Ընկեր Ալավերդյանը

Սամվել Ալավերդյանը մեր դպրոցի` Բաղանիսի տնօրենն էր և պատմության ուսուցիչը: Ճշգրիտ չեմ հիշում, մոտավորապես 58-ից  63 տարեկան կլիներ: Շատ խելացի մարդ էր նա: Ընկեր Ալավերդյանը նաև պատմաբան էր և առաջ էր քաշել մեր գյուղի անվան վերաբերյալ հետաքրքիր վարկած: Ըստ վարկածի, մեր գյուղը հիմնել են Արևմտյան Հայաստանի Անի քաղաքից տեղափոխված գաղթականներ: Փորձելով ստեղծել հարազատ միջավայր, գյուղը սկզբնական շրջանում սկսել են կոչել Անիի բակ: Հետագայում անունը փոփոխվելէ և դարձել Բաղանիս:

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Լուսանկարը՝ Դավիթ Ալեքսանյանի

Ընկեր Ալավերդյանը շատ լավ գիտեր նաև աշխարհագրություն, ռուսերեն խոսում էր վարժ և գլուխ էր հանում նաև մյուս առարկաներից: Նրա դասաժամերը միշտ ուրախ էին անցնում: Տեսնելով երեխաների հոգնած վիճակը, սկսում էր կատակել, այսպես ասած, ծիծաղի դադար էր անում, հետո բոլորին կարգի էր հրավիրում ու շարունակում դասը:

Նա հաճախ էր շեղվում դասից և սկսում էր պատմել իր կյանքից, դպրոցական և բանակային տարիներից: Պատմում էր, թե ինչպես է դարձել տանկային անձնակազմի անդամ և հմտանալով դարձել տանկի վարորդ: Նրա` այս դասից շեղվելու թերության մասին գիտեին և դա հմտորեն «օգտագործում էին» աշակերտները: Որպեսզի դասը չպատասխանենք, մենք նրան հարցերով շեղում էինք դասապրոցեսից: Դրա համար, իհարկե, մենք էինք մեղավոր, ոչ թե մեր ուսուցիչը:

Ընկեր Ալավերդյանի հետ աշակերտները կարողանում էին մտերմանալ: Նրա տնօրինության շրջանում դպրոցը բարձր առաջադիմություն էր գրանցում: Նա աշխատասեր, արագաշարժ ու անհամբեր մարդ էր: Մի անգամ պատահմամբ փակված դասասենյակից դուրս է եկել պատուհանով, չէր համբերել, որ գային, դրսից բացեին: Հումորի զգացում էլ ուներ: Մի անգամ, երբ նրան հարցրել են, թե մի ժամում որքան տարածքի խոտ կարող է հնձել, նա պատասխանել է. «Տղա ջան, ես երկու հեկտարի համար դաշտ չեմ հասնի»:

Տնօրենի ընտրության ժամանակ նա չվերընտրվեց իր պաշտոնում և թողեց աշխատանքը: Չհաշտվելով գործազուրկ վիճակի հետ, մեկնեց Ռուսաստան:

Մենք հաճախ ենք հիշում ու կարոտում ընկեր Ալավերդյանին ու նրա հումորով ու ոգևորությամբ հարուստ դասերը:

elina

Գուցե ավելիին ենք արժանի

Ինձ հուզող հարցերը շատ են, դրանցից մեկը իմ գյուղի` Կոթիի, փողոցների լուսավորության խնդիրն է: Փողոցներում տիրող խավարի պատճառով մարդիկ չեն կարողանում գիշերները տանից դուրս գալ: Ցանկանում եմ գյուղի փողոցներում, ինչպես նաև իմ փողոցում լինի լուսավորություն, սակայն նաև վախենում եմ իմ ցանկության համար, քանի որ լուսավորված գյուղը հակառակորդի ռմբակոծության համար շատ լավ թիրախ է:

Երբ գյուղը ռմբակոծում են, այդ ժամանակ նոր սկսում են մտածել հասարակ գյուղացու մասին:

Վերջին ժամանակներս ռմբակոծությունների և կրակոցների պատճառով գյուղի շատ արոտավայրեր գյուղացիները՝ ինչպես նաև իմ ընտանիքը, չկարողացան հնձել: Կառավարությունը խոստացավ, որ կփոխհատուցի մեր կրած վնասները, սակայն մինչ օրս ոչ մեկը այդ փոխհատուցումը  չտեսավ: Այդ պատճառով հայրս որոշեց վաճառել անասուններին, քանի որ այդ արոտավայրերից հնձած խոտով պետք է կենդանիներին կերակրեինք ձմռանը: Շատ էինք տխրել, բայց հայրս չէր ցանկանում, որ կենդանիները սովից սատկեն, իսկ կեր գնելու հնարավորություն չկար:

Գյուղում առաջին տարին է, որ կառավարությունը ուշադրություն է դարձնում ուսանողների ուսման վարձին, և որոշ չափով փորձեցին օգնել սահմամերձ գյուղում բնակվող ուսանողներին` կրճատելով ուսանողների ուսման վարձի մի մասը: Գուցե ավելիի՞ն ենք արժանի, չգիտեմ: Ինչևէ, չեմ բողոքում, շարունակում եմ մնալ իմ հայրենի գյուղում` մտածելով գյուղի խնդիրների և առօրյայի մասին:

erik alexsanyan tavush

Խոսքի և գործի տարբերությունը

Բաղանիսը շատ հերոսներ է տվել հայրենիքին: Արցախյան պատերազմի ժամանակ ստեղծվել է մահապարտների ջոկատ: Այդ ջոկատի երկու անդամ էլ բաղանիսցի էին`ազատամարտիկներ Սարգիս Ղուզանյանը և Անդրանիկ Սահակյանը: Նրանք իրենց ընտանիքների  միակ տղամարդիկ էին: Թողնելով իրենց ընտանիքները, մեկնել են Արցախի ամենաթեժ վայրերը: Այս երկու հերոսները իրենց կյանքի մասին չմտածելով՝ մեկնել են ռազմաճակատ: 

Նրանք կարող էին մնալ Բաղանիսում և պաշտպանել իրենց գյուղը, որտեղ համեմատաբար ավելի թույլ մարտեր էին ընթանում, քան  պատերազմի ամենաթեժ և ամենավտանգավոր կետում՝ առաջին գծում: Սակայն նրանց որոշումը չէր քննարկվում: Մահապարտների ջոկատից քիչ մարդիկ են ողջ մնացել: Ողջ են մնացել նաև Անդրանիկը և Սարգիսը: Սակայն պատերազմի ժամանակ վիրավորվել են: Անդրանիկն ականի պայթյունից կորցրել է աջ ոտքը: Սարգիսը վիրավորվել է կրծքի շրջանում և շնչում է արհեստական ապարատով:

Թվում է, նրանք այսօր պետք է շրջապատված լինեին մեծ հոգատարությամբ, բայց… Սարգիսն ապրում է նկուղում՝ կնոջ և թոռների հետ: Մի քանի տարի առաջ վառարանից կայծ էր թռել, և վառվել էր Սարգսի տունը: Հիմա նրա ընտանիքը ստիպված բնակություն է հաստատել նկուղում: Նա շատ անգամներ է տարբեր տեղեր նամակներ ուղարկել, խնդրել օգնել իր ընտանիքին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Անդրանիկն ապրում է մոր, կնոջ և երեք երեխաների հետ: Թեև Անդրանիկը չի ապրում նկուղում, սակայն ապրում է շատ ծանր պայմաններում: Նա ընտանիքը պահում է երգելով՝ ծնունդների, կնունքների և տարբեր առիթների ժամանակ: Նրա մայրը ադրբեջանուհի է եղել: Ամուսնացել  է Անդրանիկի հոր հետ և ծնվել է նրանց առաջին զավակը՝ Անդրանիկը: Թեև նրա մայրը ադրբեջանուհի է եղել, սակայն բոլորը սիրել են նրան ինչպես շատ լավ համագյուղացու: Անդրանիկի փոքր տղան հինգ տարեկան է, միջնեկը սովորում է տասներկուերորդ դասարանում, մեծ տղան սովորում է Իջևանի պետական համալսարանում: Թեև նրանք ապրում են ծանր վիճակում, սակայն ջանք չեն խնայում իրենց երեխաներիլավ կրթություն տալու  համար

Ինձ շատ է հուզում իմ հայրենակից երկու հերոսների այս վիճակը: Մենք խոսքով միշտ գովաբանում ենք նրանց սխրանքը, բայց գործով ոչինչ չենք անում: Բայց չէ որ նրանք հանուն հայրենիքի պատրաստ են եղել իրենց կյանքը զոհաբերել, կորցրել են իրենց առողջությունը, և այսօր իրենց ընտանիքները հայտնվել են նման դժվար կացության մեջ:

մարինե իսրայելյան

Պայքար խնձորի այգու համար

Ես Մարինեն եմ: Ապրում եմ Հայաստանի գողտրիկ անկյուններից մեկում` Ջուջևանում: Այստեղ է գտնվում մեր չքնաղ այգին` տասնամյա խնձորենիներով:  Այգին ողջ ընտանիքով ենք մշակում, և աշխատանքի մեծագույն վարձատրությունը կարմրաթուշ խնձորներն են: Մինչև բերքի հասունացումը երեք-չորս անգամ ջրում ենք:  Շատ եմ սիրում նստել ջրվող ծառի կողքին, նայել, թե ինչպես է ջուրը թափանցում չորացած հողի փշրանքների մեջ, լցնում ճեղքերը, ինչպես  է հողը հագենում և ծառը պայծառանում: Բացի ջրելը, ծառերին անհրաժեշտ է նաև ամենամյա  բուժիչ սրսկումներ, և ամեն անգամ սրսկումից հետո սրտի տրոփյունով ես սպասում եմ, որ հանկարծ անձրև  չգա: Սակայն արդեն չորս տարի է, չնայած հոգատար խնամքին, այգին ոչ մի հատ խնձոր չի տվել: Գարնանը` ծառերի ծաղկման շրջանում, սպիտակ ծաղիկները ծածկվում են սպիտակ ձյան փաթիլներով ու թափվում: Հայրս որոշել է այս տարի չմշակել այգին:
Գարուն է, ես սկսել եմ փխրեցնել ծառերի հիմքի հողը, հաճույքով եմ անում այդ ամենը, բայց միայնակ ամբողջը չեմ կարողանա:

Մենք շատ ենք սիրում մեր այգին, և համոզված եմ , որ հայրս էլ իմ եռանդից կոգևորվի և ևս  մեկ անգամ կփորձի վաստակել բնության բարեհաճությունը:

artur toneyan

Ես ապագա սպա եմ

Ես սովորում եմ ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Ճիշտ է, սովորում ենք վարժարանում, բայց մենք նույնպես զինվորի կյանքով ենք ապրում: Ես հիմա կպատմեմ, թե ինչպես է անցնում մեր ուսումը: Առավոտյան ժամը յոթին «վեր կաց»-ն է,  և մենք քառասունհինգ վայրկյանում պետք է հասցնենք հագնվել, պատրաստվել և շարք կանգնել: Հետո գնում ենք շարահրապարակ՝ առավոտյան մարմնամարզությունը կատարելու: Այս ամենից հետո վազում ենք, պտտաձողի վրա ձգումներ ենք կատարում ու գնում զորանոց՝ հարդարելու մեր անկողիններն ու նորից շարք կանգնում, որ գնանք ճաշարան: 

Դե, քանի դեռ մենք նախաճաշում ենք, այդ ժամին զորամասից դուրս մեր տարիքի տղաները դեռ արթնացած չեն էլ լինում: Նախաճաշելուց հետո գնում ենք առավոտյան ստուգատեսի, որը վերջանում է ժամը ինին: Իսկ հետո գնում ենք դասասենյակներ ու մինչև երեկոյան վեցն անց կես տարբեր դասեր ենք սովորում:

Մեր՝ մոնթեականներիս համար, շատ հետաքրքիր են անցնում դասերը, քանի որ մեզ հետ պարապում են լավագույն մասնագետները: Մեր մահճակալները զինվորների մահճակալների նման են, քնում ու արթնանում ենք միասին, մենք միշտ միասին ենք և այս ընթացքում մտերմանում ենք, նոր ընկերներ ենք ձեռք բերում, բոլորս միանման կյանքով ենք ապրում, նույն համազգեստն ենք հանգնում, նույն ուտելիքն ենք ուտում: Մենք, բոլորս հավասար ենք, ոչ ոք մյուսից առավել չի կամ հակառակը: Ինձ սա շատ է դուր գալիս:

Ես հպարտ եմ, որ սովորում եմ Մոնթեի անվան վարժարանում և հայոց բանակի ապագա սպա եմ: Հենց այդ պատճառով պետք է ավելի լավ սովորեմ, որ ապագայում սովորեցնեմ ինձ վստահված զինվորներին:

Ղահրամանյանները

Հայրական պապիկս և իր նախնիները` Ղահրամանյանները, ծնվել և մեծացել են Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Ունեցել են մեծ գերդաստան, որի մի ճյուղը պապիկս է իր հինգ երեխաներով, որոնցից հորաքույրներս ամուսնացել են հարևան տարբեր գյուղերում, իսկ հայրս և երկու հորեղբայրներս ապրում են գյուղում: Երեքն էլ պայմանագրային զինծառայողներ են: Փոքր հորեղբայրս` Մանվել Ղահրամանյանը, ապրում է հայրական օջախում: Ամուսնացած է: Ունի երեք տղա, ովքեր ապագա զինվորներ են: Երեխաներից երկուսը` Կարենը և Ռոբերտը, հաճախում են դպրոց, իսկ փոքրը` Ալեքսը,  երկու տարեկան է: Հայրս միջնեկ տղան է` Արայիկ Ղահրամանյանը, նույնպես ամուսնացած է: Մենք չորս քույրիկներ ենք: Երեքս հաճախում ենք դպրոց, իսկ փոքր քույրիկս` Մանեն, հաճախում է մանկապարտեզ: Մայրս տնային տնտեսուհի է:

Մեծ հորեղբայրս` Սամվել Ղահրամանյանը, ունի չորս երեխա: Ավագ որդին Ալբերտն է, ով կրում է պապիկիս անունը, Հայկ և Տիգրան զույգերը և փոքրիկ Սիլվին, ով 20 օր առաջ է լույս աշխարհ եկել:
Հիմնականում ընտանիքներով կապված ենք միմյանց հետ: Ծառայությանը զուգահեռ ազատ ժամանակ հայրս և հորեղբայրներս զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ: Ընդհանուր առմամբ, այդքան էլ հեշտ չէ գյուղում ապրելը, մանավանդ սահմանամերձ գյուղում: Ճիշտ է, դժվարանում ենք, բայց եղածով բավարարվում ենք: Առաջին կարևոր պայմանը. ցանկանում ենք, որ լինի խաղաղություն, որի պաշտպաններից են սահմանում ապրող երեք  բազմազավակ եղբայրները, որոնցով մենք հպարտանում ենք:

Իմիջիայլոց, հորաքույրներս էլ են բազմազավակ մայրեր: Մեծ գերդաստան ենք: Պապիկս ու տատիկս արդեն նաև 2 ամսական ծուռ ունեն:

Քանի որ արդեն գարուն է, հիմնականում զբաղվում ենք գարնանային աշխատանքներով: Ակնկալում ենք, որ ավելի լավ կլինի, ապրելու միջոցները ավելի բարենպաստ կլինեն:
Պապիկս ու իր երեխաները գյուղում հարգված և օրինակելի մարդկանցից են:

Ահա մի քանի տողով, թե ինչպիսի մարդիկ են ապրում սահմանապահ գյուղում:

davit aslanyan

Նախաքննական մրցավազք, ուղեղային մորմոք

Իսկ դուք քանի ՞ անգամ եք մտածել ցեղասպանության մասին, որպես երևույթի, ոչ թե որպես մի բանի, որը պատահել է ձեր ազգի հետ: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. հաջողված ցեղասպանությունները չեն դատապարտվում: Իսկ կիսատ մնացածները, կամ , այսպես ասած, չհաջողված ցեղասպանությունների համար ցեղասպանությունն իրագործող երկիրը կամ տվյալ երկրի իրավահաջորդները ունենում են խոչընդոտներ ամբողջ գոյության ընթացքում: Ինչի ՞ է սա նման: Ահա այս մասին էի մտածում, որ նյութս շարունակեմ և հենց որոշեցի կանգ առնել, հասկացա, որ ընդունելության հետ համեմատելու շատ բան կա:

Սկսեմ հենց դրդապատճառներից: Որոշ դեպքերում ցեղասպանություններ կատարվում են հանուն մի վեհ գաղափարի. օրինակ` կայսրությունները կործանումից փրկելու համար: Այսպես ընտրվում են նաև մասնագիտություններ: Օրինակ` բժշկություն և իրավաբանություն. մարդկանց առողջ և իրավահավասար հասարակությունում տեսնելու համար և այլն: Անցնեմ մյուս պատճառներին: Ցեղասպանություններ իրագործվում են ազգայնամոլությունից դրդված, տվյալ ազգի անցյալը մյուսներից ավելի լավը համարելուց ելնելով (գոյություն ունե ՞ ն լավ անցյալներ, անցյալը ինչ-որ ուժ ունի ՞): Չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, բայց վերոհիշյալ ցեղասպանության հիմար դրդապատճառներից մեկի հիման վրա էլ ընտրվում է պատմագիտությունը որպես մասնագիտություն (ո՞ւմ մտքով է անցել մարդանց պարտադրել տեսողությունն ու ժամանակը վատնել հիմարությունների վրա), այն սովորելով աշխարհում ոչինչ չի փոխվի, քո և շրջապատիդ կյանքը չի բարելավվի:

Երկար-բարակ գրելուց էլի կանգ առա մասնագիտությունների ու կյանքի խաչմերուկում և ցանկանում եմ խոսքս ավարտել հետևյալ հարցով. «Ճիշտ չի՞ լինի արդյոք արգելել բոլոր գիտությունների պարտադրումը, որոնք քեզ և քո շրջապատը չեն դարձնում ավելի լավը»:

Arshak

Գյուղամեջ

Ամեն անգամ երկար ու հոգնեցնող դպրոցական օրվանից հետո քայլում եմ մեր գյուղամիջով, որտեղ արդեն առավոտվանից նստած են գյուղի մեծերը՝ պապիկները: Նրանք միշտ հավաքվում են պապիկիս խանութի դիմաց, ուր ես միշտ այցելում եմ տան բանալին վերցնելու և ավելի շատ այդ պապիկների հետաքրքիր ու զվարճալի զրույցը լսելու համար: Նրանց քննարկման հիմնական թեման աշխարհում տեղի ունեցող անարդարություններն են: Նրանք միշտ արտահայտում են իրենց կարծիքները, և եթե հակադիր կարծիքներ են առաջանում, նրանք երկար ու ձանձրալի վիճում են, թե ո՞վ է ճիշտ, և ո՞ր քաղաքական գործիչն է լավը կամ վատը: Խոսակցության կեսից միշտ մոտենում է ծեր վարսավիր Աղինը և ասում.

-Ա՜, դե, հերիք ա լի զրից անիք, եկեք մազիրներուդ կտրիմ:

Եվ իհարկե, նրա աչքերն արդեն լավ չեն տեսնում, և նա առաջվա պես լավ չի հարդարում մազերը, բայց նրա հաճախորդները միշտ հավատարմությամբ այցելում են, ինչպես իրենք են ասում` «Աղնի մոտ»:

Ամեն անգամ, երբ մոտենում եմ պապիս խանութին, այդտեղ կանգնած պապիները ինձ առաջարկում են իրենց գրպանների խորը անկյուններում պահած կոնֆետները, ասելով.

-Բալա ջե՛ն, արի էս կամֆետներիցը համտիս արա:

Մտնելով պապիս խանութ՝ միշտ լսում եմ նույն խոսքերը.

-Բալա ջե՛ն, արի քոմակ արա, էս յաշիկնին տեղափոխ անինք:

Ես արագորեն արկղերը վերցնում եմ պապիս ձեռքից և դնում սեղանի տակ: Հետո պապս սկսում է ինչ-որ թղթեր լրացնել, որ ես երբեք չեմ հասկացել, թե ինչի համար են: Հանկարծ դրսից լսվում է պապիս ընկերոջ ձայնը.

-Միխայի՛լ, գալիս ե՞ս նարդի խաղանք:

Պապս նստեցնում է ինձ իր աթոռին, որպեսզի հետևեմ խանութի անց ու դարձին, իսկ ինքը գնում է նարդի խաղալու:

Aspram Parsadanyan

Երբ է գյուղը լքվում

Գարնանային լուսավոր օրերից մեկն էր: Ցուրտ ձմեռը սկսել էր զիջել իր տեղը արևաբույր գարնանը: Գարնան կախարդական վրձինն իր երփնավառ ներկապնակով սկսել էր գունավորել Բերդավան գյուղի բնությունը:

Օրն այնքան տաք ու հաճելի էր, որ որոշեցի  դուրս գալ տանից, նստել բակի նստարանին ու կարդալ: Չգիտեմ՝ շատ էի կարդացել, թե քիչ, երբ ինձ գրքից ու իմ մտքերից  կտրեց մի ծանոթ ձայն:  Դա ամենամոտ ընկերներիցս մեկի՝ Նարեկի ձայնն էր: Նա ժպիտը դեմքին մոտեցավ ինձ ու ասաց.
-Գալիս ե՞ս մանուշակ քաղելու:
Ես մերժել չկարողացա: Տան  դարպասների մոտ մեզ սպասում էին մեր ընկերներից մի քանիսը ևս: Մեր խումբը առաջ էր գնում երգելով, աղմուկ-աղաղակով, բարձր ծիծաղելով: Մենք որոշեցինք  թիմի ավագ դնել Նարեկին:  Նա բոլորիցս մեծ էր և ավելի խելացի էր, քան մենք: Ճանապարհին մենք հիշում էինք  հին պատմություններ, ուրախ դեպքեր: Ճանապարհը մեզ կարճ թվաց:  Մենք հասանք մանուշակի  թմբերին, ի զարմանս մեզ՝ դրանց մեջ դեռ կային ձնծաղիկների հատիկներ: Երբ ծաղիկներից գեղեցիկ փնջերը պատրաստ էին, ընկերներիցս մեկը գոռաց.
-Հեյ՜, բերդի գլխի դրոշն ընկել է:
Մյուս ընկերս ցատկեց նստած տեղից ու խոժոռելով դեմքն ասաց.
-Վե’ր կացեք, գնում ենք դրոշը տեղը դնելու: Մեր դրոշը չպետք է գետնին մնա:
Մենք շատ էինք հոգնել, մի կերպ ալարելով ոտքի կանգնեցինք ու սկսեցինք առաջ շարժվել:
Մի քանի  մետր հազիվ էին քայլել (մեր և բերդի միջև եղած հեռավորությունը հարյուր մետր չկար), երբ մեր խմբի ավագն ասաց.
-Կուզե՞ք պատմեմ ձեզ մեր բերդի պատմությունը:
-Այո, իհարկե,- միաձայն ասացինք մենք:
-Մեր բերդը կոչվում է Ղալինջաքար,- սկսեց պատմել Նարեկը,- Այն կառուցվել է տասներեքերորդ դարում: Այդ ժամանակ մեր գյուղը եղել է հենց բերդի  մոտ և կոչվել է  Թխաձոր: Գյուղացիները կառուցել են բերդը, որպեսզի պաշտպանվեն թշնամուց: Բերդի կառուցման մասին կա այսպիսի մի ավանդազրույց: Ասում են՝ մարդիկ  երկար ժամանակ փորձում էին կառուցել Ղալինջաքարը, սակայն, երբ քարերի հարկերն ավելանում էին, պատն առանց որևէ պատճառի փլվում էր: Եվ մի անգամ, երբ շինարարները հոգնել էին այդ կախարդանքից, գյուղի իմաստուններից մեկն ասում է.
-Պատի մեջ, շաղախի հետ մի նորածնի բարուր դրեք, դրանից հետո պատն ամուր կմնա:
Ասում են, որ շինարարները հենց այդպես էլ անում են, իսկ նորածնի մայրը խելագարվում է:
-Օ՜յ , ի՜նչ դաժան է,- ասաց ընկերուհիս, երբ մեր ավագը վերջացրեց իր պատմությունը:
-Վերջ տուր, դա ընդամենը  պատմություն է, ով գիտի՝ ճիշտ է, թե սխալ,- ծիծաղելով ասաց մեր խմբի ամենափոքր անդամը:
-Բա հետո՞, ինչո՞ւ մեր գյուղը հիմա այստեղ չէ:
-Որովհետև  այստեղ ջուր չկար, և մարդիկ իջան ավելի ցածր վայր, որտեղ գետ կար (գետը կոչվում է Կողբ) : Բացի այդ, այս տարածքն ավելի մոտ է սահմանին:
-Նարեկ, իսկ ի՞նչ է նշանակում Ղալինջաքար,- հարցրեց ընկերուհիս:
-Դե՜,  եթե անկեղծ լինեմ, իրական բացատրությունը չգիտեմ, բայց, եթե բառը բաժանենք մասերի, կստացվի՝ ղալին, որը մեր բարբառով նշանակում է շատ, առատ, հորդ, և քար: Այսինքն՝ շատ ու ամուր քարեր ունեցող: Հա՜, մոռացա նշել, որ մեր գյուղը կոչվում է նաև Ղալաչա, որը թուրքերենից թարգմանած նշանակում է` պղտոր ջուր:
Շուտով հասանք բերդին: Տղաները բարձրացան  բերդի գլուխը՝ դրոշը դնելու: Տղաներն իջնում էին, երբ սկսեցին կրակել. երևի  թշնամիները նկատել էին նրանց: Մենք մի քանի  րոպե մնացինք պառկած մինչև կրակոցները  դադարեցին: Մենք շատ էինք  վախեցել: Ջուր խմելուց և վախներս թոթափելուց հետո նստեցինք կանաչ խոտին ու սկսեցինք զրուցել: Ընկերուհիս ասաց.
-Երանի՜ աշխարհում խաղաղություն լինի ու կրակոցներ չլսվեն:
-Մարդիկ սովոր չեն խաղաղ կյանքին: Մարդկության ծննդից ի վեր կռվում են: Ավելի լավ է` հնարավոր բաներ ուզիր, – քմծիծաղով ասաց Նարեկը:
-Օրինակ` ի՞նչ:
-Օրինակ՝ ես կուզենայի, որ մի բարեգործ գար ու փոխեր գյուղի կյանքը:
-Այսի՞նքն:
-Այսինքն երեխաների համար այգի սարքեր, մեծերի համար՝ խաղասրահ, դպրոցը վերանորոգեր, ու, վերջապես, գյուղում ապաստարան կառուցվեր:
-Բայց քո ասածներն էլ իրական չեն, – քթիս տակ ասացի ես:
-Իրոք որ, գյուղում շատ խնդիրներ կան:

Հետ էինք վերադառնում, երբ մեր «ղեկավարը» մեզ պատմեց ավերված ժամի ու մի քանի խաղաքարերի մասին:
-Նայեցե՛ք օրինակ՝ այս խաչքարից միայն մեզ մոտ կա. հազվադեպ հանդիպող հարստություն է: Լսել եմ, որ նման խաչքարեր եղել են միայն Արևմտյան Հայաստանում, որոնք բարբարոսները ավերել են:

Խաչքարերի մեջ կան նաև տապանաքարեր: Մենք գտանք մեր նախնիներից մի քանիսի գերեզմանները: Երբ վերջացրինք փնտրտուքը, նկատեցի, որ մեր ավագը տխուր նայում է մի խաչքարի:
-Տե՛ս, տապանաքարի վրա պապիս հոր անունն է: Տապանաքարերը վնասում են անասունները, իսկ մամուռը պատել է խաչքարերը: Մեր հարստությունները վերացման եզրին են:

Երկար ժամանակ է անցել այդ օրից, բայց ընկերոջս խոսքերը չեմ կարողանում մոռանալ: Մեր՝ Բերդավանցի երեխաներիս ներկան միապաղաղ է, որովհետև չկան ժամանցի կենտրոններ, մեր ապագան հարցականի տակ է, դեպի գյուղ բերող ճամփաներ չկան…

Բոլորս ուզում ենք մնալ քաղաքում, և դրա պատճառը ամենևին էլ հայրենասիրության պակասը չէ, այլ՝ բարեկեցիկ կյանք ունենալու ձգտումը: Այս խնդիրների լուծումը թվում է անիրականանալի: Այս հարցը հուզում է ոչ միայն ինձ, այլ ողջ գյուղին:

Ինչպես ժամանակին մեր պապերը Ղալինջա բերդի շրջակայքից իջան հովիտ, քանի որ ջուր չկար, այժմ էլ գյուղի երիտասարդությունն է լքում գյուղը, քանի որ դարձյալ ապրելու պայմաններ չկան…