Elen Hakobyan Ararat

Ամենակարևորը

Դե հա, իհարկե, ժամանակի ընթացքում սովորում ենք ամեն ինչի հետ ապրել, ապրել կողք կողքի ու շատ մոտ իրականությանը։ Մենք առաջ ենք գնում, գտնում ենք, կորցնում, բարձրանում, ընկնում։ Մեր սերունդը տեսավ նաև պատերազմ, ապրեց դժվար օրեր, հետո 16 թվի դեպքերը դարձան պատմություն, մեկուկես էջանոց մի սովորական թվացող պատմություն դպրոցական 12-րդ դասարանի գրքի մեջ։ Մենք սովորեցինք պատմել այդ դասը սառնասրտորեն՝ կանգնելով դասարանում, թվանշաններ ստացանք ու շարժվեցինք առաջ։ Ի՜նչ հեշտ է, չէ՞։

Չգիտեմ՝ բոլորն են գիտակցում դա, թե ոչ, բայց մենք այսօր էլ պատերազմում ենք, ուղղակի երկու կամ երևի թե երեք-չորս ճակատով։ Մենք պայքարում ենք համացանցում ապատեղեկատվության դեմ, հիվանդանոցներում՝ անտեսանելի վարակի դեմ, երկրի ներսում՝ թշնամու, ով կրկնակի վտանգավոր է և իհարկե, սահմանին՝ միշտ զգոն։
Լիրիկական զեղումներն անիմաստ են էստեղ, պարզապես մի բան, որ պիտի շատ ասվեր, արի ու տես՝ չի ասվում։

Վախենամ՝ այս վարակը թողնի իր անջնջելի հետևանքները։ Չէ՞ որ մենք սովորեցինք մարդկանց գրկել ու համբուրել հեռվից, սովորեցինք հեռվից սիրել, հեռվից կարոտել ու հենց էդպես էլ քիչ-քիչ հեռացանք իրարից։ Մենք սովորեցինք նայել աչքերին ու այնտեղ կարդալ ամեն ինչ, դիմակի ետևից տեսանք ժպիտներ, որոնք գուցե չտեսնեինք առանց դիմակի, իրար սկսեցինք դիմակներ նվիրել՝ որպես հոգատարություն, ու հեռացանք իրարից նույն հոգատարությամբ։

Պատերազմները խլում են մեզնից ամեն-ամեն ինչ, բայց մենք նորից սովորում ենք ապրել, ապրել առանց ոչնչի ու ոչնչի կողքին։

Եկեք թույլ չտանք, որ այս բազմաճակատ պատերազմը մեզնից խլի ամենաթանկը՝ մարդկային սերն ու շփումը։ Մենք բոլորս պատերազմում ենք, պիտի սովորենք սիրել ու առաջ շարժվել պատերազմի լայն ճակատում, պիտի չդադարենք սիրել, երբե՛ք։

karin eranosyan

Ամենաշքեղ փերին

Մենք ուղղակի քայլում էինք, ծիծաղում, գուցե երբեմն-երբեմն էլ անգիտակցաբար ուղղում մեր կարճ, քամու հետ միաձուլված մազերը։

Նա էլ դուրս էր եկել երևի հերթական երեկոյան զբոսանքի։ Ձեռքերը հետ էր տարել, ինքը թեթևակի կռացած էր, արդեն փոքրացել, մի բուռ էր դարձել։ Մոտ յոթանասուն տարեկան էր։ Բայց մազերը ճերմակ չէին, միգուցե միշտ էլ սիրել է ներկել։ Նա տեսածս բոլոր հեքիաթների տատիկներից էլ շքեղ ու փայլուն էր։ Անուշ ժպտում էր։

Չդիմացա, որոշեցի բարևել, չնայած՝ առաջին անգամ էի տեսնում։

-Թիթիզնե՜ր, ձեզ եմ նայում ու ջահել օրերս հիշում,- սիրունիկ ձայնով փերին խոսեց։ Իսկ մենք ամաչում էինք, շփոթված չգիտեինք էլ, թե ինչ ասենք։

-Միշտ էսպես սիրուն մնացեք, գեղեցկուհիներ եք՝ ոտքից գլուխ,- միայն ի վիճակի էինք շնորհակալություն հայտնել, ինքն էլի անուշ ժպտում էր։

Խոսեցինք հետը, ասացինք, որ ինքն էլ շատ սիրուն է, ամենասիրուն փերին է, բայց տխուր էր, չէր համակերպվում, որ ծերացել է, ասում էր, որ գեղեցկությունը անհետացել է։ Բայց նա տգեղ չէր, ամենասիրուն փերին էր։ Միշտ էլ էդպես սիրուն է մնալու։

-Գնամ, մի քիչ քայլեմ, որ հանգիստ կարողանամ քնել։

Գնաց…

Anahit Badalyan

(Չ)կայացած թռիչքներ

Կյանքի բոլոր նոր փուլերի միջով անցնելիս մենք նախ էդ փուլերն անցկացնում ենք մեր միջով։ Ինչ-որ ճանապարհ անցնելուց առաջ մի քանի անգամ պատկերացնում ենք մեզ այդ ճանապարհին ու դրա վերջում անգամ։ Փորձում ենք հասկանալ՝ որտեղ ենք առավել ոգևորված լինելու, երբ ենք հոգնելու ու փորձում ենք հաշվարկել հավանականությունը՝ երբևէ հետ կանգնելու։ Ու երբ իսկապես ճանապարհին ենք, հասկանում ենք՝ արժեր անցնել էդ փուլով ևս՝ զգալու համար միայն, որ ապրելը պատկերացնելուց լավ է, ու որ միտքն ինչքան էլ ի վիճակի լինի պատկերելու պատահելիքը, սրտով զգալն է ապրելը․․․

Վերջին ամիսներին միտքս անընդհատ փորձում էր կտրել-անցնել անանցելի թվացող հեռուներն ու պատկերել գալիք սեպտեմբերը, որ պիտի լիքը լիներ այնպես․․․

Դիմորդի կարգավիճակը դուռս թակել էր դեռ 2019-ի հոկտեմբերից։ ԱՄՆ-ում գտնվող համալսարաններ դիմելու համար դիմումների գործընթացը սկսվում է աշնանից, ու ավարտվում է գարնանը՝ համալսարանների կողմից որոշումների թողարկմամբ։ Դժվար ժամանակներ էին՝ լիքը դասերով, պորտֆոլիոյի անդադար վերանայմամբ, ուսուցիչների երաշխավորագրերի հավաքագրմամբ ու օրվա վերջում հոգնածությունից մինչև վերջին բջիջը սպառված՝ առանց հասկանալու համակարգչի դիմաց քնով անցնելով։ Բայց լավ ժամանակներ էին։ Կարոտում եմ․․․

Մինչ հասակակիցներս խառնիխուռն քննությունների արդյունքում վերջին ամիսներին դիմում-ընդունվում էին համալսարան, ես սպասում էի նոր թռիչքների, որ կիսամյակս սկսեմ էնտեղ, որտեղ երազում էի, ու որտեղ հասնելու համար չխնայված ջանքեր կան այնքա՜ն․․․ Օվկիանոսից այն կողմ՝ ԱՄՆ-ում…

Ես կողջունեմ Ռիչմոնդի համալսարանին՝ ապագա 4 տարիների իմ տանը, 2021-ի ձմռանից։ Դե, որովհետև ինքնաթիռներն էլ են մեկ-մեկ հոգնում թռչելուց ու ուզում են հանգստանալ մի քիչ․․․

Դեռ մարտից արդեն ընդունելությանս նամակը ստացել էի, ու աշխարհում պատահող-չպատահող ոչինչ ինձ չէր կարող համոզել, թե լավը չէ 2020-ը․․․ Ու չի համոզել․․․

Էնքան մանկուց եմ պատկերացրել համալսարան ընդունվելս, հետո ուսանող դառնալս, հետո ավարտելս։ Դեռ երրորդ դասարանից մտքումս պտտվել են ամենահնարավոր ու անհնար մասնագիտությունները։ Մինչև երրորդ դասարանը վստահ էի՝ երգչուհի կդառնամ, հետո մտածեցի՝ չէ, ատամնաբույժ դառնամ, կլինիկա կբացեմ։ Ինչքան էլ որ առանց վարանելու ու վախենալու ատամնաբուժարան էի գնում, երկար ժամանակ չպահանջվեց հասկանալու համար, որ չէ, սիրելիս, բժշկությունը քոնը չէ․․․ Բոլոր-բոլոր գերազանցիկների նման կյանքի մի փուլում ես էլ էի վստահ, որ ուսուցչուհի եմ դառնալու։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ երկու պոչիկներով էի գնում դպրոց, ու երբ բոյս գրատախտակի կեսին հազիվ էր համարժեք։ Կյանքիս մի սիրուն շրջանում ի վերջո ուսուցիչ եղա, բայց դա թող մնա որպես սիրելի զբաղմունք, ոչ մասնագիտություն։

Եթե 12 տարեկանում հարցնեին՝ կյանքում ինչում եմ ամենաշատը վստահ, կասեի՝ նրանում, որ մի քանի տարի անց ես եմ լուրերը հաղորդելու հեռուստացույցով։ Կյանքիս երեք-չորս սիրունագույն տարիներին էս մտքով քնում-արթնանում էի։ Սեփական հաղորդում ու ալիք բացեցի, որոնք հիմա նայելիս ծիծաղում եմ էնպես, որ ստամոքսիս հաջողվում է ցավել։ Ծիծաղում եմ ու ինչ-որ պահերի նախանձում էն ժամանակվա ինձ, որ էնքան վստահ էր՝ եթե մի բան ուզում է, ուրեմն աշխարհում ոչինչ ու ոչ ոք չի կարող խանգարել։ Չէր կարող խանգարել և այն, որ առանց բարձրախոսի, թվային տեսախցիկով ստիպված էի ստանձնել լրագրողի, օպերատորի ու մոնտաժողի դերը։ Չէր կարող խանգարել և այն, որ մարդիկ մեկ-մեկ (շա՜տ հաճախ) տարօրինակ հայացքով էին նայում, երբ մոտենում էի ու հարցնում՝ ներեցեք, ի՞նչ կարծիք ունեք Կապանում կազմակերպվող մանկապատանեկան միջոցառումների վերաբերյալ։

Մանկապատանեկան միջոցառումների մասին ռեպորտաժները ինձ մինչ օրս կարոտել են տալիս առավոտից երեկո քաղաքով մեկ նոր հոդվածի համար աջուձախ վազող Անահիտին։ Նրան, ով չնայած մեծացել է ու 12-ի փոխարեն հիմա 18 տարեկան է արդեն, բայց որոշել, պայքարել ու ընդունվել է էնտեղ, որտեղ իսկապես ուզում էր։ Եվ նրան, ով հոգու խորքում դեռ շա՜տ տարիներ առաջ գիտեր՝ տնտեսագետ պիտի դառնար, ու էդպես էլ լինում է։

Հասակակիցներս էստեղ կսկսեն օնլայն սովորել։ Ես էլ օնլայն դասընթացներ կանեմ եկող կիսամյակի ընթացքում։ Բայց ամենասիրուն ուսանողական կյանքը պաշտոնապես կսկսվի հունվարից։ Կսկսվի։ Անպայման։

Իսկ մինչ այդ մնում է չտխրել չկայացած թռիչքների համար։ Գուցե պետք էր տեսնել Կապանի տերևաթափը երկու տարի անց։ Ու գուցե պետք էր էլի մի անգամ նոր տարուն երազանք պահել հենց մեր տան տոնածառի առաջին խաղալիքը կախելիս։

Ու գուցե էստեղ ևս չկայացած թռիչքներ կան՝ երկար ու խրթին մի քիչ, բայց և այնպես՝ միշտ դեպի վեր տանող․․․

Valya Gasparyan

Երբ ամեն ինչ հասկանանք

Մայրս պատմում է, որ երբ փոքր եմ եղել, տատս ինձ գրկել ու ցույց է տվել, թե ինչ է կատարվում շուրջս, որ շուտ ճանաչեմ աշխարհը։ Էդ ամենը հասել է այն աստիճանի, որ բացել է գազօջախի վրա դրված կաթսայի կափարիչը ու ցույց տվել, որ էնտեղ ջուր է եռում։ Մայրս էլ մտածել է՝ ջուր է էլի, եռում է էլի։ Դե, մեծերին հատուկ են նման ավանդույթները, դրա նման արտահայտությունները, որոնք կենաց են թվում, որոնք սովորել են ինչ-որ անհայտ տեղից, փոխանցում են իրար ու երբեմն իմաստը չեն հասկանում կամ չկա էլ, որ հասկանան։

Արդեն տարիք է գալիս, որ գրկից իջնում ես, լինում ես փնթի, անփույթ, վնասվում ես, եթե խորն են վերքերդ, հետո էլ ես հիշում, եթե ոչ այդքան, մենակ մեծերն են հիշում։ Էս տարիքից արդեն սկսում ենք հեքիաթ կարդալ, բայց դե իմաստը չենք հասկանում։ Հեքիաթ պատմողին ուղղակի մեր կողքին գիշերվա մեջ նստած մեծահասակ ենք ընկալում ու չենք հասկանում, որ էդ պատմածի մեջ հերոսներ կան, գործ են անում, կռվում են, պարտվում են։ Կեսից քնում ենք ու չենք ափսոսում, որովհետև չգիտենք, որ վերջում ընկնող խնձորներ կան, որոնց գոնե կարելի է սպասել։ Էդ մի քիչ ավելի հետո ենք հասկանում ու էլ կեսից չենք քնում, քնելուց էլ գոնե ափսոսում ենք։ Սա արդեն այն տարիքն է, որ բոլորիս կյանքում հայտնվում են փոքր, երեք ակ ունեցող հեծանիվները, որոնք միշտ անհետաքրքիր տեսք ունեն երևի անգամ էդ տարիքում։ Պապս ինձ գնեց էդ հեծանիվից ու սկսվեց մի ներկայացում, որի գլխավոր հերոսը դարձա ես, գործողության զգալի մասը լացն էր, բայց դե նպատակային էր։ Ուզում էի իմ հեծանիվով տուն գնալ։ Եթե ունեմ սեփական փոխադրամիջոց, տիրապետում եմ դրան, գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։ Նույն ներկայացումը սպասվում էր սպորտային կոշիկներ գնելու ժամանակ։ Էլի գլխավոր հերոսն էի, էլի լաց կար ու էլի նպատակ՝ գնալ ինքնուրույն։ Էլի չէի հասկանում՝ եթե ունեմ ոտքեր, որոնք ամուր են, որոնք ունեն հատուկ վազքի համար կոշիկներ, եթե գիտեմ ճանապարհը, եթե չգիտեմ էլ, մեքենայի հետ հետևից կգնամ, ինչի համար նստեմ ուրիշի մեքենան, նայեմ՝ ոնց է էդ ուրիշը վարում ու հասցնում էն տեղը, որտեղ ես էլ կարող էի հասնել։

Էս լացուկոծը մի կողմ ենք դնում ու գնում դպրոց։

Սև, սպիտակ, սպիտակ. սա շարքի կանոնն էր, բայց քանի որ երրորդ կանոնը պարտադիրներից չէր, ես էլ սիրողներից չէի, ինձ մոտ բացակայում էր: Առաջին սևն ու սպիտակը դպրոցական համազգեստն էր, իսկ վերջին սպիտակը մեծ, աչք ծակող մազակալներն էին, որոնցից մի անգամ եմ ունեցել` դա էլ մորս ցանկությամբ: Նույն մազակալի կտորից կարված նասկիներին միշտ մկրատով էի դիմավորում, դարձնում էի կարգին նասկի ու մեծավարի հագնում, մեծավարի գնում դպրոց ու դրա բացակայությունը նկատող էլ չկար, դրա համար ցածր գնահատող էլ: Կիսամեծավարի հագնված գնացի դպրոց ու ստացանք միջոցառման համար խոսքեր, որում տղաներից մեկը պետք է ասեր՝ ամենադժվարը լավ մարդ լինելն է: Ախր էդ շրջանում սովորելուց ու գերազանցիկ լինելուց դժվար բան չկա, լավ մարդ լինելը դրա դիմաց ինչ է, որ։ Հիմա լավ մարդ լինելը իրենց հանդեպ չարությամբ լցված մարդկանց քանակով են որոշում, էդ քանակը կարևորվածության զգացում է տալիս, բայց ես հո գիտեմ, որ դա էդպես չի։

Լավ մարդ լինելու թեմայից էլ ավելի տարածված էր երբեք մի ասա երբեք-ը: Մենք էդ տարիքում երբեքը կամ առհասարակ չէինք օգտագործում, բայց ոչ կանոնին հետևելու նպատակով, կամ ամեն ինչ կարելի էր ասել երբեքից հետո ու շրջանցել կանոնը: Անհասկանալին դարձել էր բոլոր նման արտահայտությունների հարմար որոշիչ։ Մեզ երբեք կարգին չեն բացատրում, երբեք վտանգի մեջ չեն մտցնում, որ ավելի շուտ հասկանանք կարելիի ու չի կարելիի սահմանը, մենք ամեն ինչ շատ ուշ ենք հասկանում, երբեմն այնքան ուշ, որ ինքնուրույն կամ հանկարծակի է լինում։ Մայրս էլ տատիս չհասկացավ, ես ու դու էլ մեծերին ճիշտ ժամանակին չենք հասկանում, որովհետև մեզ շատ են խնայում, անկարելի շատ։

Փոքրանայի, տատս գրկեր, տաներ եռացող կաթսայի մոտ, թույլ տար ձեռք տամ ու վառվեմ, հետո ստիպեր հեքիաթը կիսատ թողնելու համար ափսոսամ ու հաջորդ օրը չշարունակեր, թույլ տար հեծանիվով գամ ու ընկնեմ ու ճանապարհի մյուս մասը ինքնակամ նստեմ մեքենան, նույն սցենարն օգտագործեր նաև մարզակոշիկի դեպքում, հետո մի անգամ էլ չթողներ էդ մազակալից ու նասկուց ունենամ, որ լիաթոք կարողանայի ասել, թե դրանցից երբեք չեմ ունեցել, հետո ներքին ուժ տար՝ուսուցչուհուն ասելու, որ ես չեմ հասկանում լավ մարդ լինելու դժվարը որտեղ է ու ինչ մոգական բան կա էդ երբեք-ի մեջ ու գուցե այդ ժամանակ ամեն ինչ ինքնուրույն, բայց ոչ ուշացած հասկանանք ու չօգտագործենք ըղձական եղանակը:

Susanna Grigoryan

Երկու մարդ ու մի շուն (շագանակագույն աչքերով)

Մեծ, շագանակագույն աչքերով շունը պառկել էր տաք ավազին։

Նա սովորականից ավելի ուրախ էր։ Էնպես չէ, որ առավոտվանից ինչ-որ համով բան էր կերել կամ էլ էսօր, բացառության կարգով, բակի տղաները քարով չէին խփել, ուղղակի ինչ-որ տարօրինակ զգացում ուներ, որ շուտով մի լավ բան է լինելու։

Շների շրջանում կանխազգացումները չեն ողջունվում ու առհասարակ ընդունված չէ նման անիմաստ բաներով զբաղվել։ Որոշները, իհարկե, շների դրախտին են հավատում, բայց դա էլ յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է։ Մեծ, շագանակագույն աչքերով շունն էլ էր հավատում շների դրախտին, որովհետև իր թափառական կյանքի վերջում նա արժանի էր էնպիսի մի տեղ գնալուն, որտեղ սրտիդ ուզածի չափ ոսկոր կլիներ ու ոչ մի բակի երեխա։

Շագանակագույն աչքերով շանը բախտ չէր վիճակվել սիրուն ծնվել, ու անցորդները իրենց պարտքն էին համարում ամեն անգամ հիշեցնել էդ մասին։ Նա իր երկար կյանքի ընթացքում տեսել էր իր ցեղին հատուկ բոլոր դժվարությունները, մի անգամ նույնիսկ մեքենայի տակ էր ընկել։

Մեր օրերում կենդանիները դժբախտ են, ու նա պատրաստ էր շների դրախտ գնալ, թեկուզ հենց հիմա․․․

***

Ծերունին աչքերը բացեց ու տեսավ, որ էլի նախաճաշը չեն բերել։ Ուրիշ բան չէր էլ սպասում․ երևի օրերն են հաշվում, որ իրենից ազատվեն։ Ամբողջ կյանքում աշխատեց, որ որդիները կրթություն ստանան, մարդ դառնան, որ հիմա էսպե՞ս հատուցեն։ Եթե աշխարհում արդարություն լիներ, իրեն ուրիշ զավակներ բաժին կհասնեին։

Դուռը բացվեց։ Փոքր թոռը ուտելիքով ամանը դրեց սեղանին ու փախավ դուրս։

-Ծնողներդ մեծերին բարևել չե՞ն սովորեցրել,- հետևից գոռաց ծերունին։

Հարցը հռետորական էր․ ինքը գիտեր, որ չեն սովորեցրել: Ու գիտեր, որ թոռները ամեն անգամ կռիվ-դավով են իր սենյակ մտնում, իսկ նախաճաշը միշտ խաղերում պարտվողն է բերում։ Օրը մի անգամ էլ որդին գալիս է, նստում իր մահճակալի մոտ ու իր գործերից է պատմում։ Կամ զուտ պատշաճության համար, կամ էլ էնքան հիմար է, որ մտածում է, թե իրեն հետաքրքիր է։

Արդեն 5 տարի է՝ բժիշկները որդուն խոստանում են, որ ուր որ է մահանալու է, ու արդեն 2 օր է՝ ճնշումը չի իջնում, բայց ինքը գիտի, որ դեռ երկար է ապրելու, շատ երկար․․․

***

Հանրակացարանի խոնավ սենյակում անդադար պտտվող մոծակները չէին թողնում քնել։ Ուսանողը շուռումուռ էր գալիս, բայց հարմար դիրք չէր գտնում ու հիշեց, թե ոնց էր հենց նույն կերպ քունը կորցրել 6 տարի առաջ։ 6 տարի առաջ, երբ բոլոր հեռու-մոտիկ բարեկամները մի կերպ խցկվել էին հորեղբոր որդու «նիվա»-ի մեջ՝ իրեն ճանապարհ դնելու: Հայրը արդեն 4-րդ անգամ էր գլուխ գովում, որ իրենց անտառաճանաչ գերդաստանի մեջ տղան միակն է, որ «արտասահմաններում է սովորելու», իսկ մայրը բոլորից թաքուն հաց ու պանրի վերջին բրդուճն էր ուսապարկի մեջ պահում։ Ինքն էլ հորեղբոր որդուն հաջողություն անելիս խոստացավ, որ հենց մի քիչ գործերը լավանան, փող է ուղարկելու, որ իրեն նոր մեքենա գնի, թե չէ «էս թվին նիվա քշելը արդեն ամոթ է»:

Ամեն ինչ էդքան էլ պարզ չէր, ինչքան թվում էր: Գործերը էդպես էլ չէին լավանում, ու իրենց գերդաստանի հպարտությունը «արտասահմաններում» սովորական միջակության էր վերածվում:

Հանրակացարանի խոնավ սենյակում կրծքավանդակի ծակոցներից շուռումուռ եկող ուսանողը մտածում էր, որ ամեն դեպքում նիվան էդքան էլ վատ մեքենա չի․․․

***

Մեծ, շագանակագույն աչքերով շունը ծերությունից ու շատ հաչալուց սատկել էր: Իսկ ծերունին դեռ երկար է ապրելու, շատ երկար։

Ուսանողը նոր մեքենայի գումարը էդպես էլ չուղարկեց։

image-30-07-20-10-47

«Դժվար թե երբևէ վիրտուալ ինչ-որ բան կարողանա փոխարինել իրական և անմիջական շփմանը, իրական կյանքին»

Այս օրերին «Դեպի Հայք»  կազմակերպությունից «Մանանա» կենտրոնում օնլայն կամավորություն է անում ռուսաստանաբնակ լրագրող Անի Այվազյանը:

-         Քանի՞ տարեկանում եք տեղափոխվել Ռուսաստան: Դժվա՞ր էր հարմարվելը: Ձեզ համար այդ տարիքում արդյո՞ք շատ էին զգացվում երկու երկրների միջև եղած տարբերությունները` լեզվի, մտածելակերպի, շրջապատի և այլն: Ի՞նչ խնդիրներ եք ունեցել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

-         Երբ Հայաստանից տեղափոխվեցինք Ռուսաստան՝ Սամարա, ես գրեթե 6 տարեկան էի: Հայաստանում հասցրել էի մանկապարտեզ գնալ, այդ ժամանակվանից արդեն սովորել էի հայերեն խոսել, գիտեի բոլոր տառերը և կարողանում էի անգամ գրել, բայց ժամանակի հետ տառերն ու գրելը, ցավոք, մոռացա: Այդ տարիքում այնքան էլ բարդ չէր հարմարվելը, մենք հեշտությամբ սովորեցինք ռուսերենը՝ շփվելով, խաղալով երեխաների հետ: Սակայն սկզբում մի փոքր բարդ էր ինտեգրվելը նոր շրջապատ: Այն ժամանակ դեռևս մարդկանց մեջ շատ մեծ էր ազգային տարբեր հարցեր առաջ քաշելը և դժվար էր հարմարվել օտար երկրի շրջապատին: Հենց դա էր մի փոքր դժվար՝ անել այնպես, որ մարդիկ քո մեջ չտեսնեն օտարի կամ այլազգի մարդու:

-         Պատմեք մի փոքր Ձեր ուման մասին` դպրոցի և հատկապես համալսարանի: Ինչպե՞ս ընտրեցիք Ձեր մասնագիտությունը: Հե՞շտ էր արդյոք, թե՞ շատ եք փնտրել:

-         Մի փոքր բարդ է եղել մասնագիտություն ընտրելը: Դպրոցում ես գրականությունից բացի այլ առարկա չէի սիրում, ամբողջությամբ տարված էի գրականությամբ: Ռուսերեն նույնպես շատ հեշտ էի կարողանում սովորել և յուրացնել, դրա համար հասկացա, որ ինձ պետք է ավելի հումանիտար մասնագիտություն: Հենց այդ ժամանակ մտածեցի լրագրության մասին, հասկանում էի, որ ամեն դեպքում ձանձրալի մասնագիտություն չէ, շատ հնարավորություններ կարող է տալ ու որոշեցի դառնալ լրագրող: Եվ իմ ընտրության համար երբեք չեմ էլ փոշմանել: Բայց ամեն դեպքում մտածում եմ, որ եթե անգամ ինչ-որ բան պատահի, այլևս չցանկանամ աշխատել որպես լրագրող, կարող եմ փոխել մասնագիտությունս, երբեք ուշ չէ դրա համար: Սակայն հիմա ես ինձ ոչ մի այլ մասնագիտության մեջ չեմ պատկերացնում:

-         Ընդհանրապես ունե՞ք կամավորության փորձ: Ինչպե՞ս որոշեցիք լինել կամավոր: Օրինակ՝ Եվրոպայում կամավորությամբ զբաղվելը շատ դեպքերում երիտասարդների համար կարող է մեծ առավելություն ունենալ` համալսարան ընդունվելու, աշխատանք գտնելու և այլ հարցերում, ինչպիսի՞ վիճակ է Ռուսաստանում: Ի՞նչ վերաբերմունք կա կամավորների նկատմամբ, ունե՞ն կամավորները ինչ-որ առավելություններ:

-         Նախկինում կամավորության փորձ չեմ ունեցել, չնայած միշտ տարբեր առիթներով ցանկացել եմ մասնակցել ինչ-որ միջոցառումների որպես կամավոր, բայց անընդհատ ինչ-որ բան չէր ստացվում և խանգարում էր: Հստակ չգիտեմ, թե Ռուսաստանում կամավորների համար ինչպիսի պայմաններ կան, բայց կարծում եմ, որ ամեն դեպքում ինչ-որ առավելություններ կունենան կամավորները, օրինակ՝ աշխատանքի ընդունվելու ժամանակ: Բայց, ամեն դեպքում, երբ որոշեցի կամավորությամբ զբաղվել, ես չեմ ունեցել ինչ-որ առավելություններից օգտվելու նպատակ:

-         Ինչպե՞ս եք իմացել «Դեպի Հայք» կազմակերպության մասին: Եթե իրավիճակը այսքան խառը չլիներ, Դուք պետք է գայիք Հայաստան, հետաքրքիր է, ունեցե՞լ եք նաև այլ երկրներ գնալու տարբերակներ, թե՞ հենց ցանկացել եք մտադրված գալ Հայաստան և այստեղ զբաղվել կամավորությամբ:

-         Այս կամավորական նախագծի մասին իմացել եմ ինտերնետով, Ռուսաստանում շատ ակտուալ В Контакте սոցիալական ցանցի միջոցով: Երբ տեսա այդ խումբը, սկսեցի հետաքրքրվել, նայել: Ցանկանում էի հանդիպել, շփվել այն մարդկանց հետ, որոնք տարբեր ժամանակներում թողել և հեռացել են իրենց հայրենիքից: Ինձ հետաքրքիր էր, թե ինչպես են մարդիկ հարմարվում տարբեր երկրներում, գտնում իրենց տեղը: Ու նաև ցանկանում էի ինքս ինձ փորձել Հայաստանում, հասկանալ` կկարողանա՞մ հիմա ես էլ իմ տեղը գտնել հայրենիքում: Նաև շատ էի ցանկանում նորից լինել հայական միջավայրում, սովորել հայերեն ու սովորելու հետ մեկտեղ նաև խոսել այդ լեզվով, քանի որ հիմա որքան էլ փորձում եմ հիշել, սովորել, ամեն դեպքում երբ չեմ օգտագործում լեզուն, սկսում եմ նորից մոռանալ:

-         Հայաստանից հեռանալուց հետո սա առաջի՞ն այցն էր լինելու Հայաստան, թե՞ հաճախ եք այցելում:

-         Մեկ անգամ հեռանալուցս հետո եղել եմ Հայաստանում, 2013 թվականին քրոջս հարսանիքին էինք եկել, և դրանից հետո հնարավորություն չէր եղել այցելելու Հայաստան:

-         Ցանկացած մարդ, երբ որոշում է կամավորությամբ զբաղվել, վստահ է, որ մյուսներին սովորեցնելու բան ունի: Ի՞նչ ունեք Դուք տալու և սովորեցնելու լրագրողներին և ոչ միայն, ինչո՞վ եք ուզում կիսվել մյուսների հետ:

-         Նախ ես ինքս ցանկանում էի լավ ծանոթանալ, թե ինչպիսի իրավիճակ է հայաստանյան լրագրությունում: Ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ տարբերություններ կան Ռուսաստանի հետ: Իհարկե, առաջին հերթին ուզում եմ կիսվել իմ փորձով ու ինչու չէ նաև ինքս նոր փորձ ձեռք բերել, աշխատանքի նոր մեթոդներ, որոնք օգտագործում են հայ լրագրողները: Աշխատանքային փորձով կիսվելն ինչ-որ դետալներն են ավելի շատ, մասնագիտական որոշ նրբություններ, որոնք իմ պրակտիկ գործունեության ընթացքում հասկացել եմ: Օրինակ, ինչպես ինֆորմացիա գտնել, ինչպես հետաքննել, ինչ տեխնիկական առանձնահատկություններ կան այդ ամենին հասնելու համար:

-         Երբ արդեն ամեն ինչ որոշված էր և մտածում էիք, որ գալու եք Հայաստան, բայց սահմանները փակվեցին և ստիպված էիք կամավորություն անել օնլայն, արդյո՞ք դա որոշ չափով կարողացավ փոխարինել իրականում Ձեր սպասելիքներին: Ցանկությո՞ւն կա սահմանները բացվելուց հետո ամեն դեպքում գալ Հայաստան:

-         Իհարկե, չես կարող համեմատել իրական շփումն ու օնլայնը, շատ դժվար է չգտնվել մարդկանց շրջապատում, չզգալ մթնոլորտը, անձամբ չշփվել նրանց հետ: Իրական շփման էներգիան լրիվ այլ է: Եթե ես լինեի Հայաստանում, վստահ եմ, որ տրամադրությունն այլ կլիներ: Դժվար թե երբևէ վիրտուալ ինչ-որ բան կարողանա փոխարինել իրական և անմիջական շփմանը, իրական կյանքին: Բայց ամեն դեպքում, սկզբի համար կարելի է նաև այսպես մի փոքր շփվել, ծանոթանալ, մինչ իրավիճակը կշտկվի: Երբ սահմանները բացվեն, ես անպայման կգամ Հայաստան, առայժմ չեմ փոշմանել և չեմ մտափոխվել:

-         Այս օրերին օնլայն աշխատանքը շատ արդիական է, շատերն են խոսում օնլայն սովորելու, աշխատելու դրական և բացասական կողմերի մասին, հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը` ի՞նչ դրական և բացասական կողմեր կան օնլայն կամավորության մեջ:

-         Առաջին հերթին ինձ համար բացասական է այն, որ ես մարդկանց չեմ տեսնում, անձամբ չեմ կարողանում շփվել նրանց հետ: Չեմ կարողանում տեսնել մարդկանց արձագանքը, էմոցիաները, երբ ես ինչ-որ բան եմ պատմում, շատ դժվար է: Դրական կողմեր նույնպես կան, օրինակ, որ արագ հնարավոր է միանալ օնլայն, կապվել բոլորի հետ և հարկավոր չէ ոչ մի տեղ գնալ, կամ երկրից երկիր տեղափոխվել:

-         Ինչպե՞ս են անցնում Ձեզ համար օնլայն հանդիպումները: Ստացվո՞ւմ է արտահայտել այն ամենը, ինչ պլանավորել էիք, որ լինելու է իրական հանդիպումների ժամանակ:

-         Ինչ-որ չափով հնարավոր է անգամ օնլայն փոխանցել այն, ինչ ես նախօրոք մտածել էի, որ պետք է լինի իրական կյանքում: Բացի դրանից՝ հաճելի է մարդկանց հետ շփվել հայերենով, ինձ համար դա մեծ դրական կողմ է: Բայց, ինչպես նշեցի, իրական շփմանը ոչինչ փոխարինել չի կարող:

-         Մի փոքր պատմեք նաև Սամարայի հայ համայնքի մասին: Որտեղի՞ց են այդ մարդիկ, որոնք ապրում են հիմա քաղաքում: Շատ հայեր հիմնականում ցանկանում են իրենց երեխաներին հայկական կրթութայն տալ, Ձեզ մոտ կա՞ նման հնարավորություն երեխաների համար: Ազգապահպանության համար արվու՞մ է ինչ-որ բան, թե՞ կա ձուլվելու վտանգը:

-         Սամարայում հայերը շատ են: Ես այժմ հենց Սամարայում չեմ ապրում, այլ մի փոքր հեռու քաղաքից, և երբ գնում ես խանութ, այնտեղ հայերը շատ-շատ են: Այստեղի հայերը տարբեր են, եկել են տարբեր տեղերից ու տարբեր ժամանակներում, բոլորը տարբեր մտածելակերպ ունեն: Մեզ մոտ հայկական եկեղեցի կա ու եկեղեցուն կից հայկական դպրոց՝ «Армянская воскресная школа при церкви Сурб Хач», որտեղ հիմնականում փոքր տարիքի երեխաները կարող են գնալ, սովորել հայերեն գրել, կարդալ: Կան նաև ինչ-որ փոքրիկ խմբակներ, բայց Սամարայում մեծ, մարդաշատ սովորելու տեղեր հայ երեխաների համար չկան: Ես ունեմ զարմիկներ ու զարմուհիներ, որ ծնվել են հենց Սամարայում, Հայաստանում երբեք չեն եղել, ու իրենց մոտ ինչ-որ էմոցիոնալ կապ հայրենիքի հետ չկա: Նրանք, ճիշտ է, կարողանում են հայերեն խոսել, բայց միևնույնն է, ամեն ինչ այլ է: Բայց ամեն դեպքում, որքան էլ մարդիկ շրջապատի ազդեցությամբ ինչ-որ չափով փոխվում են, հայկական գծերը, որոշ ավանդույթներ իրենց մեջ մնում են:

nina arustamyan

Երբ ամեն ինչ փոխվեց

Մենք իհարկե ինքներս մեզ վրա ավելի շատ ենք հույս դնում, քան դիմացինը․․․

Ժամանակի ընթացքում զգում ես, որ ինչ-որ բան կգա ու սպասելիքներդ տակնուվրա կանի ու կգնա, կամ էլ չի գնա․․․

Իրավիճակն է այդպիսին։

Իսկ ի՞նչ անել՝ համակերպվել և սկսել նոր կյանք, թե՞ ամեն նոր բացվող օրվա հետ սպասել ուրիշ իրավիճակի, երբ էլ դիմակ չենք դնի, երբ կկարողանանք գրկել դիմացինին։

Ժամանակներ էին, որ մարդկանց մի մասին կոտրեցին, իսկ մյուս մասին ավելի ուժեղ դարձրին։ Ես չգիտեմ՝ որ խմբում եմ դասված, որովհետև ես էլ արդեն չեմ հասկանում, թե ինչ անել, ո՞րն է ճիշտ, արդյոք իմաստ կա՞ պայքարելու։

Բայց ամեն անգամ առավոտյան ժամը 6-ին արթնանալով, աչքերս բացելով՝ մի բանի մասին եմ մտածում, որ ուղղակի իրավիճակը գնա դեպի լավը, որ բարելավվի ամեն բան, որ ես կարողանամ ավելի լավ աշխատանք գտնել։ Աշխատանք։ Այո, երկու ամիս է խանութում եմ աշխատում՝ որպես վաճառողուհի․․․

Ուզում եմ այստեղ բազմակետեր դնել, որ չխոսեմ աշխատանքիս մասին, որ ընդամենը ասեմ՝ ես աշխատանք ունեմ։ Աշխատանք կա, որ ուժ է տալիս, որ ավելիին հասնես, որ մտքումդ մենակ վեր բարձրանալու մասին մտքեր պտտվեն, իսկ աշխատանք էլ կա, որ հոգեպես և ֆիզիկապես հոգնեցնում է քեզ, երբ անգամ չես ուզում արթնանալ, երբ անգամ գերհոգնած վիճակից աչքերդ բացել չես կարողանում, երբ ուղղակի համակերպված իրականության հետ՝ սկսում ես ապրել նորովի, նոր գրաֆիկով նոր, ամեն ինչը նոր․․․

Բայց պահ է գալիս, երբ արցունքներդ հասնում են կոկորդիդ, երբ իրավիճակի ելքը լավատես լինելով հանդերձ չես գտնում, երբ ուղղակի ոչինչ այլևս չես զգում։ Ուղղակի ինքդ քո իսկ ստեղծած թևերը կոտրել ես, բայց միևնույն ժամանակ պայքարում ես, որ լավ լինի, հուսադրում ես բոլորին, որ սա ուղղակի ժամանակավոր է։

Լավատես մարդն էլ դժվարություն ունի, լավատեսն է շուտ կոտրվում, երբ սպասում է լավ լինելուն, իսկ դեռ լավ ոչինչ չկա, երբ անգամ լուսավորության մեջ լույսը չես գտնում, իսկ գիշերը, անգամ երբ լույս չկա, ինքդ քեզ հույս ես տալիս, որ լույս կա, որ սրտիդ ներսում ես լույսդ պահում, բայց կոտրվում ես․․․

Պայքարելու իմաստ կա՞, թե՞ ուղղակի պետք է ապրել նույն միապաղաղ կյանքով, երբ ստեղծածդ մեկ րոպեում կկարողանաս ջուրը գցել, երբ կամաց-կամաց կկործանվես, երբ կամաց-կամաց կսպանես ինքդ քո ներսի ես-ին, երբ էլ ֆիզիկապես չես լինի։

Բայց դեռ լավատեսությունս չկորցրած՝ գիշերվա ժամը 3։30-ին գրում եմ ձեզ, որ գոնե լավատես լինենք, որ երկար թունելի վերջը գուցե կերևա և արդեն ճանապարհը շարունակենք արևի լույսի ներքո։ Որ գուցե սկսենք պայքարել մեր նախորդ ես-ի համար․․․