Milena Sedrakyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. նոր ընկերուհիս

Դեպի Դիլիջան ուղևորվող ավտոբուսի մեջ հանդիպեցի Վիոլետա անունով մի աղջկա, հենց սկզբից նա գրավեց ինձ, ու կարծես թե սիրտս հուշում էր, որ նա պարզապես սովորական մասնակից չէ, այլ մի քանի ժամից նա դառնալու է իմ ամենամտերիմներից մեկը:

Ավտոբուսի մեջ այդքան շատ չխոսեցի նրա հետ, բայց երբ հյուրանոցի դիմաց սպասում էինք, թե երբ պիտի բերեն սենյակի բանալիները, եկավ ու սկսեց խոսել հետս:

-Բարև, արի ծանոթանանք, իմ անունը Վիոլետա է:

-Բարև, ուրախ եմ, Միլենա:

-Բա որտեղ՞ից ես, Միլիկ: Կլինի, չէ,՞ քեզ Միլիկ ասեմ, շատ եմ սիրում:

-Հա, կլինի, բայց ես էլ պիտի քեզ Լոլո ասեմ:

Մենք որոշեցինք, որ պիտի դառնանք սենյակակիցներ, ու այդպես էլ եղավ: Սկսեցինք միասին մեր իրերը դասավորել, հագուստները ցույց տալ, նկարվել, գժություններ անել, պարել, երգել, ու հա, չեմ թաքցնի, մի քիչ էլ բամբասել:

Քանի հիշեցի ասեմ. պայմանավորվեցինք, որ սառնարանում ինչ կա, երկուսինս է, ու արդեն չորրորդ օրն է, բայց մեր գիշերվա պաշարը դեռ չի սպառվել:

Հիմա Լոլոն իմ ամենամտերիմ ընկերուհիներից է, և ես խոստանում եմ, որ մեր շփումը դեռ երկար կշարունակվի:

Ու  շուտ եմ ասել, միայն ես կարող եմ նրան Լոլո ասել:

Չէ՞, Լոլ:

Meri Muradyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Անսպասելի դասեր

Մարգահովիտ տանելու ճանապարհին տեսա, որ սարերի վրայի խոտը ամբողջությամբ հնձել և հավաքել են: Նման բան առաջին անգամ էր, որ տեսնում էի: Գյուղ գնալու ճանապարհին մոլոկանները բանջարեղեն էին վաճառում:  Հենց առաջին պատահած մոլոկանի մոտ կանգնեցինք: Ուրախ-զվարթ մոտեցանք տատիկին` նրանից հարցազրույց վերցնելու համար, բայց նա կտրականապես հրաժարվեց թե՛ նկարվելուց, թե՛ հարցազրույց տալուց: Նա վաճառում էր թթու, գազար, լոբի: Հենց իր  հետևում նկատեցինք մի ընտանիք, որ արտում խոտ էր հավաքում: Նրանք նույնպես մոլոկաններ էին՝ տատիկն էր, պապիկը և նրանց երկու թոռնիկները: Սկզբից մոտեցանք նրանց և սկսեցինք բացատրել թե մենք ովքեր ենք և ինչ ենք ուզում: Տատիկը նույնիսկ հրաժարվեց խոսել մեզ հետ, ներկայանալ: Միայն կարողացա հարցնել, թե` արդյոք սիրո՞ւմ է իր աշխատանքը: Եվ ի զարմանս ինձ, ստացա պատասխան.
-Այո՛, սիրում եմ:
Դրանից հետո նայեց մեզ և ասաց, որ մենք խանգարում ենք իրեն, և արդյոք մեզ դուր կգա՞ր, որ մեր աշխատանքը անելու ժամանակ ինչ-որ մեկը գար և խանգարեր մեզ, կամ  կթողնեի՞նք արդյոք, որ անծանոթ մարդիկ մեզ նկարեին:
Պապիկը  բարի մարդ էր և ավելի հետաքրքիր: Նրա դեմքին նայելով կարող էիր հաստատ ասել, որ նա հայ չի, և շատ ջանասիրությամբ էր անում իր աշխատանքը:  Նրանք ունեին երկու թոռներ ՝ Սաշան և Ալյոշան: Սաշան ապրում էր Ռոստովում , ուղղակի մի քանի օրով եկել էր հյուր:
Երբ արդեն հետ էինք գնում, պապիկը  ասաց.
-Կարելի՞ է ձեզ մի բան հարցնել: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե մենք ինչի՞  համար ենք այստեղ, ինչի՞  համար ենք մեր երկիրը թողել ու եկել այստեղ: Մեզ վռնդել են մեր երկրից, մեր հարազատ հողից : Իսկ դուք սիրո՞ւմ եք ձեր հողը:
Եվ այստեղ մեր դերերը  փոխվեցին: Հիմա մեզ են հարցեր տալիս:
-Այո, սիրում ենք,- ասացինք մենք»
- Ես շատ եմ ցավում, որ դուք թողնում ու հեռանում եք ձեր երկրից :
Ու մենք կարկամեցինք, հետո առանց բան ասելու հեռացանք:
Նա հակառակ իր կամքի, հեռացել էր իր երկրից, իսկ մեր հայ ժողովուրդը իր կամքով թողնում և հեռանում է այն հողից, որում ծնվել և մեծացել է:

«Լամփ»-ըս

Երևի ձեզ վերնագիրը շատ տարօրինակ թվաց: Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ:

Մայիս ամիսն էր: Մեզ կանչեցին Word Vision-ի Ամասիայի գրասենյակ և ասացին, որ հետաքրքիր ծրագիր է լինելու անունը` ԼԱՄՓ, ու եթե ցանկանում ենք, կարող ենք մասնակցել ծրագրին:

Ես էլ ասացի` էս  ի՞նչ է, «Լամփ» մի քիչ տարօրինակ է, բայց թե քանի որ սիրում եմ մասնակցել տարբեր ծրագրերի, որոշեցի մասնակցել: Լրացրի հարցաթերթիկը և գնացի տուն:

Մի քանի օր անց մեր մոտ եկան Երևանի «Երիտասարդները հանուն զարգացման» հիմնադրամի երիտասարդները, ովքեր ծրագրի հեղինակն էին, և սկսեցինք ծանոթանալ ծրագրին, որը ինձ շատ դուր եկավ:

Նախ, ուզում եմ ասել, որ ԼԱՄՓ-ը դա հապավում է՝ լինելով ակտիվ միացիր փոփոխությանը: Դե ես էլ, քանի որ շատ ակտիվ եմ, չէի կարող չմիանալ փոփոխությանը:
Դա մի վայր է, որտեղ մենք թիմով կարող էինք խոսել մեզ հուզող հարցերի մասին: Մեծ միջոցառում էր լինելու օգոստոսի 12-ին՝ երիտասարդների միջազգային օրը:
Սկզբից մտածեցի. «Ես` ուր, բեմը` ուր»: Բայց դե փորձը փորձանք չէ:
Իմ թիմի հետ նրանց ուղարկեցինք մեր գաղափարը, ելույթի նախատիպը և ընտրվեցինք: Որոշ չափով ուրախացնող, որոշ չափով էլ պարտավորեցնող բառ է:
Մեր ելույթի վերնագիրն էր` «Մեր փոխարեն»: Այն ծնողների մասին էր, որոնք մասնագիտություն էին ընտրում երեխայի փոխարեն և ստիպում նրանց` շարունակել այդ ուղղությամբ:
Ձեզի սեմ` վերնագիր ընտրելուց դժվար, մեկ էլ ըդոր մասին գրելն է: Եվ շնորհիվ մեզ ուղղորդող Ալլայի, դա ստացվեց: Այն 10 անգամից ավել փոփոխել ենք և վերջում հասել մեր ցանկալի արդյունքին: Վերջապես ելույթն արդեն պատրաստ էր:
Սքայփով մի քանի անգամ Ալլային ներկայացնելուց հետո մենք պատրաստ էինք մեծ ելույթին:
Օգոստոսի 11, շատ սպասված օր: Արդեն հասկացաք. վերջին օրն էր, մենք մեր թիմով՝ ես,  Հասմիկը և Շուշանը, գնացինք Դիլիջան: Այնտեղի Կենտրոնական դպրոցում էր լինելու միջոցառումը: Միջոցառմանը մասնակցելու էին եկել շուրջ 50 երիտասարդ  Հայաստանի բոլոր մարզերից, որոնց արդեն ճանաչում էինք: Իսկ հիմա արդեն լավ ընկերներ ենք դարձել:
Սկսվեցին փորձերը սկզբից միայն Ալլայի առաջ, հետո մեզ ուղղորդողներ՝ Հայկի, Խաչիկի, Սեդայի,Դիանայի, հետո բոլոր մասնակիցների, իսկ վերջում… 300 հոգանոց հանդիսատես:
Մեր վրա դրված պատասխանատվությունը մեծ էր, քանի որ մեզանից էր կախված ծրագրի շարունակականությունը:
Եկավ երկար սպասված օրը, օգոստոսի 12՝ երիտասարդների միջազգային օր: Բոլորիս ելույթները պատրաստ էին: Մենք ուղևորվեցին Դիլիջանի կենտրոնական դպրոց:
Ազդարարվեց ԼԱՄՓ-ի սկիզբը: Մենք հանդես էինք գալու երկրորդը: Դռան հետևում կանգնած մտածում էինք մեր ելույթին մասին, հանկարծ Շուշանը գոռաց.

-Իիիիի… Էրեխեք, ես ինչըղ բդի միկրաֆոն վերցնեմ:
-Է, դե զզվցըրիր, Շուշան,- ջղայնացավ  Հասմիկը,-սաղ էլ լավ կեղնի:
Բարձրանում էինք բեմ, հանկարծ Ալավերդու մասնակից Սոնան և Երևանի Էլենը ասացին.
-Երեխեք մենք ձեզ հետ ենք:

Եվ Հայկը հայտարարեց, որ մեր հերթն է: Մարմնովս մի տեսակ դող անցավ, անցան բոլոր վախերս, ու բեմ բարձրացանք: Խոսելու հերթը հասավ ինձ, ժպտացի, սկսեցի խոսել: Կարծես ճախրում էի երկնքում ու հանկարծ հանդիսատեսի վրայով թռչող հայացքս կանգ առավ Ալլայի ժպտադեմ աչքերի վրա: Ես ավելի ոգեշնչվեցի ու անգամ չհասկացա, թե երբ ավարտեցի խոսքս: Սթափվեցի ծափահարությունների ձայնից: Իջանք բեմից ու գնացինք Ալլայի կարծիքը իմանալու:
Մեր դիմաց դուրս եկավ Ինգան ամուր գրկեց ու ասաց.
-Շնորհավոր, երեխեք ջան, շատ լավ ելույթ ունեցաք:
Հասանք Ալլային: Նա մի քիչ տխուր էր, մեր ելույթի ժամանակ փչացել էր պրոյեկտորը, ինչի պատճառով նկարները չկարողացավ ցույց տալ: Բայց նաև ուրախ էր, որ ելույթը ստացվել էր:
Երբ ավարտվեց միջոցառման առաջին հատվածը, Հայկը մոտեցավ վերջին շարքում նստած մի աղջկա ու հարցրեց.
-Եթե հնարավորություն ունենայիք, ո՞ր թիմին կուզեիք միանալ:
-Երկրորդ,- ասաց նա ժպտալով:
Այդ պահին այնքան ուրախացանք, ասես աշխարհը մերը լիներ:
Հիմա նստած գրում եմ այդ մասին, և հասկացա որ սիրեցի հանդիսատեսին, և հանդիսատեսը սիրեց ինձ:
Շնորհակալ եմ ձեզ ամեն ինչի համար, ԼԱՄՓ-ի կազմակերպիչներ ջան, և ուզում եմ մի բան ասել.
-Չմոռանաք մեզ…

Լինելով ակտիվ միանում ենք փոփոխություններին, չէ՞:

Դիլիջանյան մեդիա ճամբար. Սեմյոնովկան ու իր մարդիկ

-Մեր Տավուշը լավն ա, մեր ժողովուրդը աշխատասեր, աշխատող ժողովուրդ ա, – այսպիսի դրական նոտայով էլ սկսվեց մեր առաջին ֆոտոարշավը դեպի Սեմյոնովկա գյուղ:

Տաքսու վարորդն էր՝ շատախոս, շփվող: Պատմում էր, որ իրենց ցեղում բոլոր տղամարդիկ վարորդ են եղել, որ արդեն հինգ օր է՝ իրենց գյուղացի կանանցից մեկը բարձրացել է սարերն ու չի վերադարձել:  Փնտրել են, փնտրում են, դեռևս միայն գոգնոցն են գտել:

«Գայլի արածը կլինի», – մտածում են մարդիկ:

Սեմյոնովկան փոքրիկ ու հասարակ գյուղ է՝ իր հասարակ, բայց ոչ փոքր մարդկանցով.

-Չէ, ինձ մի նկարեք, ես տղա եմ կորցրել, տղա՜… Գնացեք, ուրիշին նկարեք:

Քայլում ենք գյուղամիջով, լուսանկարում հետաքրքիրը, գեղեցիկը, բայց մեր փնտրածը մարդն է, իսկ մարդ չկա, մարդիկ շատ քիչ են գյուղում:

-Մենա՞կ եք ապրում, – հարցնում եմ մի ծեր կնոջ:

-Չէ՜, Աստված չանի՝ մենակ ապրեմ, ընտանիք ունեմ, թոռներ, – ժպտում է:

Ի՜նչ լավ է, լավ է՝ գոնե այս կինը իրեն երջանիկ է զգում:

Ներկայանում ենք, բացատրում, թե ով ենք, հետո հարցնում՝ դեմ չէ՞ արդյոք լուսանկարվելուն.

-Չէ, այ բալա, ինչի՞ պիտի դեմ լինեմ, նկարի, հա-հա, նկարի, բայց ամոթ ա է, գյուղացի ենք, էլի, դուք որտեղի՞ց եք, եսիմ է…

Մարդիկ իրոք տարբեր են. մի կողմից կանչում են, որ իրենց նկարենք, մյուս կողմից էլ, թե.

-Ինձ չնկարեք, ես կուշտ եմ դրանից. Ֆրանսիայից եկան, նկարեցին, Գերմանիայից էլ, Հունաստանից էլ, Լոսից էլ… Շատ եկան, ու ի՞նչ: Ի՞նչս փոխվեց: Էլի վատ ենք ապրում, շատ վատ, տեսնում եք, էլի: Սուրճ չեմ կարող հյուրասիրել, թոռներս պիտի դպրոց գնան, տետր-գրիչ չեմ կարող առնել: Հա, սենց ենք ապրում, էս ա մեր գյուղի կյանքը, էս…

Տխրում եմ… Իսկապես դա՞ է գյուղի կյանքը կամ դա՞ պիտի լիներ: Ես չգիտեմ, չգիտեմ, բայց ոնց Սարոյանն էր ասում՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է… Երևի:

 

svetlana davtyan

Ես քո կատվիկն եմ, իսկ դու` իմ տերը

Ամպրոպին հաջորդած տեղատարափ անձրևի  անխնա հարվածներից կծկված փոքրիկ, անօգնական կատվիկը, քարշ տալով վիրավոր ոտքը, մի կերպ կարողացավ պատսպարվել մոտակա տան անկյունում…

Չէր հասցրել  վայելել չոր ու տաքուկ անկյունում գտնվելու երանությունը, երբ ոտնաձայներ լսեց: Անկյունում  հայտնված աղջիկը նկատեց փոքրիկ կատվիկին, մոտեցավ և կարկամեց: Կատվիկի աչքերը սարսափ էին արտահայտում: Հավանաբար նախկին տիրոջ կողմից  ծեծված ու հալածված լինելն էր ստիպում նրան մարդկանց դիտել իբրև դաժան ու անխիղճ արարածների: Կատվիկը նույնիսկ հրաժարվեց աղջկա առաջարկած կոնֆետից՝ ավելի խորանալով իր թաքստոցի մեջ: Աղջկան դժվարությամբ հաջողվեց ցրտից դողացող փոքրիկին գիրկն առնել: Գուրգուրելով կենդանուն՝ աստիճաններով վեր բարձրացավ և տան շեմին, ծնողների հարցական հայացքներին ի պատասխան խնդրեց՝ հավատացնելով, որ ամենօրյա խնամքն ու հոգատարությունն իր պարտականություններից մեկն է լինելու: Ընտանիքի անդամները, ծանոթ լինելով իրենց դստեր հաստատակամությանը, չհակառակվեցին: Ուշադիր զննեցին կենդանու վնասված ոտքը, մշակեցին վերքը, վիրակապեցին և մի փոքրիկ, հարմարավետ անկյուն տրամադրեցին: Բելլան (ինչպես անվանեցին կատվին) երևի կյանքում առաջին անգամ քնեց հանգիստ, ապահով ու տաքուկ պայմաններում: Կատվի մուտքն ընտանիք ավելի հետաքրքիր դարձրեց աղջկա կյանքը: Հիմա նա պատասխանատու է Բելլայի համար, ուրեմն մեծ է արդեն:

Թող մեր կողքին, մեր քաղաքում ապրող այս աղջիկը օրինակ լինի բոլորի համար, ովքեր դաժանաբար են վարվում կենդանիների հետ, քարկոծում կամ փողոց են շպրտում՝ առանց հաշվի առնելու, որ նրանք ևս շնչավոր էակներ են, կարոտ` խնամքի և ջերմության:

Անհաջողությունները՝ ամեն ինչ նորից և ավելի լավ սկսելու պատճառ

Ես Անուշիկն եմ: Այս տարի ավարտեցի դպրոցը: Ինչպես բոլորը, ես ցանկանում էի ուսումս շարունակել բուհում: Ցանկանում էի սովորել Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ), հետևաբար պետք է հանձնեյի մաթեմատիկայի (AUA Math) և անգլերենի (TOEFL iBT) քննություններ: Փետրվարին հանձնեցի մաթեմատիկան: Ստացա լավ միավոր: Մայիսին հանձնեցի անգլերենը, բայց…

Այո, դուք ճիշտ գուշակեցիք, չստացա այնքան միավոր, որքան որ անհրաժեշտ էր ընդունվելու համար: Այսպիսի դեպքերում շատ մարդիկ հուսահատվում են, սթրես են ապրում, բայց ես մոռացա դրա մասին հաջորդ իսկ օրը և սկսեցի մտածել հաջորդ տարի դիմելու մասին:

Հիմա ինքնուրույն պարապում եմ անգլերեն: Գիտեմ իմ թերությունները և փորձում եմ շտկել դրանք: Նպատակ ունեմ դառնալ ՀԱՀ-ի այս տարվա առաջին դիմորդը:

Հա, ու TOEFL–ին մի աչքով չնայեք: Իրեն բարով-խերով հանձնելը հեշտ գործ չի: Օրինակ` քննության ժամանակ պետք է լսեմ անգլերեն դասախոսություն, որը մոտավորապես տևում է հինգ րոպե, և երեսուն վայրկյան պատրաստվելուց հետո, մի րոպեում հասցնեմ վերաշարադրել լսածս: Սա ընդամենը կազմում է քննության առաջադրանքների չորս տոկոսը: Այնուամենայնիվ, ՀԱՀ-ում սովորող ընկերներս ասում են, որ այնտեղ մեկ տարի սովորելուց հետո TOEFL բարեհաջող հանձնելը դառնում է խաղ ու պար:

Կզարմանաք, բայց չընդունվելը լավ ազդեցություններ էլ ունի: Օրինակ` այս տարվա ընթացքում կհասցնեմ կարդալ լիքը գրքեր: Բացի անգլերենի բարելավմամբ զբաղվելը, մասնակցում եմ ճամբարների, սեմինարների և դասընթացների և այդպես էլ շարունակելու եմ: Զբաղվում եմ կամավորական աշխատանքներով: Վերսկսել եմ նվագել քանոն: Կարծում եմ այս տարին դառնալու է կյանքիս ամենալավ տարիներից մեկը:

Անհաջողությունները ինձ ավելի են ուժեղացնում: Ինչպես ասել է Թոմ Ֆորդը. «Անհաջողությունը ամեն ինչ նորից և ավելի լավ սկսելու պատճառ է»:

lida armenakyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Օրագիր

Նստած եմ սենյակում, մտածում եմ, թե ինչ գրեմ, ինչի մասին պատմեմ: Մտածում եմ, որ արդեն բոլորը գրած կլինեն «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի հետ ունեցած վարպետության դասի մասին: Հիմա հաստատ կինոյի նկարահանումներից խոսել են: Վայ, բա անիմացիան: Չէ, չէ: Մի րոպե: Անիմացիայից անվերջ կարելի է խոսել, ու լիքը կարող ենք պատմել: Ասենք, օրինակ՝ ոնց էր Հովնանը ֆոտոխցիկը հարմար տեղավորում, ոնց էր Սիսակը ամեն րոպե ասում.

-Դուք իջեք, դու արի էստեղ, բարձրացիր, արագ: Հավասար ճոճվեք: Էրեխեք, կամերային չնայեք:

Ու չէինք նկատում՝ ոնց են օրվա ժամերը թռնում, ոնց է ամպերը քիչ-քիչ կուտակվում գլխիդ վերևում, ու թե ոնց է երկինքն աստիճանաբար փոխում իր գույներն ու երանգները: Ու մոտավորապես էսպես էլ անցավ մեր փիքսիլեյշնի նկարահանումները և ուրախ օրը:

Sose zaqaryan

Մեզ բաժին հասածը

Գրեթե մեկ տասնամյակ առաջ էր, երբ գյուղում խոսակցություններ տարածվեցին, որ Իրանից  բնական գազի ճանապարհը գալու  և միանալու է ընդհանուր գազատարին, որը գտնվում էր Սիսիան-Գորիս մայրուղում: Ճանապարհը անցնելու էր նաև մեր գյուղով: Իրոք, խոսակցությունները ճիշտ էին: Իրանից եկած շինարարները սկսեցին աշխատանքները: Գյուղը աշխուժացավ, բոլորը ասում էին.

-Պարսիկները եկալ են, հեսա կեղմը բնական գազա իլիլու:

Նրանք ճեղքեցին ժայռեր, քանդեցին այգիներ, դեպի արոտավայրեր տանող ճանապարհները փակեցին, բայց գյուղացիները ոչնչից չէին բողոքում, հույսով սպասում էին, որ մի օր իրենք էլ բնական գազ կունենան, որ մի օր չեն խնդրի ինչ-որ մեկին, որ իրենց գազի փոքրիկ տարան լցնեն Սիսիանում, որ այլևս փայտ չեն գնի, կամ էլ տունը տաքացնելու համար չեն կտրի իրենց բերքատու ծառերը, որ ընտանիքի բոլոր անդամները ձմեռը նույն սենյակում չեն անցկացնի, որ դպրոցում երեխաները ստիպված չեն լինի փայտ «բաշարել». դասարանը տաքացնելու համար:

Գազատարի շինարարական աշխատանքները ավարտվեցին, բայց մեր հույսերը չարդարացան: Մենք չունեցանք մեր այդքան ցանկալի բնական գազը: Մի քանի անիմաստ պատճառաբանություններ եղան, թե` գյուղացիները ի վիճակի չեն լինի վճարել, թե գյուղը հատակագծով չի կառուցված, և շատ դժվար է բոլոր տներին գազ հասցնել: Գյուղացիներին բաժին հասավ միայն պարսիկ ընկերներ և պարսկերեն արտահայտություններ, որոնք մինչև հիմա էլ օգտագործվում է գյուղում: Իսկ բնական գազ ունենալու երազանքը չի թողնում, որ գյուղացիները անհույս ապրեն և մտածում են, որ մի օր էլ իրենք կունենան երկնագույն վառելիքը:

Ու մինչ կգա այդ բաղձալի ժամանակը, գյուղացին էլի հարմարեցնելով կհարմարվի:

Կյանքը` աշակերտական նստարանի և ուսուցչական սեղանի միջև

Հարցազրույց Մարգահովիտ  գյուղի  միջնակարգ դպրոցի  նախկին   ուսուցչուհի  Գայանե Կոծինյանի  հետ

-Տիկին Գայանե, քանի՞  տարի եք աշխատել դպրոցում:

-45 տարի աշխատել եմ՝ որպես հայոց լեզվի և  գրականության ուսուցչուհի:

-Յուրաքանչյուր երեխա  առանձին անհատականություն է. երբևէ  դժվարացե՞լ եք աշխատել:

-Դժվարը դժվար է, մանկավարժի մասնագիտությունը հեշտ գործ չէ, բայց երբ սիրում ես քո աշխատանքը, դժվարությունը հեշտ է հաղթահարվում:

-Եթե տարիքը չխանգարեր, կշարունակեի՞ք աշխատել:

-Սիրով կշարունակեի:

-Այսօր ուսուցիչների մեծ մասը  դպրոցից դուրս աշխատում է նաև  անհատական պարապմունքներով, հետաքրքիր է՝ ո՞րն եք Դուք ավելի նախընտրում՝ անհատական աշխատա՞նքը, թե՞ խմբակային:

-Կարևորը  ոչ թե  անհատական կամ խմբակային  աշխատանքն է, այլ  ստացված  արդյունքը: Եթե արդյունքը գոհացնող է, ուրեմն մեթոդը լավ է գործել: Դպրոցի  ներսում իհարկե ավելի  բարդ է, բայց առավել հետաքրքիր, որովհետև  դասարանից  դուրս կա նաև աշխատակազմ, գործընկերներ, իսկ  անհատական աշխատանքը զուտ առարկայական է:

-Նախքան մանկավարժ  դառնալը հաստատ որոշե՞լ էիք Ձեր ուղին, եթե այո, ապա դա նպատա՞կ է եղել , թե՞ երազանք:

-Չորչորդ դասարանում ես  արդեն  հաստատ գիտեի՝ ինչ եմ ուզում և ինչու, մանկավարժ դառնալը նպատակ էր, հիմա արդեն՝ երազանք, կուզեի անվերջ  աշխատել:

-Ձեր աշակերտները այցելո՞ւմ են Ձեզ:

-Իհարկե, կապը միշտ կա թե աշակերտներիս, թե նախկին գործընկերների հետ:

-Ուսանողական տարիներից ինչ-որ դեմք, ինչ-որ իրադարձություն կա՞, որ դաջվել է Ձեր հիշողության մեջ:

-Ուսանողական տարիներից  հիշողությանս մեջ ակադեմիկոս Աշոտ Աբրահամյանն է մնացել, շատ քիչ էր խոսում կամ վերաբերմունք ցույց տալիս ուսանողներին, երբ պատասխանում էի դասը, նրա դեմքին հայտնված մի փոքր ժպիտը բավական էր ինձ…

-Ձեզ բախտ է վիճակվել  աշխատել տարբեր սերունդների հետ, տարբերություն բնականաբար կա, կնշե՞ք դրանք:

-Սովետական դպրոցը ավելի  շատ ուսուցչակենտրոն էր, երեխային ուսուցչի կարծիքն էր  պարտադրվում, բայց ես այդպես չեմ արել, ինձ համար  կարևորը երեխայի կարծիքն է եղել, ու միշտ  հաշվի եմ առել այն, դա  իմ և իմ աշակերտների մեջ  մեծ հոգեկան կապ է առաջացրել:

-Հիասթափության պահեր միշտ լինում են, հետաքրքիր է՝ Ձեր  աշխատանքային տարիներին եղե՞լ են դեպքեր, երբ այդ հիասթափությունը առաջացրել են աշակերտները:

-Մի դասարան կար, որտեղ ինձ շատ էին սիրում, ես էլ՝ իրենց: Մի անգամ դասիցս փախել էին, վիրավորանք, հիասթափություն խառնվել էր իրար, շատ էի վիրավորվել, բայց  դրանից հետո  անընդհատ ներողություն էին խնդրում, անընդհատ անակնկալներ ու նամակներ էին գրում:

-Ամփոփելով զրույցը՝ մի բառով բնութագրեք Ձեր աշխատանքը Ձեզ  համար:

-Կյանք: