Անի Հարությունյանի բոլոր հրապարակումները

Ani Harutyunyan

Ու սեր բեր…

Բարև, Ձմե՛ռ պապ։ Կրկին ես եմ՝ Անին։ Արդեն մի քանի տարի է՝ քեզ չեմ գրել։ Մեր մեջ ասած` բոլորը մտածում են, թե արդեն չեմ հավատում քեզ։ Բայց ես միշտ էլ թաքուն հույսեր եմ կապել քեզ հետ, ու հիմա կրկին գործս հասել է քեզ։

Ուզում եմ ինձ նվեր բերես բոլոր այն խոսքերը, որոնք ինձ համար էին, բայց այդպես էլ չասվեցին։

Մի քիչ բեր քաջությունից այն զինվորի, ով մինչև վերջ չհանձնվեց։ Ու այդ քաջ տղայի՝ հերոս ծնող մոր համբերությունից բեր։

Մնացողի կամքի ուժից բեր։ Հեռացողի աչքերի կարոտից բեր, որ զգամ ու մնամ։

Դյումայի արկածներից, մի քիչ Տերյանի ռոմանտիզմից ու Սարյանի վառ գույներից բեր։ Ինիեստայի բարությունից ու Չավիի հրաշագործ տաղանդից էլ բեր։ Աբիդալի կամքի ուժից նույնպես չմոռանաս…

Ու սեր բեր… Ձմե՛ռ պապ, սեր բեր ու տար աշխարհի բոլոր ազգերին, որ խաղաղություն իջնի մեր երկրի վրա…

Ani Harutyunyan

Հանուն ֆուտբոլի լիարժեք ընկալման

Կարծում ես՝ ֆուտբոլը բիզնե՞ս է, իսկ թիմը միլիարդատերերի կո՞ւյտ: Ուրեմն ավելի լավ է` երբեք չխառնվես, չխոսես այդ խաղի մասին։ Մի՛ փորձիր կարծիք հայտնել, քանի դեռ չես տեսել այն տղաներին, որոնք մտնում են դաշտ ու պատրաստ են պատառ-պատառ անելու մրցավարին, եթե նա անազնիվ որոշում կայացնի։ Պատրաստ են բոլոր գրված ու չգրված օրենքներով, իրենց վերջին ուժերով պայքարել հանուն ակումբի, հաղթանակի, իրենց նվիրյալ երկրպագուների։

Նրանք պայքարել սովորել են դեռ մանկուց, երբ ցեխոտ ու քարքարոտ փողոցներում խաղում էին իրենց հին ու մաշված գնդակով։

Ասում են՝ լավագույն ֆուտբոլիստները ծնվում են փողոցում ու գալիս են` համաշխարհային մարզադաշտեր նվաճելու, այնտեղից իրենց հետ բերելով սերը։ Դու երևի չես տեսել Պույոլին…Իսկ ես, տանը նստած, ամեն անգամ զգացել եմ նրա ուժը, երբ նա պարտվելիս գոռում, սթափեցնում էր ֆուտբոլիստներին։ Նա չէր խաղում փողի համար, նա իր կյանքն էր դնում ֆուտբոլի մեջ։

Ահա քեզ մի փոքրիկ պատմություն, որը պատմում է Պիկեն. «Մի անգամ, երբ Պույոլը նոր էր ապաքինվել վնասվածքից և փոխարինման դուրս եկավ, ես նրան ասացի` բարի գալուստ: Նա պատասխանեց՝ կտրի՛ր ձայնդ և կենտրոնացի՛ր խաղի վրա»:

Իսկ դու հերթական միլիոնը բերող խթանն ես համարում գոլը։ Դու տեսե՞լ ես այն տարեց, ծերուկ մարդուն, որ ամեն գոլի ժամանակ վազում է դաշտի երկայնքով, հրճվանքից իրեն չի խնայում, ինչպես երեխան իր այդքան սպասված հեծանիվը ստանալիս։ Նա մարզիչն է, հերթական միլիարդատերը չէ, աստղակույտը կառավարողը չէ, նա ամեն խաղացողի զարգացրած մկանի հետ իր սև մազերից մի քանիսն է նվիրել։ Ես վստահ եմ՝ դու չես տեսել այն կայացած տղամարդկանց արցունքները, որոնք երեխայի նման լաց են լինում պարտության ժամանակ։ Մի՞թե նրանք էլի չեն ստանալու իրենց ամսական միլիոնը…Նրանք ընկնում են, կանաչ խոտի սառնությունը զգում իրենց մարմնով ու նորից բարձրանում, ցավից ատամները իրար սեղմած` շարունակում խաղը. առանց դրա էլ նրանք ստանալու էին իրենց միլիոնը…

Դու միշտ ասում ես.

-Քեզ ի՞նչ՝ ով կհաղթի, միևնույնն է, իրենք են փող աշխատում, դու միայն նյարդերդ ես փչացնում։

Գրո՛ղը տանի, դու երբևէ զգացե՞լ ես այն սերը, որը մենք՝ երկրպագուներս ենք զգում։ Երբևէ արտասվե՞լ ես ինձ նման, այն մեկի նման, ով հազարավոր կիլոմետրեր կտրել-անցնելով գնում է մարզադաշտ` խաղը դիտելու։ Երբևէ ցնծացե՞լ ես այն փոքրիկի նման, որը դեռ լիարժեք չի հասկանում՝ ինչ է ֆուտբոլը, բայց սերը ժառանգել է իր ծնողներից։ Ու երկրպագուներին տեսնելով՝ ուզում ես ֆուտբոլ կոչվել, որ միլիոնավոր սրտեր քեզ համար բաբախեն, սիրեն, նվիրվեն՝ երբեք չդավաճանելու խոստումով։ Հենց այդ մեծ սերն է, յուրաքանչյուր իրական երկրպագուի անմնացորդ սերը, որ միշտ մաքուր է, հեռու ամեն տեսակ բիզնեսից ու շահից: Դու չես տեսել պարտություն եզրափակչում, խաղի վերջին րոպեներին, դու չես տեսել՝ ինչպես է թիմիդ ավագը, իր վերջին խաղում հաղթելով, գավաթը բարձրացնում ու հեռանում, դու չես զգացել՝ ինչպես է ամեն հեռացող ֆուտբոլիստի հետ քո սրտի մի փոքր անկյունը դատարկվում։ Ա՛խր, դու չես զգացել ֆուտբոլը։

90 րոպե տևող այդ հույզերը ես քեզ երբեք չեմ կարող բառերով փոխանցել։ Ու քանի դեռ չես զգացել այն, ինչ մենք, մի՛ փորձիր ասել՝ դա անիմաստ խաղ է. ֆուտբոլը կյանք է:

Ֆուտբոլը ես եմ, ֆուտբոլը Էրիկ Աբիդալն է, որին ամենածանր հիվանդությունն անգամ չստիպեց ծնկի գալ. նա նորից խաղաց, բայց ոչ փողի համար։ Ու փողի համար չէր, որ ծանր վիրահատությունից արթնանալով՝ հարցրեց` ինչպե՞ս է խաղացել իմ «Բարսելոնան»…

Ani Harutyunyan

Նկարահանումներ, ու նորից բացահայտում ենք «սրտի լույսը»…

-Հիշո՞ւմ ես են սարդին…

-Բա որ միշտ թափում էիր սենյակը, ես էի հավաքում։

-Մեր պատշգամբը, մեր եղևնին ու մեր նստարանը…

Արդեն պարզ է՝ իմ ու Քրիստինեի հերթական հանդիպումն էր իրենց տանը։ Ասում, խոսում, հիշում էինք ճամբարը։ Մեկ էլ հեռախոսս զանգում է՝ դըռռռ, դըռռռ…

Նայում եմ, ու տիկին Ռուզանն է։ Ի՞նչ։ Մի՞թե աչքերս ինձ չեն խաբում։ Տեսնես` ի՞նչ է եղել։

-Անի՛ ջան, շաբաթ օրը մերոնք գալու են Անուշ Հովհաննիսյանի ֆիլմի նկարահանումների համար Արմավիր։ Ուզում ենք՝ դու էլ մասնակցես, հարմա՞ր է։

-Հա՛, իհարկե հարմար է, անպայման կգնամ։

-Դե՛, Անի ջան, գալուց կզանգեն քեզ։

Թե ինչ կատարվեց դրանից հետո, շատ հուզիչ էր։ Նորից կտեսնեմ «Մանանայի» ժողովրդին: Կապ չունի՝ ով է գալու, բոլորին կարոտել եմ։ Մի խոսքով՝ Քրիստ ջան, բռնվիր, ուրախությունս զգալու ես սեփական մաշկիդ վրա…

«Ա՛խր, ասացին՝ ժամը մեկի կողմերը էստեղ կլինեն, արդեն երկուսն ա: Ո՞ւր են, չկան։ Կարո՞ղ ա` փոշմանել են, կարո՞ղ ա` ինձ չեն տանում, կամ երևի օրը սխալ եմ լսել»։

Ինչպես միշտ անհամբեր բնավորությունս իրենն ասում էր։ Մեկ էլ նորից սպասված զանգ. Դիանան էր։

- Անի ջան, մենք ձեր դպրոցի մոտ ենք, արի՛։

Բարևներ, կարոտած գրկախառնություններ, ու դեպի Արմավիր քաղաք։

«Սրտի լույսը» նյութիս մեջ պատմում էի Լևոն պապի մասին։ Երաժիշտ Գերասն էլ նրա նման է։ Աչքերի լույսը կյանքը խլել է նրանից, բայց սիրտը դեռ փայլում է, լուսավորում է շուրջը, հնչում է ուրախ նրա նվագած եղանակի պես։

Գիտե՞ք, իրոք կարելի է մարդուն սիրել միայն նրա ներքինը ճանաչելով։ Գերաս Էվանիսյանը չէր տեսել իր կնոջ արտաքին գեղեցկությունը, բայց առանց աչքերի էլ կարելի է տեսնել ու սիրել մարդու հոգին:

Եվս մեկ օրինակ կյանքից երբեք չբողոքելու, ամեն ինչի հանդեպ սիրով լցվելու համար։ Նվագում էր նա, գրում էր, հետաքրքիր հոբիներ ուներ, ժպտում էր բարի ժպիտով, Աստծո տված ամեն շնորհը օգտագործում էր ու, անկախ ամեն ինչից, ուրախ էր: Նա ապրում էր լիարժեք։

Նկարահանումները սկսեցինք։ Չխոսել, չքայլել, ձայն չհանել, ֆոտոապարատներին չկպնել միացրած ժամանակ… Ու այսպես լիքը չի կարելիներ նկարահանման ընթացքում։ Բայց, ախր, պապն այնքան հետաքրքիր էր խոսում, որ հիացմունքը զսպելը դժվար էր լինում։

Ընդհանրապես, նկարահանման ընթացքը շատ հետաքրքիր է. լույսը ճիշտ տեղում դնել, ապարատները անշարժ պահել, տարբեր դիրքերից նկարել, բայց այնպես, որ իրար չխանգարեն, և իհարկե ձայն չհանել: Հիշում եմ՝ Դիլիջանում Լոլո պապի մասին ֆիլմը նկարելիս մի փոքր բարձր ծիծաղեցինք: Սիսակն ու Աշոտը այնպես նայեցին, որ ամբողջ նկարահանման ընթացքում գրեթե չէինք շնչում: Ամեն ինչ շատ դժվար է, ու լրջություն է պահանջում:

Հիացած եմ երաժիշտ Գերասով ու նրա երաժշտական ընտանիքով: Հիանալի օր էր: Շնորհակալ եմ:

Ապրիլն ապրածը

Ռուբեն ու Օնիկ Մանուկյան եղբայրները միասին ապրիլյան ծանր օրերին ամենաթեժ գծում էին՝ Ջրակնում (Ջեբրայիլ): Նրանք երկվորյակ չեն, բայց ծառայել են միաժամանակ և նույն զորամասում: Զրուցում եմ Ռուբենի հետ:

-Ձեր մեջ կա տարիքային տարբերություն: Ինչպե՞ս ստացվեց, որ միաժամանակ և նույն զորամասում ծառայեցիք:

-Չնայած ես տարիքով փոքր եմ, բայց ավելի շուտ գնացի ծառայության, եղբայրս էլ հիվանդության պատճառով մեկ տարով տարկետման մեջ էր: Հետո զանգեցի, ասացի՝ ա՛յ տղա, մենա՞կ ես թողում ախպորդ, արի՛: Ու դրանից հետո երևի ինքն էլ ավելի վստահ դարձավ որոշման մեջ ու եկավ: Ես Ղարաբաղում էի ծառայում, ինքն էլ դիմում գրեց` բերեցին մոտս:

-Ինչպիսի՞ն էր բանակային կյանքը ձեզ համար:

-Իրականում ինչպես պատմում են, հեռվից լսում ու տեսնում ես՝ այդպես չի: Մինչև չես գնում, չես դառնում էդ ամեն ինչի մի մասնիկը, չես հասկանում ծառայության լրջությունը: Ամեն ինչ ավելի մեծ պատասխանատվություն է պահանջում:

-Երկուսով ծառայելը ի՞նչ դրական ու բացասական կողմեր ուներ:

-Դրական կողմերը շատ էին: Միշտ իրար հետ էինք, մեկս մյուսին թև ու թիկունք էինք ցանկացած պարագայում: Ծնողներն էլ ավելի հանգիստ էին: Բացասականն էլ այն էր, որ ոնց քեզ ես նայում, նույն ձևով էլ եղբորդ պետք է ուշադիր լինես, եթե պահը գա, իր արածների համար էլ պետք է պատասխանատվություն կրես: Դե՜, անկեղծ ասեմ՝ մեր միջի «նայողն» էլ ես էի:

-Միասին կռվել եք նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Պատրա՞ստ էիք արդյոք դրան և ի՞նչ զգացումներ ունեիք այդ օրերին:

-Ամեն ինչ շատ անսպասելի եղավ. չէինք սպասում այդ կարգի լուրջ կռվի: Բայց որ սկսվեց, արդեն ուզած-չուզած հավաքվեցինք, ամբողջովին կենտրոնացրինք մեր ուժերը ու կռվեցինք:

Այդ պահին արդեն ոչ մի բանի մասին չէինք մտածում: Մեզ մենակ հաղթանակ էր պետք: Կարելի է ասել, վախը թողած զորամասում, մենք բարձրացել էինք դիրքեր: Մարտական ոգին տեղն էր: Փախուստ չունեինք, բոլորս էլ մեր ուժերի չափով առաջ էինք գնում:

-Ինչպիսի՞ն էր ընդհանուր վիճակը ձեր դիրքերում:

-Առաջին, երկրորդ օրերին վատ էին պայմանները: Միայն զենք ու փամփուշտ կար, ու լարվածությունն էլ այնքան մեծ էր, որ մեզ մենակ դրանք էին պետք: Էդ էր մեր հացն ու ջուրը: Բայց հետո ջրի, ուտելիքի ու հագուստի հարցն էլ լուծվեց:

Ընկերներ ենք կորցրել ու լավ ընկեր հրամանատարներ… Հիմնականում տագնապը առաջանում էր, երբ մեր մարտական ամուր ոգի ունեցող հրամանատարները անհայտ կորած էին համարվում կամ զոհվում էին… Ամեն կորցրած ընկերոջ հետ մեզնից ինչ-որ բան ոնց որ պոկվեր, գնար: Մտնում էինք զորամաս ու ինքնաբերաբար իրենց էինք փնտրում, բայց…

Մենք էլ մեր մաշկի վրա ենք զգացել կյանքը կորցնելու վտանգը, սկսել ենք ավելի շատ գնահատել կյանքը ու դրա գինը իրոք հասկացել ենք:

-Որքան էլ ծանր ու դժվար շրջան էր բոլորիս համար, բայց սահմանին, ձեր ընկերների հետ ինչպե՞ս էիք փորձում ցրել լարվածությունը:

-Անկախ ամեն ինչից աշխատում էինք կատակներով տրամադրությունը բարձր պահել, որ գոնե հանգիստ ժամանակ շատ չմտածեինք իրավիճակի մասին: Հաճախ լրագրողներ էին գալիս, նկարահանում էին, խոսում էինք: Դա էլ էր շատ օգնում: Տանն էլ տեսնում ու մի քիչ հանգստանում էին, որ ամեն ինչ կարգին է:

-Ի՞նչ փոխեց բանակը ձեր մեջ, և ըստ ձեզ, ի՞նչ նշանակություն ունի այն յուրաքանչյուր տղայի կյանքում:

-Բանակը, իրոք, առանց չափազանցնելու, շատ բան է փոխում: Մարդու բնավորությունը, մտածելակերպը, ավելի հասունացած ես հետ գալիս, շատ հարցրերի սկսում ես ավելի հանգիստ ու լուրջ վերաբերվել: Բանակը տղայի համար ճիշտ տեղ է: Երբ ծառայում ես, ավելի կամային ես դառնում, կյանքի դժվարությունները հաղթահարել ես սովորում:

-Ձեր պապիկը զինվորական է եղել: Կցանկանայի՞ք շարունակել նրա ուղին:

-Ո՛չ (ասաց կտրականապես): Չեմ սիրում բանակային կյանքը, չեմ ցանկանա աշխատել այդ ոլորտում: Չնայած, Աստված չանի, եթե նորից իրավիճակը լարվի, ես էլ, եղբայրս էլ մեր ընկերների հետ պատրաստ ենք սահման գնալ:

-Ձեր եղբայրը մեդալի ու շնորհակալագրի է արժանացել: Մի փոքր պատմեք դրա մասին:

-Օնիկը «Դրաստամատ Կանայան» շքանշանի է արժանացել` այդ չորս օրը անձնվեր ծառայելու, ընկերներին փրկելու, ճիշտ կողմնորոշվելու ու իրավիճակը լավ գնահատելու համար: Քաջության համար…

Երբ մեր ընկերներից մեկը վիրավորվել էր չեզոք գոտում, Օնիկը, իրեն վտանգելով, մտել ու դուրս էր բերել վտանգավոր դիրքից: Բայց, ցավոք, մեր ընկերը չապրեց…

Բոլոր տղաներին խորհուրդ կտամ գնալ ու ծառայել: Չեմ ուզում ամպագոռգոռ բաներ ասել ծառայության, բանակի վերաբերյալ, բայց, հավատացե՛ք, ամեն տղա իր կյանքում պետք է անցնի այդ փուլը, որ կյանքի մնացած հատվածը ավելի ուժեղ անցկացնի:

Զինվորը չի քնում, նա միայն հանգստանում է…

Ani Harutyunyan

Կարճ ճանապարհ

Երկար ճանապարհ, խառը մտքեր, խոհեր, ականջակալներ ու Lonely Day… Որևէ առարկա պարապող մարդու համար այս ամենը շատ ծանոթ է: Ոմանք այդ ճանապարհը չեն սիրում, շատերի համար էլ դա շատ ռոմանտիկ է: Իսկ ե՞ս: Ես բացում եմ մեր տան դուռն ու մտնում ուսուցչուհուս տուն: Այդքան մոտ է իմ պարապմունքի վայրը:

Միջին դասարաններում հանրահաշիվ-երկրաչափություն էի պարապում: Ճանապարհն էլ բավականին երկար էր: Բայց պարապմունքի գնալիս միշտ ուշանում էի ու այնքան էի շտապում, որ էլ ոչ մի ռոմանտիկայի ժամանակ չէր մնում: Իսկ երբ վերջացնում էի, ուղեղս այնքան ծանրաբեռնված էր լինում, որ մտածում էի միայն շուտ տուն հասնելու մասին:

Իսկ եթե լուրջ, դուրս եմ գալիս մեր բակից, անցնում եմ մի նեղ փողոց ու հասնում եմ պարապմունքի: Էլ ի՞նչ խորհելու, երազելու, ականջակալների մասին է խոսքը:

Ani Harutyunyan

Իմ ռոմանտիկ Մայիսյան

Վստահ եմ՝ բոլորս էլ հոգու խորքում ռոմանտիկ ենք, սիրում ենք անձրևը, դրա հոտն ու թաց պատուհանները, մոմի լույսի ներքո որևէ գեղեցիկ դերասանի հետ ռոմատնտիկ ընթրիք պատկերացնելը: Բայց։ Մեկ րոպե։ Եկեք կտրվենք երազներից ու մի պահ վերադառնանք դեպի իմ գյուղի՝ Մայիսյանի իրականություն։

Եթե դու շատ ռոմանտիկ մարդ ես, սիրում ես վերը նշվածներն ու մի բան էլ ավելի, ապա անձրևոտ եղանակին մեր գյուղը իսկը քո տեղն է։ Այստեղ դու քեզ կզգաս ինչպես ձուկը ջրում, Մեսսին` Բարսելոնայում, Սիլվեստր Ստալոնեն՝ մարտաֆիլմերում, շատ հանգիստ, հարազատ, հաճելի… Դե՛, իհարկե նրա համար, որ մի փոքր անձրևի ու քամու ժամանակ մեր գյուղը հոսանքազրկվում է։

Այո՛, դուք ճիշտ հասկացաք. մեր գյուղի հոսանքի գծերը պապիս տարիքի են: Է՜, որ ուզում եք իմանալ՝ մի բան էլ ավելի։ Ա՛յ, դա իրոք շատ է հուզում ինձ։ Մի պահ պատկերացրեք՝ 30% լիցքավորում հեռախոսումդ ու հանկարծ, հո՛պ, լույսերն անջատում են։ Վե՛րջ։ Հասկանո՞ւմ եք՝ կար հեռախոս, էլ չկա հեռախոս։ Չկա համակարգիչ, ինտերնետ, անգամ հեռուստացույց… Համաձայնեք՝ մեր օրերում սարսափելի երևույթ է:

17 տարեկան եմ։ Ամբողջ կյանքս առջևում է։ Ինձ՝ իմ կյանքի կեսի հետ դեռ շատ ռոմանտիկ պահեր են սպասվում։ Մի՛ արեք այնպես, որ երիտասարդության սեմին հոգնեմ ռոմանտիկայից։

Չնայած, մի կողմից էլ լավ է: Տան անդամների հետ շփվելու ժամանակ եմ գտնում:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբարը վերջացավ…

-Ա՛ն, հել, ժամը ինն ա:

-Ահ, աչքս լույս…

Ու սկսվեց մեր Դիլիջանյան ճամբարի վերջին կեսօրը: Վերջին անգամ Քրիստինեն հավաքեց սենյակը, բարկացավ, որ մազերս արագ ուղղեմ, շորերս դասավորեմ…

Է՜հ, բա ինչպե՞ս չկարոտեմ Քրիստինեի մայրական հոգատարությունը,  նախաճաշի էն համով, տնական կաթնաշոռը, «Կոնֆերանս դահլիճ» գնացող երկար, տանջալից ճանապարհը:
Չի լինի չկարոտել Մարիամի «երեխե՛ք»-ը, Կառլոսի մեծ աչքերն ու թշի «վերջակետ» խալը, ոնց ասում էր Լուսինեն: Հա, բա ո՞նց չկարոտեմ մեր ՎԵՀ Լուսինեին:

Ախր, պարոն Արայի հանգիստ խոսքը, միշտ ներքև նայող հայացքը, ամեն խոսքից հետո ասած «չէ՞»-երը չկարոտել հնարավոր չի:

Ինչպե՞ս չկարոտեմ Հովնանի պարելով քայլելը, մեծ էկրանին ծիծաղելի նկարներ միացնելը, երբ մենք լուրջ բան էինք քննարկում: Սիսակի հավեսով տարօրինակությունը, Դիանայի անուշ օծանելիքի հոտը, Լիլիթի ու Շուշանի (ով, ի դեպ, պարզվեց հորեղբորս աղջիկն է) ճարտար լեզուն: Իհարկե Լորիկի լուռումունջ քայլելը, Աիդայի ձայնը, որ այդպես էլ չլսեցի, Աշոտի կիսամուննաթ, բայց երկար լսելու ցանկություն առաջացնող ձայնը, Մուշի՝ պարոն Արայի հայացքին անչափ նման հայացքը: Դե, իհարկե, ո՞նց չկարոտեմ տիկին Ռուզանի խիստ ու միաժամանակ հաճելի բարկությունը:

Կկարոտեմ Դիլիջանի աննման բնությունը: Էն սարերը, որոնց մոտով անցնելիս պարտադիր ասում էի՝ Քի՜ս, բայց ի՛նչ սիրուն են:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. սրտի լույսը

Մարդիկ կան, ովքեր տեսնում են լույսը, բայց նրանց միտքը այդպես էլ չի լուսավորվում: Լոլոն (այդպես էր Լևոն պապի մականունը) կորցրել էր աչքերի լույսը, բայց փայլը դեռ կար: Նրա միքտը պայծառ էր, խոսքը` հագեցնող:

-Բնիկ դիլիջանցի՞ եք:

-Այո՛, ստեղ եմ ծնվել: Ծնողներս Ղարսից են:

-Ձեր ամբողջ կյանքը այստե՞ղ եք անկացրել:

-Հիմնականում այստեղ եմ եղել: Դե, եղել ա դեպքեր, որ մի երեք-չորս ամսով գնացել եմ Ռուսաստան, բայց էդ հաշիվ չի:  Երեխաներս էլ են էստեղ ծնվել: Աղջիկս ու փեսաս նկարիչներ են:

-Իսկ Ձեզ համար Դիլիջանի առանձնահատկությունն ինչո՞ւմն է:

-Իմ ծննդավայրն ա, իմ հողն ու ջուրն ա: Ես ինձ էստեղ շատ լավ եմ զգում ու շատ եմ ուրախանում, որ Դիլիջանը ուրիշ մարդիկ հավանում են: Էսենց բնություն չկա: Ես Սովետական Միությունում ման եմ եկել` Կամչատկայից մինչև Կալինինգրադ, շատ լավ ու սիրուն տեղեր կան: Բայկալ լիճ կա, Ուրալյան լեռներ կան, բայց Դիլիջանի պես չկա:

-Հիմա շա՞տ բան է փոխվել Ձեր երիտասարդ տարիների Դիլիջանի համեմատ:

-Իհարկե, փոխվել ա, դեպի լավը, դեպի գեղեցիկը: Էն ժամանակ էլ լավ կողմեր ուներ, բայց հիմա ուրիշ ձև ա: Վաթսունական թվականներից հետո, երբ սկսեցին կառուցվել հանգստյան տները, երկաթգիծ եկավ, սկսեց փոխվել Դիլիջանը: Ուղղակի մեր էն ժամանակ ավելի հանգիստ էր, շուխուռ չկար, կեղտոտություն չկար, երիտասարդությունը հանգիստ էր ապրում: Հիմա սաղ ավտոներ, պլանշետներ, ռակետ-մակետ, սամալյոտ…

-Ինչո՞վ եք զբաղվել: Ի՞նչ մասնագիտություն ունեք:

-Աշխատել եմ «Ինտուրիստ» ռեստորանում, սրահի վարիչ եմ եղել, առևտրի աշխատող եմ եղել: Այնուհետև գնացել եմ ու աշխատել եմ շինարարության վրա: Շինարարությունում բաժնվի վարիչ եմ եղել, փոխտնօրեն: Հետո Կոմպոզիտորների հանգստյան տանը բար եմ ունեցել` Սովետական Միության ժամանակ: Հիմա թոշակառու եմ: Աչքերիս խնդիրն էլ կապված ա շաքարի հետ: Մի անգամ պարսկաստանցի հայ բժիշկը ինձ բացատրեց, որ շաքարը ինչ-որ տեղ հնարավոր ա բուժել, բայց չեն ուզում, որովհետև շատ շահութաբեր հիվանդություն ա: Օրական պիտի դեղ օգտագործես, սրսկվես, ամեն օր պիտի դեղի հետ կապ ունենաս: Ո՞վ կթողի իրա դեղի բիզնեսը:

-Ի՞նչ հետաքրքիր դեպք կպատմեք ձեր կյանքից:

-Կոմպոզիտորների հանգստյան տան ստեղծումից հետո շատ հայտնի մարդիկ էին գալիս էնտեղ հանգստանալու: Հայաստանի բոլոր հայտնի կոմպոզիտորները գալիս էին մեր մոտ:  Մի անգամ Ալեքսանդրա Պախմուտովան էր եկել: Անձամբ ծանոթ եմ իր հետ: Երբ բարում էի աշխատում, ողորմածիկ Առնո Բաբաջանյանը Միրզոյանի հետ շենքի կողքի քոթեջներում նարդի էր խաղում: Բաբաջանյանը զանգեց ասաց. «Լյո՛վա, երկու շիշ հանքային ջուր բեր մեզ»: Ես դուրս եկա, մի կին էր նստած, ասացի` արի էստեղ: Եկավ, էդ երկու շիշը տվեցի, ասացի`տար էսինչ տեղը: Մեկ էլ Առնոն զանգեց. «Լյո՛վա, մի շիշ կոնյակ ու բոնբոներկա վերցրու, արի մեր մոտ»: Գնացի, ասաց` էդ ո՞ւմ հետ ես ուղարկել հանքային ջուրը: Ասացի` դե, երևի մեր նոր մոլոկան աշխատողներից ա:

Ասաց` տո, այ շաշ, Ալեքսանդրա Պախմուտովան ա եղել: Դրանից հետո ծանոթացել ենք:

Լևոն պապը ինձ համար վառ օրինակ է: Նա ապրում է, ուրախ է, ժպտում է, ժպտում են նաև նրա`լույսը կորցրած, բայց ավելի ուժեղ փայլող աչքերը:

 Երբեք մի կորցրեք ձեր հոգու, մտքի, սրտի ու կյանքի լույսը:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. շատ դռներ կողպված են՝ շուտով բացվելու սպասումով

-Մեր գործը սեզոնային է: Հիմա աշխատում ենք ու ձմռանը մի կերպ ապրում՝ աշխատած կոպեկներով:

Այսպես խոսում էր այն շիկահեր կինը՝  հնամաշ հագուստով, գլխին կապած ուներ գլխաշոր ու կանգնած էր փոքրիկ սեղանիկի առջև: Հուսով էր, որ գոնե այդ օրը ամեն ինչ վաճառած կգնա տուն:

Բայց մինչև նրանց մոտենալը իրար մեջ զրուցում էինք.

-Ժողովո՛ւրդ, բայց լսել եմ, որ իրենք չեն թողնում նկարել իրենց, – անհանգստացավ երեխեքից մեկը:

-Լավ, ես էլ հեսա գազար  կառնեմ՝ կթողնեն, – ասաց Լիլիթն ու մոտեցավ:

Լիլիթի առաջարկած մեթոդը աշխատեց: Ամեն ինչ բարեհաջող անցավ:

Հետաքրքիր է. կողք-կողի, իրար շատ մոտ հարևանությամբ ապրում են տարբեր ազգեր, խոսում են տարբեր լեզուներով, տարբեր են արտաքինով, կրոնով, մշակույթով, բնույթով:

Մոլոկանների կողքին ապրում ենք մենք՝ հայերս: Այստեղ ապրում են Մարգահովիտ գյուղի բնակիչները: Խոսելով շիկահեր կնոջ հետ՝ ոչ հարազատ լեզվով, գալիս ենք ու հանդիպում Մարգո տատին, ում մտքերն արդեն այլ են, հայացքն ու կարոտը ուղղված ուրիշ կողմ:

-Բա՛րև, տա՛տ ջան:

-Հազար բարի:

-Մենք ֆոտո անել ենք սովորում: Կարելի՞ ա ձեզ նկարել:

Խառնվեց իրար.

-Է՜, հա՛, կարաք, բայց սե՞նց: Տեսքս լավ չի:

-Լավ ա, տա՛տ, սիրուն ես: Բնիկ էս գյուղից ե՞ս:

-84 տարեկան եմ: 17 տարեկանից ստեղ հարս եմ: Համ էլ մեր ժամանակ սիրահարվել, իրար հետ ման գալ, ընկերություն անել չկա՜ր: Սիրուն աղջիկ էի: Եկան, հավանեցին, հարս բերեցին:

-Իսկ հիմա մենա՞կ ես ապրում:

-Վա՛յ, չէ, բալա ջան, տղես դիմացի տունն ա մնում: Հեսա, էս էլ թոռանս նկարն ա (նկարն է ցույց տալիս): Մի քանի օր առաջ գնաց Մոսկվա (ասաց ու սկսեց լաց լինել): Երեխե՛ք ջան, սենց չեղավ, հլը նստեք` հաց սարքեմ կերեք, կանֆետ տամ ձեզ:

-Չէ՛, չէ՛, տա՛տ ջան: Շնորհակալ ենք, լավ նայի քեզ:

Քայլում ենք գյուղով ու հեռվում նկատեցինք կանգառի նման մի տեղ: Երկու կողմից փայտե պատեր էին, տանիք ուներ ու մի երկար նստարան, որտեղ մեծահասակ մարդիկ էին նստած: Ու չնայած տարիքին, նրանք չէին կորցրել հումորի զգացումը: Որոշեցի նրանցից մեկին նկարել, մյուսը կողքից ասաց.

-Ինքը լավ չի լսում: Ամասիային խոսացրեք: Համ էլ` իսկը իրան նկարելու վախտն ա: Նկարեք ու մեծացրեք:

-Գյուղում ե՞ք աշխատում, Ամասիա՛ պապ:

-Դպրոցի պահակն եմ արդեն ութ տարի: Երկու երեխա ունեմ, երկուսն էլ Ռուսաստան են, ի՞նչ պատմեմ, է՛:

-Իսկ դպրոցի հետ կապված ի՞նչ կասեք:

-Վա՛յ, էդ դպրոցը, վա՜յ…

-Դպրոցում աշակերտները շա՞տ են:

-Մի քանի տարի առաջ հազարից ավել էին, իսկ հիմա երեք հարյուրին մոտիկ, էլի: Ջահելությունը փախնում ա երկրից:

-Իսկ դուք չե՞ք ուզում գնալ:

-Չէ հա, ես ի՞նչ գնամ, մեծ մարդ եմ արդեն:

Այստեղ ապրում են սովորական գյուղական կյանքով: Ապրում են՝ «խոպանից» սպասելով իրենց ամուսիններին, եղբայրներին, որդիներին: Շատ դռներ կողպված են՝ շուտով բացվելու սպասումով:

Ani harutyunyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. նախապատմություն

Առավոտյան գնալու էինք ճամբար: Գիշերվա ժամը երեքն էր արդեն: Մտածում էի ճանապարհի, երեխաներին իրականում տեսնելու, Դիլիջան հասնելու և աշխատանքը սկսելու մասին, ու քունս սկսում էր ավելի արագ փախչել: Ժամը արդեն չորսն էր: Մի քիչ քնեցի: Առավոտ շուտ արթնացա: 

-Վա՜յ, դեռ ծնողի համաձայնագիրը չեմ տպել:

Արագ վեր կացա, զանգեցի դպրոցի տնօրենին: Ասաց, որ դպրոցում է: Գնացի, տպեցի, եկա տուն: Ամեն ինչ գրեթե պատրաստ էր: Տան մեջ անընդհատ գնում-գալիս էի, նորից պայուսակներս ստուգում ու, բնավորությանս համաձայն, անհամբերությունից լարված սպասում էի Քրիստինեին: Զանգեցի:

-Քի՛ս, հոպարդ չեկա՞վ:

Քրիստինեի հորեղբայրը մեզ պիտի բերեր Երևան:

-Չէ, հլա, Ա՛ն:

-Կարող ա՞ չգա:

-Աղջի, գի՞ժ ես, համբերի՛:

-Ուֆ, համբերե՞լ ա լինում:

Վերջապես դուրս եկանք: Հասանք:

Հավաքվել էինք «Մանանայում»: Գրեթե բոլորին ճանաչում էի: Մի քանիսին էլ պինդ գրկեցի:   Նրանք, ովքեր չէին եղել «Մանանայում», ծանոթացան կենտրոնին, և վերջին պատրաստությունները տեսնելով՝ շարժվեցինք:

Ուրախ տրամադրությունը հենց սկզբից պատրաստ էր: Երեխեքը իրենց բարբառներով էին խոսում: Դե, իսկ Վահեի ասածներից (Մալիշկա գյուղի բարբառը) ոչինչ չէինք հասկանում:

Եկավ ավանդական պահը. երգում էինք.

-Բազմել ես լեռներին, ունես հազար շեն…

Այսպես` ասել-խոսելով, համով բաներ ուտելով՝ չհասկացանք՝ ինչպես անցավ Երևան-Դիլիջան ճանապարհը: Հասանք Դիլիջան: Բոլորս մի քիչ սոված էինք: Ճաշեցինք ու սկսեցինք մեր աշխատանքային աշխույժ առօրյան:

Մեծ անհամբերությամբ սպասում ենք նոր տպավորություններին, որով կկիսվեմ ձեզ հետ: