Երանի ճիշտ արած լինեմ

Ասում են՝ արդեն 100 օր է, ինչ հեղափոխվել ենք․ դե իբր անկախություն ենք էլի ձեռք բերել։ Էս 100 օրերի ընթացքում բոլորս դարձանք վերլուծաբան, քաղաքական փորձագետ և նմանատիպ լիքը բաներ։Դե, էդ հեչ վիճելու չի, որ մեր երկրում բոլորս ամեն ինչ կարող ենք  անել․ բոլորս  կարող ենք վարչապետ աշխատել  ու Նիկոլին ուղղություն տալ։ Բոլորս կարող ենք բողոքել մեր նորանշանակ նախարարներից ու հետո չկարողանանք պատասխանել այն հարցին, թե բա՝ ու՞մ ենք տեսնում այդ պաշտոնում։ Բոլորս կարող ենք ամեն ինչ անել, բայց միևնույն ժամանակ, ոչինչ չանել, ու հենց էդպես մենք կարողացանք և արեցինք այն, ինչ արեցինք։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երբեք կյանքում չեմ մոռանա այն օրը, երբ առաջին անգամ ուսանողներով փակեցինք Երիտասարդականը, չեմ մոռանա իմ դողացող ձեռքերը, բայց միևնույն ժամանակ, կայուն միտքս ու հստակ նպատակս, էն մարդկանց  դեմքերը, որոնց մեքենայի առջև էինք հայտվում և թույլ չէինք տալիս իրենց երեխային դպրոց հասցնեն։ Էն տաքսու վարորդին, ով առաջինը միացավ մեզ ու իր մեքենայով փակեց ճանապարհը։ Չգիտեմ՝ ճիշտ ենք արել, թե՝ սխալ, ժամանակը ցույց կտա, բայց դե ինչ էլ արել ենք, լավ ենք արել։ Գիտեք՝ ինչքան մարդու սկսեցի սիրել էդ օրերին․ էն պատահական տատիկին, որն ինձ տվեց իր վերջին քաղցրավենիքը, էն տղային, ով ջուր հասցրեց, կուրսեցիներիս ու էլի լիքը մարդկանց: Էդ մարդիկ իմն են, իմ հարազատը, ու հեչ էլ կապ չունի, որ ես իրենց անունները չգիտեմ ու իրականում չեմ էլ ուզում իմանալ։ Մենք արեցինք դա մեր ծնողների հետ կռվելով, ինչ-որ մարդկանց  ինչ- որ բան բացատրելով՝ մեր առողջության ու մեր երեխաների ապագան ավելի լավը դարձնելու համար։ Հա, կարող է նաև հավես էր էդ ամեն ինչը անելը, երբեք ու ոչ մի տեղ էլ չես կարող ունենալ էն զգացողությունները, ինչ ունեցանք հրապարակում կամ սոված-ծարավ Երևանի փողոցներով թափառելիս, կամ էլ հաստատ, էլ հնարավորություն չես ունենա Ռոդենի արձանի հետ նկարվելու։

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Լուսանկարը` Լաուրա Մանուկյանի

Երեկ լիքը մարդ իրենց ֆեյսբուքյան էջերում գրում են, որ հրապարակ են գնում, գնում են հանարահավաք, գնում են նշելու «անկախության» 100-րդ օրը։ Ես չգնացի Երևան․ պատճառներից մեկը այն էր, որ հազիվ տուն եմ ընկել: Բայց դա չէ իրականում իրական պատճառը, այլ որ հրապարակում ոչ մեկից  ոչինչ չունեի պահանջելու։ Ուզում էի պահել իմ զգացողությունները նախքան հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո։ Ու հատուկ չգնացի, որ ֆեյսբուքումս նոր նկար չավելանա․․․

 

Տնակների թաղամաս

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Նկարեք, նկարեք,- կանչեց երեխան՝ կտուրից մեզ տեսնելով։
Մենք մեր խմբով Գյումրիում ուզում էինք գրել և լուսանկարներ անել այն մարդկանց մասին, որոնք երկրաշարժից հետո, կոցնելով իրենց տները, ստիպված տեղափոխվել են և մինչ օրս էլ ապրում են տնակներում։
Հենց սկզբում, երբ մտանք այդ թաղամաս, հանդիպեցինք մի պապիկի։ Հարցրինք երկրաշարժի մասին և խնդրեցինք պատմել իր ընտանիքի մասին։ Նա ցանկանում էր պատմել, բայց չէր կարողանում, քանի որ չէր ցանկանում կրկին հիշել այդ ամենը։

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

- Ինչի՞ եք եկել, ինչ-որ վատ բա՞ն եք ուզում անել,- դողացող և վախեցած ձայնով հարցնում էր պապիկը։

Անընդհատ կանչում էր թոռանը, քանի որ ինքը չէր ուզում շարունակել։ Հասկանալով, որ չարժե պնդել, որ նա խոսի այդ ցավալի թեմայով, դուրս եկանք և շարունակեցինք քայլել ու փնտրել նոր մարդկանց։ Հանդիպեցինք դրսում խաղացող երեխաների և գնացինք իրենց տատիկի մոտ, որը ուներ խնդիրներ լսողության հետ, ինչի պատճառով էլ կրճազրկվել էր աշխատանքից և հիմա ստիպված ապրում է թոշակի և նպաստի հաշվին։

-Ես էլ, աղջիկս էլ թոշակառու ենք։ Տղես Ռուսաստանում ա, բայց նոյեմբերի կողմերը արդեն կգա, որ էստեղ աշխատի ու մեզ մի ձև պահի։ Քուրս էլ ա ստեղ, դոմիկում ա ապրում։

Մյուս հետաքրքրված հարևանուհիներն էլ չկարողացան ոչինչ պատմել, քանի որ բոլորը փոքր են եղել երկրաշարժի ժամանակ և ոչինչ հիշել չէին կարող։

-Ես ամեն ինչ էլ հիշում եմ,- լսեցի մեծահասակ տղամարդու ձայնը։

Մենք խնդրեցինք մեզ պատմել իր պատմությունը։

-Հա, կարամ պատմեմ, ամեն ինչ էլ կարամ, բայց չեմ ուզում, երեխեք ջան, չեմ ուզում հիշել։

Արդեն պատրաստվում էինք գնալ, երբ հանդիպեցինք ամրակազմ, աշխույժ մի կնոջ։ Ուժեղ բնավորության շնորհիվ նա պատրաստ էր ամեն ինչ պատմել։

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ես տասնվեց տարեկան էի, դպրոցում էի։ Քույրս աշխատանքի էր կարի գործարանում։ Հայրս Ռուսաստանից նոր էր եկել։ Մեծ ախպերս բանակում էր, իսկ փոքրը երկրաշարժից հետո անհայտ կորել էր, մի քանի օր անց գտնվեց։ Երկրաշարժից հետո եկանք դոմիկ։ Ինքս եմ ամեն ինչ արել, տունը սարքել ու չեմ դժգոհում, ոչ էլ հաշվառված եմ տուն ստանալու համար։ Ինձ պետք էլ չի։ Հիմիկվա շենքերը նենց են կառուցում, որ քո տանը փռշտաս, հարևանը կասի՝ առողջություն։ Ուզենաս «ռազեդկա» դնես, պիտի գնաս հարևանի տնից անե

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Գյումրիում հիմա կան մոտ երկու հարյուր տնակներում ապրող մարդիկ, ովքեր պետք է ստանան տներ «Գյումրին առանց տնակների» ծրագրի կողմից։ Չնայած դրան՝ կան շատ տներ, որոնք քարաշեն են և հաշվառված չեն։ Շատ մարդիկ չեն դժգոհում և փորձում են իրենց հնարավորությունների չափով բարելավել իրենց տները և կյանքը։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Էլզա Զոհրաբյան, Զառա Թորոսյան

davitgorgoyan

Չի՛ կարելի

Առաջին դասարանում ասացին՝  «Չի՛ կարելի», ու էդպես «սովորեցինք» ինը տարի: Դպրոցը հաստատ որոշել էր, որ մեր ապագան թաքուն լափող պետության ապագան իրենք են ծնում: Իրենք գոհ էին: Մենք էլ էինք գոհ, որովհետև մեզ ասել էին. «Չի՛ կարելի»: Էդպես ճիշտ էր: Մենք պիտի՛ գնայինք դասի առավոտյան ինին, մենք պիտի՛ շախմատի ձիու պես քառասունհինգ րոպե նստեինք ու գլխով անեինք, մենք պիտի՛ միշտ համաձայնեինք ուսուցչուհու հետ, մենք պիտի՛ միշտ լռեինք, մենք պիտի’, որովհետև մեզ ասվել էր. «Չի՛ կարելի»:

Բարի աչուկներով «ձյաձյաները» ամիսը մեկ դասարաններ էին մտնում ու բոլորիս ականջին ցածր  աղաղակում, որ դպրոցը մեր երկրորդ տունն է, ուսուցչուհին՝ մեր երկրորդ մայրը, ու մենք պիտի՛ հարգենք դա: Մենք պիտի՛: Էսպես պիտիներով պիտի մեծանայինք ու մի օր նստեինք համակարգչի դիմաց գրելու, թե դպրոցը ինչպես էր ուղղակիորեն կամ անուղղակիորեն բռնաբարում մեր չձևավորված միտքը, սպանում երևակայելու ունակությունն ու գծում քառակուսի սահմաններ` դուրս չգալու պարտադրանքով:

Մենք կմեծանայինք, ու ամեն ինչ կգնար այնպես, ինչպես ծրագրված էր: Ու մենք էդպես էլ չէինք հասկանա, թե ասենք, մաթեմատիկայի ուսուցչուհին ինչո՞ւ էր լատինական այբուբենի տառերի կողքին թվեր գրում, ու ինչո՞ւ է մեկին գումարած մեկը հավասար երկուսի, այլ ոչ թե անվերջության: Չէինք հասկանա, որովհետև քառակուսի ակնոցների տակից կնճռոտ աչքերով նայող «ծյոծյան» կզայրանար, եթե հարցեր տայինք: Դրա համար 1+1=2 ու վերջ: Ես էդպես էլ էս բարդ հավասարումից բացի ոչինչ չսովորեցի, դրա համար ստիպված եմ ամեն ամիս բարի, «քաչալ» տղամարդուն գումար վճարել՝ ինձ սովորեցնելու համար, որ ես ճիշտ էի. այն անվերջին էր հավասար, մաթեմատիկան անվերջությունն է: Ստիպված եմ, որովհետև ամեն ինչ չգնաց ուղղագիծ պլանին հավասար, ու ինքնասպան եղած երազանքներս զարմանալիորեն վերակենդանացան: Հետո էդպես էլ չհասկացա, թե ինչու էր անգլերենի ուսուցչուհին երեք տարի շարունակ սովորեցնում to be բայի խոնարհումը ու իրենից վերջապես ազատվելուց հետո ինչի պիտի ստիպված լինեմ նորից գումար վճարել՝ անհատական ուսուցչի շնորհիվ երազանքս առաջ բրդելու համար: Ես միայն երեք շաբաթ առաջ վերադարձա երկրորդ Եվրոպական փորձի փոխանակման ծրագրի միջոցով 10 օր Ռումինիայում անցկացնելուց, իսկ դրանից մի ամիս առաջ Լատվիայում լինելուց հետո: Փաստորեն մեկ տարվա անհատական ուսումս ավելի արտադրողական էր, քան ութ տարի to be բայը խոնարհելը: Չէ՛, չեմ բողոքում. չի՛ կարելի:

Ութերորդ դասարանում իմացանք, որ «Իրավագիտություն» ենք անցնելու: Հաջորդ օրը պարզվեց, որ առանձնապես ոչինչ չի փոխվել, ընդամենը առարկաների թիվն է շատացել: Պիտի լսեինք ուսուցչին, գնայինք տուն ու մյուս օրը տառ առ տառ կրկնեինք նույնը: Ոչ մի բարդություն չկար, այն մեր մտքի ու սահմանների արանքում անգամ տեղ չէր գտել: Պիտի անեինք նույնը՝ ինչ-որ անում էինք մնացած դասերի ժամանակ: Ու միայն երկու տարի հետո պիտի հասկանայինք, որ «Իրավագիտություն» նշանակում է՝ «Գիտություն իրավունքների մասին», ու զարմանայինք, որ այն ավելին էր, քան ուղղակի սև տառերը պատմության սպիտակ թերթերի վրա: Հասկանայինք, որ պետք է ութերորդ դասարանի երեխուն պատկերավոր բացատրել, թե ինչ է իրավունքն ու այն կրողը, որ պետք է տնկել այն նրա ուղեղում, որ մի օր ծիլ տա ու, գրողը տանի, այն քննարկելու հնարավորություն տալ: Բայց կա ավելի՛ վատը. դպրոցում դեռ «Չի՛ կարելի»:

Ուղղակի պիտի՛ բացատրվեր, որ կյանքը իր հարմարության համար կարճ «շորտիկ» հագած ամեն աղջկա հետևից «Ախ, էս ինչ լավն ա» ասելով չի՛, որ ամեն խեղկատակ իրավունք չունի՛ ուղեղումդ խցկել իր սեփական կարծիքը, ու դու իրավունք ունես ասել «ո’չ», որովհետև դու դպրոցում երկու տարի ժամանակ ես սպանել դա սովորելու համար, որ դու իրավունք ունես ինքդ ընտրել դասընթացը, որին դու ես ուզում մասնակցել, ու քեզ չեն ստիպի հետո զղջալ, որ չստացված ապագայիդ պատճառը քառասունհինգ րոպեն ինքնակրթության վրա չծախսելդ է: Ուղղակի պիտի՛ բացատրվեր, որ չկան «Չի’ կարելի»-ներ, դրանք քո՛ սահմաններն են:

Իմ ուսուցչուհիները ամենալավն են եղել, բայց լավ մասնագետն ու լավ մանկավարժը տարբեր բաներ են:

Հայ- Բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր տասներկուերորդ

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Առավոտյան ժամը 10-ին շարժվեցինք: Այս անգամ ուղևորվում էինք Գյումրի:

-Էրեխեք, դուք Գյումրիում եղե՞լ եք,-հարցրեցի ես:

Պետք է առաջին անգամ լինեի Գյումրիում:

Առաջին տեղը, որ այցելեցինք, Ձիթողցոնց տուն-թանգարանն էր: Այնտեղ մեզ ծանոթացրին Գյումրու պատմության, մշակույթի և կենցաղի հետ: Տեսանք, թե ինչպես են ապրել տեղի միջին և բարձր խավի ներկայացուցիչները 19-րդ դարում: Թանգարանում քաղաքին ծանոթանալուց հետո որոշեցինք շրջել քաղաքի փողոցներով:

Որոշ ժամանակ զբոսնելուց և ճաշելուց հետո բաժանվեցինք խմբերի: Մի խումբը գնաց Հայաստանի ամենահին վարսավիրանոցը, մյուս խումբը գնաց երկրաշարժից հետո տնակներում ապրող մարդկանց մոտ:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

-Ես գնում եմ վարսավիրանոց, որ մազերս կտրեմ, հետո տանը բոլորին զարմացնեմ,-ասացի ես՝ չիմանալով, որ այդ վարսավիրանոցը միայն տղամարդկանց համար է:

Չնայած դրան՝ վարսավիրանոցը շատ գեղեցիկ էր և 1940թ-ից պահպանել էր իր հին տեսքը: Երբ ներս մտանք, հայտնվեցինք 20-րդ դարում: Վարսավիրանոցը նկարելուց հետո գնացինք զբոսնելու:

Եղանք «Մեր մանկության տանգոյի» պատշգամբում: Այգիներով զբոսնելով հասանք հրապարակ:

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Իսկ մյուս խումբը գնացել էր տնակների թաղամաս և լուսանկարել հին Գյումրու հին փողոցները:

-Ռեդուան, հոլանդերենով կշնորհավորե՞ս մամայիս ծնունդը,-հարցրեց Ինեսան:

-Խելյուքիգե վեղիաակդախ,-ասաց Ռեդուանը:

Ծրագրի ընթացքում Ռեդուանը հայերեն շատ բառեր էր սովորել: Վերջապես մեզ էլ հոլանդերեն մի բան սովորեցրեց: Անընդհատ փորձում էի ճիշտ արտասանել այդ արտահայտությունը: Հոլանդերենը շատ դժվար լեզու է:

Մազերս այդպես էլ չկտրեցի, բայց արդեն որոշ չափով ծանոթ էի Գյումրի քաղաքին:

Երբ հետ էինք վերադառնում, կարողանում էի հոլանդերենով «ծնունդդ շնորհավոր» ասել:

Լիլիթ Վարդանյան

***

Կորած հեռախոսի զարթուցիչը

Անկախ նրանից, թե որքանով են տարբերվում մի խումբ մարդկանց աշխարհայացքներն ու մշակութային սովորույթները, կա մի պարզ փաստ, որը բոլորին միմյանց հասկանալու հնարավորություն է տալիս։ Փաստի ձևակերպումը՝ բոլորս ծիծաղում ենք նույն լեզվով։ Մի լեզվով ծիծաղելու սիրուն հնարավորությունը տրված է մարդկությանը՝ բոլոր անհասկանալի իրավիճակների ու թյուրիմացությունների արագ շտկման համար։

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Օրեր առաջ հյուրատանը վաղ առավոտյան ինչ-որ տարօրինակ խառնաշփոթ էր։

Ռեդուանը պատմում է դեպքի մանրամասները.

-Ամեն առավոտ զարթուցիչս զնգում է ժամը 7-ին։ Այդ առավոտներից մեկն էր, երբ զարթուցիչս զնգաց, ու ես բնականաբար քնած մնացի։ Տղաները վրդովված արթնացրին ինձ՝ խնդրելով անջատել զարթուցիչի ձայնը, որն արդեն մեկ ժամ շարունակ անհանգստացնում էր իրենց։ Ես չէի կարողանում գտնել հեռախոսս։

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Պարզեց՝ ընկել էր մահճակալի հետևը։ Բոլորը նայում են ինձ, ես իջնում եմ մահճակալի երկրորդ հարկից ու զարթուցիչիս երաժշտության ուղեկցությամբ փորձում եմ հայտնաբերել հեռախոսս։ Ես հասկացա, որ ներքնակն ամբողջովին դուրս քաշելու դեպքում գործն ավելի հեշտ կընթանա, որի արդյունքում մնացի պատի ու մահճակալի արանքում։ Մի քանի րոպե անշարժ մնալուց հետո մի կերպ դուրս պրծա էդտեղից։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Զվարճալի պատմության ականատեսներն ամեն անգամ ժպիտով են մտաբերում էս դեպքը։ Որոշներն անգամ վիդեոների ու նկարների տեսքով զվարճանքը միշտ կատարյալ աստիճանի են հասցնում։

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Երկու օրից Ռեդուանը կլքի Հայաստանը, իսկ կորած հեռախոսն ու խելագար խառնաշփոթը կդառնան ծրագրից մնացած ամենաջերմ հուշերից։

Եվա Խեչոյան

Հյուրը

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում ամենահետաքրքիր իրադարձությունը հյուրընկալ ընտանիքին հանդիպելն էր, այն էլ Ազիզյանների ընտանիքին։ Ընտանիքում Բացի մեզնից ուրիշ հյուրեր էլ կային։ Հյուրերից ամենաուշագրավը, թերևս, Սուսան տատիկն էր, ով հենց ամենասկզբից տարբեր կատակներ էր անում ու ապահովում մեր բարձր տրամադրությունը։

Սուսան տատիկը Արարատից եկել էր Արզական՝ Ազիզյաններին հյուր։ Երբ հարցրեցի, թե ինչպես է սկսվել նրանց բարեկամությունը, նա շատ մեծ ոգևորությամբ պատմեց.

-Կարենս ու Սասունը (տանտերը) իրար հետ ծանոթացել են Չեխոսլովակիայում ծառայելիս, մոտիկ ընկերներ են դարձել ու դրանից հետո բարեկամություն ենք հաստատել։

Տարբեր առիթների գալիս ենք, այցելում Արզական՝մեր բարեկամների տուն։

Բելգիացի մասնակիցներից մեկը մոտենում է Սուսան տատիկին նկարելու.

-Աղջի՛, սպասի մազերս սանրեմ՝ նոր նկարի։

Ու ավելացնում.

-Էս օտարերկրացիները բայց լավն են, ես իրենց ընդունում եմ ոնց որ հայի, եթե գալիս են Հայաստան, ուրեմն մեզի սիրում են։ Ես շատ երկրներ չեմ այցելել, կուզեի գնայի աշխարհ տեսնեի, բայց Հայաստանից դուրս երբեք չեմ ապրի։ Հենա, որ Մորենը ինձ տանի Բելգիա, մեծ հաճույքով կգնայի տեսնեի,-ավելացնում է ծիծաղելով։

Ի դեպ նշեմ նաև, որ Սուսան տատիկը Մորանին շատ էր հավանել, անգամ կատակում էր, որ նա պետք է մնա Հայաստանում և ամուսնանա հայ տղայի հետ։

-Այ ցավդ տանեմ, Հայաստանը լավն ա: Ես Հայաստանում ծնվածս օրվանից ոչ մի տեղ չեմ ուզում գնալ, մենակ թե՝ պատերազմ չլինի։ Հայաստանը կծաղկի անպայման։

Ճաշում ենք։ Ճաշելու ընթացքում բազմաթիվ կատակներ անելուց և մեր տրամադրությունը բարձրացնելուց հետո սկսվեց հայ աղջիկների մասին զրույցը.

-Մեր հայ աղջիկներին շատ եմ սիրում՝ նամուսով են, հարգանքով, բայց որ մի սխալ բան եմ տեսնում, հարազատի նման նեղվում եմ։ Էս Մորանը ոնց որ իսկական հայ լինի, ի՞նչ կլինի, որ պահենք Հայաստանում։

Նորից սկսվում է կատակների շարանը, ու մենք ծիծաղում ենք։

-Սուսան տատի՛կ, ախր, ձեր կատակները շատ լավն են։

-Ես կատակներ շատ եմ սիրում անել, հատկապես՝ քեֆերին և ուրախություններին։ Ես սիրում եմ երեխեքի հետ երեխա ըլնեմ, տատիկների հետ՝ տատիկ։ Չեմ սիրում, որ ջահելները ինձնից նեղվում են, ասում են՝ խոսեցինք, ծիծաղեցինք՝ ջղայնացավ մեր վրա…

Մեր ջահելներին շատ եմ սիրում, իրանք մեր երկիրը դբա լավն են տանելու,-եզրափակեց Սուսան տատիկը։

Վերջում վերցրեց Մորանի ակնոցը, դրեց, թե բա՝ ինձ նկարեք։

-Հաջո՜ղ ժուռնալիստներ ջան, դուք եք ինձ հայտնի դարձնելու։

Ինչը չես գնահատել մինչև հիմա

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Երևի թե նկատած կլինեք վերջերս ֆեյսբուքում և հեռուստատեսությունում հայտնի Հաղարծնի շաբաթի մասին: Արդեն երկրորդ տարին է, ինչ մասնակցում եմ որպես լուսանկարիչ-լրագրող: Հաղարծնի շաբաթը տևում է բնականաբար յոթ օր, և այդ օրերը լի են հյուրերով՝ թե ներսից, թե դրսից եկածներով: Շփվում ես տարբեր մարդանց հետ՝ տեսնում մի շարք դրսից եկածների և նրանց անասելի կարոտը բնության նկատմամբ և, վերջ ի վերջո, իրենց մեծ դժվարությամբ կտրվելը կանաչ շապիկավորներից:

Ամեն տարի այդ յոթ օրը ես երբեք չեմ մոռանում, որովհետև ձեռք եմ բերում իսկապես լավ ընկերներ, ավելի ամրապնդում իմ կապը հին ընկերների հետ և, ինչու չէ, նաև սովորում շատ բաներ: Ամեն մեկս մի գծով ենք այնտեղ խորացած՝ կա խոհանոցի պատասխանատ ու իր օգնականներով, էքսկուրսավար, հյուերին դիմավորող, տեխնիկայի պատասխանատու և ես՝ Հաղարծնի շաբաթը լուսաբանող ֆոտոներով և հոդվածներով: Յոթ օրվա մեջ հանդիպում եմ ամեն տեսակ մարդկանց՝ հիմա կներկայացնեմ: Կա այսպիսի տեսակ, երբ իջնում են ավտոբուսից և ստանում այնպիսի հիացմունք և դիմային միմիկա բնությունից, որ մինչև ավտոբուս նստելը չի փոխվում: Կան նաև հայրենիքը կարոտած, իսկապես հայրենասերներ, ովքեր մեքենայից իջնելուն պես նայում են վանական համալիրին, անտառներին և լցված աչքերով համբուրում խաչքարերը: Հա, կա նաև բնականաբար, այս տեսակը, ովքեր հատուկ գալիս են ուղիղ եթեր մտնելու, սելֆիներ անելու և ֆեյսբուքում նշելու, որ եկել են Հաղարծին: Բայց ես համոզված եմ, որ այդ տեսակը ոչինչ էլ չի հասկացել Հաղարծնից, բնությունից, ազգագրական պարերից, ջերմ դիմավորությունից, որովհետև պատկանում են վիրտուալ կյանքով ապրող դասին: Այդպես էլ տանել չկարողաց նաև այս տեսակին.

-Պահ, ձեզ ի՞նչ կա… Կյանքը ձերն ա, աբրում եք էլի: Մաքուր օդը կա, ջուրը կա, բնությունը կա, էլ ի՞նչ եք բողոքում՝ գյուղ ա, էս ա, էն ա… Դզվել եք, էլի…

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Չեմ սիրում ինձնից մեծերի հետ բանավիճել, բայց էսպես ասած, ջանիս հասավ ու ասացի հետևյալը.
-Կներեք, բայց կողքից նայելը շատ գեղեցիկ է: Ինչո՞ւ է Ձեզ թվում, որ եթե բնություն կա, ուրեմն էստեղ ամեն ինչ թափված է: Կներեք պարոն, բայց անգամ այն գեղեցիկ տնակը, որ կտրված է բլուրի վրա և պատված է գեղեցիկ գույնզգույն փեթակներով, ինչքան գեղեցիկ է, երկու այդքան դժվար դրանց պահելը: Օրինակ, մեկը՝ անընդհատ մաքրել մոլախոտերից, որպեսզի տնակն իր շջակայքով այսպես գեղեցիկ լինի: Հերթով բացել-փակել փեթակները, ստուգել, հետևել, որպեսզի մեղուները չլքեն: Ամեն ինչ կողքից հեշտ է, բայց եկեք գնաք սիրուն տնակի գերհոգնած դեմքերով տատի պապիին նայենք, ովքեր օրվա մեջ տասնհինգ րոպե հանգիստ են ունենում ու էլի աշխատում: Ասե՞մ՝ ինչու: Ձեզ նման քաղաքում չեն աշխատում: Եթե Դուք ուղղակի սպասում եք, որ ձմեռ գա, և քայլեք սպիտակ այգիներով և հարկ եղած դեպքում պտտեք գազօջախի փականը, որպեսզի ջերմանա տունը, ապա այս պապիկը տատիկի հետ միասին արևի տակ աշխատելուց հետո սպասում են հովն ընկնի, որ գնան ցախ բերեն, երկուսով կոտրեն, որպեսզի վառարանով ջերմանան: Կամ ինչո՞ւ եք մեդալի մի կողմը կարդում՝ հա, սիրուն ա, հաճելի ա արթնանալ և մառախուղով պատված սարեր, կանաչ և շուտով դեղին անտառ տեսնել, բայց չե՞ք մտածում, որ կա նաև լիքը բաների պակաս. խմբակների, աշխատատեղերի և մի շարք շատ բաների: Ու կներեք, բայց էստեղ շատ քիչ երեխաներ են, ովքեր կարողանում են գոհ ապրել կյանքից և, ի տարբերություն Ձեզ, ֆոտոներ անել ամենավերջին սերնդի այֆոնով: Հավատացեք, որ անգամ այն տատին ու պապին են հոգնել և ուզում են քաղաքային պայմաններում ապրել և ջերմանալ գազօջախով, ոչ թե մեծ տարիքին ձեռքով փայտ բերեն, ձեռքով կոտրեն և տասը րոպեն մեկ ձեռքով գցեն վառարանը, որպեսզի չկորի ջերմությունը: Բայց հանուն գոյատևելու, բոլորից կտրված մեղուներ են պահում բլուրի վրա, ու կապ չունի, որ գեղեցիկ տեսարանում են տանջվելով աշխատում:
…Ես ոչինչ չասացի, ուղղակի բարի ժամանց մաղթեցի և հետ եկա իմ գործին՝ ֆոտո անելու: Ճաշի ճամին ես իմ բաժինը վերցնում էի, և նստում անտառին ամենամոտ գտնվող նստարանին: Նայում եմ, էլի նույնը. ծնվածս օրվանից նույն ծառերը, նույն անտառները: Բայց երբ ինձ համոզում էի, որ իբր առաջին անգամ եմ տեսել, հասկանում էի, որ իրոք սա է հարստությունը, որի ֆոտոները նայելուց ուղղակի հպարտանում ես, որ դու ես ֆոտոյի հեղինակը և որ ապրում ես այդտեղ ու այն, ինչը թանկ է, բայց չես գնատահում: Ամեն ինչ չի գումարով որոշվում: Գումարով կարող ես գնել մեքենա, տուն, էլեկտրոնիկա, հագուստ, բայց ոչ բնությունը, ոչ էլ այդ ընկերական շրջապատը, որը ես ձեռք եմ բերել այդ յոթ օրվա մեջ:

Պապիս ապրած և չապրած տարիները

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Լուսանկարը` Գոհար Փարսյանի

Յուրաքանչյուրի մասին կարող ես խոսել, թե՛ ծանոթների, թե՛ անծանոթների, բայց հարազատներիդ մասին և հատկապես պապիդ մասին, բառեր չես կարող գտնել՝ խոսելու կամ գրելու համար:

Պապս՝ Աշոտը, ճաղատ, միշտ թախծոտ աչքերով մարդ էր: Ճիշտ է, վերջին 8 տարիների ընթացքում նա դժվարանում էր քայլել, սակայն այդ վիճակում ևս, նա չէր դադարում ուրիշների մասին մտածել:

Դժվարանում եմ պապիս մասին անցյալով խոսել, որովհետև նա մեզ հետ է, կապ չունի, որ ֆիզիկապես լքել է մեզ, նա հոգեպես մեր կողքին է և պաշտպանում է մեզ ցանկացած փորձությունից:

Պապս՝ Փարսյան Աշոտը, ծնվել է 1941թ.-ի նոյեմբերի 4-ին, մեր հին ու չքնաղ Հալիձորում: Հին գյուղում էլ ստացել է 8-ամյա կրթություն, այնուհետև ուսումը շարունակել է Շինուհայրում: Դպրոցն ավարտելուց հետո նրան չեն տանում բանակ. ծնողները ծեր էին, պապիս խնամակալության տակ, սակայն 2 տարի հետո, զինակոչվում է, ծառայությունն ավարտելուց հետո վերադառնում է հայրենիք և ամուսնանում տատիս՝ Ռոզայի հետ (եթե հիշում եք, տատիս մասին էլ եմ գրել):

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Երբ տատիս հարցրի, թե ինչպես են ծանոթացել, ամուսնացել, տատս նայեց ինձ, աչքերը մի փոքր լցրեց ու լռեց: Ճիշտ է, այդպես էլ չիմացա, բայց գիտեմ, որ մի հետաքրքիր ձևով ծանոթացած կլինեն:

Ամուսնանալուց հետո պապս և տատս մեկնում են Բաքու, որտեղ ծնվում է մորաքույրս՝ Ալինան, այնուհետև վերադառնում են Հին Հալիձոր: Երեք տարի հետո ծնվում է քեռիս՝ Ռոբերտը:

Ինչպես նշել էի տատիս մասին հոդվածում, 1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները:
Նոր գյուղում նոր տանը ծնվում է մայրս՝ Իրան: Այս շրջանում պապս պահեստապետ էր, այդ ժամանակ Գորիսում ինչքան խանութ, բուֆետ կար, իրենց սնունդը պապս էր բաժանում:
Մայրիկիս ծնվելուց երեք տարի հետո էլ ծնվում է մյուս քեռիս՝ Վարդանը:

Տատս ու պապս, 4 երեխաներին էլ շատ սիրում, խնամում, պատրաստված դպրոց էին ուղարկում:

Պապիս մասին անվերջ կարելի է նստել և խոսել, մայրիկս հաճախ է պատմում պապիս մասին, ասում է.
-Պապիկդ ամեն օր մեր դասերը ստուգում էր: Մի օր, երբ ստուգելու ժամը գալիս է, իսկ մենք դաս սովորած չեն լինում, ասում ենք, որ պատմությունը կարդալ է տվել, պապիկդ էլ թե բա՝ էշի մեկերը, ո՞վ ա տեսել պատմությունը կարդալ տան (ի դեպ, «էշի մեկերը» պապիս սիրած բառերից էր):

Մայրս նաև պատմում է, թե ինչպես էր օգնում պապիկիս հաշվապահական աշխատանքներում: Այն ժամանակ փայտի համրիչներով էին հաշվում, և այդտեղից էլ մայրիկիս մեջ սեր ծնվեց դեպի հաշվապահությունը և այդ ուղղությամբ էլ սովորեց:

Հիշում եմ, երբ գնում էի պապիկենց տուն, պապիկս ասում էր, որ Իզան փողոցի սկզբում ա լինում, ես միանգամից իմանում եմ, էնքան բարձր ա խոսում:
Դե, ես փոքր ժամանակ հայտնի էի բարձր խոսելով:

Պապիս քույրը՝ Թամարա տատիկը, ասում էր, որ երբ ինքը փոքր էր, պապիկս գնում էր խոտ հնձելու, ինքն էլ էշին էր տանում, որ խոտը լցնեն վրան ու տանեն տուն:

Փոքր ժամանակ, բոլոր թոռներս գիտեինք, թե պապիս անունը Փարսյան է: Դե իրեն բոլորը Փարսյանով էին դիմում: Այնքան հիշողություններ կան, որ չգիտեմ, որը գրել, որը՝ թողնել:

Պապիս բոլորը սիրում և հարգում էին: Նա մեզ համար հիանալի օրինակ է թե՛ իր մարդ տեսակով, թե՛ իր աշխատասիրությամբ:

Հայ- բելգիական “Exploring the world through the lens of camera” ծրագիր. օր տասնմեկերորդ

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Լուսանկարը` Զառա Թորոսյանի

Այս անգամ այսպես: 

Օր տասնմեկ,

Նույն տեղում քնած էի ես,

-Երեխաներ, պատրաստվեք,

Արման, մենք չենք սպասելու քեզ,

Դու գնա լվացվիր,

Այնուհետև կշտացիր:

Դուրս եկա ես հոսթելից,

Տեղյակ չեմ այսօրվա գործերից,

«Մանանա» ենք հասնում,

Հովնանը մեր հեռախոսներն է վերցնում.

Մեր պատիժն էր:

Քննարկումը հետաքրքիր էր,

Գործը շատ էր,

Ժամանակն էր քիչ:

Ֆիլմի միտքը լավն էր,

Մոնտաժը՝ մի քիչ:

Ժամն է լանչի,

Այսօր կուտեմ կանաչի,

Չէ, սա կատակ էր:

Կարտոֆիլը տաք էր,

Կշտացա,

Չաղացա,

Միացա,

Թանգարան գնացողներին:

Ստացա

Բանալին գիտելիքների:

Հետո ազատ էի:

Բայց պարապ էր:

Կանչեց Դիանան ինձ «Մանանա»,

Ասաց՝ Վալերիան միայնակ ա:

Գնացի օգնեցի,

Հայերենից անգլերեն թարգմանեցի:

Տիկին Ռուզաննայի հետ խոսեցի,

Հետաքրքիր խաղ խաղացի:

Էհ…

Հոգնեցի,

Ընթրիքի ժամն է,

Իսկ մենք ուշանում ենք:

Մի՞թե սա փորացավ է:

Ես հասկացա պատճառը՝ մենք սոված ենք,

Վերջապես «Կովկաս» եկանք,

Խաչապուրի ու խինկալի ես կերա:

 

Դուրս եկանք,

Մութ քաղաքում ման եկա:

Զանգ եկավ.

«Գալիս ենք, Լիլիթ ջան»:

Ներս մտա,

Շատ գործեր կան:

Սկսեցինք հարցազրույցը թարգմանել

Ես և Մարիամը:

Արդեն եկել է ժամը,

Որ նստեմ նյութ գրեմ:

Այսպես:

Կավարտեմ ես օրագիրը,

Իսկ ժամեր անց Գյումրի է գնալու իմ թիմը:

«Հայը մեկ ոսկի»

“Exploring the world through the lens of camera” ծրագրի շրջանակներում

Արզականում՝ հյուրընկալ ընտանիքներում ապրելու ընթացքում, հանդիպեցի մի կնոջ, ում ծնողները Արևմտյան Հայաստանից էին եկել։ Յաղջյան Ռոզան, չնայած նրան, որ ծնվել է Հայաստանում, շատ մանրամասներ գիտեր Եղեռնից և պատմում էր իր ընտանիքի պատմությունը։ Նրա ծնողները եղել են բնիկ սեբաստացիներ։

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Լուսանկարը` Աննա Անդրեասյանի

Նա պատմում էր, թե ինչպես են երիտթուրքերը կառավարության գլուխ գալով, մեծ խոստումներ տալիս, որ կբարելավեն հայերի կարգավիճակը։ Հետո ավելացրեց.

-Բայց այդ ամենը խաբեություն էր։ Ինչպես միշտ, հայերը օգտագործվել են թուրքերի կողմից։

Հետո սկսվում է Ցեղասպանությունը, և ամենաշատ տուժած շրջանները լինում են Խարբերդը և Սեբաստիան։ Իհարկե, շատ հայեր կային, ովքեր փորձել են դիմադրել և պաշտպանվել։ Նրա պապն էլ՝ Յաղջյան Հարությունը, դիմադրողներից մեկն է եղել։ Նա զենքեր, երկաթե իրեր և փայտեր է բերել կառքով.

-Թուրք ժանդարման եկել և ստուգել է, թե ինչ է բերել։ Տատս ասել է, որ վառելափայտ է։ Փայտերը զինամթերքի վրա են շարել, որ չնկատեն։

Դրանից հետո նրա տատը լուր է ուղարկել պապին, թե թուրքերը «հոտն առել են»: Յաղջյան Հարությունը, այնուամենայնիվ, զենքերը հասցրել է Խարբերդ։

Բայց Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո, թուրքերը հավաքում են ամբողջ զենք-զինամթերքը, պատճառաբանելով՝ դրանք պետք են պատերազմին։ Իսկ տղամարդկանց զորակոչման պատրվակով տանում են, երեք օր պահում բանտում, իսկ հետո սպանում։

Այնուհետև սկսում են խաղաղ ժողովրդի տեղահանումը։ Նրա ընտանիքը բավական հարուստ է լինում։ Նրա տատը հավաքում է ոսկիները և տալիս թուրքերին, որ նրանք ապահով պահեն։ Թուրքերը նաև թուղթ են տալիս տատին, որ կարողանա հետագայում ոսկեղենը հետ վերցնել.

-Դե, այդ բոլորը կեղծություններ էին,-կրկնում է Յաղջյան Ռոզան։

Նրա տատը երկու ձիերով կառք է վերցնում, և քառասուն հոգով ճամփա են ընկնում՝ սկեսուրի և վեց երեխաների հետ.

-Էս ձիերը չեն ուզում քաղաքից հեռանալ, մեծ հոտառություն ունեն ու գիտեն, որ տերը քաղաքում է։ Ստիպված ոտքով են գնում։ Քաղաքից մի փոքր հեռանում են, և սկսվում է իրենց ջարդը։ Վեց երեխաներից չորսը մահանում են… սովից։ Տատս իր ձեռքով է թաղում նրանց։

Այսպես գնալով հասնում են մինչև Մալաթիա՝ լրիվ պատառոտված շորերով։ Եղել են դեպքեր, որ ջրի բաժակը մեկ ոսկով են առել, ծարավին դիմանալու համար։

Նրա պապին՝ Հարություն Յաղջյանին, սպանում են, ինչպես մյուս տղամարդկանց, որ տարել էին.

-Երեք տարի էդ ճանապարհներին, նույն շորով, նեղություններով հասնում են մի բաղնիք, որտեղ լողանում են։ Նրանց ամբողջ մազերը թափվում են և մնում են ճաղատ։ Մյուսները շարունակում են իրենց ճանապարհը, շարունակում են մինչև Դեր Զոր։

Նա նաև պատմում է, որ Հռոմի պապը կոնդակ է ուղարկում, որ կաթոլիկներին չվնասեն։ Իսկ իրենք կաթոլիկ են եղել.

-Քառասուն հոգուց վերադառնում են երեք հոգի՝ հայրս, տատս, հորեղբոր տղան։

Բայց վտանգը դեռ կար, դրա պատճառով նրանք գնում են Պոլիս։ Այնտեղից 1922 թվականին ֆրանսիական կառավարության օգնությամբ նրանք տեղափոխվում են Ֆրանսիա։ 1936 թվականին, նրա հայրը, արդեն ամուսնացած, գալիս է Սովետական Հայաստան։

«Սեբաստիա» միությունը Երևանում շենքեր է կառուցում, որ հայրենադարձվածներին ընդունեն։ Սկսած այդ պահից, նրանք ապրում են Հայաստանում.

-Մորս պատմություն էլ գրեթե նույն է,-ավելացրեց նա։

Յաղջյան Ռոզան իր պատմությունը եզրափակեց պատմելով այն մասին, թե ինչպես են տարիներ հետո «Սեբաստիա» միության անդամները «Հայը մեկ ոսկի» նախաձեռնությամբ, ազատում այն հայ երեխաներին, ովքեր գտնվում էին թուրքերի ձեռքում։

Մոմը՝ հարյուր, Սպունգ Բոբը` երեք

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Exploring the world through the lens of camera ծրագրի շրջանակներում

Երկու օր մեր խմբով մնացինք Արզական գյուղում և երկու օր շարունակ լսում էինք, որ ուխտ է լինելու: Նույնիսկ մեզ հյուրընկալող տան փոքրիկը (ի դեպ, անունը Սուրեն էր), անընդհատ հարցնում էր, թե արդյո՞ք գնալու ենք եկեղեցի ուխտի՝ երթը նկարելու: Հասկանում էինք, որ գյուղը շատ մեծ կարևորություն է տալիս, հետևաբար, հետաքրքրությունն անընդհատ մեծանում էր: Այսպիսով, արդեն գյուղամիջում ենք. հավաքվել են նրանք, ովքեր բարձրանում են եկեղեցի: Ճանապարհը դժվար էր. արև, փոշի, մարդկանց միջով արագ ընթացող մեքենաներ…

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Վերջին բլուրն էլ մնաց հետևում, ու մեր առջև վեր խոյացավ եկեղեցին: Դրա հետ մեկտեղ մեկը մյուսի հետևից երևացին բազմաթիվ վաճառականներ, ովքեր վաճառում էին ամեն ինչ, բացի ուխտի հետ կապ ունեցող բաներից` քաղցր բամբակ, «դուխով» վերնաշապիկ, տարբեր տեսակի խաղալիքներ: Միանգամից այնպիսի զգացողություն եղավ, որ ոչ թե   ուխտի, այլ տոնավաճառի եմ մասնակցում: Մինչև եկեղեցի հասնելս չգիտեմ քանի անգամ մոմ, քաղցր բամբակ կամ ծամոն գնելու առաջարկ եմ ստացել: Հասնելով եկեղեցու մուտքին, ամբողջությամբ համոզվեցի, որ ես «բազառ» եմ եկել: Մուտքի առջևում տարուբերվում էր «Սպունգ Բոբը», իսկ դրա տակ նստած կինը արևածաղիկ էր վաճառում: Եկեղեցին լեփ լեցուն էր, իսկ դրսում շարունակում էր հաչալ խաղալիք շունը…

Եկեղեցում աստիճանաբար խաղաղվեցի: Մարդիկ մոմ են վառում, աղոթում։ Սակայն երբ մոմը վառելու իմ հերթը եկավ, նախկին տպավորությունս էլ ավելի ընդգծվեց։ Մեծամասնությունը մոմը վառելու հետ զուգընթաց «հետաքրքրաշարժ» պատմություններ էր պատմում, սելֆի անում ու Նիկոլից խոսում։

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ամփոփելով կարող եմ ասել, որ կարծես աստվածաշնչյան հայտնի պատկերում էի, սակայն Քրիստոսն այստեղ պակասում էր։ Եվ ցավալին այն է, որ վաճառականները, կամ ինչպես գյուղացիներն էի ասում՝ «բոշաները», կշարունակեն իրենց գործը՝ ավելի ու ավելի խորացնելով իրենց բազմադարյա սովորույթները, որոնք գնալով համարվում են սովորական և նորմալ ուխտավորների համար: