Պապիկիս սարքած խաղահրապարակը

Պապիկս շատ հետաքրքիր անձնավորություն է: Պապիկիս հմուտ ձեռքերը կարող են վերանորոգել, սարքել տանը փչացած կամ կոտրված յուրաքանչյուր իր: Մի օր առավոտյան արթնացա ու դուրս եկա բակ, աչքերիս չէի հավատում, փոքրիկ եղբայրներիս համար «խաղահրապարակ» էր սարքել: Ու ես էլ կատակով ասացի. «Փողով կաշխատացնեմ»:

Ծիծաղեց ու ասաց, որ էլի է բաներ ավելացնելու կիսատ «խաղահրապարակին»: Ու երևի հավեսը կորավ, որովհետև դեռ ոչինչ չի ավելացրել: Բայց երեխաները ամեն օր խաղում են մեր փոքրիկ կիսատ «խաղահրապարակում»:

Սա էլ պապիկիս փոքրիկ «գյուտը», բայց ես համոզված եմ, որ նա դեռ շատ «գյուտերի» հեղինակ կդառնա…

«Թող լը մե ատ զարգեմ». մեկ օր Վանեվան գյուղում

Գյուղ Գեղարքունիքի մարզում, որտեղ հավի ձուն դա «խավտիք» -ն է,  գոմը՝ «թալվա»-ն,  իսկ աքլորը՝ «ճետ»-ը։
Արևամուտին բարձրանալով տանիս (գոմի տանիք),  կարող ես տեսնել Սևանա լիճը՝ ողողված արևի արնագույն ու ծիրանագույն ջերմ շողերով։

Երբ ծանոթ մարդ տեսնի քեզ, անպայման կասի.

-Գյա, օր էկել ես ըստի,  հորի՞ մեր օջախ չիս էկե։

Հասկացա՞ք, թե ինչ է նշանակում։  Եկեք թարգմանենք միասին:

«Գյա»-ն դա «ախպերն» է,  «օր»-ը՝ որ,  «ըստի»՝ այստեղ, «հորի»՝ ինչու։  Դե, մնացածն էլ, իմ կարծիքով, հասկացաք։
Անցնելով Պավելի մետաղի ջարդոն դարձած տրակտորների ու կոմբա յնների համար վերջին հանգրվան հանդիսացող քանդված շենքի մոտով՝ կհանդիպես Արտիզան կոչվածին, որը իբրև թե փոքր լողավազան է։

Մի փոքր ավելի խորանալով կհանդիպես խիտ ծառերի մեջ գտնվող մի տան,  որտեղ ապրում է մի ծեր պապիկ։ Տեղացիների ասելով,  մե աշխարհ խնձորի ծառ ունի,  բայց «Ոչ մեկի չի տա:  Հըմա կուզեն քյաղեն,  փետ կ’առնի,  գընգի կետև»։

Դե, իսկ վերջում վայելենք գյուղական կյանքի «համն ու հոտը» ֆոտոշարքի միջոցով։

Երիցուկների փունջը

Շատ եմ սիրում զբոսնել և հաճախ հետս տանում եմ նաև փոքր եղբայրներիս: Մեր գյուղը` Կալավանը, անտառածածկ լեռների մեջ է գտնվում: Փոքր եղբայրներիս հետ անտառում զբոսնելը հետաքրքիր է և աշխույժ: Նրանք հավաքում են ճանապարհին պատահած գրեթե բոլոր ծաղիկները և ստացված ահռելի փունջը նվիրում են ինձ:

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Լուսանկարը` Էլյանորա Բալյանի

Մի օր զբոսնելիս նրանք հավաքեցին ճանապարհին պատահած բոլոր երիցուկները: Մի մեծ ու գեղեցիկ փունջ էր ստացվել: Եվ իհարկե, համաձայն սովորության, նվիրեցին ինձ: Ես շատ հավանեցի այն ու անմիջապես նկարեցի: Հետո գեղեցիկ փունջս բերեցի տուն ու դրեցի ծաղկամանի մեջ: 

Շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի փոքրիկ եղբայրներ:

 

mane m sargsyan

Նորի հինը

Վախենում եմ… Չեմ քնել գիշերը… Անհանգիստ եմ… Տարօրինակ է, հանգիստ եմ… Լացս գալիս է… Լավ է լինելու…

Իմ լսողական ընկալիչը արդեն սովորել էր համարյա ամեն պահի այս նախադասությունները լսելուն:

Սովորական դարձած այս բառերի խումբը, որը անհանգիստ իմաստ էր արտահայտում, շատերի համար անսովոր էր:

-Ինչքան են անհանգիստ: Հլա տեսեք` ոնց են նիհարել:

-Նիհարե՞լ,- մտածում էի ես,- ի՞նչ եմ արել, որ նիհարեմ: Հա, ճիշտ է, պարապում եմ, բայց հա հետո ի՞նչ: Չնայած երևի ամենածանր գործը հենց այդ պարապելն է, եթե իրոք պարապում ես, ոչ թե զբաղվում մտավոր մարզանքով, իբր ֆիզիկականն ավարտել ես:

-Քիմիան և կենսաբանությունը ուղեծրից դուրս առարկաներ են: Չփորձեք համեմատվել մյուս պարապողների հետ: Քիմիան իր մեջ ներառում է և ֆիզիկա, և մաթեմատիկա, և հայոց լեզու, և կենսաբանություն,- ասում էր մեր ուսուցչուհին:

Առաջին քննությանը կարող ենք ասել ցտեսություն: Վերցնել նրա հետ կապված բոլոր հիշողությունները և պահել մեծ կիսագնդերի մի անկյունում, իսկ նյութականը` նկուղի խուլ անկյունում, կամ էլ օգտագործել որպես թուղթ` այրելու համար:

Բացումն արված էր: Կարծում եք հաջորդին արդեն վախ, անհանգստություն չկա՞ր: Գիտեք, եթե այսպես մտածեք, շատ կսխալվեք, քանզի անհանգստությունը եռապատկվել, քառապատկվել էր, և առանց դեղահաբի այդ վիճակից հեշտորեն չէինք կարող դուրս գալ:

-Արդեն փորձ ունեք, ավելի հեշտ կլինի:

Իսկ ոչի՞նչ, որ պատասխանատվությունը ավելի է մեծանում և բարձր ստանալու գաղափարը սկսում է զբոսնել մտքում: «Պատվի հարց է»,- այսպես են ասում մեծերը:  Մենք պատվով հաղթահարեցինք: Եվ հիմա էլ պատվով վայելում ենք մեզ հասանելիք արձակուրդը: Հաջողություն բոլոր նրանց, ովքեր ընդունվեցին այս տարի:

«Կռվում» հաղթեցինք, մնում է «պատերազմը»:

Կանաչ ճանապարհ…

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ո՞ւմ հետ է խաղում Դավիթը

-Բարև Դավիթ:

-Բարև:

-Ի՞նչ ես անում:

-Խաղում եմ:

-Ինչի՞ ես միշտ մենակ խաղում:

-Մենա՞կ, բայց ես մենակ չեմ:

-Բա ո՞ւմ հետ ես խաղում:

-Հրեշտակիս:

-Հրեշտակի՞դ… Բա հիմա ինքը որտե՞ղ ա:

-Էստեղ, մոտս նստած:

Դիտավորյալ նստեցի իր ցույց տված տեղը.

-Բա հիմա՞:

-Հիմա ի՞նչ, նստեցիր հրեշտակիս վրա,-շարունակելով խաղալ, անտարբեր պատասխանեց նա:

-Ի՞նչ տեսք ունի:

-Նույն ինձանից, ուղղակի սև շորերով: Աղջիկներինը` սպիտակ շորերով են լինում:

-Բոլորը ունե՞ն հրեշտակ:

-Իհարկե,- երևի միամտությանս վրա զարմացած ասաց Դավիթը:

-Իսկ իմ հրեշտակը ի՞նչ ա անում:

-Ի՞նչ իմանամ, պետք է ասես.  «Հրեշտակ, դուրս արի միջիցս», որ տեսնեմ:

Կրկնեցի, երևի դուրս եկավ… Ես չտեսա, բայց նա հաստատ տեսավ…

Ամենաբարի դասղեկը

Հիշում  եմ, երբ  5-րդ դասարանում  էինք, որ  ասացին. «Ընկեր  Վիրաբյանը  ձեր  դասղեկն է»: Շատ  ուրախացանք,  հատկապես  ես: Այն  ժամանակ  լիովին չէի  զգում,  թե  ինչպիսի հիանալի  անձնավորություն  է:  Օրվա  մեծ  մասը  անցկացնում էր  մեր  կողքին: Հետո մեծացա  ու սկսեցի  ավելի գնահատել  նրա  հենց  մարդ  որակը, որը  քչերը  կարող են պահպանել  իրենց  մեջ: Բարությունն ու  արդարությունը  քայլում  են  նրա  հետ  կողք-կողքի: Մեծ  տղային  կորցնելուց  հետո նրա  հոգում  մեծ  վերք մնաց, որ  անհնար  էր բուժել: Բայց  սրտի  մաքրությունը  նրան ոտքի  կանգնեցրեց:Նա մեզ  ներում  էր գրեթե  ամեն  ինչ, անգամ  ամենախիստ պատժելի արարքները: Ու  բոլոր  դասարանները  կերազեին  ունենալ նման  դասղեկ, ուղղակի  բարության մարմնացում:

Հիմա, երբ ավարտեցի  դպրոցը,  հասկացա՝ հեռանում  եմ երկրորդ  մորիցս, այսքան տարի իր  գրկում փայփայել  է ինձ  ու  մյուսներին:

Խոստանում  եմ  միշտ բարձր  պահել նրա  անունը …

 

jora

Կարկուտին սպասելիս

Երեկ հանրապետության երկնքում կարկտաբեր ամպեր էին կուտակվել, որոնք իրենց սև գործը արեցին։

Երևանում նյութական վնասներ իհարկե, կան, բայց ինչպես միշտ, ինձ և մնացած մարդկանց  հետաքրքրում է,  թե ինչ եղավ գյուղացիների վիճակը: Ամեն տարի վարկեր են վերցնում, պարտքեր են անում,  հույսեր են կապում, չարչարվում են,  քրտինք են թափում,  որ վերջում շահույթ ունենան և կարողանան մարել վարկերը,  պարտքերը ու որոշ չափով բավարարեն իրենց պահանջները։  Բայց կարկուտը  ամեն ինչ փչացնում է։  Կոտրում է գյուղացիների հույսը,  ովքեր նպատակներ ունեին,  և որոնք պետք է իրագործեին հողագործությունից ստացած եկամուտով: Մեկը պիտի իր տղային կամ աղջկան ամուսնացներ,  մյուսը` վերանորոգեր իր տունը,  մեկ ուրիշը` վճարեր իր երեխայի ուսման վարձը կամ այդ գումարով կարողանար իր հարազատի համար դեղեր գներ,  բայց…

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Երեկ ողջ օրն անհանգիստ էին նաև իմ բնակավայրում՝ Վարդենիսում: Սպասում էինք վատթարագույնին:
Այստեղ նույնպես զբաղվում են հողագործությամբ,  և մարդու գոյատևման ամենակարևոր բարիքը՝ ցորենը,  հիմնականում աճեցվում է Վարդենիսի դաշտերում։ Ես էլ սպասում էի,  թե ուր որ է` կարկուտ կգա,  բայց բարեբախտաբար, այս անգամ չեկավ։  Իսկ կարկուտին սպասելուց մնացին այս երեք լուսանկարները:

Մեր կողքին ապրող երեխաները

Գյունեից Արեգունի՝ մեկ քայլ

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Արեգունին Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի գյուղերից է։ Այն տեղացիների շրջանում ավելի հայտնի է Գյունե անունով։  Գյուղը գտնվում է Հայաստանի ջրային զարկերակը համարվող լճի՝ կապուտաչյա Սևանի ափին։ Արեգունին շրջապատված է Գեղամա լեռներով,  այդ պատճառով ունի հարուստ և շքեղ բուսականություն։  Տեղաբնիկների ապրուստ ստեղծելու հիմնական միջոցներն են՝ հողագործությունը, ձկնորսությունը և անասնապահությունը։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Ֆինանսական նեղ պայմանները չեն կարողացել պղծել գյուղացիների ամսահման բարի և մեծ սրտերը։  Ապրելով այս գյուղում, ամեն առավոտ կարող ես տեսնել Սևանա լիճը իր ողջ հմայքով։ Նկարների միջոցով փորձել եմ ներկայացնել Արեգունի գյուղը և տեղաբնիկների առօրյան։ Նկարներում կարող ենք տեսնել նաև գյուղի փոստատան շենքը՝ քանդված և խարխուլ։

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի

Լուսանկարը` Ժորա Պետրոսյանի