Mariam barseghyan

Ուզում եմ միշտ ընտրություններ լինեն

Ուզում եմ, որ քաղաքս` Վանաձորը,  ինչպես հիմա, թնդա լիությունից, որ միշտ երգի, պարի: 

Տարօրինակ է, բայց ուզում եմ կարգին ավտոբուսով դասի գնալ ու երջանիկ կլինեմ, որ այնքան մարդ նստած լինի, որ էլի կանգնած գնամ:

Ուզում եմ Դիմաց թաղամասիս այգին միշտ մաքուր լինի, ուզում եմ Արցախ պուրակումս կարգին հատակ լինի ու վաղուց իր դարը ապրած ճոճանակ չլինի:
Ուզում եմ տուն գալուց խաչմերուկում կանգնած Ռուսաստան տանող ավտոբուս չլինի, որ Վանաձորս իր հետևից չդատարկի:
Ուզում եմ Քիմգործարանիցս նորից սկսի ծուխ դուրս գալ:
Ուզում եմ ամեն քայլափոխի ուսապարկը ուսերին Վանաձորովս հիացող զբոսաշրջիկ տեսնեմ: Ուզում եմ քաղաքս իմ հետ ապրի, զարգանա ու առաջ նայի:

Ուզում եմ քաղաքս «Լուսավոր» լինի, «Բարգավաճ» լինի, ուզում եմ, որ քաղաքս «Նոր էջ» սկսի ու նոր գիրք գրի, հին գրքի երկրորդ հատորը:

Ու գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի, որ հոկտեմբերի 2-ը մեր կյանքը կփոխի, որովհետև մենք ի սրտե ուզում ենք, որովհետև Վանաձորը դրան արժանի է:

Մնում է միայն սպասել…

Հեշթեգ՝ Դբա Ռոքը

Ցուրտ Վանաձորին ինչ-որ ջերմություն էր պակասում: Այդ ջերմությունը եկավ սեպտեմբերի 25-ին տաք մարդկանց հետ՝ նույն ավտոբուսով: Ու քանի որ սպասվող իրադարձությունից Վանաձորում քիչ է լինում, ամեն մեկն իր շրջապատին վերցրեց ու եկավ համերգատեղ. դրա շնորհիվ էլ շատերս տեսնվեցինք մեր կորած ընկերների հետ ու մինչ համերգը կսկսեր, մի լավ կարոտներս առանք: 

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Առաջին շարքում էինք կանգնած ու էն, ինչ մենք ենք տեսել ու զգացել, չենք մոռանա: Մեջս տպավորվել է Վանի դեպի ձախ՝ մեր կողմ նայելը, Անդրեի՝ աչքերը փակ երգելը, Ալբերտի՝ գժական ելույթը, «Լուսնելույսի» էներգիան ու Մհերի՝  «Քո աչքերը»:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Առաջին անգամ զգացի  «հոգևոր սնունդ» ասվածի իմաստը, զգացի հոգուս վրա՝ ամենանուրբ ձևով: Ու գիտեմ՝ մի քանի օր տանը, դասերին, պարապմունքներին ու քաղաքում քայլելիս քթիս տակ «Նեմրա» եմ երգելու ու համերգ չեկողներին ասելու եմ, թե իրենք ինչ չեն գտել:

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Լուսանկարը` Դիանա Գրիգորյանի

Sargis Melkonyan

Ինչն ում համար է

Երեկ, ինչպես միշտ, եկա դպրոցից տուն։ Ճաշեցի ու սկսեցի դասերս անել։ Բնականաբար դասերս անելուց առաջ անցա 17-ի էջերով ու կարդացի հոդվածներ, այդ թվում նաև իմը։ Յուրաքանչյուր հոդված կարդալով ինքս համեմատում եմ, թե ես, օրինակ, ինչպես եմ վերաբերվում տվյալ խնդրին կամ երևույթին։ Դրա համար էլ երբեմն հակասություն է առաջանում իմ և հոդվածագրի տեսակետների միջև, որն էլ բանավեճի առիթ է։ Իսկ հիմա, եթե թույլ կտաք, անցնեմ բուն նյութիս։

Հոդվածս, որը էկրանի մյուս ծայրից գուցե չուզենալով կարդում եք դուք, իրականում ծնվեց հենց մեր ցանցի անդամ Հայարփի Բաղդասարյանի նյութը կարդալուց հետո (եթե չեք կարդացել, անպայման կարդացեք

Նախ, ես համաձայն չեմ Հայարփիի տեսակետի հետ, թե Հանրային հեռուստաընկերությունը չպետք է եթեր հեռարձակեր «Ամենակարող երգիչ» նախագիծը։ Վստահ եմ, որ որոշ հեռուստադիտողների, որոնք մեր երկրում այնքան էլ քիչ չեն, կհետաքրքրեն նման նախագծերը։ Իսկ ո՞վ է ասել, որ Հանրայինը պիտի եթեր հեռարձակի միայն ազգայինը։ Ինչքանով որ տեղյակ եմ, Հանրային հեռուստաընկերությունը պետք է բավարարի բոլոր հեռուստադիտողների պահանջները։ Օրինակ, եթե դու չես կողմնորոշվում, թե որ սննդամթերքն է որակյալ, կարող ես դիտել «Համի որակ» հաղորդումը, եթե հետաքրքրված ես նորություններով, դիտիր լուրերը։ Իսկ եթե մեզ նման պատանի լրագրող ես, ուշադրություն․ հատուկ առաջարկ,  դիտիր «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդումը։ Չէ, չէ, սխալ հասկացաք։ Ես ամենևին էլ չեմ գովազդում Հանրային հեռուստաընկերությունը, ուղղակի ուզում եմ ասել, որ Հանրայինը եթեր է հեռարձակում այնպիսի հաղորդումներ, որոնք պետք է բավարարեն ցանկացած հեռուստադիտողի պահանջը։

Հ.Գ.  «Ամենակարող երգիչ» նախագծի նպատակը նոր անուններ հայտնաբերելն է։ Հայտնաբերել մարդկանց, ովքեր տաղանդավոր են, սակայն ինչ-ինչ պատճառներով շոու-բիզնեսում լինելու փոխարեն հայտնվել են ռեստորաններում։

karine nahapetyan

Կարծրատիպեր կոտրողը

Գրքե՞ր: Այո, գրքեր: Անկյունում սիրուն մեծից փոքր շարած գրքեր, որոնք միշտ դասը սովորած աշակերտի պես ձեռք են բարձրացնում ու, տեսնելով, որ իրենց վրա ուշադրություն չեմ դարձնում, բղավում են` բա մեզ, մեզ, մեզ ե՞րբ ես կարդալու: Ես էլ մեղմ պատասխանում եմ` վայ, դե սպասեք, էս մեկն էլ ավարտեմ, կհասնեմ ձեզ…

Ու միշտ այսպես է. տանդ եղած գրքերը հերթի մեջ չեն կամ էլ հերթի վերջում են: Ախր, գրադարանի գրքերը ավելի են ձգում, թեկուզ միայն իրենց բուրմունքի պատճառով: Ինչևէ:

Ապրիլ ամիսն էր: Եվ ես կհանդգնեմ ասել, որ այժմ, երբ ասում են «ապրիլ», մեր մտքով առաջին հերթին անցնում է քառօրյա պատերազմը: Ու այդ օրերին, ականատես լինելով թե ներքին, թե արտաքին անարդարություններին, «Գրքամոլ» ֆեյսբուքյան էջում աչքովս ընկավ գրքից մի մեջբերում. «Երևի մարդու լավագույն մասը նրա երազանքներն են…»։ Ու այդ պահին նայեցի երկնքին ու տեսա, որ օդից կախված են հազարավոր երազանքներ, որոնք իրոք, լավագույնն էին տղերքի համար: Երազանքները տարբեր էին` մեկը կապված էր ահապով կյանքի, մյուսը` սիրո, էն մեկը լավ մասնագետ դառնալու հետ: Իսկ ամենաշատը ապրելու երազանքն էր, որը էնքան շատ էր, որ եկավ կանգնեց դիմացս ու ասաց` ես արդեն օդում կախված եմ, իսկ դու կանգնած ես ամուր գետնի վրա: Լսո՞ւմ ես, ոչ մի երազանք չիրականացած չթողնես, թե չէ` երկնքում էլ տեղ չկա… Պարտավորեցնող էր: Ինչևէ: Սկսեցի կարդալ Սեյրան Գրիգորյանի «Ինչո՞ւ ես տխուր» գիրքը ` օնլայն տարբերակով: Գրքերս, իհարկե, նեղացան, բայց դե…
Էս գիրքը կոտրեց այն լոզունգ դարձած արտահայտությունը, որ մարդը չի կարող ամբողջովին դժբախտ լինել:
Գրքում չկային հազարավոր կերպարներ, մեր էն սիրած սիրուն սիրո սրտաճմլիկ դրվագները ևս բացայակում էին: Կար բուն կյանքը ` պատերազմից հետո:

Կարդում ես ու հասկանում, թե պատերազմը ինչ զզվելի երևույթ է, ու որոշները ոնց են այդ պատերազմից օգտվում, իսկ մյուսները հազիվ իրենց գլուխն են պահում. բավարարվում են քչով, ուրախանում են այնպիսի բաներով, որոնք մեզ համար սովորական են։
Հասկանում ես, որ մենք դեռ չենք գիտակցում, թե ինչ է պատերազմը, ու դրա հետևանքների մասին կարող ենք միայն խոսել ու անցնել առաջ…
Գրքի հերոսը` Այվազը, իր կյանքի լավագույն տարիները անցկացրեց բանտում, որովհետև հավ էր գողացել սոված ու մահամերձ աղջկա համար: Հավ… Հասկանո՞ւմ եք, սովորական հավ: Կներեք, բայց երբեմն կան բաներ, որոնք պարտավոր են արդարացվել, սակայն այդ ժամանակաշրջանը դա նրան չներեց…
Բանտից հետո էլի ծանր կյանք` անտեր ու հայրենի գյուղից հեռու: Դավաճանություններ, ստիպված ամուսնություն, մի խոսքով, ստիպված գոյատևում: Իսկ վերջում նրա կյանքի շավիղները նրան կրկին հասցնում են բանտ:
Դժբախտ ծնվեց, դժբախ ապրեց ու նույն ձևով էլ մահացավ:
Էս գիրքը լիովին ներկայացրեց մարդ-անհատի կյանքը հետպատերազմյան տարիներին: Էն, որ ասում են` կռվի դաշտում փլավ չեն բաժանում: Է~, իրականում, եղածն էլ են խլում: Այ, սա այդ աշխարհն է:

arman arshak-shahbazyan

Ընկերներ, ովքեր փոխեցին դիրքորոշումս, կամ` առաջ ու հիմա

Երևի առաջին հոդվածիցս հիշում եք, որ կենսաբանության ժամին ես Լոնդոնի փողոցներում եմ թափառում, ու էլի զանգը կտրեց ինձ իմ երազանքներից, անձրևի տակ թրջվելուց ու վերադարձրեց իրականություն:

-Ի՞նչ ա էս ժամը,- հարցրի ես դասարանին, ու պատասխանը փոխեց իմ տրամադրությունը: Հասարակագիտություն էր: Ինչ լավ ա` մտածեցի ես, հիմա ընկեր Գրիգորյանը կգա ու էլի բուռն քննարկումներով դաս կանենք:

«Բարև ձեզ, նստեք»-ին հաջորդեց դասի թեման՝ «Ընկերություն»: Թեմա, որի մասին ես ունեի հստակ դիրքորոշում՝ չկան ընկերներ: Ինչպես ամեն անգամ հստակ ու հանդարտ տոնով սկսեց ընկեր Գրիգորյանը: Հա, մոռացա նշել, որ այս ամենը 2 տարի առաջ էր, երբ ես 8-րդ դասարանում էի: Մինչև հիմա հիշում եմ այս խոսքերը. «Ըստ հույն փիլիսոփա Արիստոտելի, ընկերությունը բաժանվում է երեք տեսակի՝ ընկերություն հիմնված օգուտի վրա, ընկերություն հիմնված հաճույքի վրա և ընկերություն հիմնված բարիքի վրա»:

Դե, արդեն պարզ էր, թե որ տեսակը ինչպիսինն էր: Իսկ ես անմիջապես ձեռք բարձրացրի ու…

-Մեր օրերում չկա ընկերություն հիմնված բարիքի վրա,- տոնս հստակ էր ու կարծես անբեկանելի:

Դե, բնականաբար շատերը դեմ էին: Անցավ մի քանի ամիս: Համացանցում տեսա հայտարարություն 10-12-րդ դասարանցիների համար: Հետաքրքիր ծրագիր էր՝ «Բանալի», սակայն ես փոքր էի, դեռ նոր պետք է ավարտեի 8-րդ դասարանը: Բայց լրացրեցի հայտը, ոչ ոքի չասելով դրա մասին: Առաջին անգամ էի հայտ լրացնում, երկու օր անց ես արդեն իսկ մոռացել էի թե՛ այդ ծրագրի, և թե՛ հայտի մասին: Անցավ մեկ ամիս, ամառային հերթական ձանձրալի օրերից էր, ի զարմանս ինձ, լսվեց հեռախոսիս ձայնը: Անծանոթ համար էր, դե, բնականաբար զարմացա. ո՞վ պետք է զանգի ինձ ամառային արձակուրդներին, այն էլ անծանոթ համարից: Վերցրի, ու հեռախոսի հակառակ կողմից լսվեց այս խոսքերը. «Ձեզ անհանգստացնում են Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամից: Ցանկանում ենք տեղեկացնել, որ ընտրվել եք «Բանալի» ինտելեկտուալ խաղ-մրցույթին, որպես մասնակից»: Այդ զանգից անցել է մեկ տարի և մի քանի ամիս, բայց միչև հիմա հիշում եմ այդ խոսքերը, այդ ձայնը…

Հա, հա, հիմա կհասկանաք, թե ինչ կապ կար այս զանգի ու ընկերության դասի միջև:

Եկավ օրը, որ պետք է գնայի առաջին դասընթացին: Առաջին անգամ մասնակցում էի նման ծրագրի, այն էլ ոչ իմ տարիքային խմբի համար, բնականաբար լարվածություն կար:

18 մասակից էինք, բայց ով կմտածեր, որ այդ 18-ից երկուսը կդառնան լավագույն ընկերներս` Մանան և Նորայր, որ այդ երկուսը կստիպեն փոխեմ դիրքորոշումս, երկուսին ավելացնեմ ևս երկուսը, և այդպես շարունակ, ու այսօր վստահաբար ասեմ, որ կա ընկերություն հիմնված բարիքի վրա:
Իսկ հիմա, երբ ինձ հարցնեն, ինչպիսին պետք է լինի իդեալական ընկերը, ես միայն անուններ կարող եմ թվել՝ Նորայր, Մանան, Աննա, Աստղիկ, Նարեկ, Սերյոժա, Կարինե, Գայանե, և այդպես շարունակ…

Հաճախ են մարդիկ խոսում կյանքի գրքի մասին, հիմա իմ կյանքի գրքի մի ամբողջ ենթավերնագիր է «Բանալին»: Բանալի, որը իմ առաջ բացեց բազում դռներ, ամենակարևորը` ընկերության դուռը… Ընկերության դուռ, միևնույն է, որքան էլ դա տարօրինակ թվա, քեզ համար կա նման «դուռ»…

Ani Harutyunyan

Իմ ռոմանտիկ Մայիսյան

Վստահ եմ՝ բոլորս էլ հոգու խորքում ռոմանտիկ ենք, սիրում ենք անձրևը, դրա հոտն ու թաց պատուհանները, մոմի լույսի ներքո որևէ գեղեցիկ դերասանի հետ ռոմատնտիկ ընթրիք պատկերացնելը: Բայց։ Մեկ րոպե։ Եկեք կտրվենք երազներից ու մի պահ վերադառնանք դեպի իմ գյուղի՝ Մայիսյանի իրականություն։

Եթե դու շատ ռոմանտիկ մարդ ես, սիրում ես վերը նշվածներն ու մի բան էլ ավելի, ապա անձրևոտ եղանակին մեր գյուղը իսկը քո տեղն է։ Այստեղ դու քեզ կզգաս ինչպես ձուկը ջրում, Մեսսին` Բարսելոնայում, Սիլվեստր Ստալոնեն՝ մարտաֆիլմերում, շատ հանգիստ, հարազատ, հաճելի… Դե՛, իհարկե նրա համար, որ մի փոքր անձրևի ու քամու ժամանակ մեր գյուղը հոսանքազրկվում է։

Այո՛, դուք ճիշտ հասկացաք. մեր գյուղի հոսանքի գծերը պապիս տարիքի են: Է՜, որ ուզում եք իմանալ՝ մի բան էլ ավելի։ Ա՛յ, դա իրոք շատ է հուզում ինձ։ Մի պահ պատկերացրեք՝ 30% լիցքավորում հեռախոսումդ ու հանկարծ, հո՛պ, լույսերն անջատում են։ Վե՛րջ։ Հասկանո՞ւմ եք՝ կար հեռախոս, էլ չկա հեռախոս։ Չկա համակարգիչ, ինտերնետ, անգամ հեռուստացույց… Համաձայնեք՝ մեր օրերում սարսափելի երևույթ է:

17 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է։ Ինձ՝ իմ կյանքի կեսի հետ դեռ շատ ռոմանտիկ պահեր են սպասվում։ Մի՛ արեք այնպես, որ երիտասարդության սեմին հոգնեմ ռոմանտիկայից։

Չնայած, մի կողմից էլ լավ է: Տան անդամների հետ շփվելու ժամանակ եմ գտնում:

խաչիկ բունիաթյան

Իմ առաջին ցուցահանդեսը

Սովորական մի օր էր։ Ինչպես միշտ առավոտյան աչքերս բացեցի ու մտա ֆեյսբուք, և ահա տեսա մի բարեգործական ցուցահանդեսի գովազդ։ Առաջին հայացքից հավանություն տալով, ես նույնպես ուղարկեցի իմ լուսանկարները՝ այն լուսանկարները, որոնք արել էի Աղվերանի մեդիա ճամբարի ընթացքում։ Անցավ մի քանի օր և ահա գիշերը ժամը 11:15 ինձ զանգահարեցին։ Հոգնած վերցնելով հեռախոսը, սկսեցի խոսել, հոգնած դեմքիս միանգամից ժպիտ եկավ, ու անջատելով, սկսեցի տնեցիներին պատմել, որ ընտրել են իմ նկարներից` ցուցահանդեսի համար։ Քանի որ ես տեղյակ չէի պահել նրանց այդ մասին, սկսեցին հարցախեղդ անել ինձ։ Գրեթե 15 րոպե բացատրում էի, թե ինչպես է պատահել, որ մասնակցելու եմ ցուցահանդեսին։ Ահա եկավ ցուցահանդեսի օրը՝ անձրևոտ մռայլ եղանակ, բայց տրամադրությունս լիովին հակառակն էր, և ուրախ-զվարթ գնացի Հյուսիսային պողոտա։ Տեանելով, որ ոչ ոք դեռ չի եկել, զանգահարեցի: Փաստորեն մեկ ժամ շուտ էի եկել։ Եվ ահա հեռվից տեսա ցոցահանդեսի մասնակիցների խումբը։ Սկսվե՛ց։ Եվ իմ նկարները արդեն մոլբերտի վրա էին։ Ցուցահանդեսն անցկացվում էր բացօթյա, և անցորդները  անտարբեր չանցնելով նկարներիս կողքով,  հարցուփորձ էին անում նկարի պատմության մասին, իսկ ես պատրաստակամությամբ պատմում էի։ Ես ինձ հպարտ  էի զգում, քանի որ ամենափոքրն էի մասնակիցների մեջ։ Այդ օրվա ամենահիշարժան պահն այն էր, երբ ինձ նվիրեցին գիրք-ֆոտոալբոմ, որի մեջ ընդգրկված էին Անդրկովկասի հայտնի լուսանկարիչների աշխատանքները։

Հ.Գ. Չնչին հնարավորությունն էլ բաց մի թողեք։ Ինձ համար մեծ դաս  եղավ  այս  ցուցահանդեսը, քանի որ ես առաջին անգամ ինքնուրույն փորձեցի ակտիվ լինել, և համոզվեցի, որ ամեն բան սկսվում է նախաձեռնող լինելուց: Հավատացեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է։

milena araqelyan

Աշնանացավ

Նորից աշուն է: Կարծում եմ այս անգամ սառը օդն ու ամպամած երկինքը ամենից շուտ այցելեցին մեզ: Հա, անձրևի մասին մոռացա: Մեկ-մեկ ներսդ ու դրսում միաժամանակ է անձրևում: Կաթիլների ձայնը հազարավոր երաժշտական հնչյուններին հավասարազոր է թվում: Երկինքը անձրևից առաջ կարծես մարդու մտքերի հավաքույթ լինի: Լինո՞ւմ է, չէ՞, մտածում ես, խոժոռվում ես, բայց չես կարողանում արտահայտվել: Դու ամպամած մռայլ երկինքն ես, որը դեռ այդքան էլ պատրաստ չէ «արտահայտվելու» համար: Լինում է, որ ամեն ինչ տաքացած դուրս է պրծնում միջիցդ, դա այն արագ ու մեծ կաթիլներով անձրևն է, այն շուտ է դադարում, ինչպես քո տաք գլուխն է սառչում, և նոր գիտակցում ես ասած կամ արած խոսքեր-գործողություններդ: Իսկ այն հանգիստ, փոքր կաթիլներով անձրևը հենց քո ներաշխարհն է, որտեղ անվերջ տարբեր կաթիլներ պայքարում են ու խոնավեցնում հոգիդ, ինչպես հողն է թրջվում անձրևից հետո:

Մի աղջնակ ասում էր, որ իրեն ներսում անձրևներ են պետք: Կարծում եմ` յուրաքանչյուր մարդու ներսում ժամանակ առ ժամանակ անձրևներ լինում են, և երևի դրանք սկսվում են օդի, ինչու չէ, նաև մարդկանց սառելու հետ: Ասում եմ, հենց դրա հետ էլ աշնանացավը անցնում է ներսիդ կիսաթաց հատակի միջով:

Միգուցե արդեն թրջվե՞լ ես:

sona mkhitaryan

Պատմության և իրականության սահմանագծին

Ամեն անգամ մտնելով եկեղեցի, ակամայից հիշում մեր Անին: Այս օրն էլ բացառություն չէր. հիշեցի ու որոշեցի պատմել:

Կանանց միամսյակի կապակցությամբ մեր ուսուցիչներին հնարավորություն տրվեց գնալ Արևմտյան Հայաստան` Անի: Աշակերտների խնդրանքով կարողացանք մենք էլ գնալ: Կյանքում չէի պատկերացնի, որ կլինեմ Անիում:

Մենք Անիի տաճարը և մյուս եկեղեցիները, որոնք կիսավեր էին, տեսել ենք ձորի մյուս ափից: Նայում էինք և ակամայից մտքերով հետ էինք գնում: Անիի մայր տաճարից քիչ հեռու քրդական տներ էին երևում: Քրդերը մեզ տեսնելով ձայներ էին արձակում, ձեռքով էին անում, իսկ մենք նայելով նրանց տխուր ցավ  էինք ապրում: Մեր հայրենի տաճարներին մենք կարող ենք նայել միայն հեռվից, սահմանի այս կողմից, հեռադիտակով, հիանալ այն մի քանի ակնթարթով, որ շփվել ենք մեր պապերի ժառանգությանը, տեսել մեր անցյալը, մինչդեռ նրանք արածեցնում են իրենց ոչխարները այնտեղ, անգամ չկռահելով թե ինչ գանձեր են իրենց ոտքերի տակ…

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Լուսանկարը` Սոնա Մխիթարյանի

Ձորը, որը մեզ բաժանում էր` Հայաստանի դրոշներով էր պատված: 3-4 մեծ եռագույն ձորում էր: Հենց այնտեղ մենք կանգնեցինք ու ասես տեսածով ներշնչված, սկսեցինք ասմունքել, երլ: Ասես ձորի այն ափին մնացած մեր Անի մայրաքաղաքի համար: Մեր ձեռքերում էր եռագույնը:

Ճանապարհին տեսանք նաև Երերույքի տաճարը: Կիսավեր, բայց շատ հետաքրքիր տաճար էր: Երկրաշարժերից քանդվել է: Տաճարի տարածքում տասնյակ տապանաքարեր կային, որոնց տակ թաղված էին հայ հոգևորականներ: Հետ գալու ճանապարհին այնպիսի գյուղերի միջով անցանք, որոնց բնակիչները ուշադիր ու խեղճ հայացքներով նայում էին մեզ: Սիրտս ցավաց մեր գյուղերի թշվառությունից. ամեն ինչից կտրված, զուրկ: Մինչ այսօր մեր հեռավոր այդպես են ապրում… Չգիտեմ, ավելի շատ ինչից եմ հուզվել` մեր կորցրած Անիի քաղաքի ավերակներից, թե այսօր մեր հայրենիքի գյուղերում գոյատևող իմ հայրենակիցներից…

Ամեն անգամ եկեղեցի մտնելուց սկսել եմ աղոթել մեր խեղճ ու կրակ ժողովրդի համար: