anna eghoyan

06.06.2016

Առավոտյան ժամը 6:00-ին աչքերս բացեցի: Ձեռքս մոտեցրի հեռախոսին տեսնելու, թե ժամը քանիսն է: Ա~խ,  ուղիղ ժամը 6-ն է: Այսօր քննության եմ, այսպես ասած, առաջին քննությունս է: Հա, ի դեպ, ծննդյանս օրն է: Ահ, կյանքում չէի  մտածի  այսպիսի ամսաթիվ, մի էստեղ նայեք` 06.06.2016 թվական: Դարձա 16 տարեկան, ու գիտեք, ամենահետաքրքիրը որն է, որ աչքերս բացեցի ուղիղ ժամը 6-ին: Ամենայն ազնվությամբ եմ ասում. ես զարթուցիչս դրել էի 8:30, քանի որ ժամը 9-ին էի քննության: Թե ինչու` ժամը 6-ին արթնացա, այ, դա հետաքրքիր է:

Բարեբախտաբար քննությունս լավ տվեցի:

Եվ այսպես, 6-երով լիառատ օր էր ինձ համար:

նինա շահմուրադյան

Եկեք ժպտանք

Պատահում է, չէ՝ քայլում ես փողոցով ու նայում ես մարդկանց դեմքերին: Նրանց հայացքներն անտարբերություն են արտացոլում: Նրանց ոչինչ չի հետաքրքրում, ոչինչ բացի իրենց սեփական անձից: Այնքան շատ են այդ հայացքները, այդ տխուր, կյանքից հոգնած ու ամբողջովին հոգսերի մեջ թաղված հայացքները: Նայում ես ու դու էլ ակամա մռայլվում ես, դառնում ավելի տխուր, ավելի մտածկոտ: Կարծես քո հոգսերը, որոնք քիչ առաջ չկային, հանկարծ հայտնվեցին: Ու դու էլ այդ մարդկանց նման սկսում ես մտածել միայն քո մասին: Քեզ ոչ-ոք չի հետաքրքրում: Աշխարհում կաս միայն դու, ու քեզ հետ միասին կան քո չեղած հոգսերը: Քեզնից հետո թեկուզ ջրհեղեղ. կարևորը դու ես:

Այդպես տխուր, մտքերի մեջ խրված ու ոչինչ չնկատելով՝ շարունակում ես քայլել, մեկ էլ հանկարծ մի փոքրիկ, անմեղ երեխա մոր գրկից բարի աչքերը հառում է ճակատիդ ու սկսում է ժպտալ: Դու էլ ակամա ժպտում ես, ու այդ ժպիտը փրկում է քեզ: Դու էլի դառնում ես այն բարի, անհոգ ու լավատես մարդը, որ օգնում է բոլորին, ու մտածում է բոլորի մասին: Դու էլ այդպես մեկ ուրիշին ես ժպտում ու նրա հոգսերն էլ, որոնք սև ամպի նման պատել էին իր հոգին, ցրվում են: Ու նա էլ դառնում է ավելի անհոգ, ավելի երջանիկ:

Եթե մենք էլ լինենք բարի, անկեղծ ու բոլորին օգնենք անշահախնդիր, ապա մենք էլ այդ մանկան պես կժպտանք: Ու բոլորը կժպտան, ոչ ոք չի մտածի իր գլխին կուտակված խնդիրների մասին, դրանք կլուծվեն իրենք իրենցով՝ առանց ավելորդ միջամտության:

Եկեք ժպտա´նք, թող մեր հոգին փայլի բարությունից, ու դա կփոխանցվի: Հաստատ ես վստահ եմ, որ եթե մենք լինենք բարի, ապա բոլորը մեր շրջապասում, ժամանակի ընթացքում,կդառնան մեր պես՝ ժպտուն ու անհոգ:

Եթե մարդը անտարբեր է, չար ու մռայլ, ապա նա մարդ չէ, նա հոգսերի տակ ընկճված մի կույտ է, որը ժամանակի ընթացքում պիտի քայքայվի, վերանա ու տեղ տա իսկական մարդկանց, ինչպես ամպերն են ցրվում, երբ արևն է դուրս գալիս:

Տոպկան այսօրվա հերոս

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Հունիսի չորսին դասարանով որոշեցինք գնալ Սիսիանի բարձր լեռներից մեկը՝ Խութիսը, որտեղ կկարողանայինք տեսնել Սիսիանի երկայնքով սփռված բոլոր գյուղերն ու ավանները: Ուզում էինք խաչքար տեղադրել Խութիս լեռան վրա, որպեսզի յուրաքանչյուր սիսիանցի իմանա, որ այդտեղ խաչքար-սրբավայր կա:

Արդեն բոլորը ճանաչում են Սիսականի ինը հերոսներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն մեզ: Խաչքարը, որը պետք է տեղադրեինք, օծվեց: Դրա հետ միասին լեռան գագաթ պետք է բարձրացնեինք քարե գիրքը, որը պատրաստվել է ի պատիվ մեր հերոսների հիշատակի:

Մեր որոշումը կայացվեց և հունիսի հինգին ժամը տասին քահանան մեզ՝աշակերտներիս օրհնեց և շարժվեցինք: Հասանք լեռան լանջին, և այստեղից սկսվեց դժվար լեռնագնացությունը: Դեռ լանջից թվում էր, թե լեռը մոտ է, սակայն ամեն գագաթ հաղթահարելիս ճանապարհը ավելի էր երկարում: Լանջը լիքն էր երփներանգ ծաղիկներով: Ճիշտ է, երբ ասում են, որ Սիսիանը հարուստ է իր բնաշխարհով: Այդտեղ կան բազմազան ծաղիկներ, միջատներ և սողուններ: Մի կածան գտանք և այդ տեղով շարժվեցինք դեպի վեր: Մի քանի ժամ հետո հասանք լեռան ամենաբարձր գագաթը, հենց այդտեղ էլ մեզ միացավ նյութիս այսօրվա հերոսը՝ Տոպկան:

Տոպկան այն շունն է, որի մասին ուզում եմ պատմել՝ հսկա, մեծ ատամներով: Հեռվից թվում էր՝ վտանգավոր է, մեզ հասնելուն պես կկծի: Երբ մոտեցավ ինձ բերանը գլխից մեծ բացեց, իսկ ես վախից քարացել էի: Նրա տերը կանչեց.

-Տոպկա՛, բարևի´ր երեխաներին:

Շունը ոտքը վեր բարձրացրեց ու թաթը կախեց: Հենց այդ պահից մենք հասկացանք, որ չնայած իր խոշոր չափերին՝այդքան էլ վտանգավոր չէ: Երբ մենք սկսեցինք նկարվել, շունը եկավ ու նստեց մեր կողքին. կարծես հասկանում էր մեզ: Նա էլ մեզ հետ նկարվեց, հետո տերը ասաց.

-Դե նստի՛ր գագաթին, որ նկարեն քեզ:

Նա գնաց, նստեց ամենամեծ քարի վրա և չշարժվեց այնքան, մինչև որ նկարեցինք:

Տոպկան նույնիսկ կարողացավ մեզ օգնել խաչքարերը վեր բարձրացնելու գործում: Մի պահ նկատեցինք, որ երկու գործիք կապել էին մեջքին, և նա բարձրացնում էր վեր: Երբ մեր դասղեկը մեզ պատմում էր, թե ի՞նչ նշանակություն կունենա այդ արշավը տարիներ հետո: Շունը հանգիստ նստել ու մեզ պես լսում էր, իսկ երբ տղաները սկսեցին խաչքարերը տեղադրել, Տոպկան սկսեց վազվզել ու ցատկոտել: Նա էլ մեզ պես երջանիկ էր, որ կարողացանք մոռացված գագաթը դարձնել անմոռանալի մի տեղ: Վերջում մոմեր վառեցինք և երբ ուզում էինք շարժվել, նկատեցինք, որ շունը նստել է մոմերի առջև. դե երևի կենդանիներն էլ են կարողանում աղոթել. չէ՞ որ նրանց ևս ստեղծել է Աստված: Տերը կանչեց, և նա եկավ մեր ետևից: Այնքան հրաշալի շուն էր, որ մենք նույնիսկ ցանկություն հայտնեցինք նրան մեզ հետ իջացնել գյուղ, բայց Տոպկան վարժեցված էր ու տիրոջից չէր հեռանում: Այս ամենը ապացուցեց, որ շունը իսկապես մարդու հավատարիմ բարեկամն է: Ես շատ եմ ուզում, որ այդ օրը կրկնվի, որպեսզի նրան ավելի լավ ճանաչեմ, ու ձեզ ավելի շատ բան պատմեմ իմ հերոսի մասին:

Ձեզ կթվա, թե այս ամենը հեքիաթ է, բայց իրականությանը շատ մոտ: Սա իրականություն է մեր անիրական աշխարհից էլ իրական:

arusyak ignatevosyan

Երեխաների աշխարհը

Հարցազրույց տատիկիս՝ Գոհարիկ Մկրտչյանի հետ

-Տատ, ասա ինձ խնդրեմ, քո մանկության առաջին երազանքը ո՞րն էր:

-Առաջին երազանքս` դառնալ մանկավարժ, կրթել և դաստիարակել երեխաներին:

-Դրա՞ համար ընտրեցիր մանկավարժի մասնագիտությունը:

-Այո, ես սիրում եմ այդ մասնագիտությունը, երեխաների հետ շփվելու մեծ ցանկություն ունեի: Սովորել եմ մանկավարժական ուսումնարանում:

-Ե՞րբ սկսեցիր աշխատել երեխաների հետ: 

- Մանկապարտեզում դաստիարակչուհի էի աշխատում: Տասը տարի աշխատել եմ:  Երբ նոր էիր ընդունվել աշխատանքի, ինձ շատ էին օգնում փորձառու մանկավարժները: Շատ բան ես նրանցից եմ սովորել, և ընդհանրապես մարդն ավելի շատ փորձ ձեռք է բերում աշխատանքի ընթացքում:

-Աշխատո՞ւմ ես հիմա:

-Ցավոք, ոչ:

-Իսկ կցանկանայի՞ր վերադառնալ քո հին աշխատավայր և զբաղվել մանկավարժությամբ:

-Իհարկե, յուրաքանչյուր մասնագետ ցանկանում է շարունակել իր մասնագիտությամբ զբաղվել, սիրած աշխատանքով:

-Ի՞նչ կցանկանայիր փոխանցել ապագա մանկավարժներին:

-Ես կցանկանայի բոլոր մանկավարժները առաջին հերթին շատ խորաթափանց լինեին, հասկանային երեխաների հոգեբանությունը և մեծ սիրով տրվել աշխատանքին:

մարթա մինասյան սյունիք

Ճանապարհի սկզբին

Հարցազրույց պատանի երգչուհի Սուսաննա Հունանյանի հետ 

-Սուսաննա, դու Սիսիանում սիրված պատանի երգչուհի ես և տարբերվում ես քո հասակակիցներից հաջողություններովդ: Ե՞րբ սկսեցիր երգել:

-Սկսեցի երգել 2-րդ դասարանում, դպրոցի միջոցառումներին: Այնուհետև 4-րդ դասարանում, երգի ուսուցչուհուս խորհրդով ընդունվեցի երաժշտական դպրոց:

-Կցանկանայի իմանալ, թե ինչ ոճի մեջ ես նախընտրում երգել:

-Ինձ համար ավելի նախընտրելի է էստրադային և ջազային ոճը: Իսկ դու ի՞նչ ոճով ես նախընտրում երգել:

-Ես նախընտրում եմ գրեթե բոլոր ոճերը: Սակայն չմոռանանք, որ ես եմ հարցեր տալիս, և իմ հաջորդ հարցն է. ո՞ր երգչուհին է քո սիրելին:

-Սիրում եմ Լարա Ֆաբիանին: Նրա մեջ ինձ դուր է գալիս հզոր ձայնն ու անթերի տեմբրը…

-Սուսաննա, մասնակցո՞ւմ ես երաժշտական մրցույթների, եթե այո, ապա ո՞ր մրցանակն է քեզ համար ավելի թանկ:

-Դեռ այդքան շատ մրցանակներ չունեմ, և ինձ համար դեռևս ամենակարևոր մրցանակը Art Music մրցույթում գրաված առաջին հորիզոնականն է:

-Լինելով պատանի երգչուհի, դու նաև դպրոցական ես, հետևաբար հարց է ծագում. ընկերական շրջապատում խանգարո՞ւմ է քեզ ճանաչված լինելը, թե՞ ոչ:

-Դա մի քիչ դժվար հարց է, բայց կաշխատեմ պատասխանել: Ես սիրում եմ հավասարություն, կարևորում եմ մարդկանց հետ շփվել հավասարը հավասարի հետ, և ինձ երբեք վեր չեմ դասում իմ ընկերներից: Ճանաչված լինելը ինձ չի խանգարում ընկերական շրջապատում, քանի որ իմ ընկերները ինձ պես պատանիներ են:

-Ինչպե՞ս ես պլանավորում օրդ, թե՞ ինքնաբերաբար ստացվում է ինչպես պատահի:

-Օրս ավելի հետաքրքիր է դառնում, երբ տեղի են ունենում հաճելի պատահականություններ: Այդ իսկ պատճառով, գտնում եմ, որ պատահականության սկզբունքով օրս ավելի բովանդակալից է դառնում:

-Ի՞նչն է քեզ ոգեշնչում:

-Ինձ ոգեշնչում է հանդիսատեսը: Նրանց ներկայությամբ ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում և հավատում եմ իմ ուժերին:

-Ի՞նչ խորհուրդ կտաս հասակակիցներիդ, որ իրենց օրն էլ հետաքրքիր անցնի:

-Խորհուրդ կտամ երբեք չդադարել շփվել մարդկանց հետ, չէ՞ որ ընկերական շրջապատում են ծնվում բոլոր անմոռանալի արկածները, որոնք օրն էլ ավելի հետաքրքիր ու հիշարժան են դարձնում:

anahit israyelyan

Իմ սիրելի գրքերը

Չեմ ասի, որ գեղարվեստական գրականությունն ինձ միշտ գրավել է: Ես ունեցել եմ և ունեմ ուրիշ շատ հետաքրքրություններ, որոնցով զբաղվելիս ես ավելի բավականություն եմ ստացել քան որևէ, օրինակ արկածային, գիրք կարդալով: Դպրոցում ես գերազանց եմ սովորում, բայց գեղարվեստական գրքերի հետ շփվում էի այնքանով, որքանով ինձ պարտադրում էին ուսումնական ծրագիրը և ուսուցիչներս: Հիշումեմ՝ դեռ տարրական դասարանում էի սովորում, մերոնք ինձ հանձնարարել էին կարդալ «Չախ-Չախ թագավորը» հեքիաթը, որը այն ժամանակ ինձ թվում էր մի հաստափոր գիրք, որ եթե ամբողջ կյանքում էլ կարդայի, չէի վերջացնի: Բայց այն ընդամենը երեք էջանոց փոքրիկ հեքիաթ էր, որից ես հիմա հիշում եմ միայն վերնագիրը: Բայց միջին դասարաններում՝ 7-8-րդ դասարանում վարակվեցի մի տեսակ հիվանդությամբ: Ամեն ինչ սկսվեց այն օրվանից, երբ հայրս հանձնարարեց ինձ դասավորել մեր փոքրիկ գրադարակը, որում կարելի էր գտնել, այդ ժամանակ ինձ համար անհասկանալի ու բարդ, ռուսերեն լեզվով մասնագիտական գրականության մի ամբողջ հավաքածու ու մի քանի գեղարվեստական գրքեր, որ ուսանողական ժամանակ ծնողներս էին գնել կամ նվեր էինք ստացել: Ու այսպես  դարակը դասավորելիս իմ ուշադրությունը գրավեց պայծառ կազմով մի գիրք. Րաֆֆու «Խենթն» էր: Հենց այդպես՝ շուրջբոլորս անկանոն կերպով դասավորված գրքեր, նստեցի հատակին  ու սկսեցի կարդալ: Այդ գիրքը ինձ այնպես գրավեց, որ մոռացա գրքերը հավաքելու հանձնարարությունը:

Այնուհետեւ իմ գրապահարանում մեծ թափով ավելանում էին գեղարվեստական գրքեր. Սկզբում՝ հայկական, հետո նաև արտասահմանյան:

Հայ հեղինակների վեպերից երևի ամենասիրածս գործը Շիրվանզադեի «Քաոս» վեպն էր, բայց հետո ինձ ավելի գրավեց արտասահմանյան գրականությունը: Այ այստեղ սիրածս գրքերը շատ-շատ են: Մեծ կլանվածությամբ եմ կարդացել Շարլոթ Բրոնտեի «Ջեյն Էյրը», Օսկար Ուայլդի «Դորյան Գրեյի դիմանկարը», որը հետո, երբ արդեն անգլերենի գիտելիքներս ներում էին, կարդացի բնօրինակով, Դոստոևսկու «Ոճիր և պատիժը», Տոլստոյի «Աննա Կարենինան», Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» ևն:

Բայց եկավ 10-րդ դասարանը, ու սեղանին սկսեցին շատանալ շտեմարանները՝ դուրս մղելով գեղարվեստական գրականությանը: Ես, որ մի ժամանակ չէի հետաքրքրվում գեղարվեստական գրականությամբ, հիմա ազատ ժամանակ եմ փնտրում գրականության նորանոր գոհարներին ծանոթանալու համար:

Հ. Գ. Կուզենայի մի քանի մեջբերում էլ անել այս գրքերի այն հատվածներից, որոնք տեղ են գտել իմ հուշատետրում:

Կան մարդիկ, որոնք պատահելով որևէ բանով երջանիկ իրենց մրցակցին, պատրաստ են անմիջապես երես դարձնելու այն բոլոր լավից, ինչ որ կա նրա մեջ,  տեսնելով նրա մեջ միայն վատը: Կան մարդիկ, որոնք, ընդհակառակը, ամենից ավելի ցանկանում են գտնել իրենց այդ երջանիկ մրցացկի մեջ այն հատկությունները, որոնցով նա հաղթել է իրենց և սրտամորմոք ցավով որոնում են նրա մեջ միայն լավը: («Աննա Կարենինա»)

Չկան այնպիսի պայմաններ, որոնց մարդը չկարողանա վարժվել, մանավանդ, երբ նա տեսնում է, որ իրեն շրջապատող բոլոր մարդիկ ապրում են հենց այդպես: («Աննա Կարենինա»)

Այժմ, երբ անցել են տարիներ, ես մտաբերում ու զարմանում եմ, թե ինչպես դա կարող էր վշտացնել ինձ: Նույնը կլինի նաև այս վշտի հետ. կանցնի ժամանակ եւ ես անտարբեր կլինեմ դրան: («Աննա Կարենինա»)

Միայն թուլակամ ու հիմար մարդիկ են ասում, որ չեն կարող տանել այն, ինչ որ նրանց վիճակված է ի վերուստ: («Ջեյն Էյր»)

Հարգիր ինքդ քեզ ու սրտիդ ամբողջ սերը, ուժդ ու հոգիդ մի տուր նրան, ում դրանք հարկավոր չեն և ում կողմից կարժանանան միայն արհամարհանքի: («Ջեյն Էյր»)

Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ: («Դորյան Գրեյի դիմանկարը»)

Վատ չէ, երբ ծիծաղով է սկսվում ընկերությունը, իսկ ավելի լավ է, երբ դրանով էլ վերջանում է: («Դորյան Գրեյի դիմանկարը»)

Մարդը ուժեղ է, երբ գիտակցում է իր թուլությունը: («Շագրենի Կաշին»)

Իշխանությունը տրվում է միայն նրան, ով համարձակվում է կռանալ և վերցնել այն: («Ոճիր և պատիժ»)

Ամեն անդունդ ունի ձգողական զորություն, որին դիմադրելը մի տեսակ հերոսություն է: («Քաոս»)

Հայաստանի գյուղերը. Ակնալիճ, Արմավիրի մարզ

nane eghiazaryan

Նախասիրությունները միշտ օգնում են ինձ

Երբեմն ինքս ինձ հարցնում եմ, թե ի՞նչ կա ավելի լավ, քան գրքերը ու դասական երաժշտությունը, ու մեկ էլ հիշում եմ դասական պարի մասին և վերջ:

Այո՛, ես շատ չեմ սիրում կարդալ, բայց սիրում եմ, երբ ինչպես ասում են, մուսաս գալիս է, ու սկսում եմ կարդալ: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, ունեմ սիրելի գրող` Նար-Դոսը, հայ գրականության մեջ և Վիլյամ Շեքսպիրը` համաշխարհային գրականության:

Նար-Դոսը ինձ համար մի ամբողջ աշխարհ է: Նրա պատմվածքներից «Ես և Նա»-ն կամ էլ վիպակներից «Սպանված աղավնի»-ն կարծես ներթափանցում են իմ հոգեկան աշխարհ, այն տակնուվրա անում ու հեռանում: Իսկ Շեքսպիրի մասին էլ չեմ խոսում, ավելի ճիշտ` գրում: Նրա «Համլետ», «Օթելո» կամ «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունները նույնիսկ ամենասառնասիրտ մարդու աչքերից, զոռով թե ջանով, չգիտեմ, բայց արցունք հաստատ կպոկեն:

Երաժշտությունն էլ կարող է մարդու մեջ առաջացնել հիանալի զգացողություններ: Հայտնի կոմպոզիտորներից ավելի շատ սիրում եմ Ֆրեդերիկ Շոպենին` իր վալսերի շարանով, կամ ինչպե՞ս կարելի է չսիրել Մոցարտին ու նրա ռեքվիեմը:

Կան շատ մարդիկ, ովքեր նախընտրում են ավելի ժամանակակից երաժշտություն, ու ձանձրանում են դասականից. ես նրանց չեմ մեղադրում: Ես էլ միայն դասական երաժշտություն չեմ կարող լսել: Սիրում եմ նաև ժամանակակից երգեր լսել ու ֆիլմեր նայել:

Ահա պատմեցի իմ նախասիրություններից մի քանիսի մասին էլ: Գիտե՞ք, ես իմ այս նախասիրությունները այդքան էլ չէի կարևորում, բայց ահա վաղը քննության եմ, ու քանի որ, սովորությանս համաձայն, վերջին օրը սկսում եմ նորից ընթերցել այն, ինչն արդեն կրկնել ու վերջացրել էի մի քանի օր  առաջ, զգացի, որ չեմ կարողանում ոչինչ անել: Ու ինձ օգնության հասավ սկզբում Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքը, ապա Շոպենի «Եդեմի այգի. քնքշություն» ստեղծագործությունը, ու ես այնքան առույգացա, որ ոչ միայն վերջացրի կրկնելը, այլ ժամանակ էլ գտա նստել ու այսքանը գրել:

Ուզում եմ ասել, որ եթե ունեք նախասիրություններ, որոնց իմաստը չեք հասկանում, ու դա մյուսների կարծիքով հետամնացություն է, մեկ է, դրանով զբաղվեք, որովհետև այն ձեզ հաստատ ինչ-որ տեղ պետք կգա…

Ամենաբարի դասղեկը

Հիշում  եմ, երբ  5-րդ դասարանում  էինք, որ  ասացին. «Ընկեր  Վիրաբյանը  ձեր  դասղեկն է»: Շատ  ուրախացանք,  հատկապես  ես: Այն  ժամանակ  լիովին չէի  զգում,  թե  ինչպիսի հիանալի  անձնավորություն  է:  Օրվա  մեծ  մասը  անցկացնում էր  մեր  կողքին: Հետո մեծացա  ու սկսեցի  ավելի գնահատել  նրա  հենց  մարդ  որակը, որը  քչերը  կարող են պահպանել  իրենց  մեջ: Բարությունն ու  արդարությունը  քայլում  են  նրա  հետ  կողք-կողքի: Մեծ  տղային  կորցնելուց  հետո նրա  հոգում  մեծ  վերք մնաց, որ  անհնար  էր բուժել: Բայց  սրտի  մաքրությունը  նրան ոտքի  կանգնեցրեց:Նա մեզ  ներում  էր գրեթե  ամեն  ինչ, անգամ  ամենախիստ պատժելի արարքները: Ու  բոլոր  դասարանները  կերազեին  ունենալ նման  դասղեկ, ուղղակի  բարության մարմնացում:

Հիմա, երբ ավարտեցի  դպրոցը,  հասկացա՝ հեռանում  եմ երկրորդ  մորիցս, այսքան տարի իր  գրկում փայփայել  է ինձ  ու  մյուսներին:

Խոստանում  եմ  միշտ բարձր  պահել նրա  անունը …

 

elen gevorgyan

«Ինչ մենք ենք տեսել, թող չտեսնի և ոչ մի սերունդ»

Հարցազրույց հայրիկիս` Ռաֆիկ Գևորգյանի հետ: Հայրս 1988թ-ի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տեղափոխվել է Արմավիրի մարզ, գյուղ Ակնալիճ:

-Պապ, որտեղի՞ց ես արմատներով:

-Աղջիկս, արմատներով մշեցի եմ, սակայն պապերս գաղթել են Սպիտակ, և ես ծնունդով Սպիատկից եմ: Հին ժամանակներում Սպիտակը` իմ ծննդավայրը, անվանել են «յայլա»: Մարդիկ այնտեղ գնացել են ամառանոց, բայց կամաց-կամաց մարդիկ մշտական են բնակվել այդտեղ, և ժամականակի հետ ավելացել են շատ ընտանիքներ: Հետագայում տեղանքն անվանել են Սպիտակ, իսկ իմ գյուղը, որտեղ ծնվել և մեծացել եմ, եղել է Կաթնաջուրը:

-Ինչպե՞ս է անցել մանկությունդ այնտեղ:

-Մանկությունս անցել է շատ լավ, ինչպես բոլորի, այնպես էլ ինձ համար, իմ ծննդավայրը ամենից լավն է: Եվ իմ մանկության տարիների հիշողությունները կապված են այնտեղի հետ: Ես դպրոց հաճախել եմ Կաթնաջրում, այնուհետև հաճախել եմ Սպիտակում գտնվող ուսումնարանը, այնտեղ սովորել եմ վարորդի մասնագիտությունը: Ուսումնարանս արդեն ավարտել էի, և ինձ 1988թ-ի դեկտեմբերի 8-ին պետք է տանեին բանակ, բայց դրանից մեկ օր առաջ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը:

-Կպատմե՞ս այդ օրվա մասին:

-Նախ ասեմ, որ Ղարաբաղյան շարժման տարիներն էին: Դեկտեմբերի 6-ն էր, ժամը 5-ի մոտերքը: Ես ընկերներիս հետ գտնվում էի կողքի գյուղում, հանկարծ ինչ-որ բան ասես ցնցվեց մեր ոտքերի տակ: Մեզ թվաց, թե ինչ-որ բան պայթեցրեցին, բայց այնտեղ գտնվող մեծերը ասացին , որ երկրաշարժ է: Մոտ 4-5 բալ կլիներ, բայց մեծ վնասներ չկային: Հաջորդ օրը առավոտյան ժամը 11-ին մի քանի րոպե պակաս տեղի ունեցավ սարսափելին, երկրաշարժը հողին հավասարեցրեց Հայաստանի հյուսիսային շրջանները:

-Առաջին քայլը քո կողմից ո՞րը եղավ:

-Ես ընկերներիս հետ գյուղում էի, առաջին հերթին վազեցի տուն, որտեղ տատս էր: Նա հազիվ էր կարողացել դուրս գալ տանից: Տատիկիս տարա մի ապահով տեղ, վազելով գնացի դպրոց` փոքր քրոջս հետևից: Նա ողջ և առողջ էր, սակայն շատերը մնացել էին փլատակների տակ: Քրոջս տարա տատիկիս մոտ: Մայրս և մյուս քույրս գտնվում էին Կիրովական քաղաքում` գնացել էին ինձ համար բանակի պարագաներ գնելու, երբ նրանց էլ տեսա, հանգիստ էի արդեն:

-Ի՞նչ դեպքերի ես ականատես եղել:

-Աղջիկս, ավելի լավ է այդ հարցիդ չպատասխանեմ: Քանի որ այդ օրերին այնքան բան եմ տեսել, որ ասեմ, վստահ եմ, որ կվախենաս: Միայն կասեմ այն, որ չորս բոլորս քանդված շենքեր էին, մարդիկ այս ու այն կողմ էին վազում` փնտրելով հարազատներին: Ամենուրեք լսվում էր լացի ձայներ, աղմուկ-աղաղակ: Շատերը գտել և շատերը կորցրել էին ընտանիքներին, և այդ հուզված ձայները, մարդկանց անկառավարելի քայլերը… Ուղղակի անբացատրելի էր: Ես մինչև օրս հիշում եմ այդ ամենը, և մոռանալ հնարավոր չէ:

-Ի՞նչ էիր զգում հարազատներիդ գտնելով:

-Ամեն հարազատիս գտնելով` ասես նորից ծնվում էի, հասկանում, որ ես ապրում եմ, որ կյանքը դեռ շարունակվում է : Ամենքին գրկում էի ու Աստծուց շնորհակալ լինում, որ նրանք կան, որ ես կամ:

-Լքեցի՞ք գյուղը նույն օրը:

-Ոչ: Այդ օրը երեկոյան հորեղբորս տղաները, իմանալով դեպքի մասին, եկել էին: Խոտերից պատրաստել էինք մի փոքրիկ հոլիկ, որտեղ ամբողջ գիշեր վախենալով նստել էինք: Ցուրտ էր, հազիվ կարողացել էինք ծածկոցներ գտնել: Հաջորդ օրը տատիկիս և քույրերիս տարան Աշտարակ` հորեղբորս տուն, իսկ ես և մայրս մնացինք գյուղում: Մոտ մեկ շաբաթից եկան իմ և մորս հետևից: Մորս ճանապարհելով` մնացի գյուղում, քանի որ լքել գյուղս չէի պատրաստվում:

-Ինչո՞ւ չէիր ցանկանում լքել գյուղը:

-Լքել, ինչպե՞ս, ի՞նչ սրտով: Այդ օրերին ցանկանում էի գյուղացիներիս կողքին լինել: Մեկս մյուսիս պետք է օգնեինք: Իմ գյուղից գնալը կնշանակեր, որ ես փախչում եմ և մտածում միայն իմ մասին: Իսկ հետո բոլորի նման ես նույնպես գնացի գյուղից ընտանիքիս մոտ` Աշտարակ:

-Ինչպե՞ս գտաք տուն Ակնալճում:

-Գալով Աշտարակ, ծանոթների միջոցով իմացանք, որ Ակնալճում կան պետական տներ, որոնք բնակեցված չեն: Եկանք Ակնալիճ և մնացինք այստեղ:

-Ինչպե՞ս ամեն ինչ սկզբից սկսեցիք:

-Սկզբում` ոչինչ չէինք ցանկանում անել: Վախը սրտներումս ապրում էինք, բայց ժամանակի հետ մեկտեղ հասկացանք, որ ամեն ինչ շարունակվում է, կյանքը դեռ առջևում է: Ամեն ինչ շատ դժվար էր, բայց մեծ ջանքերի շնորհիվ հասանք լավ արդյունքի:

-Պապ, դու ասում էիր, որ այդ օրերին բանակ պիտի գնայիր: Գնացի՞ր:

-Աղջիկս, բանակս հետաձգվել էր: Ես արդեն 26 տարեկան էի, այդ ժամանակ մայրդ արդեն մեր տանն էր, բայց գնացի ծառաության անցա որպես տանկիստ:

-Դժվար չէ՞ր այդ տարիքում ծառայության անցնելը:

-Էհ, բալես, ծառայելու համար տարիքը կապ չունի, բոլորի համար էլ սկզբում դժվար է, բայց սովորում են, ես նույնպես սովորեցի: Մայրդ տանը ինձ էր սպասում, և ես իմ պարտքը տալով եկա և հասա ընտանիքիս:

-Կցանակնա՞ս ինչ-որ բան ավելացնել:

-Միայն մի բան եմ ցանկանում ասել, աղջիկս , որ այն, ինչ ես եմ տեսել, չտեսնի և ոչ մի սերունդ: