տատը չի հարցնում իր եղբորը, հանում ու մեծ գումար է տալիս նրանց:
Ամբողջ գիշեր տանջվում է, քանի որ եղբորը չէր հարցրել և մտածում է, որ եթե առավոտյան գնա եղբոր մոտ, արդեն շատ ուշ կլինի: Վեր է կենում, գիշերվա ժամը երեքին, քնած երեխաներին թողնելով մեծ աղջկա հույսին, գնում է այդ տղամարդկանց մոտ և ասում, որ hետ վերադարձնեն իր գումարը: Տղամարդիկ սկսում են համոզել, որ անպայման մի քանի օրից կբերեն յուղն ու բրինձը, բայց Կեկել տատը երկու ոտքը դնում է մեկ կոշիկի մեջ և հետ պահանջում գումարը՝ ասելով, որ երբ կլինի եղն ու բրինձը, այն ժամանակ էլ կտա գումարը: Վերցնում է գումարը և գալիս տուն:
Անցնում է որոշ ժամանակ, նրանք հետ չեն վերադառնում: Իմանալով այս պատմությունը՝ մարդիկ հասկանում են, որ այդ «բարեկենդանները» իրականում խաբեբաներ են եղել: Օգտվելով մարդկանց միամտությունից և ծանր կացությունից՝ վերցրել են գումարը և գնացել: Նրանք խաբել էին տասնյակ ընտանիքների, բայց ի տարբերություն Կեկել տատի, նրանք շատ ուշ են հասկացել, թե իրականում ինչ էր կատարվել: Այդ երկու տղամարդիկ մինչև հիմա գնացել են յուղ ու բրինձ բերելու:

Ինչպես Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը» հեքիաթը, այնպես էլ մյուս հեքիաթները գրվում են իրական պատմությունների հիման վրա: Եվ եթե չենք ուզում դառնալ հեքիաթի հերոսներից մեկը, պիտի դասեր քաղենք մեզ հասած պատմություններից:

ofelya hovhannisyan

Սպասումով լեցուն

Սկսվեց Ամանորյա եռուզեռը: Մշտապես սպասված այս տոնն արդեն մոտենում է: Անկախ տարիքից՝ բոլորն էլ սիրում և անխնա պատրաստվում են: Աշխարհի տարբեր վայրերում Նոր տարին տարբեր ավանդույթներով և հետաքրքրություններով են նշում: Մարդիկ մեծ ջերմեռանդությամբ են զարդարում ոչ միայն տոնածառը, այլև ամբողջ տունը, բակը, քաղաքներն ու գյուղերը: Եվ ամենակարևորը՝ Նոր տարվա գիշերը պահում են երազանքներ և հավատում, որ դրանք կիրականանան: Շատ հետաքրքիր տոն է: Բոլորն այդ օրը պարզապես մոռանում են իրենց հոգսերի մասին, մտածում, թե նոր տարում ի՞նչ կլինի, արդյոք ի՞նչ հաջողությունների կհասնեն:

Դասընկերներով որոշեցինք զարդարել մեր դասարանը: Մեր դասասենյակում ամեն ինչ այնքան թափթփված էր, որ ես մտածում էի, թե չենք կարողանա այն կարգի բերել: Բայց մենք այնքան ուրախ էինք, որ այդ ամենը չէինք էլ նկատում: Շատ քիչ ժամանակ ունեինք: Ես միշտ զարմացել եմ, թե ինչպես են իմ դասընկերուհիներ Տաթևն ու Լուսինեն, հասարակ թղթերից այնպիսի գեղեցիկ զարդարանքներ պատրաստում: Ես չէի էլ հասցնում նայել՝ այդքան արագաշարժ աշխատանք ես դեռ չէի տեսել: Չնայած, մյուսներն էլ հետ չէին ընկնում: Դիանան, Սյուզաննան և Իշխանուհին մեր դասարանի ամենաբարձրահասակ աղջիկներն են: Դրա համար մենք փուչիկները փչելուց հետո անմիջապես նրանց էինք տալիս, որպեսզի կախեին տարբեր տեղերից: Իսկ Վիկտորյան և Քրիստինեն կարողանում էին փայլերից տարբեր տեսակի զարդեր ստանալ: Դե, ես էլ հետևում էի նրանց աշխատանքին և անհրաժեշտության դեպքում՝ օգնում նրանց: Մեզանից մի ժամ պահանջվեց, և մենք կարողացանք շատ գեղեցիկ զարդարել մեր դասարանը: Դասարանը զարդարելուց հետո գնացինք տուն:

Շատ եմ սիրում Ամանորի նախապատրաստական փուլը, ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է՝ սպասումով լեցուն: Ես ցանկանում եմ, որ այս տարի բոլոր ընտանիքներում հետաքրքիր և ուրախ անցնի Ամանորը, և կատարվեն բոլորի երազանքներն և ցանկությունները: