hovhannes ghulijanyan

Բանավեճից ճշմարտություն է ծնվում

Շուտով կրկին մեր դպրոցական բանավեճի խաղերից է լինելու։ Ընտրված թեման շատ հետաքրքիր է՝ «Դպրոցականների համազգեստները պարտադիր են», և ամենակարևորը՝ վիճելի: Դա մեզ թույլ կտա հետաքրքիր խաղ անցկացնել։

Ես ինքս մինչև հիմա չեմ կողմնորոշվում, թե ինչպիսին է իմ տեսակետը այս հարցի շուրջ, քանի որ երբ ինչ-որ ուղղությամբ մտածում եմ, հակառակը ևս միշտ գտնում եմ։ Օրինակ, եթե մտածենք, որ դրանք թանկ են, և ոչ բոլորին են հասանելի, կարող ենք դրան հակադրել նաև երեկ իմացածս տեղեկությունը՝ պետությունը համազգեստ է տրամադրում անապահով ընտանիքների երեխաներին։ Գրեթե ամեն մի պնդման կարողանում եմ «հակապնդում» գտնել, ինչն էլ ինձ վստահեցնում է, որ շատ հետաքրքիր խաղ է սպասվում։

Մի փոքր պատմեմ մեր մրցույթային խաղերից։ Ճիշտն ասած, պարտվեցինք մեր մարզային խաղում: Պարտության հետ ինքներս համաձայն էինք, քանի որ շատ ակնհայտ սխալներ արեցինք, որոնք էլ եղան պարտության պատճառը: Բայց պարտությունից հետո մի տեսակ ոգևորություն արթնացավ մեջս, որ պետք է անպայման հաջորդ խաղում հաղթենք, և դրա համար սկսել եմ էլ ավելի լուրջ մոտենալ բանավեճի ընկերական խաղերին։

Դե ինչ, մեզ հաջողություն մեր հետագա խաղերում։

Դրախտային դասարաններ

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

 -Ընկե՛ր Ավանյան, ես կարծում եմ, որ դրախտը հենց մեր դասարանում է եղել:

-Այդ ինչպե՞ս, Լիլիթ ջան։

-Դե, այս դասարանը այնքան տաք է, որ դրախտ է հիշեցնում,-ծիծաղելով ասացի ես։

Իմ դպրոցը Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցն է: Այստեղ սովորում եմ 6 տարեկանից և այժմ էլ շարունակում եմ սովորել: Դպրոցում կան այնպիսի դասարաններ, որտեղ դաս անելը շատ հաճելի է: Այդպիսի դասարաններից են` քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաները: Անգամ ցրտաշունչ ձմռանը, այս դասարաններ մտնելով, կարող ես պատկերացնել, թե ամառ է: Էլի կարոտեցի ամառը, լա՛վ, թողնենք ամառը և անցնենք առաջ…

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Դրախտային դասարանների դռները բացվում են մի միջանցքից, որտեղ նույնպես ամեն ինչ ոգեշնչող է և խրախուսող: Առջևում Անդրանիկ Օզանյանի կիսանդրն է, իսկ դիմացը շարված են բազմաթիվ ցուցափեղկեր, որոնց մեջ դրված են մեր գյուղի հերոսների նկարները և նրանց շքանշանները: Այդ միջանցքից բացվում են 3 մեծ դասարանների դռներ, դրանցից մեկն էլ ՆԶՊ-ի դասարանն է: Քիմիայի դասարանը մի հսկա դասարան է՝ լի քիմիական նյութերով և սարքավորումներով: Իսկ առջևում ծաղիկների մի այգի է: Մի հիասքանչ բնություն՝ լցված մաքուր օդով: Դե, պատկերացրե՛ք, այդքան ծաղիկներ և ինչքա՜ն թթվածին են արտադրում: Հրաշք է, չէ՞, մի դրախտ է այդ դասարանը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Այժմ անդրադառնամ ֆիզիկայի լաբորատորիային: Ֆիզիկայի դասասենյակում նույնպես թթվածնի պակաս չունենք, օդը մաքուր է և շատ տաք: Այս դասարան մտնելուն պես՝ բոլորս հարձակվում ենք ջրի վրա: Ընկեր Ավանյանը միշտ կատակով ասում է․

-Ինչքա՜ն շատ եք սիրում լաբորատորիայի ջուրը:

Եվ իսկապես՝ շատ համեղ և քաղցր ջուր է: Գալիս և նստում ենք պատուհանի կողմի շարքում և մի լավ կարմրում ենք տաքությունից: Այդ ջերմության տակ էլ վայելում դրախտային դասարանի հմայքը:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Երբ զանգը հնչում է, դուրս ենք գալիս և գնում դեպի մեր դասարան, այս անգամ՝ հովանալու:

Հ.Գ․ Սիրելի՛ ընթերցող, եթե քեզ հետաքրքրեցին մեր դրախտային դասարանները, ապա արի Լիճք: Գրկաբաց կընդունենք:

anush hovhannisyan

Գարուն, դե արի

-Ողջույն, դասարան, ողջույն, սփյուռք,- ասացի ես ու խիտ մառախուղից և ցրտից խիստ վիրավորված շտապեցի իմ նստարանի մոտ: Իմիջիայլոց, ողջույնի այս ձևը մեր դասարանի միտքն է, և հեղինակային իրավունքները պատկանում են դասընկերուհուս:

Դասընկերուհիներս կանգնած էին պատուհանի մոտ, ու Միլենան նայելով պատուհանից դուրս տարածված խիտ մառախուղին, սկսեց նվնվալ.

-Աաա, արդեն «փետրվարի 29-ը» եկավ, ու գարնան շունչ ընդհանրապես չի զգացվում:

-Ոչինչ Միլենիկս, հլը ժամանակ կա,- միխիթարեց Էլենը:

Արդեն երկու օր է, ինչ նախագարնանային վառ արևին փոխարինում է թանձր ու չսպասված մառախուղը: Ամեն տարի գարունը ինձ համար սկսվում էր, երբ մեր բակի ձնծաղիկների առաջին ծիլերը նկատվում էին, իսկ այս տարի դեռ պետք է սպասեմ մինչև ձյան հաստ շերտը կորոշի ի վերջո հալվել և հերթափոխել, չնայած նրան , որ այսօր գարնան առաջին օրն է:

Կեսօրին նստած էի պատուհանի մոտ ու նկատեցի դրսում կատարվող իրադարձություններին: Փաստորեն արև էր դուրս եկել, ձյունն էր քիչ-քիչ հալվում, իսկ բակի տատիկները որոշել էին բաց չթողնել արևի շողերը ու արդեն դրսում էին:

Գարնան առաջին նախանշանները նշմարվեցին, վերջապես հիշեցինք արևի գոյության մասին:

diana hovsepyan

Նոր գրական ոճ

Տատիկս՝ Գոհարը, պատմում էր, որ շատ գրքեր են ունեցել իրենց տանը: Չկար մի գիրք, որ նա կարդացած չլիներ, ուստի ամեն ինչից գաղափար ունի: Շատ կարդալիս բոլորիս մոտ էլ նոր գաղափարներ են առաջանում, և սկսում ենք ստեղծագործել: Սակայն տատիկս ունի իր յուրօրինակ ոճը: Փոքր տարիքում որևէ բանաստեղծություն անգիր սովորելիս, բոլորիս հետ էլ պատահել է, երբ շփոթվել և բանաստեղծության կեսից որևէ այլ բանաստեղծություն ենք ասել: Հենց այս սկզբունքով էլ տատիկս ստեղծում էր իր մշակած զվարճալի ու հետաքրքիր բանաստեղծությունները: Ահա և դրանցից իմ ամենասիրելին:

«Տորք Անգեղ»

Շատ դարեր առաջ՝ Հին Հայաստանում, Տորք Անգեղ անվամբ մի մարդ էր կենում: Նրա բերանից` սկեսուր, սկեսրայր, ուրբաթ օրը համեցեք, տար: Ուրբաթ օրը քեռի Քուչին ելավ նստավ կայծակ յուր ձին, գնաց Թմկա բերդը պատեց.

-Հե՜յ, քաջ Թաթուլ, քանի՞ հատ ձագ ունես դու,- ասավ հասավ գառանը, առավ թռավ անտառը: Էս միջոցին մի պառավ կին կանգնել էր ձորի պռնկին, ձեն էր տալիս Մարոյին.

-Հե՜յ, լավ մանրուք, ասեղ, հուլունք, մատնիք, մարջան, ապարանջան, ջան, Մարո ջան: Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին…

Չնայած բանաստեղծությունն անավարտ է, բայց ինձ համար այն ամենահետաքրքիրն է:

2017 թիվն էր. մտանք Ծաղկաձոր…

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

Լուսանկարը՝ Սարգիս Ղազարյանի

-Ո՞ւր կերթաք, ավտոբուսները հոս են:

Ավտոբուսները արդեն շարժվեցին. Ծաղկաձորը սպասում էր մեզ: Գնացինք…
200 ջավախքցի երիտասարդների մի հարկի տակ պատկերացնո՞ւմ եք, այն էլ Ծաղկաձորում. եթե այո, ուրեմն լավ երևակայություն ունեք:
Սկսեմ սկզբից ու պատմեմ, թե ինչպես ջավախքցիների մի մեծ խումբ որոշեց «նվաճել» Ծաղկաձորի սպորտային բազան: Բայց ինձնից լավ կպատմի նա, ով անձամբ ստանձնել էր կազմակերպման բարդ աշխատանքը: Որոշեցի մի քանի հարց տալ «Ջավախք ուսանողական միության» նախագահ, «Ջավախք հայրենակցական միության» երիտասարդական հարցերի գծով ծրագրային համակարգող Էդկար Չախոյանին, հասկանալու համար նախաձեռնության էությունը:
-Էդկա’ր, մի քիչ պատմիր գաղափարի մասին:
-Նախաձեռնությունը ենթադրում է 3–օրյա ակտիվ հանգիստ ջավախքի ուսանողների համար (փետրվարի 24-26-ը): Նպատակը ուսանողներին հնարավորություն տալն է հետաքրքիր կազմակերպելու իրենց հանգիստը և միաժամանակ նոր ընկերներ ձեռք բերել, ինչը կարևոր դեր ունի ջավախահայության միավորման գործում, քանի որ Ջավախքը ակտիվ և գիտակից երիտասարդների կարիք շատ ունի: Այս ծրագիրը իրականացվում է «Տաշիր» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
-Կազմակերպչական աշխատանքների հատկապես ո՞ր մասն էր դժվար իրականացնել:
-Հիմնական դժվարությունը 200 մասնակիցների՝ այն էլ ջավախքցիների, համակարգելն էր, որպեսզի հանգիստը լինի կազմակերպված, և յուրաքանչյուրը մաքսիմալ հաճույք ստանա այն ժամանակից, որ անց է կացրել այս 3 օրերի ընթացքում:
-Նման ծրագրերը շարունակական կլինե՞ն:
-Հուսանք՝ այո: Մասնակիցների հետ հանդիպման ժամանակ թե’ «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը, թե’ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեցին, որ նման ծրագրեր նորից կկազմակերպվեն և նոր հետաքրքիր տարբերակներ կմշակվեն: Նոր ծրագրեր կիրականացվեն նաև «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի նախաձեռնությամբ:
Սա լրագրողական մասն էր, հիմա պատմեմ իմ սպասումների, զգացածի ու տպավորությունների մասին:
Ինձ համար հայրենիքը առաջին հերթին մարդիկ են, ովքեր իրենց ջերմությամբ կյանք են տալիս այն հողին, որի վրա ապրում են: Որևէ նոր տեղում հայտնվելով՝ տեսարժան վայրեր այցելելուն զուգահեռ չմոռանաք փորձել ճանաչել մարդկանց, ովքեր ապրում են այդտեղ: Օրինակ, ճանաչելու համար Ջավախքը պետք է ճանաչել ջավախքցուն: Ջավախքը ուրիշ ջերմությամբ եմ սիրում, ամեն այցս տոն է, նոր տպավորությունների աղբյուր: Հերթական փնտրտուքների մեջ եմ… Փնտրում եմ ջավախքցու նոր կերպարներ, որ հետս կտանեմ անցնող օրերից հետո: Կերպարներ շատ կան, մեկը մյուսից հետաքրքիր ու յուրահատուկ… Ջավախքը գունեղ է իր երիտասարդներով՝ իրարից տարբեր ու իրար շատ նման, իր անուշ բարբառով, որով խոսել ամաչում էի կամ էլ վախենում էի սխալվելուց: Բազմակետերը ավելանում են խոսքիս մեջ ու այն դարձնում կցկտուր, մտքերս մի պահից մյուսն են գնում, մի կադրը փոխվում է մյուսով, իսկ բառերը նույն արագությամբ չեն նկարագրում զգացածս:
Կհասկընա՞ք:

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Կողբի գլխավոր ճանապարհը լուսավորվելու է

2 կմ երկարությամբ Կողբ գյուղի գլխավոր ճանապարհը մինչև անտառ կլուսավորվի: Երկու կիլոմետր երկարությամբ նորացվում է համայնքի փողոցային լուսավորության ցանցը: Աշխատանքներն իրականացնում է Կողբի գյուղապետարանը` ՄԱԿ-ի և USAID-ի ֆինանսավորմամբ: Կողբի գյուղապետ Արսեն Աղաբաբյանից տեղեկացանք, որ նախկինում լուսավորություն եղել է, սակայն տարիների ընթացքում հնացել և մասնատվել են գծերը: Այժմ օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ և հոսանքի ծախսը երեք անգամ ավելի քիչ կլինի, քան երբևէ եղել է: 

Հրաժեշտ ձմռանը

Ժամանակից շուտ սկսված ձմեռը կարծես իր ավարտին է հասնում։ Հետհայացք այդ ցուրտ ու միևնույն ժամանակ լուսավոր օրերին՝ ֆոտոշարքի տեսքով։ Բարի վայելում։

lolita bashoyan

Ուռուտ գյուղի հերոսը

Իմ հերոսը Սամվել պապիկս է, որի մասին իմացա մորս տատի՝ Ծաղկանուշ տատիկի հետ ունեցած հետաքրքիր զրույցի ժամանակ:

Ծաղկանուշ տատիկը պատմում էր իր եղբոր՝ Սամվել Թաթոյանի մասին:

Նախ պատմեց Սամաթի (Սամվելի) մանկության տարիներից: Սամվել պապիկը ծնվել է 1920 թվականին Ուռուտ գյուղում: Նրան մեծացրել է խորթ մայրը՝ Ծաղկանուշ տատիկի մայրը: Չնայած դրան, նա շատ է սիրել իր մայրիկին:

16426380_504678893035925_1270159484_n-Սամվելը շատ խելացի էր,- պատմում է տատիկս,- գերազանցիկ է եղել, նույնիսկ 9-10-րդ դասարաններում ժամանակ առ ժամանակ դասավանդել է ուսուցիչների փոխարեն: Իսկ 10-րդ դասարանում եղել է ակումբի վարիչ: Դպրոցը ավարտելուց հետո գյուղի տղաների հետ միասին գնացել է Երևան՝ ինստիտուտ ընդունվելու: Քննությունները հանձնելուց հետո Սամաթ պապիկն ընդունվել է համալսարան:

Ուսումը դեռ չավարտած՝ Սամվել պապիկը զորակոչվել է բանակ: Երեք տարի ծառայությունից հետո պետք է վերադառնար և շարունակեր իր ուսումը: Սակայն, երբ հաջող ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երեք ամիս, սկսվել է չարաբաստիկ պատերազմը:

Պատերազմի երկուսուկես տարիների ընթացքում Սամաթը մեծ համբավ է ձեռք բերել: Նրա մասին նույնիսկ գրել են թերթերում:

Սամվելի ուղարկած նամակներից իմացանք, որ զորաջոկատը պետք է անցներ Դնեպր գետը, որպեսզի պաշտպաներ Կրեշատիկ գյուղը: Եվ հենց այդ գյուղն էլ պաշտպանելու ժամանակ զոհվել են մեր հերոսfները:

Այդ պահին տատիկս այլևս չկարողացավ շարունակել իր խոսքը, որովհետև արցունքները խեղդեցին նրան: Նա կախեց գլուխը, իսկ ես դադարեցի հարցեր տալ: Քիչ հետո նա շարունակեց խոսել և պատմեց, որ ինքն այցելել է գերեզմանին և իր աչքերով տեսել է հերոսների անունները՝ գրված հուշաքարերին: Տատիկն ասում է, որ զինվորների ավագը եղել է Սամաթ պապիկը՝ կապիտանի կոչումով:

Տատս ասում է, որ դեպի Կրեշատիկ տանող ճանապարհը անվանել են Սամվել Թաթոյանի անվամբ: Ուռուտ գյուղի դպրոցը նախկինում կրում էր նրա անունը:

arxiv

Հոգին

Մի անգամ իմ դասընկեր Արմանը դասամիջոցին հայտարարեց.

-Ես գնում եմ հոգի կանչելու, ո՞վ է գալիս հետս:

-Ի՞նչ է պետք, անտեսանելի գլխա՞րկ, թե՞ կախարդական փայտիկ:

-Ձեռ առ, ձեռ առ,- ասաց Աննան:

-Մեզ պետք կգա մոմ, ափսե և ստվարաթուղթ:

-Ես էլ եմ գալիս,-բղավեցի ես:

Մենք «զինված» մտանք դպրոցի նկուղ, մոմը վառեցինք:

-Հոգի՛, ասա՛, ի՞նչ եմ ստանալու ստուգողական աշխատանքից:

Նա իր հաստ ձայնով ասաց.

-«Երկուս»:

-Ի՞նչ,- բարկացավ Վահեն,- իսկ մնացա՞ծը:

-«Երկո՜ւս»,- կրկնեց անդրշիրիմյան ձայնը:

Մենք խուճապի մատնվեցինք. բոլորս գոռգոռում էինք, վազվզում, շոշափում պատերը` որոնելով լույսի կոճակը:

Լույսը վառվեց, և ի՜նչ… Նկուղի հատակը պատվել էր հալած մոմով և ափսեի փշրանքներով: Իսկ կենտրոնում կանգնած էր մեր տնօրենը:

Անահիտ Ղազարյան, 14տ., 2002թ.