galina simonyan

Եկեք՝ անցնենք թաղից թաղ

Առավոտյան այնքան լավ օր էր. որոշեցի քրոջս հետ մի փոքր քայլել գյուղում:

Մեր գյուղը Ներքին Կարմիրաղբյուրն է: Քայլում և հանդիպում էինք շատ տների, որոնց որոշ մասը կողպված էր, իսկ մի մասում դեռ ապրում էին մարդիկ: Սկզբում այդ բոլոր տներից հետաքրքրեց այն տունը, որի հետևի մասը փլված էր, երևի գրադի (մեծ զենքի տեսակ) տված էր: Այդպես մտածեցի և հարցրեցի քրոջս: Նա պատմեց, որ այդ տանը մի տատիկ է ապրում, որը մի քանի օր մնում է այստեղ, մի քանի օր՝ Բերդ քաղաքում՝ իր աղջկա մոտ: Այս պատմության հետաքրքիրն այն էր, որ նա ուներ 4 տղա, բայց ապրում էր կա՛մ իր տանը մենակ, կա՛մ էլ աղջկա մոտ, որովհետև տղաները այստեղ չեն ապրում, աշխատում են Ռուսաստանում:

Շարունակեցինք քայլել և հանդիպեցինք մի տան, որ կիսափլուզված էր: Տունը պատերազմի ժամանակ էր փլվել, իսկ տան տերերը՝ զոհվել: Քույրս պատմեց, որ զենքի բեկորները տանտիրոջն են կպել, երբ նա իր տանը նստած է եղել, և նա մահացել է սեփական տան մեջ: Ես, հուզված այդ պատմությունից, քրոջս հետ շարունակեցի քայլել գյուղով: Շուտով մենք տեսանք մի փոքր տնակ, որտեղ իր պապիկի և տատիկի հետ ապրում էր թոռնիկը, որի մասին քույրիկս մի զվարճալի պատմություն պատմեց: Նա ասաց, որ մի անգամ, երբ տատիկը գոմում կովին կապում էր, թոռը, չիմանալով, որ տատիկը գոմում է, փակում է դուռը, իսկ որոշ ժամանակ անց, նկատելով տատիկի բացակայությունը, սկսում է փնտրել նրան: Երկար փնտրելուց հետո նկատում են, որ նա պատահաբար փակվել է գոմում:

Շուտով մենք մոտեցանք Միշիկ պապիկի տանը, որտեղ բարի պապիկն ապրում էր միայնակ: Կինը մահացել էր մոտ երեք տարի առաջ, և մինչ այսօր իր կնոջը պաշտող պապիկը չի համակերպվել նրա մահվան հետ: Նա ապրում է մենակ, որովհետև երեխաները բնակվում են Ամերիկայում: Շարունակեցինք քայլել: Մեր առջև կիսափլված մի տուն էր, որի տանիքն էր միայն բարվոք վիճակում, քանի որ ՌԴ-ում բնակվող տերերը վերանորոգել էին տանիքը, իսկ մնացած մասն ամբողջովին անմխիթար վիճակում էր: Տան առջև մի չորացած ծառ կար, քույրս պատմեց այդ ծառի մասին: Առաջ, երբ տան տերերը ապրում էին իրենց տանը, ծառը ամեն տարի քաղցրահամ պտուղներ էր տալիս: Ամբողջ թաղամասի երեխաները սպասում էին այդ քաղցրահամ պտուղներին: Իսկ այսօր ծառը նույնիսկ չի ծաղկում:

Այդպես ավարտեցի փոքրիկ ճամփորդությունս իմ սիրելի գյուղում:

Շատ սիրուն ու հեռացող մի դարաշրջան

Մի օր զրուցում էի տատիկիս հետ, և նա պատմեց իր ուսուցչի՝ ընկեր Գրիշա Ադամյանի մասին: Պարզվեց, որ նա ողջ է և մոտ 90 տարեկան է: Ընկեր Ադամյանն ինձ շատ հետաքրքրեց, ծանոթ մարդկանց միջոցով տեղեկություններ հավաքեցի և գնացի հարցազրույցի: Ցավոք, ընկեր Ադամյանը չպատասխանեց իմ բոլոր հարցերին, քանի որ արդեն ծեր էր և չէր կարողանում մտքերը հավաքել: 

Ընկեր Ադամյանը՝ Ադամյան Գրիշան, երկար տարիներ դասավանդել է հայոց լեզու և գրականություն    Ապարան քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 1 դպրոցում: Վաղ տարիքում զրկվել է հորից և մորից: Նրան միայնակ պահել և մեծացրել է տատիկը: Որբ երեխան, ճրագի լույսի տակ սովորելով, գնացել է Երևան և ընդունվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան: -Ես հիմա ասես մեռած լինեմ, աչքերս քոռցե, բան չտենամ:

-Գիտե՞ք այնպիսի աշակերտների, ում դուք դասավանդել եք, և նրանք Ձեր ճանապարհով են գնացել: 

-Մեր մոտ Ավետիքն էր շատ սիրում լեզու: Գիշեր-ցերեկ գրքեր ուներ, բերում կարդում էր: Էն ներքի թաղերն էլ կան: Մանուկյան Մարատն էր: Նույնիսկ իմ աղջիկն էլ՝ Գայանեն (թոռնուհին): Գայանեն լավ լեզու գիտի: Աղջկերքի մեջ էնի շատ լավ գիտի: Իմ մասնագիտությունով Հովհաննեսն ա (քանի որ ընկեր Ադամյանը ինձ չէր ճանաչում, բնականաբար չիմացավ, որ Հովհաննեսը իմ հարազատ հորեղբայրն է, ես էլ չընդհատեցի նրան): Քանի տարի ա Բլխեր (Շենավան) դաս ա տալիս: Որ սիրտ ունենայի՜, բալա ջան: Ինձնից մի նեղվի: Տենում ես իմ հալը: Հետո մի հատ աղջիկ էլ կար Հարթավանում: Քանի տարի դաս կիդեր: Բայց թույլ էր: Էնի ըսկի իրա անուն գրել չգիտի: Էնի տղաներով ա զբաղված: Մեր դպրոցում Ավետիքի երեխեքն էին ընդունակ, ինքն էլ էր ընդունակ:

1952 թվին ընդունվա համալսարան: Վեց տարի սովորեցի: Էն Մարգարյանի մոտ կարաս գնաս: Էնի նայած լավ ա, ոչինչ: Ոչ թե լավ ա, նա ինձնից փոքր ա: 10-16 տարի փոքր ա: Նա դեռևս մի 10 տարի կապրի: Նրա փեշը բռնի: Լավերից նա ա մնացել: Քեզ մի քիչ ուղղություն ցույց կտա: Իմ գրքերուց էնի տարավ, միջև հիմա հլը չի տվել: Դու լավ մարդու աղջիկ ես: Ես քեզ կօգնեի:

-Ի՞նչ տարբերություններ կան Ձեր ժամանակվա երեխաների և ներկա սերնդի միջև:

-Էն վախտ լռություն կար: Ավետիքն էր: Շուտ մահացավ, շուտ: Կարճ տևեց նրա կյանքը: Մենք պլաններ ունեինք՝ ուր գնայինք: Էն լճափ գնայինք: Ավետիքի հետ գնայինք ամենուր, բայց Աստված չթողեց: Դու Մարգարյանի մոտ գնա: Էդ երկուսի: Մեկ էլ Հովհաննեսի: Հովհաննեսն էր գալիս ինձ մոտ, խորհուրդներ հարցնում, գրքերս կարդում: Առաջվա մանկավարժներից Ղարաքիլիսեն կար, Բլխեր: Հիմա ոչ մեկը չկա: Մենակ Ավետիքը լավ լեզու գիտեր, էն էլ էդպես կարճ տևեց: Ես էլ լալ ու կյառ եմ դարձել: Տենում ես, Անուշ ջան: Ես սիրով քեզ կօգնեի, բայց վիշտս ծանր ա: Գիտես՝ կին չունեմ, անտեր: Ի՞նչ անիմ, ինչպե՞ս ապրիմ, ինչպե՞ս շնչիմ: Որ նույնիսկ չկարողանամ սափրվեմ, Անուշ ջան: Էդպես: Սրանք որ գրել ես, էս հարցադրումնե՞ր են: Ինչ սիրուն գրել ես, աչքերս լավ չի տեսնում (ասելուց հետո վերցրեց տետրը ձեռքիցս և առանց ակնոցի կարդաց հարցերը):

-Ձեր աշակերտներից կա՞ն մարդիկ, որ հիմա հայտնի են դարձել:

-Գրիգորյան Լյովան: Գլխավոր բժիշկ ա: Իրա սեփական հիվանդանոցն ունի: Ես էն վախտ հազար կտոր գիրք ունեի, իսկ հիմա մի կտոր գիրք կա: Մեր տան լրիվ գրքերը սաղ տարած: Իմ կինս էլ մահացավ, ես էլ թոռոմա: Իմ գրքերը սաղ տարած, թալանած:

-Ինչպիսի՞ն էր Ձեր վարվելաձևը աշակերտների հետ: 

-Բարի եմ եղել, շատ լավ հասկացրել եմ, սովորեցրել եմ: Առանց ինձ ոչ մի տեղ չէին գնա, Անուշ ջան: Լավ, գերազանց սովորեցրել եմ: Էդքան հաց չէի ուտում, մի կտոր հաց չէի առնի, ուտեի, որ գիրք առնեի: Գրքերս սաղ գողցան ավազակները:

-Ինչո՞վ եք տարբերվել մյուս ուսուցիչներից: 

-Լեզվի ճոխությամբ: Լեզու ես շատ լավ գիտեմ: Ես լավ կարդացել եմ ու բացատրել եմ: Ով եկել ա գյուղ, խոսացել եմ: Թաղման տեղերին իմ նման խոսող չկար, եթե ուզում ես իմանաս: Այ, դրանով եմ տարբերվել: Սեր ունեի, սեր: Գիշեր-ցերեկ կարդում էի, սեր ունեի, Անուշ ջան:

-Կպատմե՞ք Ձեր դպրոցական և ուսանողական կյանքից: 

-Է՜, այ քու տունը շեն, էտի ըսկի Կամոն չկռնա պատմա (այդպես էլ չկարողացա իմանալ՝ ով է այդ Կամոն): Ասեմ, որ ուսանողական 6 տարիներին սովորածիցս 6 րոպե չմոռցա: Ինչքան գիրք կար էդ գրադարանները, ես բոլորը կարդացի, Անուշ ջան: Հետո եկան ուսանողական տարիները, արդեն ավելի պարտաճանաչ դարձա, ավելի շատ դժվարություններ եղան: Հա, մեր շրջանից մեկը կար՝ Քերոբյան Քերոբ: Մեր դպրոցի դիրեկտորն էր: Չնայած էտի էս եռսուն տարի ա՝ մեռել ա: Մեր էս գյուղի դպրոցի հիմնադիրն ա: Մեր դպրոցում էդ վախտ տեղացի դիրեկտոր չի եղել: Ես որ գնացել եմ դպրոց, հիշում եմ՝ Սաման անունով կին կար: Մահացել գնացել ա: Մադաթյան Մադաթ, Մադաթյան Սերոբ: Հիմա մարդ չկա, կենդանի են Ռազմիկը, Մարգարյանը: Կարաս՝ Չապաևի մոտ գնա: Էն էլ լեզու լավ գիտեր, լավ զբաղվում ա, կարդում ա, գրում ա:

-Ինչպիսի՞ն կուզեիք տեսնել մեր լեզուն, մեր երկիրը: 

-Մեր լեզուն լավն ա, մեր լեզուն փառահեղ է և մի քանի ածականներ կկպցնես՝ կգնա, էլի: Մեր հայոց լեզուն լրիվ անաղարտ, մաքուր, լավ լեզու է: Բոլորը սիրել են: Մեր լեզուն աշխարհի հարուստ լեզուներից մեկն է: Հարուստ:

-Ինչպիսի՞ն էր երկիրը 1940-ական թվականներին:

-Վայ, ցավով, ցավով: Հայրենական պատերազմը սկսվավ 1941 թվականին, ավարտվեց 1945-ին: Ես պատերազմ չեմ եղել: Ես պատերազմ չգնացի, որովհետև մեր տանից 3 հոգի գնացին և զոհվեցին: Մենակ ես մնացի պուպու (միայնակ):

-Ովքե՞ր էին: 

-Իմ հայրը և հարազատ եղբայրները: Անհայտ կորան, գնացին ու գնացին: Մեր գյուղում ամենից շատ մեր տանը վնաս եղավ: Լավ չանցավ, էլի, կյանքս: Էս վերջին տարիներին էլ կնոջս մահը: Գիշեր-ցերեկ լաց եմ լինում, Անուշ ջան: Ինչի՞ հիմա Ավետիքը չըլներ, նստեինք ավտոն, քշեինք: Ղարաքիլիսա քշեինք, Աթմագյուղ, ուտեինք, խմեինք, ուրախանայինք, վերադառնայինք: Արդեն 90-ն անց եմ: 1927 թվին եմ ծնվել:

-Ի՞նչ սիրած գրողներ եք ունեցել: 

-Է՜, ծով ա: Թումանյան, Չարենց, Իսահակյան, Նարեկացի… Ամենից շատ Թումանյան եմ սիրել. նրա հայերեն բանաստեղծությունները: Է՜, կյանքս գնաց, բան չհասկացա: Հազար կտոր գիրք ունեի, էդ էր…

Ես այլևս հարցեր չտվեցի, թեև շատ էի պատրաստվել այդ հարցազրույցին: Մի բան ընկեր Ադամյանն անընդհատ հիշում էր ցավով. իր գրքերը, վաղ մահացած ընկերոջն ու սիրելի կնոջը…

ani v. shahbazyan malishka

Պապս

Իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից է եղել պապս՝ տատիկիս հայրը։ Հաղթանդամ, բարձրահասակ, վայելչակազմ, օժտված բնավորության հատուկ գծերով։ Առանձնահատուկ էր ինձ համար պապս։ Չափից դուրս հյուրասեր ու հյուրընկալ, աշխատասեր, բարի։ Կարմիր «Նիվա» էր վարում արդեն շատ տարիներ։ Շատ էր սիրում իր մեքենան։ Նա ինձ իր ծնկների վրա է մեծացրել։

Պապս տատիս հետ իրենց տանն էին ապրում, որը այդքան էլ հեռու չէր մեր տանից, և ես գոնե շաբաթը մեկ անգամ այցելում էի նրանց։ Բացում էի դարպասը, կանչում ու տեսնում էի, թե ինչպես է պապս ժպիտը դեմքին մոտենում ինձ ու ասում տատիկիս․

-Ռիմա՜, յար մե՝ ըշկը վավ էկե․․.
Հետո գալիս էր տատս։ Շատ էին ուրախանում, որ ինձ տեսնում էին։ Գնում էի, նստում էինք, խոսում ու ծիծաղում։ Աչքիս առաջ են այդ օրերը․․․ Անցնում էին օրեր։ Պապս իրեն վատ էր զգում, դեղեր էր խմում, բժշկի էր այցելում։ Պարզվեց՝ հիվանդություն ունի ու այն էլ շատ լուրջ հիվանդություն։ Հին պապիցս բան չէր մնացել, միայն ժպիտն ու կատակները։ Շատ էր նիհարել, այնքան, որ ոսկորները հստակ երևում էին։ Մարմինը գունատվել էր։ Հազվադեպ էր քայլում, միշտ պառկած էր։ Մի անգամ ես էի օգնում, որ քայլի: Բռնել էի ձեռքից, մյուս ձեռքում էլ ձեռնափայտն էր։ Պատմում էր, որ այն ժամանակ էլ ինքն էր ինձ քայլեցնում, երբ դեռ փոքր էի ու նոր էի քայլերս անում․․․

Ամեն օր այցելում էի պապիս, ինձ համար իր հետ անցկացրած ամեն րոպեն կարևոր էր։
Գիտակցության կորուստ․․․ Ցավեր․․․ Մի քանի օր, ու․․․
Բայց չնայած այս ամենին, նա ինձ տեսնելուն պես ճանաչում էր։ Էլի կատակներ էր անում, ժպտում էր։ Սովորական օր էր, գնացել էի՝ տեսնելու։ Գրկեցի։
-Ո՞նց ես, պապիս։
-է՜, ես հեչ, կարևորը դուք լավ ըլնեք։
Արցունքներս չկարողացա զսպել։ Սա ամենավերջին հիշողությունն է, որ մնացել է պապիցս։
Գիշեր էր։ Զանգեցին ու ասացին, որ․․․ Վերջ։ Ահավոր էր։ Մի կողմից լավ էր, որ էլ ցավից չէր ճչա ու չէր տանջվի։ Հանգստացել էր․․․ Ապրիլի 18-ին կլրանա 5 տարին, որ պապիս չկա։ Մնացել են կանաչ դարպասներ, կարմիր «Նիվան» ու հիշողություններ․․․

Մենք ապրում ենք Կապանում

Ինչն է հուզում կապանցի երիտասարդներին

Հայերը շարունակում են իրենց ապագան կապել օտար երկրների հետ։ Հայաստանում բնակչության քանակը գնալով նվազում է։ Արտագաղթի աճի պատճառներից են ցածր աշխատավարձերը և աշխատատեղերի բացակայությունը։ Արտագաղթը խթանող գործոններից են՝ տնտեսական ծանր վիճակը, փոքր ու միջին բիզնեսում մրցակցությունը, աշխատատեղերի սղությունը և որպես դրա հետևանք` զանգվածային գործազրկությունը։ Երկիրը լքում է բնակչության առավել գործունակ մասը, գլխավորապես` երիտասարդությանը։ Արտագաղթողների գերակշիռ մասը տղամարդիկ են, որոնք իրենց օրվա ապրուստը վաստակելու համար մեկնում են Ռուսաստան և այնտեղից գումար ուղարկում իրենց ընտանիքներին։ Տղամարդկանց երկարատև բացակայությունը ընտանիքների քայքայման պատճառ է դառնում։

Համեստ Պողոսյան, 15 տ. գ. Դավիթբեկ

***

Շատ հիմախնդիրներ կան, որոնք ինձ հուզում են։ Ամենաարդիականը, որ ինձ հուզում է, գործազրկությունն է։ Գործազրկությունն իր հետ բերում է նաև շատ ու շատ այլ խնդիրներ՝ արտագաղթ, կոռուպցիա, սոցիալական վատ պայմաններ։ Մարդկանց գործազրկությունը բերում է նաև անտարբերություն մեկը մյուսի նկատմամբ։

Այսօր ես, լինելով տնտեսագետ, չեմ ասում, որ ուզում եմ լինել մեծ ձեռնարկության տնտեսագետ։ Ես ուզում եմ սկսել ամենացածր աստիճանից և հասնել բարձունքի։ Մարդիկ իրենց ուժերը թերագնահատում են կամ գերագնահատում։ Օրինակ՝ մարդիկ, որոնք չունեն համապատասխան գիտելիքներ և չեն տիրապետում տվյալ գործին, ուզում են աշխատել տվյալ ոլորտում։ Սա պատճառ է նաև գործազրկության: Մարդիկ սա սարքել են «դրոշակ», թե գործ չկա, նրանք ուղղակի չեն փնտրում։ Համաձայն եմ, որ թափուր աշխատատեղեր քիչ կան։ Կա նաև մի այլ խնդիր, որ թափուր աշխատատեղի առկայության դեպքում ծանոթի են նշանակում տվյալ աշխատանքին՝ չգիտակցելով, որ տվյալ մարդը այդ գործից ընդհանրապես գլուխ չի հանում։ Կցանկանայի, որ բոլորը մնային իրենց երկրում և պայքարեին այս հիմնախնդրի դեմ։ Արտագաղթելով հարցը չի լուծվում։

Ներսես Պետունց 24 տ.  ք. Կապան

***

Ես շատ եմ սիրում վայրի կենդանիներին: Մեր գյուղում կան վայրի կենդանիներ: Երբ ես անտառի մոտ եմ լինում, տեսնում եմ վազվզող եղնիկների, նապաստակների, աղվեսների և նույնիսկ, մի անգամ արջ եմ տեսել: Սակայն ինձ շատ է մտահոգում, երբ լսում եմ, թե ինչպես են գյուղի որսորդները մտածում կենդանիներին վերացնելու համար թակարդներ պատրաստելու մասին: Ճիշտ է, կենդանիներ կան, որոնք վնաս են հասցնում բնակավայրերից մի քիչ հեռու գտնվող այգիներին: Ամեն դեպքում, ես միշտ դեմ եմ եղել կենդանիներին վնաս հասցնելուն և ոչնչացնելուն:

Սոնա Ջավադյան, 14 տ. գ. Շիկահող

***

Ինձ հուզող հիմնախնդիր է գյուղի աղտոտվածությունը: Երբ դուրս եմ գալիս տնից, հիանում եմ գեղեցիկ օրով, ու հանկարծ հայացքս սևեռում եմ մեր տան մոտ գտնվող աղբանոցին, սկսում եմ մտածել գյուղի աղտոտվածության մասին: Ինչպե՞ս կարելի է վերացնել այս աղբը: Շատերը կասեն, որ հարցի լուծումը շատ պարզ է. պետք չէ աղտոտել: Այո, համաձայն եմ, բայց եթե այդպես է, ինչո՞ւ ենք աղտոտում: Երևի իմ այս հարցը այդպես էլ անպատասխան կմնա, և գյուղի աղտոտվածության խնդիրը չի լուծվի:

Էլեն Ջավադյան, 16 տ. գ. Շիկահող

***

Ես անհանգստանում եմ ապրիլի 5-ին մեր դպրոցում կայանալիք «ինքնակառավարման» օրվա առիթով: Այս տարի մենք պետք է այլ դպրոցի հետ բանավեճ ունենայինք «Էֆթանազիան պետք է օրինականացվի» թեմայով: Մեր ուսուցիչը մեր առջև պայման էր դրել, որ, եթե հաղթենք բանավեճը, «ինքնակառավարման» օրը կկայանա: Մենք հաղթեցինք բանավեճը, իսկ նախապատրաստական աշխատանքները սկսվեցին ուսուցչի խոսքերով.

-Ա՛ խոխեք, շուտ ըրեք, քիչ ժամանակ ա մնացալ:

Մենք արագ կազմեցինք ցուցակներ, տպեցինք անվանաքարտեր և ուսուցիչներին հարցրինք, թե ով պետք է իրենց փոխարինի: Քիմիայի ուսուցիչն ասաց, որ ես դասն անեմ իր փոխարեն, բայց ես հրաժարվեցի, քանի որ չեմ սիրում ուսուցիչ լինել: Ես ցանկացա լինել գործավար: Իսկ հիմա անհանգստանում եմ, թե ինչպես կանցնի այդ օրը:

Էդի Մարտիրոսյան, 15 տ. ք. Կապան

***

Ինձ հուզում է ժամանցային կենտրոնների բացակայությունը, քանի որ դրանք օգնում են մարդկանց զարգանալ թե՛ մտավոր առումով, թե՛ ֆիզիկապես: Ամենակարևորն այն է, որ մենք կկարողանայինք շփվել միմյանց հետ: Հենց ժամանցային կենտրոնների բացակայության պատճառով է, որ ես և իմ ընկերները օրվա մեծ մասը անց ենք կացնում տանը՝ վիրտուալ աշխարհում: Հետո էլ ծնողներն ասում են. «Համակարգիչներն այս դարի չարիքն են»: Բայց չեն փորձում հասկանալ և մեր դրության մեջ մտնել: Շատ կցանկանամ, որ այս խնդիրը իր լուծումը ստանա:

Մարկ Պետրոսյան, 15 տ. ք. Կապան

***

Ինձ հուզում են բնապահպանական խնդիրները՝ ծառերի հատումը, մթնոլորտային աղտոտվածությունը: Այս երևույթները վատ են անդրադառնում ինչպես մեր, այնպես էլ մեր ապագա սերունդների կյանքի վրա: Ինձ շատ է հուզում նաև ջրի համաշխարհային հիմնախնդիրը: Այժմ աշխարհի շատ երկրներում ջրի անբավարարվածության պատճառով հիվանդանում և մահանում են շատ մարդիկ:

Անի Խաչատրյան, 15 տ. գ. Սյունիք

***

Ինձ հուզում է այն հարցը, որ իմ քաղաքում շատ քիչ են լուսացույցները: Այդ պատճառով առաջանում են խցանումներ, երեխաները և ծերերը դժվարությամբ են անցնում փողոցը: Չկան նաև հաշմանդամների համար նախատեսված հարմարություններ: Ունեմ շատ ծանոթ հաշմանդամ երեխաներ, որոնք հարմարությունների բացակայության պատճառով չեն կարողանում տեղաշարժվել քաղաքում: Կարելի է մի քանի փոփոխությունների շնորհիվ ավելի հեշտացնել մեր կյանքը:

Եվա Խաչատրյան, 16 տ. ք. Կապան

***

Ինձ հուզում է Հայաստանի հարցը: Հայաստանը, թվում է, թե հետամնաց երկիր է, իսկ Հայաստանի ժողովուրդը՝ անհամախմբված և ատելությամբ լցված թշնամիների հանդեպ: Հայաստանն ունի շատ թշնամիներ, բայց դա բազում խնդիրներից միայն մեկն է: Հայաստանը չի զարգանում, թեև ՀՀ կառավարությունը փորձում է համագործակցել այլ երկրների հետ: Հայաստանը կարող է դուրս գալ այս վիճակից իր խելացի և աշխատասեր ժողովրդի շնորհիվ: Յուրաքանչյուր հայ պետք է ձգտի վերելքի, չէ՞ որ մեզնից է կախված Հայաստանի ներկան և ապագան, իսկ անցյալը պետք է մեզ ուժ տա և հիշեցնի, թե ինչի միջով է անցել հայ ազգը:

Թամարա Աղայան 14տ. ք. Կապան 

***

Մեր մոլորակի հիմնախնդիրներից է աղտոտվածությունը։ Ամենուր աղբ է, և դա շատ վատ է ազդում մեր և ապագա սերունդների վրա։ Մարդիկ աղտոտում են շրջակա միջավայրը՝ չգիտակցելով, որ վնասում են իրենց։

Նատալյա Գրիգորյան 15 տ. գ. Դավիթբեկ

***

Կարծրատիպերը ձևավորվել են հին ժամանակներից, բայց դրանք իրենց ազդեցությունն ունեն մարդկանց վրա նույնիսկ այսօր։ Իմ կարծիքով շատ սխալ է առաջնորդվել կարծրատիպերով, քանի որ ժամանակները փոխվում են։ Մենք նոր սերունդն ենք և մենք պիտի կոտրենք կարծրատիպերը։ Ապագան կախված է մեզնից. եկե՛ք փոխենք աշխարհը։

Արեն Հայրապետյան 17 տ. ք. Կապան

artyom sedrakyan

Դհոլը

Ես Արտյոմն եմ, ապրում եմ Արագած գյուղում: Նվագում եմ դհոլ և շատ եմ սիրում դհոլը: Ես սկզբից հաճախում էի դուդուկի խմբակ: Դա երեք տար առաջ էր: Ես ուզում էի գնալ դհոլի, բայց չստածվեց: Որ չձանձրանայի, ընդունվեցի դուդուկի: Այդ օրը ստուգեցին մեր շնչառությունը: Իմ շունչը այդքան էլ լավ չէր: Ես մի ամիս չկարողացա նվագել ամենահեշտ նոտաները: Բայց շուտով շնչառությունս բացվեց և կարող էի մի քանի բան նվագել: Օրերն անցնում էին, սակայն ես այդպես էլ չէի կարողանում սիրել դուդուկը և ձանձրանում էի: Որոշեցի չգնալ պարապմունքի:

Դուդուկի խմբակի երեխաները եկան իմ հետևից, որ ինձ տանեն պարապմունքի, բայց ես թաքնվել էի, որ ինձ չգտնեն: Եվ ի վերջո ինձ հանեցին դուդուկի խմբակից:

Իմ եղբայրը հայրիկիս ասաց, որ ես դհոլի եմ ուզում գնալ, դրա համար էլ դուդուկի խմբակ չէի ուզում գնալ: Հայրիկս համաձայնվեց: Ես գնացի դհոլի: Իմ դասատուն՝ Մկրտիչ Հակոբյանը, ծափ տալով ինձ ցույց տվեց նոտաները, ես նրա հետևից ճիշտ կրկնեցի: Եվ երկու օր անց նա ինձ դհոլ բերեց: Ես շատ ուրախացա: Առաջին հայացքից թվում է, թե շատ հեշտ է դհոլ նվագել, բայց այդքան էլ հեշտ չէր:

Ես և իմ ընկերը դեռ նորեկ էինք: Դասատուն առաջին օրը տվեց մեզ արտագրել մի դաս, բայց մենք սխալ էինք արտագրել: Հաջորդ օրը մենք հավաքվեցինք դասարանում, եկավ և ասաց, որ նվագենք այն դասը, որն արտագրել էինք: Առաջինը իմ հերթն էր: Ես նվագեցի սխալ: Դասատուն հարցրեց, թե ինչես եմ նվագում, ասացի՝ տետրի գրածով: Նա ասաց՝ տետրդ տուր ինձ: Ես տվեցի, իսկ նա ասաց. «Դուք տառերը չգիտե՞ք»:

Ասացի՝ գիտենք: «Իսկ ինչո՞ւ եք սխալ արտագրել»:

Եվ դասատուն վերցրեց մեր տետրերը և ինքը ճիշտ արտագրեց: Մենք ամաչեցինք: Բայց հիմա արդեն շատ ուշադիր եմ, շատ եմ պարապում և սիրում եմ դհոլ նվագել:

hovhannes ghulijanyan

110 հերոս

2016 թվականի ապրիլից մեկ տարի է անցել։ Թեև այն տևեց մի քանի օր, սակայն ժողովուրդն, այնքան լարված անցկացրեց այդ մի քանի օրը, որ մի քանի ամիս թվաց։ Պատերազմի ժամանակ շուրջ հարյուր տասը հերոսներ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։

Ես այդ ժամանակ սովորում էի իններորդ դասարանում։ Ապրիլի երկուսին ամբողջ դասարանով գնացինք եկեղեցի և աղոթեցինք խաղաղության համար, այնուհետև սկսեցինք թռուցիկներ պատրաստել և դրանք փակցրեցինք ամբողջ քաղաքով։

Աստված տա, այլևս երբեք այդ օրերը չկրկնվեն:

Mari Baghdasaryan malishka

Նկարվելու եղանակ

Հաճախ մտածում եմ ժամանակը հետ տալու մասին: Մտածում եմ՝ արդյո՞ք ամեն ինչ կլիներ այնպես, ինչպես հիմա է: Ընդամենը երեք տարով հետ եմ գնում, մտքով 17 տարեկան ժամանակներս եմ հիշում: Այդ տարիքում չգիտեի, թե ինչ մասնագիտություն կընտրեմ, մտածում էի բեմադրող ռեժիսոր դառնալու մասին, բայց կյանքի ճանապարհներն ինձ այլ ուղղությամբ տարան: Իրավագետ դառնալու մասին երբեք չէի մտածել, դա կյանքիս երազանքն ու նպատակը չեմ համարել, բայց…

Ես անգամ չէի մտածում լրագրության մասին, ոչ էլ այն մասին, որ մի օր կորոշեմ 17.am-ի թղթակից դառնալ: Այդ ժամանակ դպրոցն էր, դասերն ու հարազատ դարձած ընկերները: Մեզ համար սովորական դարձած խնջույքներն ու ուսուցիչների համար միշտ անսպասելի՝ մեր փախուստները:
Ուսուցիչներին համոզում էինք, որ դրսում դաս անենք: Իսկ քիմիայի ժամերին, ինչպես կասեր Նարեկը՝ եկեք խոսենք սիրուց: Դա չէր նշանակում, որ մենք սիրահարված ենք, պարզապես դասի թեմայից շեղվելու մի ձև էր:
Մեկ-մեկ էլ մոռանում էինք դասի զանգի մասին ու մնում էինք դրսում, ինչպես 2014 թվականի ձմռանը. ձնագնդի խաղալուց, դասի կանչող զանգը չլսելուց ու տնօրենի դասին ուշ ներկայանալուց, ու… Ու եթե շարունակեմ պատմել դպրոցական տարիների մասին, մեկ կամ երկու օրն անգամ չի հերիքի:
Հիմա այդ խենթություններով լի տարիներից ընդամենը հիշողություններ են մնացել ու անթիվ նկարներ:
Չէի մտածում, որ մի օր կգրեմ նյութեր, կունենամ հարցազրույցներ, ու մարդիկ կկարդան գրածներս: Բայց գրելն ինձ համար դարձավ կյանքի իմաստ:
Իսկ հիմա, հիմա պարզապես գարուն է… Ընկերների հետ հավաքվելու, հին օրերը հիշելու, անթիվ կատակներ անելու, տեղ-տեղ էլ՝ նկարվելու եղանակ…

hovik vanyan

Սիրեցի ֆուտբոլը

-Հայաստա՛ն, հո՜ւ, Հայաստա՛ն, հո՜ւ,- շարունակությունը չէինք հասկանում…

-Դե, երևի ֆուտբոլասերները հասկացան, թե խոսքն ինչի մասին է: Այո՛, ես, չսիրելով ֆուտբոլը, իմ ֆուտբոլամոլ փոքր եղբոր հետ գնացել էի «Հայաստան-Ղազախստան» խաղը դիտելու:

Երբ գնում էինք դեպի մարզադաշտ, տեսա, թե ինչքան շատ են երկրպագուները: Անկեղծ ասած, մինչև գնալը մտածում էի, թե քիչ մարդ կլինի, բայց, տեսնելով երկրպագուներին, մտածեցի, որ հիանալի խաղ է լինելու: Երբ արդեն մարզադաշտում էինք, ինձ թվում էր, որ մի ուրիշ աշխարհում եմ, որտեղ ամեն բան անծանոթ է: Մինչև հանդիպումը կսկսվեր, ես զարմացած նայում էի այս ու այն կողմ, երբ հանկարծ լսելի եղան բարձր գոռոցներ.

-Հա՛-յաս-տան, Հա՛-յաս-տան,- այո՛, այո՛, արդեն մեր հավաքականը դաշտում էր: Առաջին քայլս ֆուտբոլիստների մեջ Հենրիխ Մխիթարյանին փնտրելն էր: Քանի որ շատ հեռու էինք, նրան գտանք իր հագուստի համարով: Օրհներգը հնչելուց հետո խաղն սկսվեց, բայց ես դեռ չէի կենտրոնացել խաղի վրա և ուշադրությունս այլ բաների վրա էր: Մի քանի րոպե հետո եղբայրս ասաց.

-Բացի խաղադաշտը՝ ամեն տեղ նայեցիր, հիմա պետք է նայել ֆուտբոլ:

Ես մի քիչ հետևեցի խաղին, բայց հետո կրկին, անկախ ինձնից, ուշադրությունս շեղվեց ուրիշ տեղ` երկրպագուներին, նրանց գոռոցները տարօրինակ էին ինձ համար, բայց եղբայրս իր բարակ ձայնով արդեն միացել էր գոռացողներին: Չկարողանալով կենտրոնանալ խաղի վրա՝ հիշեցի, որ արդեն հայտնի կլինի, թե ով լքեց հայկական «X-Factor»-ը ու զանգեցի մայրիկիս: Մի քանի վայրկյան անց ուրախությանս չափ չկար, որովհետև իմացա այն անունը, ով դուրս էր եկել «X-Factor»-ից: Եվ ահա` առաջին խաղակեսն ավարտվեց, բայց այդ ընթացքում արդեն որոշ չափով ֆուտբոլի մեջ էի ու գիտեի, թե ինչ է կատարվել: Ընդմիջման ժամանակ որոշեցի վերջացնել այս ու այն կողմ նայելս ու երկրորդ խաղակեսի ժամանակ միայն նայել, թե ինչ է կատարվում ֆուտբոլի դաշտում: Այդ ընթացքում ինձ դուր եկան հայկական հայրենասիրական երգերն ու երկրպագուների համախմբվածությունը…

Երկրորդ խաղակեսը սկզբից ավելի հանգիստ թվաց, բայց երբ ամբողջ մարզադաշտը միահամուռ գոռում էր ու հայերին սատարում, արդեն, կարծես, ամեն ինչ փոխվեց: Հա՛, մոռացել էի ասել, որ մեր կողքին կային Ղազախստանից եկած երկրպագուներ, որոնց թիվը չէր անցնի 30-ը: Նրանք մեկ-մեկ օգտվում էին առիթից, երբ մենք չէինք բղավում, բայց դա երկար չէր տևում, ու սկսում էինք նորից մեր գոռգոռոցները: Մի քիչ հետո զգացի, որ արդեն հարմարվել եմ ֆուտբոլի պայմաններին, ու կարծես թե վատ չի, նույնիսկ արդեն ես էի սկսում կազմակերպել գոռգոռոցները…

-Գո՜լ, գո՜լ,- անկախ ինձնից բացականչեցի, երբ Հենոն բացեց խաղի հաշիվը: Հետո դեռ ուշքի չեկած առաջին գոլից, երկրորդ գոլը խփեց Օզբիլիսը… Երկրպագուների բացականչությունները չէին դադարում: Շատ հաճելի էր տեսնել ազգային հավաքականի հաղթանակը:

Ոնց որ արդեն սկսեցի սիրել ֆուտբոլը:

davit aleqsanyan

Գարուն, բահ ու լիքը փորելու հող

Նորից գարուն ա, նորից գույնզգույն ծաղիկներ, բայց այս ամենի հետ կա մի բացասական կողմ: Այդ բացասական կողմը հողը փորելն ա, բայց չփորես էլ` չի լինի, որովհետև էդ հողի բերքով ես ձմռանը ապրում:

-Դավ, գիտես, չէ՞, որ վաղը գնալու ենք բաղը փորելու:

-Հա, մամ ջան, չգիտեի, բայց ակնկալում էի, որ կասես:

-Դե, ուրեմն, իմացի՝ վաղը գնալու ենք:

Հաջորդ օրը գնացինք փորելու ու այդպես մի քանի օր: Մի օր, երբ արդեն գնացել էինք ու դեռ նոր սկսել էինք փորելը, տեսնեմ՝ երկու ընկերներս և եղբայրս բահերը ուսներին գալիս են ինձ օգնելու: Լավ աշխատանքից հետո մայրս մեզ խոստացել էր, որ մեզ համար իր համեղ պիցաներից կպատրաստի: Չնայած, որ մենք այդ պայմանով համաձայն չենք փորելու: Չհասցրինք բոլորը վերջացնել, բայց շատ էլ չմնաց փորելու: Մենք միշտ ընկերներով իրար թև ու թիկունք ենք լինում ամեն հարցում: Մի քանի օր անց արդեն ես էի բահը ուսիս շտապում ընկերոջս օգնելու: Այս քանի օրը ինձ թվում է հանգստանալու համար է: Ոչ թե նկատի ունեմ դպրոցական արձակուրդները, այլ այս անձրևները, որ մեզ հանգիստ են տալիս: Այն մի փոքր հողը, որ մնացել էր փորելու, չէր ստացվում, քանի որ մի անգամ զինակոչի սրսկումներն էին խանգարում, մի անգամ տան շինարարությունը, մի անգամ էլ վոլեյբոլը, որ խաղալու էինք հարևան գյուղի երեխաների հետ: Այս պատճառաբանությունը լսելուց հետո մաման բարկացած ասաց, որ վաղն արդեն փորելը պիտի վերջացնեմ:

Օֆ, է, նստած նյութ եմ գրում, մեկ էլ մաման ասում ա, որ դեռ փորելու տեղ ա մնացել:

lusine atanesyan-2

Հնդկական փոփոխություններ

Հոկտեմբերի սկիզբն էր, երբ «Շանթ» հեռուստաալիքով եթեր հեռարձակվեց հնդկական մի սերիալ՝ «Մերժված»-ը: Ողջ գյուղը դիտում էր ու երևի այժմ էլ դիտում է այդ հեռուստասերիալը: Ամեն օր՝ ժամը 18:30-ին, ընտանիքով պատրաստ նստում էինք, որպեսզի դիտենք հերթական սերիան, իսկ դպրոցում իրար բարևելուց հետո խոսում էինք միայն Իչայի և Տապասիայի մասին: Շատ չէր անցել, երբ «Արմենիայով» սկսվեց մի նոր սերիալ՝ «Ինչ կոչել այս սերը» վերնագրով, և գյուղացիները բաժանվեցին երկու մասի՝ Իչայի և Քուշիի երկրպագուների: Մենք պատկանում էինք և պատկանում ենք Իչայի երկրպագուների շարքին: Սերիալները սկսում էին նույն ժամին, ու մենք պետք է ընտրություն կատարեինք դրանց միջև: Մենք ընտրեցինք «Մերժվածը»: 

Դեկտեմբերն էր, երբ սկսվեց մեկ այլ սերիալ, որը կոչվում էր «Թռիչք»: Այս դեպքում ընտրության առաջ չկանգնեցինք: Ճիշտ է՝ սերիալը սկսվում էր 18:30-ին, սակայն այդ ժամանակ «Մերժվածը» սկսվում էր 20:00-ին: Այժմ սկսվել է մեկ ուրիշը՝ «Հարսիկը»:

Մտածում եմ և հասկանում, թե ինչքան բան են փոխել այդ սերիալները մեր ապրելակերպի ու մտածելակերպի մեջ: Այդ փոփոխություններից մեկն այն է, որ մենք իրար բարևելու փոխարեն սկսում ենք խոսել սերիալներից, կամ այն, որ 18:30-ից գյուղամիջում ոչ ոքի չես հանդիպի. բոլորը նստած տանը սերիալ են դիտում: Նույնիսկ գյուղացիներից մեկն ասել էր.

-Եթե այդ ժամերին մտնես մարդկանց տները, հանգիստ կարող ես գողություն անել, քանի որ բոլորը լարված հնդկական սերիալներ են նայում:

Չնայած այդպիսի բան չի լինի, որովհետև «գողն» էլ է նայում:

Ողջ համացանցը ևս հնդկական շնչով է լցված: Մենք՝ երեխաներս, շատ ենք ցանկանում հագնել սարիներ, կրել այդպիսի ճոխ ու գեղեցիկ զարդեր, ինչպիսիք կրում են հնդիկները: Նույնիսկ մեր խաղերն են հնդկական՝ դիտում ենք հերթական սերիան և հաջորդ օրը մեր ձևով բեմականացնում այն: Եթե մինչ այս ցանկանում էինք մեկնել որևէ զարգացած երկիր, օրինակ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա կամ Գերմանիա, ապա հիմա միայն ու միայն Հնդկաստան ենք ուզում մեկնել:

Ես շատ կցանկանայի, որ մենք էլ այդպես հետևենք մեր բոլոր ծեսերին և ավանդույթներին, ինչպես հնդիկները: Այս ամենից հետևում է, որ ճիշտ են այն մտքերը, թե Հայաստանում «հնդկավիրուս» է տարածված, կամ հայերը «հնդկացավով» են տառապում: