margarita voskanyan lori

Բացահայտումների հեղափոխությունը

Մեր հեղափոխության հիմքում սերը, համերաշխությունն ու հանդուրժողականությունն էր: Հրապարակներում ու փողոցներում հավաքաված բոլոր-բոլոր մարդիկ` ծանոթ, թե անծանոթ, իրար սիրում էին, հարգում էին, հասկանում էին: Այդ համատարած սիրո գլխավոր աղբյուրը հեղափոխության առաջնորդներն էին. Նիկոլ Փաշինյան, Սասուն Միքայելյան ու էլի շատ մարդիկ: Բայց այդ մարդկանց մեջ կար մեկը, որն ինձ համար դարձավ այս հեղափոխության ամենասիրուն կողմը, այս հեղափոխության իմ բացահայտումը: Արարատը Միրզոյան` մի ուրիշ գաղափարախոսության ու արժեքների տեր մարդ, հեղափոխության ամենափայլուն ու լուսավոր կետը: Նրա ամեն մի խոսքը ինձ համար մեծ կշիռ ու կարևորություն ունի:

Հիմա արդեն բոլորը գիտեն, որ Արարատն ինձ համար զուտ քաղաքական գործիչ չէ, այլ կայունության, հաստատակամության ու էլի լիքը դրական հատկանիշենրի խորհրդանիշ, ու երբ հեռուստատեսությամբ նա ելույթ է ունենում, բոլորը զանգում են ու զգուշացնում` հեռուստացույցը միացրու, Արարատն է խոսում: Ես պատրաստ եմ նրան ու նրա ելույթները ժամերով ու օրերով լսել, որովհետև իրականում նրա ամեն մի ելույթ շատ կարևոր է ու ուսանելի:

Այսօր արդեն շատ ուրախ ու հպարտ եմ, որ մեր երկրում մի շատ կարևոր պաշտոն հենց նրան է վստահված:

Միշտ հետաքրքրված եմ եղել քաղաքականությամբ, բայց երբևէ չեմ մտածել, որ կունենամ քաղաքական իդեալ: Այս մարդը իմ քաղաքական իդեալն է, որից` յուրաքանչյուրս շատ բան ունենք սովորելու:

Ու մեր նորընտիր փոխվարչապետին սկսում եմ ավելի ու ավելի շատ սիրել, երբ իմացա` որն է նրա ամենասիրելի գիրքը. Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»: Մի մեջբերում հիշեցի այդ գրքից. «Հասկացեք, որ լեզուն կարող է թաքցնել ճշմարտությունը, իսկ աչքերը` երբեք»: Հիմա Արարատը կարող է չխոսել իր` իմ բոլոր նշած դրական հատկանիշների, իր` մեր երկիրը շենացնելու գործին մասնակից լինելու կարևորության մասին, բայց դուք հո կույր չե՞ք, նրա աչքերն ամեն բան ասում են, աչքերը երբեք չեն կարող խաբել:

Alla Davtyan

Հոգեբանը ավագ դպրոցում

Հարցազրույց 190 ավագ դպրոցի հոգեբան Ասյա Անտոնյանի հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք Ձեր աշխատանքը կատարել դպրոցում։

-Հիմնական գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ աշխատանքս կառուցում էի ընտանիքների հետ և ընթացքում հասկանում էի, որ շատ խնդիրների պատճառը չտեղեկացվածությունն է, այսինքն` որոշակի տարիքային օրինաչափություններից, հարաբերությունների օրինաչափություններից անտեղյակությունը, որը բերում է ընտանեկան խոչընդոտների, դժվարությունների, ոչ կոնստրուկտիվ կոնֆլիկտների: Այդպես միտք հղացավ, որ եթե կարողանամ կրթել ավագ դպրոցի աշակերտներին, տալ նրանց հարաբերությունների օրինաչափության, տարիքային օրինաչափության մասին տեղեկատվություն, հնարավոր կլինի ապահովել նրա ապագա ընտանիքում իր ճիշտ դերակատարությունը, որովհետև այսօրվա մեր սերունդը վաղվա ընտանիք կառուցողն է։ Այստեղից են դուրս գալիս ապագա մայրիկներն ու հայրիկները: Ճիշտ է, ոչ այդքան հաճախակի են մեր հանդիպումները, բայց յուրաքանչյուր հանդիպման ժամանակ փորձում եմ ինչ-որ մի զենք տալ, որը իրենք հետո կկարողանան օգտագործել իրենց ընտանիքի ճիշտ կառուցման համար։

-Ինչպե՞ս են տեղի ունենում հանդիպումները. շրջում եք դասարաններո՞վ, թե՞ իրենք են գալիս իրենց ցանկությամբ։

-Նախ, առաջին հանդիպմանը ես իմաստ գտա բացատրել առհասարակ հոգեբանի մասնագիտության որոշակի դրույթներ և գաղտնիության սկզբունքը, որովհետև երեխան, գտնվելով դպրոցում, որոշակի ձևով ունի անվստահության զգացում, որ իր ասածը դպրոցում որևէ մեկը կիմանա: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ այսօր հասարակությունը դեռևս չգիտի, թե ով է հոգեբանը, հոգեբույժը, հոգեթերապևտը։ Կարևոր խնդիր էր ներկայացնելը, որ հոգեբանը չի աշխատում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ, որովհետև մեր աշխատանքը հիմնականում մտածողության և ընկալումների հետ է կապված, երբ դա տեղից արդեն չկա կամ խախտված է, մենք արդեն գործ չունենք անելու։ Այսինքն` ստեղծվեց որոշակի դիրքորոշում ինձ ընկալելու հանդեպ, որը հնարավորություն տվեց սերտ համագործակցության։ Հանդիպումները լինում են անհատական խորհրդատվության շրջանակներում, նաև դասարանային։ Օրինակ, 10-րդ դասարանցիները անցնում են հասարակագիտություն, որտեղ ներառված է հոգեբանությունը` որպես առարկա։ Ես աշխատում եմ համատեղ դասեր ունենալ հասարակագիտության ուսուցիչների հետ և այդպես ներկայացնել հոգեբանությունը մասնագետի կողմից։ Իսկ առհասարակ, լինում են տարբեր թեմաներով հանդիպումներ, դասղեկների ժամեր, երբ տվյալ խնդիրները բարձրաձայնում են դասղեկները։ Ստեղծվում է մտերմիկ միջավայր, և ամենակարևորը` երեխաները սիրում են հաղորդակցվել հոգեբանի հետ։

-Ի՞նչ խնդիրներ է հիմնականում անհանգստացնում աշակերտներին, ի՞նչ հարցերով են դիմում։

-Թեմաները տարբեր են՝ սկսած ընտանեկան կոնֆլիկտներից մինչև միջանձնային, ընկերական հարաբերություններ։ Հարցերը լինում են թեթև՝ սկսած նրանից, թե ինչ ծաղիկ գնել մարտի 8-ին աղջկան, մինչև շատ խորը և ծանր հարցեր։ Հանդիպում ենք ունենում նաև ծնողների հետ, կազմակերպում սեմինարներ, որտեղ ներկայացվում է տվյալ տարիքի սպեցիֆիկ առանձնահատկությունները, որպեսզի ծնողն իմանա, որ իր տանը մեծանում է ճգնաժամ ապրող մեկը։ Ծնողները նույնպես հնարավորություն ունեն դիմել հոգեբանին և՛ իրենց անձնական հարցերով, և՛ երեխայի հետ կապված հարցերով, որովհետև երբ երեխան դուրս է գալիս ընտանիքից, ցանկալի է, որ այդ խնդիրները շտկված լինեն, տանը ջերմ հոգեբանական մթնոլորտ ստեղծվի։ Լինում է, որ ծնողն է խնդրում աշխատել երեխայի հետ, լինում է, որ դասղեկը, բայց ամենաարդյունավետ աշխատանքը լինում է այն ժամանակ, երբ դիմում է հենց ինքը՝ սովորողը։

-Դասարանային կոնսուլտացիայի ժամանակ, երբ զգում եք` աշակերտը խնդիր ունի, ի՞նչ եք անում այդ դեպքում։

-Լինում է այնպես, որ ընդհանուր տեստավորում ենք անցկացնում կամ որևէ զրույցի ընթացքում բացահայտում որևէ աշակերտի շատ ցածր ցուցանիշներ, օրինակ` ցածր ինքնագնահատական: Ընթացքում էլ զգում ես, որ երեխան որոշակի կաշկանդվածությամբ է հաղորդակցվում, և առաջարկում ես օգնություն։ Այդ առաջարկը պետք է լինի շատ զգույշ, որպեսզի նախ շատերը չտեսնեն, որ այդ երեխային դիմել ես ինչ-որ հարցով, որովհետև որպես կանոն` այդ երեխաները ունենում են կոմպլեքսներ, անգամ մեր հանդիպումները եղել են գաղտնի։ Լինում է, որ առաջարկում ես, բայց մերժում են, այդ դեպքում աշխատում ես խմբային ձևով։

-Իսկ այդ դեպքում կարողանո՞ւմ եք միայն խմբային աշխատանքով ցանկալի արդյունք ստանալ։

-Այդ դեպքում դիմում եմ ծնողին, բայց եթե չեմ արժանանում ծնողի կողմից որևէ վերաբերմունքի (այդպես եղել է, որ ծնողը համարել է, որ իր երեխան խնդիր չունի), այս դեպքում ճիշտ չէ, որ շարունակես պնդել։ Արդյունք լինում է, երբ ցանկություն է լինում աշխատանքի։

-Դպրոցում կա՞ն ծանր հոգեբանական խնդիրներ ունեցող սովորողներ։

-Կան, նրանց մեջ էլ կան այնպիսի երեխաներ, որ աշխատել չի լինում հենց իրենց ցանկության բացակայության պատճառով։ Բայց կան, եղել են և ինձ թվում է՝ միշտ էլ կլինեն, որովհետև դպրոցից դուրս են գալիս մեր կյանքի բոլոր շերտերը, սոցիալական հասարակության բոլոր շերտերը։

-Ձեր խոսքում նշեցիք, որ լինում եք նաև հասարակագիտության ժամերին, ի՞նչ եք կարծում, հոգեբանությունը որպես առանձին առարկա ուսումնասիրելու մասին։

-Կա հասարակագիտության ուսումնասիրության շրջանակներում, բայց լավ կլիներ, որ 11-րդ դասարանում էլ անցնեին, որովհետև մեկ տարի տարբերությունը երեխաների մոտ ևս նշանակություն ունի։

-Իսկ որպես առանձին առարկա՞։

-Որպես առանձին առարկա միշտ էլ ցանկալի կլիներ, որ ժամերը շատացնեին, բայց դա ուսումնական ծրագրի խնդիր է։ Ցանկալի կլինի, որովհետև դրա միջոցով շատ բան կփոխանցեինք աշակերտին, քանի որ ավելի շատ ժամանակ կունենայինք։ Դեռահասության, պատանեկության տարիքը այն տարիքն է, որ մենք պետք է զինվենք հոգեբանական զենքերով, որպեսզի ավելի արդյունավետ կառուցենք մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում։

-Հե՞շտ է աշխատել դեռահասների հետ։

-Ինձ համար` այո: Ես շատ եմ սիրում աշխատել դեռահասների հետ, սա այն շրջանն է, որտեղ, ճիշտ է, ինչքան բարձր է հուզականությունը, անկայուն հուզական վիճակները և այլն, բայց միևնույնն է` այստեղ շատ խորն են զգացմունքները։ Դժվարությունները լինում են թե՛ մանկական հոգեբանության մեջ, թե՛ ընտանեկան։ Այստեղ մենք գործ ունենք ավելի խորը խնդիրների հետ: Ինչքան աշխատում եմ դեռահասների հետ, այնքան ինձ ավելի դժվար է լինում փոքր տարիքի երեխաների հետ աշխատելը։

anahit baghshetsyan

Ինչո՞ւ թավշյա

Մի քանի օր առաջ առաջին անգամ շաբաթվա մեջ գնացել էի դպրոց։ Երբ պատմության դասաժամն սկսեց, և ուսուցիչը մտավ դասարան, անհետացավ դասարանում տիրող աղմուկը։ Իրականում պատմության դասաժամերին աղմուկը մոռանում է իմ ու դասընկերներիս մասին։

Ընկեր Եղիազարյանը՝ մեր պատմության ուսուցիչը, ողջունեց մեզ, և խոսակցություն սկսվեց Թավշյա հեղափոխության մասին։ Ես հարցրի ուսուցչիս, թե ինչու է հեղափոխությունը կրում «թավշյա» անվանումը։ Վաղուց էի մտածում հարցի շուրջ, բայց պատասխանը չէի գտնում։ Ընկեր Եղիազարյանն ասաց, որ անվանումը կապված է 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած շարժման հետ։ Հետո հարցրեց, թե նոյեմբերի 17-ը ինչ օր է։ Ես, իհարկե, մտածեցի, որ ծննդյանս հաջորդ օրն է ու հենց այդպես էլ ասացի։

Նոյեմբերի 17-ը ուսանողների միջազգային օրն է։ Հենց այդ օրը ուսանողները կազմակերպել էին խաղաղ ցույցեր Բրատիսլավայի կենտրոնում՝ փորձելով պայքարել կոմունիստական իշխանության միակուսակցական կառավարության դեմ։ Որոշ ժամանակ անց ցուցարարներին են միացել նաև տարեցները, դերասաններ և բազում բնակիչներ՝ բարձր վանկարկումներով ու հեղափոխական պաստառներով (մեջբերվածից մի մասը կարդացել էի համացանցում): Ընկեր Եղիազարյանն ասաց նաև, որ հեղափոխությունից հետո Չեխոսլովակիայում տարածված երևույթ է դարձել կոռուպցիան, ուստի 1989 թվականի հեղափոխությունը մասամբ հակահեղափոխություն է եղել։

Այդուհանդերձ ուսուցիչս նշեց, որ ոչ միայն հայոց պատմության, այլև համաշխարհային պատմության էջերում այս հեղափոխությունը չտեսնված է, քանի որ ժողովուրդն անում է չտեսնվածը՝ հեղափոխություն առանց զոհերի։

Սիրում եմ քեզ, ի՛մ հայ ժողովուրդ։

gohar petrosyan yerevan

Երբ քննադատում են քննադատվողները

Ցանկացած քննադատության իմաստը ինձ համար հասկանալի և ընդունելի է եղել, բացի մեկից` երբ քննադատում են հասարակությունից տարբերվող, ինքնատիպության ձգտող և որևէ երկրով տարված երիտասարդներին: Վատն այն է, որ այդ քննադատություններն ուղեկցվում են վիրավորանքներով: Ներկայումս մեր հասարակության մշտական քննարկման և քննադատման կենտրոնում երիտասարդներն են:

Վերջին ժամանակներում շատ էր խոսվում «էմո» ենթամշակույթի մասին: Հասարակությունը չէր ընդունում նրանց, բողոքում և քննադատում էր: Նրանց դուր չէին գալիս էմոների արտաքինը, պահվածքը, գաղափարները և այլն: Սակայն ներկա պահին «բողոքի կրքերը» հանդարտվել են:

Բոլոր ժամանակներում էլ հասարակության մեծ մասը բացասական է վերաբերվել ինքնատիպության ձգտող երիտասարդներին: Այսպես ասած` ավանդական մտածելակերպը չի ցանկանում զիջել իր դիրքերը ազատ մտածելակերպին: Հարցումներն ավելի պարզ ցույց տվեցին հասարակության վերաբերմունքն ու կարծիքը ինքնատիպ երիտասարդների վերաբերյալ: Հարցիս, թե ինչպես են վերաբերվում ինքնատիպ աղջիկներին` տղաներից մեկը պատասխանեց.

-Ի՞նչ աղջիկ, եթե պիտի փիրսինգ ու տատու անի, մազերն էլ` եսիմ ինչ գույնով ներկի: Ես էդ չեմ ընդունում ու կյանքում չեմ ամուսնանա տենց աղջկա հետ:

Հարցիս մյուս մասին, թե ինչ բացասական բան կա դրա մեջ, պատասխանեց.

-Նորմալ աղջիկը տենց բաներ չի անի:

Նմանատիպ պատասխանները գերակշիռ մասն էին կազմում, սակայն դրանց կողքին կային նաև դրական պատասխաններ.

-Նորմալ եմ վերաբերվում:

-Եթե ինքնատիպ են, չի նշանակում, որ անբարոյական են:

-Սիրում եմ ինքնատիպ աղջիկներին:

Իհարկե, բոլորն էլ ունեն թերություններ, և քննադատություններն էլ դրանք շտկելու համար են, սակայն ինքնատիպությունը թերություն չէ:

Ինքնատիպությունից անցում կատարեմ որևէ երկրով տարված երիտասարդներին, մասնավորապես` կորեամոլությանը: Վերջին տարիներին Հայաստանում լայն տարածում է գտել կորեամոլությունը. հարավկորեական փոփ երաժշտության (K-pop) և ֆիլմերի (դորամաներ) սիրահարները մեծ թիվ են կազմում: Նրանց մեծ մասը ձգտում է նմանվել կորեացի կուռքերին, մյուս մասն էլ հետաքրքրվում է Հարավային Կորեայի մշակույթով և սովորում է կորեերեն, ինչը շատ գովելի է: Սակայն հայ երիտասարդների մեծ մասին, մեծամասամբ` տղաներին, դա դուր չի գալիս. նրանք չեն ընդունում կորեացի տղաների արտաքին տեսքը: Պատճառը, ինչպես իրենք են ասում, նրանց «շատ կանացի» լինելն է: Երբ հարցումներ անցկացրի, հնչեցին հետևյալ պատասխանները.

-Հիմա հայ աղջիկների մեծ մասը գժվում է կորեացիների համար: Լավ, որ իրանք սիրեն կորեացիների, բա մե՞զ ով ա սիրելու:

-Դրանք տղա չեն: Ո՞վ ա տեսել տղեն մազերը գունավոր ներկի, քսվի կամ ականջօղ կախի:

-Կորեամոլները հիստերիկ են. հերիք ա իրանց երգիչներին մի բան ասես, վե՛րջ, կրակն ես ընկնում: Միանգամից հարձակվում են վրեդ: Դաստիարակությունից զուրկ են դրանք:

Սակայն պետք է մի բան հաշվի առնել բոլորի մասին կարծիք կազմելուց առաջ. ամեն տեղ էլ լինում են մարդիկ, ովքեր բացասական վարք են դրսևորում, բայց դա դեռ չի նշանակում, որ բոլորը «հիստերիկ և անդաստիարակ են»: Մեկ-երկուսի սխալ մտածելակերպի պատճառով անտիկորեամոլները սկսել են ոչ միայն քննադատել և վիրավորել կորեամոլներին, այլ նաև Հարավային Կորեան և կորեացիներին: Նրանք Կորեային սկսել են վերաբերվել ինչպես թշնամի երկրի: Կարծիքը փոխվում է քննադատության, քննադատությունն էլ` թշնամանքի…

Երբ ապրենք էմո դարձած երիտասարդի կյանքով, այդ դեպքում նոր կարող ենք վատաբանել նրանց:

Երբ աշխարհին նայենք ինքնատիպ երիտասարդի աչքերով, այդժամ կարող ենք չընդունել նրանց:

Երբ կյանքը ընկալենք կորեամոլի տեսանկյունից, միայն դրանից հետո կարող ենք քննադատել նրան:

Եվ եթե աշխարհում ծնվել են այդպիսի մարդիկ, ապա աշխարհը զգում է նրանց կարիքը:

meri antonyan

Վստահե՞լ… քե՞զ…

Լրիվ պատահաբար ինչ-որ մարդիկ, առանց հրավիրելու կանգնում են դռանդ դիմաց, թակում դուռդ ու ներս խցկվում տուն՝ քո կյանք։

Քեզ փորձում են համոզել վստահել իրենց, հավատացնում, որ իրենք նման չեն մյուսներին, նեղանում են համեմատությունների համար, ասում. «Դու մեզ ուրիշների հետ մի համեմատի, մենք ուրիշ չենք», անիրավացիորեն մատնացույց են անում կոպտությունդ, գուցե չուզելով ու չհասկանալով, բայց՝ վիրավորում են։ Օրերով, ամիսներով բացատրում, համոզում են, որ դու կարող ես ու պետք է օգնության կանչես իրենց, եթե անհրաժեշտությունը լինի, և որ իրենք, գետնի տակից էլ լինի, կհայտնվեն կողքիդ ու անպայման կօգնեն։ Իրենք էլ դեռ հստակ չգիտեն, թե ոնց, բայց անպայման մի բան կանեն ու կօգնեն…

Լսում ես իրենց փաստարկները, համոզիչ, երկարաշունչ ճառերը, մտքումդ փորձում վերհիշել, թե ի՞նչ պատահեց, ո՞նց եղավ, որ քեզ մի քանի տարի ծանրութեթև անելով բարև տվողները հանկարծ մի օր որոշեցին, որ բարևից հետո պիտի հարցնեն նաև «ո՞նց ես»։ Ուզում ես հասկանալ, թե ոնց ստացվեց, որ արդեն իբր անհանգստանում են քեզ համար, ուզում են՝ ժամանակին հաց ուտես, քնես, տաք հագնվես՝ քեզ լավ նայես։ Իրենց հանկարծահաս հոգատարությունը չես հասկանում, չես հասկանում՝ ոնց վաստակեցիր իրենց ուշադրությունը։ Իսկ իրենք էլ չեն բացատրում, ասում են՝ ուղղակի վստահիր ու կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի։

Մեկ ասում ես՝ հավատաս, մեծ դժբախտություն չի լինի, մեկ էլ տեսար՝ իրոք վստահելի մարդիկ կան դեռ, իրոք խաբելը բոլորի հիվանդությունը չէ, մեկ էլ տեսար՝ էլ մենակ չես լինի։ Սրտանց ուզում ես քեզ շրջապատող սառնության կլոր սֆերայի մեջ մի փոքր անցք բացել, որ էդ մարդիկ անցնեն ու քեզ մի քիչ մոտ գան, ասում ես՝ փորձենք, գուցե և իրոք լավ լինի։ Մեկ էլ հետ ես կանգնում մտքերիցդ, մի բան հուշում է, որ մարդկության ամբողջ փորձն ու քո կյանքի մի քսան տարվա փորձը իզուր լինել չի կարող, որ եթե քսան տարին քեզ համոզել է, որ անշահախնդիր հոգատար մարդիկ չեն լինում, ուրեմն իսկապես չեն լինում, հո ամբողջ կյանքդ չե՞ս սխալվել։

Չէ՜, չես սխալվել… Մի անգամ էլ ես համոզվում, երբ որ հիմարաբար որոշում ես, որ դու անիմաստ ես էդքան սառը ու կասկածամիտ։ Երբ որ քո բերանից պատահաբար թռչում է. «Հա՛, ես ձեզ վստահում եմ ու ձեր օգնության կարիքն ունեմ», ու ամեն ինչ նույն վայրկյանին էլ ցնդում է։ Հաջորդ ակնթարթին էդ մարդկանց արդեն էլ չես գտնում կողքիդ, էլ չեն արձագանքում կանչերիդ ու զանգերիդ, երբ իրենց կարիքը շատ ես զգում։ Հասկանում ես, տեսնում ես, որ մարդիկ զբաղված են, իրենք այլևս մենակ չեն ու քեզնով անհանգստացել են իրենց պարապ ու մենակ եղած ժամանակ։

Իսկ դու դա գիտեիր, դու գիտեի՛ր, ու մեկը լիներ՝ հարցներ. «Ինչո՞ւ որոշեցիր իմացածդ մոռանալ ու անտեսել, դու դեռ երբեք քո նկատմամբ էդքան անփույթ չէիր եղել»։ Դու դա էնքա՜ն հստակ գիտեիր, դու դա գիտեիր անկասկած, ու իրենք էլ գիտեին, որ դու գիտես։ Դու, որ միշտ ամենայն բծախնդրորեն ես վերաբերվել քեզ առնչվող բոլոր հարցերին, հիմա ի՜նչ մի թուլություն ցուցաբերելու ժամանակ գտար։

Իսկ հիմա դու էլի քայլում ես փողոցով մենակ, ինչպես որ առաջ էր, ինչպես որ եղել է միշտ…

Չէ՜, չվստահե՛լ։

mariam tonoyan

Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի

Սիրում եմ ժամերով նստել պատշգամբում, նայել անցուդարձ անող մարդկանց, մայր մտնող արևին, մթնող երկնքին, հանկարծակի սկսվող քամուց տարուբերվող ծառերի ճյուղերին ու մտածել, որ կյանքում դադար գոյություն չունի, ամեն ինչ շարժման մեջ է, իսկ ժամանակի ընթացքում այդ շարժումները ծնում են ժողովուրդներ ու պատմություն։

Երբ գրառում էի հորս պատմությունները պատերազմի մասին, նա ինձ միշտ հիշեցնում էր, որ պատերազմում ու թիմային ցանկացած գործում պետք է առաջնորդվել «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» կարգախոսով, որը գործնականորեն ապացուցվեց նաև այս մեկ ամսվա ընթացքում։ Մարդիկ համախմբվեցին՝ կանխատեսելով հասունացող վտանգը, համախմբվեցին մեկի շուրջ՝ գիտակցելով, որ այդ մեկը գործում է իրենց, բոլորի համար։ Յուրաքանչյուրս այս օրերին իմացանք ավելին, քան կիմանայինք՝ կարդալով պատմության գրքեր, ուսումնասիրելով հայի ազգային բնութագիրը։ Յուրաքանչյուրս հասկացանք, թե ով ենք մենք, ով է հայը, հասկացանք, որ միայն յան-ով ազգանուն ունենալը ոչինչ է հայ դառնալու համար, և որ յուրաքանչյուրս՝ անկախ հայրենասիրությունից, օրհասական պահերին բռունցքվում ենք, հաղթում, հաղթահարում ցանկացած դժվարություն։
Զգացածս բառերով արտահայտելու համար բառերը միջակ են։ Երբ տեսնում ես երջանկության արցունքներ հայի աչքերում, ակամա փշաքաղվում ես, տեսարանը դիպչում է զգացմունքներիդ նուրբ լարերին, ու հասկանում ես, որ հայն էլ կարող է երջանիկ լինել, կարող է մի պահ մոռանալ դժգոհությունները, ամեն գարուն մեզ կեղեքող հուշերը ցեղասպանության զոհերի մասին, կարող է ժպիտով վայելել ծաղկած գարունը։ Ու արդեն քանի՜ գարուններ տեսած Վրանուհի տատիկի հիացմունքով լցված աչքերում կարողանում ես կարդալ հպարտությունը, հույսը գալիքի նկատմամբ, անկոտրում ոգին, որը դեռ չի լքել նրան և դեռ ավելին՝ գարնան հետ փթթում է, շատանում, փոխանցում մեզ։ Կարո՞ղ ես անտարբեր մնալ իրավիճակից անտեղյակ այն փոքրիկ երեխաների հանդեպ, ովքեր փողոցում հանգիստ նստած խաղում են մեքենաներով՝ փակելով ճանապարհները ցուցարարներին աջակցելու համար, կամ ինչպե՞ս չհուզվել, երբ ծանոթ-անծանոթ մի ընտանիք են դարձել, բաց ձեռքերով սեր ու համերաշխություն են քարոզում ու հաղթանակ վայելում։ Մի՞թե սա չէ հայրենասիրությունը և կա մի հայ, ով հայրենասեր չէ։
Մայիսը հայերի համար հաղթանակի ամիս է, բայց սա լոկ հաղթանակ չէր, սա մի ամբողջ հանրագիտարան էր քրիստոնյա հայ ազգի միասնության մասին, որն ապացուցեց, որ նույնիկ հեղափոխության ժամանակ, զենքի փոխարեն ծառայող սերը հաղթում է։
Մտածում էի՝ ո՞ւմ են պետք հարյուրավոր պատմության գրքերը (որոնց այնքան թերահավատորեն էի մոտենում), երբ ինքդ ներկայում նման միասնության ականատես չես լինում։ Այժմ ես հպարտ եմ իմ ծագմամբ ու հավատում եմ բոլոր գրքերին, որոնք կարդացել եմ դպրոցում, հավատում եմ ժողովրդիս ուժին, որ միասնությամբ դրդեց աշխարհասփյուռ հայերին գալու և միանալու պայքարին, հավատում, որ հայի այս քայլը ոգեշնչեց ոչ միայն հայերին, այլև օրինակ ծառայեց այլ ազգերի համար, ու չնայած որ քարտեզների վրա ընդամենը մի կետով ենք պատկերվում, այնուամենայնիվ ճանաչվեցինք աշխարհում որպես եվրոպական քաղաքակրթությամբ ասիական երկիր:

Ես հավատում եմ նաև երկրիս լուսավոր ապագային, որ հենց մեր ձեռքում է, հավատում եմ հայի արդարադատությանը, և որ երբեք պետք չէ կորցնել հարգանքը մարդու հանդեպ՝ նրա ունեցած քաղաքական հայացքներից ելնելով: Հավատում եմ, որ այսուհետ համագործակցելու ենք երկրի կառավարիչների հետ՝ բոլորս՝ մեկի, մեկը՝ բոլորիս համար սկզբունքին հետևելով։

Համբարձման վիճակ

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Համբարձման տոն (վիճակի տոն ) կամ ` ինչպես իմ համագյուղացիներն են ասում՝ ջուր գողանալու օր։ Համբարձման տոնը նշվում է Զատիկից ուղիղ քառասուն օր հետո, հինգշաբթի։

Մեր գյուղում՝ Լճափում, տոնը նման է վիճակ գցելու, որի ընթացքում պարզում են, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու,  ով ինչպիսի ամուսին է ունենալու, կամ էլ՝ հասնելու է իր «մուրազին» թե չէ։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Տոնի նախօրեին հավաքվում ենք գյուղից յոթ աղջիկ և սկսում գողություն անելը… Հա, հա, հենց գողություն, չնայած այս դեպքում կարելի է ասել ջրի գողը՝ գող չէ։
Հավաքվում ենք ու սկսում…

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Մեր յոթ հոգանոց խմբով շրջում ենք գյուղով առանց անգամ մեկ բառ արտաբերելու։ Այդ ընթացքում աղջիկներիցս յուրաքանչյուրը զգուշությամբ պետք է մտնի համագյուղացիներից մեկի բակ, այնպես, որ իրեն չնկատեն տվյալ տան բնակիչները, և թաքուն աղբյուրից վերցնի մեկ բուռ ջուր, լցնի վիճակի համար նախատեսված թասի մեջ, այնուհետև այդ նույն բակից վերցնի մեկ քար, մեկ տերև և մեկ ծաղիկ, կրկին գցի, թասի մեջ և լուռ հեռանա կամ էլ եթե բռնվելու վտանգ է նկատում ինչպես մենք ենք ասում թափով փախնի ինչքան որ ուժ ունի։ Գողությունից հետո գնում ենք գյուղի մատուռի մոտ։ Յուրաքանչյուրս մեզ պատկանող որևէ մի իր ենք գցում թասի մեջ և թասը թաքցնում ենք դրսում, որպեսզի աստղերը հաշվեն: Մենք այնպես ենք թաքցնում թասը, որ գյուղի տղաները չգտնեն և չգողանան մեր դժվարությամբ ձեռք բերած ջուրը, թե չէ առանց նվերի ջուրը հետ տվողը չեն։
Գնում ենք տուն և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ օրվան` մեր բախտը իմանալու համար։

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Լուսանկարը` Զարուհի Գևորգյանի

Հաջորդ օրը հավաքվում ենք մատուռի մոտ։ Նստում ենք և սկսում ամենասպասվածը…
Աղջիկներից որևէ մեկը կարդում է վիճակի տոնին նվիրված մի խոսք և դրանից հետո մի փոքրիկ աղջիկ՝ հարսի զգեստով կամ էլ քողով, թասից հանում է իրերից մեկը։ Ում իրը որ հանում է, այդ խոսքը վերաբերվում է տվյալ իրի տիրոջը։ Այս գործողությունը կատարվում է երեք անգամ, և ավելի ճիշտ են համարվում վերջին երրորդ անգամ արտաբերված խոսքերը։
Դրանցից են օրինակ՝

Ձեր գեղի շեկլիկ տղեն,

Աշխարհ գիտե՝ քո տերն ա:

Մատնիքդ մատովդ չէ,

Սիրածդ սրտովդ չէ:

Շեկ յարիդ դրիր ճամփան,

Սուրբ Կարապետ պահապան:

Սարեն անցան հավքերը,

Կիսատ չի մնա սերդ։

Գարնան բացվի նոր լալա,

Հարսը բերի զույգ բալա:

Երկան արտը գարի է,

Նշանվելու տարի է:

Նշանածդ չինար է,

Չինար ու բարդի ծառ է:

Դու կառնիս էնպես տղա,

Օր սաղ գեղն ուրախանա:

Աշուն իջնի սարերուն,

Քեզի հարսնիք էնենք։

Այսօր մեզ կարող եք հանդիպել մատուռի մոտ:

milena sedrakyan

Նոր գույներ իմ քաղաքում

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Լուսանկարը` Միլենա Սեդրակյանի

Անհետաքրքիր ու անգույն քաղաքում իմ հասակակիցների համար չկա ոչ մի հետաքրքիր զբաղմունք։ Դու ստիպված ես գամվել համակարգչի ու հեռախոսի առջև ու տեղափոխվել վիրտուալ աշխարհ, որտեղ զգացմունքներդ արտահայտում են էմոջիները, իսկ ժամանակդ վատնում ես անիմաստ։ Բայց կան և մարդիկ, որոնք փորձում են քշված ու հանգած Արմավիրին գույներ տալ՝ թեկուզ և ֆոտոխցիկի էկրանի չափերով։

Պատմում եմ մի մարդու մասին, ով քայլում է Արմավիրի անտարբերության ալիքին հակառակ։ Դեռ 18 տարեկանից նա եղբոր հետ բարձրանում էր լեռներ ու սարեր, և ապրում էր մի ակնթարթ, որը պիտի անմահացվեր։ Սկզբում նա նկարում էր թվային ֆոտոապարատով ու տասնյակ օրեր էր օգտագործում դրանք մշակելու համար։ Ամեն բան սովորում էր ինքնուրույն ու ժամանակ առ ժամանակ հիասթափվում էր, բայց նրա նպատակասլացությունն ու երազանքին հասնելու ցանկությունը անսահման է։ Կարենը որոշեց մեկնել Ռուսաստան՝ գումար աշխատելու։ Նա օգնում էր ծնողներին, հետո էլ գնեց այն ֆոտոխցիկը, որն անհրաժեշտ էր իրեն։ Արմավիրում չկար ոչ մի լուսանկարիչ, և Կարենը Արմավիր բերեց իր ոճն ու ինքնատիպ լուսանկարներ ունենալու հնարավորությունը՝ առանց քաղաքից դուրս գալու։ Կարենը հասավ իր նպատակներին, ու 6 ամիս է, ինչ լուսանկարում է։ Մեծ հաջողությունների է հասել, ու բացի լուսանկարելուց՝ Արմավիրի սկաուտական խմբապետերից մեկն է։ Իր խմբի աշակերտներին սովորեցնում է լինել հայրենասեր, ստեղծագործել ու հասնել իրենց նպատակներին։

Հիմա Կարենը մտադիր է ստեղծել ֆոտոստուդիա, որտեղ ոչ միայն կլուսանկարվեն, այլ կկարողանան նաև հետաքրքիր անցկացնել ժամանակը քաղաքի ներսում։

Արմավիրում ապրում է 28800 մարդ, եթե նրանցից գոնե 1000-ը մտածեն Արմավիրի երիտասարդության ու պատանիների օգտակար ու միևնույն ժամանակ հետաքրքիր ժամանցի մասին, միգուցե ես դադարեմ բողոքել իմ քաղաքից։

Հաղթանակի բերկրանքը

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Եկեք անկեղծ լինենք, երբ «Իմ Քայլը» շարժումը մեկնարկեց, սակավաթիվ մարդիկ էին հավատում այս շարժման հաղթանակին: Իսկ այսօր, սպիտակ վերնաշապիկներով, ես, իմ ընկերները և ավելի քան երկու հարյուր հազար մարդ Հայաստանի Հանրապետության Հրապարակում տոնում էինք իմ, քո, Հայաստանի հպարտ քաղաքացու հաղթանակը:

Այսօր համոզվեցի, որ յուրաքանչյուր երազանք միանշանակ իրականանում է հավատի և աշխատանքի շնորհիվ: Շարժումը մեկնարկողները հավատում էին իրենց հաղթանակին, չնայած «20 հոգով որոշել են հեղափոխությո՞ւն անել», «Բան ու գործ չունե՞ք», «Երկար ժամանակ ոչ մեկ չի կարողացել ոչինչ փոխել, դո՞ւք պետք է փոխեք» և նմանատիպ մեկնաբանություններին:

Գիտեք, պետք է հսկայական կամքի ուժ, նպատակին հասնելու ահռելի մեծ ցանկություն և սեփական ուժերին հավատալու կարողություն: Շարժման առաջնորդները միանշանակ ունեին բոլոր նշածներս և նույնիսկ ավելին: 10 օր ևս, և մենք բոլորս դուրս էինք գալիս փողոց պայքարելու մեր ապագայի համար: 20 հոգին դարձել էր 200000: Վերը նշված մեկնաբանությունները վերածվել էին օրհնանքների: Իսկ Գյումրիից Երևան քայլարշավին փոխարինում էր փողոցի մի ծայրից մյուսը ձգվող ավանդական քոչարին:

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը՝ Սոնա Մխիթարյանի

Ո՞րն է ձեր համար հաղթանակի բերկրանքը: Անկեղծ ասած, այդ զգացողությունը առաջին անգամ ապրեցի հենց Թավշյա հեղափոխության ժամանակ: Երբ դուրս ես գալիս փողոց և տեսնում ես քեզ ժպտացող դեմքեր: Անծանոթը մոտենում է քեզ և հյուրասիրում քաղցրավենիք, լսվում է դհոլի ձայնը, իսկ փողոցի անկյունում մի խումբ երիտասարդներ վանկարկում են «Ազատ,անկախ Հա-յա-ստան»: Երկիրս լցված է սիրով ու ջերմությամբ: Բոլորը, անկախ տարիքից, միմյանց համարում են հարազատ: Միասին կազմում ենք մի մեծ ընտանիք: Մի՞թե սա չէ հաղթանակը:

Համարում եմ ինձ ամենահաջողակ մարդկանցից մեկը, որովհետև ականատես եղա բացառիկ երևույթի `Թավշյա հեղափոխությանը: Եվ, որ ամենակարևորն է, զգացի հաղթանակի բերկրանքը ու հասկացա դրան հասնելու բանաձևը:

21-րդ՝ ոսկե երիտասարդության դարաշրջան

Բոլորիս հայտնի է, թե ինչու է 5-րդ դարը համարվում Ոսկե դար: Մենք բոլորս գիտենք, սակայն երբևէ մեզնից ոչ ոք ականատես ու ներկա չի եղել:

Իմ կարծիքով 5-րդ դարից բացի, մենք՝ հայերս, ունենք նաև 21-րդ դար՝ ոսկե դարը, որտեղ և՛ ներկա ենք, և՛ ականատես, և՛ մասնակից:

Անասելի զգացողություն է հեղափոխությունը, և այն էլ՝ հաջողված: Հայաստանն աշխարհին ապացուցեց, որ սուրն ու թուրը չեն որոշում այսօրն ու վաղը, դրանք ընդամենը ուժի գործոններ են, որոնք վայր դրվեցին՝ սիրո ու համերաշխության ոտքերի առաջ: Համայն աշխարհը թնդում էր, ինչպե՞ս… Ինչպե՞ս կարողացավ հայն առանց զոհի հեղափոխություն անել: Դարեր շարունակ բազմապիսի երկրներ արել են հեղափոխական քայլեր, բայց առանց արյուն չի եղել ոչինչ, կամ էլ տանջանքներից հետո անգամ՝ ամեն ինչ նույնն է մնացել:

Ուզում եմ ասել ու հպարտանալ, հպարտանալ ու էլի ասել… Քիչ են բառերը՝ բնութագրելու համար այն ամենը, ինչ տեղի ունեցավ գրեթե մեկ ամիս շարունակ:

Հայրենասիրությունս քառապատկվեց…

Երբ տեսնում ես ազգիդ ուրախությունը, ակամայից ոտքերդ ավելի ու ավելի են ամրանում հողիդ, ու այլևս չես ուզում զգալ օտարության «բույրը»: Երբ տեսնում ես աշխարհի հրճվանքն ու թշնամի կոչվող պետության երազանքը, ինչը կարդացել եմ սոցիալական ցանցերում՝ մեկնաբանություններում. «Բա մարդ հայի նման չլինե՞ր, մարդավարի ցույց աներ», «Մենք վախենում ենք, որ հայերն այսքան համախմբված են», «Դուք առանց զենք հեղափոխությո՞ւն եք անում», «Զարմանալի ազգ են հայերը, այնպես կուզեի պատմության մեջ եղած դեպքերը վերանայեին, ու բարեկամ՝ քույր ու եղբայր լինեինք հայերին»…

Ես այնքան ուրախ եմ, որ այլևս վերացավ վախի մթնոլորտը, երբ խոսեմ իրավունքից ոչ ոք չի ասելու. «Ո՞ւմ է պետք իրավունք կոչվածը», երբ խոսեմ ապագայից, մտքումս միայն. «Ի՞նչ անեմ երկրիս համար» արտահայտությունը կլինի….

Մինչ այս ամենը, ես պատրաստվում էի Վանաձորի երիտասարդների հետ քննարկում անել, վեր հանել խնդիրներ, խոսել մեր իրավունքներից ու պարտականություններից, և գործի դնելով մեր ողջ կարողությունը, ազդեցություն ունենալ քաղաքի կյանքի վրա: Ամեն ինչ պատրաստ էր, օրը՝ որոշված: Սակայն քննարկումը ձախողվեց համահայկական շարժման պատճառով, բայց… Սկիզբ դրվեց ամենակարևորին՝ մեր քայլին, հանուն մեր ապագայի, հանուն  այն Հայաստանի, որի մասին լսում էինք միայն երգերում ու բանաստեղծություններում, որի մասին երազում էինք փակ աչքերով, սակայն մեգի միջից արդեն մեզ ԲԱՐԵՎ-ում է։

Մեկ ամսվա ընթացքում Հայաստանը մեկ ընտանիք դարձավ: Ես արդեն ունեի իմ անկյունն ու այդ անկյուն կոչվող փողոցի անդամներին՝ ընկերներիս ու բազմաթիվ անծանոթների:

Այլևս չեմ ուզում լինի այն կարծրատիպը, թե Քո տունն ավարտվում է ինչ-որ դուռ փակել ու այդ վայրից հեռանալով, հիմա մեր տունն ավարտվում է Հայաստանի սահմաններից անդին:

Այս օրերին ինձ մի հարց էր տանջում. եթե հայը կարող է հազարավոր մարդկանցով մեկ մարդ դառնալ, ապա ինչո՞ւ, ինչո՞ւ է լինում շատ հաճախ այնպես, որ քաղաքացին քայլելիս արհամարհում է գրեթե ամեն ինչ, ու սրտացավ չի լինում այն ամենին, ինչ կատարվում է իր շուրջը: Այն մեկի համար, ով այդ պահին օգնության կարիք ունի:

Ամեն ինչ սկսվում է մեզնից ու մեր արած քայլերից: Ահա այս թավշյա, սիրո ու խաղաղության հեղափոխությունն էլ ապացույցն էր այն բանի, որ Հայաստանն ունի աննկարագրելի սերունդներ, ու հենց այս պահին իր երիտասարդությունը վայելող սերունդ: Մենք՝ 21-րդ դարի ոսկե երիտասարդությունն ենք: Ինչպես ժողովուրդը սիրում է ասել՝ մենք էլ մեր երեխաներին պատմելու բան կունենանք, մենք՝ հեղափոխական ու պայքարի ուժը մեր սրտում կրողներս:

 

Բոլորը լաց են լինում, բայց ուրախությունից…

Դե, իմ քաղաքն էլ՝ Վանաձորս, ինքնատիպ էր, ինչպես միշտ, իր «կարևոր», ու երբեք բացակա չստացող մռայլ, բայց սիրով, անձրևոտ՝ արևի շնչով, «դբա լավը» գնացող եղանակներով:

Հա, մոռացա ասել, վանաձորյան ոչ մի անձրև դեմ չի եղել այս շարժմանը, ուղղակի դա մեզ համար արդեն դարձել է խորհրդանիշ:

Մենք ուրիշ ենք, մեր մեջ սեր ու կյանք է, խաղաղություն ու բարություն: Սիրում եմ հայ ազգս: Պաշտում եմ հողս, ու հարգանքի խոսք եմ հղում  այն մարդկանց, որոնց շնորհիվ ոտքի ելավ մի ամբողջ ազգ: Մենք Հայաստանի Հանրապետության ՀՊԱՐՏ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆՔ…