anahit baghshetsyan

Հայկական զգացմունքների համար

Իմ հոգեբանության ուսուցիչը հիանալի հայերեն է խոսում: Այսինքն՝ «հիանալին» հարաբերական հասկացություն է: Եթե կանգնեմ ու նրա հետ հայերեն խոսեմ, կծիծաղի ու ինքն էլ ինձ հետ իսպաներեն կամ ֆրանսերեն կխոսի, որ ես չհասկանամ: Բայց եթե փողոցով քայլելիս տեսնի, որ իր հայ աշակերտներից մեկը ծխախոտը ձեռքին կանգնած է, մեքենան կկանգնեցնի ու բարձր կբղավի.

-Վարդա՛ն, ի՞նչ ես անում: Էն կո՛ղմ գցի,- հայերենին հատուկ մունաթով ու բարկությամբ կհնչեն էս տողերը՝ որպես ականտես վկայում եմ:

Այսօր դասը սկսելուց առաջ ինձ ու ընկերներիս ասաց, որ հայերենը չափազանց բարդ լեզու է, ու չնայած` ինքը 23 տարի աշխատում է հայ աշակերտների միջավայրում, չի կարողացել յուրացնել հայերենը: Մենք էլ ծիծաղեցինք ու հիշեցրինք Վարդանի պատմությունը: Ինքը ծիծաղեց ու սկսեց դասը բացատրել:

Դասի թեման զգացմունքներն են: Կան տարրական զգացմունքներ՝ երջանկություն, վախ, ատելություն… Եթե նայել ես Pixar-ի «Inside out» մուլտֆիլմը, ուրեմն դու գիտես տարրական 5 զգացմունքները: Բայց կան նաև երկրորդական զգացմունքներ, որոնք տարրական զգացմունքների խառնուրդներն են, օրինակ՝ մեղքը վախի ու տխրության խառնուրդ կարելի է համարել: Ու քանի որ թե՛ տարրական, թե՛ երկրորդական զգացմունքները հատուկ են աշխարհի երեսին ապրող բոլոր մարդկանց, զգացմունքները կարելի է համարել համաշխարհային լեզու:

Երբ ուսուցիչս հարցրեց, թե ով կարող է մեկնաբանել այս ենթադրությունը, ես ձեռքս բարձրացրեցի, հպարտ պատասխանեցի ու միավոր ստացա մասնակցության ու ճիշտ մեկնաբանության համար: Հետո դասարանից դուրս գալուց առաջ մոտեցա նրան ու ասացի, որ երևի միավորս ջնջի, որովհետև ես ինքս այդպես չեմ մտածում:

-Միավորդ իհարկե չեմ ջնջի, բայց ինչո՞ւ ես միտքդ փոխել,- երևի թե առաջին անգամ էր գիտակից դպրոցականը խնդրում, որ իր միավորը չեղյալ համարեն:

-Ուղղակի ես ինքս ճանապարհորդել եմ, մեծացել եմ ուրիշ երկրում ու հիմա ապրում եմ այստեղ: Կարող եմ վստահեցնել, որ զգացմունքները բացարձակ տարբեր են ամեն երկրում:

-Էստեղ կյանքը ձանձրալի է, չէ՞,- ու հանկարծ զրույցը դարձավ շատ ավելին, քան մասնակցության միավորը:

-Հա, գիտես (ուսուցչի հետ կարելի է դու-ով խոսել, եթե իմ հոգեբանության ուսուցիչն է) մարդիկ միօրինակ են ապրում: Նույն կերպ են ամեն օրը անցկացնում, ու հենց մի անսպասելի կամ չպլանավորված բան է լինում, չափազանց շատ կարևորություն են տալիս դրան:

-Բայց միգուցե հենց այդ միօրինակությունն էլ հասարակ պահերը կարևոր է դարձնում:

-Բայց հենց այդ միօրինակությունն էլ բոլոր ամերիկյան զգացմունքները փոխում է: Էստեղ լիաթոք չեն ուրախանում, անփարատելի տխրություն չեն զգում, էստեղ նույնիսկ կարգին բաներից չեն վախենում:

-Իսկ դո՞ւ:

-Ես էստեղ եմ ապրում, բայց էստեղի զգացմունքները չունեմ: Նույն լեզվով չենք խոսում:

-Ուրեմն նամակ պիտի գրես զգացմունքային տեսությունը հեղինակած հոգեբաններին, Ամերիկյան հոգեբանների ասոցիացիային: Գրի՛ր, գրի՛ր: Միգուցե լսեն: Ափսոս հայկական տոնով չես կարող գրել: Դե, ոնց որ ձեր հայ տղաներն են մեր հետ խոսում,- ինչպես հասկացաք՝ «մունաթ» բառը գոյություն չունի անգլերեն լեզվում:

Քմծիծաղ տվեցի, թխեցինք, որ գա, ու ես պտտվեցի դեպի դասասենյակի դուռը: Արդեն դրսում կանգնած ընկերոջս էի բարևում, երբ դասասենյակից լսվեց.

-Մի միավոր էլ կավելացնեմ հայկական զգացմունքների համար…

Ani Hakobyan

Այն մասին, թե ինչպես վայելել կյանքը անգամ այս օրերին

Վերջերս շատ ենք հանդիպում այնպիսի մեկնաբանությունների, որոնց մեջ մարդիկ իրենց դժգոհությունն են արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում հանգիստ դուրս գալ տանից, չեն կարողանում շփվել իրենց ընկերների ու հարազատների հետ, չեն կարողանում զբաղվել իրենց սիրելի աշխատանքով և վերջապես չեն կարողանում անել այն, ինչ անում էին վերջին իրողություններից առաջ։ Սակայն եկեք մի պահ մեզ հիշենք մի քանի ամիս առաջ, երբ այս ամենը դեռ չէր կատարվել։

Ամեն առավոտ զարթուցիչի ձայնը այնպես էր հասնում ականջիդ, որ հասկանում էիր՝ արդեն ժամանակն է, ուզած-չուզած պիտի վեր կենաս, կատարես ամենօրյա քո սովորական գործողությունները և վազես տանից դուրս։ Աչքերդ արդեն սովորել են տեսնել նույն տեսարանները. մեքենաների ծուխ, որից քեզ թվում է՝ ուր որ է` կխեղդվես, ինչ-որ տեղ շտապող մարդիկ՝ ուսանողներ, դպրոցականներ, խցանումներ, մետրոյի արագընթաց վագոններ, որոնց մեջ ասեղ գցելու տեղ չկա։ Առջևումդ բացվում է Երևանը՝ իր բանուկ փողոցներով, երջանիկ դեմքերով, քո սիրո քաղաք Երևանը։ Սա այն քաղաքն է, որտեղ մարդիկ երջանիկ են՝ անկախ ամեն ինչից, այստեղ քաղաքի ամեն անկյունում դու տանն ես, այստեղ քեզ բոլորը սիրում են, անգամ եթե դա քեզ բարձրաձայն չեն ասում։ Շտապում ենք դպրոց, համալսարան, աշխատավայր, ու սկսվում էր մեր ամենօրյա աշխատանքային օրը։ Ու ամեն օրվա ավարտին մենք մտածում էինք, թե երբ են գալու հանգստյան օրերը, երբ են գալու արձակուրդները, որ հանգստանանք այս աշխույժ առօրյայից։

Իսկ հիմա եկեք վերադառնանք մեր այսօրվա օրվան։ Երկար մտածենք ու կհասկանանք, որ մեր աշխույժ առօրյան այնքան էլ անհետաքրքիր չէր և այնքան էլ հոգնեցնող չէր, ինչքան ամբողջ օրը տանը նստելը և պատուհանից դուրս նայելը՝ տեսնելով, թե ինչպես է ծաղկում ծիրանենին և ինչպես է գարնան արևը ջերմացնում շրջակայքը։ Եվ իսկապես, մի պահ ուզում ես հետ վերադարձնել քո աշխատանքային առօրյան, խցանված փողոցները ու նրանց աղմուկը, անգամ ամեն ինչից դժգոհող մարդկանց։ Ու նաև հասկանում ես, որ ինչքան էլ սպասենք հանգստյան օրերին ու արձակուրդներին, միևնույնն է, դրանք անպայման գալու են և ոչ թե մի, այլ շատ անգամներ։ Այդ իսկ պատճառով պետք չէ սպասել, պիտի վայելել ներկա պահը։

Հիմա մեզնից շատերը տանը նստած, չգիտեն՝ ինչով զբաղվել, շատերը դիտում են այն ֆիլմերը կամ կարդում են այն գրքերը, որոնք պլանավորել էին, բայց հոգու խորքում սպասում ենք այս ամենի ավարտին։ Վստահ կարող եմ ասել, որ մեզնից շատ քչերն են գիտակցում, որ սա մի մեծ արձակուրդ է բոլորիս համար, որ հանգստանանք գրեթե ամեն ինչից։ Պիտի վայելել նաև այս արձակուրդը, որ հետո աշխատանքը ավելի հաճելի թվա։

Առանց դժգոհ մարդկանց ու նրանց դժգոհությունների աշխարհը այն չէր լինի։ Դրա համար արտահայտեք ձեր դժգոհությունը, բայց երբեք մի՛ դադարեք վայելել ներկա պահը և օգտվեք ամեն մանրուքից, որ կյանքը նետում է ձեր դիմաց։

marat sirunyan

Շիրազի ապտակը

Շիրազը մեծ էր՝ մեծ գրող, մեծ մարդ, մեծ հայրենասեր։ Շիրազն այնքան հայրենասեր էր, որ կարող էր վիրավորել ցանկացածին, ով կունենար ոչ հայեցի անուն, ավելի ճիշտ՝ կվիրավորեր նրան այդ անունը տվողին։ Եղել են դեպքեր, երբ մարդիկ Շիրազին ներկայացել են, ոչ թե իրենց, այլ ուրիշ՝ հայեցի անվամբ, վախենալով նրա արձագանքից։ Հենց այդ դեպքերից մեկն էլ ուզում եմ ներկայացնել ձեզ՝ անմիջական մասնակցի խոսքերով, ում կյանքում մեծ դեր է խաղացել մեծ գրողը։

- Սկսեմ այնտեղից, որ ես մշեցու թոռ եմ։ Հորական պապս՝ Վանիկ Հարությունյանը, ով եղել է Սերոբ Փաշայի զինվորը, գաղթել է Մշո Խլաթ գավառի Կամրջակ գյուղից։ Գրեթե ամբողջ գյուղով գաղթել ու եկել, հաստատվել են Նաիրիի շրջանի Բուժական գյուղում։ Նա տառաճանաչ չէր, սակայն այնպիսի հետաքրքիր ու խորհրդավոր պատմություններ էր պատմում՝ էրգրից, ֆիդայական կյանքից, գաղթից, որ դրանք իրենց մեծ տեղը գտան իմ ներաշխարհում, ինչն էլ առիթ դարձավ, որ ես սկսեցի ստեղծագործել։ Ես շա՜տ-շա՜տ էի սիրում Շիրազին և 13-14 տարեկան էի, երբ պապիս հորդորով, հայրս կարողացավ կապ հաստատել Շիրազի հետ և ինձ տարավ նրա մոտ, որպեսզի կարդամ իմ գրածները, և նա կարծիք հայտնի։ Լավ իմանալով նրա բնավորությունը և վախենալով, որ մեզ ոչ հայեցի անվան համար չի ընդունի և կվիրավորի, այլ անունով ներկայացանք նրան։ Հայրս, ում անունն Ալբերտ էր, ներկայացավ որպես Վարդան, այդպիսով դարձավ՝ Վարդան Մամիկոնյան (թե հարց առաջանա՝ ինչո՞ւ է պապիս ազգանունը Հարությունյան, իսկ հորինս՝ Մամիկոնյան, ասեմ, որ այն ժամանակ այդպիսի կարգ է եղել՝ որդին իր զավակներին որպես ազգանուն տվել է իր հոր անունը), քանի որ մեր հերոս Վարդան Մամիկոնյանի դստեր անունը Շուշանիկ էր, ինձ էլ ներկայացրեց այդ անվամբ, և Լիլիկ Մամիկոնյանը դարձավ Շուշանիկ Մամիկոնյան։

IMG_20200428_005727

Կարդացի գրածներիցս, և ի ուրախություն ինձ, Շիրազը հավանության արժանացրեց դրանք և իր դիմանկարներից նվիրեց ինձ, որը մինչև հիմա՝ արդեն 46 տարի է, պահում եմ ինձ մոտ։ Դրանից հետո մոտ երեք-չորս տարի էլ ծնողներիս հետ երբեմն այցելել ենք նրան։ Երբ ավարտել էի դպրոցը և բանասիրական ֆակուլտետ ընդունվելու համար քննություններ էի հանձնում, մի քննության ժամանակ հանձնաժողովի անդամները հիշեցին, որ ինձ տեսել են Շիրազի հետ և արդյունքում անհրաժեշտ գնահատականից 0,25 միավոր ցածր նշանակեցին ինձ, և ես չընդունվեցի։ Նրանք Շիրազին չհամակրողներ էին…  Եվ գուցե ոչ միայն Շիրազին, այլ նաև հայրենիքին չհամակրողներ էին… Բայց չեմ նեղվում. կարևորը, որ իմ սերը՝ հայրենիքի հանդեպ, Շիրազի հանդեպ, երբեք ու ոչ ոք չկարողացավ կոտրել։

IMG_20200428_094301

Հետո եղավ ամենացավալին։

Այն ժամանակ կար «Պիոներ կանչ» թերթ, որտեղ լույս էին տեսնում տարբեր ստեղծագործողների գործեր, նաև՝ իմը, այդ թերթի խմբագրությունը կազմակերպել էր միջոցառում և միջոցառման ընթացքում, կարդալով իմ ստեղծագործությունները, որպես հեղինակ տվեցին իմ իրական անունը՝ Լիլիկ Մամիկոնյան։ Այդ պահին ես մեծ ցավ ապրեցի և այլևս ոչ մի նշանակություն չունեին ինձ համար հնչող ծափերը, քանի որ հանդիսականների մեջ նստած էր նաև հենց ինքը՝ Շիրազը… Միջոցառման վերջում նա մոտեցավ ինձ, երկար ձեռք տվեց հյուսքերիս և մի ցավոտ ապտակ տվեց ինձ, ասաց՝ սրիկա՜, էդպես էլ հայրենիքդ կդավաճանես…

IMG_20200428_005848

Ու այդ օրվանից մենք այլևս չհանդիպեցինք, բայց ես ամբողջ կյանքում շնորհակալ եղա այդ ապտակի համար… Իմ ամենաթանկ նվերը կյանքում իրենից՝ այդ ապտակն էր…

Հետո ես նորից փորձեցի ընդունվել  համալսարան։ Հանձնեցի քննություններս, ընդունվեցի, սակայն 47-ամյա մորս հանկարծահաս մահը փոխեց ամեն ինչ, ես իմ մեջ այլևս ուժ չգտա շարունակելու, տղա՜ս, կյանքս կանգ առավ, և այլևս չգրեցի…

Հերթական ցավն էլ ապրեցի, երբ տարիներ անց մահացավ Շիրազը։ Նրա մահվանից մեկ-երկու տարի հետո միայն ուժ գտա այցելելու նրա շիրիմին…

Ես երբևէ չեմ պատմել այս պատմությունը, հիմա էլ չգիտեմ՝ ինչո՞ւ պատմեցի, երևի որպես ներողություն՝ նրան, այսքան տարի հետո…

Nare Hovhannisyan

Ես անձրևը չեմ սիրում

Ես անձրևը չեմ սիրում… Երբեք էլ չեմ սիրել։ Ատում եմ այդ խտացած խոնավությունը, որը խառնվում է մազերիս ու կոլոնում դրանք գլխիս հետևում։ Թարթիչներիս մանր-մանր կաթիլներ է առաջացնում ու լղոզում դեմքս։ Չեմ սիրում այդ ճահճացած մթությունը, որը հայտնվում է սենյակումս ամեն անձրևից հետո։ Եվ այս դեպքում անգամ սովորական էլեկտրականությունը չի փրկում։
Հիմա, երբ անձրևը դադարել է, ես նստել եմ թրջված ու լազուր պատուհանի մոտ, կրկնակի ապակուց այն կողմ մի թարմ հոտ եմ զգում, օզոնի հոտն է՝ թարմ, բայց ցեխոտ։ Կաթիլներն արդեն փորձում են դադարել, բայց երբեմն սողում են ու ապականում մտքումս նկարված պատկերները։ Հակառակ կողմից մի տա՜ք գոլորշի է պատել ապակին, դա իմ շունչն է, իմ տաք ու տխուր շունչը։
Դուրս կգա՞ս փողոց, հա, հենց հիմա… Դուրս արի՝ վայելենք իմ չսիրելի անձրևի կաթիլները, բավ է պատուհանի մոտ դեգերեմ ու արևի ջերմություն կորզեմ առանց այդ էլ կորզված արևից։ Դուրս արի և ուղղակի կանգնիր դատարկ ու ամայի փողոցում, ուղիղ կենտրոնում. վախենո՞ւմ ես, ես՝ չէ, ես ուղղակի ժպտում եմ։ Անձրևանոցդ թող, մևնույնն է՝ խունացել է, դե քանի՜ ժամանակ է, ինչ անձրևից փախել ու մտել ես տաք ծածկոցիդ տակ, երևի անձրևանոցդ էլ է իր պաշտոնը կորցրել, այնպես, ինչպես դու ես քոնը փոխել։ Վերարկուդ էլ թող, չես մրսի, խոսք եմ տալիս, այս անգամ ոչինչ չեմ ասի։ Այս անգամ թող, որ մարմինդ կլանի սառն ու օտար անձրևի կաթիլները։ Միգուցե նա քեզ հասկանա, չէ՞ որ մոտ եք, դու էլ ես աշնանը ծնվել, ինչպես որ նա։ Կոպիտ հայացքդ էլ թող ու հագիր այն սիրուն ու քաղցր հայացքը։ Հետո կանգնիր վառարանի մոտ ու թող, որ հոգիդ մի քիչ ջերմանա։ Երկարաճիտ կոշիկներդ էլ թող, բավ է պատսպարվես, թող, որ ոտքերդ էլ զգան թաց ու պաղ հողի սերը… Դուրս արի փողոց, թող մայթերը քեզ պարուրեն իրենց ցեխով, թող հոգիդ թրջվի, իսկ մարմինդ՝ կծկվի։ Թող թարթիչներդ օծվեն պղտոր ջրով, իսկ շուրթերդ՝ մաքուր սառնությամբ։ Ողողիր փողոցները քո ներկայությամբ գոնե այս անգամ, թող, որ անձրևանոցով մարդիկ ապշեն քո ներկայությունից ու քո անձրևանոցի բացակայությունից։ Քայլի՛ր ու թող թոքերդ կլանեն թարմ օզոնը, թող մարմինդ շնչի ու կարոտն առնի հարազատ փողոցներից։ Տներին կպած մի քայլիր, մի վախեցիր, հաստատ մարդկանց խմբերին չես բախվի, քանզի շուրջդ մարդ չկա, այս դեպքում դու յուրահատուկ ես՝ անձրևի տակ քայլող մարդ. քեզ սազական չէ, գիտե՞ս։ Քեզ սազական է հավետ քեզ խեղճացրած ապրելու զգացումը, քեզ սազական է գլուխդ վզիդ մեջ պահած ու ողերդ ճկռված ապրելը։ Իսկ ինձ սազական է քեզ էդպես տեսնելը ու այդ ամենին սուր քմծիծաղով պատասխանելը։
Անձրևը դադարեց… Անպիտան կաթիլները փչացրին ստեղծածս պատկերը ու սողալով անցան պատուհանից։ Ես սառած ձեռքս հեռացրի պատուհանից, իսկ դրա հետքը մնաց տպված պատուհանի աջ անկյունում։ Հետո տաք գոլորշին էլ վերացավ ու սենյակիս օդում մնաց միայն անձրևի տակ քայլող մարդու սառը հևքը։

elita balyan

Կյանքը կորոնավիրուսի ժամանակ

Ողջույն։ Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում։ Սովորում եմ տեղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում։ Ուզում եմ քեզ պատմել, թե ինչպես էր կյանքը ընթանում Կալավանում մինչև covid-19-ի ի հայտ գալը։

Ճիշտն ասած՝ այնտեղ, որտեղ ապրում եմ, փողոցներում շատ մարդիկ չկան, ու մեքենաների ազդանշաններ էլ հաճախ չես լսի։ Իմ գյուղը՝ Կալավանը, զբոսաշրջության գոտի է, ու ամռան ամիսներին այստեղ են գալիս օտարերկրացի հյուրեր։ Գյուղի բնակիչները հյուրատներ են կառուցել, ու մեր օտարերկրացի բարեկամներին հյուրընկալում են։ Մենք բոլորս մեծ սիրով ենք սպասում նրանց գալուն ու հատկապես սպասում ենք ամռան գալուն, որ կազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ։

Գյուղում կա մեկ դպրոց, ու դպրոցն ունի ընդամենը տասնինը աշակերտ։ Հա, մի զարմացիր, ես էլ այս տարվա միակ շրջանավարտն եմ, որը բոլորի պես սրտի թրթիռով էր սպասում վերջին զանգին։ Մնացած բոլոր տարիների վերջին զանգերին ես ունեցել եմ իմ մասնակցությունը ու միշտ անհամբեր սպասել եմ, թե երբ է իմը լինելու։ Ինչպես բոլորը, այնպես էլ ես, արդեն սկսել էի վերջին զանգիս սցենարի վրա աշխատել ու մտովի ամեն ինչ պատկերացնում էի՝ անգամ դահլիճի զարդարանքը։

Կյանքը այստեղ՝ Կալավանում, ուրիշ էր, մենք երբեք դասերից հետո տանը չէինք լինում, միշտ հավաքվում ու կազմակերպում էինք հետաքրքիր խաղեր՝ լցնելով գյուղի ամեն մի անկյունը մեր ճիչերով։ Փոքրիկ Կալավանը ունի իր փոքր բասկետբոլի թիմը։ Մի քանի ամիս առաջ էր, երբ խնդրեցինք ուսուցչուհուն մեզ տանել հարակից գյուղերից մեկի թիմի հետ խաղալու ու հաղթանակած վերադարձանք։

Այժմ ես քեզ կպատմեմ, թե ինչպես մեր կյանքը փոխվեց մի քանի օրվա մեջ։ Երբ արգելեցին տներից դուրս գալ, մարդիկ մեկուսացան ու փակեցին տան դռները։ Դռները փակելը Կալավանում մի փոքր հարաբերական է. մարդիկ չեն շփվում միմյանց հետ, բայց դուրս են գալիս բակ, զբոսնում, մշակում այգին։ Գյուղում ավելի հեշտ է իրականացնել մեկուսացումը, քան քաղաքում։ Մոռացա նշել, որ գյուղում խանութ չկա, ու մարդիկ գնումներ կատարելու համար պետք է յոթ կիլոմետր ճանապարհ կտրեն, որ մի ամսվա կամ մի շաբաթվա համար ուտելու բան գնեն։ Բացի այդ՝ աշխատատեղ չկա, ու գյուղացիները հիմնականում ամռան ամիսներին են կարողանում գումար աշխատել։ Հիմա, երբ վիճակը ծայրաստիճան ծանր է, հույս էլ չունեն, որ ամռանը աշխատանք կլինի։

Երբ վիրուսի պատճառով դասերը դարձան օնլայն, մենք յուրաքանչյուր ուսուցչի հետ կազմեցինք մեր գրաֆիկը ու առանց ժամանակ կորցնելու՝ սկսեցինք դասերը։ Ես՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի, անհամբեր եմ սպասում ուսուցիչների զանգերին։ Ու ամենից անհամբեր սպասում էի կրթության և գիտության նախարարի որոշմանը, թե ինչպես են անցկացվելու ավարտական ու ընդունելության քննությունները։ Դպրոցն ավարտելուց հետո որոշել եմ ընդունվել ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Երբ օնլայն դասերն ու մի գլուխ տնայիններն արդեն արել ես, տանեցիների նյարդերի վրա ազդել ես ու սոցցանցերից արդեն հոգնել ես, էլ բան չի մնում անելու։ Ուղղակի հոգնել եմ, հոգնել եմ ուղղակի հոգնելուց, հոգնել եմ անվերջ անիմաստ ու իմաստալից բաների մասին մտածելուց, իրոք, էլ բան չի մնացել անելու։ Անգամ դրսում եղանակը ուղղակի զզվելի է, չես կարող գոնե դուրս գալ ու վայելել արևը։

Տան չորս պատերը դարձել են ձանձրալի ու հոգնեցուցիչ։ Տպավորություն է, թե թռչունին գցել են վանդակի մեջ, չեն թողնում թևերը բացի ու թևածի կապույտ ու սիրուն երկնքում։ Ես, դու, նա, մենք բոլորս ենք հիմա ազատություն ուզում։

Գիտեմ, որ աշխարհում ավելի վատ բաներ էլ են լինում, գիտեմ, որ սա էլ դժվարություն է, որ պետք է հաղթահարենք միասին։

Վստահ եմ, որ մի օր էլի ուրախ ժպիտով տանից դուրս ենք գալու ու տեսնելու ենք մեր ընկերներին։ Մնանք տանը ու ինքներս մեզ հետ պայքար տալով՝ հաղթենք վաղվա արևոտ ու լուսավոր օրվա համար։

kristine hovhannisyan

Կանաչ ավտոբուս

Կանաչ ավտոբուսը երբեք չէր ուշանում։ Թերևս իմ կյանքում կատարվող այն քիչ դեպքերից էր, որ գալիս էր ճիշտ ժամանակին և ժամանակից առաջ չէր ընկնում, դրա համար էլ ներում էի նրան։ Չէր ուշանում, և կյանքումս միակ անփոփոխ մնացող երևույթն էր։ Ընկերներիս ստիպում էի մետրոներ բաց թողել, ու հետս ավտոբուսի փողոցը չափչփել։ Ավտոբուսի մոտի խոսակցություններն ամենաջերմն ու հետաքրքիրն էին։ Աղբարկղը մեր լուռ վկան էր, իսկ մենք՝ մշտական պատմիչը։ Հինգով էինք լինում, հետո մնում էի մենակ, ու կանաչը գալիս էր։ Ամեն օր ժամը հինգին Սամո «ձաձյան» հանգցնում էր ծխախոտը, միացնում շարժիչն ու տեղից պոկվում։ Շարժվում էինք միշտ նույն տեղից ու գնում միշտ նույն տեղը, անփոփոխ մայրուղիով՝ առանց կանգառների։ Կանաչ ավտոբուսի հասարակությունն էլ միշտ նույնն էր լինում։ Ավտոբուսը նաև իր հոտը ուներ։ Տարօրինակ հոտ էր, վատը չէր, բայց իր հոտն էր։ Մետրոյից, ուրիշ ավտոբուսներից կամ այլ տեղից նման հոտ չէր գալիս, դա կանաչին հատուկ հոտն էր։ Ամեն մեկս մեզնից անկախ անձնական նստատեղ էինք ձեռք բերել։ Ես վերջում էի նստում ու նայում դիմացս, մշտապես կիսադատարկ ավտոբուսին ու ինձնից առաջ նստողների գլխարկներին։ Ոչ մեկին չէի ճանաչում, բայց բոլորի որպիսությունից լավ տեղյակ էի։ Կանաչին դրա համար էի սիրում, քաղաքի վրայով սլացող չորսակնանի քաղաք էր։

Հիմա կանաչ ավտոբուսը չի կանգնում իր հին տեղում, և կանաչն էլ վաղուց սպիտակ է։ Աղբարկղը վաղուց էլ չգիտի, որ հինգս դարձել ենք չորս, ու տեղյակ չի, թե ինչպես ենք։ Ժամը հինգին Սամո «ձաձյան» էլ ծխախոտը չի հանգցնում, իսկ ավտոբուսի մարդկանց սկսել եմ անկախ ինձնից կարոտել։ Ինչպես է լինում, երբ դու չես ճանաչում նրանց, բայց գիտես, որ օրինակ՝ երեքշաբթի օրը տուն գնալուց հաց էր տանում, չորեքշաբթի օրը հագուստը պատահաբար վնասել էր, ուրբաթ էլ հիվանդացել էր։ Այսօր փողոցում մի կնոջ տեսա, չէի հասկանում՝ ով է, բայց վստահ էի, որ գիտեմ։ Հետո հասկացա, որ միասին մեկ տարի ճանապարհն ենք չափչփել, իր ամենօրյա հացի ու կաթի տոպրակներն եմ տեսել։ Հիմա նիհարել էր ու ձեռքին ոչ հաց կար, ոչ կաթ։

Ասածս ինչ է՝ ուզում եմ ավտոբուսը նորից աշխատի, նորից ճիշտ ժամանակին հասնի, ու նորից Սամո «ձաձյան» վարի։ Ես դեռ հիշում եմ իմ տեղը ավտոբուսում, հիշում եմ աղբարկղի մոտի անիմաստ, մահանալու աստիճան ծիծաղելի զրույցները, հիշում եմ՝ ինչպես առաջին անգամ ընկերներիցս մեկի հետ հենց ավտոբուսում տեսնվեցինք՝ առանց գիտակցելու, որ հետո ընկերանալու ենք, ու հիշում եմ, երբ վերջին անգամ ուշացած եկավ ու դափ-դատարկ հետ գնաց։ Իսկ ես էլ չնստեցի, որովհետև էլ կանաչը չէր, սպիտակ էր, իսկ ես կանաչին էի սպասում։ Իսկ հիմա, երբ ամեն բան դադար է առել, ավտոբուսը ևս դադար է ապրում։ Հիմա ոչ սպիտակը կա, ոչ էլ կանաչն է հորիզոն դուրս գալիս:

Բայց երբ ամեն բան անցնի և դուք գտնեք մեկին, ով սպիտակը կդարձնի կանաչ, խնդրեք՝ թող դարձնի։