Ամառային հոբբի
Առավոտյան 8։00։ Պիկ-պիկ-պիկ… Արթնանում եմ, վախենալով, որ դպրոցից կուշանամ։ Անջատում եմ զարթուցիչն ու պատահական տեսնում ամսաթիվը՝ 2/06/2016։ Օ~, այդ արքայական զգացումը, որ կարող եմ շարունակել քնել։ Արդեն արձակուրդ էր. մոռացել էի զարթուցիչն անջատել։
Արթնանում եմ 10:30, իսկ անկողնուցս վեր եմ կենում մոտավորապես 11-ին։ Հետոն արդեն պարզ է՝ լոգարան, նախաճաշ և այլն։ Բայց այստեղ մեջս առաջացած պայմանական ռեֆլեքսին հակասող բան կար։ Նախաճաշից հետո ես սովորականի պես փորձեցի վերցնել պայուսակս ու գնալ դասի։ Ես արդեն սովոր էի, որ եթե առաջ հրվելով վերցնեմ պայուսակս, ապա դրա ծանրությունը կկանգնեցնի ինձ։ Այս անգամ այն տեղում չէր։ Ես, հենվելով առաջ, չբռնվելով պայուսակիցս, քիչ էր մնում ընկնեի աստիճաններից։ Լավ է, որ հասցրի բռնվել վանդակապատից (առաջին անգամ եմ լսում այդ բառը. նոր համակարգչով գտա)։ Դե, դա այն բանն է, որից բռնվելով իջնում են աստիճանները։ Բռնվում եմ այդ վանդակապատից ու 2-3 վայրկյանով տեղում քարանում։
-Աաաա՜,- ճկույթս խփել էի այդ անիծված վանդակա․․․ դե, էն բռնվելու բանին։ Գոռում եմ իմ` նոր հաստացող և լրիվ չձևավորված ամբողջ ձայնով, և հասցնում մինչև հարևանների ականջները. ոչ մի ձայնամեկուսիչ պատուհան ի զորու չէ դիմակայել այդ ցավին։ Մի 10 րոպե մղկտալուց հետո ստանում եմ հեռախոսազանգ.
-Էրիկին վերց, իջի դաշտ:
Էրիկը Ռուսաստանից եկած ընկերս էր։ Դե, իհարկե, ես չէի կարող մերժել այդ գայթակղիչ առաջարկը՝ խաղալ ֆուտբոլ ընկերների հետ։ Ճիշտն ասած, ես այն եզակի տղաներից եմ, ով այդքան էլ չի սիրում ֆուտբոլ խաղալ, բայց դե, տղերքի հետ ուրիշ ա, էլի։ Եթե այդ ֆուտբոլը չլիներ, մեր ամառը մի քիչ իր գույնը կկորցներ։ Առանց ֆուտբոլի դժվար է պատկերացնել մեր առօրյան։ Խաղում ենք ոնց պատահի, ում հետ պատահի, ինչով պատահի և ոնց պատահի. առավոտից երեկո, ամեն օր։ Ֆուտբոլի միակ թերությունը հոգնած տուն գնալն է, ու այդ չարաբաստիկ «դիքը» բարձրանալը. մեր տղերքն ինձ կհասկանան։
Ահա, հասա տուն ու միանգամից գնացի քնելու: Այս անգամ զարթուցիչը կանջատեմ։ Վերջապես կիմանամ՝ վերջում Էմիլին մնա՞ց մեզ մոտ, թե՞ վերադարձավ Երևան։
Հ․Գ․ Սիրում եմ ընկերներիս տեսնել երազումս։
Այսօր մենք ավելի մեծ գործ ունենք անելու
Կոթիի մասին տեղեկությունները շատ քիչ են: Համարվում է հին բնակավայր, բայց ստույգ տեղեկություն, թե երբ է ստեղծվել՝ չկա: Հնագետները բազմիցս ուսումնասիրություններ են կատարել Կոթիում: Մոտ 4 տարի առաջ էլ հնագիտական պեղումներ կատարելու նպատակով Կոթի են եկել շատ հեղինակավոր հնագետներ: Նրանք Կոթիի «Պառնանց դուզ» կոչվող թաղամասում հայտնաբերել են բրոնզեդարյան գործիքներ: Բացի այդ, «Նզարանց թաղ» կոչվող թաղամասում էլ հայտնաբերել են ուրարտական արձան, որը պատկանում է Ք.ա. VIII դարին:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի
Կարծում եմ, պատկերացնելու համար, թե որքան հին բնակավայր է Կոթին, բավական է իմանալ, որ այստեղ հայտնաբերվել են անգամ բրոնզեդարյան ժամանակաշրջանին պատկանող իրեր: Այսինքն, եթե հաշվի առնենք, որ բրոնզե դար է կոչվել Ք.ա. IV-III հազարամյակն ընկած ժամանակաշրջանը, ապա կարող ենք համոզված լինել, որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին գտնվող Կոթի համայնքն ունի ավելի քան 5 հազարամյա պատմություն:
Կոթին երկար ժամանակ եղել է Վրաստանի կազմում: 1045թ. Անիի թագավորության կործանումից հետո Լոռվա տարածքը միացել է Վրաստանին: 1801թ. Կոթին Վրաստանի հետ միացել է Ռուսաստանին: Թուրք-սելջուկների հարձակումից հետո Դավիթ Շինարարը ազատագրեց Լոռին: Մոտավորապես 1113թ.-ից հետո այն կրկին Վրաստանի կազմում էր: Հայերը սկսել են գաղթել դեպի Վրաստան: Գաղթն այնքան է շատացել, որ հետզհետե Թիֆլիսում (Տփղիս) և Գորիում հայերի թիվը գերազանցել է վրացիների թվին:
Ցարական արխիվից օգտվելով պատմաբան Լեոն գրել է, որ 1801թ. Վրաստանում եղել է 9750 ծուխ հայ ընտանիք և ընդամենը 700 ծուխ վրացի: Շատ կոթեցիներ ևս հնում ապրել են Վրաստանում: Ցարական կառավարության տվյալներով 1817թ. Կոթիում եղել է 41 տուն, 262 բնակիչ՝ 132 տղամարդ, 130 կին:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի
Հետագայում՝ 1826-28թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո թուրքական և պարսկական խաները սկսել են ավելի շատ հալածել հայերին, հատկապես՝ Ղարաբաղի շրջանում: Որտեղից էլ հայերը սկսել են գաղթել և հաստատվել նաև Կոթիում և հարակից տարածքներում: Դրա հետևանքով կարճ ժամանակում աճեց նաև Կոթիի բնակչության թիվը: 1850-ական թվականներին այստեղ կար մոտ 700 բնակիչ: Այդ ժամանակաշրջանում Կոթին բնակչության թվի մեծությամբ տարածաշրջանում եղել է երկրորդը՝ Բերդավանից (Ղալաչա) հետո:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի
Ինչ վերաբերում է համայնքի Կոթի անվանը՝ կա 2 վարկած: Ըստ առաջին վարկածի այն եղել է տարածաշրջանի ծայրամասում գտնվող գյուղը՝ Լոռվա թագավորության կազմում, որի շնորհիվ էլ կոչվել է Կոթի: 2-րդ վարկածի համաձայն, հին ժամանակներում կոթեցիներն ապրում էին գետնափոր տներում, իսկ ծխնելույզի փոխարեն տան կտուրին փայտե կոթ էին դնում: Այդպես էլ գյուղը կոչել են «Կոթերի գեղ՝ Կոթի գեղ»: 1964թ. փոխվեց գյուղի անունը: Կոթին դարձավ Շավարշավան, ի պատիվ Հայաստանի հեղկոմի անդամ, անվտանգության կոմիտեի նախագահ Շավարշ Ամիրխանյանի: 1991թ. գյուղապետ Սևակ Մանթաշյանի նախաձեռնությամբ, դիմում ներկայացվեց Ազգային ժողովին: Նպատակը՝ գյուղի նախկին անունը վերականգնելն էր: 1991թ.-ից ի վեր գյուղը հայտնի է Կոթի անվամբ:
Անհնար է պատկերացնել համայնք՝ առանց կրթական գործի, առանց դպրոցի: Գյուղի միջնակարգ դպրոցը բացվել է 1893թ.: Երկար տարիներ դպրոցում դասավանդել է նաև Հովսեփ Աբովյանցը, ով ժողովրդի կողմից արժանացել է «վարժապետ» կոչմանը: Նա մեծ դեր է խաղացել նաև Կոթիի հողերի պաշտպանության ժամանակ: Կառուցել է աղբյուրներ ու հուշարձաններ: 1912թ. Աբովյանցը ժողովրդին ասել է, թե Կարմիր օրենք է ընդունվելու, սովետական իշխանություն է գալու, բայց դա երկար չի տևելու: Եվ ահա 1991թ. «վարժապետի» կանխատեսումն իրականություն դարձավ: Փլուզվեց սովետական իշխանությունը:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի
Կոթիի մասին որոշակի տեղեկություններ է հաղորդել նաև ղարաբաղցի նշանավոր պատմաբան, քահանա Մակար Բարխուդարյանը, ով 1895թ. եղել է Կոթիում: Նա վկայել է, որ Կոթին Տավուշի մարզում առաջինն է վարելահողերի քանակով՝ մոտ 2000 հա:

Լուսանկարը` Սերինե Հարությունյանի
Ո՞վ չգիտի, որ հողն արյունով են պահում: Կոթիի հողերն էլ պահվել են մեր նախնիների արյունով: 1920թ. Կոթիի վրա հերթական անգամ հարձակում գործեցին թուրքերը: Գյուղը պաշտպանության անցավ: Կռիվը շարունակվեց 18 օր: Սակայն ժողովուրդը չհանձնվեց, դիմադրեց մոտ 10000-անոց թուրքական բանակին: Շուրջ 1000 զինվոր մարտի նետվեցին` պատրաստ լինելով հանուն գյուղի ու հայրենիքի զոհել անգամ ամենաթանկը՝ կյանքը: Գյուղում կար 2 «Մաքսիմ» գնդացիր: Գնդացիրներից մեկը բերել էր հայտնի ներկարար Համբարձում Բեջանյանը (Զոկ), մյուսը՝ Կես թագավորը: Այս մարտերում էլ կոթեցի մի շարք հերոսներ անմահացան: Համբո և Վանիչկա Սարատիկյաններն ու բազում այլ հայորդիներ զոհվեցին անհավասար մարտերում:
Իսկ այսօր մենք էլ ավելի մեծ գործ ունենք անելու` պատվով ապրել այն հողի վրա, որ մեր պապերի արյունով է պահվել: Ապրել ու արարել այն հողի վրա, որտեղ այժմ էլ կյանքը շարունակվում է մեր սահմանապահ հայրերի ու եղբայրների անցկացրած անքուն գիշերների շնորհիվ:
Հ. Գ. ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել պատմաբան Սևակ Մանթաշյանին, ով ինձ պատմեց այս ամենը:
Բոլոր փափուկ խաղալիքներից ամենափափուկը
Երբ ես փոքր էի, միշտ երազում էի ունենալ եղբայր, ցանկալի էր փոքր, որ նրան սովորեցնեի տարբեր ու հետաքրքիր բաներ: Ես ունեի խաղալիքներ, ունեի զարմիկներ` քույրեր և եղբայրներ, բայց ուզում էի ունենալ եղբայր, որը միշտ կքներ իմ կողքին: Մինչ եղբորս ծնվելը հայրս մեկուկես տարով մեկնել էր Միացյալ Նահանգներ, և դրանից հետո ես և մայրս մնացինք տանը մենակ:
Գարնանը` ապրիլի 19–ին առավոտյան ես արթնացա տատիկիս տանը, որը գտնվում էր մեր տան ներքևի հարկում: Ես հարցրեցի.
-Ես ի՞նչ եմ անում այստեղ, և ուր է մաման:
Տատիկը պատասխանեց.
-Մամադ հիվանդանոցում է, ու ծնվել է Բորկան:
Ես շատ ուրախացա և սկսեցի պատկերացնել, թե ինչպես ենք խաղալու միասին:
Երկու օր հետո մենք գնացինք մայրիկին և Բոկային բերելու: Բոկան ավելի փափուկ էր, քան իմ փափուկ խաղալիքները, և ավելի խելոք, քան յուրաքանչյուր երեխա:
Բայց հիմա նրա հետ շատ դժվար է: Նա ինձ չի լսում, և մենք հաճախ վիճում ենք իրար հետ, բայց հետո հաշտվում: Մենք միշտ միասին բոլոր անլուծելի խնդիրներից դուրս ենք գալիս միասին և ուրախացնում մայրիկին:
Օրինակ, մի անգամ Ծաղկաձորում ես և եղբայրս գնացինք փոքր ձորում զբոսնելու: Մենք այնքան էինք տարված զբոսնելով, որ չէինք զգացել, որ շատ ենք հեռացել: Հետ գնալիս մեր ճանապարհը փակել էին փշոտ թփերը: Հետո հասկացանք, որ մոլորվել ենք, բայց Բոկան փայտ գտավ, և այդ փայտով մենք սկսեցինք մեզ ճանապարհ բացել և վերջապես դուրս եկանք: Վտագավոր էր, բայց արկած էր: Բոկայի հետ ես միշտ կգնամ դեպի նոր արկածներ:
Գետի սեզոնն սկսում է

Լուսանկարը՝ Մարիամ Այդինյանի
Արդեն ամառ է, շոգ ու անտանելի եղանակ: Մեծերի համար պրծում չկա, բայց մեր ձեռքն էլ հո քարի տակ չէ՞: Ես պաշտոնապես համարում եմ գետի սեզոնը բացված: Սկսում է գետի սեզոնը, և դա ի՞նչ է նշանակում: Նշանակում է, որ վառվելու ենք արևի տակ, որ սկսվում են մեր ամառային արկածները, որ անպայման կլինի այնպիսի բան, որ դեռ երկար կհիշենք:
Սկսվում է «Բումը», այսինքն` կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր դժգոհ կլինեն, որ մենք, այսպես ասած, օգտվում ենք նրանց այգու համով դեղձերից:
Ու մի այսպիսի պատկեր է ստեղծվում. մեր շատ սիրելի Թոմի ու Ջերիի պատմությունը, բայց ջերիները շատ են: Ինչպես միշտ, մենք չենք բռնվում: Դե, գիտեք, մենք` տղաներս, պարկուրի որոշ հնարքների լավ ենք տիրապետում: Ահա և հասանք գետ: Ի՞նչ է մեզ այստեղ սպասվում, հեսա տեսնենք: Հա, հաստատ մի բան կլինի, որ մեզ մինչև տուն հասնելը լավ կծիծաղեցնի: Երևի մեկը ինչ-որ արկածախնդրություն կանի, ու կսկսվի մեր արկածների երկրորդ փուլը:
Վերադարձն ամենատհաճն է. սոված, ծարավ, ուժասպառ, հոգնած, ոտքի վրա հազիվ ենք կարողանում կանգնել: Ոչ թե մենք ենք կառավարում ոտքերին, այլ նրանք մեզ: Հասնում ենք դեղձի ծառի մոտ ու գիտակցում, որ հաստատ չենք կարողանա այս վիճակով «պլստալ» տիրոջ ձեռքից: Մեզ հազիվ զսպելով անցնում ենք կողքով ու «ջուր» կանչելով հասնում մոտակա աղբյուրին: Այսպես քայլելով հասնում ենք տուն ու սկսում հաշվել մոծակների խայթած տեղերը:
Հ.Գ. Որ հիշում եմ մոծակներին, գետ գնալս չի գալիս:
Երբ մի վայրում են հավաքվում ԵՄ դեսպանը, Վիլյամ Շեքսպիրը, «Մանանա» կենտրոնը և ուրիշներ…
Մայիսի 9-ը ամեն տարի նշվում է որպես Եվրամիության օր, որով և սկսվում է Եվրոպային նվիրված միջոցառումների շարքը, որը Հայաստանում այս տարի տևեց մինչև հունիսի 5-ը: Հենց այդ օրն էլ Հայաստանում մեծ շուքով նշվեց Եվրոպայի օրը: Միջոցառումները բացվեցին ԵՄ դեսպանի ելույթով, որից հետո դեսպանը շրջեց տաղավարներով և հայտարարեց ցերեկույթի մեկնարկը:

Լուսանկարը՝ Նոնա Պետրոսյանի
Ողջ Հյուսիսային պողոտան վերածվել էր փոքրիկ Եվրոպայի, այստեղ առանձին տաղավարներով ներկայացված էին եվրոպական երկրների մշակութային առանձնահատկությունները, նրանցում հայ երիտասարդների համար առավել հետաքրքիր ծրագրերն ու կրթական կենտրոնները, նրանց գործունեությունն ու առավելությունները: Ներկայացված էին նաև Եվրամիության կողմից հովանավորվող կազմակերպությունները, այդ թվում նաև` 17.am կայքի և Պատանի թղթակիցների ցանցի հիմնադիր «Մանանա» կենտրոնը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
Օրն ավելի հետաքրքիր դարձնելու համար կազմակերպությունները նախաձեռնել էին մրցույթ-վիկտորինաներ, որոնցից յուրաքանչյուրը վերաբերվում էր որևէ կոնկրետ թեմայի: Օրինակ՝ Միացյալ Թագավորության տաղավարում Շեքսպիրը, ով դարձել էր օրվա ուրախությունը, հարցնում էր հեղինակի ստեղծագործությունների և Մեծ Բրիտանիայի մասին, իսկ մրցանակները բրիտանական հուշանվերներ էին: Dasaran.am-ն անցկացնում էր «Բացահայտիր Եվրոպան» խաղի օֆ-լայն տարբերակը, և այսպես շարունակ: Միաժամանակ, օտարերկրացի կամավորները ներկաներին սովորեցնում էին իրենց ազգային պարերը, ծանոթացնում երկրի մշակույթին: Նրանցից մեկի հետ էլ ես և 17-ի մի քանի թղթակիցներ սովորեցինք հունգարական գեղեցիկ մի պար:
Մասնակից յուրաքանչյուր կազմակերպություն իր առջև նպատակ ուներ հայ երիտասարդների համար հասանելի դարձնել եվրոպական ծրագրերն ու միաժամանակ, ժողովրդին ներկայացնել տվյալ կազմակերպությունը:
Անի Ավետիսյան, Արագածոտնի մարզ, գ. Ոսկեհատ
Եվրոպայի օր. Հայաստանում Ֆրանսիական համալսարանը
Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի
-Պարոն Նավոյան, կարո՞ղ եք ասել, թե ինչ եք այսօր ներկայացնում հանրությանը:
-Մենք ներկայացնում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որպես ֆրանսիական և եվրոպական համալսարան:
-Ի՞նչ հնարավորություններ եք ընձեռում երիտասարդներին:
-Մենք Հայաստանում ֆրանսիական պետական դիպլոմներ ենք շնորհում, որոնք իրենցից ներկայացնում են եվրոպական, ֆրանսիական պետական բարձրագույն կրթության ծրագրեր:
-Ինչո՞վ է տարբերվում այս համալսարանը մնացած բարձրագույն ուսումնական հաստատություններից:
-Հենց նրանով, որ մեր մոտ ինչպես ծրագրերը, այնպես էլ դասավանդման և գնահատման մեթոդները եվրոպական են:
-Ի՞նչ բաժիններ է իր մեջ ընդգրկում այս համալսարանը:
-Մենք ունենք բակալավրիատուրա` ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում և իրավագիտություն ֆակուլտետներով, իսկ մագիստրատուրան` միջազգային գործարարական իրավունք, ֆինանսներ և միջազգային մարքեթինգ բաժիններով:
-Կպատմե՞ք քննությունների կարգի մասին:
-Որպես միջպետական համալսարան, մեր քննությունները առանձին են իրականացվում կենտրոնական համակարգից: Մենք ունենք 3 քննություն`հայոց լեզու, մաթեմատիկա` կառավարման ֆինանսների և մարկետինգի ֆակուլտետում և իրավագիտություն` իրավաբանական ֆակուլտետում, օտար լեզու (դա կարող է լինել անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն) բոլոր ֆակուլտետների համար: Օտար լեզուն ընտրում է դիմորդը:
-Իսկ ֆրանսերենը փաստորեն պարտադիր լեզու չէ՞:
-Ֆրանսերենը պարտադիր չէ, որովհետև մենք կարծում ենք, որ առաջին 2 տարում մենք հասցնում ենք ուսանողներին այնպիսի մակարդակի, որ 3-րդ կուրսից դասերի մի մասը ուսանողը լսում է ֆրանսերեն:
-Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայի հետ կապված:
-Նախ, ես կուզեի նշել շրջանավարտների հեռանկարների մասին: Մենք այս տարի ամբողջացրել ենք 1500 շրջանավարտի շրջանում իրականացված հարցում, և մեր շրջանավարտների 81%-ը աշխատում է Հայաստանում`իրենց մասնագիտությանը համարժեք աշխատատեղերում: Շրջանավարտի տեղեկատուն մեկ ամսից կայքում հասանելի կլինի, և դուք կարող եք անվանական տեսնել, թե ով, որտեղ և ինչ է աշխատում: Եվ ամենակարևորը`միայն մեր շրջանավարտների 12%-ն են, ովքեր սովորում և աշխատում են արտերկրում: Սա նշանակում է, որ մենք չենք նպաստում խելոք ուղեղների Հայաստանից արտահոսքին: Իսկ համալսարանի հեռանկարները… Մենք հիմա պատրաստվում ենք եվրոպական որակի հավատարմագրման, ինչպես նաև նոր կրթական ծրագրեր կառաջարկենք, որոնց մասին հանրությանը պարբերաբար կիրազեկենք:
Հարցազրույցը վարեցին`
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ
Եվրոպայի օրն արդեն իմ սենյակում է
-Դե, եկել ես տուն, պատմի, էլի մի քիչ:
-Մամ, պապ, մորքուր, տատիկ և մնացած, հոգնած եմ, վաղը կպատմեմ:
-Է~հ, էս ինչ աղջիկ ա: Մի խոսք բերանից չես կարա պոկես,- տրտնջում էր տատիկս:
Այս նյութը գրում եմ բոլորին պատմելու և իրազեկելու տոնի ու անցկացրած օրվա մասին: Դե, լսեք:
Երբ մենք հասանք Երևան, Հյուսիսային պողոտայում նախապատրաստական աշխատանքեր էր տարվում: Դրվում էին տաղավարներ, որոնցում ներկայացվում էին Եվրամիության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները: Մենք մոտեցանք մեր` «Մանանա» կենտրոնի տաղավարին: Արդեն ամեն բան համարյա պատրաստ էր: Նախ, ծանոթացանք երեխաների հետ, որոնք եկել էին տարբեր մարզերից, ստացանք մեր առաջադրանքները և անցանք գործի:

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի
Ես ու Սոֆյան պետք է հարցազրույցներ վերցնեինք և ֆոտոներ անեինք: Մոտեցանք նախ GIZ գերմանական կազմակերպությանը, քանի որ նախկինում աշխատել էինք նրանց հետ: Սոֆյան վերցրեց իր հարցազրույցը, իսկ ես լուսանկարեցի:
Այնուհետև մոտեցանք Dasaran.am-ի տաղավարին: Այնտեղ մեզ ավելի ջերմ ընդունեցին: Միանգամից կանչեցին մասնակցելու փոքրիկ վիկտորինային, որը անցկացվում էր շատ անսովոր տարբերակով: Համաձայնվեցի և մրցեցի մի աղջկա հետ: Հարցերը Եվրոպայի մասին էին: Մինչ ես մտածում էի հարցերի շուրջը, հետևում շատ մարդիկ էին հավաքվել, բայց ես այնքան էի տարվել հարցերով, որ չէի նկատել նրանց: Միայն նրանց բացականչություններից հասկացա, որ կարողացել եմ անսխալ անցնել վիկտորինան: Բոլորը ծափահարեցին, և ես պետք է ստանայի իմ պարգևը: Պտտեցրեցի անիվը և ստացա հետաքրքիր տետր նշումների համար: Դա ինձ ոգեշնչեց, և ես փորձեցի նրանցից հարցազրույց վերցնել: Հակիրճ ներկայացնեմ ներկայացուցչի խոսքը:
Dasaran.am-ը հովանավորվում է Եվրամիության կողմից: Հայաստանում գործում է 2007թ-ից:
-Որքանո՞վ է հաջողված ձեր աշխատանքը:
-Օրեցօր ավելանում են գրանցումների քանակը, ծնողները գոհ են, ուսուցիչները և աշակերտները` նույնպես: Dasaran.am-ը հնարավորություն է ընձեռում առցանց գրանցումների տնային հանձնարարությունների լրացման և ծնողներին իրազեկելու իրենց երեխաների առաջադիմության մասին: Իսկ դուք գո՞հ եք մեր աշխատանքից:
-Այո, շատ լավ միտք է: Ես ինքս օգտվում եմ և կարող եմ ասել, մեզ դա շատ օգնում է:
Մենք շրջում էին բոլոր տաղավարներով` մանրամասնորեն ծանոթանալով բոլոր կազմակերպությունների հետ:
Հոգնել էինք և վերադարձանք մեր տաղավար: Մեզ մոտ շատ մարդ կար, և իրոք բոլորը շատ հետաքրքված էին` թե մեծ, թե փոքր:
Ծանոթացանք Արագածոտնի մարզի մեր թղթակից Արփիի հետ, աղջկա հետ, ով մեզ պես հոգնած նստել էր: Առաջարկեցինք պաղպաղակ ուտել: Չգիտենք էլ` ինչքան ենք զրուցել, բայց երբ հետ եկանք, արդեն բոլոր տաղավարները հավաքում էին: Շատ լավ ժամանակ անցկացրեցինք:
Հա, արդեն մոռանալու էի. ամեն կազմակերպության տաղավարից վերցրել եմ բուկլետներ և խորհրդանշական իրեր` քարտեզ, օրացույց, դրոշներ և այլն: Բոլորը շարել եմ սենյակումս, և եթե ցանկանաք այցելել Եվրամիությունը Հայաստանում ցուցասրահ, կարող եք համենալ մեր տուն::
Նոնա Պետրոսյան, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր
Եվրոպայի օր. SOS մշակույթ
Հարցազրույց «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» Հանրային ինֆորմացիայի պատասխանատու Արթուր Հարությունյանի հետ

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
-Խնդրում ենք համառոտ ներկայացնել Ձեր կազմակերպության գործունեությունը:
-Մենք ներկայացնում ենք «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամը: Մենք աշխատում ենք կենսաբազմազանության պահպանման, մշակութային արժեքների պահպանման և վայրի բնության պահպանման խաչմերուկում: Կոնկրետ այսօր մենք ներկայացնում ենք «SOS մշակույթ» ծրագիրը, որը նույնպես ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն Արարատի մարզի Ուրցաձոր համայնքային փնջի 4 գյուղերին, մոտավորապես 100 գյուղաբնակների, հնարավորություն է տալիս մասնակցել անվճար դասընթացների` հիմնականում օրգանական գյուղատնտեսության, մեղվապահության, էկո և ագրո տուրիզմի թեմաներով, այնուհետև ներկայացված 15 բիզնես-ծրագրերը կֆինանսավորվեն մեր կազմակերպության կողմից, և դրան զուգահեռ կստեղծվի նաև ֆոնդ, որը հնարավորություն կտա հենց գյուղացուց գնել իր արտադրանքը և հանել միջազգային և տեղական շուկա:
-Ի՞նչը Ձեզ դրդեց ստեղծել նման կազմակերպություն:
-Գիտեք, մշակութային արժեքների և վայրի բնության պահպանության հարցը կարծում ենք, որ միշտ էլ ակտուալ է, և չկա կոնկրետ ժամանակ, որ այ, հիմա պետք է սկսել կամ հիմա պետք է դադարեցնել: Մարդ և բնություն փոխհարաբերություններում միշտ էլ ծագում են խնդիրներ, իսկ մենք փորձում ենք այդ խնդիրները հնարավորինս նվազեցնել և սուր անկյունները ուղղակի կլորացնել:
-Իսկ ի՞նչ աշխատանքներ են տարվում պատմամշակութային կոթողների պահպանման ոլորտում:
-Հենց այս ծրագիրը, որ մենք ներկայացնում ենք այսօրվա ցուցահանդեսին, կոչվում է «SOS մշակույթ», Լոռվա և Տավուշի մարզերի, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ գյուղերի երիտասարդների օգնությամբ մենք տեսակավորել և առանձնացրել ենք մշակութային կոթողները: Դրանց պահպանության համար հսկայական աշխատանքներ են կատարվել հենց երիտասարդների և պատանիների ձեռքերով: Ստեղծվել են փոքրիկ աշխատանքային խմբեր, և նրանք են գնացել, հայտնաբերել մշակութային կոթողները, թվագրել և պահպանել, ու դրանից հետո տպագրվել են բազմաթիվ հրապարակումներ, գրքեր, որոնց նպատակը հենց այդ մշակութային կոթողների պահպանումն է և նաև տեղական տուրիզմի զարգացումը:

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի
-Ի՞նչ արդյունքների եք հասել Ձեր գործունեության ընթացքում:
-Հասել ենք այն արդյունքին, որ այս մշակութային արժեքները, կոթողները, որոնք ժամանակին եղել են աղտոտված, ժամանակին անհասանելի են եղել, աղբով լեցուն են եղել` հիմա մաքրված են և դրանց մասին և ինտերնետ տիրույթում, և մեր տպագիր հրապարակումներում կան ինֆորմացիաներ: Այսինքն, դրանք հասանելի են բոլոր ցանկացողներին:
-Ինչպե՞ս կարող են երիտասարդները մասնակցել Ձեր ծրագրին:
-Կոնկրետ այս ծրագիրը արդեն ավարտված է, ցավոք սրտի, բայց հույս ունենք, որ ինչ-որ ժամանակ նորից կսկսենք: Բայց առհասարակ մեր կազմակերպությունը աշխատում է նաև երիտասարդների հետ: Մենք ունենք էկո ակումբներ Հայաստանի մի քանի մարզերում: Այս պահին գործող 3 էկո ակումբ ունենք Արարատի մարզում և 1 էկոակումբ` Վայոց ձորի մարզի Արփի համայնքում: Այս պահին երևանաբնակների համար ցավոք չունենք դեռ ոչինչ:
-Իսկ Եվրոպայի օրվա միջոցառմանը մասնակցելը ի՞նչ նպատակ է հետապնդում:
-Հիմնական նպատակը մեր աշխատանքը հանրությանը ներկայացնելն է և ասել, որ մենք կանք, և որ նրանցից յուրաքանչյուրը կարող է փոփոխություն բերել` ուղղակի միանալով մեզ, պահպանելով վայրի բնությունը և մշակութային արժեքները:
Հարցազրույցը վարեցին`
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ
Եվրոպայի օր. «Մանանա» կենտրոնը ներկայացնում է
Ամեն ինչ սկսվեց քսանմեկ տարի առաջ մի փոքրիկ սենյակում: Այն ժամանակ, երբ հույս չկար վաղվա համար, մարդիկ կային, ովքեր երազանքներ ունեին, ովքեր հավատում էին, ու հենց այդ մեծ երազանքից էլ ծնվեց «Մանանան»: Սկսելով լրագրության դասընթացներից՝ «Մանանայի» սաները սկզբում հրատարակում էին իրենց ամսագիրը՝ «Խաբարբզիկը»: Հետո որոշեցին, որ իրենց պատմությունների համար լուսանկարներ են հարկավոր: Այսպես բացվեցին ֆոտոլրագրության, իսկ հետագայում նաև` կինոյի և անիմացիայի ստուդիաները:

Երկար տարիներ այս ամենը կենտրոնացված էր Երևանում, և մարզերի երիտասարդներին հասանելի չէր, սակայն Եվրամիության աջակցությամբ «Արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին է, կենտրոնը դասընթացներ է կազմակերպում նաև մարզերի 14-24 տարեկան երիտասարդների համար: Սկզբում «Մանանայի» թիմի անդամները հանդիպումներ են կազմակերպում մարզային տարբեր քաղաքներում ու գյուղերում, պատմում ծրագրի մասին: Այնուհետև բազմաթիվ նամակներ ենք ստանում, որտեղ ցանկություն են հայտնում դառնալ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ:

Սրանից հետո կազմակերպվում են դասընթացներ, որտեղ մասնակիցները գործնական գիտելիքներ են ստանում ֆոտոլրագրությունից, կինոյից, անիմացիայից և լրագրությունից, իսկ առավել ակտիվները մասնակցում են նաև մեդիա ճամբարներին, որտեղ հնարավորություն են ստանում ավելի խորացնել իրենց գիտելիքները, հանրապետության լավագույն կինոգործիչների, ֆոտոլրագրողների և լրագրողների վարպետության դասերին մասնակցել, համատեղ ֆիլմեր նկարահանել իրենց եվրոպացի հասակակիցների հետ, հանդիպել տարբեր մարզերում ապրող իրենց հասակակիցներին: Այսպիսով, ծրագրի արդյունքները կարող եք տեսնել մեր կայքում՝ www.17.am-ում: Այս ամենը կարճ նկարագիրն է այն ամենի, ինչն արվում է:

Այնքան հեշտ է թվում մի քանի բառով պատմել դա, սակայն իրականում ամեն ինչ այդքան էլ պարզ ու հեշտ չէ: Սկսելով որպես ծրագրի մասնակից՝ արդեն երկար ժամանակ է, ես էլ եմ միացել թիմին և օգնում եմ կազմակերպել այդ ամենը: Այս ընթացքում տարբեր մարդկանց եմ հանդիպել՝ տարբեր երազանքներով ու հոգսերով: Մեր պատմությունները մեր մասին են, մեր աշխարհի, մեզ հուզող, անհանգստացնող, հետաքրքրող խնդիրների մասին: Մենք գրում ենք, լուսանկարում ու ֆիլմեր պատրաստում այն մասին, ինչը մեզ ծանոթ է, ինչն անմիջապես մեզ է առնչվում: Մենք միաժամանակ և՛ ազգային ենք, և՛ կոսմոպոլիտ, որովհետև կարծում ենք, որ աշխարհին հետաքրքիր ենք ոչ միայն նրանով, ինչով նման ենք, այլև նրանով, ինչով տարբերվում ենք…

Մեր մասին ևս մեկ անգամ պատմելու հնարավորություն ստեղծվեց հունիսի 5-ին՝ Եվրոպայի օրը: Այս տարի այն նվիրված էր երիտասարդներին ու նրանց հիմնախնդիրներին: Որպես ամենաերիտասարդական կազմակերպություններից մեկը, մենք էլ էինք ներկայացնում մեր տաղավարը, որտեղ պատմում էինք բոլոր հետաքրքրվողներին ծրագրի մասին, նվիրում մեր ամսագրերը:

Չէ՛, պատկերացնու՞մ եք մեր ուրախությունը, երբ մեզ մոտենում էին լրիվ անծանոթ մարդիկ ու ասում, որ ծանոթ են մեր կազմակերպությանը, որ տեսել են, կարդացել մեր նյութերը: Եվ ոչ միայն անհատներ, նաև կազմակերպություններ, որոնք հետաքրքրվում էին մեզնով, համագործակցության առաջարկներ անում: Մենք միշտ բաց ենք համագործակցության համար և կարծում ենք, որ հետաքրքիր ծրագրեր դեռ կունենանք նրանց հետ:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի
Չգիտեմ՝ քանի՞ մարդու եմ պատմել այդ օրը մեր ծրագրի մասին, բայց կողքից լսողին երևի կթվար, որ լրիվ ուրիշ բանի մասին եմ պատմում, ամեն անգամ նոր «Մանանայի», որովհետև այնքան շատ բան կար պատմելու, որովհետև դրանք կենդանի պատմություններ էին նրա մասին, ինչն իսկապես սիրում ենք:

Հ.Գ. Հրաշալի օր ունեցանք, սակայն դեռ այնքան չասված բաներ են մնացել, այնքան զգացողություններ ու հետաքրքիր պատմություններ:
Եթե դու էլ 14-24 տարեկան ես, հետաքրքրված են ֆոտոյով, կինոյով, լրագրությամբ և անիմացիայով, ապա գրի՛ր մեզ. այնքա՜ն շատ բաներ ունեմ քեզ պատմելու, խորհուրդներ տալու և օգնելու ինտեգրվել մեր մեծ ընտանիքին: