ashot tadevosyan

Խզբզանք…

Ասում են՝ աշխարհի ամենադժվար պատասխանները տրվում են ամենահեշտ հարցերին.

Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ ուզում, ինչի՞ եմ սպասում ու ձգտում: Ջոն Լենոնը երևի կասեր, որ երազող եմ:
Ես կհամաձայնեի նրա հետ: Ես իրոք երազում եմ: Բայց, կներեք, չեմ երազում թանկ մեքենաների կամ հագուստների մասին, ոչ էլ մաքուր քաղաքի կամ ասֆալտապատած փողոցների: Ես երազում եմ իմ մասին: Իմ տպավորությունների, փորձի… Իմ Ես-ի…

Ես սարսափելի եսասեր եմ՝ իմ երկու վերջին սերերը ինձ հենց այդ պատճառով էլ թողել են: Կարծում եմ՝ մինչև ինքդ քեզ չսիրես, աշխարհը չես սիրի… Կարծեմ՝ Քրիստոսն է ասել, թե՞ Բուդդան… Արդեն չեմ հիշում:
Ափսոս, որ էդ ընտիր միտքը առաջինը իմ դմբո գլխում չի ծագել:

Հա՛, հիշեցի… Ես ահավոր արևմտամետ եմ: Չէ՛, Թրամփին չեմ սիրում. սիրում եմ բարքերի ազատությունը, սիրում եմ խելառ կյանքը, որ էնտեղ գովերգում ու գովազդում են ու մեկ էլ սիրում եմ Կոկա-կոլա: Չեմ սիրում, որ աղջիկները կամ, որ ավելի վատ է, տղաները նվնվալով են խոսում ու բառերը «գլամուր» դարձնում:

Այսքանը, երևի, հերիք է… Բարսելոնայից չեմ խոսում, սպասում եմ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից հետո բոլոր մադրիդիստներին տեղը դնեմ՝ նոր:  Հա ու մի բան էլ.  իմ բոլոր ընկերները, անխտիր բոլորը, ինձ հակառակ, Ռեալին են երկրպագում, կամ ֆանտա են սիրում, կամ Սևակ ու Կոելյո ցիտում ֆեյսբուքում: Նման բաները վրաս ազդում են: Էնքան հոգնած եմ, գիշերն էլ չեմ քնել, չեմ էլ պատկերացնում, ոնց եմ կինոյի դասին  նստելու:

Մի խոսքով…
Գրկում եմ՝Աշոտ:

Գարուն

Լուսանկարը` Մհեր Դավթյանի

Լուսանկարը` Մհեր Դավթյանի

-Երեխաներ, այսօր շարադրություն ենք գրելու: Լուսինե, արի գրատախտակի մոտ, գրիր վերնագիրը՝ «Գարուն»: Դե, դուք լուռ նստեք, ես հիմա կգամ:

Ուսուցչուհին դուրս եկավ: Ես արտագրեցի վերնագիրը: Գարուն: Էլի Գարուն: Զզվել եմ: Երբ գարուն բառն եմ լսում՝ պատկերացնում եմ տետրի թուղթը: Ամեն օր գարնան մասին ենք գրում: Ի՞նչ գրեմ: Դե, ի՞նչ պետք է գրեմ: Բնությունն արթնանում է, իսկ արևը շողում է, իսկ տերևները կանաչում են: Չէ, լավ չի:

-Գոռ. Գոռ,- բղավեց Հարությունը,- օգնի:

-Բեր,-մռայլ ասացի ես: Հույս ունեի, թե ձայնիցս կհասկանա, որ ժամանակ չունեմ, բայց նա ուրախ-ուրախ վազեց իմ մոտ՝ թերթիկը ձեռքին:

-Ըհը, մի քիչ գրել եմ: Մի երկու բառ ասա, ավելացնեմ՝ վերջացնեմ:

-Ի՞նչ ես գրել,-հարցրեցի ես:

-Ըհը, լսի՝ գարուն է եկել, տերևները դեղնել են, թռչունները չվել են տաք, հյուսիսային երկրներ:

-Էհ, լավ չես գրել,-բարկացա ես,- լրիվ սխալ:

-Ա-ահ, ոչինչ,- ձեռքերը թափ տվեց Հարութը,- դու կետադրությունը ստուգի:

Ես վերցրեցի և սկսեցի կարդալ, իսկ Հարութը կանգնել էր կողքիս, և ոտքի ծայրով այնպես արագ էր խփում հատակին, ասես Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» էր լսում:

-Վերջ, վերցրու,-ասացի ես և կռացա տետրիս վրա:

Գարուն, դե ի՞նչ գրեմ: Պետք է մի գեղեցիկ բան գրեմ: Այնպես, որ ուսուցիչը հավանի: Այ, օրինակ…

-Գոռ,- հորանջելով խոսեց Դավիթը,- «Գյուղատնտեսությունը արդյունաբերության մեջ» բութո՞վ գրեմ:

-Ի՞նչ արդյունաբերություն:

-Չէ, ուղղակի եմ հարցնում:

-Ինչքան գիտեմ՝ առանց բութի:

Դավիթը շարունակեց գրել: Ես նույնպես: Հինգ րոպե ոչ ոք չէր անհանգստացնում, և ես արդեն գրել էի կանաչ տերևների և խոշոր կաթիլների մասին, երբ վազելով եկավ Վահեն:

-Գոռ ջան, գրածս ստուգի, էլի:

-Ես իմը չեմ գրել:

-Լավ, էլի:

-Տուր, կստուգեմ:

Քիչ հետո ստուգված էր նաև նրա գրավորը, որը ծաղիկների մասին էր:

Այդ պահին դասարան մտավ ուսուցչուհին:

-Բա դուք չե՞ք ամաչում,-ասաց նա,- ձայններդ մինչև առաջին հարկ լսվում է: Հանձնեք գրավորները:

-Գոռ,-հարցրեց Ֆելիքսը,-«զարթոնք» թ-ո՞վ է գրվում:

-Ըհը:

-Տեսա՞ր,-բղավեց նա Ալբերտի կողմը,- իսկ ես ճիշտ եմ գրել:

Տեսնես ի՞նչ կստանամ: Երևի չորս: Հաստատ սխալ կունենամ:

Իսկ պատուհանից դուրս իսկական գարուն էր, այնպիսին, ինչպիսին չի լինում շարադրությունների մեջ:

Գոռ Բաղդասարյան 13տ., 2001թ.

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 4

Ահա և շարքի վերջին պատմությունը:

Նախորդ պատմություններում դեպքերը տեղի էին ունենում մեր՝ Սպիտակի շրջանում, սակայն սատանան հո միայն մեր շրջանին չի՞ հատուկ, այն պետք է որ ամենուր լինի:


Եվ հենց այս պատմությունն էլ տեղի է ունեցել Արարատի մարզում, մոտ 1962 թվին: Այն ինձ ժամանակին պատմել է մայրական տատս՝ Նվադ Այվազյանը: Բարի ու հոգատար մի կին, որին սատանան ինչ ջանք էլ թափեր, ոչինչ էլ չէր կարողանա անել: Բայց նա մոտ 17-18 տարեկան աղջիկ էր, երբ այդ դեպքը պատահեց:

-Վանաշենից-Արարատ ոտքով, կարճ ճանապարհով, մածուն էինք տանում ծախելու: Մի պահ նստել էինք հանգստանալու, հանկարծ հեռվից, ոնց որ՝ սար ու ձորերից, անորոշ մի տեղից նվագի ձայներ լսեցինք: Հիշեցինք, որ պատմում էին, թե էդ կողմերում՝ սարերի մեջ սատանաներ կան ու հարսանիքներ են անում, թե խանգարես՝ լավ չի լինի: Էդ որ հիշեցինք, թողեցինք մածունն էլ, մերանն էլ ու մինչև տուն վախը սրտներումս փախանք՝ չլինի, թե էդ անտերները տեսած լինեն ու գան հետևներիցս… Մեզ պատմում էին, թե էդտեղ սատանաներ կան, չէինք հավատում, էդ օրը հավատացինք: Համ էլ ասում էին, թե շատ տգեղ, այլակերպ արարածներ են:

Տատիս պատմած այդ արարածների հետ կապված մի կարծիք էլ կա, որ հնարավոր է նրանք ոչ թե սատանաներ, այլ ինչ-որ թուրք-քրդական խմբեր, վայրի ցեղեր են եղել: 

Ավագ ընկերներիցս Արփինե Ղազարյանն էլ պատմում է իր պապի՝ Շիրակի մարզի Շիրակավան գյուի բնակիչ Մկրտիչ Հարությունյանի պատմածը.

-Պապս պատմում էր, որ իրենց գյուղում մի ժամանակ լուրեր էին տարածվել, թե գյուղում սատանա են տեսել: Իրենց հարևանի տղան էլ մի օր դաշտից տուն գալիս ինքն իր շողքը տեսել ու վախեցել է և որոշ ժամանակ անց, այդ վախի պատճառով մահացել: Պապս պատմում էր, որ այն ժամանակներում՝ սովետի տարիներին, շատ են խոսել ու պատմել չարքերի մասին, դե այն ժամանակ գիտությունը  զարգացած չի եղել ու ինչին չեն կարողացել գիտական բացատրություն տալ, վերագրել են չարքերին:

***

Բայց ինչպես այս, այնպես էլ մյուս պատմությունների տարօրինակ արարածների ով լինելը ոչ ոք չի կարող ասել: Ժողովուրդն իմաստուն է, և նրանց անվանել է ՝ սատանա: Իսկ թե ինչ է այդ «սատանան»՝  իրական-առեղծվածային բացասական կերպար, երևակայության արդյունք, հորինված կերպար, թե ինչ՝ դա ամենքն իրենք պետք է որոշեն: Եվ ինչպես ասում են՝ սատանան այնքան վախենալու չէ, որքան նրա անունը:
Բացի այդ, ինչպես նկատեցիք, գրեթե բոլոր պատմությունները տեղի էին ուեցել ԽՍՀՄ-ի ժամանակներում: Դա որևէ կապ ունի՞, թե՞ ոչ, թողնում եմ ձեր դատին: Իսկ պատմություններից գրեթե բոլորի հերոսներն այսօր չկան, և իրենց պատմություններն ինձ են հասել նրանց սերունդների միջոցով:

Համենայն դեպս, եթե հավատում եք կամ մի օր չարքերի հետ առնչվելու առիթ ստեղծվի. հիշեք այս պատմություններն ու նրանցում առկա մանրուք թվացող փաստերը. «Սատանան մանրուքներում է»: Եվ մի մոռացեք՝ ինչպես ժողովրդի պատմություններից է երևում՝ ավելի հաճախ նույն ինքը՝ սատանան է մարդկանցից վախենում:

lyusya balabekyan

Անկեղծ հարցազրույց տատիկիս հետ

Վաթսունհինգամյա տատիկս ժամանակից շուտ է ծերացել (քանի տարի է՝ բոլորս պայքարում ենք նրա հիվանդության դեմ): Երբ իմացավ, որ հարցազրույց պիտի վերցնեմ իրենից, մեջքն ուղղեց, հարմար նստեց ու սկսեց պատասխանել մի քանի հարցերիս՝ հիշողությունների գիրկն ընկնելով:

-Տա՜տ, կպատմե՞ս քո մանկության տարիների մասին: 

-Իսկապես անհոգ էինք: Հիշում եմ՝ Զատկի տոնին մեր թաղի երեխաներով «ձու» էինք խաղում, ուրախանում, հետո միասին ուտում՝ առանց իմ ու քո անելու: Հիշում եմ, որ ձմռան ցուրտ օրերին խմբվում էինք թոնրի շուրջը և ախորժակով ուտում մորս պատրաստած ճմուռը, որից համեղ բան աշխարհում չկա:

-Պատմիր, խնդրում եմ, ձեր գյուղի համախմբվածության մասին. չէ՞ որ գյուղի բնակիչներն ասես մի ընտանիքի անդամներ լինեն: 

-Այո՛, մի ընտանիքի պես էինք: Երբ մայրս մահացավ՝ շատ երիտասարդ տարիքում,- տատս սրբեց արցունքները,- փոքր եղբայրս մնաց իմ ու մեծ քրոջս հույսին: Ես սովորում էի յոթերորդ դասարանում: Հայրս ինձ կապում էր թոնրատան սնից, որ չընկնեմ, ու ես հաց էի թխում: Հարևանները տեսան ու հաջորդ օրվանից ինձ չթողին, որ հաց թխեմ. իրենք էին հերթով ամեն օր տաք հաց բերում: Նրանք կիսեցին մեր հոգսը, ու մենք ապրեցինք:

-Տա՛տ ջան, դու հավանաբար զգում ես հին ու նոր ժամանակների, գյուղի ու քաղաքի տարբերությունները: Որո՞նք են դրանք, որն է լավը, և որը՝ վատը:

-Մեր օրերում նամուս կար: Ամուսնացա, գյուղից քաղաք եկանք: Մեզ համար զարմանալի շատ բաներ կային, բայց ընտելացանք, մենք էլ փոխվեցինք: Երբ կիրակիները գյուղ էինք գնում, էրեխեքն ասում էին՝ քաղաքի հորքուրն եկավ:
Հիմա ամեն ինչ հեշտացել է: Մարդիկ, իրենց ծուլությունից ելնելով, նոր բաներ սկսեցին ստեղծել, օրինակ՝ ավտոմատ լվացքի մեքենան. դու քնիր, թող քո փոխարեն լվա:

-Ի՞նչ կմաղթես թոռնիկներիդ: 

-Ամենակարևորը՝ խաղաղ թող ապրեն: Խաղաղ երկնքի տակ՝ խաղաղ հոգով ու մտքով: Ազատամիտ սերունդ է մեծանում, թող մեծանա, բայց մի քիչ չափի մեջ լինի: Ես միշտ ասում եմ, որ պիտի պայքարենք արդարության համար, ճիշտ է՝ դժվար է, բայց մարդը պիտի արդար ապրի:

Գրկում եմ արդարամիտ տատիկիս ու զգում նրա տատիկական անուշ ու անկրկնելի բույրը:

Narek Soghoyan

Ժորա պապը

-Ի՞նչ ասեմ,- խորը շունչ քաշելով` ասաց Ժորա պապը,- դժվար է հիշել մանկությունը, եթե հիշեմ` կսկսեմ երազել, եթե երազեմ, մանկությունս հետ բերող կլինի՞: 

Պապը ծնվել է համաշխարհային պատերազմի տարիներին այն գյուղում, որ մինչև այսօր հերոսներ է տալիս` Հրազդան քաղաքի Աթարբեկյան գյուղում (այս գյուղին ուրիշ անուն չի սազում):
Ժորա պապի խորը կնճիռներից արդեն իսկ երևում են 74 տարվա հետքերը՝ լի դժվարությամբ ու, միևնույն ժամանակ, երջանկությամբ:

-Չորրորդ դասարան էի, հորիցս թաքուն թողեցի ուսումս ու սկսեցի աշխատել կոլխոզում: Յոթ երեխա էինք, ապրել էր պետք, ի՞նչ անեի: Բայց իսկապես՝ սուտը քառասուն օր է տևում, հայրս իմացավ ու բարկացավ: Ես էլ՝ ի՞նչ, և՛ ուզում էի աշխատել, և՛ սովորել: Ստիպված գնացի գիշերօթիկ դպրոց: Ախր, այստեղ էլ բախտս չբերեց. յոթերորդ դասարանում էի, բանակ տարան: Դե, Ժորա ջան, երեք տարի արի ու ծառայի: Անցան երեք տարիները: Վերադարձա տուն ու տեսա հերոս հորս, որն արդեն մեկ ոտքով էր: Վիրավորվել էր պատերազմում, բժիշկներն էլ փրկելու համար մի ոտքը կտրել էին: Երևի մեկ օր էլ չէր անցել, հայրս թե. «Ժորա ջան, ժամանակն է, որ ամուսնանաս»: Ընկերս ինձ ծանոթացրեց իր բարեկամուհիներից մեկի՝ Գոհարի հետ: Ո՞վ կմտածեր, որ հենց Գոհարն է դառնալու իմ կյանքի ամենամեծ նվերներից մեկը: Աստծուց այնքան շնորհակալ եմ Գոհարի համար:

Հորիցս հետո ես դարձա քույր-եղբայրներիս հայրը. երկու ընտանիք իմ ուսերին էր: Սկզբում դժվար էր, հետո, փառք Աստծո, անցա աշխատանքի տրիկոտաժի գործարանում, ու ամեն բան իր տեղն ընկավ:

Պապը եղել է քաղաքի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

-Աշխատանքից տուն էր գալիս թե չէ, դուրս էր գալիս ֆուտբոլ խաղալու,- ծիծաղում է կինը:

Պապն իրեն երջանիկ է համարում.

-Ունեմ ամեն ինչ՝ ընտանիք, երեխաներ, թոռներ ու ծոռներ: Սրանից էլ մեծ երջանկություն կա՞:

Ես անձամբ եմ տեսել նրա բանաստեղծությունների տետրը՝ հաստ ու լի էջերով, բայց պապն ասում է՝ ես բանաստեղծ չեմ:

Ամենամեծ երազանքը, որ ունի ընկերոջս պապը, խաղաղությունն է հայրենիքում:

-Բախտից այնքան գոհ եմ, միայն խաղաղություն եմ ուզում:

Gayane Avagyan

Քարերը խոսո՞ւմ են

Ձմեռը չտարավ իր հետ ցուրտն ու սառնությունը, թեպետ գարունը եկավ: Բայց այդ ցուրտը չի խանգարում վերցնել գիրքը, նստել ու սկսել կարդալը: Այո՛ , կարդալով էլ մոռանում ես` ձմռան թողած սառնության մասին: Լավ, ինչևէ: Այս անգամ էլ էի կարդում` դիմադրելով ցրտին: Բայց գրքերի մասին չէ, որ պատմում է նյութս: Շարունակեմ: Կարդում էի, մեկ էլ` սովորության համաձայն քույրս սկսեց խանգարել ինձ: Բայց այս անգամ խանգարելը արդարացված էր:

-Կօգնես շարադրություն գրել,- ոչ թե սխալ եմ արել ու չեմ դրել կետադրական նշանը, այլ իրոք էսպես վստահ ասաց: Գիտի, որ գրելու եմ: Չգրելու դեպքում, սկսելու է ասել, թե բա ինչի՞ ես պարապում, որ ես պիտի գրեմ, ու բողոքը, բողոքի hետևից:

-Ասա` տեսնեմ, մենակ արագ:

-«Քարերը խոսում են »,- այս վերնագրով:

Մտքիս ոչինչ չեկավ, ի՞ նչ կարելի էր գրել: Ի՞ նչ են խոսում քարերը, կամ քարերը ո՞ նց կարող են խոսել: Փիլիսոփայեմ, բայց էդպես ի՞ նչ շարադրություն դուրս կգա: Ասացի, որ չեմ գրելու, թող նստի մտածի ու ինքը գրի: Սովորության համաձայն, նեղացավ ու գնաց մնացած դասերը անելու, սպասելով, որ մեծերը տուն գան ու սկսի բողոքելը: Հըմ, դե լավ է, կգրի ինքը: Չծանրաբեռնեցի ուղեղս, առանց էդ էլ, ես լիքը բան ունեի անելու:

Դռան ձայնը լսվեց, տատիկս էր: Բոլորից լավ միայն ինքը տվեց Նարեի հարցի պատասխանը:

-Տատիկ, քարերը խոսո՞ւմ են,- չհամբերելով խոսեց քույրս:

-Խոսում են, բա ինչ են անում: Հլը գնա Պարսկաստան ,գիտե՞ս , ինչքա՜ ն բան կպատմեն: Լավ, գնա Արևմտյան Հայաստան: Է՜,  արևդ ապրի, էնքան բան ասեն: Գնա դասերիդ, հետո, հետո կպատմեմ:

-Տատիկ, չէ, հիմա ասա, դե ասա` գրեմ:

-Ամա՜ ն, բան էլ մի գրի, ի՞ նչ գրես, պետք չի: Ոչ մի բան էլ չեն խոսալու քարերը, քարերն էլ չեն խոսալու մերոնց նման` վախեցած են լինելու ու բան չասեն: Բա, էնքա՜  ն բան են տեսել, բայց որն ասեն, որը: Բան էր, ասեցի` գնաց, քարերն էլ սուս են միչև էսօր: Մեծ կին եմ, խոսում եմ, էլի… Տեսել են, տեսել, մեզնից շատ են ցավ տեսել , է՜ , բա խի՞  են ասում` քար սիրտ: Քար սիրտ է, քար սիրտ պիտի ունենալ, որ էսքան ժամանակ կարողանալ լռել: Սուս, ա՜ յ բալա, ինչո՞ւ  ես ուզում տատիդ էլի իրա ծնված տեղը ուղարկել: Նստում էինք քարին, ջահել էինք , է, ջահել, ո՛ չ դարդ ունեինք, ո՛ չ ցավ: Ասում էինք, խոսում, ուրախանում, հիմա ա, որ լացը սրտում հիշում եմ: Թողեցինք տուն- տեղ, էկանք, թե՝ հո չէի՞նք թողելու մեր պապերի երկիրը: Է՜ , բալ, գնա ման արի՝ էսքան քարքարոտ երկիր ճարելո՞ւ ես, էսքան քար սիրտ քարեր, ճարելո՞ւ ես: Չէ, չես ճարելու, չէ: Մենակ սրանք են, որ կան, սուս- փուս մնում են: Բա խի՞  են ասում քարի մեջ արյուն կա, մենակ մենք ենք, որ ասում ենք: Քարով խփել չի կարելի, էնքան ենք ասել, հիմա էսպիսինն ենք: Սու՜ ս ենք, սու՜ ս, նստում ենք քարի նման, սպասում, թե ինչ կլինի: Քարն էլ լռում ա, չի խոսում, չի պատմում:

Փոխեցի թեման, ինչ-որ բան նեղեց տատիս: Նարեն էլ, տարված տատի խոսքերով, նստեց ու սկսեց շարադրությունը գրել:

Է՜ հ, հարց առաջացավ` ի՞ նչը տատիս գցեց մտքերի մեջ: Քարե՞ րն էին Պարսկաստանի, թե՞  իր պապի պատմած դեպքերը Էրզրումի մասին: Չհարցրեցի, է՜ , դժվար է տատիս տխուր տեսնելը, առանց այդ էլ, էնպես տխուր աչքեր ունի, մարդու սիրտը նայելուց տեղից ելնում է:

Ani avetisyan

Բաց կապույտ ծաղիկների առավոտը

Աշխարհը ճիշտ է, մենք ենք սխալ ապրում:

Իսկ ինչո՞ւ է արևն ամեն անգամ նույն տեղից արթնանում, ինչո՞ւ ենք մենք հենց այն արևելք կոչել: Լավ չէ՞ր լինի, եթե հակառակ կողմից դուրս գար արևը, մենք էլ գուցե չասեինք, թե երկիրը հակառակ է պտտվում: Գուցե մտածեինք, որ եթե այդպես է, ուրեմն այդպես էլ պետք է: Կան բաներ, որոնք մենք չէ, որ պիտի փոխենք: Արևը քեզ հակառա՞կ է, շրջվիր ու հակառակ կողմով քայլիր, մի՞թե ավելի հարմար չէ, քան համոզել արևին, որ ուրիշ կողմից ծագի:

Վերջերս Սարոյանի հերոսի մասին հաճախ եմ մտածում: Տեսնես՝ հեղինակը գիտե՞ր, որ իր խոսքերն անմահ պիտի մնան: Երբ ասում էր, որ աշխարհում ինչ-որ բան սխալ է, գիտե՞ր, որ այդ սխալն անգամ տարիներ հետո ուղղել չի լինելու: Գիտե՞ր, որ իր ու Մովսես Գորգիսյանի հայտնի խոսքերը արդիականությունը չէին կորցնելու:

Գորգիսյանն ասում էր. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», իսկ ես, որքան էլ մտածում եմ, չեմ կարողանում հասկանալ, թե որ վաղվա մասին էր ասում հերոսը: Կարծում էի, թե այդ վաղը մեր այսօրն է, բայց մինչ օրս, ասես ինքներս մեզ արդարացնելու համար, անընդհատ, ամեն հնարավոր ու անհնար առիթի դեպքում կրկնում ենք այդ խոսքերը: Մեկ-մեկ էլ թվում է, թե ուղղակի ուզում են բեռը ապագա սերնդի վրա թողնել: Մեր սերնդի, երևի: Երևի մենք պիտի ասենք՝ կեցցե այսօրվա Հայաստանը: Իսկ աշխարհը սխալ չի լինի, եթե մեր վաղը, երեկն ու այսօրը  չխառնվեն իրար:

Հա, Սարոյանից էի խոսում: Ջոննին երեխա էր, բայց նրա շուրթերով հեղինակը մեծերի համար անլուծելի մի հանելուկ թողեց: Աշխարհում ինչ-որ բան սխա՞լ է, իսկ ի՞նչը: Սարոյանը ոչինչ չասաց: Չասաց, թե ինչն էր սխալը: Ջոննին ասում էր, որ ինքն անուններ չի տալիս, իսկ մենք այսօր շատ անուններ տալիս ենք, բայց, մեկ է, չենք գտնում, թե որն է այդ սխալը: Սկսել եմ մտածել, որ ոչ մի սխալ էլ չկա, որ Սարոյանի հերոսն է սխալվել, կամ չի սխալվել, ուղղակի ուրիշ բան նկատի ուներ, իսկ մենք սխալ ենք հասկացել: Չէ՞ր կարող արդյոք այդ սխալը մարդը լինել: Կարող էր, չէ՞:

Բայց՝ չէ: Աշխարհում սխալները շատ են: Այդպես է, չէ՞: Սխալ է ամեն ինչ, բայց ոչ մենք: Ախր մենք՝ ամենակարող ու ամենազոր մարդիկս, սխալ լինել չենք կարող: Արևը սխալ կողմից կծագի, բայց մարդը հակառակ չի արթնանա: Անհնար է:

Բայց, երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ արևը նույն կողմից կծագի, գնա աշխարհի մյուս ծայրը, արևն էլ քեզ հետ կպտտվի ու նույն տեղից դուրս կգա:

Երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ արևը սխալ կլինի, իսկ մենք՝ ճիշտ: Մենք կպեղենք, կգտնենք հազար ու մի պատճառ, որ արևը ամենևին էլ արևելքից չպիտի ծագի, կամ այդ կողմը չէ, որ պիտի արևելք կոչենք: Երեկ էլ, վաղն էլ, մյուս օրն էլ մենք պատճառ կգտնենք չսխալվելու, իսկ արևն արդարանալ չի կարող:

Որովհետև աշխարհում ամենակարևորը մենք ենք:

Քո երկար ու դժվար օրերում երբևէ նկատե՞լ ես նրան, ով անընդհատ երկնքին է նայում: Չէ, Թորիկին չէ: Նրան, որ դասարանում երևի կողքիդ է նստել: Իսկ գիտեի՞ր, որ «Կտոր մը երկինք» ֆիլմը «Բաց կապույտ ծաղիկներ» վերնագրով գրքի հիման վրա է նկարվել: Չգիտեմ, թե ֆիլմը նկարողներն ինչու են այն այդպես կոչել, բայց գիտեմ, որ բաց կապույտ ծաղիկներն էլ մի կտոր երկինք են գորշ դարչնագույնի վրա:

Մենք աջ ու ձախ տրորում ենք մեր ոտքերի տակի երկինքը, իսկ ինչ-որ մեկը՝ նա, ով դասարանում երևի մեր կողքին է նստել, երկնքին նայելով՝ հենց այնտեղ գտնում է այդ կապույտ ծաղիկները: Իսկ առանց կապույտի աշխարհը երևի մի քիչ սխալ կլիներ:

Իսկ այնքան համբերություն ունեցե՞լ ես, որ կանգնես ու նայես նոր ծաղկող ծառին: Տեսե՞լ ես, թե ինչպես է բացվում նրա ամեն մի ծաղիկը: Գուցե չհավատաս, բայց դեռ չեմ կարդացել այնպիսի գիրք, որում առավելագույնս իրական նկարագրվի այդ պահը: Իսկ եթե դու կարդացել ես, ասա, խնդրում եմ: Այդ գրքում աշխարհը հաստատ ճիշտ կլինի:

Դեռ այնպիսի գիրք էլ չեմ կարդացել, որում աշխարհն էլ իրական պատկերվի: Զոհրապի «Կյանքն ինչպես որ է» շարքն էլ միայն մի երեսն է իրականի: Աշխարհն իրականում այնքան վատը չէ, որքան ռեալիստներն են ներկայացնում, և ոչ էլ այնքան լավն է, որքան ռոմանտիկներն են պատկերում: Միջին մի վիճակ կա, որը երևի հենց ես ու դու ենք, և նա, ով միշտ երկնքին էր նայում: Իսկ թե ինչ է փնտրել կամ փնտրում այնտեղ՝ ոչ ոքի չի ասում: Գիտե՞ս, Երկրի կապույտն էլ մեծ տիեզերքում երևի բաց-բաց կապույտ ծաղկի է նման: Տեսնես ինչ-որ մեկն այնտեղ էլ մեզ պես տրորո՞ւմ է կապույտ ծաղիկները: Չէ, հաստատ չէ:

Իսկ մեր աշխարհի սխալը հենց ես ու դու ենք, ու գիտե՞ս՝ ինչո՞ւ: Մենք երբեք փողոցով քայլելիս նրա պես երկնքին չենք նայել ու ոչ էլ խնայել ենք մեր ոտքերի տակ ընկնող ծաղիկները: Մենք տրորել ենք թե՛ նրան, թե՛ երկնքի կապույտը: Իսկ աշխարհի ամենամեծ ճիշտը հենց այդ կապույտի մաքրությունն է, աշխարհի ճիշտը մեր ոտքերի տալ գցել-տրորում ենք ու հետո բողոքում: Գիտե՞ս, աշխարհն այնքան ժամանակ սխալ կմնա, քանի դեռ մեր ոտքերի տակ նայելու փոխարեն ուրիշի՝ ծանոթ-անծանոթների պատուհաններից ենք ներս նայելու: Հա, գիտեմ, գիտեմ, որ գուցե էնտեղ ինչ-որ մեկի հայացքն ես փնտրել: Գտել ես գուցե, գուցե վարագույրի շղարշով ծածկված մի թեթև ժպիտ է խաղացել նրա շուրթերին, բայց տեսե՞լ ես, թե երանության պահին քանի փոքրիկ ծաղիկ ես կոշիկներիդ ներբաններով խառնել գորշ դարչնագույնին:

Իսկ աշխարհը սխալ չի, աշխարհի սխալը հենց մենք ենք՝ ես ու դու:

Ani Ghulinyan

Հոգնեցի՞ր, հանգստացիր…

Լինում են օրեր, երբ ամեն ինչից հոգնում ենք` դասերից, համակարգչից, գրքերից, ընկերներից ու ծանոթներից: Դա լինում է տրամադրության անկման դեպքում, երբ «ձախ ոտքի վրա» ենք արթնանում: Հոգնածությունն աստիճանաբար վերածվում է ալարկոտությունը թաքցնելու պատճառաբանության: Իսկ երբ ինչ-որ բան պատճառաբանված է, այն դառնում է ավելի վտանգավոր:

Լատինաամերիկացի հեղափոախական Չէ Գևարան ասում էր. «Հոգնեցի՞ր, հանգստացի՛ր, բայց այդ դեպքում երբեք առաջինը չես լինի»: Այս արտահայտությունը շատ նման է նրան, երբ մայրիկն ասում էր, թե կարելի է շատ կոնֆետ ուտել, բայց այդ դեպքում ատամները կսկսեն թափվել ու փչանալ, երբ ուսուցիչն ասում է, որ կարելի է չափազանց բարդ վարժությունը չկատարել, բայց այդ դեպքում «երկուս» կստանաք: Ափսոս, որ Չէ Գևարայի այս խոսքերը չեն երաշխավորում, որ եթե երբեք չհանգստանաս ու անընդհատ աշխատես, կարող ես լավագույնը լինել: Բայց եթե հոգնես ամեն ինչից ու ոչինչ չանես, հաստատ լավ բանի չես հասնի: Ինչ-որ բան սկսելու ու լավ անելու համար լավ տրամադրվածություն է պետք և ինչ-որ մոտիվացիա, որը կօգնի չծուլանալ: Վերջին շրջանում ցանկացած բան անելիս, հոգնելու կամ ձանձրանալու դեպքում՝ ինձ ներշնչում եմ, որ ամեն բան ինձանից է կախված, ու եթե ես այս կամ այն բանը մինչև վերջ չանեմ, մարտի ութին «Բարսա»-ն «ՊՍԺ»-ին չի հաղթի, ու դրա համար միակ մեղավորը ես կլինեմ: Մարտի ութից հետո այլ բան է պետք մտածել, որովհետև այդպես ավելի հեշտ է ու արդյունավետ:

Դուք էլ ձեզ համար որևէ «շարժիչ ուժ» գտեք ու կտեսնեք, որ ամեն ինչ ստացվում է:

Ի՞նչն է հուզում հրազդանցի պատանիներին. մաս 2

Ինձ հուզում է ապրիլյան պատերազմը: Մինչև իմ եղբոր բանակ գնալը դրա մասին չէի էլ մտածում, բայց արդեն վախենում եմ և աղոթում եմ բոլոր զինվորների համար, չնայած՝ եղբայրս արդեն եկել է: Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ կռվում, արյուն թափում հողակտորի համար: Շատ կուզենայի, որ բոլոր մարդիկ, բոլոր պետությունները լինեին միասնական և խաղաղ:

Նոնա Եղիազարյան

***

Սովորական մի օր զրուցում էի ընկերուհուս՝ Անիի հետ:

-Է՜, հոգնել եմ արդեն այս միապաղաղ ու ձանձրալի օրերից: Տանից՝ դասի, դասից՝ տուն,-ասացի ես:

-Ո՜ւֆ, ես էլ: Մի բան չկա զբաղվենք,- շարունակեց Անին:

-Հա էլի: Օրինակ, եթե ես լինեի քաղաքապետ, քաղաքում կհիմնեի ժամանցի վայրեր: Ինչո՞ւ երևանցիները կունենան հազար ու մի ժամանցի կենտրոններ, իսկ մենք՝ ոչ:

-Ճիշտ ես: Բայց գիտես, որ հաստատ քաղաքապետ չես լինի: Էնպես որ, իզուր ես երազում:

-Դե, գիտեմ, բայց ասա, որ լավ կլիներ, եթե մենք էլ կարողանայինք դասերը թողնել և մի փոքր զվարճանալ:

-Հա, շատ լավ կլիներ: Բայց մի՛ մտածիր, մի օր մենք էլ կունենանք մեր երազանքների քաղաքը:

Մենք դեռ սպասում ենք:

Անժելա Կարապետյան

***

Երեկո էր, ես ու քույրս զրուցում էինք: Եվ հանկարծ քույրս մի հարց տվեց.

-Նան, ինձ շատ ա հետաքրքրում, տիեզերքը մինչև ո՞ւր ա հասնում:

Մի պահ այդ հարցն ինձ տարօրինակ թվաց, հետո սկսեցի մտածել: Իմ ուղեղում տիրեց կատարյալ դատարկություն: Իսկապես, մինչև որտե՞ղ է ձգվում այդ անսահման մթությունը: Անիմաստ համարեցի այս հարցի պատասխանը փնտրել համացանցում, հարձուփորձ անել ուրիշներից, քանի որ պատասխան, միևնույնն է, չէի ստանա:

Նանե Հովհաննիսյան

***

Ժամանակ կար, երբ մարդիկ կռվում էին վայրի կենդանիների և ցեղերի դեմ, որպեսզի կարողանան գոյատևել: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվեց: Մարդը սկսեց կառուցել գյուղեր, քաղաքներ, և թվում էր, թե այլևս պատերազմի անհրաժեշտություն չկա, բայց այս անգամ մարդիկ սկսեցին կռվել ոչ թե կենդանիների, այլ մարդկանց դեմ: Դրա վառ օրինակներից մեկը հենց ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Ինչքա՜ն զինվորներ մահացան և ինչքա՜նը դարձան հաշմանդամ: Մայրերը, սպասելով իրենց զավակների վերադարձին, ստացան նրանց զոհվելու լուրը:

Ինձ հուզում է այն, որ աշխարհն անտարբեր է մեր արդար, հանուն հայրենիքի ազատության մղվող պայքարի նկատմամբ:

Անի Հարությունյան

***

Հայաստանում աշխատատեղերը շատ քիչ են: Գրեթե բոլոր ընտանիքների հայրերը Հայաստանում չեն, այլ, այսպես կոչված, գնացել են «խոպան»: Իմ հայրը նույնպես գնացել է արտագնա աշխատանքի, և ես շատ կցանկանայի, որ նա իմ կողքին լիներ:

Ինձ նաև շատ է հուզում այն, որ իմ քաղաքում չկան կինոթատրոններ և սրճարաններ, որի պատճառով մենք դասարանով ֆիլմ դիտելու համար Երևան ենք գնում: Իսկ եթե մեր քաղաքում լինեին ժամանցի վայրեր, մենք կգնայինք քաղաքից դուրս, օրինակ՝ Դիլիջան:

Էդգար Ստեփանյան

***

Ինձ հուզող հարցերից մեկն այն է, որ այսօր իմ քաղաքը չունի այգիներ, խաղահրապարակ, անմխիթար վիճակում են ճանապարհներն ու փողոցները: Ափսոսում եմ, որ մեր երկրում այսքան թերություններ կան, բայց խոստանում եմ, որ դրանք իմ և իմ սերնդակիցների կողմից ապագայում կկարգավորվեն: Մենք կշենացնենք ու կգեղեցկացնենք մեր քաղաքը:

Նարե Շաբոյան

heghine grigoryan

Ուրիշների կյանքով

Երևի արդեն շատ եք կարդացել հոդվածներ սերիալների մասին, հատկապես՝ հնդկական: Չգիտեմ, թե ո՞վ է առաջին անգամ նկարահանել և ցուցադրել սերիալ, բայց գիտեմ, որ հիմա դրանք լայն տարածում ունեն ոչ միայն մեծահասակների, այլև փոքրերի շրջանում, և համոզված եմ, որ դրանք ստեղծվում են մարդկանց բթացնելու համար: Ամենուր այդ սերիալների տաղտկալի հերոսներն են: Ցավալի է, երբ փոքրերի շուրթերից հնչում են ոչ թե մեծանուն մարդկանց անուններ, այլ ինչ-որ իչաների և չակորների անուններ և նրանց մասին գովեստի խոսքեր:

Օրերս մի պատմություն լսեցի: Դեպքը տեղի էր ունեցել հարևան գյուղում: Գյուղացի պապիկներից մեկը կրկին «Մերժված»-ը նայելիս էր եղել, ամենաթեժ պահին, երբ Իչան պետք է պատմեր ճշմարտությունը, սակայն չէր ասել, պապիկը ձեռնափայտով`տո՛ւր, թե կտաս «շան ճակատին»: Դե երևի հասկացաք, որ նոր հեռուստացույցը ջարդուփշուր էր արել: Սերիալները բոլորին կտրում են իրականությունից: Ես չեմ հասկանում՝ մի՞թե հաճելի է սեփական կյանքը թողած՝ ուրիշների կյանքով ապրել, ուրիշների համար մտահոգվել, ինչ-որ մեկի կողմից ստեղծված՝ «ուրիշների»: Ես չեմ զարմանա, եթե մի օր մարդիկ այդ սերիալներից խելագարվեն, և եթե այս կերպ շարունակվի, հավատացե՛ք, այդ օրը, ցավոք, կգա…