Ani Ghulinyan

Եթե մենք կազմեինք դասացուցակը

Բավականին հեշտ ու հաճելի է, չէ՞, մտովի դասացուցակից չսիրած առարկաները հեռացնելը: Նրանք, որոնք նույնիսկ սիրելի ուսուցիչների `«Սովորե՛ք, մի օր անպայման պետք կգա»-ներից հետո այդպես էլ սրտամոտ չեն դառնում: Բայց պատճառը, երևի, ոչ ուսուցիչների, և ոչ էլ առարկաների մեջ պետք է փնտրել: Պարզապես յուրաքանչյուր դասարանում սովորում է մի պատմաբան, ով տանել չի կարողանում քիմիան, մի բժիշկ, ում չեն հետաքրքրում Նապոլեոնն ու իր ճակատամարտերը, մի դիվանագետ, որը անիմաստ է համարում սինուսով ու կոսինուսով բանաձևերի անգիր սովորելը:
Կապված սրա հետ, որոշեցի դասընկերներիս շրջանում հարցում անց կացնել` պարզելու համար, թե հնարավորության դեպքում դասացուցակում ինչ առարկաներ կավելացնեին: Պարզվեց շատերը մաթեմատիկայի, պատմության ու հայոց լեզվի կողքին կցանկանային տեսնել համաշխարհային գրականություն, փիլիսոփայություն, արվեստ, հոգեբանություն, մարկետինգ, ծրագրավորում, սպորտ, լուսանկարչություն, պար, գեղանկարչություն: Երևի յուրաքանչյուրը ասաց այն, ինչը ամենից շատ է սիրում, բայց եկեք խոստովանենք, որ վատ չէր լինի վերը նշված առարկաներով դասացուցակ ունենալ պայուսակում: Բոլորս էլ գիտենք, որ մոտակա մի տասնամյակում դասավանդվող առարկաների շարքում ոչինչ չի փոխվելու, բայց դե երազել էլ հո՞ կարելի է:

hasmik vardanyan

Կանեփով քյուֆթա

Հայաստանում յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր բառն ու բանը: 

Մեր Մարտունին և հարակից գյուղերը ևս ունեն իրենց յուրահատկությունները` բարբառը և հնուց պահպանված ճաշատեսակները: Այսօր կպատմեմ մեր տարածաշրջանին բնորոշ, յուրահատուկ և զավեշտալի ճաշատեսակի մասին։

Կանեփով քյուֆթա․․․ Նախ մի փոքր ներկայացնեմ կերակրատեսակի նախապատմությունը: Կերակրատեսակը եկել է հնուց և պահպանվել մինչ օրս: Տատիկիս խոսքերով` կերակրատեսակը պատրաստել են այն ծանր տարիներին, երբ գոյությունը պահելու խնդիր է եղել: Կանեփն իր մեջ պարունակում է յուղայնություն, և այդ կերակրատեսակը պատրատել են, որպեսզի հագեցնի սովը: Եվ այդպես՝ ճաշատեսակը հորինվել և պահպանվել է: Իսկ ճաշատեսակի բաղադրությունը շատ պարզ է: Դե, ինչպես հասկացաք՝ ամենակարևոր բաղադրիչը կանեփն է: Կանեփը սկզբում բովում են, հատուկ աղացի միջոցով աղում: Աղացած կանեփին ավելացնում են տաք ջուր և ստանում կանեփի հյութը: Այնուհետև պատրաստում են խճողակը: Այն իր մեջ պարունակում է ձավար, որը ցորենի ամբողջական կամ աղացած հատիկներից պատրաստված սննդամթերք է: Ձավարին ավելացնում են կտրատած սոխ, սև և կարմիր պղպեղ, համեմ և աղ: Այդ պատրաստած խճողակը լցնում են արդեն նախատեսված, թթու դրած կաղամբի մեջ և փաթաթում: Փաթաթելուց հետո լցնում են կանեփի հյութը և դնում՝ եփվի: Այս կերակրատեսակը հիմնականում պատրաստում են ձմռանը, շատ հազվագյուտ դեպքերում՝ գարնանը:

syuzi babayan voskehat

Ինչպես որոշեցի դառնալ պատանի թղթակից

Ես Սյուզին եմ: Սիրում եմ խաղալ և դիտել ֆուտբոլ: Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունն ու հավատարմությունը:

Մի քանի օր առաջ մի հետաքրքիր միտք ծագեց գլխումս: Երբ լսեցի ընկերուհուս խոսքերը, ով օրեր առաջ էր դարձել 17.am-ի թղթակից, հասկացա, որ ես  էլ եմ ուզում դառնալ պատանի թղթակից:

Մոտ մեկ տարի առաջ մեր դպրոց էին եկել անծանոթ մարդիկ: Նրանց գնալուց հետո մեծ ոգևորություն կար դպրոցում, բոլորը միջանցքներում շրջում էին և խոսում, թե ինչ նյութեր պիտի գրեն: Ես ու ընկերուհիս ուսուցչից տեղեկացանք, որ լրագրության դասընթացներ են լինելու և հարցրեցինք՝ արդյո՞ք մենք էլ կարող ենք մասնակցել, սակայն ստացանք բացասական պատասխան, քանի որ տարիքներս չէր համապատասխանում:

Դրանից մի քանի օր անց՝ մեր դպրոցից մի աղջկա տեսա, ով դասընթացից էր վերադառնում և ճանապարհին պատմում էր լրագրության մասին: Ես էլ ոգևորվեցի ու մտածեցի պատանի թղթակից դառնալու ուղղությամբ:

Այսօր ես մեծ հույսերով գրում եմ առաջին նյութս: Ունեմ մեծ սպասումներ կապված 17.am-ի հետ:

Եթե հիմա դուք կարդում եք իմ այս նյութը 17.am կայքից, ուրեմն այսօրվանից 17-ը կդառնա իմ օրվա մի մասնիկը: Այսուհետ ես էլ եմ այն պատանիներից մեկը, ում հուզում և հետաքրքրում են աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները:

milena khachikyan

Եվ այլն

Սա մի ժամանակ է,
երբ գրիչ բռնելը դարձել է անսովոր,
երբ ձեռագիրս տարբեր է նախորդ երկու ժամից:
Մի ժամանակ է,
երբ անսահման հեռու եմ ինչ-որ մեկից թանկ,
երբ չի փրկում արդեն Բուքովսկին:

Սա մի ժամանակ է,
երբ հորս նարնջի թեյը լավն է բոլորից,
երբ կարելի է տաքացնել կոկորդը, բայց ձեռքերը` ոչ,
մի ժամանակ է,
երբ հնարավոր է նաեւ ջերմելը`
դողալով տենդի մեջ` ինչ-որ օրվա հուշի:

Սա մի ժամանակ է,
երբ ծրարներն անարձագանք եմ ուղարկում,
երբ չեմ մտածում սպասելու կամ այլնի մասին…
Մի ժամանակ է,
երբ ցուրտը հաճախ է պատահում, քան սերը,
երբ ինչ-որ մեկին հիշելը դարձել է ժամանց:

Սա մի ժամանակ է,
երբ անվերջ կարող եմ նայել մորս ձեռքերին,
երբ կարող եմ կարոտել հազար ու մի բանի…
Մի ժամանակ է,
երբ զարմանալի չէ մինչեւ կեսօր քնելը,
երբ զարմանալի չէ ապրել այսքան սովորական:

Ս.Սարգսի տոնի մոտիվներով

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Փետրվարի 7-ին՝ ժամը 12.00, Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած նկարչական մրցույթը: Մասնակիցները երեք օրերի ընթացքում հենց թատրոնի ճեմասրահում ստեղծագործում են՝ Ս. Սարգսի տոնի մոտիվներով: Մասնակցության հայտ էր ներկայացրել 35 նկարիչ: 

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Բարև Ձեզ: Ներկայացեք խնդրեմ: Ինչպե՞ս եք իմացել միջոցառման մասին և ի՞նչ եք որոշել նկարել այս մրցույթի ժամանակ:

-Մխիթարյան Սիրանույշ: Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնում: Միջոցառման մասին իմացել եմ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից ու ցանկություն է առաջացել, որ մասնակցեմ:

Պատկերել եմ Սուրբ Սարգսին: Կարծում եմ,որ նա հենց այնպիսին էր, ինչպիսին իմ նկարում է: Տոնի հետ կապված որևէ այլ խորհրդանիշ նկարելու փոխարեն ես հենց իրեն եմ նկարել, քանի որ կերպարն ինձ համար ինքնին ոգեշնչող է:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Տարիքային սահմանափակում կա՞ մրցույթում:

-Մասնակցել կարող են տասնյոթից երեսունհինգ տարեկան բոլոր ցանկացողները:

Մոտենում ենք մեկ այլ մասնակցի:

-Բաղդասարյան Լուսինե: Սովորել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստ և գծագրություն բաժնում:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է: Տոնը իրենով խորհրդանշում է սերը, իսկ իմ նկարում ամբողջովին սեր է: Կին ու տղամարդ՝ մեջք մեջքի: Դե, ով ինչպես կհասկանա…

Մոտենում ենք Լիլյա Պետրոսյանին: Լիլյան Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի ուսանող է:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Լիլյա, Ձեր նկարը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից: Կմեկնաբանե՞ք:

-Իմ նկարը մի քիչ ոչ ստանդարտ է: Այն պլաստիլինով եմ արել: Նկարում ընդհանրապես ընտանիքի գաղափարն է՝ հայրը, մայրը ու երեխան: Նկարը և՛ կապված է Սուրբ Սարգսի տոնի, և՛ ընտանիքի միասնության ու սիրո հետ:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Մենք երկար ժամանակ շրջում էինք ճեմասրահում, մոտենում նկարող երիտասարդներին, աշխատում էինք մեր զրույցով չշեղել նրանց, դիտում էինք նկարները, լուսանկարում:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Թեև դրսում ցուրտ ձմեռ էր, բայց ճեմասրահում ասես արդեն գարուն լիներ, գույների հրավառություն և իսկապես Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին վայել ջերմություն:

ella ghazaryan

Հաջորդ համերգը

Երազանքներ բոլորս էլ ունեցել ենք… 7 տարեկանում, ինչպես բոլորը, ես նույնպես հաճախում էի պարի: Այն ինձ համար ուղղակի ուրախ ժամանց էր: Երբ քույրս ընդունվեց համալսարան, ես ինքս ինձ հարցրեցի՝ իսկ ի՞նչ մասնագիտություն եմ ընտրելու ես: Սկսեցի մասնակցել մասնագիտական կողմնորոշման դասընթացների։ Ամեն ինչ ձանձրալի էր, և ոչ մի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն չէր առաջանում: Իսկ պարի դասերին սկսեցի հաճախել ավելի սիրով և պատասխանատվությամբ: Այդ սերը իմ մեջ առաջացրեց առաջին պարուսույցս՝ Ռոզմարի Հակյանը: Նա ոչ միայն առաջացրեց սեր պարարվեստի նկատմամբ, այլև դարձավ օրինակ, որին ուզում էի նմանվել:

Պարը դարձել էր օրվա բաղկացուցիչ մաս: Ամենօրյա քրտնաջան աշխատանքները չէին հոգնեցնում և ձանձրացնում: Վերադառնոմ էի տուն այն անհագ ցանկությամբ, թե երբ է լույսը բացվելու, որ ես կրկին գնամ պարասրահ: Եվ այսպես, որոշեցի, որ պարը պետք է դառնա մասնագիտությունս:

Միշտ հետևում էի «Բերդ» անսամբլի ելույթներին: Մի օր, Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում ներկա գտնվելով անսամբլի մենահամերգին, որոշեցի, որ սա վերջինն է լինելու, որ համերգին հետևեմ դահլիճից: Մոտենում էին ընդունելության քննությունները, ես սկսեցի պարապել ավելի խորացված: Ամեն անգամ, երբ չէր ստացվում այս կամ այն շարժումը, ես փորձում էի այնքան, մինչև ստացվեր: Հետզհետե առաջացավ հավատ սեփական ուժերիս հանդեպ: Այդ հավատն իմ մեջ սերմանեց Տիգրան Նորատյանը: Վեց ամիսների ընթացքում, կարելի է ասել, արեցինք անհնարինը: Ամեն անգամ, երբ չէր ստացվում, ընկեր Տիգրանն ասում էր. «Դու կարող ես»: Եվ ես ամեն ինչ անում էի, որ արդարացնեմ նրա սպասելիքները: Ընդունվելուց մեկ ամիս անց սկսեցի պարել «Բերդ» անսամբլում: Հաջորդ մենահամերգին ոչ թե նստած էի հանդիսատեսի աթոռին, այլ պարում էի բեմի վրա…

Վառվեցին բեմի լույսերը, հայտարարեցին պարի անունը, սիրտս սկսեց արագ աշխատել, անչափ հուզված էի՝ տեսնելով մեծերի վստահությունը, ես նույնպես հավաքվեցի և մտա բեմ: Պարում էի այնպես, ասես ինձ ոչ ոք չէր նայում։ Ավարտվեց պարը, լսվեցին բարձր ծափահարություններ… Ես սթափվեցի և հասկացա, որ երազանքս կատարվել է: Երազանքները կատարվում են, պետք է միայն հավատալ ուժերին, աշխատել և պայքարել:

inesa soghoyan

Իմ ազատությունը

Երբևէ մտածե՞լ եք՝ ազա՞տ եք, թե՞ ոչ: Գուցե ազատ եք, բայց միևնույն ժամանակ՝ անազատ: Ես դեռ մեկ տարի առաջ հագնում էի այն, ինչ հագնում էին բոլորը, լսում էի հասարակության կարծիքը ու ապրում էի դրանով, աշխատում էի ամեն բան անել, որ դուր գամ շրջապատիս: Կարծում էի՝ ազատ եմ ապրում: Շուտով մտածեցի, որ այդպես ճիշտ չէ, հասկացա, որ այն, ինչ ես համարում էի ազատություն, ավելի շատ անազատություն էր`շրջապատից կախվածություն: Հասկացա ու փոխեցի այն, ինչ խանգարում էր ազատ ապրել:

Այժմ սիրում եմ այն, ինչ ուզում եմ, ազատ արտահայտում եմ զգացմունքներս, լսում եմ ինձ ու հաճելի երաժշտություն, հագնվում եմ այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե մտերիմներիս, լսում եմ հասարակության կարծիքն ու անտեսում:

Ես հասկացել եմ՝ կյանքը մի մեծ ավտոբուս է, որտեղ պետք է նստես, եթե չես ուզում հոգնել: Երբ հասնում ես վերջին կանգառին, պետք է իջնես, բայց պետք է գոհ լինես քո ընտրած տեղից: Դա քո կամքն էր, դու կարող էիր համառություն դրսևորել և գտնել քո տեղը:
Շատերս չենք հասկանում, թե ինչպես է մեր շրջապատը ստիպում ապրել իր կարծիքով և դարձնում մեզ անազատ: Ազատությունը հեքիաթ է, որը բոլորը պետք է լսեն ու հասկանան միայն ճիշտ ձևով: Իսկ ճիշտը մեր չափորոշիչներն են:

Խմբագրության կողմից. Հետաքրքիր է լսել նաև ձեր կարծիքը: Դուք ինչպես եք պատկերացնում ազատությունը: Գրեք մեզ:

Սյունիքի խաշիլը

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Ալբինա Հովսեփյանի

Տատիկիս հետ նստած խոսում էինք մեր ավանդական ուտելիքներից, որոնք ավելի շատ մեզ մոտ՝ Սյունիքում են պատրաստում:

-Տա՛տ, դու ի՞նչ ուտելիք ես շատ սիրում։

-Ես խաշիլ եմ շատ սիրում։

-Տա՛տ, պատմիր էլի։ Ինչպե՞ս են պատրաստում խաշիլը։

-Չէ՛ բալա, պատմելով չի լինի, ավելի լավ է՝ արի, գնանք․հա՛մ սարքեմ, հա՛մ էլ՝ տե՛ս, թե ինչպես են պատրաստում:

Տատիկս վերցրեց ակնոցը, ընտրեց ամենալավ ու ամենամեծ ցորենները, ու մենք իջանք օջախի  կրակի մոտ: Տատս վառեց կրակը, ցորենը լցրեց թաջի վրա:

-Բա հիմա ի՞նչ պիտի լինի, տա՛տ։

-Հիմա ցորենն այնքան պիտի մնա կրակի վրա, որ գույնը փոխի, ստանա կարմիրին մոտ գույն:

Տատս խառնում էր ցորենը, իսկ ես ուշադիր նայում էի: Վերջապես ցորենը պատրաստ էր ու ստացել էր այն գույնը, որը պետք էր տատիս:

-Հիմա ցորենը լցնում ենք արկանի (երկանքի) մեջ, աղում այնքան, որ դառնա, մեր լեզվով ասած, փոխինձը,- ասում է տատս ու շարունակում աղալ ցորենը:

Արդեն պատրաստ է նաև ցորենը։ Բարձրանում ենք տուն, ու մնացած գործը տատս վստահում է ինձ: Փոխինձը՝ աղացած ցորենը, լցնում եմ կաթսայի մեջ ու խառնում, բայց այնպես պիտի խառնեմ, որ տակը չկպչի: Չգիտեմ՝ ինչպես, բայց ես ստանում եմ այն զանգվածը, որ պետք էր տատիկիս: Վերջում ավելացնում ենք՝ յուղ ու թան և ասում.

-Լոր գյուղի խաշիլից համեղ բան չկա․․․

aharon sahakyan

Իմ հանճարեղ միտքը…

Մարտ ամիսն էր: Քամիաանձրևաձյունախառը մի զզվելի եղանակ: Սովորականի նման  արթնացա: Անհանգիստ էի, ինչպես սովորաբար մեծերն են ասում՝ աչքս վնասի էր: Պետք է որևէ «սխրանք» գործեի: Եվ քանի որ իմ կյանքում երբևէ արկածների պակաս չեմ ունեցել, այդ օրն էլ բացառություն չեղավ:

Չնայած անբարեհաճ եղանակին`դուրս եկա բակ: Առաջին բանը, որ նկատեցի` հարևանի հողամասից դուրս եկող ծուխն էր, իսկ երբ ավելի մոտիկից ուսումնասիրեցի, տեսա, որ խոտի մնացորդներն էին վառում: Եվ հենց այդ պահին էլ գլխումս ծագեց հանճարեղ միտքը. «Իսկ ինչո՞ւ ես էլ մեր հողամասում կրակ չվառեմ»: Առանց ժամանակ կորցնելու, գործի անցա: Հավաքեցի խոտի մնացորդները, լցրեցի առաջին իսկ պատահած ամանի մեջ։ Թաքուն մտա տուն, վերցրեցի կրակայրիչն ու դուրս թռա: Փորձեցի վառել, բայց քամին խանգարում էր: Երկար փորձելուց հետո համոզվեցի, որ հնարավոր չէ։ Որոշեցի ամանը մոտեցնել խոտի դեզին։ Դեզը բավականին բարձր էր, հետևաբար, կպաշտպաներ քամուց, ու կհասնեի նպատակիս: Այո´, ես չէի սխալվում: Կրակը վառվեց և վայրկյանների ընթացքում բարձրացավ դեզն ի վեր: Հասկացա, որ վերջ: Հրդեհ բռնկվեց: Անմիջապես տուն վազեցի: Մայրս խոհանոցում ինչ-որ գործով էր զբաղված, կրակայրիչը ինչպես, որ թաքուն վերցրել էի, նույն կերպ՝ թաքուն էլ, տեղը դրեցի և բղավեցի.

-Ի՞նչ եք կանգնե՜լ, խոտի դեզն այրվում է՜:

Մայրս դուրս թռավ, բայց ի՞նչ, այլևս ոչինչ հնարավոր չէր անել: Հարևաններն էլ միացան, փորձեցին ջրով հանգցնել, բայց ապարդյուն: Կրակի բոցերը կատաղած վեր էին բարձրանում: Շատ չանցած՝ արդեն բակում էր նաև հրշեջ մեքենան: Բարեբախտաբար նրանց հաջողվեց մարել կրակը: Բայց վնասը քիչ չէր` 500 հակ խոտ: Իսկ արդեն հաջորդ օրը մեր տուն այցելեցին ոստիկանները: Հարցաքննեցին ինձ, ես նրանց ասացի, որ ճիշտ է՝ ես եմ այրել խոտը, բայց ինձ ոգեշնչել է մեր հարևանը: Եվ ուրեմն` նա է մեղավոր, թո՛ղ պատասխան տա․․․

Չապրած կարոտի ու սպասման մասին

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

-Ես էլ եմ դպրոց գնալու,- վստահ ու ոգևորված հայտարարում էի՝ նայելով դպրոցից տուն դարձող աշակերտներին:

Բայց երջանիկ մտքերս ընդհատվում էին եռացող յուղի վրա լցվող ձվի թշշոցից: Տատիկս էր: Երբևէ կերածս ամենահամեղ ձվածեղն էր պատրաստում: Հետո էլ միասին սուրճ էինք խմում: Նրանից էլ սովորել եմ սուրճը քաղցր խմել: Երևի դրա համար էլ սովորությունս փոխել չի ստացվում:

-Ես էլ դպրոց կգնամ, չէ՞, տատ:

Տարիներ պիտի անցնեին, ու նոր միայն հասկանայի, որ ոչ մի դպրոցում էլ չեմ սովորել ու չեմ սովորի այն ամենը, ինչ սովորել եմ այնտեղ՝ այն պատուհանի մոտ նստած, այն գրքերից, որ ինձ համար էր կարդում, խաչբառի բոլոր հնարավոր ձևերից, որ 7-8 տարեկանում լրացնում էի առանց բացթողումների:

Այդ գրքերն էին, որ ինձ իսկապես գիրքը կարդալ ու հասկանալ սովորեցրին, նրա դողացող ձեռագիրն էր, որ գիրը զգալ ու ապրել սովորեցրեց: Ես այնտեղ սովորեցի սիրել գիրքը:

Դպրոցում ինձ գիրքը չվնասել էին սովորեցնում, իսկ նա՝ խնամել:

Շատ տարիներ պիտի անցնեին, ու ես նոր միայն հասկանայի, որ ոչ մի դպրոցում էլ այնպես չէին սովորեցնի սիրել մյուսներին, ինչպես այնտեղ՝ այն պատուհանի մոտ դրված թախտ-դպրոցում:

Տատիկիս տունը մեծ էր, երկհարկանի, բայց նրան ու պապիս առաջին հարկում միայն մի փոքրիկ սենյակն էլ բավական էր: Հենց այնտեղ էին անցկացնում օրերը:

Երբ փոքր էի, գիշերները ոչ մի տեղ մնալ չէի կարողանում, միայն երբեմն վերցնում էի մի քանի հագուստ, բռնում պապիս ձեռքն ու գնում իրենց տուն:

Նրանց մեծ տնից ինձ էլ մեծ սենյակներ պետք չէին: Քնում էի նրանց սենյակում՝ բազմոցին, իսկ երբ շատ փոքր էի, ինձ համար այնտեղ օրորոց կար:

Տատս վերև գրեթե չէր բարձրանում: Երբեմն-երբեմն ձեռքիցս բռնած մի կերպ բարձրանում էր աստիճաններով, նստում էինք մեծ սենյակներից մեկում՝ բազմոցի վրա, ու նա ինձ համար իր հուշերի արկղիկն էր բացում: Տատս հիշողությունները գրապահարանում էր պահում: Դրանք գովասանագրեր էին, պատվոգրեր ու նամակներ, ծխախոտի յուրահատուկ տուփերի մի հավաքածու ու նման այլ իրեր: Այդքանն էր, եթե լավ եմ հիշում: Չէ, էլի մի բան կար՝ իմ ամենասիրելին: Երկու կիթառներ էին, որոնցով մանուկ հասակում ինձ ռոք երաժիշտ էի երևակայում:

Տարօրինա՞կ է: Ինչպես են մարդիկ իրենց կյանքը թղթապանակներում պահում: Ես էլ էի զարմանում: Իսկ տատիս համար այդ թղթերը, նամակներն ու լուսանկարները անցած կյանքը նորից ապրելու միջոց էին: Մի բուռ հիշողություն, որ ապրելու ուժ էր տալիս:

Բայց դա տարօրինակ չէր, չէ՜: Գիտե՞ք, երբ մարդուց միայն թղթեր ու կարոտ է մնում, դրանք, սրտից ու թղթապանակից բացի, ուրիշ տեղ պահել էլ չի լինում:

Որքան ինձ հիշում եմ, հիշում եմ տատիս այնտեղ՝ պատուհանի մոտ: Մտածում էի, որ ուղղակի չի ուզում անընդհատ ներս նայել, մանավանդ, երբ պապիկն էլ տանը չի լինում: Մտածում էի, թե մենակությունը կիսել է ուզում: Բայց դա հասկանալու համար էլ էին տարիներ պետք: Հասկանալու, որ դա ոչ այլ ինչ էր, քան սպասում: Անհույս, բայց սպասում:

Կարծում էի, թե ինչ-որ մեկին պիտի կորցնես, որ հետո զգաս նրա բացակայությունը: Քեռուս ես չեմ տեսել, որ կորցնեի ու հետո զգայի, որ նրա տեղն ազատ է մնացել: Չգիտեմ, թե ինչ զգացողություն է դա: Ինչ-որ բան կիսատ է, պակաս: Ես դա տատիս ու պապիս աչքերում էի տեսնում, այդ տանն ու ամենուր: Նույնիսկ այնտեղ՝ այն թղթերի ու գրքերի էջերում, կիթառի արձակած աններդաշնակ նոտաներում, երկհարկանի տան ամեն սենյակում, այն փոքր սենյակում, ուր նրանք էին, իմ ու նրանց կյանքում…