Sona Tumanyan

Հերթական օր

Երեքշաբթի էր, սովորական մի օր: Մտա դասարան: Ինչպես միշտ, տղաները շարվել էին պատուհանի մոտ ու բարձր-բարձր իրենց հարցերն էին քննարկում: Իսկ աղջիկները՝ «բամբասկոտ» աղջիկները, թաքնվել էին մի ծածուկ անկյունում, ավելի ճիշտ՝ Հասմիկի ու Լիդայի՝ տաք վառարանի կողքին գտնվող սեղանների մոտ: Ներս մտավ նաև Սոնան, ու բարձրաձայն ասաց.

-Էսօր պարապմունքի՞ եք:

-Հա, Սոն, հաց էլ չբերեցի, որ ուտենք,- ասացի ես:

-Ես «պեչենի» եմ բերել, Սոն, քեզ էլ կտամ,- ասաց Հասմիկը՝ ինձ ժպտալով:

Մի պահ ուրախացա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ հաստատ մի «պեչենիով» սովս չի հագենա: Արագ անցավ ժամանակը, աչքս էլ չթարթեցի, ու մենք արդեն ճանապարհին ենք: Լուռ, ցեխերի մեջ ճպճպալով քայլում էինք, երբ Աննան ասաց.

-Ինչ համով ձյուն ա:

-Վայ, Ան, հլը հիշի, թե ինչից ա առաջանում ձյունը,- ասացի ես:

-Ֆու,- հնչեց բոլորի կողմից միաձայն:

Աննային տուն ճանապարհեցինք, իսկ մենք շարունակեցինք զրույցը:                                                                                -Ատում եմ էս դիքը, մանավանդ, երբ բարձր կոշիկներով եմ, իսկ ես միշտ բարձրերով եմ,- ասաց Հասմիկը:

Լիդան մեր ամենաքչախոսն է: Նա ճանապարհին հազիվ մի քանի նախադասություն է արտաբերում, իսկ ես ու Հասմիկը գտնում ենք մի թեմա, խոսում ու խոսում անվերջ, արագ, առանց մեկս մյուսին հերթ տալու:

-Հաս, նյութ եմ գրելու մեր մասին,- ասացի ես:

Ակնկալում էի դրական պատասխան, քանի որ դա մեր վերջին խոսակցությունն էր. մենք արդեն աստիճանների մոտ էինք:                                                                                                                                 -Օրինակ ես անընդհատ ընկնում եմ, բոլոր հնարավոր ու անհնարին ձևերով:

Անսպասելի էր ու ցավոտ, բայց, ինչ արած, դեպք է, արդեն պատահել է: Եվ, ի վերջո, ընկեր Մելքոնյանենց տանն ենք: Կենտրոնանում ենք և սկսում պարապմունքը՝ առանց որևէ արկածի:

Մեկ-մեկ մտածում եմ՝ անցնում են տարիները, անցնում է նաև մանկությունը. գոնե վայելենք այն:

syuzi babayan voskehat

Վայր, որը մեզ շատ հարազատ է

Մի քանի ամիս առաջ ես և ընկերուհիներս միասին գնացել էինք խանութ: Խանութում խոսք էր բացվել գյուղից, թե ով է սիրում այն և ով չի սիրում: Այդ պահին խանութում բավականին շատ մարդ կար: Տարբեր մարդիկ տարբեր կերպ պատասխանեցին: Իսկ երբ խանութում արդեն հերթը մեզ էր հասել, վաճառողը հարցրեց.

-Էրեխեք, դուք ի՞նչ կասեք, սիրո՞ւմ եք ձեր գյուղը:

Մի քանիսը պատասխանեցին.

-Ոչ, քանի որ կան շատ խնդիրներ, որոնք պետք է լուծել, սակայն ոչինչ չի ձեռնարկվում:

Հերթը իմն էր:

-Այո, իհարկե, սիրում եմ իմ գյուղը: Ինչպե՞ս կարող եմ չսիրել այն վայրը, որտեղ ծնվել և մեծացել եմ: Թեև այն շատ թերություններ ունի, միևնույնն է, ինձ շատ հարազատ է:

Խանութի աշխատողը պատասխանեց.

-Այ, հիմա հպարտանալու բան ունեմ, քանի որ գտնվեց մի երեխա, ով սիրում է գյուղը՝ թերություններով հանդերձ:

Նրա ասածները մինչև հիմա լավ եմ հիշում.

-Նրան, ով սիրում է իր գյուղը, իրոք պետք է գովենք: Մանավանդ մենք՝ նոր սերունդներս: Իսկապես,մեր պապիկների թոռներն ենք:

Այս ամենից ոգևորված՝ ես ամեն օր յուրովի եմ սիրում իմ հարազատ ծննդավայրը: Գյուղում տեղի ունեցող յուրաքանչյուր փոփոխություն նորովի է ազդում իմ ներաշխարհի վրա: Ամեն օր տեսնելով այն փոքրիկներին, ովքեր րոպե առաջ ցանկանում են դպրոց հասնել, սիրտս ուրախությամբ է լցվում: Նրանք նույնպես սիրում են իրենց գյուղը: Թեկուզ մեր գյուղը փոքր է, բայց միևնույնն է, այն շատ հարազատ է:

mariam tonoyan

Հեռահաղորդակցման կապանքները

Դուռը դեռ չբացած` գիտեի, թե ով, ինչ է անում։ Անկեղծ ասած՝ ձանձրանում էի: Իրար հաջորդող 45 րոպեների ընթացքում տարբեր բնագավառների դասախոսությունները խճճել էին մտքումս հյուսված վերլուծությունները։ Այդ ամենից հոգնած՝ մտածում էի՝ որքան հնարավոր է արագ ներս մտնել ու թեկուզ ձանձրանալ:

Ներսում առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր: Հայրս հեռուստացույցի առջև նստած, ուշադրությամբ լուրեր էր լսում` երբեմն մեկնաբանություններ անելով: Ցանկացա մոտենալ ու ասել, որ լավ գնահատական եմ ստացել տնօրենական գրավորից, բայց հետո փոշմանեցի` չխանգարեմ:
Եղբայրս համակարգչով ինչ-որ անհասկանալի խաղ էր խաղում ` երբեմն ուրախ բացականչելով:
Մայրս խոհանոցում էր: Թխվածք էր պատրաստում` հեռախոսով բաղադրատոմսը ճշտելով տատիկից․ «Դե լավ, թող խոսի, հետո կպատմեմ»,- մտածեցի ես: Քույրս երևի մեր սենյակում էր:
-Արա՜քս,- կանչեցի ես:
Պատասխան չկա: Փորձեցի մի անգամ էլ։ Լռություն: Շտապեցի սենյակ մտնել:
-Ինչո՞ւ չես պատասխանում,- հարցրեցի, երբ տեսա, որ հանգիստ նստած ինչ-որ բան է խզմզում թղթի վրա: Կրկին ձայն չի հանում: Ավելի մոտեցա: Հանկարծ, նկատելով ներկայությունս, ուշադրությամբ դեմքիս նայեց ու հանեց ականջակալներն ականջից:
-Ի՞նչ է:
-Ոչի՛նչ,- ջղային պատասխանեցի ու դուրս եկա սենյակից:
Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, ու արդեն սերիալները սկսվեցին: Բոլորը հավաքվեցին հյուրասենյակում, իսկ ես, քանի որ պետք է քննություններին պատրաստվեմ, ստիպված եմ կրկին առանձնանալ սենյակումս ու պատրաստել դասերս:

Inesa Zohrabyan aragacotn

Մեր գյուղի մեծերը

Մեր գյուղի՝ Արտենիի բոլոր մեծերը միշտ կարոտով են հիշում խորհրդային տարիների մասին և շատ են գովում այդ ժամանակները: Նրանք համով-հոտով են զրուցում, նրանց բարբառը, խոսելաձևն ինձ շատ է դուր գալիս: Մեր մեծերը բարի են ու արժանի են փոխադարձ բարության ու սիրո: Մի օր էլ որոշեցի, որ պիտի հարցուփորձ անեմ նրանց հենց իրենց գոված «կոլխոզի տարիներից»:

-Պապի՜, պապի՜, սպասի, քո կարիքը ունեմ:

-Հա, բալես, ասա:

-Կպատմե՞ս «կոլխոզի» մասին, էն, որ էդքան գովում էիր, հիմա ուզում եմ գրել դրա մասին:

-Լավ, պատմեմ, բայց ի՞նչն է քեզ ավելի շատ հետաքրքրում:

-Դե, պատմիր, այն ժամանակ ի՞նչ կար, որ հիմա չկա:

-Դե, էն վախտ մեր գյուղի կողքը գինու գործարան կար, մարդիկ հանգիստ առավոտը տնից դուրս էին գալիս ու գնում գործի, ամեն մեկն իր գործն ուներ: Ապրուստն էլ կար, բոլորը հավասար էին: Էն ժամանակ, գիտես, չէ՞, իմ հերը ճաշարան ուներ գյուղում, մենք էլ էինք աշխատում, գործ ունեինք:

-Իսկ հիմա ի՞նչ է փոխվել, պապի:

-Էհ, Ինեսա ջան, գինու գործարանը քանդեցին, գյուղի փոքր աշխատատեղերն էլ քիչ-քիչ փակվեցին: Գյուղացին էն ժամանակվանից մինչև հիմա գյուղատնտեսությամբ, հողագործությամբ է զբաղվում, իսկ ով սեր չունի դրա հետ, կամ գլուխ չի հանում, հարմար տարբերակ են գտել՝ խոպան են գնում: Էն ժամանակ ես վարորդություն էլ էի անում, գյուղացիներին տանում էի մեր գյուղի վերևի դաշտերը՝ բերքահավաքի, իսկ հետո բերքն էինք բեռնում ու բերում գյուղ, խաղողն ու ոչ պիտանի մրգերն էլ գինու գործարան էինք տանում, մի բան պատրաստում էին դրանցից: Էդպես մեր օրն անցնում էր, բոլորը գոհ էին, արդար քրտինքով աշխատում, ապրում էին: Իսկ հիմա մարդ կա գնում է խոպան, աշխատավարձ էլ չեն տալիս: Է՜հ, էն ժամանակ էդպիսի խաբեություն չկար, աղջի՛կ ջան, «կոլխոզի» ժամանակ բոլորս էլ մեր աշխատավարձը ստանում էինք, մի բան էլ ավելին:

Մեր զրույցից հետո դուրս եկա փողոց. Ռազմիկ պապն էր փողոցում: Երբ նրան տվեցի նույն հարցը, նա էլ երանությամբ հիշեց հին տարիների մասին: Բոլոր մեր մեծերն էլ կարոտում են այդ ժամանակները, իրենց հին ու բարի, երիտասարադ տարիները: Ու հիմա մենք պետք է մեր մեծերին այնքան ջերմություն ու սեր տանք, որ նրանք քիչ կարոտեն հին ժամանակները:

Բուն Բարեկենդան

mariam avetyan

«Ջերմուկ» թերթը

Հարցազրույց «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիր Սեդով Բունիաթյանի հետ

Ես շատ էի լսել «Ջերմուկ» թերթի մասին և միշտ հետաքրքրել է, թե ո՞վքեր են ստեղծել, ինչպե՞ս են աշխատում և այլ հարցեր, քանի որ ամեն թերթ իր առաքելությունն ունի: Մի օր որոշեցի հետաքրքրվել և իմանալ ավելին: Ես հիշում էի, որ իմ ուսուցիչներից մեկը, ով սիրում էր զրուցել մեզ հետ, ասում էր, որ իր բանաստեղծությունները տպագրվում էին Վայքի թերթում: Մոտեցա տատիկիս, հարցուփորձ արեցի, իմացա, որ նրա անունն էլ է հայտնվել թերթի էջերում՝ որպես ավարտական քննությունները գերազանց հանձնած աշակերտ: Իմ հետաքրքրությունն ավելի մեծացավ: Ես գտա «Ջերմուկ» անունով թերթի գլխավոր խմբագրին՝ Սեդով Բունիաթյանին և նա սիրով պատասխանեց իմ բազմաթիվ հարցերին։

-Ինչպե՞ս եք դարձել «Ջերմուկ» թերթի գլխավոր խմբագիրը:

-Այդ ժամանակ ես կուլտուրայի բաժնի վարիչն էի և սիրում էի ստեղծագործել: Մի անգամ ինձ մոտեցավ Ջանիկ Ասլանյանը՝ թերթի գլխավոր խմբագիրը, և հրավիրեց աշխատել «Ջերմուկ» թերթում: Ես համաձայնվեցի և այդպես սկսեցի աշխատել այնտեղ: Սկզբում՝ 1964 թվականին, աշխատում էի որպես սրբագրիչ, այնուհետև որպես գրական աշխատող, բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, հետո դարձա գլխավոր խմբագիրը: Ջանիկ Ասլանյանը՝ գրող, երգիծաբան, հրաշալի անձնավորություն է, նա եղել է «Ջերմուկ» թերթի խմբագիրը 25 տարի: Ես փոխարինեցի նրան: Նրանից շատ բան եմ սովորել: Ընդհանրապես, «Ջերմուկ» թերթն ուներ առաջադեմ ու համագործակցող աշխատակազմ: «Ջերմուկ» թերթի գրական աշխատողը՝ Մարտին Միքայելյանը, Հայաստանի լավագույն արվեստաբաններից է:

-Մի քիչ պատմեք «Ջերմուկ» թերթի մասին: Ի՞նչ հաճախականությամբ էր տպագրվում, ի՞նչ նյութեր էիք հրատարակում և այլն։

-«Ջերմուկ»-ը շաբաթաթերթ էր: Այն ազատ չէր, ինչպես «Ասպետ» թերթը, որի խմբագիրը հիմա ես եմ: Տպագրվում էր շաբաթական 3 անգամ: Թերթն ուներ մեծ թղթակցական անձնակազմ: Շրջանի բոլոր գյուղերից մարդիկ մեզ էին ուղարկում իրենց հոգսերի մասին նամակներ, և մենք տպագրում էինք նրանց մասին հոդվածներ: Շատ նամակներ էինք ստանում: Երբեմն ստանում էինք անանուն նամակներ, հետո նրանց տերերը գալիս էին, բողոքում, թե ինչո՞ւ իրենց հոդվածները չենք տպագրել: Թերթն աշխատեց շուրջ 40 տարի: Հետո լուծարվեց: Երբ Հայաստանն անկախություն ձեռք բերեց, թերթը բախվեց լուրջ ֆինանսական խնդիրների հետ և ստիպված դադարեց գործել:

-Իսկ Դուք ի՞նչ թեմաներով էիք գրում:

-Գրում էի բոլոր թեմաներով: Խորհրդային Միությունում կյանքը եռում էր՝ խոտհունձ, այգու մշակություն, անասնապահություն: Ներկայացնում էինք լավագույն մարդկանց, գործարանների լավագույն աշխատողներին: Հիմնականում իմ ուղղությունը գրական-մշակութայինն էր, նախընտրելի թեման երևի երգիծականը: Ես ղեկավարում էի պոեզիայի բաժինը: Սիրում էի նաև գրել քննադատական թեմայով հոդվածներ: Դա շատ բարդ գործ էր այդ տարիների համար: Քննադատում էինք միայն լուրջ դեպքերում: Քննադատված անձը կամ ձեռնարկությունը ստանում էր լուրջ նկատողություն շրջկոմի կողմից: Լինում էին նաև դեպքեր, երբ նույնիսկ հեռացվում էին աշխատանքից: Սիրում էի նաև ակնարկներ գրել: Ինձ համար այդ տարիները շատ հրաշալի տարիներ էին, երբեք չեմ մոռանա:

-Ի՞նչ հաջողությունների էր հասել «Ջերմուկ» թերթը, ունե՞ր պատվոգրեր, մրցանակներ:

-Այո՛, իհարկե: «Ջերմուկ» թերթը հանրապետության շրջանային լավագույն թերթերից մեկն էր։ Թերթն ուներ շատ պատվոգրեր, որոնցից մեկը ստացել էինք ժուռնալիստների միության կողմից թերթի քառասունամյակի առթիվ: Թերթին նվիրվել էին շատ բանաստեղծություններ:

-Կուզենայի՞ք Վայքում կրկին մի այդպիսի թերթ լիներ:

-Իմ պայքարը հենց դրա համար է, որ Վայքն ունենա իր թերթը: Չնայած այդ գործը մեծ ֆինանսների հետ է կապված, սակայն դա էլ կարելի է հեշտորեն լուծել: Օրինակ, եթե կազմակերպվի բաժանորդագրություն, թերթ ստեղծելը շատ ավելի հեշտ կլինի: Տպարաններն էլ փակվել են. թերթերը հիմնականում տպագրվում են Երևանում:

-Ի՞նչ է տվել Ձեզ «Ջերմուկ» թերթում աշխատելը:

-Դա կյանքի մեծ փորձ էր: Շուրջս հայտնվեցին շատ հուսալի մարդիկ, որոնց վրա կարելի էր հենվել: Ինձ համար հեշտ էր դարձել մարդկանց հետ շփվելը: Մեծ ճանաչում էինք ձեռք բերել շրջանում: Անգամ, եթե հոդվածիս տակ գրում էի կեղծանունս, միևնույն է, բոլորը գիտեին, որ դա ես եմ գրել:

Մի անգամ ես մի գյուղապետի էի քննադատել: Հոդվածի տակ ստորագրել էի «Արթուր Արամի» կեղծանունով: Այդ կեղծանունը ես դեռ նոր էի ընտրել: Գյուղապետի հետ անձամբ ծանոթ էի: Նա իր գործում թերացել էր, ես էլ քննադատել էի, ոչ մի անձնական բան: Նա եկավ, լուրջ դեմքով մտավ սենյակս, զննեց ամբողջ սենյակը և հայացքը հառեց դեմքիս: Ես արդեն գլխի էի ընկել, որ նա կարդացել է իմ հոդվածը: Ես խախտեցի լռությունը և հարցրի, թե ի՞նչն է նրան բերել ինձ մոտ: Նա հոգոց հանեց, մի քայլ արեց առաջ և ասաց.

-Ընկեր Բունիաթյա՛ն, Ձեր թերթում Արթուր Արամի անունով մարդ աշխատո՞ւմ է:

Ես թեթև ժպտացի, բայց նա կարծես չնկատեց:

-Այո՛, աշխատում է, իսկ ի՞նչ է պատահել:

-Նա քննադատել է ինձ: Հոդվածի պատճառով ինձ շատ խիստ նկատողություն են տվել:

-Ահ, այդ Արթուրը, նրա բնավորությունն է այդպիսին: Ես նրա հետ լուրջ կխոսեմ:

Ես կանգնեցի և լուրջ դեմքով գլուխս թափահարեցի: Նա հանգիստ շունչ քաշեց և, հաջողություն ասելով, հեռացավ: Այդ դեպքից մի քանի ամիս անց իմ կեղծանվան մասին իմացան բոլոր ընթերցողները:

-Հետ նայելով՝ ի՞նչ կցանկանայիք փոխել թերթում, ի՞նչ թերություններ կային:

-Թերթում ամեն ինչ նկարագրվում էր թվերով կամ գրաֆիկներով: Կարդացողներին դա այնքան էլ հետաքրքիր չէր: Բացի այդ՝ միայն շրջանի նորություններն էին տպագրվում, և մարդիկ անտեղյակ էին դրսում կատարվածից: Չնայած այդ ամենին՝ առավելությունները ավելի շատ էին:

marat sirunyan

Լեռնավանի ավանդազրույցները. մաս 3

Սատանաների հետ կապված պատմությունների շարքի երրորդ պատմությունը: Այն տեղի է ունեցել մոտ 1958 թվականին, Լեռնավանում: 

Էն տարիներին՝ կոլխոզի ժամանակ, ոչխարի հոտերը հաճախ սարերում են պահել, գիշերներն էլ մարդիկ մեկը մյուսին հերթափոխել:

Էդ օրերից մեկն էր, ու Ճոռտոյենց Վազգենը (Պողոսյաններին Ճոռտոյենց են ասում գյուղում) հերթափոխից խոտի մի դարձ շալակին գիշերով սարերից տուն էր գալիս: Թիկնեղ մարդ էր, կոլխոզի հովիվներից, ով իր կյանքում ինչ ասես չէր տեսել, գել ու գազանից մինչև հազար տեսակ շառ ու փորձանք էր ընդունել ու ճամփու դրել: Էս մարդն եկավ հասավ Ժանգոց քար կոչված տեղին, ու մի պառավ կնոջ տեսավ:

-Այ կնի՞գ, էդ ո՞վ ես, էս ժամին հու՞ր:

-Անկինն եմ, բալա՜ ջան, գեղ կերտամ:

Վազգենը հասկանալով, որ գյուղացի է, ընկերացավ ու միասին քայլելով շարունակեցին ճամփան: Ասել-խոսելով, բավականին ճամփա եկան ու հասան Կոնդի ձորին, ուր ջրի գոլ կա, ու որը կարելի է ասել՝ գյուղի շեմքին է: Էդպես պառավի հետ խոսելով մտան ձորը: Քիչ հետո տղամարդը զգաց, որ կողքին ոչ ոք չկա, շրջվեց, այս ու այն կողմ նայեց՝ պառավը չկար. այն դեպքում, երբ մի ակնթարթ առաջ պառավը կողքին էր, ուրիշ գնալու տեղ էլ չկար: Էդտեղ երբեմնի անվախ, գել ու գազանի հետ կռիվ տվող տղամարդը վախեցավ, սիրտը դող ընկավ: Մի կերպ հասավ տուն ու պատմեց եղածը.

-Այդման էդ պառավը կորավ, ուրեմն՝ էդիգ ոճ տը մարտ էր, այլ սադանա՝ Անկինի կերբարով…

Տարիներ անց էլ նրա խնամին է նույն տեղում երկու աղջիկ տեսնում՝ Մայր Թերեզայի կույսերի կերպարանքով: Մոտենում, հարցնում է՝ ո՞վ եք: Սրանք էլ խեթ-խեթ նայում են, շրջվում ու անհետանում, էդպես էլ չբացահայտելով՝ ով լինելու առեղծվածը:

narine gabrielyan

Փախուստը

Գարնանային տաք ու արևոտ օր էր, և դասարանի երեխաներով որոշեցինք դասից փախչել: Երկար դասամիջոցն էր: Բոլորով հավաքվեցինք, սկսեցինք մտածել, թե ուր գնանք, եթե փախչենք:

-Ախր, որ գնանք, միևնույնն է, ուղղակի պտտվելու ենք փողոցներով:

-Ճիշտ է ասում Հրանուշը, դուրսն էլ ցեխ է:

Շատ խոսեցինք, շատ տարբերակներ առաջարկեցինք միմյանց, բայց միևնույնն է, ընդհանուր հայտարարի չեկանք:

-Թե ինչի՞ ենք Հրազդանում ապրում, ոչ  մի հետաքրքիր զբաղմունք չկա,- ասաց Բագրատը:

-Ճիշտ է ասում, ոչ սրճարան, ոչ կինո, ոչ թատրոն, ոչինչ:

-Երեխեք, փախչենք գնանք քաղաքապետի մոտ,- ասաց Բագրատը:

-Գնաս, ի՞նչ անես:

-Գնանք ու ասենք, որ Հրազդանում ժամանացի կենտրոններ չկան:

-Որ ասեցիր, ինչ-որ բան կփոխվի՞:

-Կփոխվի: Կիմանան, թե ինչ ենք ուզում ու մեր ցանկությունները հաշվի կառնեն:

-Հերիք է, Բագրա՛տ, մի՛ երազիր, աշխարհին ռեալ աչքերով նայիր:

-Ռեալիստ,- քմծիծաղով ասաց Բագրատը,- եթե մի քանի անգամ դիմենք, արդյունքի կհասնենք:

-Ի՞նչ կարող են փոխել մի խումբ երեխաները: Ոչինչ: Ավելի լավ է՝ ոչինչ չանենք,- ասացի ես:

-Լավ, կանենք, կտեսնենք:

-Կտեսնենք:

arev epremyan

Բոլորս էլ պատասխանատու ենք

2010 թվականի նոյեմբեր ամիսն էր: Պապիկս բուժվում էր Երևանի սրտաբանական գիտահետազոտական կենտրոնում, որտեղ իրենց կյանքի համար պայքարում էին մանկահասակ, երիտասարդ և մեծահասակ մարդիկ: Երբ մայրս վերադառնում էր հիվանդանոցից, հուզված պատմում էր այդ կենտրոնում բուժվող հիվանդ մարդկանց մասին: Նրանց կյանքը լուսավորվում էր, երբ հայտնվում էին այնպիսի մարդիկ, ովքեր նվիրաբերում էին իրենց արյունը հիվանդների կյանքը փրկելու համար: Անմասն չմնաց նաև մայրս: Հնչեց հեռախոսազանգ: Հիվանդանոցից էին զանգում, պետք էր փրկել երկու ամսական երեխայի կյանքը, որի արյունը համատեղելի էր մորս արյան հետ: Մայրս առանց վարանելու, առաջին իսկ երթուղայինով շտապեց հիվանդանոց: Երեխան այժմ առողջ է:

Այդ դեպքից երկու ամիս էլ չանցած՝ կյանքից հեռացավ սիրելի պապիկս: Եթե ժամանակին լինեին մայրիկիս պես մարդիկ, միգուցե պապիկս էլ հիմա ողջ և առողջ լիներ: Այժմ ես անհանգստանում եմ  բուժվող բոլոր մարդկանց համար: Երանի աշխարհում չլինեն հիվանդ մարդիկ:

Angelina Karapetyan

Փաստորեն, արդարություն գոյություն ունի

Սկսվեց 2017 թվականը, որի հետ մեկտեղ նաև իմ օլիմպիադաների շրջանը: Որոշներին պետք է մասնակցեի ստիպողաբար, մյուսներին՝ մեծ հաճույքով ու սպասումներով:

Մինչ հունվար պատրաստվում էինք ասմունքի մրցույթի դպրոցական փուլին, որտեղ մեր դպրոցից հաջող ներկայացանք ես և Սամվելը, մենք անցանք տարածաշրջանային փուլ: Իսկ հաջորդ՝  մարզային փուլ անցավ միայն Սամվելը, որը նույնպես շատ լավ է ասմունքում: Ուսուցչուհիս ևս մեկ անգամ համոզվեց, որ արդարություն լիովին գոյություն չունի:

Տեղի ունեցավ նաև հայոց լեզվի և գրականության օլիմպիադա, որին մասնակցեցի շատ մեծ հաճույքով, սակայն անհույս, որ կանցնեմ հաջորդ փուլ: Եթե անկեղծ լինեմ, դպրոցական փուլում դպրոցի անձնակազմը հիմնվում է ոչ միայն գրած գրավորի, այլև գիտելիքի չափաբաժնի վրա, որին ծանոթ է:

Բախտը կրկին ժպտաց ինձ, նաև Մարիամին, որը մեկ տարով մեծ է ինձնից: Տնօրենը կանչեց մեզ իր մոտ: Ասեմ, որ սկզբից չէի էլ կարող գուշակել նրա կանչելու պատճառը, բայց երբ ասաց, շատ ուրախացա, և ինձ լիարժեք զգացի: Տնօրենի խոսքերը մեզ ավելի ոգևորեցին և ուժ տվեցին, ինչին էլ գումարվեց սիրելի ուսուցչուհուս՝ Հասմիկ Խաչատրյանի անկեղծ ժպիտը: Այն ջանքն ու եռանդը, որ նա ներդնում է մեզ գիտելիք տալու համար, ոչ մի ուսուցիչ չէր անի՝ մտածելով իր առողջության մասին: Իսկ նա ավելացրեց.

-Փաստորեն, արդարություն գոյություն ունի:

Շնորհակալ եմ նաև «Մանանա» թիմին, որը ինձ դարձրեց ավելի պատասխանատու, արթնացրեց իմ մեջ խորը մտածելու ունակությունը, և եթե չլիներ նյութ գրելը, չէր զարգանա խոսքս, և ես նման արդյունքի չէի հասնի: