ani asryan

Եկե՛ք հիշենք պապերի թողած ժառանգությունը

Ահա իմ գյուղը` Դարբասը,  իր արկածներով: Արկածախնդիր մարդիկ, արկածներով լի բարբառ: Ես շատ եմ սիրում իմ գյուղը, հատկապես գյուղի բարբառը: Մեր նախնիները թողել են մեծ ժառանգություն, սնել ու մեծացրել են արկածախնդիր մարդկանց, ովքեր գյուղի հպարտությունն են այսօր:

Բառեր, որոնք մենք օգտագործում ենք ու զվարճանում: Երբ երեխաներով վոլեյբոլ ենք խաղում, ասում ենք. «Թոփը թոլ ըրա»` գնդակը գցիր:

Յոխշա, ենիշա, տվեր, տիեր, փիադա: Այս բառերը օգտագործել են մեր պապերը, իսկ հիմա՝ մենք: Երբ ինչ-որ մեկը խոսքի մեջ չափը կորցնում է, դրա պատասխանն է. «Պուլերը արդեն կոխ ես տալիս» (Խմորի գնդերն արդեն տրորում ես), կամ` «Քեզ թարազվի պահի»: Ճնգլաճոտ ասում են մեզ՝ երեխաներիս:

Խարքանդազ (գոգաթիակ), դրմղ (փոցխ), քամար (գոտի), քիսա (դրամապանակ)`hնում գործածված բառեր, որ այժմ չեն օգտագործում:

Կլխըլվա-գլուխ լվանալ, յաթաղ տալ-նստել, ի կա-տուր ինձ, դե հա տուր-արագ արի, ունքալ-վերցրու: Փարվառ, տերտեր, կարպետ, թիքա, մակար` բառեր, որոնք գտա հարցազրույցի  միջոցով: Պարզվում է, դեռ մեզնից մեծերն օգտագործում են պապերի թողած արժեքները:

Դարբասում մարդկանց մեծամասնությունը բարեխոս է, բայց կան նաև չարախոսներ: Ինչպես ասում են մեծերը. «Անտառը առանց չախկալի իլիլ չի»: Անեծքներ, որոնք օգտագործում են մեր գյուղում, և դրանք ավելի շատ լսում ենք մեր հարևան Վալյա տատիկից .«Ղուրդուղուշի փայ տառնաս», «Կլնըկափին կաս», «Ծակեր հանես», «Յուրդումդ կատու կլավա», «Խզը խուռ մնաս», «Մեծ կուտուրդ  անջոկտ մնա», «Թուն բաթուն տառնաս», «Ըրածս աշկերտ ունի», «Ըռնըթաթախ տառնաս», «Կեծակը տանի», «Թիքեքդ հվաքվի», «Չափարնիդ կուտրատվի, ածվի փորդ»:

Ահա և բարեմաղթանքները. «Աչքդ լույս լինի, փոխնալ քեզ իլի», «Մի կուտուր հացը սեղանատ անպակաս իլի», «Տոնդ ավադ կենա», «Օջախդ շեն կենա», «Վոննը կալիքդ բարի իլի» և այսպես շատ ու շատ բարեմաղթանքներ:

Իսկ ո՞ւր մնացին մեր արկածախնդիր բարեկամները: Գյուղում կային չորս արկածներով հարուստ մարդիկ՝ Սեդրակ Ասրյանը, Գոգոլ դային, Գելոգը և Քրիստափոր պապին (ողջ է միայն Քրիստափոր պապիկը):

Կատակում են Դարբասցիները

Սերգեյը (Գելոգը) դիմում է բժշկին.

-Բժի՛շկ, ես ռեմատիզմ եմ, չե՞ս կարա` մի դեղ ու դարման անես:

-Բայց ինչի՞ց գիտես, որ ռևմատիզմ ես:

-Բա ոնց չգիտեմ, լուցկին աման ռես գրպանմս տինիլից,  թրջվմա:

Քրիստափոր պապիկի տունը գերեզմանատան մոտ է: Նա շատ հավ ունի, և հավերը միշտ գերեզմանատան խոտն էին ուտում: Մի օր բարեկամներից մեկը հյուր է գնում ու տեսնում, որ հավերը գերեզմանատանն են, և ասում է.

-Քրի՛ստ, հավերդ հիմա լավ ձու կածեն, կամաչ խոտ են ուտում:

-Ճիշտ է, լավ ուտում են, համա ձու չեն ածում: Գերեզմանատան քարերը տեսնելով՝ հավերս հուզվում են:

Գոգոլ դային իր ընկերների հետ գնում է քեֆի: Քեֆի ժամանակ խորովածը ինքն է բաժանում.

-Էս մեկը ինձ, էս էլ` քեզ:

Ու այսպես տասը մարդկանց մեջ բաժանում է: Վերջում ընկերներն ասում են.

-Գոգոլ դայի, էս քեզ հունց վեր շատ իլավ խրովածը:

-Հու՞նց շատ իլավ, չասեցի՞`  մինը ինձ, մինը` քեզ:

Սա էլ իմ գյուղի առօրյան:

անի հարությունյան /մայիսյան/

Իմ բրդոտ ընկերը

Փոքրիկ շուն ունեի, անունն Արջուկ էր: Շատ բրդոտ էր, դրա համար էլ այդպես էինք անվանել: Մորթին սև ու մոխրագույն էր, տեղ-տեղ էլ սպիտակ երանգներ կային: Հետաքրքիր ու թախծոտ աչքեր ուներ, հաճախ էր տխուր հայացքով նայում: Ձայնը բարակ էր, ու երբ հաչում էր, մի քիչ «սղոցում» էր ականջս:

Ծնված օրվանից մեր բակում էր: Ես էլ բավականին փոքր էի: Շատ էի նեղվում, երբ գիշերները նվնվում էր: Քիչ էր մնում վերցնեի ու բերեի տուն: Իմ ու եղբորս հետ մեծացավ, արդեն մեր տան անդամն էր: Բոլորս սիրում էինք: Երբ երկար ժամանակով բացակայում էինք տանից, միշտ մտքումս էր, թե ինչ կերավ, ինչ արեց: Հենց վերադառնում էինք, մեքենայի ձայնը լսելուն պես վազում էր մեր առաջ, կարոտած «փաթաթվում» մեր ոտքերին, ու այնպես էր պոչը շարժում, թվում էր՝  պարում է:

Հաճախ նստում էի կողքին՝ աստիճանների վրա, ու երկար նայում, մեկ-մեկ էլ խոսում էի հետը: Ուշադիր լսում էր, ամեն ինչ հասկանում, ու եթե խոսել իմանար, հաստատ կպատասխաներ: Երբ տխրում էի, կարծես զգում էր ու կարեկցող հայացքով նայում ինձ:

Մի քիչ վախկոտ էր: Երբ անծանոթ շներ էին հայտնվում բակի մոտերքում, միայն հեռվից էր հաչում, իսկ երբ տանից դուրս էի գալիս, այնպես էր սլանում նրանց կողմը, որ թվում էր՝  հիմա կհոշոտի:

Մի քանի տարի առաջ վերանորոգում էինք տունը: Ամենուր փոշի, խառը իրեր: Ու մեր Արջուկը հմտորեն օգտվում էր ազատությունից, հանգիստ ելումուտ էր անում տուն: Բարձրանում էր երկրորդ հարկ, նստում մահճակալիս կողքը մինչև արթնանայի:

Միշտ ասում էի.

-Մա՛մ, ի՞նչ պիտի անենք, որ Արջուկը չլինի: Ես չեմ դիմանա…

Բայց…Մի քանի օր էր, չկար: Սկսեցինք անհանգստանալ: Չէր երևում, չէր հաչում, էլ չէր վազում դիմացս, երբ գալիս էի տուն…

Այդպես էլ չհայտնվեց…

Դրսում շատ շներ կան: Հաճախ վեր եմ թռչում, երբ հաչում են…Այնքան նման է լինում Արջուկիս ձայնին…

Միշտ ականջումս հնչում է Արջուկի ուրախ ու զրնգուն ձայնը: Կյանքում իմ առաջին ամենամեծ կորուստն էր: Նա ինձ հետ է, իմ խենթ ու խելառ մանկության հետ, ու ինձ կուղեկցի իմ ողջ կյանքում:

hripsime vardanyan

Ավստրուհի տատիկս

Փոքր տարիքից մինչ հիմա ինձ ասում են, որ ես նման եմ իմ ավստրուհի տատիկին: Այն ժամանակ չէի հետաքրքրվում, թե ով է նա, և ինչով եմ նման նրան: Ինձ հետաքրքրեց` տատիկս իրո՞ք եղել է ավստրուհի, թե նրա բնավորության ինչ-որ գծի համար են իրեն ավստրուհի ասել: Միակ մարդը, ով տեղյակ էր ամբողջ պատմությունից, դա իմ հորեղբոր կինն էր: Դե լավ, սկսենք պատմությունը: 

Իրադարձությունները սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ հայրիկիս Հրաչ պապիկը գնում է պատերազմ: Կռվի ժամանակ վիրավորվում և գերի է ընկնում Ավստրիայում: Նրան և մյուս վիրավոր գերիներին տանում են հոսպիտալ: Հոսպիտալի բուժքույրերից մեկը նրան առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Վիրակապերը փոխելու ընթացքում զրույցները և հարցուփորձերը բուժքրոջը ստիպում են պապիկիս տեղափոխել իրենց տուն: Դժվարությամբ, բայց նա կարողանում է դա անել: Բուժքույրը  պապիկիս ծանոթացնում է իր աղջկա հետ: Այդ աղջիկը իմ տատիկն էր՝ իմ Մարիա տատիկը: Նրանք սիրահարվում են: Ինչ որ ժամանակ անց որոշում են ամուսնանալ: Սակայն երկրի կառավարությունը հրաման է արձակում, ըստ որի բոլոր գերիները պետք է աքսորվեն երկրից: Մարիա տատիկս որոշում է իր ապագա ամուսնու հետ հեռանալ: Նրանք գնում են ԱՄՆ, այնտեղ ապրում են որոշ ժամանակ, հետո վերադառնում են Հայաստան: Այստեղ ապրում են մոտ քառասուն տարի: Քառասուն տարի անց տատիկս որոշում է այցելել իր հայրենիք: Սակայն մերժում է ստանում, երկիրը նրան չի ճանաչում որպես քաղաքացի: Այսպես նա ստիպված է լինում  ամբողջ կյանքը անցկացնել և մահանալ առանց վերջին անգամ հայրենիքը տեսնելու:

Ահա այսպիսի հուզիչ պատմություն դուրս եկավ ավստրուհի տատիկիս պատմությունը:

Աղվերանի մեդիա ճամբար. «Մանանա» երկնքի աստղերը

Ժամը 21:48 է: Սովորական գիշեր, սովորական 21:48… Բայց ինձ համար այս սովորական ամեն ինչը մի տեսակ տարօրինակ է թվում: Դնում եմ ականջակալներս ու ”Don’t let me down”-ի առաջին հնչյուններից հետո հասկանում եմ, թե ինչու է հատկապես այս գիշերն այսքան տարօրինակ թվում: Երեկ այս ժամին մենք բաց երկնքի տակ էինք՝ մի խումբ մարդիկ, ովքեր հավաքվել էին ամառային մեդիա  ճամբարում: Մենք պարում ենք, բայց շուտով ”Don’t let me down” երգը չգիտես ինչու ստիպում է մեզ պառկել խոնավ խոտերի մեջ ու նայել երկնքին: Նայում ենք երկնքին, անգամ երկինքն այսօր անսովոր աստղազարդ է:

-Էրեխեք, մտածում եմ՝ ո՞նց կարա աշխարհը էսքան սիրուն լինի:

-Ո՞նց կարա էս աշխարհը ընդհանրապես լինի,- լսում եմ Նարեկի ձայնը:

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը` Հովնան Բաղդասարյանի

Կան պահեր, երբ խոսելու կարիք բոլորովին չկա, երբ ամեն ինչ արդեն ասված է լռությամբ: Նայում եմ ատղերին: Մեզանից յուրաքանչյուրն ունի իր աստղը երկնքում: Մեկը ավելի պայծառ ու անհանգիստ՝ Կարինեի նման, մյուսը՝լուռ ու համեստ լույսով, Մարինեի նման, աստղերից մեկը փոքր է ու նուրբ լույս ունի՝ Գայանեի աստղն է: Էս մեկը Սերյոժայի աստղն է՝ զուսպ ու հանդարտ լույսով, ահա Ժորայի աստղը, որն անմիջապես գրավում է ուշադրությունդ, ռիթմով պայծառանալով ու խավարելով: Քիչ այն կողմ Արմանի կրեատիվ աստղն է, էս մեկը Լուսինեի աստղն է՝ լուսավոր ու խուճուճ շողերով, Նարեկի աստղը լուռ է: Ես նայում եմ այդ աստղին ու վստահ եմ, որ այդ աստղի ներսում անսպառ լույս կա, որն անզեն աչքով տեսանելի չէ: 6 օր առաջ այս աստղերը հավաքվել էին այստեղ, որպեսզի իրենց լույսի առանձնահատկությունները փոխանցեն միմյանց:

-Հը՞, Սերյոժ, տխո՞ւր ես,- խախտում եմ ես լռությունը:

-Եսիմ, երևի…

Ու բոլորս էլ այդ հարցին կպատասխանեինք այդ անորոշ «եսիմ»-ով:

Վաղը ճամբարում հավաքված այս աստղերը կցրվեն՝ մի օր «Մանանա» երկնքում կրկին հանդիպելու ու միասին ավելի պայծառ վառվելու համար:

Ani avetisyan

Աղվերանի մեդիա ճամբար. Ժպիտով. ավարտ

Մի քիչ վերև, մի քիչ էլ: Լա՞վ է: Սկսեցի՜նք:

-Ի՞նչ տվեց մեզ մեդիա ճամբարը:

Թվել այդ ամենը այնքան էլ հեշտ չէ, ով եղել է` կհասկանա: Բայց չգրելը երևի կնշանակեր չգնահատել: Գուցե ո՞չ: Չգիտեմ:

Հուլիսի քսանութը շատերիս համար անմոռանալի օր դարձավ, տոն. oրացույցիս վրա կարմիրով եմ նշելու:

Գնացի՛նք….

Արդեն hետ ենք եկել: Բայց ոչ, մի տեսակ բոլորս դեռ միասին ենք` դահլիճում, ճաշարանում, պարասրահում, ամենուր:

Դեռ խոսում ենք, ծիծաղում: Անկե՛ղծ: Մեկ շաբաթ ոչ մեկիս դեմքին ոչ մի կեղծ բան չկար: Ամեն ինչ ի սրտե էր, լիաթոք: Անկեղծ էինք: Լինելու՛ ենք:

-Մենք վերջացրեցինք, բայց սա միայն սկիզբն է:

Վերջին օրը շատ լսեցինք այս խոսքերը: Բոլորս էլ սպասում ենք այդ նոր սկզբին, նորից իրար տեսնելու, ժպտալու, խնդալու: Դեռ կհանդիպենք: Հաստատ:

Դժվար է հավատալը, չէ՞: Քառասուն տարբեր մարդիկ, տարբեր երազանքներով ու նպատակներով, մեկ շաբաթում դարձան մի թիմ, ընտանիք: Բանա՜կ:

Եվ գիտե՞ք, թե դա ինչպես ստացվեց: Ո՞վ, չէ` ինչն էր «մեղավորը»: Ժպիտը: Ասում են, թե ժպիտը սկսվող ընկերության գրավականն է: Իսկ մենք ժպտում էինք բոլորին, ծանոթ- անծանոթ, մոտ ու հեռու: Ժպտում էինք, զգալով, որ նոր ընկերություն է ծնվելու: Խենթ ու անկեղծ  ընկերություն: Չսխալվեցինք: Եվ շատ ժամանակ էլ պետք չէր: Հասանք հյուրանոց ու հասկացանք, որ չենք ամաչում, չենք քաշվում: Ասես հազար տարվա ծանոթեր լինենք:

Մեկ, երկու, երեք….

Օրերն այնքան արագ անցան, որ չհասցրեցինք անգամ հաշվել: Պետք էլ չէր: Ֆոտոարշավ, ֆիլմեր, լրագրություն ու մոնտաժ: Որքան արագ սովորեցինք: Ավելի մտերմացանք: Միասին էինք ամենուր, անգամ հանգստի քիչ ժամերին: Մինչ ուշ երեկո, գիշեր: Խաղեր, կատակներ, լիքը- լիքը ջերմ ու գեղեցիկ զգացմունքներ, որ ծնվում էին ամեն ժպիտից, երբ աչքերդ կանգնում էին մեկ ուրիշի աչքերի առաջ: Հենց այդպես էլ ծնվում է ընկերությունը, օգնում էինք իրար և  այն անհաղթահարելի էր դառնում: Ու թվում է, թե ոչ միայն մարզերի, այլ նույնիսկ երկրների տարբերությունը մեզ բաժանել չի կարող: Այդպես է, երևի:

Չորս, հինգ, վեց…..

Զգում էինք, որ ավարտը մոտենում է, բայց մեզ դեռ ֆիլմեր էին սպասվում: Ու իրականացավ երազանքս` ֆիլմ նկարահանեցի, պատկերացնու՞մ եք: Ես չէի պատկերացնում: Դե,հիմա էլ պատկերացրեք, թե ինչպես էին փայլում աչքերս, երբ գովեստի խոսքեր էի լսում: Մինչև հիմա էլ փայլում են: Ասում են` ամեն ինչ էլ առաջին անգամ է լինում: Էլի եմ ուզում, շա՜տ: Երկրորդը, երրորդը, նորից ու նորից:

Դեռ շարունակւմ էինք գրել, նկարել, մոնտաժել ու իրար հետ փոխանակվել համարներով: Կզանգենք, կգրենք:

Եվ հենց այսպես` ժպիտով էլ ամեն բան մոտեցավ ավարտին, այնպես, ինչպես սկսվել էր: Բայց չէ որ ամեն մի վերջ ինչ-որ նոր բանի սկիզբ է: Սպասելու ենք:

-Կկարոտեմ: Արդեն կարոտում եմ, երեխե՜ք…

Աղվերանի մեդիա ճամբար. Որպես ավարտ

Ամեն լավ բան ունի սկիզբ և վերջ, քանզի ոչինչ հավերժ չէ: Ահա և վերջ, ավարտվեց մեր յոթնօրյա մեդիա ճամբարը: Մեզ մնացին միայն գիտելիքներ, վառ տպավորություններ և լիքը լիքը հիշողություններ թղթակից ընկերների վերաբերյալ: Կկարոտեմ Լյուբայի հավես հեռախոսի զանգը, Ժորայի պարը, Սոսեի` թոլըրա թո կյան, Մարթայի մարթայապարը, Եվայի ծիծաղը, Հռիփսիմեի ու Լեյլիի բարբառը, Աստղիկների մեջտեղում կանգնած երազանք պահելու պահերը, Խաչիկի վիդեոները, Դավոյի Բաղանիսյան պատմությունները, տիկին Ռուզանի խրատները, ընդունարանից եկած բողոքները, Շուշանի ու Մարիամի նյութեր գրելու հորդորները, Դիանայի ֆոտոյի խորհուրդները, Հովնանի ու պարոն Արայի հանգստությունը, Սիսակի հումորները, Աշոտի ու Անուշի ֆուտբոլը, էն մի Անուշի սեղանի հոկեյը: Կկարոտեմ Սերինեյենց սենյակի ուրվականների ու հոգիների պատմությունները, Նարեի հավես ժպիտը, Լիլիթի կազմակերպած խաղերը՝ մասնավորապես էն խաղը, որտեղ մենք հաշմանդամ էինք: Կկարոտեմ Նանեի բրեյք դանսը, Ռուզաննայի, Աննայի ու Հասմիկի կարմրոտ ակնոցները,Ասպրամի կանաչոտ ակնոցները ու լավ բնավորությունը, էդ ձեզ էլ ա վերաբերվում ակնոցավորներ,  Լիլիթի կիսապրոֆեսիոնալ ապարատով արած պրոֆեսիոնալ նկարները, Անիի, Էլյանորայի ու Մարինեի համեստությունը: Կկարոտեմ Արմանի սպիտակոտ մազերը, Գայանեյենց շուտ արթնանալն ու տիկին Ռուզանի համար ծաղիկներ բերելը: Կկարոտեմ մեր «ջոկեր» Կարինեի «Այլ կերպյան» ռեկորդներն ու ակտիվությունը, Նարեկի ու Սերյոժի Մալիշկան, որպես ՀՀ մեծությամբ երկրորդ գյուղ հռչակված լինելու քարոզները, Լուսինեի հայելիով ակնոցներն ու խուճուճ մազերը: Կկարոտեմ մեզ նոր միացած Էլլադային: Կկարոտեմ բոլորին, կներեք ում անունն էլ չհիշեցի… 

Ու եթե հանկարծ անցնեմ Օպերայի, Կասկադի մոտով, գնամ Մատենադարան կամ զբոսնեմ Հյուսիսային պողոտայով, խոստանում եմ, որ անպայման կայցելեմ «Մանանա» կենտրոն, վայր, որտեղ ես բացահայտեցի իմ լրագրողական, լուսանկարչական և օպերատորական հմտությունները:

Աղվերանի մեդիա ճամբար. Վարպետության դաս. Նանե Սահակյան

Այսօր մենք հյուրընկալեցինք «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանին։ Դասընթացը մեզ տվեց շատ կարևոր գործնական գիտելիքներ։

Սկզբից մենք ծանոթացանք  Նանեի հետ ու իմացանք, որ նա 12 տարեկանից հաճախել է  «Մանանա» կենտրոն և հենց այստեղ է լրագրություն սովորել։ Նա մեզ ծանոթացրեց լրագրության գաղտնիքներին: Պետք է լինել օբյեկտիվ, կարողանալ  շփվել մարդկանց հետ, լինել իրադարձությունների կենտրոնում և ներկայացնել իրադարձությունները այնպես, ինչպես կա։ Ես հասկացա, որ լրագրողը պետք է լինի  խիզախ, նրբանկատ, նախաձեռնող, տեղեկացված և համբերատար։Նաև պետք է լինել մարդամոտ, սիրալիր, որ մարդը քեզ հետ մտերմանա և հարցազրույց տալիս ամեն բան ճիշտ պատմի։ Հետո մենք դիտեցինք Նանեի վարած հաղորդումներից մեկը։ Նա բացատրեց, որ լրագրողն ինքը պետք է նյութի թեման գտնի, գրի հաղորդավարի խոսքն ու վարի եթերը։ Նրա տված գիտելիքները մեզ շատ պետք կգան, քանի որ մեզանից շատերը որոշել են մուտք գործել լրագրության բարդ և պատասխանատու աշխարհը։

davit aleqsanyan

Մոնտաժ նշանակում է` հավաքել

Արդեն մեդիա ճամբարի նախավերջին օրն էր: Երբ նայեցի օրակարգին, շատ ուրախացա, որովհետև տեսա, որ մոնտաժ պետք է սովորեինք: Ես մոնտաժի մասին լսել էի, բայց չէի տեսել և անգամ չէի կարող պատկերացնել, թե ինչ է դա: Մոնտաժ բառը ֆրանսերենից թարգմանած նշանակում է հավաքել: 

Մենք սկսեցինք մեր նկարած ֆիլմերը մոնտաժել: Չնայած, որ դա շատ բարդ գործընթաց է, այն ունի իր հետաքրքրությունը: Միայն այն, որ դու ես ֆիլմը դասավորում քո ուզած տեսքով և ձևով, արդեն շատ հետաքրքիր է: Ֆիլմի մոնտաժը անում էինք ֆիլմը նկարահանող թիմով: Մոնտաժելուց լինում էին պահեր, որ մեկս մյուսի հետ համամիտ չէինք լինում կադրերը և ձայնը դասավորելու հարցում: Մոնտաժը հիմնականում անում էր մեր օպերատորներից մեկը, բայց քննարկում էինք ամբողջ խմբով: Մենք անընդհատ բանավիճում էինք ու հարցեր տալիս մեր օպերատորին մոնտաժի վերաբերյալ: Նայում էինք նկարահանված ամբողջ նյութը, որպեսզի ընտրեինք ֆիլմի սկիզբը: Հանկարծ աչքովս ընկավ «դարբնոց»  վերնագրված մի կադր և ես ասացի.

-Եկեք հենց այդպես էլ սկսենք ֆիլմը:

Երեխեքից մի քանիսը համաձայնեցին, բայց մի մասն էլ պնդում էր, որ ֆիլմը այլ կերպ սկսվի, իսկ իմ ասած կադրով ավարտվի: Երկար բանավեճերից հետո իմ ասած կարդը ուղևորվեց դեպի ֆիլմի վերջ: Այդպես էլ ավարտվեց մեր ֆիլմը և մոնտաժը նույնպես:

Աղվերանի մեդիա ճամբար. Օր վեցերորդ

Մեդիա ճամբարի վեցերորդ օրը, ինչպես միշտ, մեզ էր սպասում նախաճաշը, որը, ի միջի այլոց, անցնում է հրաշալի. այնքան ենք ծիծաղում, որ անգամ մոռանում ենք ուտելու մասին: Հրաշալի նախաճաշից հետո կոնֆերենս դահլիճում քննարկում էր ընթանում, որը վերաբերում էր երեկվա հանդիպմանը Լևոն Քալանթարի հետ: Այնուհետև մենք ունեինք ազատ ժամանակ և քանի որ վերջին օրն էր ճամբարի, որոշեցինք իջնել բակ և լուսանկարվել: Հետո մեզ էր սպասում հավես աշխատանք, մենք վիդիո նկարահանումով պետք է հարցազրույց վերցնեինք երեխեքից ու փոքր ֆիլմ դարձնեինք: Աշխատանքը անցավ շատ հաճելի միջավայրում, ու ինչպես միշտ, այնքան ծիծաղեցինք, որ մտածում եմ՝ կյանքս մի քանի տարով երկարեց:

Օրվա երկրորդ կեսին ավարտին հասցրինք փիքսիլեյշնի նկարահանումները: Ի դեպ, շատ հետաքրքիր անցավ, ու հիմա անհամբեր սպասում եմ վերջնական արդյունքին: Իսկ երեկոյան մասնակցեցինք վարպետության դասի Նանե Սահակյանի հետ: Հպարտությամբ ուզում եմ նշել, որ Նանեն ևս Մանանայի սան է եղել, իսկ հիմա աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում որպես լրագրող և մոդերատոր: Սկզբում նա պատմեց Մանանայում ունեցած իր ճանապարհի մասին, իսկ հետ մասնագիտական խորհուրդներ տվեց: Զրույցը իրոք շատ հետաքրքիր էր: Լինել այդքան երիտասարդ ու պրոֆեսիոնալ իսկապես մեծ հաջողություն է: Սակայն անկախ ամեն ինչից՝ մենք բոլորս էլ այսօր տխուր ենք, քանի որ վերջին օրն է ճամբարում: Բայց ինչևէ, մենք արդեն մի թիմ ենք դարձել ու շարունակելու ենք շփվել մինչև վերջ ու ամենակարևորը լինել ակտիվ 17.am-ում:

Աղվերանի մեդիա ճամբար. Միշելի քեռին

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մի քանի օր առաջ քննարկում էինք և փորձում ընտրել 19 կինոյի թեմաներից մի քանիսը, որոնք պետք է նկարահանեինք Աղվերանի մեդիա ճամբարի օրերին: Բոլոր թեմաներն էլ հետաքրքիր էին, բայց ես  անմիջապես ընտրեցի «Միշելի քեռին» աշխատանքային վերնագրով թեման, և շատերը հավանություն տվեցին այդ ֆիլմը նկարելու գաղափարին: Ասեմ, որ Միշելը մեր Արարատի մարզի թղթակիցներից է:

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Լուսանկարը` Խաչիկ Բունիաթյանի

Մենք հասանք Չարենցավան` ԱրթուրԳալստյանենց տուն: Մեզ դիմավորեց նրա ուրախ ու գեղեցիկ ընտանիքը: Արտակը գամված է հաշմանդամի սայլակին: Նա ուրախ ժպիտով մեզ ներս հրավիրեց: Նստեցինք և սկսեցինք զրուցել: Սպորտում բազմաթիվ հաջողություններ ունեցող մեր ֆիլմի հերոսը ունեցել է բազմաթիվ հաղթանակներ: Արթուրը զբաղվում է սեղանի թենիսով և բասկետբոլով: Երբ ցույց տվեց իր պատվոգրերն ու մեդալները, հասկացա, որ շատ ուժեղ կամքի տեր մարդ է: Երեխաները շրջապատել էին մեզ և հետաքրքրությամբ նայում և լսում էին:  Արթուրին կյանքը չի ընկճել, նա զբաղվում է արհեստով, կարողանում է մեքենա վարել, շատ ակտիվ մարդ է: Ավելին, Արթուրը մտածում է նաև բոլոր այն սահմանափակ կարողությունների տեր մարդկանց օգնելու մասին, որոնք ապրում են իրենց քաղաքում:

Արթուր Գալստյանի մասին ավելի շատ բան իմանալու համար սպասեք մեր ֆիլմին: Հաստատ ձեզ էլ կոգեշնչի նրա կերպարը: