
Լուսանկարը` Դավիթ Ասլանյանի
Լուսանկարը` Դավիթ Ասլանյանի
Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի
Մահճակալիս պառկած խաղում էի իմ ամենասիրելի խաղալիք՝ թենիսի գնդակով: Արդեն երևի միլիոներորդ անգամ գնդակով խփեցի իմ դիմացի պատին՝ սպասելով, թե երբ գնդակս հետ կգա, և ես դրանով պատին կխփեմ միլիոնմեկերորդ անգամ: Բայց այս անգամ ես վրիպեցի, ու գնդակս ընկավ սենյակիս անկյունում գտնվող հագուստի պահարանի վրա: Ես հասկանով, որ երկար չեմ դիմանա առանց գնդակի «դխկոցների», ստիպված վեր կացա մահճակալիցս ու քայլեցի դեպի պահարանը: Իմիջիայլոց, ես պահարանին հասա 5 րոպե հետո միայն, չնայած այն ինձնից 3 մետրի վրա էր գտնվում: Պատճառն այն էր, որ ես իմ հենց առաջին քայլից ձախ ոտքիս ճկույթով հարվածեցի մահճակալիս ոտքին, և ստիպված եղա առաջիկա 5 րոպեներն անցկացնել հատակին` գոռալով անտանելի ցավից և միգուցե նաև հայհոյելով:
Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի
Այնուհետև մայրիկս բացեց սենյակիս դուռը, հարցնելով, թե ինչ է պատահել: Ես գտնվելով ցավի ազդեցության տակ, հիմարի պես գոռացի. «Ոչ մի բան էլ չի եղել», որից հետո նա, հասկանալով իմ վիճակը, փակեց դուռը ու գնաց: Ես բարձրացա ու նայեցի պահարանի գլխին:
Գնդակը երևի ընկել էր պահարանի գլխին դրած գրքերի հետևը: Ես ձեռքս երկարացրի ու առանց նայելու սկսեցի ուսումնասիրել, թե ինչ կա գրքերի հետևում: Ահա ինչ-որ «շխկշխկան» թուղթ գտա: Ճմրթված թուղթ: Ըհը: Էս էլ գնդակս: Բայց մի րոպե: Էս ինչի՞ վրա է ընկել: Շոշափելով քրքրված գրքի նմանեցրի: Ու էդ գրքի վրա հավաքելով իմ գտած բոլոր գանձերը, իջեցրի և նստեցի հատակին, այնտեղ, ուր քիչ առաջ ընկած էի:
Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի
Կոնֆետի թուղթը պարզվեց «սնիկերսի» թուղթ էր, որը ես կերել ու գցել էի այնտեղ մի 2 տարի առաջ: Էմալապատ իրը պարզվեց խխունջների խեցիներից մեկն էր, որոնք ես բերել էի Սևակի տուն-թանգարանի բակից 4 տարի առաջ:
Ճմրթված թուղթը փաստորեն իմ 5-րդ դասարանի օրագրից էր.
«Մայրենի՝ 5, Պատմություն՝ 5, Մաթեմ՝ 1»:
Ամեն ինչ պարզ ա: Մաթեմի 1-ը լուրջ պատճառ էր էջը պոկելու և թաքցնելու համար:
Գնդակս: Ես այն նվեր եմ ստացել պապիցս: Վրայի կանաչ թաղանթը մաշվել-գնացել է, թողնելով գնդակիս տկլոր:
Ու ահա գիրքը: Չէ: Բայց սա գիրք չի: Ա՜… «Карта народов мира»՝ «Աշխարհի ազգերի քարտեզ»: Չէ որ սա ինձ համար, բառիս բուն իմաստով, մի ողջ աշխարհ էր: Այս 2 մետր երկարությամբ ու մի մետր լայնությամբ սովետական քարտեզը փոքր ժամանակ իմ ամենասիրելի զբաղմունքն էր:
Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի
Ես փակեցի աչքերս ու խրվեցի հիշողությունների մեջ:
Նորից էն 6 տարեկան խուճուճն եմ: Քայլում եմ պահարանի կողմը: Բայց քանի որ ներկայիս 185 սանտիմետրի փոխարեն ես ինձ 95 սանտիմետրանոց երեխա եմ հիշում: Դրա համար ես գնում և բերում եմ աթոռը: Բարձրացա աթոռին, հետո կանգնեցի մատներիս ծայրերին ու սկսեցի փնտրել մի բան: Բայց ես գնդակս չեմ փնտրում, այլ քարտեզս: Վերցրի այն ու վազելով դուրս եկա բակ: Բացեցի այն ու փռեցի բակում, իսկ հետո պառկեցի վրան:
Ահա ես լողում եմ Ատլանտյան օվկիանոսի կապուտակ ջրերում: Հետո քայլում եմ Սահարայի շիկացած ավազի վրա: Ու այդպես ժամեր շարունակ: Թաղից գալիս կանչում էին ֆուտբոլ խաղալու ու ասում էին. «Ի՞նչ ես էդ քարտեզի վրա թավալ տալ, էջի թաղ»: Իսկ ես ասում էի. «Դուք քարտեզով խաղալ չգիտեք, բան չեք հասկանում»: Քարտեզն առնում ու գնում էի ընկերներիս մոտ:
Հետո գալիս էր մայրիկը, կես ժամ շարունակ համոզում, որ գամ տուն: Հետո հասկանում էր, որ ինձ համոզելն անիմաստ է, վերցնում էր քարտեզը ու տանում տուն: Իսկ ես, վախենալով մութ տեղում մենակ մնալուց, ստիպված վազում էի տուն:
Բացում եմ աչքերս ու զգում, որ ապուշի նման ժպտում եմ:
Քարտեզը բացեցի: Մի քիչ հիացա: Հետո ծալեցի ու դրեցի տեղը՝ գրքերի հետևում: Հաջորդ անգամ գնդակը դիտմամբ էդտէղ կգցեմ…
Լուսանկարը՝ Վահան Ազիբեկյանի
Ես Գարիկ Գանջալյանն եմ, ծնվել եմ 1999թ. Տավուշի մարզի Կոթի գյուղում: Սովորում եմ Կոթիի Շ. Շահնազարյանի անվան դպրոցի 12-րդ դասարանում: Ապրում եմ ծնողներիս և քրոջս հետ: Սիրում եմ զբաղվել լուսանկարչությամբ, լուսանկարներիս հիմնական թեման Կոթի գյուղի բնաշխարհն է: Սիրում եմ զբաղվել սպորտով: Հանդիսանում եմ դպրոցի աշակերտական խորհրդի սպորտային կազմակերպիչ:
«Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ի հովանավորության շնորհիվ 2015թ. հոկտեմբերի 1-ից հաճախում եմ Դիլիջանի Թումո կենտրոն, որտեղ ուսումնասիրում եմ ռոբոտաշինություն, ֆիլմերի ստեղծում և անիմացիա: Այս տարի ավարտում եմ դպրոցը և ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ լուսանկարիչ, ինչպես նաև շարունակել ուսումս բարձրագույն ուսումնական հաստատությունում:
Ապրելով սահմանամերձ Կոթի գյուղում, մանկուց ականատես եմ եղել սահմանին տիրող իրավիճակին: Չնայած իրեն բաժին ընկած ծանր ճակատագրին, Կոթին շարունակում է իր գոյությունը` կերտելով իր փառավոր պատմությունը: Դեռ մանկուց իմ սիրելի զբաղմունքներից էր լսել գյուղի մեծերի պատմությունները գյուղի մասին, նրանում ապրող ժողովրդի հերոսական արարքների մասին, որոնք ցույց են տալիս անսահման սերը դեպի հայրենի գյուղը: Երևի դա է պատճառը, որ իմ մեջ ապրում է անսահման սեր գյուղի նկատմամբ և հպարտություն, որ ես այդ հերոսական անցյալ ունեցող ժողովրդի մի մասնիկն եմ:
Ցավալի է տեսնել, թե ինչպես է տարիների ընթացքում օր-օրի ավելանում այն տների թիվը, որտեղ այլևս լույս չի վառվում: Մարդիկ լքում են հայրենի օջախները` օտարության մեջ ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով: Սակայն չեմ կարող ասել, որ այդ մարդիկ մեղավոր են, քանի որ օր-օրի ավելացող թշնամու գնդակների թիվը և այլևս գոյատևելու ոչ մի պայման չունենալը մարդկանց ստիպում է սրտում խորը թաղել իր գյուղի հանդեպ ունեցած սերը և արցունքն աչքերին փակել տան դարպասները և հեռանալ, միևնույն ժամանակ, հոգու խորքում հույս ունենալով, որ մի օր անպայման նորից կբացվի այդ դուռը:
Չեմ կարող ասել, թե ապագայում ուր կտանի ինձ կյանքիս ուղին, սակայն մի բան հաստատ կարող եմ ասել, ինչպես ես, այնպես էլ ցանկացած ԿՈԹԵՑԻ, անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում է գտնվում, չի կարող մոռանալ իր արմատները, իր պատմությունը: Հաստատ կարող եմ ասել, որ յուրաքանչյուրի ցանկությունն է` վերջապես տեսնել իր գյուղը խաղաղության մեջ: Համոզված եմ, կգա այդ օրը, անպայման կգա:
Ահա թե ինչն է ինձ հուզում:
-Է~հ, ինչեր էինք անում բանակում, ինչ տղաներ կային, ինչ օրեր: Շատ բան կա պատելու:
Անվերջ պատմություններ, որոնք երբեք չեն վերջանա: Ծառայել են 2 տարի, իսկ պատմում են ամբողջ կյանքի ընթացքում: Դե իհարկե, տղամարդիկ ամեն անգամ հետաքրքիր և յուրովի պատմում են իրենց բանակային կյանքից: Շատ պատմություններ եմ լսել, բայց այս մեկն ուրիշ է:
Չուկոտկա, Բևեռափայլ, անվերջ հաղորդալարեր, և իհարկե միակ գործուղման եկած տղամարդ: Կարծում եմ այսպիսի տարօրինակ բառերով պատմություն հաստատ չեք լսել:
Հայրս գրեթե ամեն օր պատմում է իր բանակում անցկացրած օրերի մասին: Ինձ համար դա զարմանալի է քանի որ նա ամեն անգամ պատմում է նոր պատմություններ: Փորձել եմ հնարավորինս կարճ ներկայացնել նրա հետաքրքիր պատմությունները:
-Ահա եկավ ժամանակը, երբ ես պիտի գնամ բանակ,- պատմում է հայրս:
Այնպես ստացվեց, որ ես չծառայեցի իմ հիմնական ծառայելու վայրում` ինձ գործուղեցին Չուկոտկա` որպես կապավոր : Չուկոտկան գտնվում է Ռուսաստանի ամենածայրամասային հատվածում, հյուսիս-արևելքում: Այդ օրվանից սկսվեց ինձ համար արտասովոր դեպքերի շարանը:
Դե, բնականաբար այնտեղի պայմաններին ես դեռ ծանոթ չէի և պետք է հարմարվեի: Դրան արագ համակերպվեցի նաև կլիմային հարմարվեցի, ուղղակի պայմաներն էին վատ: Ինչպես նշեցի ինձ, ուղարկել էին որպես կապավոր` այսինքն ես այն մարդն էի, որ պետք է կանգներ հեռախոսային կայանի մոտ և ընդուներ զանգեր: Ես պիտի ընդունեի զանգերը, գաղտնաբառերով խոսակցությունը գրի առնեի, վերծանեի և այնուհետև փոխանցեի մնացածներին, և այդ ամենը շատ արագ: Առաջին տարօրինակ բանն այն էր, որ բոլորը կրում էին սև գույնի ուսադիրներ, իսկ ես` կապույտ, քանի որ ես միակն էի, ով չէր ծառայում իր հիմնական զորամասում:
-Իսկ դա ճի՞շտ է, որ ասում են` այնտեղ 6 ամիս գիշեր է լինում, վեց ամիս` ցերեկ,- ընդհատեցի ես:
-Դե, էդպես խիստ սահմանված չի` ուղղակի ամառները մի քանի ժամ էր մութ լինում, մթնշաղի նման, իսկ ձմռանը այստեղի ցերեկվա նման լույս չէր լինում, մի քանի ժամ, միշտ կիսամութ էր լինում: Ամառային գիշերները այնտեղ անվանում էին «սպիտակ գիշերներ»: Դու դեռ ամենահետաքրքիրը չես լսել. Բևեռափայլ (Հյուսիսափայլ) կարծում եմ լսած կլինես այդ երևույթի մասին: Դա մի քանի անգամ տեսել եմ: Աննկարագրելի գեղեցկություն է:
Այնտեղ մենք ջուր չունեինք: Մենք` զինվորներով ձյունը կրում-բարձրացնում էինք վերև, հալեցնում, և այդ ջուրը օգտագործում և խմելու համար, և սարքավորումները հովացնելու: Դա շատ հետաքրքիր տեսարան էր: Ցրտից զինվորների հոնքերը եղյամապատում էին, իսկ յան հսկա կտորները տանում էին շալակած:
Ընդամենը մեկ անգամ են մեզ թողել դուրս գալ զորամասի սահմաններից: Մի քանի զինվորի թողեցին դուրս գալ, և դրանց թվում ես նույնպես կայի:
-Պապ, բա ձեր զորամասում մի հայ չկա՞ր:
-Ցավոք, ոչ, աղջիկս, օտար հողում առանց հայրենակիցների հետ շփվելու շատ ծանր է: Քեզ մնում է միայն չմոռանաս մայրենի լեզուդ և կարոտով հաշվես օրերը:
-Հիմա կա այդ զորամասը, գործո՞ւմ են այդ կապերը:
-Չէ, չկա, վերջերս մի հաղորդում դիտեցի մեր զորամասի մասին, այնտեղ հիմա չեն ծառայում, բացի դրանից կապը այլևս ռադիոռելեային տրոպոսֆերային չէ, այժմ տիեզերապեր են:
Ահա և այսօրվա հորս պատմությունը: Դա էլ իմ հեքիաթն է, որի տակ ես քնում եմ: Այսպիսի տարօրինակ վայրում է հայրս անցկացրել իր ծառայության տարիները:
Ուզում եմ, որ բոլորը հպարտանան իրենց հայրիկներով, եղբայրներով և պապիկներով, ինչպես ես եմ հպարտանում:
Եվ վերջում մի խորհուրդ` սիրով լսեք նրանց պատմությունները, նրանք դրանից իրենց լավ են զգում և հպարտանում են, որ կարող են ձեզ ինչ-որ բան պատմել:
Լուսանկարը՝ Նոնա Բարսեղյանի
Մեկ ամիս է անցել` նյութ չեմ ուղարկել։ Խնդիրը նրանում չէ, որ թեմա չեմ գտնում, ուղղակի ժամանակ չեմ ունենում: Իսկ թեմա գտնելու հարցում ընտրածս մասնագիտությունը շատ է օգնում: Մի անգամ շուտ էի գնացել պարապմունքի, սպասում էի, ժամը լրանա` բարձրանամ։ Շենքի կողքի պուրա՞կ ասեմ, թե՞ կիսականաչապատ տարածք, ինչևէ, կռիվ-կռիվ էին խաղում 4-6 տարեկան երեխաներ: Նայում եմ նրանց ու հիշում մանկությունս ու հանկարծ նրանցից ամենափոքրը (այդպես էր թվում նրա արտաքինից), գոռաց.
-Աա՜, թշնամին ներխուժել է մեր մարտական տարածք։
Միանգամից քարացա ու զարմացա. որտեղի՞ց 4 տարեկան երեխան գիտի «ներխուժել» ու «մարտական տարածք» բառերը: Այդ տարիքում ես հազիվ էի ասում «հաղորդում» բառը:
Ժամը լրացավ, բարձրացա պարապմունքի ու պատմեցի` ինչ տեսել էի: Ուսուցչուհիս ասաց` շատ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, նկատում եմ բաներ, որոնք շատերը չեն նկատում:
Հիմա չգիտեմ` ե՞ս եմ ընտրել մասնագիտությունը, թե՞ մասնագիտությունը` ինձ:
Դեռ ձմեռ է, բայց արդեն զգացում է գարնան հոտը. արևը շողում է, մարդիկ դարձել են ավելի ժպտերես ու բարի:
Դպրոցից եկա տուն, պետք է կիսատ թողած հանձնարարությունը վերջացնեի, որ գնայի պարապմունքի: Վերցրի շտեմարանը, գնացի սենյակ, բայց տեսնելով, որ դեռ դրսում արև է, որոշեցի գնալ պատշգամբ: Իսկ որպեսզի չքնեմ (այո՛, ես ցերեկներն էլ եմ քնում, նույնիսկ նստածս տեղը, բայց իրականում ցերեկները չեմ սիրում քնել), սուրճ պատրաստեցի ու գնացի պատշգամբ: Նստեցի արևի տակ ու սկսեցի գրել, բայց զգացի, որ արևը շատ է այրում, տեղս փոխեցի` նստելով ծածկի տակ, բայց չէ՛` արև եմ ուզում. այդպես մի 5 անգամ փոխեցի նստածս տեղը: Վերջ, հարմարվեցի արևին ու շարունակեցի գրել: Սուրճս ես մոռացել եմ խմեմ: Այնքան տեղափոխվեցի, որ այն արդեն սառել էր: Նայեցի ժամին, արդեն 16:00 էր, դեռ 2 ժամ կար պարապմունքին: Հանկարծ պատշգամբի մոտով անցավ երկու մարդ` մայր ու աղջիկ. մայրը աղջկան մանկապարտեզից էր բերում: Երեխան հարցրեց.
-Մա՛մ, Արամի ծնունդին մատովի հեռախոս են առել, ես էլ եմ ուզում:
Էլի նույն զարմանքը. 5 տարեկան երեխան սմարթֆոն է ուզում: Չհասցրի լսել ծնողի պատասխանը, քանի որ արագ անցան: Զարմանալով շարունակեցի գրել ու նորից երեխայի ձայն.
-Մամ, վաղը ինձ 1000 դրամ փող կտաս, որ խանութից բան առնեմ:
Այս անգամ լսեցի մոր պատասխանը.
-Բայց ի՞նչ ես անում այդքան շատ փողը:
-Լավ, չեմ ուզում, 100 տուր:
Այս անգամ ոչ թե զարմացա, այլ սկսեցի բարձր ծիծաղել: Ուր է հասել երեխայի մտքի երևակայությունը: Երևի մտածել է այսպես. «Մամայից որ 1000 դրամ ուզեմ` շատ կծախսեմ, եթե չտա` 100 կուզեմ, մեկ է` տալու է»:
Երեխաները էլ նույնը չեն: Բակում էլ չեն խաղում, տանեցիները բարկանում են, որ ամբողջ օրը համակարգչի դիմաց են: Մի կերպ ուղարկում են բակ` խաղալու, բայց իջնում են բակ, նստում նստարանին ու սկսում հեռախոսով խաղալ, որը ծնողներն են գնել:
Էէ՜, չեմ կարողանում կենտրոնանալ` մի կողմից այս արևը, մյուս կողմից էլ` երեխաներն իրենց հետաքրքիր հարցերով: Գնացի ներս, բաց թողեցի պատշգամբի դուռը, որ թարմ օդ գա, նստեցի դռան մոտ` հատակին ու սկսեցի գրել: Երեխաների ձայնը էլ չէր լսվում, վերջացրի, շտեմարանը դրեցի մի կողմ ու պառկեցի: Պառկելն ու զարթուցիչի ձայնը մեկ եղավ: Հագնվեցի ու գնացի պարապմունքի:
Հաջորդ օրը էլի արև էր, դպրոցից գնում եմ տուն, մեկ էլ տեսնեմ` փոքրիկ 4-5 տարեկան երեխաները բանկի աշխատակիցներից մեկի հետ, խաղահրապարակի աղբն են հավաքում ու անընդհատ հարցնում են.
-Սա ա՞ղբ է, սա ա՞ղբ է։
-Իսկ սա զիբի՞լ է։
-Զիբիլ չի՛, աղբ է,- ուղղում է երեխաներից մեկը մյուսին:
Է՜խ, մանկություն-մանկություն, անհոգ ու անհոգս մանկություն: Մանուկները վայելում են իրենց անհոգ կյանքը, թե չէ մեր նման…
Լենինը ասել է.
-Սովորե՛լ, սովորե՛լ, սովորե՛լ…
Իսկ ես ասում եմ.
-Շտեմարա՛ն, շտեմարա՛ն, շտեմարա՛ն…
Փոքր ժամանակ շատ հետաքրքրասեր էի, ամեն աշխատող կամ չաշխատող սարք քանդում էի, տեսնելու համար, թե ինչ կա դրա ներսում: Մի օր աստիճանների տակ հեծանիվի ակ էի փնտրում, երբ աչքս ընկավ մի մետաղադրամ, սկզբում ուշադրություն չդարձրի, մի որոշ ժամանակ անց նորից նկատեցի այդ մետաղադրամը: Վերցրեցի, նայեցի և սկսեցի մտածել: Այս ի՞նչ մետաղադրամ է, որտեղի՞ց է հայտնվել, և ինչո՞ւ նման չի այժմյան մետաղադրամներին: Վազեցի պապիկիս մոտ այդ բոլոր հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով:
-Պապի, պապի, էս ի՞նչ փող ա:
-Էս հեչ, հին փող ա, սովետի ժամանակվա կոպեկ ա: Հիմա էլ չի օգտագործվում, բանի պետք չի:
-Բա ի՞նչի էլ չեն օգտագործում, ու ի՞նչի էլ բանի պետք չի:
-Դե, որ սովետը փլուզվեց, էս փողն էլ փոխվեց, դարձավ հիմիկվա փողը:
-Էս փողերից շատ ունե՞նք:
-Դե հա, մոտ մի փոքր բանկա կա:
-Բա ինչի՞ էս փողերը չփոխեցիք:
-Էս փողերը մի քանի տարի առաջ եմ գտել: Էդ ժամանակ էլ չէին փոխում, ու սենց էլ մնաց:
-Հիմա խանութներում էս փողը չե՞ն վերցնի:
-Չէ, վերցնում են` ի՞նչ անեն:
Որոշեցի փորձել: Վերցրեցի փողը և վազեցի խանութ:
-Գագո ձաձա, էս փողին ի՞նչ կանի:
-Ի՞նչ ես ուզում:
-Ի՞նչ էլ որ անի:
-Ախր, ոչ մի բան չի անում:
-Լավ:
Գնացի տուն, նստեցի պատի վրա, նայեցի դրամին և որոշեցի, որ այսօրվանից պետք է հավաքեմ բոլոր մետաղադրամները, որպեսզի չմոռացվեն: Մինչ այսօր էլ հավաքում եմ:
-Մեր դովրովը, էն վախտին, վեր թուրքի ու հայի սահմանը պաց էր,-տատիկս է պատմում,- համ թուրքերը կին մեր կեղը, համ մենք քնինք ընդեղ` առևտուր անիլ: Մենք ընդեղան պամիդոր, խիյար առնինք, իրանք էլ մեզանի՝ ալիր, ցորեն, ղրդալի: Թուրքի կնանիքը էտ ձևի պաներըմը ըլարկոտ ին: Իրանք ըտենց պաներ չին բեջարըմ, կալի մեզանի ին թանգով առնըմ: Մենք միշտ իրանցի զգույշ ինք մնըմ: Դե, թուրքը մընմա թուրք: Վեր քընինք կայարանը՝ թուրքի բազարնիքը, իրանց րեխեքը կանչին` «էրմենի», «էրմենի», ու մեզ քարերով տին…
Տատիս ասածներից հետո ավելի համոզվեցի, որ հիմա էլ ոչ մի բան չի փոխվել՝ թուրքը մնացել ա թուրք (իհարկե, չմոռանանք 1915 թվականը): Հիմա էլ էդ երեխաները մեծացել, իրենց սերունդներին էլ նույն կերպ են դաստիարակել: Ուղղակի էն ժամանակվա քարերի փոխարեն հիմա ավելի ծանր ու վտանգավոր զինտեխնիկա են օգտագործում: Նույն մարտավարությունն է, նույն ցեղը: Կարող է` շատերիդ համար դա սովորական լինի, մտածելով, որ թշնամին նույնն է, հա համամիտ եմ: Բայց մեկ ուրիշ բան է դա հեռվից տեսնել կամ իմանալ, լրիվ ուրիշ բան` և՛ իմանալ, և՛ ականատես լինել, ինչպես հիմա մենք` Ներքին Կարմիրաղբյուրցիներս ենք և իմանում, և ականատես լինում:
Ամեն օր դպրոց գնալիս, կամ գիշերը քնելիս, կրակահերթերի աղմուկը լսելիս, որոնք հաճախ հենց գյուղին են ուղղված, մտածում եմ. երանի տատս սխալված լիներ…
Հայ ազգը հազարամյակներ շարունակ ապրել է, ապրել և միաժամանակ կերտել պատմություն: Եվ այսօր մենք այդ պատմության մի մասնիկն ենք: Ապրելով ներկայում` ստեղծում ենք պատմության մի նոր էջ, որն ապագայում պետք է հիշեն մեր հաջորդները:
Ուսումնասիրելով պատմություն, տեղեկանում ենք հավատարմության և դավաճանության, խաղաղության ու պատերազմի, սիրո և ատելության անզիջում պայքարի մասին: Առաջին հայացքից այս ամենն անիմաստ է թվում, սակայն եթե ավելի խորը նայենք, կհասկանանք, որ կյանքն առանց պայքարի ու մրցակցության անհնար է:
Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի
Մեր ժամանակներում պայքարը, իսկ ավելի կոնկրետ մրցակցությունը, նոր թափ է առնում: Պայքարում են թե’ «փոքր», թե’ «միջին» և թե’ «մեծ» պետությունները: Իսկ այդ պայքարում, որպես կանոն, տուժում են միայն ու միայն «փոքրերը»: Ինչո՞ւ է այդպես…
Պատճառը, մեծ հաշվով, պատմությունից դասեր չքաղելն է: Այս ամենի վառ ապացույցը հենց դպրոցական պատմության դասագիրքն է: Ովքեր ինչ որ չափով պատմություն ուսումնասիրել են, կհասկանան ինձ:
Քանի՞ անգամ եք հանդիպել հետևյալ նախադասությանը. «մեծ» տերություններից ակնկալած մեր սպասելիքները կրկին չիրականացան: Ամեն անգամ ակնկալում էինք օգնություն, սակայն գրեթե միշտ մեջքից հարված էինք ստանում: Այս «մարտավարությունը» շատերիս է բնորոշ: Ակնկալում ենք օգնություն` չգիտակցելով դրա գինը: Չէ որ կյանքում ոչինչ անհատույց չէ:
Այսպիսով, կարող եմ եզրակացնել. անցյալը նախատեսված է մեզ ծառայելու, մեզ ուսուցանելու համար: Մենք պետք է դասեր քաղենք անցյալից, այլապես պատմությունը կարող է անընդհատ կրկնվել…
Լուսանկարը՝Դավիթ Ասլանյանի