Sargis Melkonyan

Ուղղակի Հայաստան և վերջ

Չգիտես ինչու, ես ծնվել եմ մի վայրում,

որտեղ տխուր պատմություններ են պատմում

մեր տոհմի,

աշխարհի,

բախտի և

մեր մասին։

Ու մեր մասին էս բոլոր

տխուր պատմություններից հոգնած

(որ իրականում քո մասին են),

ես դնում եմ ականջակալներս

(որտեղ քեզնից ոչինչ չի հնչում)

ու քնում։

Գուցե ես գժվե՞լ եմ,

որ սկսել եմ չսիրել մեր գենը,

որ բոլոր հռչակավորների մեջ կա

(համենայն դեպս, էդ պատմություններն էդպես են ասում),

մեր ազգը,

որ ամենահյուրընկալն է,

ամենամարդասերը,

ամենաբարին ու

առաքինին,

ամենահավատացյալն ու

ամենաիմաստունը։

 

Մի՞թե ես խենթ եմ,

որ խորշում եմ

Քո մասին գրված դասագրքերը բացելուց

(Որտեղ քո մասին գրեթե ոչինչ էլ չկա)։

Ես երևի չեմ սիրում քեզ,

որ նյարդայնանում եմ,

երբ զինանշանդ տեսնում եմ

մարզակոշիկների լեզվակների,

դրոշդ` կրկեսի շենքի կամ գուլպաների

կամ ինչ-որ հյուրանոցի

էժանագին գովազդային պաստառի վրա։

 

Ես մի օր ելա Մորփեոսի գրկից

ու դադարեցի հավատալ էն ստին,

թե դու ամենալավն ես,

ամենագրկաբացն ես,

ամենաքաղցրն ես,

ամենաբացսիրտը…

 

Դու մի խոսք ունես,

որ մեջս լավ է տպավորվել.

«գյուղ չկա, որ շուն չունենա»,

բայց էս գրողի տարած «գյուղում»

մարդիկդ էնքան են գնացել,

էնքան են հեռացել քեզնից,

ու շներն էնքան են բազմացել,

որ բազմել են աթոռներին

ու աթոռների տակ։

Ես սարսափելի կուշտ եմ նրանցից,

որ «կլպում են» Քեզ տեսնելու եկած հյուրերիդ,

որ պաշտպաններիդ հացի հաշվին

տներ են կառուցում,

մանկապարտեզում հարվածում են երեխային

հողաթափով, դպրոցում` ցուցափայտով,

կամ նրանցից, որ տարբերվելու համար

տարբերվողներին բաժին են տանում,

ու էս թագավորությունից,

որտեղ պիտի քայլես հոսանքի ուղղությամբ,

որ ստեղծվել է «թիկունքով ախպերների» կողմից։

 

Ես չափից դուրս հոգնել եմ նրանցից,

ովքեր վարդագույն ակնոցներ են դնում աչքերիս,

որ չտեսնեմ փողոցներումդ թափված աղբը,

(որ պիտի թափված չլիներ),

Քեզնից ամեն օր հեռացողներին,

որ գալու հույսով են գնում, բայց այդպես էլ չեն գալիս,

Եվ փողոցներում հազարի տակ ճռռացնողներին,

(որ էդ ասֆալտը փռող ընկերության շեֆի որդին է,

կամ վերևներից մեկի բարեկամը)։

 

Ես ուղղակի չեմ ուզում գովել քեզ

առանց պատճառի,

բայց դու սրան չէիր արժանի,

որ դրոշիդ, զինանշանիդ ու օրհներգիդ կողքին

ինչ-որ մարդկանց նկարներ կախված լինեն

դպրոցներումդ, որտեղ, իբր, քեզ սիրել ու քեզ համար զոհվել են սովորեցնում

(բայց ոչ երբեք քեզ համար ապրել)։

Ես զզվել եմ Քո մասին բոլոր կենացներից,

որ միայն բառերով են ու էն էլ շատ հաճախ էն մարդկանց շուրթերից,

ովքեր նույնիսկ հողիդ վրա լինել արժանի չեն։

 

Ես ուղղակի Քեզ ու ճշմարտությունն ավելի բարձր եմ դասում,

քան աթոռներիդ բազմածներին…

Համերաշխությունն ավելի եմ գնահատում,

ու ատում եմ կռվի դրդողներին…

 

Ես ուղղակի հոգնել եմ Քո շուրջ ստեղծված պաթոսից,

որից դու զզվել, ու որի պատճառով ամեն օր ինքնասպան ես լինում…

Հ.Գ.

Մինչդեռ միայն Դու գիտես, թե ինչքան եմ սիրում Քեզ, Հայաստան…

gohar hakobyan (ararat)

Անձրևային առավոտ

Բացում եմ աչքերս: Զարթուցիչն անվերջ սուլում է: Նորից պինդ փակում եմ աչքերս, փորձում պատկերացնել երազիս շարունակությունը:

Ահ, արթուն եմ: Սովորականի նման վեր եմ կենում, ևս մեկ օր սկսվեց: Արթնանալուց հետո օրս ինձ չի հերիքում: Անկեղծ ասած, ես շատ եմ հոգնում` նույն դասերը, պարապմունքները, անկապ ժպիտով մարդիկ: Ես հոգնում եմ ոչինչ չանելուց:
Բայց ես սիրում եմ ամեն նոր օրը: Երևի այն բանի համար, որ կյանքը նոր գույներ վերցնի էդ նոր օրից, բնությունը ուրախանա, ու մարդիկ մի քիչ երջանիկ լինեն: Ուղղակի պետք է սիրել ամեն բացվող նոր օրը: Այն մեզ ապրելու նոր շունչ է տալիս, թույլ է տալիս սիրել, սիրվել, շրջապատված լինել մեր ընտրած մարդկանցով: Վերջիվերջո, ամեն մի նոր օրը մի նոր հեքիաթ է, որն ուղղակի պետք է վայելել։
Այս ամենը ես մտածում էի առավոտյան խոհանոցի պատուհանից դուրս նայելիս ու մայրիկի պատրաստած թեյը ստիպված խմելիս:
Էլի մտածում եմ, որ դրա փոխարեն կարող էի երկար քնել, գոնե վերջացնել կիսատ թողած երազը, ոչ թե հորինել շարունակությունը: Արթնանալ, սիրելի գիրքը կարդալ, ֆիլմը դիտել կամ պարզապես մնալ վերմակի տակ:
Ես վերջապես խմում եմ թեյն ու դուրս գալիս:
Ճանապարհին հանդիպում եմ ընկերներիս, բարևում կապտադարչնագույն երկնքին ու լավ տրամադրությամբ գնում դպրոց:
Ես քայլում եմ անձրևից հետո մնացած ջրափոսերի վրայով, ինձ փնտրում դրանց մեջ, հետո ինքս ինձ վրա բարձր ծիծաղում: Էլի մտածում եմ անձրևից հետո եկող հոտի մասին, էլի նայում եմ թփերին, ու այդ ամենը շեղում է ուշադրությունս: Ինչպես միշտ ուշանում եմ:
Դպրոցի մոտ մեքենաներն են ինձ գրավում: Կարծես գարնան հանդես են եկել` կարմիր, կանաչ, դարչնագույն: Բայց այլ բան է ինձ հետաքրքրում՝ ինչու են այդքան պինդ փակել պատուհանները, ինչու չեն թողնում, որ բնության շունչը իրենց քթին էլ դիպչի, իրենք էլ զգան այն, ինչ ես, ծառերը, թփերն ու թռչուններն ենք զգում:
Ես նորից շարունակում եմ քայլել ու վերջապես հասնում եմ դպրոց:
Մեր դպրոցում անձրև օրերին պատուհանի այն կողմում էլ են անձրևանոց պահում: Անհետաքրքիր են։

Roza Harutyunyan vayots dzor

Շնորհավոր, տատ

Ավարտվեց կանանց միամսյակը։ Չնայած՝ տղաներից շատերն են բողոքում, ու շատերն էլ ավելորդություն են համարում, բայց մեր դասարանում գեղեցիկ սովորություն է միամսյակը: Այն տարվա մեջ միակ ամիսն է, երբ տղաները գրատախտակ են ջնջում: Դե, իհարկե, դրանից առաջ ու հետո երբեք նման ճոխություն չենք տեսնում:

Մեր տան ավանդույթի համաձայն՝ միշտ տատիկին ենք առաջինը շնորհավորել ու պարտաճանաչ նշել ենք գեղեցիկ տոնը: Բայց տատիկիս մահանալուց հետո կարծես թե շատ բան փոխվեց մեր կյանքում ու առօրյայում: Տատիկիս հետ շատ էի կապված, որովհետև մյուս տատիկս մահացել է դեռևս իմ ծնվելուց առաջ: Երկու կողմի սերն էլ մի տատիկիցս եմ ստացել, և անկեղծ ասեմ՝ ինձ թվացել է, որ ինձ մի քիչ ավելի շատ է սիրել: Հիշում եմ, ոնց էր ուրախացել, երբ իմացավ՝ նյութ եմ գրել իր զինվոր թոռան մասին: Մեր կռիվներն առաջնահերթ խնդիր էր դարձնում ու սկսում կշտամբանքները: Տատիկս ջղայնանում էր, իսկ պապիկը ժպտալով ասում էր՝ սրիկաներ, մի կռվեք: Նա միշտ սիրել է կարգապահությունը, իսկ մենք միշտ խախտել ենք լռությունը: Այս տարի չնշեցինք, չգիտեմ՝ ինչու: Միգուցե վախեցել ենք տատիկի աթոռը դատարկ տեսնելուց: Կամ էլ ուղղակի կազմակերպիչը չկա:

Շնորհավոր, տատ:

Չմոռանաք կարդալ. Մարտ 2018

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Ահա եկավ ամփոփելու մարտ ամիսը: Ամեն անգամ, երբ գալիս է հետահայաց նայելու, թե ինչ են գրել մեր թղթակիցները մեկ ամսվա ընթացքում, հասկանում ենք մեկ անգամ ևս. Մեծ է 17-ի աշխարհագրությունը: Մեզ գրում են բոլոր մարզերից, գրում են քաղաքաբնակներ և գյուղաբնակներ, դպրոցականներ և ուսանողներ, զինվորական ծառայության մեջ գտնվողներ և արդեն առաջին աշխատանքային մկրտությունը ստացած մարդիկ: Մեզ գրում են ուրախության պահին և տխրության, սիրահարվածներ և հիասթափվածներ, կարոտողներ և իրականության հետ չհաշտվողներ: Գրում են իրենց շրջապատում ապրող հետաքրքիր մարդկանց մասին, և երևույթների, որոնք սիրում են: Գրում են երազանքների իրագործման, և ընդհակառակը, սթափեցնող իրականության մասին: Այդ պատճառով էլ 17-ը բազմազան է, խայտաբղետ, օրվա մեջ թե լացում է, թե ծիծաղում, թե զայրանում, թե հիանում… Ճիշտ մարտ ամսվա պես: Չգիտեմ, ձեզ դա դուր գալիս է, թե ոչ, բայց մեզ շատ է դուր գալիս: Չէ որ այս տարիքում մենք բոլորս որոնողներ ենք:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լավ, սա իմիջիայլոց, որ պատկերացնեք, թե ինչ եք հավանաբար բաց թողել մարտ ամսին:

Մարտ 8-ից ապրիլի 7-ը բոլորդ միաձայն կշարունակեք, որ Հայաստանում հայտարարված է կանանց միամսյակ: Ինչ փոխեց դա մեր կանանց և աղջիկների կյանքում, չգիտեմ, բայց արժե այս երկու հրապարակումը կարդալ ու մի քիչ մտածել բոլոր այդ տոների, միամսյակների ու պարզապես հնչող բարեմաղթանքների մասին՝ Անուշ Մկրտչյան «Այսօր միայն ծաղիկ ստանալու օր չէ», Սոնա Զաքարյան «Հարգել առանց հիշեցման» :

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Այո, մենք չենք համակերպվում կեղծիքի, վատի, սխալի հետ: Մենք գրում ենք այդ մասին, գրում ենք ցավով, հաճախ զայրույթով, բայց երբեք չենք լռում: Մարտին Կողբի մեր թղթակիցներ Մերի Մուրադյանն ու Արտյոմ Մամյանը տագնապի ձայն են հնչեցրել . «Ոչ մի նոր հանք: Մենք ենք մեր սարերի տերը» , եթե չեք կարդացել, անպայման կարդացեք, որովհետև այս խնդիրը բոլորիս է վերաբերվում: Իսկ Մարիամ Տոնոյանի «Եթե» հրապարակումը կարդալուց հետո միաձայն կասեք. Ոնց որ մեր քաղաքի, գյուղի, փողոցի, թաղամասի մասին գրած լինի:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

 

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Իսկ հիմա առանձնացնենք հրապարակումներ, որոնք ուշադրության են արժանի:

Քանի որ մենք լրագրության մեջ առաջին քայլերն ենք անում, մեզ համար կարևոր է սովորելը, մասնագիտական խորհուրդներ ստանալը մեր ավագ գործընկերներից: Մարտին այդպիսի երկու հարցազրույց ունենք. Մարիամ Պապոյանի «Լրագրության այսօրը»  և Անի Հարությունյանի ու Անի Կիրակոսյանի «Դասական երաժշտության նման ներդաշնակ, ռոքի նման ըմբոստ, ջազի նման հավերժ, բայց ոչ երբեք փոփի նման կանխատեսելի» : Եթե չեք կարդացել, խորհուրդ ենք տալիս, սովորելու շատ բան կա վաստակաշատ լրագրողներից:

Մարտ ամսին մեր հանդիպած հետաքրքիր մարդիկ շատ են: Ամեն այդպիսի հանդիպումից հպարտանում և ուրախանում ենք, որ մեր կողքին այդպիսիք շատ են: Կարդացեք Հեղինե Ենոքյանի «Անցորդը» հարցազրույցը:

Ու քանի որ գարուն է, շատ են նյութերը գարնանային աշխատանքների, գյուղի հոգսերի մասին: Ուզում ենք հատկապես նշել Լաուրա Սեկոյանի նյութերը, որոնք ասես ժամանակագրությամբ, ամիս առ ամիս ներկայացնում են գյուղն իր հոգսերով, մարդկանցով: Եթե ուզում եք ճանաչել ու ապրել այդ հոգսերով կարդացեք Լաուրայի բոլոր նյութերը: Կարելի է հաստատապես ասել, Լաուրան մնում է իր թեմային հավատարիմ:

Կարդացեք նաև Սոնա Մխիթարյանի «Տաքերն ընկել են» հապարակումը: Ուրիշ ոչ մեկից այդքան անկեղծ մի պատում չեք գտնի գյուղացու կյանքի մասին:

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Լուսանկարը՝ Զառա Թորոսյանի

Դե իսկ Մարատ Սիրունյանի «Յա՜, Աստվա՜ծ…» ակնարկը, որը լրագրությունը միահյուսում է գրականությանը, ստիպելով հիանալ և հուզվել ամեն պատկերով: Ի դեպ, հավանաբար գիտեք, որ Մարատն այժմ ծառայում է հայոց բանակում, և հանգստի կարճ դադարներին գրած այս ակնարկը շատ թանկ և հուզիչ է մեզ համար:

Ցավոք, գարնան հետ ավելացել են արտագաղթի թեմաներով գրված նյութերը: Նրանք, ովքեր արտագնա աշխատողներ ունեն իրենց ընտանիքում, կհասկանան, թե ինչու: Գարունը բացվելուն պես արձակուրդի եկած հայրերն ու եղբայրները մեկնում են… Անպայման կարդացեք Անահիտ Բադալյանի «29,03,1974», Թինա Մաքոյանի «Ես քո նվերն եմ», Սոնա Մխիթարյանի «Հայրս», Էլիզաբեթ Հարությունյանի «Բարև, քաղցր», Օֆելյա Հովհաննիսյանի «Ամենադժվարը», Խաչիկ Բունիաթյանի «Երազել երազում» հրապարակումները:

Ի դեպ, կարոտում ենք նաև այն ժամանակ, երբ գյուղից տեղափոխվում ենք քաղաք սովորելու, մանավանդ երբ գյուղը հեռու է, ու հնարավոր չէ շաբաթ-կիրակի այցելել ընտանիքին: Երևի հեռվից է, որ ավելի ես գնահատում քոնը, քո փոքր հայրենիքը: Կարդացեք Հայկ Քալանթարյանի «Փակ աչքերով»  և Սերյոժա Առաքելյանի «Եթե ունես նպատակ» հոդվածները:

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Եթե մեր հղած հրապարակումները կարդացիր, ուրեմն ճիշտ ժամանակն է մի քիչ ժպտալու, խորհուրդ ենք տալիս քնելուց առաջ կարդալ Անուշ Դավթյանի «Մեմուարներ կորած կյանքից» և անպայման Վալենտինա Չիլինգարյանի «Անմարդկային կատակերգություն» հրապարակումները:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Վերջում ասենք նաև, որ մարտ ամսի ամենաշատ ընթերցված հրապարակումը Անահիտ Գասպարյանի «Մենք քեզ երբեք չենք մոռանա» հրապարակումն է:

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը` Էլզա Զոհրաբյանի

Այսքանը:

Գուցե դուք բոլորովին այլ հրապարակում եք հավանել մարտին, որին մոռացանք անդրադառնալ: Կարող ես նաև ինքդ գրել անցած ամսվա քեզ ամենաշատը դուր եկած հրապարակման մասին և ուղարկել մեզ: Սկսենք ապրիլից, լա՞վ:

Ուրեմն մինչ հաջորդ ամիս:

laura sekoyan

Քամուց քշվածները Սոլակում

Մոտ մեկ շաբաթ առաջ էր, երբ Գագիկ Սուրենյանը հայտնեց, որ սպասվում են ուժգին քամիներ, և հնարավոր է՝ դրանք պատճառեն վնասներ։ Իհարկե, գյուղացիները զբաղված էին այգու գործերով, շատերն աշխատանքի էին, և այդ զբաղվածության պատճառով չէին լսել, կամ, եթե լսել էին, ուշադրություն չէին դարձրել՝ հուսալով, որ մեր սարերը թույլ չեն տա քամին մեզ վնաս պատճառի։ Հիմա լսել, թէ չէին լսել, դա արդեն կարևոր չէ, կարևորն այն է, թե ինչ եղավ։

Սովորական օր էր։ Սկսվել էին գարնանային արձակուրդները, և բացվել էր այգին մաքրելու մեծ ու հաճելի գործը։ Այդ գործով շատերն էին զբաղված։ Կեսօրից հետո սկսվեց սովորականից ավելի ուժեղ քամի, և մարդկանց հավաքած տերևների բուրգերը հավասարվում էին հողին։ Ծառերը կարծես մարտի բռնված լինեին, իրարից բավականին հեռու գտնվող ծառերի ճյուղերը ուժգին քամուց հարվածում էին իրար։ Բոլորն անցան տուն, ով մոմ չուներ տանը, շտապ խանութ էր ուղևորվում՝ մոմ գնելու։ Բոլորը սպասում էին, որ ամեն պահի կարող են հոսանքազրկվել։ Այդ սպասելիքները քամին արդարացրեց։ Վնասվել էին մի շարք անասնագոմերի տանիքներ, կտրվել էին հոսանքի հաղորդալարեր, և դեռ սա ամենը չէր։
Հրազդանից մեքենայով տուն էինք գալիս, երբ հասանք դպրոցի մոտ ու ականատես եղանք, թե ինչպես քամին վերցրեց ու գետին տապալեց դպրոցի տանիքի մեծ մասը։ Սա ամենամեծ վնասն էր, որ քամին պատճառեց Սոլակ գյուղին։
Անցել է արդեն արձակուրդների մեկ շաբաթը, բայց դպրոցի տանիքը դեռ չի վերանորոգվել։ Միայն հավաքել են տանիքից պոկված հատվածները և դասավորել դպրոցի բակի մի կողմում։ Եթե գյուղացիները հստակ իմանային, որ իրենք պետք է վերանորոգեն տանիքը, գուցե արդեն նորոգած լինեին, բայց քանի որ որոշ տեղերից եկել, հետաքրքրվել են դպրոցով, նկարել են ավերված տանիքը և որոշակի օգնություն խոստացել, այդպես էլ տանիքը շարունակում է երեք հարկ զիջել իր տեղը ու մնալ գետնին։

Մեկ շաբաթվա ընթացքում տեղացել են անձրևներ, խոնավացել է երրորդ հարկի դասասենյակների մեծ մասը, և քանի որ դպրոցն այլևս չի ջեռուցվում, խոնավությունը դարձել է ջերմանալու միակ միջոցը։ Այս տանիքային հարցը «տանիքավորները» խոստացել կամ գուցե հույս են տվել, որ կլուծեն, բայց քանի դեռ նրանց տանիքը տեղում է, մենք կվայելենք խոնավության ջերմությունը։ Վիճակը, իհարկե, ծայրահեղ ծանր չէ, բայց մեր գյուղի եղանակային պայմաններում յուրաքանչյուրը պետք է տանիք ունենա։ Գյուղի տղամարդկանցից շատերն արդեն որոշ աշխատանքներ են կատարում և փորձում որևէ կերպ լուծել իրենց գյուղի, իրենց զավակների ու իրենց խնդիրը։ Արթնացեք, «տանիքավորներ»։

ani tadevosyan lori

Սովորական քաղաքը գարնանը

Երբ դրսում անձրև է գալիս, իսկ ներսում երիցուկներն են ծաղկում, այդժամ ես հասկանում եմ, որ Վանաձորում իսկապես գարուն է եկել…

Միշտ անձրևային քաղաք Վանաձորն ունի իր յուրահատուկ գույները՝ մոխրագույնը կանաչի հետ: Դե, մոխրագույնը երևի հասկացաք՝ ինչու, իսկ կանաչը այս փոքր քաղաքում ամենուր է: Նայում ես վերև՝ կանաչավուն սարեր են՝ երկնքին հասնող, նայում ես շուրջդ՝ կանաչավուն ծառեր, իսկ երբ նայում ես ներքև, տեսնում ես այն գրեթե չերևացող ծաղիկները, որոնք հայտնվում են գարնան սկզբին:

Անձրևային հերթական մի օր ես փողոցներից մեկում հանդիպեցի մի երաժշտի, որը կանգնած էր անձրևի տակ, և կարծես հիասթափված, բայց չկոտրվող ձայնով երգում էր. «Let it be, Let it be»։ «Բիթլզի» երգը այդ երաժշտի կատարմամբ հնչում էր նորովի, նույնիսկ մի պահ ինձ թվաց, թե ես չգիտեմ՝ այդ ինչ երգ է երգում կիթառով մարդը: Նրա ձայնը և կիթառի նվագը խառնվել էին անձրևի կաթկթոցներին, և դրանից հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծվել:

Ռոքը՝ Վանաձորում, Վանաձորը՝ ռոքի մեջ: Դրսում անձրև է գալիս, իսկ ներսում երիցուկներ են ծաղկում․ սա է Վանաձորը:

janna sargsyan lori

Գյուղատնտեսությունն ու քաղաքականությունը

Սովորական առավոտ է։ Արթնանում եմ ոչ թե աքլորի կանչից, այլ աշխատավոր մարդկանց ձայներից: Ժողովուրդը իր վաստակած հանգստից հետո էլի սկսում է նույն գործերը: Բոլորս էլ ծանոթ ենք գյուղի առօրյային․ այն սկսվում ու վերջանում է գործով, բայց միևնույնն է, չենք բողոքում ու հիշում ենք էն լավ ասացվածքը․ «Ով աշխատի, նա կուտի»։ Առանց տրտնջալու անցնում ենք գործի: Գյուղում, եթե ժամանակին չաշխատես, ապա ձմռանը չես կարող գոյատևել: Ի տարբերություն Հայաստանի այլ բնակավայրերի, մեզ մոտ գյուղատնտեսական աշխատանքները սկսվում են մեկ-երկու ամիս ուշացումով։ Պատճառը կլիման է, բայց տանջանքը էլի նույնն է մնում: Տարվա 7-8 ամիսը գյուղացին արարում, ստեղծում ու իր արդար քրտինքով վաստակում է իր օրվա հացը: Աշխատում են գրեթե բոլորը՝ մեծից փոքր, և այդ աշխատանքի հետ էլ համատեղում մնացած գործերը: Ամենադժվարը ուսանողների համար է, երբ առավոտ շատ վաղ արթնանում են, գնում Վանաձոր, դասերից հետո վերադառնում տուն ու սկսում գյուղատնտեսական աշխատանքները։ Անգամ դասերը սովորելու ժամանակ չեն գտնում, կամ էլ գիշերները մի կերպ հասցնում են: Նույնը դպրոցականների մոտ է, էլի ուսումն ու գործը համատեղում են: Ասացի՝ աշխատում են գրեթե բոլորը, իսկ չաշխատողների հիմնական մասը Ազգային ժողովի պատգամավորներ են կամ էլ քաղաքագետներ: Մի ամբողջ օր նստում ու խոսում են քաղաքականությունից, խնդիրներ առաջ քաշում, լուծումներ տալիս, ներքին կոնֆլիկտների մեջ ընկնում։ Թվում է, թե ազգային ժողովի շենքը տեղափոխվել է մեր գյուղ: Ի վերջո, խնդիրներին լուծում են տալիս ու մութն ընկնելուն պես գնում իրենց տուն, հաջորդ օրը նոր օրակարգով էլի հավաքվում: Էսպես անցնում են տարվա 7-8 ամիսները, հետո էլի անցնում ենք ձմեռվա հանգստին ու նորից մտածում հաջորդ գարնան մասին:

ՎՏԿ-ն Վանաձորի նոր զարկերակ

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծված է քաղաքը վերածելու տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի: Կենտրոնի նպատակն է՝ ստեղծել հնարավորութունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կոչված է աջակցելու տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել իրենց նոր բիզնես գաղափարները, նպաստել տարածաշրջանի կայուն զարգացմանը:

Կենտրոնի բիզնեսի զարգացման պատասխանատու պարոն Պատվական Հախինյանը նշեց, որ կենտրոնի կառուցման տարածքը պատահական չէ ընտրվել, քանի որ «Իրավասու մարմինները՝ կառավարությունը, տեղական իշխանությունները, աշխատել են այնպես լինի, որ մոտ լինի տեխնոլոգիական բուհերին՝ պոլիտեխնիկ ինստիտուտին»:
Կենտրոնը տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, ֆինանսական աղբյուրների ներկայացման, բիզնես կապերի ձևավորման և այլ անհրաժեշտ հարցերում:

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

ՎՏԿ-ի դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանն ասաց, որ իրենց թիմն արդեն երկու տարուց ավելի աշխատում է և գործունեություն է ծավալում: «Մենք կարողանում ենք համագործակցել տարբեր ընկերությունների թոփ մենեջմենթից սկսած մինչև ինժեներներ, աշխատակիցներ, ովքեր ունեն նորարարական գաղափարներ, բայց խնդիրներ ունեն այդ նորարարական գաղափարները առաջ մղելու հարցում»:

Կենտրոնի հետ համագործակցության հարցում, հատկապես, շահագրգռված են բոլոր կրթական և ուսումնական հաստատությունները, բուհերը, բուհերի դասախոսական կազմը, մարդիկ, ովքեր զբաղվում են հետազոտություններով: Նրանք բացառիկ հնարավորություն են ունենում մասնակցելու տարբեր ծրագրերի և մրցույթների: «Դպրոցները հատկապես շատ ակտիվ են: Արդեն երկրորդ տարին է, որ դպրոցականների համար տարբեր պրոցեսներ ենք իրականացնում: Ուսանողների ցանկը շատ մեծ է և անընդհատ մեծանում է, ոչ միայն Վանաձորի դպրոցներից են հաճախում, այլ նաև Ալավերդուց, Ստեփանավանից, Սպիտակից և հարակից գյուղերից:
Այսպիսով՝ հասարակությունը ՏՏ ոլորտում հետաքրքրված է երկու ուղղություններով»: Պարոն Մամուլյանի խոսքով՝ առաջինն այն է, որ մարդն ունի հետաքրքիր նորարարական գաղափար և ուզում է այն բիզնեսի վերածել, երկրորդը՝ երբ մարդն ուզում է իր հմտությունները զարգացնել, մասնակցել որևէ վերապատրաստման դասընթացի և դրանով, ինքն իր համար աշխատանքի հնարավորություն ստեղծի:

Ընդհանուր առմամբ, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնն ուղղված է նպաստելու ոչ միայն ՏՏ ոլորտի զարգացմանը, այլև քաղաքի ընդհանուր առաջընթացին և ներդրումային գրավչության բարելավմանը, երիտասարդների մեծամասշտաբ ներգրավմանը ուսումնական և աշխատանքային պլաններին:

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Լուսանկարը՝ Սամվել Ավետյանի

Դասընթացների մասին հասարակությունը իմանում է հիմնականում սոցցանցերի միջոցով կամ ուղղակի այցելում են կենտրոն՝ հետաքրքրվելու այս կամ այն դասընթացով:
«Դասընթացների ցանկը տարբեր է: Այս պահին ունենք ծրագրավորման վճարովի դասընթացներ, վճարովի, քանի որ այդ պարագայում ավելի մոտիվացված և ավելի լուրջ տրամադրված դիմորդներ ենք ունենում: Բացի դա՝ ունենք ինժեներական դասընթացներ, որոնք անվճար են, անց են կացվում մեր միջավայրում, և փորձում ենք պատրաստել համապատասխան ինժեներներ, ովքեր կտիրապետեն նորագույն տեխնոլոգիաներին»,- ասաց պարոն Մամուլյանը:

ՎՏԿ-ն նաև կապեր է հաստատում տարբեր միջազգային կրթական հաստատությունների ու ծրագրերի ներկայացուցիչների հետ համագործակցության հստակ նպատակներով: Օրինակ, հանրահայտ «Յանդեքսի» հետ մեծ ծրագրի մեկնարկը: Նելսոն Մամուլյանը հաստատեց. «Առաջին անգամ Յանդեքսը ՌԴ-ից դուրս որոշում կայացրեց, որ կրթական գործունեություն է ցանկանում իրականացնել, և դա արեց Հայաստանում՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում: Վանաձորցիների համար շատ հրաշալի հնարավորություն է Յանդեքսի կրթական ուսումնական պրոցեսին մասնակցել: Մասնակիցները 9-ից 11-րդ դասարանի դպրոցականներ էին, մոտ 200 մարդ դիմեց մրցույթի համար, բայց անցավ միայն 28 դիմորդ, և այժմ նրանք մեզ մոտ դասավանդում են»:

Այսպիսի լուրջ հաստատությունը լուրջ է վերաբերվում բոլոր խնդիրներին, որոնց հետ առնչվում են, մանավանդ՝ մասնագետների կամ դասընթացավարների ընտրության հարցում բացարձակ ուշադրություն ու նրբանկատություն ցուցաբերելով. «Սա բուհական միջավայր չէ, սակայն մենք ամենախիստ պահանջներով պետք է մասնագետ ընտրենք, ով պետք է դասավանդի տվյալ դասընթացը և գործատուների պահանջներին համապատասխան հմտություններ և կարողություններ փոխանցի մեզ վստահող մարդկանց»,- ասաց դասընթացների համակարգող Նելսոն Մամուլյանը:

elza zohrabyan

Մայրիկի արձակուրդը

Դասերը վերջացան։ Եկա տուն։

-Էլզա, շուտ փոխիր շորերդ ու արի սկսենք։

-Լավ, մամ, 5 րոպե սպասի՝ հանգստանամ, գամ։

Անցավ կես ժամ։

-Լավ, վերջ, արի։

-Գալիս եմ։

-Մամ, չես պատկերացնի՝ ինչ ա եղել: Հերիք չի՝ այսօր դասին ինչպես միշտ սկսեց մեր վրա բղավել, մենք էլ ուղղակի պետք է լսեինք այդ անիմաստ մեղադրանքները։

-Լավ էլի, չեմ կարծում, որ այդքան անիմաստ էին, հաստատ մի բան արել եք, բայց լավ, էդ հեչ։ Մենակ իմանաս՝ ինձ հետ ինչ ա եղել։ Այսօր ստիպված արթնացել եմ ժամը 8-ին, չնայած՝ աշխատանքի չեմ, քանի որ աշխատանքից բոլորը զանգում էին, ամեն մեկը մի բան հարցնում էր։ Չեմ կարող չպատասխանել, իսկ հետո արձակուրդները կվերջանան, և ես էլի չեմ հասցնի հանգստանալ։

-Լավ, մամ, արի տխուր բաներից չխոսենք, ավելի լավ է՝ ասա ի՞նչ գույնով ներկեմ այս մասը։

-Որ գույնով ուզում ես, միևնույն է, լավ է ստացվելու։

-Հա, դե մամ, եթե ես ու դու ենք անում, պարզ է, որ լավ է լինելու,- կատակեցի ես։

-Ճիշտ ես։

-Մամ, իսկ այս պատն է՞լ ենք ներկելու։

-Չէ, կարծում եմ՝ հերիք է, թե չէ հարևաններն էլի կսկսեն ասել, որ ուզում ենք տարբերվել։

-Վայ դե, ամեն անգա՞մ։

-Լավ, կարծես թե վերջ։

-Մամ, բա հիմա ի՞նչ ենք անելու։

-Ի՞նչ պետք է անենք, դու, ինչպես միշտ, հեռախոսիդ մեջ, իսկ ես կփորձեմ պատրաստել այնպիսի ընթրիք, որ խոհարար պապադ էլի անուն չդնի։

-Մա՞մ, արդեն համակերպվե՞լ ես այն մտքի հետ, որ ես առանց հեռախոսի կյանք չունեմ։

-Դե, ստիպված էի։

Ամեն բան սկսվել է կավից

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Կիրակնօրյա դպրոցի այս փոքրիկ արվեստանոցի պատերի ներսում գտնվում են զարմանահրաշ ձեռակերտ քանդակներ՝ փայտից ու կավից։ Դրանցից յուրաքանչյուրն իր զգացմունքներն ունի, իր պատմությունն ու քարացած շարժումները, յուրաքանչյուրը կենդանություն է ստացել Աշխեն Սարգսյանի ու նրա աշակերտների համբերատար աշխատանքի շնորհիվ։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

-Սերը դեպի արվեստն ունեցել եմ մանկուց,- պատմում է Աշխենը,- սիրել եմ տարբեր նյութերից պատկերներ կերտել, գեղեցիկի վերածել հասարակ փայտն ու կավը։ Առաջին մասնագիտությամբ նկարչուհի եմ, սովորել եմ Գավառի պետական քոլեջի նկարչության բաժնում, իսկ փայտագործության և կավագործության գաղտնիքներին ծանոթացել եմ ինքնուրույն՝ գրքեր ուսումնասիրելով, համացանցով տարբեր հոլովակներ դիտելով, այլ վարպետներից խորհուրդներ հարցնելով։ Վերապատրաստվելուց հետո, արդեն 5 տարի է՝ դասավանդում եմ փայտագործություն ու կավագործություն Գավառի կիրակնօրյա դպրոցում, իսկ նկարչություն ու փայտագործություն՝ Նորատուսի արվեստի դպրոցում։

Երիտասարդ նկարչուհու համար արվեստը ոչ միայն աշխատանք է, այլև կյանքի անբաժանելի ու գունավոր մի հատված։ Հաճախ, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, Աշխենը շարունակում է աշխատել տանը, քանի որ կարծում է, որ ճիշտ չէ աշխատելիս ընդհատել ստեղծագործական միտքը։ Նա ասում է, որ հնարավորության դեպքում անպայման սեփական արվեստանոց է ունենալու։

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Լուսանկարը՝ Մարիամ Տոնոյանի

Աշակերտներն ունեն զգալի հաջողություններ թե՛ փայտագործության, թե՛ նկարչության, թե՛ կավագործության մեջ։ Մասնակցում են տարբեր մրցույթների ու զբաղեցնում մրցանակային տեղեր։

-Նախկինում իմ խմբակում սովորում էին միայն տղաներ,- ասում է Աշխեն Սարգսյանը,- այժմ ուրախալի է, որ նաև աղջիկներն են հետաքրքրված կավագործությամբ։ 

Աշակերտուհիներից Սոնյա Օհանյանը պատմում է.

-Երբ սկսեցի հաճախել կավագործության, խմբում դեռ միայն տղաներ էին, բայց կարծում եմ, որ արվեստում սեռային սահմանափակումներ դնել չի կարելի։ Երբ աշխատում եմ կավի հետ, թվում է՝ ձեռքերիս մեջ հորդում է կենսական էներգիա, ես մոտենում եմ արարչագործության խորհրդին։ Կավագործությունը ազատ ստեղծագործելու, անկրկնելի ու յուրահատուկ կերտվածքներ պատրաստելու հնարավորություն է տալիս, բայց կավն ունի նաև իր դժվարամատչելի լեզուն, իր գաղտնիքները, իսկ այդ գաղտնիքները մեզ մատուցում է ընկեր Աշխենը։