Լիլիթ Խլղաթյանի բոլոր հրապարակումները

lilit khlghatyan portret

Շատախոս չեմ, բայց շատախոս եմ

Գրեթե երեք ամիս է, ինչ 17.am-ի թղթակից եմ ու մի օր չներկայացա ու չպատմեցի իմ մասին: Այսօր կփորձեմ:

Ես Լիլիթն եմ Լիճքից (հպարտ եմ, որ լիճքեցի եմ),16 տարեկան եմ: Նախ ասեմ, որ ֆուտբոլ չեմ սիրում և ոչ մի ֆուտբոլային ակումբի չեմ երկրպագում: Բնավորությամբ հանգիստ մարդ եմ, փորձում եմ ինձ հեռու պահել կռիվներից և անիմաստ վեճերից: Ավելի շատ նախընտրում եմ մասնակցել բանավեճերի և պաշտպանել իմ տեսակետը:

Շատախոս չեմ, բայց որ սկսեցի խոսել, ավելի լավ կլինի չասեմ` դե շատ-շատ, կխոսեմ:

Մեկ-մեկ, երբ սկսում եմ խոսել, ընկերներս ասում են. «Դե, հերիք է փիլիսոփայես»:

Դե չէի ասի, որ փիլիսոփա եմ, բայց դե անկեղծ և ճիշտ խոսքի կողմնակից եմ: Սիրում եմ անկեղծությունը և գնահատում եմ այդ արժեքը յուրաքանչյուր մարդու մոտ: Փորձում եմ լինել գոնե մինիմալ անկեղծ, ձգտելով մաքսիմալի…

Ֆիլմեր դիտում եմ, եթե իհարկե հեռուստացույցով մի լավ ֆիլմ ցույց տան: Ռոմանտիկայի սիրահար եմ, սիրով եմ կարդում ռոմանտիկ գրքեր, արկածային գրքեր նույնպես կարդում եմ: Սիրում եմ գաղտնիքներ և անսպասելի բացահայտվող արկածներ: Դա գուցե և չհամապատասխանեց իմ հանգիստ բնավորությանը, բայց դե…

Երաժշտություն լսում եմ, այստեղ էլ հատուկ երաժշտական խումբ չունեմ, ում կառանձնացնեմ: Լսում եմ այն, ինչ հավանում եմ և համապատասխանում է տրամադրությանս:

Ռոք երաժշտություն ընդհանրապես չեմ լսում, դե երևի` չի համապատասխանում իմ խառնվածքին:

Դեռ մանկուց որոշել էի դառնալ բժիշկ, բայց եկավ մի պահ, որ միտքս փոխեցի, ու այժմ կարծում եմ, որ կընտրեմ հենց լրագրողի մասնագիտությունը: Չեմ թաքցնի, որ դրան նպաստել է «Մանանա» թիմը:

Դե, առաջ Աստված… Ամեն դեպքում անում եմ ամեն ինչ՝ երազանքիս հասնելու համար:

Վայ, մոռացա ասել, մի բան կա` երկրպագում եմ, դա շոկոլադն է: Քաղցրավենիք շատ եմ սիրում: Դե, ինչ անեմ, ես էլ այդպիսին եմ: Տանել չեմ կարողանում թթու ճաշերը, որովհետև դրանք քաղցր չեն:

Դե, քաղցր բարևներ ձեզ, մի մասն էլ հետո կպատմեմ:

lilit khlghatyan portret

Արև Արեգը

Երկու տարի առաջ մեր ընտանիքը այլ երջանկությամբ լցվեց: Ծնվեց երկրորդ եղբայրս` Արեգը: Նա իր անվան պես պայծառ է և լուսավոր: Արդեն երկու տարի, անգամ մեկ վայրկյան չենք պատկերացնում առանց Արեգի: Եղբայրս ամեն ինչով էլ հետաքրքիր է:

Դե, երբ սկսեց արտասանել իր առաջին բառերը, նա ասաց նաև «ավտո» բառը: Հա-հա, մի զարմացեք, նա մեքենաների համար գժվում է: Բավական է նրան նվիրենք մի խաղալիք մեքենա, ժամերով կառանձնանա ու կխաղա` առանց չարություն անելու:

Դե, ոնց կասի քեռիս.

-Իսկական տղա ա, է~:

Գիտե՞ք, ինչն է հետաքրքիր, որ յուրաքանչյուրիս անունը իր ձևով է արտասանում:

Քրոջս անունը Սոֆի է, բայց եղբայրս նրան ֆու-ֆա է ասում: Ծիծաղելի է, չէ՞: Չգիտեմ`Սոֆին և ֆու-ֆան իրար հետ ինչ կապ ունեն, բայց նա այդպես է ասում:

Մեկ-մեկ Սոֆիի նյարդերի հետ խաղալու համար, մենք էլ ենք նրան այդպես անվանում: Մի լավ ծիծաղում ենք, հետո լրջանում:

Դե, ինձ էլ մինչև հիմա Իլիթ է ասում` լ-տառր չի կարողանում արտասանել:

Ու գիտեք, ես մտածում եմ, թե երեխաները առանձին այբուբեն ունեն մինչև մեր լեզվով խոսելը:

Երևի յուրաքանչյուր երեխա իր հասակակիցներին հասկանում է, հենց այդ «իրենց» լեզվով: Ուրեմն, այդ լեզվին տիրապետել ենք նաև մենք:

Ինձ համար յուրաքանչյուր երեխա չբացահայտված հանելուկ է, իր առանձին լեզվով և տարբերվող պահվածքով:

Գիտեք, չէ՞, մեկ-մեկ էլ մտածում եմ. երեխեքին այդքան էներգիա որտեղի՞ց: Անդադար շարժման մեջ են, ու էլի չեն հոգնում: Քնելն էլ լացելով է լինում, որովհետև չեն սիրում քնել: Էհ քնեն՝ ի՞նչ անեն: Մենք ենք, որ ամեն ինչ կտանք կես ժամ ավել քնելու համար: Լավ, չշեղվեմ:

Մինչ ես գրում էի երեխաների մասին, եղբայրս` Արեգը, իրեն դրել էր մեքենայի տեղ, ու «վու-վու» անելով, վազում էր մի սենյակից մյուսը: Տատս ասում է.

-Այ, Արեգ ջան, ոչ մի րոպե հանգիստ չես նստում: Էլ որտեղի՞ց չաղանաս:

Այդպիսին են աշխարհի ամենաանմեղ արարածները` երեխաները:

Ֆոտոարշավ Լիճքում

IMG_2021«17.am»-ի թղթակիցներով գնացել էինք մեր գյուղ` Լիճք, ֆոտոարշավի:

Այդ օրը յուրահատուկ էր ինձ համար: Հավաքվեցինք մեր գյուղի դպրոցի մոտ, իսկ հետո բաժանվեցինք երկու խմբի: Առաջին խումբը գնաց մի ուղղությամբ, երկրորդը` մեկ այլ: Մեր խումբը առաջնորդում էին Սիսակը և Դիանան:

DSC_0328Ֆոտոարշավի ժամանակ հասցրեցինք մասնակցել լավաշ թխելու ավանդական արարողությանը: Ճիշտ է, այժմ այդ ավանդույթը, տարատեսակ փոփոխությունների է ենթարկվել, բայց միևնույն է, լավաշը մնացել է մեր կենցաղի անբաժան մասնիկը: Ափսոս, որ քչերն են հիմա թոնրով լավաշ թխում:

IMG_1997Հա, ո՞ւր էի հասել: Մի փոքր լավաշ համտեսեցինք և շարունակեցինք մեր արշավը: Հանդիպեցինք շատ անհոգ երեխաների, ովքեր ժպտալով թռչկոտում էին այս ու այն կողմ: Եվ միայն այդ քաղցր ժպիտները տեսնելն արդեն մեծ հանգստություն էր: Քանի որ մեր տունը գյուղի ծայրամասում է, ինձ համար գերագույն հաՃույք էր լինել գյուղամիջում: Այնտեղ այնքան հարազատ մարդկանց հանդիպեցի, որ ուրախությունս թաքցնել չէի կարողանում:

IMG_2010Այդպես ուրախ գրեթե մեկ ժամ շարունակեցինք մեր ճամփան: Ճանապարհին մի տատիկի հանդիպեցինք և որոշեցինք մոտենալ: Որքան փոքրանում էր մեր և տատի միջև եղած հեռավորությունը, այնքան նշմարելի էին դառնում նրա արցունքներով հեղեղված աչքերը: Տատիկն արտասվում էր` աչքերը հառած դեպի հեռուն… Ես մոտեցա տատիկին և հարցրեցի.

-Տա՛տ, ի՞նչ է պատահել:

Տատիկը լուռ էր: Ոչինչ չէր խոսում և գրեթե մեկ րոպե լուռ նայում էր:

-Գնացել են բոլորը,- ասաց տատիկը:

-Ովքե՞ր:

-Երեխաներս: Բոլորը գաղթել են, գնացել՝ ինձ ու ամուսնուս մենակ թողնելով:

Այդքանը լսելն արդեն ծանր էր բոլորիս համար: Այս խնդիրը կարծում եմ համազգային է:

Մեր արշավի ընթացքում միակ տխուր պատմությունը սա էր:

IMG_2000Հետո գնացինք մեր գյուղի գետի մոտ: Գետը դասվում է Սևան թափվող 29 գետերի ու գետակների շարքին: Մոտեցանք և մի փոքր գերանի վրայով առաջ գնացինք: Ջրի մեջ լողում էր սագերի մի խումբ: Այնքան հաճելի էր աշնան կեսին տեսնել կանաչ բնություն: Շատ ավելի հետաքրքիր դեպքեր էլ եղան, որոնց մասին դեռ կգրեմ:

Այդ օրը երբեք չեմ մոռանա: Ես իմ գյուղին այլ հայացքով նայեցի:

lilit khlghatyan portret

Ջեյն, քո վզին ինչ-որ պսպղուն զարդ կա

Ամառվա շոգին` գյուղի ծայրամասից մի քանի անգամ եկա գյուղամեջ, և էլի ապարդյուն, էլի դատարկաձեռն…

Հիմա կմտածեք, թե խոսքն ինչի մասին է:

Խոսքը Ջեյն Էյրի մասին է, գիրք, որի մասին կարծիքներ, լավ կարծիքներ, լսում էի ամենուր: Չեք պատկերացնի, որքան մեծ էր ցանկությունը հենց այդ գիրքը կարդալու: Եվ ինչքան ծանր էր հիասթափությունը, երբ չէի կարողանում գտնել Ջեյնին:

Մայրս պատմեց ու ասաց, որ գիրքը վերցրել էր իրենց հարևանի գրադարանից: Ի դեպ, հարևանները հենց ընկեր Հոխիկյանենց ընտանիքն էր:

Այստեղ են ասել` հույսը վերջում է մարում, միակ հույսը մնաց Հոխիկյան Արաքսը, մի շատ բարի, խելացի և մարդամոտ անձնավորություն: Անմիջապես կապ հաստատեցի նրա հետ, և ուրախությունս մեծ էր ևս մի քանի օր, և Ջեյնը կհասներ ինձ: Եկավ այդ սպասված օրը, ուրախության գագաթնակետն էր, կարդում էի ագահաբար. անընդհատ սպասում դեպքերի նորանոր զարգացման և, իհարկե լավին: Հույսերն արդարացված էին, իսկապես հոյակապ գիրք էր, չէի ափսոսում տանջանքներիս համար:

Կարդում էի հուզված, ամեն պահը զգում էի, մտքումս արդեն պատկերացնելով Ջեյնի և Ռոչեստրի խոսակցությունը, նրանց դեմքի արտահայտությունը և շատ այլ դեպքեր: Այսպես ասած, մտել էի գրքի մեջ:

Շատ հատվածներ կային, որ չէի կարողանում զսպել արցունքներս:

Արդեն հասել էի գրքի ավարտին, ու մի խոսք ցնցեց ինձ, այս անգամ լալիս էի ու ժպտում: Այդ արցունքները ուրախության արցունքներ էին. տակնուվրա էր եղել հոգիս: Այնքան ուրախ էի այդ միավորման և Ռոչեսթրի համար: Ուզում եմ գրել այդ տողերը.

«-Ջեյն, քո վզին ինչ-որ պսպղուն զարդ կա:

Դա ոսկե շղթա էր, և ես պատասխանեցի.

-Այո:
-Եվ քո հագին բաց կապույտ շոր կա»:

Այնքան էի ոգևորվել, քիչ էր մնում ուրախությունից գժվեի: Ջեյնը իսկական սիրո և անկեղծ սիրո մարմնացում էր, այնքան պարզ և անկեղծ սիրո պատմություն: Դաստիարակչական գիրք է Ջեյն Էյրը, յուրաքանչյուր մարդու մոտ, այն կարող է շատ բաներ փոխել: Եվ ի վերջո, Ջեյն Էյրը գիրք է, որով կարող ես պատկերացում կազմել սիրո և անկեղծ սիրո մասին:

Այժմ անդրադառնամ ինձ համար ծանր երկու խնդրի:

Նախ վատ է, որ չես կարողանում գտնել գիրքը, և երկրորդ, երբ կարդում և հասնում ես գրքի գրեթե ավարտին, և ամեն անգամ, ինչ-որ բան խանգարում է գրքի ավարտին հասնելու համար: Ինչ-որ մի գործ, որ պետք է կատարվի այդ պահին, և գիրք, որն սպասում է ընթերցողին: Ծանր դեպքեր են:

Այժմ դիմում եմ այն մարդկանց, ովքեր կարդացին իմ այս նյութը, եթե մինչև այսօր Շառլոտ Բրոնտեի «Ջեյն Էյրը» չեք կարդացել, ապա կարդացեք, երբեք չեք փոշմանի գրքին տրամադրած ժամանակի կորստի համար: Եթե կարդացել եք, ապա կիսվեք ձեր կարծիքներով, ինձ հետաքրքիր են նաև ձեր տպավորությունները:

Իսկ ես արդեն երկրորդ անգամ եմ կարդում գիրքը, երկու օր առաջ, երբ նույն գիրքը ձեռքումս նստած էի, մայրիկս ասաց.

-Բայց դու կարդացել էիր «Ջեյն Էյրը»:

-Ոչինչ, մամ, մեկ ամգամ էլ կկարդամ:

Հ.Գ. այս բոլոր հույզերի համար ես պարտական եմ Հոխիկյան Արաքսին: Շնորհակալ եմ, ընկեր Հոխիկյան:

Գիրքը կվերադարձնեմ երկրորդ անգամ կարդալուց հետո:

lilit khlghatyan portret

Գնդլիկ-Բոքոնիկը

Աշխարհում ամենաքաղցր մարդիկ մեր հարազատներն են, այն մարդիկ, ովքեր մեծացրել են մեզ, միշտ մեր կողքին են եղել:

Ինձ համար ամենահաճելի ու սպասված օրերը տատիկիս և պապիկիս այցի գնալու օրերն են: Իմ մայրական տատի և պապի առաջին թոռնիկը եղել եմ ես: Գուցե դա է պատճառը, որ տատիս և պապիս սերը իմ նկատմամբ անսահման է:

Երբ գնում եմ տատիկիս տուն, նրա սերն ու քնքշանքը այնքան ջերմ է, որ քիչ է մնում երես առնեմ: Նրանց տուն այդքան էլ հաճախակի չեմ գնում, բայց երբ գնում եմ, 1 ժամվա ընթացքում էլ կարող եմ դառնալ Գնդլիկ-Բոքոնիկը:

Կարծում եմ ինձ շատերը կհասկանան: Դե ինչպե՞ս Գնդլիկ-Բոքոնիկը չդառնաս, երբ անդադար տատիկը կերակրում է… Անկեղծ ասած՝ ինձ համար դա էլ է հաճելի:

Պապիկենց տուն ոտք դնելուն պես, տատիկն արդեն մառանում է: Երբ վերադառնում է, իր հետ բերում է ամենահամեղ մուրաբան, հյութը և իր ձեռքով պատրաստած շատ այլ պահածոներ:

Տատիկը շա՜տ համեղ է պատրաստում. ահա ևս մեկ պատճառ Գնդլիկ-Բոքոնիկ դառնալու:

Իմ պատկերացրած իդեալական տունն ու ընտանիքը հենց պապիկինս է: Ամեն ինչ կարգ ու կանոնի մեջ է: Պապիկս ամեն ինչ կարողանում է անել, ես միշտ հպարտանում եմ նրանով:

Մի օր քեռիս կատակով հարցրեց.

-Քո մա՞յրն է լավ պատրաստում, թե՞ իմը:

Երկար մտածեցի ու ասացի.

-Իմ մայրը քո մոր աղջիկն է, դաստիարակվել է նույն կերպ, այնպես որ՝ ես տարբերություն չեմ տեսնում:

Ես շատ եմ սիրում իմ տատիկին ու պապիկին: Ուզում եմ բոլորն էլ սիրեն մեծերին: Տատի և պապի սերը անփոխարինելի է:

Պապիկենց տուն գնալու օրերն ինձ համար տոնական օրեր են…

Կուբիշ պապը

Հարցազրույցս վարել եմ մեր գյուղի` Լիճքի, միակ կոշկակար Սիրական պապիկի հետ, ով իր 10 երեխաներին մեծացրել է հենց կոշկակարի արհեստով:

-Պապ, քանի՞ տարեկան ես:

-Ես 75 տարեկան եմ, բալա ջան, ունեմ 10 երեխա, մեկ աղջիկս էլ մահացել է:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

12 տարեկան էի, պատահական ոտքս սայթաքեց ու ընկա, դրանից հետո կյանքումս ամեն-ինչ փոխվեց: Ամեն օր հիվանդանոցներ, բայց այդպես էլ բժիշկները չկարողացան ոտքս բուժել: 12 տարեկանից կաղում եմ…

-Պապ, իսկ ո՞նց եղավ, որ որոշեցիր դառնալ կոշկակար:

-Երբ ընկա ու ոտքս վնասեցի,այլևս չկարողացա գնալ դպրոց, մինչև յոթերորդ դասարան գնացի ու վերջ: Հա, ինչ էի ասում: Ինձ կոշկակարություն սովորեցրել է պապս, իսկ դրանից հետո սովորել եմ Երևանում:

Էդքանից հետո էլ եկա գյուղ, ու դե տեսնում եք, էս «բուդկում» եմ այդ օրվանից գյուղում, ինձ բոլորը «Կուբիշ» են ասում:

-Պապ, ինչի՞ «Կուբիշ»:

-Հենց սկսեցի կոշիկներ պատրաստել, այդ ժամանակվանից սկսեցին Կուբիշ կոչել: Չեմ էլ հիշում, թե ով և ոնց ասեց, բայց գյուղում հիմա բոլորը ինձ այդպես են կոչում: Արդեն անսովոր է դարձել իսկական անունս լսելը:

-Կոշկակարի արհեստը շահավե՞տ գործ է:

-Չէ, երբեք կոշկակար չէի դառնա, եթե առողջ լինեի: Ոտքս, որ չցավեր, ավելի լավ գործ կանեի: Երկու տարի սովորել եմ կոշկակարություն և կարող էի իմ ձեռքով կոշիկներ պատրաստել, բայց ոտքս այդտեղ էլ խանգարեց, և այդ ծանր գործը չկարողացա անել:

-Պապ, իսկ հիմա կոշիկներ բերո՞ւմ են, որ վերանորոգես:

-Դե հա, կան, մեկ-մեկ բերում են: Դե, ստացած փողին էլ արաղ եմ առնում ու խմում: Սիրում եմ խմել:

-Լինո՞ւմ է, որ սարքում ես, ու փողը չեն տալիս:

-Հա լինում ա, շատերին եմ կոշիկ կարել ու գնացել են, ու այդպես էլ փողը չեն տվել: Բայց չեմ նեղվում. երևի հնարավորություն չունեն, որ չեն տալիս…

-Իսկ ամեն կոշիկի համար որքա՞ն գումար եք վերցնում:

-Դե, նայած կոշիկ ու նայած, թե ում կոշիկն է:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

-Այսի՞նքն, պապ:

-Հարուստից շատ եմ փող վերցնում` աղքատ, չունևոր մարդուց` քիչ: Բայց, բալա ջան, աղքատ մարդը ավելի առատաձեռն ա, քան հարուստը: Լինում ա ժամանակ, որ աղքատը վճարումը սպասվածից ավելի շատ ա անում: Հարուստներ էլ կան, որ չեն էլ ուզում լսել վճարելու մասին:

Ամեն դեպքում իմ աշխատանքն է, ու սիրով եմ անում:

-Լավ, պապ ջան, մենք գնանք, արդեն ուշ է, քեզ էլ առողջություն:

-Հաջողություն, բալա ջան, առողջությունը ձեզ լինի: Դուք եք մեր սերունդը, մեր ապագան: Ես` ի՞նչ. արդեն բիձա մարդ եմ:

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Լուսանկարը` Լիլիթ Խլղաթյանի

Մի քանի խոսք էլ ասեմ հենց Կուբիշ պապի մասին: Նա շատ բարի և ժպտերես մարդ է, և ես մեծ ուրախությամբ անցկացրեցի այս հարցազրույցը:

lilit khlghatyan portret

Յոթ տարեկանում մանկությունս վերջացավ

Մայրիկիս մանկությունը շատ ծանր, բայց հետաքրքիր է եղել: 

-Մամ, ո՞նց է անցել մանկությունդ:

-Մինչև վեց տարեկանը մանկությունս անցել է շատ հետաքրքիր, ապրում էի առանց որևէ բանի մասին մտածելու: Շատ հազվադեպ մորաքրոջս հետ գնում էինք սար, հասնում գրեթե Արմաղանի փեշերին: Գիշերը հավաքվում էինք, երեխաներով խարույկ վառում և սկսում էինք ուրախ երգել մինչև կեսգիշեր: Օրերս շատ հետաքրքիր էին անցնում, մինչև…

-Մինչև ի՞նչ, մամ:

-Առաջին դասարանում էի, նոր էի գնացել դպրոց, և սովորականի պես տառերն էինք սովորում, երբ հանկարծ մի ցնցում շփոթեցրեց մեզ և իրարանցում առաջացավ դպրոցում: Դրանից հետո ցնցումներ եղան մի քանի օր շարունակ, Սպիտակի երկրաշարժն էր: Հետո սկսվեց Արցախյան պատերազմը: Մանկությունս վերջացավ: Կարծես թե այդ տարիներին, ամեն ինչ մեր կամքին հակառակ, տանում էր հայրենիքի կործանմանը: Շատ դժվար տարիներ էին` մութ ու ցուրտ, սնունդ չունեինք, ուղղակի գոյատևում էինք: Հիշում եմ` հայրիկս գնում էր Սևանա լճից ձուկ որսալու և վերադառնում էր հոգնած ու մրսած:

-Մամ, բա ինչպե՞ս ավարտվեց այդ ամենը:

-Ամեն դեպքում դժվարությամբ, բայց կարողացանք գլորել ցուրտ տարիները:

-Եվ դրանից հետո, ամեն ինչ լա՞վ էր:

-Դե, կյանքը առանց դժվարությունների չի կարող մեզ հասցնել նպատակին: Մեծացա և որոշեցի ընտրել բուժքույրի մասնագիտությունը:

-Ինչո՞ւ հենց բուժքույրի:

-Հենց այդ պատերազմն ու երկրաշարժը իմ մեջ ցանկություն առաջացրին օգնել մարդկանց, և ուրիշ ի՞նչ մասնագիտություն ընտրեի, եթե ոչ բժշկի:

Ես էլ մեր տան հոգատար բժիշկ մայրիկիս պես ցանկանում եմ բժիշկ դառնալ և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը:

lilit khlghatyan portret

Ծանր օրեր, որ երբեք չեմ մոռանա

Ապրիլի 2-ն էր` շատ մռայլ օր: Չնայած դրան` ես օրս սկսել էի լավ տրամադրությամբ, սակայն այդ ամենը երկար չտևեց: Ութն անց կես էր, և ես շտապում էի դպրոց: Ամեն ինչ լավ էր, քանի դեռ ես չէի հասել դպրոց: Երբ ներս մտա, ինձ թվաց, թե լրիվ այլ տեղ եմ գնացել, տխուր տեսարանը ինձ վրա շատ ծանր ազդեցություն թողեց: Որոշեցի իմանալ, թե ինչն է դպրոցի այդ մռայլության պատճառը: Չեք պատկերացնի, թե ինչ կատարվեց հետս, երբ լսեցի «պատերազմ» բառը:

Մի կերպ վերջացրի այդ օրվա դասերս և շտապ վերադարձա տուն: Չէի էլ պատկերացնում, թե իսկապես ինչ էր կատարվում: Արագ միացրի հեռուստացույցը, և մարմնովս սարսուռ անցավ, երբ տեսա լրատվամիջոցների տասը րոպեն մեկ հեռարձակվող հատուկ թողարկումները: Ու հասկացա, որ իրավիճակը սպասվածից էլ ծանր էր:

Անհանգստանում էի բոլորի, և հատկապես բանակում ծառայող զարմիկիս համար: Երբ կապ հաստատեցինք Հրայրի մայրիկի` տիկին Սեդայի հետ, նա հուզված մեզ ասաց, որ Հրայրից արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություն չունեն: Այդ ամենը լսելուց հետո մենք միայն կարող էինք Աստծուց խնդրել, որ նա և բոլոր զինվորները առողջ հասնեն տուն: Շուտով լուրեր հասան, որ Հրայրը ծանր վիրավորված Մուրացանի հոսպիտալում է: Բժիշկները հույս ունեին, որ նա կփրկվի, բայց վիճակը իսկապես ծանր էր, նա կոմայի մեջ էր, իսկ մենք չգիտեինք էլ, թե ինչքան այդպես կմնա:

Շատ ծանր էին այդ օրերի ընթացքում մեր ապրումները, քնում և արթնանում էինք հոսպիտալի բակում` միշտ սպասելով մի լավ լուրի: Օրերը գնալով երկարում էին, իսկ Հրայրից ոչ մի լուր չունեինք: Մի կերպ գլորելով օրերը, եկավ ապրիլի 7-ը: Հանկարծ զանգեց հայրիկը և ասաց, որ մեր հերոսը բացել է աչքերը: Այդ պահին սիրտս ուրախությունից ուզում էր պայթել. և ինչպես չպայթեր, երբ լսում էի բարեկամիս առողջանալու մասին:

Տիկին Սեդան, ով մեր հայրենիքի համար լույս աշխարհ էր բերել երեք զինվոր, տղայի վերակենդանացման օրը համարեց նրա ծննդյան երկրորդ օրը: Եվ իսկապես, երկրորդ անգամ ծնվեց Հրայրը, այս անգամ միայն ու միայն Աստծո շնորհիվ:

Եղբայրս ուժեղ էր, որ կարողացավ պատերազմել և թշնամու, և մահվան դեմ, և երկու պատերազմներից էլ դուրս եկավ հաղթական դրոշը ձեռքին: Այսօր նա մեզ հետ է և մեր կողքին: Աստված թող պաշտպանի բոլոր զինվորներին: