Diana Karapetyan

Մի փոքրիկ պատառիկ

Հարցազրույց մայրիկիս՝ Իրինա Կարապետյանի հետ: Սումգայիթյան ջարդերից հետո մայրիկիս ընտանիքը ստիպված էր հեռանալ Ադրբեջանից:

-Մամ, ո՞նց տեղեկացաք, որ պատերազմ  է լինելու:

-Դե, արդեն Սումգայիթ քաղաքում 1988-ի փետրվարի ջարդերից հետո ադրբեջանցիները շարունակում էին  հայերին կոտորել, այրում էին նրանց տները, ավիրում էին ամեն ինչ: Եվ լուրերը հասնում էին նաև մեզ մոտ` Խանլար, որտեղ մենք էինք ապրում:

-Քանի՞ տարեկան էիր այդ ժամանակ: 

-Ես այդ ժամանակ 12 տարեկան էի:

-Ո՞նց որոշեցիք, որ պետք է հեռանաք Խանլարից:

-Մամաս հասկացավ, որ թուրքերը միայն Սումգայիթով չեն բավարարվի, և պատերազմ է սկսվելու, որոշում կայացրեց, որ հեռանանք Խանլարից ու գանք Հայաստան:

-Ընտանիքի բոլո՞ր անդամներն էին համաձայն, որ հեռանաք Խանլարից:

-Համենայն դեպս, ես համաձայն չէի: Ես սիրում էի մեր քաղաքը և չէի ուզում այնտեղից հեռանալ: Մամաս ինձ ստիպելով է նստեցրել մեքենա:

-Ի՞նչ ես հիշում ձեր հեռանալու օրվանից:

-Հիշում եմ, որ արդեն իրերը հավաքել էինք և դնում էինք մեքենայի մեջ, որ արդեն պիտի գնանք: Ես շատ խաղալիքներ ունեի, բոլորը հավաքել, լցրել էի մի պայուսակի մեջ, որն ուզում էի դնել մեքենայի մեջ: Բայց, արդեն տեղ չլինելու պատճառով մայրս խաղալիքներով լի պայուսակս գցեց աղբամանը: Ես լաց էի լինում, բղավում էի, ուզում էի վերցնել իմ խաղալիքները: Հիշում եմ՝ մի մեծ տիկնիկ ունեի, անունը Մոնիկա էր, երբ մայրիկս այն գցեց աղբամանը, թուրք երեխաները միանգամից այն վերցրին և ինձ ցույց տալով գոռում էին. «Քո խաղալիքը, քո խաղալիքը»: Իսկ ես չէր սիրում, երբ ինչ-որ մեկը ձեռք էր տալիս իմ խաղալիքներին: Հիշում եմ, թե ինչպես էի մեքենայի միջից դառը հայացքով հետ նայում, ոնց էի նայում մեր տանը, մեր բակին, բակի իմ ծաղիկներին:

-Առաջին տպավորությունդ Հայաստանից:

-Չգիտեմ, ես չհավանեցի Հայաստանը (ծիծաղելով):

-Ինչո՞ւ: Ինչ-որ պատճա՞ռ կար:

-Դե ոչ, ուղղակի երբ մտանք Հայաստան, շուրջս ամայի ճանապարհներ էին: Ճանապարհին ոչ մի մրգի ծառ չկար, բայց Ադրբեջանում այդպես չէր, Ադրբեջանը առատ երկիր էր: Նամանավանդ, երբ մտանք Գեղարքունիք, այն ընդհանրապես չհավանեցի, որովհետև շատ քարքարոտ տեղ էր: Բայց Սևանա լիճը շատ հավանեցի:

-Արդյոք հիմա ուզո՞ւմ ես հետ գնալ:

-Ես միշտ ուզեցել եմ հետ վերադառնալ: Ամենից շատ իմ շանն էի կարոտում: Նրա անունը Կաշտանկա էր: Հիշում եմ, մեր շենքերից վերև արևածաղկի դաշտեր կային, միշտ երեխաների հետ գնում էի և այդ դաշտերից արևածաղիկ էի գողանում: Ես հեռվից բարձր կանչում էի՝ Կաշտա՜ն, Կաշտա՜ն… Նա ինձ լսում էր և միշտ գալիս էր ինձ մոտ: Հետո մրցում էի Կաշտանի հետ, թե ով ավելի շուտ կհասնի տուն: Գիտե՞ս, մեկ էլ հիշում եմ, որ մեր հարևանի այգու ծիրանի ծառի ճյուղերը ցանկապատով անցնում էին մեր այգի, և ես մեր ծիրանները թողած, հարևանի այգու ծիրաններն էի քաղում: Շատ լավ ժամանակներ էին, հիմա կուզեմ գնալ ու մեր տունը տեսնել, մեր դպրոցը, իմ բակը, իմ ընկերներին:

Ես ուզում էի շարունակել իրեն հարցեր տալ, բայց նկատեցի, թե ինչպես մայրիկիս աչքերը արցունքով պատվեցին: Նրա համար դժվար էր հիշել այդ օրերը: Չէ՞ որ իր մանկության ամենավառ օրերը նա ապրել է այնտեղ, բայց մի օրվա ընթացքում կորցրել է ամեն ինչ՝ իր տունը, իր հավատարիմ ընկերոջը՝ Կաշտանկային: Յուրաքանչյուր երեխայի համար դա շատ դժվար է: Չէ՞ որ ծննդավայրից լավ տեղ չկա, կապ չունի, թե որտեղ ես ծնվել, մեկ է, քո ծննդավայրը միշտ ձգելու է քեզ:

lia avagyan portret

Կյանք ու կռիվ

Երեկ դարակս բացեցի, որպեսզի տետր վերցնեմ, ու գիտե՞ք ինչ գտա: Գտա լիքը փամփուշտներ: Երևի մի քանի ամիս չէի տեսել ու անգամ մոռացել էի դրանց մասին: Փամփուշտները տուփի մեջ «խնամքով» հավաքել էի: Արդեն մի քանի տարի է` հավաքում եմ: Երբ ես փոքր էի, ու երբ  կրակում էին, միշտ մտածում էի, թե երբ է լուսանալու, որպեսզի դադարեցնեն ռմբակոծությունը: Ու ոչ թե նրա համար, որ վախենում էի, այլ այն պատճառով, որ ուզում էի գնալ ու հավաքել փամփուշտների բեկորները կամ, շատ դեպքերում, հենց փամփուշտները, որովհետև շատերն ուղղակի չէին պայթում: Հավաքում էի սառնասրտությամբ, առանց վախենալու, թե կարող է պայթել ձեռքումս: Երևի մտածում եք, թե ինչիս էր պետք կամ ինչ էի անելու դրանք: 

Երբ հակառակորդը  կրակում է, և դու ամբողջ գիշեր ստիպված ես լինում պատսպարվել նկուղում, ու ամեն պահի կյանքդ վտանգի տակ է, քո մեջ զայրույթ ու ատելություն է առաջանում թշնամուդ նկատմամբ: Ու չէի համբերում, թե լույսը երբ է բացվելու, որ փափուշտները հավաքեմ: Ու գիտե՞ք այդ փամփուշտներով ինչ էի անելու: Ճիշտ է, դժվար է կռահելը:  Ես այդ փամփուշտները հավաքում էի, որպեսզի նորից հետ կրակեմ, որ նույն բանը զգա թշնամին, ինչ ես էի զգում ամբողջ գիշեր նկուղում ստիպված փակված:

Հետո, երբ արդեն սկսեցի հասուն մարդու պես մտածել, հասկացա, որ դա հնարավոր չի, հնարավոր չի փամփուշտները հետ կրակել: Բայց գիտե՞ք, մինչեւ հիմա հավաքում եմ: Կարծես «ավանդույթ» է դարձել:

Մի քանի ամիս առաջ Ներքինկարմիրաղբյուրցի համագյուղացիս վիրավորվել էր ДШК-ի բեկորից: Նա ուղղակի իր խոտի դեզի ավելորդ մասը հավաքել էր մի տեղ  և ուզում էր վառել: Բայց վառելու պահին դեզի տակ չպայթած փամփուշտ կար, որը այդ ջերմությունից պայթել էր: Առավոտյան, երբ իմացա այդ լուրը, ինձ վատ զգացի, որովհետև մտածում էի, որ «առաքելությունս» լավ չեմ կատարել, մինչև վերջ չեմ հավաքել փամփուշտները:

Ու արդեն երեկոյան, երբ դասերս էի սովորում, եղբայրս եկավ մի չպայթած փամփուշտ ձեռքին, ասաց թե մեր հավաբնի միջից է գտել: Հիշեցի առավոտյան տեսած տուփի մասին ու, վերցնելով եղբորս ձեռքից, զգույշ տարա ու տեղավորեցի տուփիս մեջ  (զգույշ, որովհերև եթե ընկներ, կարող էր և պայթել), որպեսզի դա հետ ուղարկեմ իր իսկական հասցեով:

Խաղողագործությունը Վերին Արտաշատում

Դե, ինչպես բոլոր վերինարտաշատցիները, այդպես էլ իմ ընտանիքը սկսել է խաղողաքաղը:

Բոլորին հայտնի է որ ՀՀ  մարզերից  խաղողագործությունը լավ զարգացած ճյուղ է համարվում  միայն Արարատի մարզում: Իսկ խաղողագործությամբ զբաղվող գլխավոր տարածքը  Վերին Արտաշատ գյուղն է: Այս գյուղում մարդկանց մեծամասնությունն ունի սեփական հողատարածք ՝սկսած 1000մ 2 –ուց մինչև անգամ 10000մ2: Ինչպես երևաց հողատարածքների մեծությունից, այստեղ լայն տարածում ունի գյուղատնտեսության այս ճյուղը: Սեպտեմբերի 10-ից սկսած մարդիկ արդեն շտապում  են իրենց բերքը քաղել և պահել  սառնարաններում:

Լուսանկարը` Վարդուհի Վարդանյանի

Լուսանկարը` Վարդուհի Վարդանյանի

Ոմանք ավելի շուտ են սկսում իրենց բերքահավաքը՝  եղանակից ելնելով: Դե քանի որ այս ամսվա ընթացքում շատ են տեղումները, և քանի դեռ եղանակը արևային է՝ մարդիկ սկսում են իրենց քրտնաջան աշխատանքը: Իսկ թե ինչն է տքնաջան աշխատանքի պատճառը, արդեն ձմռանն ենք հասկանում: Ձմռանը` դեկտեմբեր, հունվար ամիսներին մարդիկ սկսում են իրենց խաղողի վաճառքը: Ոմանք վաճառում են օտարերկրացիներին ( մեր դեպքում նրանք վրացիներն են), իսկ ոմանք էլ իրենց բերքը վաճառում են շուկաներում:

Դե, վերինարտաշատցու գործն էլ գործ չի։ Ամբողջ տարին աշխատում ես և միայն տարվա վերջում աշխատանքիդ արդյունքը ստանում:

karine nahapetyan

Եթե ես լինեի…

Եթե ես լինեի… Կարծես սա հեքիաթից պոկված ու մեզ մոտ հատուկ նպատակով եկած բառեր լինեն, որոնք անընդհատ մեզ վրա ծիծաղում են ու հիշեցնում ` դու արդեն այն ես, ինչ որ կաս…

Կան դեպքեր, երբ ես շրջվում եմ, ինձ վրա ծիծաղողին լեզու եմ ցույց տալիս, բայց էս տողերը ինձ նորից ու նորից խեղճացնում են.

Ու երբ հանկարծ
Թողնում ես ինձ ու հեռանում `
Լքված տան պես ճաք եմ տալիս…

Եթե Սևակը իմանար, թե ինչ տողեր է գրել, կարող էր էլ ոչիչն չգրել: Էս տողերը մենք կգրեինք մեր նոթատետրի առաջին էջում և ամեն անգամ, երբ օդանավակայում կամ գնացքի կայարանում տեսնեինք «ներքին երկրաշարժի» հետևանքով «լքված ու ճաք տված տներ», կբացեինք էդ տողերը, կկարդայինք ու կդառնայինք «հոգու վերանորոգիչներ»:
Գիտես, ընթերցող, ամեն անգամ որևէ մեկին դիմավորելիս կամ ճանապարհելիս, ես ոնց որ թվերի առանցքի «զերոն» լինեմ, իսկ դեպի որ կողմը կձգվեմ` դրական թե բացասական, կապված է նրանից. դիմավորո՞ւմ եմ մարդուն, թե՞ ճանապարհում:
Այ, էս պահին ես ուզում եմ լինել էդ մղիչ ուժը և տանել ինձ դեպի դրական կողմը: Անհնարին բան եմ ուզում, չէ՞:
Ամեն անգամ քայլում եմ իմ տխուր քաղաքով, տեսնում եմ մարդկանց հոգսաշատ դեմքերը, անտարբեր հայացքները, ու կարծես բոլորը խունացած լինեն: Էդ պահին ուզում եմ ծիածան լինել ու բոլորին մի բուռ գույն տալ` թեկուզ սպառվելով, բայց հավատացեք, որ այդ հսկայական ծիածանի գույները, միևնույն է, չեն բավարի…

Կամ էլ կանգնած եմ կանգառում, ականջակալներումս հնչում է ամենասիրածս երգի ամենսիրածս պահը, ու ես էդ վայելքը մոռանում եմ, որովհետև հայացքս սևեռվում է կանգառում նստած տատիկի վրա, որը չորացած կանաչի, սերմեր ու համեմունքներ է վաճառում: Այ, էդ պահին ուզում եմ 10 000 դրամ ունեցողը լինեմ, որ գնեմ նրա ամբողջը ապրանքը, նրան տուն ճանապարհեմ:

Այ, վերջերս մեր անկախությունն էինք նշում, ինձ նման շատերը կային, որ վստահություն չունեին ասելու, որ ապրում են ազատ ու անկախ երկրում ……ըհը, գուշակեցիր….ես ուզում եմ լինել այդ վստահությունը:

Տես, ինչ անհավանական բաներ եմ ուզում ու դեռևս նեղանում եմ, երբ հեքիաթից «եթե ես լինեի» արտահայտությունը ծիծաղում է ինձ վրա:

arman arshak-shahbazyan

Դատարկ աթոռները

Դե, արդեն գրեթե բոլորը գիտեն Աբովյանի գիժ քամու մասին, բայց քչերը գիտեն, որ մեր թաղամասում գրեթե ամեն անգամ գերգիժ քամիների ժամանակ հոսանքը կտրում են: Հա, հա, արդեն տեսակների ենք բաժանել քամին՝ հանգիստ քամի, ուժեղ քամի կամ նույն ինքը` «բուլուլիճ», այդպես էր ասում տատս, գիժ քամին և ինչպես նշեցի քիչ առաջ, գերգիժ, որի ընթացքում մեր թաղամասի լույսերն են կտրում:

Հերթական ամառային երեկոն էր ու հերթական քամոտ օրը, սակայն ո՞վ կմտածեր, որ միանգամից կսկսվի գերգիժ քամին, իսկ լույսերն էլ կկտրեն էլի: Ու ինչպես ամեն անգամ, լույս կտրելուն հաջորդեց իմ` «Օ՜ֆ, գոնե վայֆայը լույսով չլիներ» արտահայտությունը: Երևի բոլորն էլ այդպես են անում, երբ լույսերը անջատվում են. քնում են սովորական ժամից չափազանց շուտ, քնում այն հույսով, որ առավոտյան արդեն էլեկտրականություն կլինի, իսկ երբ արթնանում ու տեսնում են չկա, սկսում են հաճախակի ժամացույցին նայել: Եվ այդպես սպասելով դարձավ ժամը 12:00-ը, իսկ ես արդեն 20 ժամ է, ինչ ֆեյսբուք չէի մտել: Հասկացա, որ պետք է մի լուծում գտնել: Միակ լուծումը հետևյալն էր՝ գնալ մորեղբորս տուն, և այդպես էլ արեցի:

Պատկերացրեք` իչքան նամակներ ու ինչքան ծանուցումներ կային, բայց այդ բոլորից առանձնացավ մի նամակ, հետևյալ բովանդակությամբ՝ «Արմ ջան, ուզում եմ երիտասարդական շարժում ստեղծել, բարեգործական գործառույթ իրականացնելու համար, կուզենամ դու լինես այդ խմբում»: Առանց որևէ վայրկյան մտածելու համաձայնեցի, հասկանալով, որ հրաշալի հնարավորություն է ընձեռվում կատարել վաղուց ցանկացած ու պլանավորած շատ ծրագրեր: Երեկոյան արդեն պատրաստ էր խումբը, իսկ շարժման անվանումն էր՝ «Միասնական բռունցք», և ունեինք առաջին ու հստակ առաջադրանքը. ներկայացնել մեկ նախագիծ, որը հնարավոր լինի իրականացնել երիտասարդական շարժման շրջանակներում: Մտածելու կարիք անգամ չկար: Անմիջապես գրեցի երկու նախագիծ՝ բարեգործական կինոդիտում և համագործակցություն դպրոցների հետ` օգնության արկղիկի տեսքով: Ի զարմանս ինձ, բոլորը համաձայնեցին: Անցավ 7 ամիս, սակայն ոչ մի աշխատանք չկար արված: Եվ կրկին ստանում եմ նամակ, որ երիտասարդական շարժման ղեկը ես եմ ստանձնում, բնականաբար պատասխանատվության զգացում կար. 7 ամիս ոչինչ չանելուց հետո ղեկը ստանում եմ ես, ու պետք է առաջին քայլերը անել, իսկ ես մեկ օր անգամ չկորցնելով հավաքում եմ ողջ խմբին, վիրտուալ գրում ու նախագծում ողջ ծրագիրը, կատարում աշխատանքի բաշխում և անցնում գործի: Գիտակցելով, որ դու մի երիտասարդական շարժման ղեկավար ես, որտեղ տարիքով ամենափոքրն ես, մեկ շաբաթ շարունակ ստանալով զանգեր տարբեր կազմակերպություններից տարածքի համար, հասկանում ես, որ լիարժեք քաղաքացի ես:

Եվ արդեն ունեինք հստակ որոշված օր, ժամ, տեղ, ֆիլմ: Մնում էր տարածել հայտարարությունը, ինչպես միշտ, օգնության հասավ ֆեյսբուքը, տարածվեց հայտարարությունը կինոդիտման մասին:

Վերջապես եկավ այդ բաղձալի օրը՝ 2016 թվական մարտի 12, «Միասնական բռունցքը» պատրաստ էր դիտմանը: Ինձ բնորոշ բնավորության համաձայն, 2 ժամ շուտ էի կանչել բոլորին: Այդ օրը մինչ ֆիլմի դիտումը եռուզեռ էր տիրում տուրիզմի հայկական ինստիտուտում: Այո, այո, այնտեղ էր կայանալու մեր բարեգործական կինոդիտումը: Եվ վերջապես եկավ այն ժամը ,որ պետք է գար հանդիսատեսը, սակայն դահլիճում տեղ գտան միայն մեր թիմի անդամները, իսկ հյուրերի համար տեղերը այդպես էլ դատարկ մնացին:
Տխրել էինք, բայց դասեր քաղեցինք. երբեք, ոչ մի դատարկ աթոռ, ոչ մի չստացված նախագիծ չպիտի պատճառ հանդիսանա կանգ առնելու: Քայլիր առաջ, հետ մի նայիր անցյալի դատարկ աթոռներին:

Հ.Գ. Հոդվածս գրում եմ մոմի լույսի տակ: Հա, հա. քիչ առաջ գերգիժ քամի էր…

harutyun hayrapetyan portret 2

Էլ ինչպե՞ս խաղանք

Ժամանակ, ի՞նչ է այն։ Անընդհատ անցնող ակնթարթների շարան, որոնք դու կարող ես ճիշտ օգտագործել, կամ էլ ուղղակի վատնել անիմաստ բաների վրա։ Այն երբեք ոչ ոքի չի սպասում, երբեք ոչ ոք չի զիջում, կարող է ուղղակի նվիրել պահեր, որոնք հավերժ կհիշվեն։

Կհիշվեն ողջ կյանքում, և մի տեսակ երազկոտ հայացքով կսպասես նրանց վերադարձին, բայց ափսոս…

Կարծես երեկ էր, մանկահասակ վազում էի քրոջս հետ ձների, ցեխերի միջով, իրար հետ խաղում, թավալվում ձների մեջ, թրջվում, մրսում ու հիվանդանում, բայց միևնույն է, շարունակում էի խաղալ: Կարծես հոգիս ազատություն էր ստանում, թռչում, թռչում անհուն երկնքում։ Թռչում հեռու, հեռու….

Բայց անցավ ժամանակը մեր, էլ ինչպե՞ս խաղանք՝ ինչպե՞ս թրջվենք…

Եկա դպրոց։ Մի տեսակ անծանոթ միջավայր, որին շատ շուտ մերվեցի։ Ընկերացա համադասարանցիներիս հետ, կապվեցի նրանց հետ։ Նրանք դարձան իմ ամենալավ ընկերները։

Իսկ հիմա եկել է պահը բաժանման։ 11 տարի իրար հետ սովորելուց հետո մեր ուղիները բաժանվում են։

Անցավ ժամանակը մեր ուրախ մանկության, էլ ինչպե՞ս խաղանք, ինչպե՞ս թրջվենք…

Մեծացել ենք արդեն, դրա ժամանակը էլ չկա։

Ո՞ւր կորար իմ ուրախ մանկություն։

Իմ ջերմագին հուշեր մանկական,
Անցան օրերն ու մնաց անխափան՝
Իմ անհոգ և ուրախ հուշերը մանկության։
Փակեցի աչքերս՝ մեծացավ հոգիս
Սիրածս շորը էլ չեղավ հագիս։

Anna Andreasyan

The 100

Ես սովորություն ունեմ մի բանով տարվելու: Տարվելը մեղմ է ասված: Հիմնականում այդ ինչ-որ բաները լինում են կա´մ ֆիլմեր, կա՛մ գրքեր՝ իրենց հերոսներվ հանդերձ: Ու վերջ, սկսվեց պաշտամունքի երկարատև ու տանջալից շրջանը: Եվ այն վերջանում է միայն այն ժամանակ, երբ հայտնվում է մի նոր պաշտամունքի առարկա: Ստացվում է՝ ես երբեք առանց իդեալի չեմ մնում:

Հիմա բոլորը կասեն, թե իրենց հետ էլ է այդպես: Բայց՝ չէ: Ես չափազանց խորն եմ տարվում:

Մի օրինակ բերեմ: Ես ու քույրս սկսեցինք միասին նայել մի ամերիկյան սերիալ: Երկուսս էլ շատ սիրեցինք այն: Ուրախանում էինք նույն չափով, տառապում՝ նույն ուժգնությամբ: Թվում էր՝ մենք հավասար չափով էինք սիրում հերոսներին, առհասարակ ֆիլմը: Նույնիսկ ինձ էր սկսել այդպես թվալ:

Բայց երբ սերիալի հերթական եթերաշրջանը ավարտվեց, և մենք պետք է սպասեինք հաջորդին, որը սկսվելու էր մեկ տարի հետո՝ քույրս շատ արագ մոռացավ այն, իսկ ես՝ ոչ: Ընդհակառակը, էլ ավելի էի կապվում սերիալին, տարվում նրանով: Հետևում էի սերիալի մասին բոլոր նորություններին: Ես ապրում էի դրանով:

Ֆիլմի նոր մասերը դուրս էին գալիս ամեն ուրբաթ: Այսպիսով, ինձ համար շաբաթվա մյուս օրերը գոյություն չունեին: Դրանք լոկ խոչընդոտ էին, որ ինձ բաժանում էրն բաղձալի ուրբաթից: Ու հենց նայում էի սերիան, նորից անհամբերությամբ սպասում էի հաջորդին: Եվ հաշվի չէի առնում, որ բացի ուրբաթից էլի օրեր կան:

Իմ բոլոր ծանոթները, ովքեր նույնիսկ չէին էլ նայել, ատում էին այն: Հիմա ասեմ՝ ինչու: Ես այնքան էի նրանց մոտ խոսում սերիալիցս, պատմում, պատմում ու էլի պատմում, որ նրանց հոգնեցնում էի: Իսկ իմ պատմելու և խոսելու նյութը անսպառ էր: Ես խոսում էի դրանից այնքան, մինչև դիմացինս հոգնում էր և էլ չէր լսում:

Եթե իմանային, թե ես ինձ ինչքան բավարարված ու լավ էի զգում այն պատմելուց՝ երևի հավերժ լսեին ինձ: Խոստովանում եմ ձեզ, հասկանում եմ, որ այդպես չի կարելի, բայց չգիտեմ` ինչպես վարվել:

Հ.Գ. Մոռացա սերիալի վերնագիրը ասել «The 100»:

karen

Պարտությունների դասերը

Երբ ես փոքր էի, մտածում էի, որ պետք է մեծանամ և շոկոլադի իմ գործարանը ունենամ, բայց այդ երազանքիս հավատարիմ երկար չմնացի: Որոշ ժամանակ անց ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել սպորտով, քան տարվել շոկոլադի գործարանով: Չեմ հիշում` ե՞ս համոզեցի ծնողներիս, թե ծնողներս համոզեցին ինձ, բայց 5 տարեկանում արդեն Վայքի կարատեի խմբի անդամ էի: 

Կարատե մարզաձևում կարևորը գոտիներն են, իսկ դրանք շատ են: Դրանցից ամենացածրը սպիտակն է, իսկ ամենաբարձրը` սևը: Հիմա մուգ դարչնագույն գոտու տեր եմ,  որը սևից ցածր  է մեկ աստիճանով: Գոտիները ստանում են քննություններ հանձնելով, բացի այդ էլ կարատեում անց են կացվում  տարբեր  մրցումներ:  Մասնակցել եմ 3 տասնյակից ավելի մրցումների, ունեմ 3 գավաթ, 10 մեդալ և 20-ից ավելի հավաստագրեր և շնորհակալագրեր:

Ես հիմա ուզում եմ պատմել իմ առաջին հաջողության և դրան նախորդող անհաջողությունների մասին: Առաջին 9 մրցումներս ինձ համար անհաջող են եղել:  Այդ ժամանակ իմ մեծագույն երազանքը դարձավ մրցանակային երեք տեղերից գոնե մեկը գրավելը: Չնայած 9 մրցում տանուլ էի տվել, բայց հավատում էի, որ մի օր մրցումներից հետո գլուխս կախ չեմ մտնի տուն (չնայած ծնողներս միշտ էլ ինձ համարում էին հաղթած):

10-րդ մրցումը հաջողված էր, որովհետև ես այդ ժամանակ գրավեցի 2-րդ տեղը: Կարծես թե երազանքս կատարվում էր: Այդ մրցաշարը, որին ես ունեցա հաջողություն, Երևանում էր կայանում: Լավ հիշում եմ, թե ինչ էր տեղի ունենում: Վստահ էի, որ տանը անհամբեր սպասում են և անհանգստանում, ինչպես նախորդ անգամները: Ես նաև գիտեի, որ հանդերձարանում դրված հեռախոսս բազմաթիվ զանգեր ընդունած կլինի, բայց միևնույնն է, փորձում էի կենտրոնանալ մրցման վրա:   Այդ ժամանակ ես մենամարտեցի 4 հոգու հետ: Կիսաեզրափակիչում մենամարտեցի այն տղայի հետ, ով նախորդ մրցումներում հաղթել էր ինձ: Նա ինձ թերագնահատեց և համեմատաբար թույլ խաղ ցույց տվեց , ու երևի դա եղավ պատճառը, որ ես կարողացա հաղթել նրան: Եզրափակիչում ես կրկնեցի նույն սխալը, ինչ մրցակիցս էր գործի դրել կիսաեզրափակչում: Ես մենամարտում էի մի տղայի հետ  ով դրա նախորդ մրցաշարում պարտվել էր ինձ: Երբ սկսվեց մենամարտը, ես շատ ուրախ էի, որովհետև նախորդ մրցաշարում հաղթել էի իրեն  և փոքր ինչ ինձանից թույլ էի համարում:  Դրա համար առաջին  իսկ րոպեում պարտվում էի նրան 2-0 հաշվով: Հետո ես կատարեցի երկու միավորանոց հարված և հաշիվը հավասարեցրի: Այնուամենայնիվ, ես չկարողացա հետո գերազանցել հաշվով:

Ահա իմ առաջին մեդալի պատմությունը: Տանն արդեն սկսվել էին իմ առաջին մեդալի շնորհավորանքները, բայց ես այդ օրվանից ավելի մեծ բան եմ սովորել:

Սովորել եմ, որ չպետք է թերագնահատել ոչ ոքի: Այս դասը միշտ ինձ հետ կլինի:

emanina

Կյանքը` վերքոտ ծնկների ցավ

Երբ մանուկ էի, մտածում էի, որ կյանքը արդեն դասավորված մի ծրագրերի գիծ է, որ ինչ էլ անես, մեկ է, կանցնես քո ուղին, ամեն ինչ հարթ կլինի, կմեծանաս, աշխատանք կունենաս, և վերջ: Ու այդպես բոլոր մարդկանց կյանքերը նույն ծրագրով պլանավորված են, և միայն սպասում են մարդկանց իրենց ապրելուն: Բոլոր այդ կյանքերը ունեն հետաքրքիր ընթացք և երջանիկ ավարտ: 

Կվազես քամու հետ հավասար, քեզ կորցնելով, և առանց վախի: Անգամ երբ կընկնես և կվնասես ծնկներդ, միշտ մայրիկդ կողքիդ կգտնվի և կտա քեզ դեղը` ծնկներիդ վերքերի դեմ:

Սակայն փոքր ժամանակ ինձ իրոք միայն ու միայն հուզում էին ծնկներիս վերքերը, և մայրիկի համբույրները, որպեսզի ցավն անցնի: Հետագայում մեծանալով ես հասկացա, որ կյանքը միշտ չէ, որ դասավորված է հեշտ, գեղեցիկ և ուրախ ավարտով: Որոշ Ժամանակ այն «վերքոտ ծնկներ» են` առանց համբույրների: Դժվար անցանելի ճանապարհներ: Ցեխոտ ոտքեր` մաշված կոշիկների մեջ: Անքուն գլուխներ: Կոտրված սրտեր առանց բացատրությունների: Այդ հին և շատ ծանոթ փայտե դուռն է` փոխված կողպեքով և քո անհամապատասխան բանալիով:

Ճիշտ է, կան անհոգ ապրողներ, որոնց համար կյանքը ուղղակի թեթև քայլվածք է բեմի վրա, բայց և կան երեխաներ, որոնք դեռ մանկություն չունենալով, ծանր աշխատանքներ են կատարում: Մարդիկ, ովքեր օրվա հացի գումար վաստակելուց հետո անգամ ուժ չեն ունենում այդ  վաստակած հացն ուտելու:

Կյանքը իրականում շատ դժվար է: Ավելի ճիշտ ամենադժվար բանն է: Իսկ դու դրա հենց գլխավոր հերոսն ես, ով պետք է պատվով անցնի այդ ամեն փորձությունների միջով և վերջում հաղթական դրոշակը թափահարի:

Երևի հենց ցավը և տխրությունն են կյանքը դարձնում իրական: Իրական, այլ ոչ թե երևակայական մի երազ: Չէ՞ որ երազներից արթնանալու համար մենք միշտ կսմթում ենք մեզ: Երևի…

Հենց «երևին» է, որ ստիպում է շարունակել հուսալ: Կյանքը միշտ չէ, որ գեղեցիկ է լինում, ինչպես գովազդների գեղեցիկ և երջանիկ դեմքերը, ես դա արդեն հասկանում եմ:

Diana Grigoryan

Առանց «անտեր» Հայաստանի

«Կընդունվեմ համալսարան ու կգնամ էս անտեր երկրից»: Քանի ու քանի անգամ եմ լսել ու մտածել իմ անտեր երկրից գնալու մասին: Չէ՛, չեմ գնա: Կամ էլ կգնամ, բայց մի օր կվերադառնամ իմ անտեր երկրում ապրելու…

Չնայած նրան, որ տեր ունի ու անունն էլ ժողովուրդ է, ասում ենք անտեր: Անտեր է , որովհետև ժողովուրդս մաս առ մաս գնում է երկրից ու մի քանի տարի հետո օդանավակայաններս կդատարկվեն… Տերերը գնում են՝ իրենց տիրակալ լինելը մոռանալու պատճառով: Մոռացել են, որովհետև լեզուները ժայռերի նման քարացել են, իսկ ձեռքերն արդեն վաղուց սովորել են հրաման կատարելուն: Ունենք-չունենք` 29,8 հազար կիլոմետր քառակուսի տարածք ունենք ու այստեղից էլ, որ հեռանանք, էլ ինչո՞ւ ենք հայ կոչվում:

Հայը, որ գնա, էլ ո՞վ է թոնրում լավաշ թխելու, այգում ծառ տնկելու, Արարատ բարձրանալու մասին երազելու ու Հայաստանից բողոքելու: Հայաստանում ենք ապրում, դրա համար էլ բողոքում ենք, ու անունը տալիս` մեր ծնկները չեն ծալվում: Հայաստանում ենք ապրում, դրա համար էլ գնում ենք, որ հեռվից սիրենք ու կարոտենք մեր երկիրը:

Մի օր Հայաստան ասելիս ձեռքերս կդողան: Մի օր հայը կհասկանա, որ չի կարող առանց Հայաստանի: Չի կարող այնպես,ինչպես ես չեմ կարող առանց Երևանի մայրամուտի, Արարատի գագաթների, Գյումրու հարյուրամյա տների, Դիլիջանի ծառերի, Սևանի կապույտի ու Վանաձորի անձրևների:
Չեմ գնալու, որովհետև չեմ կարող առանց իմ տերերով լցված անտեր Հայաստանի: