Ինչն է ինձ հուզում խորագրի արխիվներ

Mariam Yayloyan

Հայրենաբաղձություն

Արցախը իմ հայրենիքն էր, որտեղ ամենաապահովն էր, Արցախը իմ տունն էր: Խոսքը բնակարանների կամ շքեղ տների մասին չէ, այլ տան գաղափարի մասին է, որտեղ կարծես լինես քո տաքուկ սենյակում՝ թեյ խմելիս, որտեղ քեզ ամենալիարժեքն ես զգում, մնում ինքդ քեզ հետ, քո էմոցիաների հետ, վայելում հանգիստդ, մենակությունդ, նյարդայնանում ես անցանկալի հյուրերից ու կռվում բոլորի հետ, ուղղակի ապրում ես: Արցախը հենց դա էր ինձ համար, որտեղ ես ուղղակի զգում էի ինձ տանը՝ ապրում էի ու զգում: Թեպետ Արցախից եմ միայն արմատներով, այնտեղ երբեք չեմ ապրել, բայց կարծես հենց այդ տաքուկ անկյունը կորցրած լինեմ:

Հիշում եմ Շուշի այցելությունս: Ինձ համար Շուշի գնալը պարտադիր էր: Շուշին ինձ համար քաղաք չէր, այլ բառերով աննկարգրելի մի բան էր: Հիշում եմ, գնացել էի Ջդրդուզի ձոր՝  Զոնտիկներ: Տասը տարեկանում հասկանում էի, թե ինչ լավ է հայրենիք ունենալը և վայելել հայրենիքդ ամեն վայրկյան:

Ամեն տարի Արցախ էի գնում, վայելում Ստեփանակերտը՝ անսահման մաքուր իմ քաղաքը, իմ ամեն ինչը, իմ սրբավայրը ու Դեդո-բաբոյի արձանը: Գնում էի Քարվաճառ՝ Դադիվանքը տեսնելու և վերադառնում էի տուն՝ հպարտության, հաղթանակած հոգով: Մարտակերտ էի գնում տատիկիս արմատներին մոտ լինելու համար, բարեկամներիս հետ թեյ էինք խմում, հաց էինք ուտում բոլորս մի մեծ սեղանի շուրջը, ու անդադար հարցնում էի.

-Ո՞ր կողմն են թուրքերը:

Նայում էի անվախ ու հպարտ, զգում էի մեր հերոսները ինչ էին զգում 90-ականներին: Օրինակ՝ Մոնթեն, Վազգենը ու մեր բոլոր հերոսները: Հուզմունքը խեղդում էր կոկորդս: Հիմա էլ է խեղդում, երբ հիշում եմ` ինչ են զգում մեր հերոսները, բայց արդեն Մխիթարը, Հայկը, Գևը… Ու էլի հուզմունքից կոկորդս խեղդում է, բայց ոչ հպարտության զգացումով, այլ մեղքի, կորստի զգացումով ու հայրենիքի կորստով: Ես սիրում էի Արցախը, սիրում եմ Արցախը ու կսիրեմ Արցախը՝ իմ հայրենիքը, հողն ու ջուրը: Արցախը ես եմ, Արցախը բոլորս ենք, Արցախը մեր մեջ է ու մեր սրտի մի անկյունում:

Բարի գալուստ Հայաստան

Մի երկիր, որտեղ բոլորը ապրում են «խաղաղության» մեջ, բայց չգիտես ինչու, միշտ պատերազմում են…

Բարի գալուստ Հայաստան, որտեղ աշունը ոչ միայն տերևաթափ է բերում իր հետ, այլ նաև՝ կորուստներ, ցավ ու լաց…

Այս աշունը նույնպես բացառություն չէ… Ուղղակի իր մեջ կրկնություն է պարունակում…

Աշուն, ատում եմ քեզ ամբողջ սրտով ու հոգով, որովհետև կրկին ապրել չթողեցիր…

Կրկին…

Չեք պատկերացնի, թե ինչքան եմ ատում կրկին բառը, բայց ուրիշ համապատասխան բառ չկա ասելու…

Կրկին նույն փամփուշտը…

Կրկին նույն պայթյունը…

Կրկին նույն վախը…

1915-նորից կրկնվում է շուրջ 108 տարի անց…

Ցեղասպանություն ու պատերազմ…

Պատերազմ էր երկրումս, սիրելի ընթերցող…

Հա, հենց երկրումս. ես երբեք չեմ առանձնացրել հայաստանցի, արցախցի, քանի որ բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ նույն ազգն ենք, բոլորս էլ միշտ պատերազմի մեջ ենք, անկախ նրանից, որ այդ պատերազմը մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու է:

Պայքարում ենք հավասար, ցավում ենք հավասար մեր հայրենակիցների համար:

Իսկ հիմա իմ ցավը կրկնապատիկ է, քանզի միայն Արցախը չեմ կորցրել, այլ նաև Արծվիս…

Այն Արծվին, ով հենց ինքն  է Արցախը, ավելի կոնկրետ, Օմարի լեռնանցքը 44 օր անսասան պահել:

Գիտե՞ք, նախանձում եմ այն մարդկանց, ովքեր ցավը կիսող ունեն, ոչ թե չգիտեն, թե իրենց ցավը ուր կորցնեն, քանզի բացի մեջդ խեղդելուց, ուրիշ տարբերակ չկա:

Արցախ ջան, կներես…

Կներես, որ չհասցրեցի այցելել քեզ:

Սիրտս հիմա կտոր-կտոր է լինում ամեն կորցրած հողի կտորի, ամեն մի կորսված մարդկային կյանքի համար, Տղերքի համար, բայց չէ, չեմ ասելու` կներեք մեզ, Տղերք, ես ասելու եմ` երբեք չներեք, Տղերք, երբեբ չենք ների, Տղերք, լսո՞ւմ եք…

Հիմա ես ձեզ շատ մոտ եմ, բոլորս միասին երկնքում ենք ու պատուհանից նայելով ամպերի փոխարեն ձեր դեմքերն եմ տեսնում, հիշում, թե ինչեր եք արել Հայրենիքի ու մեզ համար, և մենք պայքարում ենք, պայքարելու ենք միշտ,հիշելու ենք ձեզ միշտ…

Լսո՞ւմ եք…

Ես գիտեմ, ես հավատում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ հետ բերենք անգամ հողի այն փոքրիկ կտորը, որի համար պայքարել եք, կյանք եք տվել:

Ուղղակի հիմա համախմբված չենք, ուղղակի ամեն մեկը մի բան է ուզում, Տղերք:

Ոմանք աթոռ են ուզում, ոմանք հեղափոխություն են ուզում, իսկ որոշ ստվար հատված ուզում է մեր հայրենակիցներին օգնել, քանզի…

Քանզի ի՞նչ ասեմ, դուք երկնքից ամեն ինչ տեսնում եք:  Տեսնում եք, թե ինչ են անում մեր հայրենակիցներին:

Տնից են զրկում, կյանքից են զրկում, հողից են զրկում:

Տղերք, մի օր պարտադիր ամեն ինչ լավ է լինելու, մի օր մեր երկիրը ոտքի է կանգնելու:

Հավատում եք, չէ՞, ոնց մենք էինք ձեզ հավատում ու շարունակում ապրել Ձեզ համար ու Ձեր շնորհիվ:

Ուղղակի դժվար կլինի: Դավաճանները շատ են: Մեր ազգը դժվարության առաջ երբեք ծնկի չի իջել, դավաճանին թշնամուն հավասար պատժել է… Չնայած դավաճանը թշնամուց կրկնակի դաժան ճակատագրի է արժանի, բայց մենք հայ ենք, մենք բարի ենք, մենք միշտ օգնում ու ներում ենք…

Երևի մեր սխալը հենց դրանում է…

Meri Hakobyan Megri

Արցախյան հուշեր. պատին տակի մանկությունս

Շուշիից Ատեփանակերտ տանող, թվում է՝ անվերջանալի ոլորանները նորից ինձ կգլորեն իմ հարազատ Ստեփանակերտ։ Այս անվերջ ձգվող ոլորաններին ամեն ինչ այնքան ծանոթ ու հարազատ է։ Մուտքը դեպի մայրաքաղաք նման է հին սունդուկի բացվելուն, որի մասին հաճախ հեքիաթներում եմ կարդացել, ու որը բացվելուն պես ողջ գերդաստանին պարուրում էր հիշողություններով։ Ասես քաղաքից ինձ է նայում մանկությունս իր ողջ հմայքով…

Ահա Սուրիկ պապիկի խանութը, որտեղ ամեն առավոտ հացի էինք վազում՝ մի թաքուն ցանկությամբ, որ նա էլի իր ջահելությունից մի բան կպատմի ու վերջում անպայման կավելացնի.

-Է՜, մատաղ ինիմ ծըզ, խոխեք, մինակ թա տուք գիդաք վեչ` հինչ փիս պենա պատերազմը։

Իսկ մենք՝ հազիվ 7 – 8 տարեկան, Սուրիկ պապիկին արդեն բավականաչափ ծեր էինք համարում ու մտածում՝ «Ա՜, էս մարդը իսկականից շաշվալ ա… Պատերազմնեն մինակ հըռու տղերում ա ինում, հո՞ւնց կարե ստըղ պատերազմ ինի»։

Ուրախացած այն մտքից, որ պատերազմները միայն հեռու տեղերում են լինում, հացը ձեռքներիս վազում էինք տուն. Չնայած, եթե անկեղծ լինեմ, մինչ տուն հասնելը արդեն հացի կեսը կերած էինք լինում (ախր, էնքա՜ն անուշ էր բուրում էդ «մայակին հացը»):

Տուն մտնելուն պես բախվում եմ տատիս ջղային հայացքին.

-Ա՜ խոխա, շտե՞ղըս, հենգ ժամ ա զավտրիկը տիրալում, տո՞ւվս իլալ հացը թխելիս, անդար չայը պռավի կյուզա տեռալ։

Որին հետևում էր իմ պատասխանը.

-Ա, դե բաբո, մինչև քեցալում, Իլոնին եր կալալ, քեցալ մագազին, պատար էլ Սուրիկ ձեդոյին նըհըտ զրուցընք ըրալ, էկալ տոն։

Տատս ծիծաղում էր.

-Մեյմուն շոն, քինա, շուտ ըրա, էդ չայը խմե, մինչև տա հըվաքիմ, աբեդի ժամ ա, լոխ կյալուվըն։

Էդ «լոխ»-ը մորաքրոջս՝ տիպիկ արցախյան ընտանիքն է։ Աբրահամյանները հյուրընկալ ընտանիք են. Չեմ մտաբերում մի երեկո, որ «նավեսին տակը» դատարկ լիներ, «սմավարի» մեջ էլ թեյը չեռար։ Արցախյան քաղցրահնչուն բարբառով պատմվող պատերազմյան հիշողությունները ամբողջացնում էին այդ ջերմ երեկոները։ Վարդան ձյաձյայի (մորաքրոջս ամուսինը) եղբայրներից Վաղինակը զոհվել է Արցախյան ազատամարտում, որի անունով էլ անվանակոչել է ավագ որդուն։ «Շ՜շշշ, շ՜շշ»,- լսվում է «սամավարի» ձայնը, ապա տատիս. -Մերիի, էդ ստքնեն պեր ստըղ, մին-մին պեր, ա խոխա, լոխ կուտրտելուվըս։ Երջանկության վայրկյաններ էին. Չէ՞ որ քեզ մեծի տեղ էին դրել ու գործ հանձնարարել։

Այլևս երբեք նման համեղ թեյ ոչ մի տեղ չխմեցի. Շատ վայրերում եղա, տարբեր թեյեր փորձեցի, որոշ տեղերում անգամ բավականին թանկ վճարեցի, բայց ոչ մի թեյ այնպես չէր բուրում, ինչպես այն երեկոներին` «նավեստի տակի հյուրերին հետի իփած սմավարավ չայը»։ Միայն հետո պիտի հասկանայի, որ այդ թեյը մանկության հոտ ուներ, ու էլ երբեք և ոչ մի տեղ, անգամ շատ թանկ վճարելու դեպքում չէի գտնելու թեյ, որը մանկություն բուրեր։

Մանկությանս տարիներին ամառային արձակուրդները մշտապես Արցախում էի անցկացնում՝ մորաքրոջս տանը։ Հիմա կարոտով եմ հիշում այդ տարիները, երբ իմ միակ խնդիրը տանեցիներիս համոզելն էր.

-Լավվվ լի, հի՞նչ կինի, էնում պատին տակին, օրիշ տըղ քինամ չում, պատարել խաղում անում, կյամ։

Այդ օրերից ինձ է ժպտում ամբողջ Մարտունի թաղամասը՝ Լիդա ծյոծան ու Գարիկ ձյաձան՝ իրենց մեծ՝ արցախցուն վայել ընտանիքով՝ երեխաներով ու թոռներով շրջապատված, Լենա ծյոծան, Արմեն ձյաձան, երեխաներն ու Ռաիսա բաբոն, Վլաձիկ ձյաձան ու Կարինե ծյոծան, Միլա ծյոծան, Սլավիկ ձյաձան, Պետոն, Կիսան, Վիտոն, Իռաները, Մարիամը, Մավոն ու Էլինկան, Աիդա ծյոծան ու Վլադիմիր ձյաձան՝ իրենց երեք երեխաների հետ. Հենց նրանց դստեր հետ էլ անց եմ կացրել մանկությանս մեծ մասը…

-Իլո՜ն, հե՜, Իլո՜նա, կյա՞մս քինանք պատար պատին տակին խաղ անինք։

-Հա, էսա կյամում, Կարենին, Աննին, Վալոձիկին ու Միլենին էլ ծեն տո, միչև հվաքվիք` կկյամ։

Ու ամբողջ «պատին տակը» լցվում էր մեր՝ երեխաներիս վայել խինդ ու ծիծաղով։ «Կյողլկանի, լյագուշկա, 7 քար, մաֆիա, տնտնի»…Ինչեր ասես, որ չխաղացինք էդ «պատին տակին», վիճեցինք, նեղացանք, բայց 10 րոպե անց էլի իրար ձայն տվեցինք ու շարունակեցինք խաղը, ու հենց էդ «պատին տակին» էլ մեծացանք։ Երկու բան կար, որ կարող էր խանգարել մեր խաղին. Կամ երեխաներից մեկին տուն էին կանչում, կամ հայտնվում էր մեր մանկության օրերի ահ ու սարսափը՝ Էլզան։ Հիմա, երբ տարիների խորքից ետ եմ նայում ու փորձում հիշողության անիվը ետ պտտել հասկանալու՝ ինչից էինք այդքան վախեցած, չեմ կարողանում մտաբերել, միայն հիշում եմ, որ էրեխեքից մեկի` «Խոխե՜ք, փխճեցի՜ք, Էլզան ա» արտահայտությունը լսելուն պես «պատին տակը» դատարկվում էր։

Մեր թաղի էրեխեքի համար տոն էր այն օրերը, երբ թույլ էին տալիս «պլոշիձ» գնալ։ Աչքերիս առաջ մեր պայծառ դեմքերի արտահայտությունն է հայտնվում, երբ բոլորս հավաքվում էինք «պատին տակին» ու ասում՝ «թողալըն»։ Առանձնապես շատ բան պետք չէր մեզ «պլոշիձ» գնալիս՝ «մարդա 200 դրամը բոլա, խոխեք, էնքանա` մին ըծովի մառոժնի օտինք»։ Առանձնահատուկ տոն էր այն օրերը, երբ բացի նրանից, որ թույլ էին տալիս «պլոշիձ» գնալ, դեռ մի բան էլ բավականաչափ գումար էին դնում ձեռքներս ու ասում՝ «Կարիք սօր կաչելի քինաք»։

Արցախյան այցերս միայն մի խնդիր ունեին. Երբ ետ էի գալիս, շարունակում էի բարբառով խոսել, ու իմ Մեղրիի ընկերները հաճախ ինձ չէին հասկանում, ես էլ, ամեն անգամ այդ ամենից նեղսրտած, տուն էի վերադառնում մի հաստատ որոշմամբ՝ «էլ ղարաբաղերեն չեմ խոսալու»։

Հիմա անհուն թախիծով եմ նայում այդ օրերին։ Պատերազմ անունով չարագործը մանկությանս վառ Արցախի ներկապնակում միայն գորշ գույներ է թողել, ու կարծես ոչինչ էլ առաջվանը չէ։

Պատերազմից մեկ տարի անց կրկին Արցախում էի. Մորաքրոջս վերջին զավակի՝ կրտսեր որդու հարսանիքն էր։ Ոչինչ էլ առաջվանը չէր… Առաջին բանը, որ նկատեցի, Սուրիկ պապիկի բացակայությունն էր. Խանութն էլ փակել, փոխարենը մրգի խանութ էին բացել։ «Պատին տակն էլ» առաջվա պես լիքը չէր երեխաներով. երեխաներն արդեն մեծացել էին, հասուն մարդիկ էին։ Պատերազմը Ռաիսա բաբոյենց ընտանիքը չէր շրջանցել. Մի տղան զոհվել էր, մյուսի կյանքն էլ չարաբաստիկ քաղցկեղն էր խլել, որը պատերազմի օրերին ավելի արագ էր զարգացել։ Իլոնայենց տունն անգամ առաջվանը չէր. վերանորոգել էին, որի համար հա՛մ ուրախ էի, հա՛մ տխուր, տխուր, որովհետև մեկ քայլ էլ էի հեռացել մանկությունիցս, ու տան ոչ մի անկյունը էլ մանկություն չէր հիշեցնելու։ Աբրահամյանների տունն էլ առաջվանը չէր. երեխաները ամուսնացել էին, հյուրերը այլևս նույն եռուզեռով չէին գալիս-գնում: Բոլորի տանն էլ վիշտ կար, բոլորն էլ իրենցն էին…

Պատերազմ անունով չարագործը գորշացրել էր ողջ մանկությանս վառ պատկերները…

Taguhi Agasyan

261. Արկած

Ամռան գալը իմ սիրելի` ամեն ինչից բողոքող հայ ազգի սրտում, նախ առաջացրեց երջանկություն, ապա դժգոհություն։ Ես որոշեցի հետ չմնալ ու բողոքել ուրիշների բողոքներից։

261-ը այն երթուղայինն է, որով ես ամեն օր գնում եմ համալսարան, ապա տուն գալիս։ Թեև 261-ը շատ հարմարավետ է, բայց երբ բազմությունը մի դժվարության է հանդիպում, առաջանում է կոնֆլիկտ։ Առաջին անգամ, երբ նման միջադեպի հանդիպեցի, միայն ժպտացի, այն էլ ուղևորներից մեկի կատակի վրա։ Երբ երկու կանայք իրար հետ բանավիճեցին, մի երիտասարդ ծիծաղելով ասաց.
-Լույսը դեռ նոր է բացվել…

261-ի համար կարևոր չէ, թե օրվա ինչ ժամ է. եթե ուղևորները դժգոհ են, ապա անպայման վիճելու են։ Իսկ վեճի ընթացքում ում մտքին ինչ գալիս է, բարձրաձայնում է։ Ահա ամառային փոքրիկ պատկեր։

- Պատուհանները կբացե՞ք, շոգից մեռնում ենք,- զայրացած հայտարարեց մի կին, որը դեռ նոր էր ներս մտել։
- Ես առողջական խնդիրներ ունեմ, եթե պատուհանը բացեմ, քամու տակ կմնամ,- հանգիստ տոնով պատասխանեց մեկ այլ տիկին։
- Հիմա ամբողջ ժողովուրդը խեղդվի, ինչ է թե` դու չմրսե՞ս,- ավելի զայրացավ առաջին կինը։
- Վարորդին ասեք, թող օդափոխիչը միացնի,- խորհուրդ տվեց պատուհանի կողքի տիկինը։
- Պետք է բոլոր պատուհանները փակեք, որ օդափոխիչը միացնելիս արդյունք ունենանք,- հայտարարեց վարորդը։
Ինչևէ, վարորդի հորդորին համաձայն` արեցինք այն, ինչ պետք է։ Հազիվ կրքերը մարեցին, երբ բախում սկսվեց մի տիկնոջ ու մի երիտասարդի միջև։
- Տղա ջան, որ այդպես հենվել ես ձողերին, ես չեմ կարողանում բռնվել, մի փոքր այն կողմ գնա…,- խոսքը դեռ կնոջ բերանում էր, երբ երիտասարդը պատասխանեց։
- Այսօր բոլորը զայրացած են։ Մեծ կին եք, բռնվել եմ, որ չընկնեմ Ձեզ վրա։
- Բայց ես զայրացած չխոսեցի, ուղղակի խնդրեցի, որ թույլ տաս բռնվեմ, թե չէ ես էլ կընկնեմ, – ասաց կինը։
Տղան միայն հոգոց հանելով մի կողմ գնաց։

Իսկ թե ամեն անգամ նմանատիպ վեճերի ժամանակ ով է մեղավոր,  ինչպես ասվում է հայտնի հումորում` ո՜չ ոք չգիտի։ Կարիք չկա մարդկանց կոպտել, այն էլ առանց ճանաչելու։ Պետք չէ ոչ էլ էգոիստ գտնվել ու բոլոր հարցերին նայել միայն մի անկյունից։ 261-ով մենք ամենաշատը անցնում ենք մեկ ժամվա ճանապարհ, և այդ մեկ ժամը պետք չէ անցկացնել ատելությամբ ու թշնամանքով։ Կարելի է երբեմն էլ զիջել, մանավանդ, որ այդ դեպքում չենք զրկվի մեր ուսադիրներից։ Եվ կապ չունի` դու որ համարի երթուղայինով ես գնում այս ու այն կողմ, կարևորը, որ չմոռանաս` այստեղ քեզ միշտ սպասվում է 261 արկած, որը պետք է արժանապատվությամբ անցնես։

Taguhi Agasyan

Սկսում ենք փոքր բաներից

Երբ խոսում ենք ամուր պետության ու հզոր հայրենիքի մասին, բոլոր բանավեճերի ավարտին մի եզրահանգման ենք գալիս, որի հետ համակարծիք են շատերը. ամեն ինչ սկսվում է փոքր բաներից։

Ես աշակերտներիս մի անգամ ասացի, որ ըստ իս, ավելի լավ կլինի, եթե յուրաքանչյուրս մեր աշխատանքին մանրակրկիտ ու լրջորեն ուշադրություն դարձնենք, ոչ թե խելացի երևալու համար խոսենք բաներից, որոնց մասին բավարար գիտելիքներ չունենք։

Ամենից թանկ հայրենիքի մասին շքեղ բառեր հնչեցնելուց առաջ պետք է չմոռանանք, թե որտեղից սկսվեց նրա հանդեպ մեր անտարբերությունը։ Միգուցե այն պահից, երբ ուսուցիչը նախատում է աշակերտին կամ անբավարար գնահատական դնում, բայց աշակերտը անտարբեր է դրա հանդեպ։

Ես մտադիր եմ մանկավարժական փոքր խնդիրների անդրադառնալով, ապա դրանք հարթելով` գոնե մի փոքր նպաստել գալիք օրվա բարօրությանը։
Այսօր իմ ուշադրությունը զգալիորեն գրավեց մի հարց, որը ամենևին նոր չէ, բազմիցս քննարկվել է, բայց ի վերջո ունենք այն, ինչ ունենք։ Խոսքս վերաբերում է հանրակրթական դպրոցում կիրառվող գնահատման սանդղակին։ Կուզեի խոսել դրա բացասական, ապա դրական կողմերի մասին։

1. Անբավարար գնահատականները դպրոցներում կհեռացվեն, քանի որ երեխաները սթրես են ապրում դրանց պատճառով։

Շատերս ենք դպրոցական տարիներին հուզվել այն ժամանակ, երբ չենք ստացել մեր ակնկալած գնահատականը։ Ուսուցչին գոհացնելը ոչ միշտ է հեշտ եղել, բայց դա նույնքան բնական է, որքան այրող արևին հաջորդող անձրևը կամ փոթորկի ժամանակ սև ամպերով պատված երկինքը։ Իսկ ո՞վ է ասում, որ երեխան միշտ պետք է ստանա այն, ինչ կամենում է։ Դիցուք նրան հաջողվեց տասներկու տարի շարունակ հեռու մնալ գնահատականի սթրեսից, ու նա սկսեց մտածել, որ ինքը բոլորին հավասար է: Բայց մի՞թե այդ նույն երեխան չի հայտնվելու հասարակության այլ խմբում ու ի վերջո մի օր չի հասկանալու, որ իր գիտելիքները ինչ-որ առարկայից զիջում են մեկ ուրիշին կամ առավել են, քան մյուսներինը։ Այդ ժամանակ նո՞ւյնպես պետք է վերացնել ցածր գնահատականները, որ հասարակության մի մասնիկը դարձած` արդեն չափահաս մարդը, սթրես չապրի։

2. Գնահատականով երեխաների ինքնագնահատականը սխալ է ձևավորվում։

Երեխաները սխալ ինքնագնահատական չեն ունենա և իրենց ցածր կամ չափազանց բարձր չեն զգա, եթե նրանց բացատրենք, որ ամեն ինչ հարաբերական է. այսօր ես բարձր գնահատական կստանամ, վաղը` մյուսը։ Պետք է վերջ դրվի հավերժ գերազանցների և հավերժ ծույլերի մտածողությանը` երեխաներին բացատրելով գիտելիքի իրական արժեքը։ Ծույլ աշակերտը այլևս ծույլ չի լինի, եթե նրան խրախուսենք ու սկսի կարդալ գրականություն, ծանոթանա իրեն հետաքրքրող առարկաների մանրամասներին։ Գերազանց աշակերտը պետք է իմանա, որ ինքը սիրով ու նույնիսկ հաճույքի համար պետք է կատարի հանձնարարությունները, ոչ թե նիշերի համար։ Կարիք չկա անքուն գիշերներ անցկացնել և մանկական ջերմ խաղերը շրջանցել մեկ բալ բարձր ստանալու համար, չէ՞ որ «տասը» ուղղակի թիվ է, ոչ թե կատարելության համարժեք։

3. Գնահատականները անկարևոր են դարձել։

Գնահատականները իրականում երբեք էլ կարևոր չեն եղել։ Այնպես չէ, որ նախկինում երկու ստացող աշակերտը վատագույնն էր կամ դրանով նա կկործանվեր, բայց չէ՞ որ այն սթափեցնում էր աշակերտին։ Անբավարար գնահատականը շատ կարևոր դեր ունի դպրոցական սանդղակում, որովհետև հնարավոր չէ համաչափություն պահել այն դեպքում, երբ պետք է լինի միայն դրական նիշ։ Դա բնության օրենքներին դեմ գնալու նման բան է։ Անձրևների համար ոչ բոլորն են խելագարվում, բայց առանց տեղումների բնությունը ծարավ կմնա։
Շարունակելի…

Sabina Davtyan

Կյանքի ու մահվան սահմանագծում

Հիշողությունների գիրկը ընկնելու սիրահար չեմ, բայց այս անգամ բանն ուրիշ է ու ինչ-որ տեղ պարտադիր, քանի որ մեղադրում եմ ինքս ինձ ամենի մեջ: Մեղադրում եմ հազարավոր կորուստների` թե մարդկային, թե տարածքային: Մարդկային կորուստներ հազարավոր, որոնց մեջ մարդիկ էին, ում ճանաչում էի կամ ում հետ դեռ չէի հասցրել ծանոթանալ: Վայրեր, որտեղ չէի այցելել, բայց պետք է այցելեի… Պետք էր… Պետք էր ամեն բան ուրիշ կերպ անել, պետք է ամեն բան ուրիշ կերպ լիներ…

Կորուստներ… Պատերազմ… Մահ…

Իսկ ի՞նչ է նշանակում ապրել միշտ պատերազմող երկրում: Նշանակում է, որ մահը ավտոբուս բաց թողնելու պես հաճախակի կրկնվող երևույթ է դարձել ու արդեն շատ տևական ժամանակ: Մահը չի հարցնում ոչինչ, մահը չի սպասում, մահը չի համբերում, մահը չի զիջում:  Մահը անխնա տանում է… Մեծ ու փոքր… Տանում է մերոնց ու տանում է անվերադարձ…

Ապրելով պատերազմող երկրում, չէ, ապրելը սխալ կլինի: Ճիշտ բառը գոյատևելն է, որովհետև հոգով մեռած մարդը լիարժեք ապրել չի կարող, իսկ մեզանից շատ-շատերը հոգով  մեռած են… Մեզանից շատերը շարունակում են ապրել այս անիծյալ մղձավանջում, շարունակում ենք ապրել ու պայքարել մեր ապագայի, ինչը կասկածելի է` արդյո՞ք գալու է, թե՞` ոչ… Ապրելով պատերազմող երկրում մոռանում ես վախի մասին: Միայն սառնություն ու վրեժխնդրություն ես զգում: Վախենում ես միայն մեկ բանից՝ կրկնությունից:

Կկրկնվի…

Կկորցնես, կրկին կկորցնես… Կրկին հողին կհանձնես… Կրկին սև գույնը հարազատ կդառնա քեզ համար: Կրկին ձեռքերդ դողալով ու աչքերդ փակ կմտնես սոցկայքեր, որպեսզի չհանդիպես կորստի մասին լուրի, իսկ վատ լուրը միշտ շատ արագ է հասնում: Կամ կրկին անգամ կջնջես բոլոր սոցկայքերդ և ուղղակի անտեղյակ կշարունակես ապրել, իսկ մարդի՞կ, մարդկանց խոսակցություններից ո՞նց պետք է փախչես: Իհարկե, ականջակալներ: Ականջակալները միշտ ինձ փրկում են:

Կրկին կկանգնես կյանքի ու մահվան սահմանագծին կամ ավելի վատ՝ ուղիղ կկանգնես մահվան դիմաց, կնայես մահվանը առանց վախի, առանց ափսոսանքի, այլ կնայես մեղադրողի ու դատավորի հայացքով ու կհարցնես` չե՞ս հոգնել նույն տեղը գալով, չե՞ս հոգնել մարդկանց քեզ մոտ տանելով: Ի՞նչ ես անում, այդքանին ու՞ր ես տանում…

Bella Harutyunyan

Առանց հետհաշվարկ

Բավականին երկար ժամանակ է, ինչ հոդվածներ չեմ գրում, պատճառը գերզբաղված լինելն է` ընտանիքս, տղաս։ Իսկ հիմա հասկացա, որ արդեն ժամանակն է գրելու ու կիսվելու իմ պատմությամբ այն հարթակում (17.am), ուր վստահ եմ, որ ինձ լիովին հասկանում են։

Դե ինչ, տխուր, բայց արդիական թեմայով եմ ուզում խոսել: Արդեն երկու տարի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից ամուսնացել և տեղափոխվել եմ  Արցախի Մարտակերտ:

Շրջափակումից մոտ մեկ շաբաթ առաջ որոշեցի տղայիս հետ մի քանի օրով Հայաստան գալ, ծնողներս այստեղ են ապրում։ Եկա, և արդեն հինգերորդ ամիսն է լրանում, ինչ տղաս չի տեսնում իր հորը, համացանցով էլ` հազվադեպ, դե Արցախում ինտերնետ գրեթե չկա։

Ու քանի ծնող չի լսել իր երեխայի առաջին բառը, չի տեսել առաջին քայլը անմարդկային շրջափակման պատճառով։

Գիտեք, ամենադաժանը ոչ թե մենակությունն է, այլ անորոշությունը։

Երբ զինվոր ես ճանապարհում ծառայության, թեկուզ ամենավտանգավոր տարածքում, գոնե կա հնարավորություն հետհաշվարկ սկսելու, թե երբ ետ կգա, ամուսինս էլ ծառայում է, բայց ավարտը չի երևում։

Ամենախոր մթության մեջ կա մի աղոտ, աննշան լույս, որը հույս է ներշնչում, էստեղ` չկա։

Նա այս տարիքում հասցրել է մասնակցել երկու պատերազմի, և Աստված չանի, որ սա էլ պատերազմով ավարտվի։

Ապրումներ, որոնք հատուկ են ոչ միայն ինձ, այլ 120 000+ մարդու, ծնողի, երեխայի։ Մթություն, վախ, մենակություն ու խավար։

Մի փաստ էլ է շատ ծանր. Այն, որ չգիտես` ում դիմել այս հարցով, ում մեղադրել։ Ուզում եմ ուժեղ լինենք: Երբեմն թվում է, թե արդեն անհնար է, սակայն երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ քիչ չենք դիմացել, էլի կդիմանանք: Միայն լույսի նշույլը շատ չուշանա, երբ ծնողը երեխայի, թոռան առաջին քայլի ընթացքում կողքին չի եղել, գոնե երեխան նրա վերջին քայլերի ընթացքում կողքին լինի։

120 000 մարդ, եկեք չմտածենք ցեղասպանության, անհայրենիք մնալու և նմանատիպ այլ սահմռկեցուցիչ երևույթների մասին։

Վստահ եմ, որ առանց հետհաշվարկի, միանգամից լույսը կերևա: Ուժեղ մնանք անկախ ամեն ինչից, առավել ևս, երեխաները պետք է սովորեն ամեն պարագայում լինել և մնալ ուժեղ…

Meri Araqelyan

Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի

Մեռնում է արդեն դարն այս կատաղի:

Հ. Սահյան

 

Կյանքի և մահվան գաղափարը ինձ ուղեկցել է մանկուց, երբ ես ընդամենը մանկահասակ աղջնակ էի, ով ապրում էր սահմանին՝ կյանքի ու մահվան սահմանին։ Կյանքիս քսաներկու տարիների ընթացքում ծննդյանս երազանքը միշտ եղել է խաղաղությունը: Սահմանին, երբ հասկանում ես «կյանք» բառի իմաստը, պարզ է դառնում, թե ինչու է այն մեկուկես վանկից կազմված, որովհետև կյանքն աչք թարթելու պես արագ է անցնում, ուստի պետք է կարողանալ տնօրինել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը այնպես, որ ապրելն իմաստ ունենա:

Ապրելու հանդեպ ունեցած տենչը մենք ժառանգել ենք մեր նախնիներից. մեր արյան մեջ պայքարի ոգի կա: Մեզ չեն սովորեցրել սիրել հայրենիքը, մեզ ցույց են տվել այն, և մենք սկսել ենք ապրել հայրենիքով, որովհետեւ հայրենիքը լոկ տարածք չէ, հայրենիք ենք մեզնից յուրաքանչյուրը:

Պայթյուն, կրակ, աղմուկ լաց… Երբ սկսվեց պատերազմը, ես ապրում էի ընտանիքիս համար, սահմանին հայրս ապրում էր մեզ համար, հայրենիքն ապրում էր բոլորիս համար: Այո՛, մենք ապրում ենք մեկս մյուսի համար, հանուն հայրենիքի, հանուն վաղվա: Շիրվանզադեն տասնիններորդ դարը «խաբեության» դար է անվանել, իսկ ինձ թույլ տվեք քսանմեկերորդ դարը «գիշատիչների» դար անվանել: Աշխարհը ցանկանում է կուլ տալ քարտեզի վրայի այն կետը, որը Հայաստան է կոչվում: Մենք փուշ կդառնանք, կկանգնենք աշխարհի կոկորդին, բայց կապրենք, կապրենք, որովհետև պարտավոր ենք ապրել, մեզ հարկադրել են ապրել նրանք, ովքեր մեզ հնարավորություն տվեցին ապրելու, բայց իրենք անմահացան:

Քաղաքակրթությունը տեղի է տալիս մարդկային բարբարոսությանը, և մարդիկ նահանջում են բանական լինելուց, քանի դեռ կոթը մեզնից է, մենք նահանջելու ենք: (Իսկ ծառերը հավատում էին կացնին, քանի որ կոթն իրենցից էր): Բայց եւ մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի, մեր անտեր գլխի տերն ենք լինելու:

«Մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, ու գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջև հազար անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը և հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, և դա է ամենակարևորը»:  Էրիխ Մարիա Ռեմարկ

Պատերազմների ժամանակաշրջան է…

Մեր գյուղի ծայրում է գտնվում մեր մեծ տունը…

Մե՜ծ…

Տեսնես ինչի՞ համար են մեծ տները, երբ բավական է աշխարհում պարզապես մի փոքրիկ անկյուն ունենալը, այն էլ, երբ այն քո հայրենիքում է լինում։ Հավատացնում  եմ, աշխարհում ոչ մի տեղ ինձ այնպես լիարժեք չեմ զգում, ինչպես մեր գյուղի ծայրում գտնվող մեր մեծ տանը:

Հիմա մի փոքր այլ է…

Ես նստած եմ մեր բակի հին նստարանին, ուր այն ժամանակ տատս էր նստում ինձ հետ, խոսում ամեն ինչից ու երբեք չէր հոգնում մանկական անմիտ հարցերիս պատասխաններ տալուց։ Հիմա երկինքն էլ անգամ տխուր է ու մռայլ, հիմա  մարդիկ են անգամ մռայլ։

Երբ գարնան առաջին ձնծաղիկներն արդեն ծաղկում էին` սառը հողը ճեղքելով,  մենք մեր դասարանցիներով  գնում էինք հավաքելու, մայրիկներին և ուսուցչուհիներին նվիրելու համար։

Հիշում եմ… Ոչինչ չեմ մոռացել…
Մենք ժպտում էինք, մենք երջանիկ էինք, որովհետև աշխարհում այդ օրը բարի գործ էինք կատարել, բայց իրականում միայն հիմա եմ հասկանում, որ մենք ծաղիկներին  կյանքից էինք զրկում:

Հիմա մի քիչ ուրիշ է… Պատերազմների դարաշրջանն  է։ Հիմա միայն հեռվից կարող ենք դիտել այն, ինչ առաջ մերն էր, ինչ առաջ հասանելի էր ու հաճելի։ Տեսնես ո՞վ զրկեց մեզ մեր մանկությունը մի օր նորից վերապրելուց։ Տեսնես` ի՞նչ եղավ։
Չեմ հիշում երբ էր, բայց հիշում եմ, թե որքան նրբանկատ էինք մենք… Բակում խաղալիս ընկերներիս հետ քանի վիրավոր թռչուն ենք գտել, քանիսը` մեռած… Թաղում էինք, ոնց կարգն էր, ու տխրում, լացում, մինչև հիմա հիշում եմ, չեմ մոռացել…
Այդ ինչպե՞ս մարդուն հողը դնելը մեզ համար սովորական դարձավ, այդ ինչպե՞ս կարողացանք ամեն մեկս մեծանալ ու հողի համար արցունք թափել, այդ էլ քիչ էր` մարդիկ կորցնել… հերոս մարդիկ։

Չգիտեմ, արագ անցան ժամանակները, ընկերներ չկան, բակը չկա, թռչունները մեռնում ու մնում են` որտեղ պատահի, ծաղիկներն այլևս չեն պոկվում: Պատերազմների ժամանակաշրջան է…
Հիմա մի քիչ ուրիշ է…

nane exiazaryan

Եկեք հիշենք

Իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր մոռացել են այն փաստի մասին, որ Արցախը դեռ շրջափակման մեջ է։

Մետրո նստելիս տեսնում ես տարբեր մարդկանց, ու ինչքան մարդ՝ այնքան տրամադրություն ու դեմքի արտահայտություն։ Շատերը իրենց առօրյա հոգսերի մասին են մտածում, մյուսը, թե` երբ է վերջապես դիպլոմայինը սկսելու գրել, մեկը, թե` ինչ է ուտելու, մյուսն էլ, թե` բա ո՞նց կլինի էս երկրի վիճակը։ Մարդկանց մեծամասնությունը ոչ թե մոռացել է, այլ անզորության  պատճառով ուղղակի մոռացության են մատնել այդ փաստը, որ գոնե գիշերը քնելուց մի երկու բանի մասին ավելի քիչ մտածեն, որ կարողանան հանգիստ քնել։

Երբ դեռ շրջափակման սկիզբն էր, շատերն էին իրենց սոցհարթակներում տարածում տարբեր նյութեր, կոչեր, բայց հիմա շատ քչերի մոտ կարող ես տեսնել, որ օրինակ, 100 օրը արդեն լրացել է, ինչ Արցախում մարդիկ շրջափակման մեջ են։ Ես ինքս սոցցանցերից շատ չեմ օգտվում, բայց երբ հիմա մտնում եմ ու փորձում եմ տեղեկություններ իմանալ իրավիճակի մասին, թեկուզ մեդիա դաշտում շատ քիչ հոդվածներ եմ հանդիպում, որ իմ հետաքրքրության դաշտում են։ Կարելի է ասել, որ ավելի շատ բան իմանում եմ այնտեղ գտնվող  ընկերներիս ինստագրամյան «սթորի»-ներից, քան մեդիա դաշտից։

Ես հասկանում եմ, որ դու տանն ես ու ֆիզիկապես ոչինչ չես կարող անել, որ օգնես այնտեղ գտնվող մարդկանց, ու դա է քո այս պահին իրավիճակի մասին չմտածելու, չհիշելու պատճառը։ Բայց թեկուզ մի փոքրիկ գրառումը, որ անում ենք ամեն առիթի համար, մեկ անգամ ևս ընկերոջդ «սթորի»-ով կիսվելը, կամ հենց Արցախի մասին մի փոքրիկ հոդվածով կիսվելը չի կարող շատ ժամանակ պահանջել յուրաքանչյուրիցս։

Պետք չէ մոռանալ: Եթե չես կարող ինչ-որ բանով օգնել, պետք է անընդհատ հիշել և հիշեցնել, որպեսզի այն մարդիկ, ովքեր միգուցե ունենան միջոցներ, կարողանան օգնել։

Արցախում այս պահին գտնվող մարդիկ հաստատ ուժեղ են, ու մենք մեր՝ թեկուզ փոքրիկ քայլերով, պետք է դա հիշեցնենք բոլորին, ինքներս մեզ։

Եկեք օրվա մեջ հիշենք, թե ինչ է կատարվում աշխարհում ու մեր երկրում։

Արդեն 101 օր է` Արցախը շրջափակման մեջ է: