Տաճարը սպասում է վերանորոգողների

Ես ապրում եմ Թալին քաղաքում, որտեղ վեր է խոյանում մի հսկայական կոթող՝ Թալինի Կաթողիկե եկեղեցին: Այն VII դարի կոթող է և գտնվում է փլուզման եզրին: Ինքս մասնակից եմ եղել որոշ միջոցառումների, որոնք կազմակերպվել են օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի եկեղեցին հանենք այդ իրավիճակից: Բայց միայն մեր այդ միջոցառումները շատ քիչ են: Կցանկանայի, որ մեր ողջ ժողովուրդը մտածեր եկեղեցին փրկելու մասին: Այս տաճարը միայն թալինցիներինը չէ: Կաթողիկեն մեր ողջ ժողովրդի մշակութային արժեքն է, և հուսով եմ, որ  մի օր էլ կիրականացվի եկեղեցու լրիվ վերականգնումը: 

Զբոսանք Աշտարակով

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Քաղաք, որի փողոցային լապտերները վառվում են յոթին, բայց անջատվում տասնմեկին, երբ դեռ կեսգիշեր էլ չէ: Գուցե հենց նրա համար, որ այստեղ օրը հենց այդ ժամին էլ ավարտվում է:  Բայց հետո փորձեցի պատկերացնել, թե այստեղ այդ ժամին ուր կարող եմ գնալ, և հասկացա , որ եթե այստեղ քիչ են ժամանցային վայրերը, էլ ում են պետք գիշերային լույսերը:  Չկան շատ ժամանցային վայրեր գուցե հենց այն պատճառով, որ Աշտարակը հեռու է մայրաքաղաքից  ընդամենը քսան կիլոմետր, և մարդիկ կարիք չեն զգում կառուցել առանձին Աշտարակին հատուկ վայրեր:

Ու թեպետ քաղաքը աչքի չի ընկնում նեոնային լույսերով, և թվում է, թե մեռած է, բայց առավոտը այստեղ մաքուր օդով է, իսկ նրանց, ում հաջողվել է ապրել հենց Քասախ գետին շատ մոտ՝ նաև գետի ձայնով: Այստեղ կան փողոցներ, որտեղով կարելի է քայլել, և երկինքը այնքան էլ տեսանելի չլինի, որովհետև երկու կողմերից փակում են հնամյա  ծառերը:

Աշտարակը լեռնային եկեղեցիներով, ասֆալտով, ժամանակակից ավտոմեքենաներով և խանութներով քաղաք է, որտեղ կարելի է լսել նաև աքլորի կանչ:

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Լուսանկարը՝ Վեներա Գրիշյանի

Պետք է խնայել ու գնահատել փողը

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի

Այդ օրը   երկինքը ավելի քան ճնշող էր թվում, մութ էր ավելի, ու օդն էլ ավելի ցրտոտ: Ես խանութների ցուցափեղկերի շնորհիվ լուսավորված փողոցներով քայլելով գնում էի դեպի քրոջս աշխատանքի վայրը: Ուզում էի իր հետ գնալ տուն, որ գումար չծախսեմ: Դրամապանակիս սպառնում էր դատարկությունը: Ընտանիքիս տված գումարը, որը պետք է ծախսեի մի շաբաթում, ծախսել էի երկու օրում: Մի քանի կոկտեյլ, մի քանի համով աղցան, իմ սիրելի գույնով գրիչ, ու վերջում ընդամենը հազար դրամ:  Մոտս աղքատության մի զգացողություն էր, որն ընդհանրապես կապ չունի կամ գուցե մի քիչ ունի բոլորին հայտնի աղքատության հետ: Ամեն ինչ ճնշում էր, իսկ ես շատ անվստահ էի: Ընտանիքս նոր էր սկսել ինձ մեծ գումարներ վստահել և թողել իմ հայեցողությանը, թե ինչպես կծախսեմ: Երևի արդեն մեծ եմ, բայց … Չէ… Կամ…. Իրականում երկու օրում ամբողջը ծախսեցի, էլ ի՞նչ մեծ:

Թվում էր, թե այս շաբաթ շատ հավես միջոցառումներ կլինեն, իսկ այդ ամենին չեմ մասնակցի, որովհետև չունեմ փող: Ժամանակ կար, որ ատում էի փողը: Թվում էր, եթե չլիներ այն,  բոլոր մարդիկ երջանիկ կլինեին: Եթե այդ պահին մոտս փող լիներ, ես այս ցուրտը չէի զգա, կամ ինչո՞ւ պետք է երեկոյան մթին ես մենակ  քայլեի փողոցում: Ինչքան շատ բան է փոխում փողը: Մի քիչ տատիկական է վերջին միտքս, բայց դե, ես երբեք այս ժամին ու այս եղանակին մենակ դրսում չեմ եղել, իսկ հիմա…

Այսպիսի մտքերով անցավ  մեկ շաբաթը: Ես արդեն փող ունեի և ուրախ էի: Ուրախ էի, որովհետև արդեն գիտեմ փողն օգտագործելու ձևը: Գիտեմ, որ ինչքան էլ շատ լինի, պետք է տնտեսել: Պետք է ճիշտ ծախսել: Այս անփող շաբաթը այնքան ազդեց ինձ վրա, որ ես այնքան տնտեսեցի, որ վերջերս գնեցի նոր բլուզ իմ տնտեսած փողերով: Դա այնքան հաճելի զգացողություն է: Փողը ճիշտ տնօրինելը կամային մարդու հատկանիշ է: Իսկ ես, կարծես թե, այդպիսին եմ դարձել:

Բարի, ժպտերես շփում

-Բարև

-Բարև, ոնց ես 

-Ես լավ եմ, դու ոնց ես, ինչի՞ դասի չես գալիս, կարոտում եմ շաաատ: (K)- (ֆեյսբուքահամբույր):

-Հիվանդ եմ, որ լավանամ, կգամ, ջան: Ես էլ քեզ եմ կարոտել:

Այսպես շարունակվում էր իմ ջերմ ու ժպիտաշատ զրույցը իմ դասարանցու հետ ֆեյսբուքում: Մի քանի օր հետո ես դասի գնացի, մի քանի հոգի ոգևորված ընդունեցին, ասացին, որ կարոտել էին, իսկ այդ աղջիկը նույնիսկ չբարևեց: Նայում էի նրան, որ գոնե ինքն էլ ինձ նայեր, որ բարևեի ու ասեի, որ իր վերջին ուղարկած տեսահոլովակը շատ լավն էր, իսկ նա ուղղակի նստած էր: Գուցե  ես ֆեյսբուքում ավելի լավն էի, քան իրականումՉգիտեմ, բայց այդ դեպքից հետո ես էլ չեմ պատասխանում նրա ֆեյսբուքյան նամակներին:  

Խնայեք իրար, մարդիկ

Վերջերս ֆիլմ էի նայում, որտեղ հերոսը ուզում էր ինքն իրեն ոչնչացնել: Ու ասում էր, որ ինքը ոչ թե ցանկանում է մեռնել այլ, ուղղակի չի ուզում ապրել: Իմ կարծիքով նրանք, ովքեր արել են այդպիսի բան կամ երբևէ  ցանկացել են անել, նրանցից ոչ մեկն էլ չի ցանկացել մեռնել, ուղղակի իրեն ինչ-որ հարցում անզոր է զգացել: Ես ու ոչ միայն ես, միշտ կռվում ենք մեր մեջ, մեր հետ, ինքնապատերազմում: Իմ կարծիքով, ինքնասպանությունը այդ պատերազմի հանգուցալուծումներից  է:  Երևի պատերազմը խիստ է եղել, չի եղել այնտեղ ինքնասիրությունը, ինքնահարգանքը ու ճնշել է, սեղմել է, միշտ խեղդել է թերարժեքությունը: Պակասել է ջերմությունը ու երջանկությունը:  Իսկ երջանկությունը այնքան հեշտ ու պարզ է բան է: Վերջերս հասկացա, որ երջանկության համար պետք է միայն վայելել սովորել: Վայելել առավոտը, ընկերներին, թեյը, երաժշտությունը, գիրքը….Այնքա~ն բան կա վայելելու… Ու հետո, եթե վայելում ես, ուրեմն նաև գնահատում ես:  Իսկ եթե գնահատում ես, ուրեմն դժվար թե երբևէ մտածես այդպիսի բանի մասին:

Ամեն անգամ, երբ ինքնասպանության  դեպք եմ լսում, միշտ ինձ մեղավոր եմ զգում: Մեղավոր եմ զգում այն ընկերուհուս առաջ, որին ես չներեցի, ծանոթիս առաջ, որին նեղացրեցի կամ ծաղրեցի: Կամ ինչ-որ մարդկանց առաջ, որոնց անուշադրության մատնեցի: Իմ կարծիքով, հենց այսպիսի բաներն էլ կարող են ինքնասպանության պատճառ դառնալ:

Նման դեպքերը ինձ ստիպում են լինել ավելի ուշադիր բոլորի հանդեպ, բոլորին հաճոյախոսություններ անել ու սիրել, սիրել մարդկանց:

Համ էլ.

«Մի նեղացրեք մարդուն, պետք չէ:

Դուք այնպիսին եք, ինչպիսին նա:

Խնայեք իրար, մարդիկ…»   Լեոնիդ Ենգիբարյան

Տխուր պատկեր

Անցյալ տարի որոշել էի անցկացնել սոցհարցում դպրոցի շրջանակներում՝ 4-րդից մինչև 9-րդ դասարանի աշակերտների հետ: Ինչ-որ նպատակ չունեի, զուտ հետաքրքրության համար: Կարծեմ գրել էի 4 հարց՝ ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը, ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը և որտե՞ղ է ծնվել, քանի՞ տառ կա հայոց այբուբենում և ձեր վերջին կարդացած գիրքը:  Մեկ օրում, դասամիջոցների ընթացքում պատահական երեխաների մոտենալով հարցրել և նկարահանել եմ նրանց պատասխանները: 

Ճիշտն ասած, հիասթափվել էի:

Այն հարցին, թե ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը, 20-ից 5-ը պատասխանել էին Հովհաննես Թումանյանը: Ձեր վերջին կարդացած գիրքը հարցին՝ չեմ հիշում: Քանի տառ ունի այբուբենը՝ 17, 45 և այլն: Մի խոսքով, հասկացա, որ իրոք, երեխաներն էլ չեն սովորում: Նկարահանած վիդեոները ուսուցիչներին ցույց տալուց հետո նրանք նույնպես զարմացան, բայց շատերը պատասխանեցին.

-Եթե չեն սովորում, չեն էլ սովորի:

Ցավոք, վիդեոները հիմա չկան, բայց ծրագրում եմ այս տարի ևս նման հարցում անցկացնել:

Ֆուտբոլ և լող. ահա, թե ինչ եմ ուզում

Ես շատ եմ սիրում սպորտը և  ուզում եմ ավելանան մարզական խմբակները, բացվեն լողի և բռնցքամարտի խմբակներ:Այդպիսի խմբակներ Թալինում չկան: Ես հիմա գնում եմ ֆուտբոլի խմբակ, ունենք լավ մարզադահլիճ, որը ջեռուցվում է: Ես ուզում եմ նաև մասնակցել լողի խմբակի, բայց չունենք լողավազան: Մենք գետ ու լիճ էլ չունենք, որ երեխաները լողալ սովորեն: Իսկ դա վատ է, որ լողալ չգիտեն: Ես ուրախ եմ, որ իմ երազանքներից մեկը իրագործվել է: Ֆուտբոլի մարզադահլիճ կա: Ես ուզում եմ կառուցվի նաև ֆուտբոլի մարզադաշտ, որպեսզի կարողանանք մասնակցել մրցումների, ուրիշ մարզերից գան, առաջնություն լինի, մրցումներ, մենք լավ խաղ ցույց տանք և դառնամ հայտնի ֆուտբոլիստ, որպեսզի ծնողներս հպարտանան ինձնով: Ես շատ կուզենայի, որ լուծվեն ինձ հուզող այդ երկու հարցերը:

Ինչպես ցրել կարկուտը

Ինձ ամենից շատ հուզում է այն հարցը, որ Թալինում գտնվող հակակարկտային կայանքը կառուցվել է քաղաքի արևելքում՝ տների մոտ: Այդ շրջանում բնակվող բնակիչները դժգոհում են, որ կայանը կառուցվել է իրենց տներին շատ մոտ: Կայանն աշխատում է 24 ժամ: Այս կայանը օգնում է այն ժամանակ, երբ մռայլ կարկտաբեր ամպերը հավաքվում են, և բերքին վտանգ է սպառնում: Այդ ժամանակ կայանը սկսում է ավտոմատ ձևով կրակել և ամպերը ցրել: Սակայն շատ դեպքեր են եղել, երբ այդ կրակոցները չեն օգնել, և ամբողջ բերքը վնասվել է: Այդ կրակոցները լսվում են բարձր և երբեմն բնակիչներին թվում է, թե երկրաշարժ է կամ պատերազմ, և վախենում են: Երեխաները կրակոցների ժամանակ դուրս չեն գալիս իրենց տներից: Մի անգամ ես հարցրել եմ կայանի տնօրենին, թե ինչո՞ւ կայանը հենց քաղաքում են կառուցել, տներին այդքան մոտ: Չէ՞ր լինի ավելի հեռու կառուցեին, դաշտերին մոտ: Կարկուտւժի վնասը քաղաքին այդքան մեծ չի լինի, իսկ գյուղացիների դաշտերին ավելի օգուտ կլիներ: Նա խոստացել է, որ մի օր, որ ազատ ժամանակ ունենա, ինձ անպայման կբացատրի, թե ինչպես է աշխատում հակակարկտային կայանը:

Չլինեի ես, չէին լինի քրոջս առավոտները

-Վեներա, այ Վեներա, Վեներա ջան, արթնացի, ջան,- համարյա երգելով շշնջում էր քույրս իմ ականջին, իսկ ես ավելի եմ ամուր գրկում վերմակս ու աչքերս փակում:

-Վեն, հոգնեցի արդեն, դե արթնացի , վա՜յ,- առավոտյան 7-ն է,  և ես քրոջս  արդեն նվիրում եմ զայրանալու պատճառ:

- Հա, ըհը…հեսա… հաա, – քրոջս չարհամարհելու համար ասում եմ ամենաքիչ բերանի շարժում պահանջող բառերը:

-Լավ , Վեն ջան, դե ես գնամ թեյ պատրաստեմ, դու արդեն հագնվի, – ասաց քույրս  ու չիմանալով , որ տաս րոպե հետո արդեն շատ բարկացած ասելու է.

-Աաաա,Վեն , դե արդեն հոգնեցի է, էլի սփռոցին թափեցիր էս թեյը, հերիք ա, մտածված ե՞ս անում,-  չգիտեմ ինչու` վերջերս միշտ պատահմամբ շրջում եմ իմ թեյի բաժակը, և քույրս այդ այդ ամենը հավաքելով,  միշտ կիսատ է թողնում  նախաճաշը:

-Ես արդեն գնամ դասի, հա՞,- ինքս ինձ վրա շատ բարկացած ասացի քրոջս, ու մեղավորության արցունքներ էին հայտնվել աչքերիս:

Արագ դուրս եկա տնից, նստեցի երթուղային ու  այնտեղ գիրք էի կարդում, քրոջս նվիրած գիրքը:

Դպրոցում արդեն երրորդ ժամն էր, երբ ես մոռացած այդ ամենի մասին երգ էի լսում, երբ հանկարծ կարդացի քրոջս ուղարկած հաղորդագրությունը,- «Այ Վեն ջան, ինչի՞ ես լացում է, իմ առավոտները առանց սփռոց մաքրելու ու քո վրա ջղայնանալու անհնար ա, այ ջան, չտխրես հանկարծ, դու Վեներան ես, չէ՞»:

Համակարգչի փոխարեն գրատախտակ

Մեր դպրոցում չկան համակարգիչներ ինֆորմատիկայի դասերն անցկացնելու համար: Սկզբում համակարգիչների կեսն աշխատում էր, և մենք անում էինք մեր դասերը համակարգչային սենյակում: Իսկ հիմա մեր բոլոր համակարգիչները չեն աշխատում: Մեր դասերը ուսուցիչը մեզ բացատրում է գրատախտակի վրա: Ճիշտ է, այդքան էլ հաճելի չէ, բայց մենք սովորում ենք մեր դասերը հաճույքով: Մենք սովորում ենք մեր դասերը մեր տան համակարգչով անել և միշտ պատրաստ ենք դասերին: Բայց կան երեխաներ, որ տանը համակարգիչ չունեն, և շատ բան չեն հասկանում: Լավ կլիներ, եթե մի օր այդ համակարգիչները վերանորոգվեին: Այդ ժամանակ բոլորս կարող էինք ձեզ նամակներ գրել էլեկտրոնային փոստով: Իսկ հիմա շատերը չգիտեն, թե ինչպես նամակ գրել էլեկտրոնային փոստով: