Շուշան Ստեփանյանի բոլոր հրապարակումները

shushan stepanyan portret

Դու չե՞ս ամաչում

Բարև, ընթերցո՛ղ: Քեզ մի հարց եմ ուզում տալ. երբևէ եղե՞լ է, որ սիրտդ լցվել, ու դու սկսել ես թախծել, զգացել ես՝ տխուր ես, քեզ թվացել է, թե աշխարհը քեզնից նեղացել ու տարել է իր գույները, որ ամեն ինչ անգույն է, որ ինչ-որ մի նկարչի բոլոր վառ գույներն ավարտվել են, ու քո կյանքի նկարը նա պատկերել է իր մոտ մնացած սևով: Չգիտեմ, քեզ հետ նման բան եղե՞լ է: 

Դե, հա, ես հասկանում եմ, որ կյանքն անհետաքրքիր կլիներ առանց սևի, չէիր պայքարի, առաջ գնալու, ինքդ քեզ վեր մղելու կարիք չէր լինի, բայց ամեն ինչն էլ իր չափն ունի, տեղն ու ճիշտ ժամանակը:

Եվ ես, որ առաջին ընթերցողն եմ նյութիս, հարցիս պատասխանն եմ տալիս. այո, եղել է:

Ու հիմա էլ, որ ժպիտի հերթն էր կարծես, նորից նա եկավ՝ տխրություններիս շղթայի թափանցիկ օղակը: Աներեսորեն նորից եկել է ու նստել կողքիս՝ հենց նույն աթոռին: Տեղս նեղ է, անհարմար: Ու քանի-քանի անգամ է նա նստել կողքիս, քանի-քանի անգամ է խոստացել, որ էլ չի գալու, որ էլ չեմ զգալու ծանր պատկերը:

Բայց նորից եկել է, ու հասկանում եմ, որ գուցե ես եմ մեղավոր, գուցե չեմ կարողացել բղավել վրան ու սպառնալ իմ ուրախությամբ:

Սենյակում էլ մի տեսակ սառը լռություն է, դուրսը լույս է, իսկ ներսում՝ մութ, պատերն էլ կարծես ինձ էլ չեն լսում: Ինքս էլ չգիտեմ, թե անունն ինչ է այս նոր տխրության, որտեղից եկավ և ով ուղարկեց: Իրոք, չգիտեմ:

Հիմա նստած ենք երկուսով. ես ու տխրությունն իմ անանուն, որն այնքան ծանոթ է սրտիս, բայց այնքան անդիմադրելի: Ասում եմ՝ գնա, էլ չգաս, թող հանգիստ մնամ: Չէ, չի լսում ինձ: Նստել է կողքիս ու չի էլ շարժվում:

Դե որ այդպես է, ես վրեժխնդիր կլինեմ ու հենց հիմա քո մասին կպատմեմ բոլորին: Գուցե մի օր կարդաս ու ամաչես, կարդաս ու հասկանաս, որ մարդիկ այդքան տխրել չեն կարող:

Տխրությու՛ն, կարդո՞ւմ ես տողերս: Մինչ կողքիս համառորեն նստած այս ու այն կողմ էիր նայում, ես քեզնից պատմեցի. ուզում եմ՝ հասկանաս, որ մարդիկ անընդհատ տխրել չեն կարող: Ամոթ է, դեմքդ լվա, որ կարողանաս նայել աչքերին բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ նման տխրել են մի օր, մի պահ ու մի ակնթարթ:

shushan stepanyan portret

Ներկի համառ շերտը

Կանգ եմ առել մի հին տան առաջ ու լուռ նայում եմ: Նայում եմ. տունն արդեն «կյանքն ապրել է»: Բոլոր գույները լքել են նրան, պատուհաններն էլ արդեն խարխուլ են: Ներկի միայն մի հաստ շերտ է մնացել՝ պատուհանին անդավաճան: Ներկի շերտն արդեն մաշվել է ու գույնը գցել, կախվել է հին պատուհանից, բայց չի էլ պոկվում: Նա նայում է ծերունուն, ով կանգած է պատուհանի կողքին և նրա պառավ կնոջը, որը սեղանն է դնում: Նայում է ծերունուն ու հիշում, թե ինչպես էր նա շա՜տ տարիներ առաջ իր անփորձ ձեռքերով փորձում ներկել հին տան պատուհանները, թե ինչպես էր կինը օգնում նրան, և թե որքան ուրախ իրենց շուրջն էին վազվզում երեխաները: Երջանիկ ընտանիքի առօրյայի վկան էր ինքը. լսում էր նրանց զրույցներն ու ծիծաղի ձայնը, տեսնում էր, թե որքան էր ջանում ծերունին արագ տուն հասնել ու, գրպանից հանելով երեխաների հերթական ցանկությունների իրականացումը, ամուր գրկում էր նրանց ու ինքնագոհ ժպտում:

Իսկ հիմա չկան ո՛չ ձայներն անհանգիստ, ո՛չ ծիծաղները բարձր, լոկ խորը հառաչանք է ու կարոտի կանչ:

Ամեն առավոտ ծխախոտը բերանին՝ կանգնում է պատուհանի կողքին ու նայում հեռու՝ դեպի այն ճանապարհը, որով գնացին իր երեխաներն ու այդպես էլ հետ չեկան, գնացին ու իրենց մենակ թողեցին:

Բայց ինքը՝ այդ համառ ներկի շերտը, ով նույնպես վաղուց ծերացել է, նրանց մենակ չի թողնում: Հիմա նրանք երեքով են՝ ծերունին, կինը ու ինքը, որ ամեն առավոտ սպասում է նրան ու լսում խեղճի բողոքն ու անհույս սպասումի խոսքերը: Եթե ինքն էլ լքի նրան, էլ ո՞ւմ հետ խոսի ծերունին, առավոտ կանուխ էլ ո՞ւմ իր բողոքն արտահայտի կնոջից թաքուն: Չի ցանկանում կնոջ հետ խոսել իր կարոտից, իր զայրույթից. կնոջ վիշտն ավելին է:

Երբ տեսնում եմ չներկված, հին պատուհաններ ու պատուհաններից կախված ներկի շերտեր, սկսում եմ նման պատմություններ հնարել մտքումս, մտածում, որ երևի ներկող ձեռքեր չկան, որ տան տերերն արդեն ծերացել են, ու նրանց օգնող ձեռքեր չկան…

Ս.Սարգսի տոնի մոտիվներով

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Փետրվարի 7-ին՝ ժամը 12.00, Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահում մեկնարկեց ՀՀ մշակույթի նախարարության հայտարարած նկարչական մրցույթը: Մասնակիցները երեք օրերի ընթացքում հենց թատրոնի ճեմասրահում ստեղծագործում են՝ Ս. Սարգսի տոնի մոտիվներով: Մասնակցության հայտ էր ներկայացրել 35 նկարիչ: 

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

 

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Բարև Ձեզ: Ներկայացեք խնդրեմ: Ինչպե՞ս եք իմացել միջոցառման մասին և ի՞նչ եք որոշել նկարել այս մրցույթի ժամանակ:

-Մխիթարյան Սիրանույշ: Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմանկարչության բաժնում: Միջոցառման մասին իմացել եմ Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից ու ցանկություն է առաջացել, որ մասնակցեմ:

Պատկերել եմ Սուրբ Սարգսին: Կարծում եմ,որ նա հենց այնպիսին էր, ինչպիսին իմ նկարում է: Տոնի հետ կապված որևէ այլ խորհրդանիշ նկարելու փոխարեն ես հենց իրեն եմ նկարել, քանի որ կերպարն ինձ համար ինքնին ոգեշնչող է:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Տարիքային սահմանափակում կա՞ մրցույթում:

-Մասնակցել կարող են տասնյոթից երեսունհինգ տարեկան բոլոր ցանկացողները:

Մոտենում ենք մեկ այլ մասնակցի:

-Բաղդասարյան Լուսինե: Սովորել եմ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կերպարվեստ և գծագրություն բաժնում:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Սուրբ Սարգիսը սիրո բարեխոսն է: Տոնը իրենով խորհրդանշում է սերը, իսկ իմ նկարում ամբողջովին սեր է: Կին ու տղամարդ՝ մեջք մեջքի: Դե, ով ինչպես կհասկանա…

Մոտենում ենք Լիլյա Պետրոսյանին: Լիլյան Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի ուսանող է:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

-Լիլյա, Ձեր նկարը փոքր-ինչ տարբերվում է մյուսներից: Կմեկնաբանե՞ք:

-Իմ նկարը մի քիչ ոչ ստանդարտ է: Այն պլաստիլինով եմ արել: Նկարում ընդհանրապես ընտանիքի գաղափարն է՝ հայրը, մայրը ու երեխան: Նկարը և՛ կապված է Սուրբ Սարգսի տոնի, և՛ ընտանիքի միասնության ու սիրո հետ:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Մենք երկար ժամանակ շրջում էինք ճեմասրահում, մոտենում նկարող երիտասարդներին, աշխատում էինք մեր զրույցով չշեղել նրանց, դիտում էինք նկարները, լուսանկարում:

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Լուսանկարը` Սոսե Զաքարյանի

Թեև դրսում ցուրտ ձմեռ էր, բայց ճեմասրահում ասես արդեն գարուն լիներ, գույների հրավառություն և իսկապես Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին վայել ջերմություն:

Հրեշտակների աշխարհում

Էլի հայացքներ` բարի, զարմացած, հետաքրքիր: Ինձ էին նայում ուշադիր ու ժպտում: 

-Բա՜րև, էրեխեք: Ես եկել եմ, որ ձեզ հետ խաղամ, ու ով իրեն խելոք պահեց, սիրուն նկարներ կանեմ:

Ես մանկապարտեզում էի, իմ մանկապարտեզում: Ամեն ինչ նույնն էր: Միայն տարիներն էին անցել-գնացել: Ճաշի նույն հոտն էր, նույն աղմուկը, դաստիարակներիս նույն ժպիտները, նույն հարազատ պատերը: Զարմանում եմ, թե ինչու չէի ուզում մանկապարտեզ գնալ: Հիշում եմ՝ ամեն օր մի պատճառ էի հնարում, որ չգնամ, լաց էի լինում, բայց իզուր:

-Էլ մի՛ խաբի, հա՞, Շուշան, արագացրու, հագնվիր, գնում ես մանկապարտեզ:

Ո՛չ դաստիարակներս, ո՛չ էլ ես չենք մոռանում, թե ինչպես էի փախուստ կազմակերպել մանկապարտեզից:

Մի օր դաստիարակը մի քանի րոպեով դուրս էր եկել խմբից, ու մենք մենակ էինք մնացել: Որոշեցի պահը բաց չթողնել, ու բոլոր երեխաներին համոզեցի, որ չմնանք մանկապարտեզում: Մենք կազմ-պարտաստ էինք փախուստի համար:

-Վե՛րջ, էրեխեք, գնացինք: Չվախենաք: Ախր, մենք «մանկոն» չենք սիրում, ինչի՞ մնանք ստեղ: Գնացինք:

Արդեն մանկապարտեզի դռան մոտ էինք, ձեռք-ձեռք բռնած, երբ մեզ նկատեցին ու հետ տարան խումբ: Ինձ, իհարկե, չպատժեցին: Ու ես դրանով չբավարարվեցի: Մի քանի անգամ էլ միայնակ եմ փորձել փախչել: Խեղճ դաստիարակներ, ինչքան էին վազում հետևիցս:

Կանգնել եմ ու ամեն պահը աչքիս առաջ է: Մեկ էլ մի քանիսը ուզում են հետս խոսել:

-Գիտե՞ս, մամաս էսօր տորթ ա թխել: Հեսա գնալու եմ, ուտեմ:

-Բա ինձ չե՞ս նկարում: Ինձ մոռացել ես նկարես:

-Բա դու գիտե՞ս, մոտս ռումբ կա, բերել եմ, հեսա քցում եմ, «մանկոն» տրաքի:

Նայում եմ, հայացքներ են՝ պարզ ու մաքուր: Նայում եմ, ու ես հրեշտակների աշխարհում եմ:

shushan stepanyan portret

Մարդ արարած

Կյանքից «գոհ»

-Ու՜ֆ, էս ինչ կյանք ա, արդեն զզվել եմ: Ամեն օր գործի, տուն, տան գործ: Հո սաղ ինձ նման չե՞ն տանջվում: Մենակ ես եմ, որ էսքան աշխատում եմ: Մի օր չեղավ ինձ հանգիստ զգամ:

«Մեծահոգի»

-Էդ էր մնացել՝ ես զանգեի իրա ծնունդը շնորհավորեի: Ինքը իմը չի զանգել, բա ես ինչի՞ պիտի զանգեմ: Էն որ ասում են, է. «Ամեն ինչ փոխադարձ ա», շատ ճիշտ են ասում: Ես ինձ պիտի բարձր պահեմ: Ոնց ինքը, նենց էլ՝ ես:

«Անապահով»

-Վա՜յ, մի կոպեկ փող չկա, չեմ կարա պարտքով քեզ տամ: Սենց բան կլինի՞: Մի կերպ ենք յոլա գնում: Մեզ փող որտեղի՞ց, որ հլը քեզ էլ տանք:

«Տկլոր»

-Վա՜խ, էս ինչ սիրուն կոշիկ ա: Բա էս բլուզն ինչ լավն ա: Այ, էս գույնի չունեմ: Վերջ: Պիտի առնեմ:

«Հայրենասեր»

-Էս Հայաստանում մարդ չգիտի՝ ինչ անի, որ լավ ապրի: Այ, թե Ռուսաստանում լինեի, ինչ փողեր կաշխատեի: Էս ի՞նչ երկրում ենք ապրում:

«Գիտուն»

-Ինչքան մարդ կա ավտոբուսի մեջ: Շատ լավ ա. հեսա գիրքս հանեմ ու սկսեմ կարդալ: Կմտածեն՝ ինչքան խելացի եմ:

«Մուրացկան»

-Հեսա էս մեկին էլ մոտենամ ու արդեն կարգին փողով տուն կմտնեմ: Երկու քայլ ես անում ու ընտիր փող ես աշխատում: Կարդացիք երևի բոլորի մտքերն ու ամենքիդ մտքում մի կերպար հայտնվեց գրեթե իմ կերպարների պես: Չեմ սիրում ու չեմ կարողանում հանդուրժել իրենց իրական վիճակը հականիշող նման մարդկանց: Ապրելու իմաստը կորցնում եք, անկեղծ եմ ասում: Դե հիմա կարդացեք իմ սիրելի կերպարների մտքերը. իրենք շատ-շատ լավն են:

Գյուղացի

-Փառք Աստծո, երաշտ չեղավ, ահագին ցորեն-գարի ունեցա: Սենց էլ գնա՝ գոհ եմ: Մի քիչ տանջանք ա, բայց ո՞վ չի տանջվում: Մարդ պիտի աշխատի, որ ուտի:

Բեռնակիր

-Կես ժամ, ու ես տանը կլինեմ: Ինչքան լավ էր՝ էսօր շատ բեռ կար տեղափոխելու: Ուրեմն, շատ փող կտան: Ես էլ կնոջս սիրած խմորեղենն էսօր վերջապես կառնեմ ու տուն կտանեմ:

Հավաքարար, բայց առանց անգլերենի իմացության

-Հեչ էլ չեմ ամաչում գործիս համար: Հո չե՞մ թողնելու ընտանիքս առանց հաց մնա: Չեմ գնալու ու խնդրեմ, որ ուրիշն իր աշխատածն ինձ տա: Պիտի աշխատել: Ամոթ է չաշխատելն ու ուրիշից օգնություն ակնկալելը:

Հայրենասեր

-Որ չեն ասում՝ Հայաստանը ապրելու տեղ չի, գժվում եմ: Դե, տուն-տեղ թողեք, գնացեք ռուսի առաջ ծառայեք: Բա մարդ էս երկիրը կթողնի ու կգնա՞: Ամեն տեսակ գործ էլ կա Հայաստանում: Վատից սկսեք: Շատ աշխատեք: Գոնե կիմանաք, որ հայրենի երկրում եք, որ ձեր երկիրն եք շենացնում, ձերն են էս մարդիկ, էս մաքուր օդը ու էս հպարտ սարերը:

Մեծահոգի

-Ոնց եմ կարոտել լավ ընկերոջս: Ինչքան ժամանակ ա, որ չեմ զանգել, չենք խոսել: Ինքն էլ չի զանգել, բայց հասկանում եմ, որ ինձ նման, ինքն էլ ա զբաղված: Հո չե՞մ նեղանա իրենից:

Մեծ հիմնարկության հաշվապահ

-Վա՜յ, էս ինչքան եմ հոգնել: Ամեն օր հաշվել, գրել, ջնջել: Բայց, ա՜խր, առանց էս գործի էլ չեմ կարող: Վեց տարեկանից սկսել եմ կառուցել հաշվապահ դառնալուս երազանքն ու հիմա ո՞նց կարող եմ քանդել «տունս»:

Ուզում եմ, որ բոլորս գոհ լինենք կյանքից, գնահատենք այն ամենը, ինչ ունենք, գիտակցենք ամենափոքր ձեռքբերումի կարևորությունն անգամ, ու անկախ ամեն ինչից, միշտ աշխատենք, երբեք չծուլանանք: Այդպիսով միշտ գեղեցիկ կմնանք: Ուզում եմ, որ գնահատենք մեր ունեցածն ու ձգտենք հասնել ավելիին ոչ թե ագահությունից դրդված, այլ այն պատճառով, որ ուզում ենք ինքներս մեզ փորձել ու քայլել կյանքի ավելի բարձր աստիճաններով, որ ինքներս մեզնով ուրախանանք:

shushan stepanyan portret

Իմը սիրելն է

Հա էլի, իմը սիրելն ա, սիրելը: Վե՛րջ, ես մարդկանց, աշխարհին, անիրականին, երևակայականին սիրելու համար եմ ծնվել:

Բոլորս էլ հավանաբար մտածել ենք, թե որն է մեր առաքելությունը կյանքում, և արդյո՞ք մենք կարևոր դեր ունենք նրանում, թե ոչ: Վստահորեն կարող եմ ասել, որ ամենքս էլ ունենք մեր ասելիքը, որ մեր գոյության մեջ հաստատված իմաստ կա: Պարզապես մենք պետք է գտնենք մերը և տանք կյանքին այն, ինչ մեզ է տրվել իբրև մեծագույն պարգև: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ ես չափից շատ եմ մտածում, թե ինչ կա պահված իմ Ես-ի համար: Ինքս ինձ խոսում ու երբեմն ինձնից ստանում եմ հետևյալ պատասխանը. «Վա՜յ, ոչ մի կարևոր բան էլ չկա, որ դու պիտի անես: Հերիք ա, էլի: Ինչ առաքելություն, ինչ նպատակ»: Իսկ երբ ինձ պատասխանում է իմ մեջ ապրող երկրորդ Ես-ը, նա ինձ ասում է. «Աղջի՛կ ջան, էնքան բան կա, որ քոնն ա, որ պիտի անես: Ինչն իրոք ցանկանաս, որ անես, քոնը դարձրու, սիրիր ու իրագործիր»: Հիմա ինձ թվում է, որ գտել եմ իմ դերը, իմ ապրելու իմաստը: Երկար եմ մտածել ու համոզվել եմ, թե ինչու հենց դա: Չգիտեմ, գուցե տարօրինակ թվա, բայց կարծում եմ, որ գոյությունս սիրելու համար է ստեղծվել, ու ողջ տիեզերքի սիրո ըմբռնումն ու սիրելու մեծ ապրումը հենց ինձ է տրվել: Ես սիրում եմ, սիրում եմ երկնքի կապույտը, ձմեռվա ցուրտը, ամառվա շոգը, քամու սուլոցը, մարդկային ժպիտը, աչքերի փայլը, բարձր ծիծաղը, անձրևի հոտը, աստղերի անսահմանությունը, լուսնի այտերը, աշնան գետնամած գույները, գարնան ծաղկումը, մրջյունի փոքրիկ մարմինը, թիթեռի դողացող թևերը, քաղցր խնձորի համը, վառարանում խորովված կարտոֆիլի բույրը, արևի՝ ամպերը շոյող ձեռքերը, օդի շունչը, ամպերի նուրբ թարթիչները, սառնամանիքի դեմ կռվող փոքրամարմին տաքությունը, գույնզգույն լվացքները՝ պարաններին գերի դարձած, արևի վարդագույն բաժանումն աշխարհից, ձմռան առավոտի մռայլ հայացքը, ահագնացող գիշերը, սիրելի երգերիս բառերը, օդում պարող ու արագ անհետացող երջանկությունը, ամպրոպի որոտը, կիթառի նոտաներն ու համերգի ծափերը, գնահատանքի խոսքերը, ուշացած զղջումը, երբեք չասված, սրտում վանդակված, վախվորած «ես սիրում եմ քեզ»-ը: Ես սիրում եմ, և օրեցօր գիտակցմանս համընթաց սերերս շատանում են: Ես աշխարհն եմ սիրում, ես կյանքն եմ սիրում, ես ապրելն եմ սիրում, ես հաջողության տանող դժվարությունն եմ սիրում, ես մի նոր սկիզբ բերող ավարտն եմ սիրում, և ամենից շատ ես բարությունն եմ սիրում՝ ոտքից գլուխ հրեշտակային:

Ես սերն եմ սիրում, սիրելն եմ սիրում, սիրված լինելը:

Սիրում եմ անկեղծը, սրտի զգացածը, իրական հույզերը ու մաքուր մտքերը: Ու բոլորն իմն են. ես իմ մեծ սերը, իսկ իմ սերերը իրենց ես-երը ինձ են նվիրել:

Իմը սիրելն է…

shushan stepanyan portret

Ես սիրում եմ քեզ. իսկական սերը չի կարող մեռնել

Թևերս երկնքում են, ու սիրտս գրկել է աշխարհը տխուր: Արևի շողերն եմ կարծես գողացել ու լույս եմ դարձել: Ու գիտե՞ս, թե ոնց, թե այդ երբ եղավ, որ երկինք հասա, որ սավառնում եմ: Ա՜խ, դու չգիտես: Ու հավանաբար քեզ դա բնավ չի էլ հուզում: Բայց որոշեցի հենց հիմա ասել, որովհետև ուզում եմ կիսվել ինձ թևեր տված ու երկինք հասցրած գաղտնիքով բոլորի հետ, որ բոլորն էլ այսուհետ ճախրեն ինձ նման, ապրեն արևի շողեր ու երկնքի գույներ: Գաղտնիքս մեկն է. ես սիրում եմ քեզ:

Ու հիմա նրանք միասին են իրենց վերագտած, ապրված ու անեղծ սիրո ամպերի գրկում:

Երբ տեսան իրար, մի ամբողջ դարձան, ու տիեզերում մի նոր սեր հյուսվեց նրանց անունով: Եվ այնքան սիրուն էր սերը նրանց, այնքան գույներ, այնքան մաքուր հույզեր ու ապրումներ…

Բայց մի մուգ գույնով բաժանում եկավ, ու ՄԵԿ-ը մայր մտավ՝ ծածկելով երկինքը կարոտի, ափսոսանքի, հեռացումի աղոտ աստղերով: Մեկը դարձավ երկու, երկու զատ աշխարհ, որտեղ ո՛չ արև մնաց և ո՛չ էլ երկինք…

Կանգ ա՛ռ, ժամանակ, մենակ մնալուց ես շատ եմ հոգնել. ես իմ սերն եմ կորցրել: Կանգ ա՛ռ ու սպասիր այնքան ժամանակ, մինչև որ նորից հետ բերեմ նրան: Մնա ու սպասիր, որ ապրեմ նորից, նրանով ապրեմ, որ նորից թռչեմ: Մնա, որ զուր չանցնես, որ ափսոսանքով ես քեզ չհիշեմ: Մնա ու օգնիր, որ գտնեմ նրան. կիսատ եմ այսպես:

Լսեց աղոթքը վազող ժամանակն ու կանգ առավ. սպասեց, սպասեց, մինչև որ մի օր կարոտից խեղդված օրն էլ չհամբերեց, գնաց ու տարավ երկուսին այնտեղ, ուր հանդիպել էին:

Ու գտա ես քեզ, թեպետ չէի էլ կորցրել, պարզապես դու կողքիս չէիր: Կորցնում են լոկ այն դեպքում, երբ սիրտն էլ չի սիրում, երբ մոռանում է ու չի էլ հիշում: Ու գտա ես քեզ, ու շատ եմ խնդրում, որ էլ չգնաս, որ կողքիս մնաս, որ արևի շողը նորից գողանամ ու լույսդ դառնամ: Դու մնա կողքիս ու էլ չգնաս:

Իմացիր դու միշտ՝ իսկական սերը չի կարող մեռնել. հենց երկնքում եմ մեր սերը ձուլել, ու հենց աստղերն են մեզ ճամփա բացել: Ես սիրում եմ քեզ:

shushan stepanyan portret

Կարոտում եմ Ձեզ

Երբ մտքումս նրա անունն եմ տալիս, սիրտս արագ է բաբախում, դեմքիս ժպիտ է հայտնվում, ու սկսում եմ կարոտել:

Իմ սիրելի՜ ընկեր Հակոբյան, կարոտել եմ, շատ եմ կարոտել: Ինչ իմանայի, որ չորս տարի առաջ կյանքն ինձ կարող էր Ձեզ նվիրել: Ու հիմա կաք իմ սրտի մի անկյունում՝ բարությամբ լի, խաղաղ ու արևոտ աշխարհում:

Աշխարհիս տխուր թելերն էլի կապվել են իրար, ու նորից նույնն է՝ կարոտ…

Երբեք չեմ պատկերացրել, որ աշակերտը կարող է իր ուսուցչին այդչափ սիրել, և որ ուսուցիչը այդչափ կարող է նվիրվել իր աշակերտներին, նրանցից ամենքի երջանկության թրթիռով ապրել ու նրանց հետ տխրություն կիսել: Ես երջանիկ եմ. այս սերն իմն է:

Չորս տարի առաջ, ավագ դպրոց, նոր միջավայր ու կրկին ինձ հավատարիմ թերարժեքության մեծ զգացում. «Բոլորն ուժեղ էրեխեք են էս դպրոցում, բա ես ո՞նց եմ էստեղ սովորելու»: Ու այս նախադասությամբ «ներշնչված»՝ պիտի ոտք դնեի ավագ դպրոց, որ կյանքիս մի նոր փուլ կերտեմ:

Բայց ահա և նա, նա, ով հենց առաջին իսկ դասին մեր անգլերենի մակարդակը ստուգելու, նախկինում դասավանդած ուսուցչի անունն իմանալու, մեր ծնողների ինքնությունը պարզելու փոխարեն մեզ բոլորիս թևեր նվիրեց ու ասաց, որ կարող ենք, որ կհասնենք այն ամենին, ինչի որ ձգտում ենք: Ասաց, որ բոլորս հավասար ենք, ու որ անհնարին բան չկա, պետք է ցանկանալ ու շատ աշխատել: Եվ բացարձակապես հուսալքվածիս նա թևեր տվեց՝ իր ներշնչող խոսքերով կարելով սրտիս:

Գնալով նրա՝ ներշնչանք դարձած խոսքերն ինձ համար շնչելու պես կարևոր դարձան, ու ամեն օր մի նոր խորհուրդ, հույսի մի նոր թել, ու ավելի էին ուժեղանում թևերս. չէ որ ես պիտի թռչեի:

Ես սիրում էի անգլերեն լեզուն, քանի որ նախկին դպրոցի ուսուցչուհուս նվիրումը նույնպես մեծ էր, ու նրանով էր ծնվել սերս անգլերեն սովորելու (ի դեպ, նա նույնպես հրաշալի մարդ ու հրաշալի մասնագետ է): Դե, բայց ամեն տեղ, ամեն ինչում մենակ սերը քիչ է, շատ քիչ: Հա, սիրում էի անգլերեն, բայց այդքան ջանասեր չէի, լեզուն չէի զգում, սահուն չէի թարգմանում ամեն ինչ: Գուցե յոթերորդ, ութերորդ դասարաններում հենց այդքանն էլ հերիք էր, բայց քանի որ ես միշտ մտածում էի. «Իբր, ի՞նչ գիտեմ. երկու բառ ու մի հատ «Պարզ ներկա»՝ «դու, դազ»… Ես դառնում էի ավելի պահանջկոտ ու սկսում էի շատ աշխատել, բայց, դե, մեկ է, էլի ջանասեր չէի, էլի մի երկու բառ ու` «դու, դազ»:

Նրա հետ առաջին դասից հետո ժպիտի երանգով պարուրված՝ մտա տուն, կանգնեցի հայելու առաջ ու ասացի. «Դե, տես, Շուշ ջան, թե դու ինչ լավ անգլերեն ես իմանալու: Մենակ պիտի ընտիր աշխատես»:

Ու եկավ մի օր, երբ ես դաս պիտի պատմեի: Պատմեցի շատ սխալներով ու մտածում էի, որ հուսախաբ կանեմ և՛ իրեն, և՛ ինձ, որ կմտածի, թե ես բան չգիտեմ: Երբ վերջացրի, նա ժպտաց ինձ (մենակ ես գիտեմ, թե ինչքան եմ այդ ժպիտը սիրում) ու ասաց.

-Ապրես, աղջիկս, մի քանի սխալ ունես, դրանք էլ ընթացքում կշտկվեն: Այ, տեսեք, երեխաներ, Շուշանն ինչ ճիշտ արտասանեց այս բառը:

Ու նույն կերպ ամեն անգամ, երբ մեզնից մեկը դաս էր պատասխանում, մենք մեզ երկնքին ավելի մոտ էինք զգում: Չի եղել մի դեպք, երբ ասեր՝ վատ էր պատասխանդ, կամ` նստիր, «երկուս»: Հազար սխալ բառի դիմաց նա լսում էր մեր մեկ կամ երկու ճիշտ պատասխանն ու դրանով մեզ ոգևորում:

Եվ այդպես երեք տարի, ու ես զգում եմ անգլերենը, սահուն թարգմանություններ եմ անում, մտքերս եմ կարողանում փոքր-ինչ արտահայտել: Ես թռչում եմ արդեն, և հենց այն օրից, երբ նա ասաց. «Մենք միասին շատ բան կսովորենք, անհնարին ոչինչ չկա»:

Մի տարուց ավելի է, ինչ նրա կերպարն իմ ամենօրյա հիացմունքի առարկան չէ, ինչ նրա ձայնը ուշ-ուշ եմ լսում: Ու երբ Սիսիան եմ գնում, արագ վազում եմ նրան տեսնելու: Դուռը բացում է իմ սիրելի՜, իմ պաշտելի՜ ընկեր Հակոբյանը, ու գրկում ենք իրար: Մի քանի վայրկյան, ու մենք լուռ ենք, բայց հենց այդ լռությամբ ամեն ինչ ասված է:

Ու գուցե շատերին թվա, թե իրենք էլ ունեն այսպիսի մեկին, բայց, չէ, հավատացնում եմ, իմ ընկեր Հակոբյանն ուրիշ է:

shushan stepanyan

17.am-ի հետ

Դե, հիմա էլ ես պատմեմ ճամբարային իմ օրերի, իմ կյանք մտած 17.am-ի, իմ նոր ընկերների, իմ` Սևանից եկող հույզերի ու ապրումների մասին: Ուրեմն, մի օր մեր Սոսեի (ինձ թվում է, որ գրեթե բոլորդ էլ իրեն գիտեք) մորաքույրն ինձ ասաց, որ «Մանանա»-ից են եկել Սիսիան: «Շուշան ջան, դու լավ ես գրում, գնա հանդիպմանը»: «Է՜հ, էդ ինչ պիտի գրեմ, որ հավանեն, որ իրենց ուժեղ խմբի անդամ դարձնեն»,-մտածում էի մինչ գնալս: «Վերջ, գնում եմ: Մարդ ես, մեկ էլ տեսար` իմ գրածներն էլ հավանեն ու տպեն իրենց կայքում»: Այնքան լավ անցավ հանդիպումը: Ակտիվ քննարկումներ, հետաքրքիր ֆիլմերի դիտում: Երեխաների ակտիվությունն ավելացավ, և սկսեցին հարցերին հետաքրքիր պատասխաններ տալ, և ճիշտ պատասխանների դիմաց մեզ 17.am-ի նոթատետրեր նվիրեցին: Մեզ ասացին, որ երկու` մեզ ներկայացնող նյութ ուղարկենք ու սպասենք իրենց պատասխանին: Գրեցի, ուղարկեցի ու հավատում էի, որ գրածներս կհավանեն, որ կասեն` լավ ես գրում: Ինչքան էլ ընկերներիդ, հարազատներիդ կարծիքով դու լավ ես գրում, միևնույնն է, կարիք ունես գործից հասկացող, հմուտ, ճիշտ խորհուրդներ տվող մարդկանց խոսքերի: Մեկ ամիս սպասել եմ, ու օրեցօր ինձ թվում էր, որ դժվար էլ զանգեն կամ գրեն, բաց հետո նամակ ստացա, որ կրկին կհանդիպենք Սիսիանում: Մի օր էլ մի շատ հաճելի ձայնով աղջիկ (արդեն սիրելի դարձած Դիանան էր) զանգեց ու ասաց, որ այսինչ օրը հանդիպում ենք, ու իրենց դասընթացների մասնակիցներից մեկն եմ: Անկեղծ, շատ ուրախ էի:

Հիմա արդեն կայքում տպված ութ նյութ ունեմ ու Սևանի մեդիա ճամբարի մասնակիցներից մեկն եմ: Այնքան հավես են անցնում օրերը, ու որ հետադարձ հայացք եմ գցում «մինչ 17.am-ը» ու հետո, շատ փոփոխություններ եմ նկատում. ավելի ինքնավստահ եմ դարձել, էլ չեմ ասում. «Ուֆ, մեկ ա, անկապ եմ գրել», «Հա, ինչ, էսպես բոլորն էլ կարող են գրել»: Սկսել եմ սիրուն լուսանկարներ անել և ուրիշ աչքով եմ նայում աչքիս տակ ընկած լուսանկարները, կարողանում եմ ընկալել դրանք, փոքր-ինչ վերլուծել: Չգիտեմ, իրոք, այնքան շնորհակալ եմ «Մանանա»-ին` մի քանի ամսվա ընթացում այսքան բան տալու համար:

Ինչ լավ էր, որ գնացի…

Սևան մեդիա ճամբար. Փոքրիկ հայացքներ

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լո՜ւյս, բարի լույս, աշնան արև, սառը խշշոցներ ու քամու պար, ափերը գրկող ալիքներ ու ալիքվող խաղաղություն: Քնելու մեծ ցանկություն, բայց արթնանալու կանչ ու համեղ նախաճաշ:

Ու լույսս կապույտով ավետվեց. իմ խաղաղ երկինքն ու իմ կապույտ Սևանն էին:

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Պիտի գնայինք ֆոտոարշավի. փառատոնի: Դե, պարզ էր, որ շատ մարդիկ էին լինելու: Գիտեի, որ հաստատ մի քանի բարի հայացք պիտի ապրեմ: Տեղ հասնելուն պես, ամենքս անցանք մեր գործին: Երգ, պար, ուրախ հայություն, համով հյուրասիրություն, հավես մթնոլորտ: Կարտոֆիլի ուտեստներ, երեխաների տաշի-տուշիներ ու վառած աթարի հոտ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Մինչ բոլորը լուսանկարում էին, ես ուղղակի քայլում էի ու փնտրում իմ հայացքները: Քայլում էի, ուշադիր նայում: Մի քանի րոպե, ու գտա, այն էլ` փոքրիկ, բարի հայացքներ: Մեկը մյուսից սիրուն, պարզ, խորը: Ամենասիրուն հայացքներից մեկը կարոտ ուներ, անունն էլ Վան էր (գուցե մեր Վանի կարոտն էլ կար): Հիմա էլ, որ գրում եմ, աչքերիս առաջ է Վանի հայացքը` խոշոր աչքերով ու ժպիտի գույնով:

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Հենց մեկին մոտենում էի ու հարցնում. «Կգա՞ս` քեզ նկարեմ», ամաչկոտ հայացքով, ցածրիկ ձայնով ու ժպտացող աչքերով համաձայնություն տալով`ասում էր. «ուհո~ւմ»: Ես, ճիշտ է, շեղվել էի ֆոտոարշավի բուն թեմայից, բայց այնպես հավես էր ուղղակի նկարել տեսածդ հայացքները ու իրենց հետ խոսել քո հայացքով: Եվ ինչքան էլ սիրուն նկարած լինեմ իրենց, իրենց հայացքները, մեկ է, նկարներն այնքան չեն խոսի, ինչքան սրտի բառերը` հայացքներ ապրած:

Տեսա, զգացի, սիրեցի ու ապրեցի փոքրիկ հայացքներ…

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի

Լուսանկարը՝ Շուշան Ստեփանյանի