Անի Հարությունյանի բոլոր հրապարակումները

Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում

44-օրյա պատերազմի ընթացքում Շանթ Նավոյանի՝ նոթատետրում արված գրառումներն այդ օրերի իրական վավերագրությունն են, երբ կարդալիս աչքիդ առաջ հայտնվում են պատերազմի բոլոր դրվագները։ Էջերից մեկում Շանթը գրում էր․

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել և որով մեզ ապահով էինք զգում։ Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էինք ողջ դուրս գալու համար, քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից․․․»։ Ցավոք, Շանթի ուղղությամբ եկող հարվածներից մեկն այդպես էլ չշեղվեց 2020թ․ հոկտեմբերի 10-ին՝ թվացյալ հրադադարից կես ժամ անց։

Շանթ Նավոյանի մայրը որդու մասին անցյալով խոսել չի կարողանում։ Ասում է՝ Շանթի ներկայությունն անդադար ու անընդհատ են զգում։ Վստահ են, որ նրա ներկայությունը զգում է նաև իր հարազատ ու սիրելի քաղաքը՝ Երևանը, որի շենքերի տանիքներին Շանթն անընդհատ իր ազատությունն էր գտնում։ Թռչում էր տանիքից տանիք, նստում ու մենակ մնում իր մտքերի հետ։

Թեև ինքնամփոփ էր ու սիրում էր մենակ մնալ, բայց մեծ ընկերասեր էր և իր մտքի ճկունությամբ ու ազատությամբ գրավում էր շրջապատի բոլոր մարդկանց։ Դեռ 19-ը չլրացած Շանթը հասցրել էր սիրել։ Շատերը զարմանում էին, որ այդ տարիքում այդքան հասուն զգացմունքներ ուներ և վստահ որոշել էր՝ ընկերուհին միակն է իր կյանքում մինչև վերջ։

Մայրը պատմում է․ «Շանթը դեռ 14 տարեկանից անընդհատ գրում էր իր մտքերը, այն, ինչ զգում ու տեսնում էր։ Իր զոհվելուց հետո, երբ պահարաններում էլ գտանք ձեռագիր գրառումները, որոշեցինք հավաքել ամբողջն ու գիրք հրատարակել»։

7 ամսվա աշխատանքից հետո հրատարակվեց Շանթ Նավոյանի՝ «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը, որտեղ Շանթի մտքերն են, պատերազմի օրերի գրառումներն ու նրա մասին պատմությունները։ Մայրն ասում է՝ գիրքը շատ կարճ ժամանակում բեսթսելլեր դարձավ ու հատկապես պատերազմական գրառումները զարմացրել էին բոլոր ընթերցողներին։

Մայրն ասում է․ «Ես իսկապես զգում եմ Շանթի ներկայությունը, նրա ֆիզիկապես բացակայությունն է, որ սարսափելի ցավեցնում է։ Պետք է ուժ գտնել ու չչարանալ, բավական է մի փոքր անգամ թուլանալ, ու դա կսկսի հաղթել։ Ես փորձում եմ մնալ այն մտքով, որ Շանթը շարունակում է ծառայել։ Ես կմնամ հավերժ սպասող նրան»։

Շանթ Գուրգենի Նավոյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000+) շահառու է։

Արեգի սիրտը փնտրեք լեռներում

«Քո հանդեպ սերը սկսվում է հայրենիքի հանդեպ սիրուց, ու եթե ես չպահեմ ամեն միլիմետրը, որ մերն է, էդ սերը գնալով կպակասի թե՛ քո հանդեպ, թե՛ հայրենիքի», – այսպես էր 44-օրյա պատերազմի հերոս Արեգ Ադուրյանը պատասխանել սիրած աղջկա խնդրանքին` փորձել ծառայության չգնալ։

Արեգը, ում ընկերները հաճախ Արեգակ էին կոչում լուսավորության ու պայծառության համար, չափից շատ սիրում էր Հայաստանի լեռները, ու նրանց երկարաժամկետ հրաժեշտ տալ կարող էր միայն ծառայության գնալու և հայրենիքն ու լեռները պաշտպանելու համար։ Հայրն ասում է՝ լեռներն իր կյանքն էին։ Երբ ծառայում էր Իջևանում, լեռնագնացների իրենց խումբը այդ տարածքում լեռ էր բարձրանալու։ Արեգը հատուկ այդ օրվա համար արձակման թերթիկ էր խնդրել ու միացել թիմին։ Հատիսն էր սիրելի լեռը։

«Արեգի ներսում փիլիսոփա էր ապրում. դա նաև զգացվում էր ֆեյսբուքյան էջի գրառումներից։ 2020թ․-ին՝ անկախության օրը շնորհավորելիս, գրել էր` խնդրում եմ չդադարել ստեղծել ու ստեղծագործել, ժամանակ չկորցնել մեր պետությունն ավելի լավը դարձնելու գործում, քանի որ անկախության ամեն մի օրն անգին է», – պատմում է հայրը՝ Արտակը։

Արեգն ամենուր էր․ բժշկությունից մինչև գրաֆիկ դիզայն, ԹՈՒՄՈ ու լեռներ։ Իսկ Երևանը, իր ամեն անկյունով ու շենքով, Արեգի հավերժական սերն էր։ Երբ կարճաժամկետ մեկնում էր Ռուսաստանի Դաշնություն՝ հորն այցելելու, անընդհատ գրում էր ընկերներին․ «Երևանս ո՞նց ա, կարոտել եմ»։

Շարունակելով հոր գործը՝ Արեգն ընտրել էր բժշկության ուղին։ Սովորել էր Մխիթար Հերացու անվան քոլեջի ատամնատեխնիկական բաժնում, ընդունվել Հայբուսակ համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետը։ Ծառայության ընթացքում էլ բուժակ էր։

Հայրը պատմում է․ «Շատ ընկերասեր էր ու առանց չափազանցնելու՝ իր ընկերների համար անգամ կյանքը կտար։ Եվ այդպես էլ եղավ։ Հոկտեմբերի 19-ի առավոտյան 10։15 իր դասակի վիրավոր հրամանատարին բերում, հասցնում է մեքենային ու կարող էր հրամանատարի հետ դուրս գալ դիրքից, բայց նրան թողնում, ինքը վերադառնում է մարտի դաշտ։ 10։45 արդեն անմահացել էր»։

Հայրն ասում է, որ մինչ դեպքը տեղի ունենալը, կապվել էր բոլոր սիրելիների հետ ու խոսել, կարծես զգում էր՝ ինչ է լինելու։ Արեգի զոհվելուց հետո նրան փնտրել են 51 օր, ընտանիքն անգամ չգիտեր՝ զոհվել է, թե գուցե գերի է։ Երկար փնտրտուքների արդյունքում կարողացել են գտնել զինծառայողների, ովքեր գիտեին դեպքը տեղի ունենալու վայրը և ուղեկցել են ընտանիքին։

Արեգը միշտ լեռներում է ու ամեն անգամ լեռներ գնալիս կհանդիպեք իրեն։

Արեգ Ադուրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Տիգրանը

Տիգրան Հարությունյանն արտիստ էր իր բոլոր հատկանիշներով․ գեղեցիկ ու ոչ ոքի անտարբեր չթողնող արտաքին տեսքը, գրավչությունն ու արտիստիզմը նրան բեմից ու էկրանից բացի այլ տեղ գնալու հնարավորություն չէին թողնում։ Ընկերները Տիգրանին հաճախ անվանում էին երիտասարդ Դի Կապրիո։

Պարարվեստի քոլեջում սովորելուց ու երկար տարիներ տարբեր խմբերում պարելուց հետո Տիգրանն ընտրեց Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը։ Սովորելուն զուգահեռ պարում էր «Ամարաս» համույթում, նրանց հետ հասցրել էր արտերկիր մեկնել համերգների, մասնավորապես Փարիզ և Մոսկվա։

Տիգրանը դեռ դերասանական կրթություն չուներ, սակայն ի ծնե տաղանդի շնորհիվ բազմաթիվ առաջարկներ էր ստանում հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում նկարահանվելու համար։ Խաղում էր «Outdance» սիթքոմում և պարում Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում։

«Տիգրանը մեկ միավորի տարբերությամբ ընդունվեց անվճար ու ծառայության մեկնեց իր հասակակիցներից ավելի ուշ։ Այդ ժամանակ ուրախացել էինք, որ ուսումը կավարտի, նոր կգնա ծառայելու, բայց ինչ իմանայինք՝ ինչ է սպասվում․․․», – ասում է Տիգրանի մայրը՝ Լիանան։
14 տարեկանից Տիգրանն աշխատում էր ու ծառայությունից առաջ աշխատանքային փորձ ուներ բազմաթիվ ու ամենատարբեր ոլորտներում։ Ասում էր՝ ես պիտի ունենամ ամեն ինչ։

Ընկերների խոսքով՝ Տիգրանի հետ տխուր լինելն ու ձանձրանալն անհնար էր։ Ցանկացած պարագայում դրական ու լավատես էր։ Էքստրիմի սիրահար էր ու անգամ մոտոցիկլետ էր գնել։ Նրան կարելի էր գտնել ցանկացած բարձունքից թռչելիս։

Տիգրանը ծառայում էր Հադրութում, պատերազմի օրերին էլ այնտեղ է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ նա ուժեղ զինվոր էր, կամային ու պատրաստ օգնելու ընկերներին։ Հենց այդպես էլ՝ ընկերոջը փրկելիս հերոսացել էր 2020թ․ հոկտեմբերի 10-ին։

Տիգրանն ու մայրն ամենաամուր թելերով էին կապված իրար՝ միշտ միասին, կառուցելով ընդհանուր երազանքներ ու նպատակներ․ «Միշտ մտածել եմ, որ եթե Տիգրանին որևէ բան պատահի, ես չեմ ապրի։ Բայց հիմա շարունակում եմ կյանքս Տիգրանի ուժով։ Ասում էր՝ քո աչքերին արցունք չպիտի լինի, մամ։ Ու հիմա էլ ես գլուխս բարձր, ուժեղ շարունակում եմ ապրել հանուն Տիգրանի, չեմ չարացել, որովհետև նա էլ այդպիսին չէր»։

Տիգրան Հարությունյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

 

 

Արամի անավարտ նկարը

«Ես անմահ եմ, մամ, չնայած շուտ եմ մահանալու», – այս խոսքերը մինչև անգամ ծառայության գնալը հաճախ էր կրկնում 44-օրյա պատերազմում զոհված Արամ Պողոսյանը։ Մայրը բարկանում ու անհանգստանում էր՝ ինչու է 18-ամյա որդին այդ մասին մտածում։ Բայց գուցե Արամն արդեն զգո՞ւմ էր․․․

Ի ծնե տաղանդը, արվեստագետի ոգին ու զգացմունքը դեպի գույներն Արամի մոտ արտահայտվել էին, երբ նա անգամ խոսել չէր կարողանում։ Փոքր տարիքում անդադար նկարում էր, որտեղ պատահեր։ Նկարում էր ու սեփական պատկերները ստեղծում սովորական կերպարներից ու ստանդարտներից դուրս և պատմում ու բացատրում էր բոլորին նկարները՝ երբևէ չմոռանալով ոչ մի մանրուք։Գեղարվեստի պետական ակադեմիայում անվճար էր սովորում․ ծառայության էր գնացել իր հասակակիցներից ավելի ուշ։ Արամը տանկի հրամանատար էր, արվեստագետի ազատ հոգին սկզբում բարդ էր հարմարվում ծառայության խստությանը, և, չնայած դրան, լավագույն զինվորների շարքում էր։

Պատերազմի ժամանակ Արամն ու ընկերները Ջրականում էին կռվում։ Բնավորության համաձայն չէր բողոքում ու նեղսրտում․ ինքն էր ոգևորում ծնողներին։ Հոկտեմբերի 5-ին Արամի ամենավառ ու գունագեղ նկարը՝ կյանքը, ընդհատվեց ու մնաց կիսատ։

Արամն իր կյանքի 21 տարիներին ստեղծագործեց ու իր յուրօրինակ ձեռագիրը թողեց արվեստում։ Հունիսի 24-ին «Liver» արվեստի մենեջմենթի ընկերության ջանքերով Հայ բարեգործական ընդհանուր միությունում բացվեց Արամի ցուցահանդեսը։ Հետագայում Արամի նկարներին ծանոթանալու նոր հնարավորություններ կլինեն։

Արամ Պողոսյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

«Եթե չլինի Արցախը, չես լինի դու»

«Եթե չլինի Արցախը, չես լինի դու, չի լինի մեր մանկության տունը: Եթե պետք ա, պիտի մեռնես դրա համար», -  սա հատված է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի և քրոջ նամակագրությունից պատերազմի ընթացքում։

Քույրը գրում է՝ «Հայկազ, ես հպարտ եմ, որ դուք հուլիսին կռվել եք, քո հասանելիքն արել ես», Հայկազը պատասխանում է՝ «չէ, էդ մի անգամ անելով չի, ես երկու տարի շոգին, ցրտին, քնաթաթախ էս պոստերը պահել եմ, ոնց կարամ թողնեմ իրանց»։

Հայկազը շախմատիստ էր, միշտ երկու քայլ առաջ մտածող, հաշվարկող ու արդար։ Հրամանատարը վկայում է, որ հուլիսյան մարտերի և 44-օրյա պատերազմի ժամանակ հաշվարկի հրամանատար Հայկազի ու զինակից ընկերների կրակած բոլոր ականանետերը բացառապես նշանակետին են հարվածել։

Հայկազը Տավուշում էր ծառայում։ Մի օր տուն էր զանգել և տխուր ձայնով կիսվել մոր հետ․ «Մամ, էնքան վատ բան ա եղել․ էլ դիրքեր չենք բարձրանալու, ախր, մենակ էնտեղ ես հասկանում, թե ինչի ես բանակում, երբ նայում ես ներքևի գյուղում խաղաղ քնած բնակիչներին․ էդ մարդկանց համար ո՞նց չկռվես»։

2020թ․-ի հոկտեմբերի 14-ին Հայկազը նորից դիրքեր բարձրացավ։ Կռվեց Հադրութի գյուղերով՝ հասցնելով ընկերներին փրկել, շրջափակման մեջ ընկնել ու դուրս գալ։ Սարուշենի մարտերի ժամանակ բայրաքթարի հարվածից Հայկազն այլևս չարթնացավ։ Ֆուտբոլում փայլող ու արագավազ Հայկազը կյանքում առաջին անգամ բավականաչափ արագ վազել չհասցրեց․․․

«Դուք ուղղակի ապրում եք, քնում ու զարթնում, բայց Հայաստանի մասին ոչ մի բան չգիտեք ու չեք հասկանում։ Իսկ ես հիմա ամեն ինչ ուզում եմ անեմ, որ լավ լինի բանակի համար՝ ջոկիս, դասակիս, գնդիս, մարտկոցիս ու ամեն ինչի․․․», – գրում էր Հայկազը քրոջը՝ Արևիկին։

Հայկազ Զավենի Մկրտչյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։ Հիմնադրամի ֆոնդը ձևավորում ենք մենք՝ ՀՀ և Արցախի քաղաքացիներս, աշխարհասփյուռ հայերս։ Ֆինանսակայն կայուն հատուցումն ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր քաջերի հիշատակի, մեր հոգու հանգստության համար։

aniharutyunyanarm

Գյուղում հենց այնպես ոչինչ չեն սիրում

- Էս ձմեռը չեմ սիրում, էլի, – հայտարարեց Գևորգը, ու օղի թորելու սարքի մոտ հավաքված ընկերները հավասար շարժումով բարձրացրին գլուխները, զարմացած նայեցին մեկ Գևորգին, մեկ իրար։ Գևորգը, որ վերջին 6 տարում միայն ձմռան իշխանությունն էր ընդունում, հիմա հանկարծ հայտարարում է, որ չի սիրում։

Չսպասեց, որ ընկերները հայացքները բառեր դարձնեն ու առանց այդ էլ բոլորի համար հասկանալի հարցը տան՝ քեզ ի՞նչ եղավ, էդ ինչի՞։ Շարունակեց այնպիսի տոնով, որ թվաց՝ քիչ առաջվա հայտարարության հետ ասելիքն ընդհանրապես կապ չունի.

- Երեկ տղես էր զանգել։ Ասեց՝ չեն գալու էս տարի ձմեռը. գործը շատ ա։

Նույն հավասար շարժումով, ամեն ինչ հասկացածի հոգոցով ընկերները շարունակեցին իրենց գործը. մեկը կրակին էր հետևում, մյուսը օղու աստիճանն էր չափում, երրորդն էլ «զակուսկին» էր շարում սեղանին։ Գևորգը շարունակում էր ծխել ու չսիրել ձմեռը։

Առհասարակ գյուղում ոչ ոք հենց այնպես, ուղղակի իր կամքով ինչ-որ եղանակ չի սիրում։ Ամեն ինչ կապված է եղանակի բերած խնդիրների ու չբերած պտուղների հետ։ Մարդիկ հիմնականում սիրում են գարունը, որովհետև այստեղ գարունը միայն գեղեցիկ խոսքերով չէ, որ ասոցացվում է հույսի հետ: Գյուղացիների համար յուրաքանչյուր գարուն այգիների ծաղկման, հողի բերրիության ու ցրտահարված ծառեր չտեսնելու հույս է:

Ամառն ինչպե՞ս սիրես, երբ դաշտում գործ անելիս պատսպարվելու տեղ չկա, մի ծառ է, այն էլ մի քանի րոպեով սուրճ խմելու համար: Ամառն այնքան էլ չեն սիրում, որովհետև գյուղում սկսում են ապրել այլ ժամային գրաֆիկով. արթնանում են լույսը չբացված` մի քիչ հովին դաշտ գնալու, որ հասցնեն մինչև կեսօր գործն առաջ գցել: Կեսօրից հետո անհնար է. փողոցներում մարդ չես գտնի, բոլորը լրացնում են քունն ու սպասում երեկոյան հովին: Ամառը չեն սիրում երկար օրերի համար, որովհետև որքան ուշ է մթնում, այնքան շատ են գործ անում: Բայց ամառը նաև երբեմն սիրում են. տունը տաքացնելու մասին չեն մտածում, կոմունալները շատ չեն, ու տղամարդիկ ամեն օր ստիպված չեն վառարանի մոխիրը թափել:

Աշնանը գործը որքան շատ է լինում, մարդիկ այնքան գոհ են. չէ՞ որ նշանակում է` բերքն առատ է: Պատրաստ են առանց հանգստի հավաքել դաշտերից, պահածոյացնել, առավոտ կանուխ շուկա գնալ` դատարկ մեքենայով վերադառնալու հույսով: Աշունը սիրում են, երբ ամեն ինչ ըստ ցանկության է դասավորվում, ու մարդիկ պատրաստվում են ձմռանը` վաստակած հանգստին: Պատրաստվում ու վառելիք են գնում, խոպանից տղաներին ու թոռներին են սպասում, ու ձմեռը չեն սիրում, եթե նրանք որոշում են չգալ…

aniharutyunyanarm

Այսպես չեն լքում գյուղը

Կարող է թվալ, թե գյուղում ապրողներից շատերը երազում են տեղափոխվել քաղաք, ավելի լավ կլինի՝ մայրաքաղաք, բայց այդպես միայն թվում է առաջին հայացքից։

- Ես կվարտիրայի մեջ չեմ կարա ապրեմ, բա մարդ սեփական հայաթ չունենա՞։ Երբ ուզես` դուրս գաս, հարևաններիդ հետ խոսես, արևին նստես, ամեն դուրս գնալուց չզարդարվես, սիրուն շորեր չհագնես։ Չէ, իմ շունչը կկտրվի։

Այսպես վստահ գյուղը չի ուզում լքել Սարոն։ Հողի հետ կապված մարդու համար բարդ է գնալ ու փակվել քաղաքում, այդպես են մտածում գյուղում։ Տանջանքն այստեղ հատկապես գյուղական գործերով զբաղվող մարդու համար շատ է, ոչ ոք չի հերքում, բայց զարմանալի պնդաճակատությամբ բնության հետ կռվող ու ընկերություն անող մարդիկ չեն ուզում հեռանալ։ Սարոյին Գոհարը՝ կինն է միշտ հակադարձում․

- Է՜, ախր, դու ի՞նչ ես հասկանում, կվարտիրան ձմռանը տաքացնելը հեշտ ա, մի քիչ վառում ես, վերջ, իսկ էս գյուղի մեծ տները առավոտից իրիկուն տաքացնում ես, էդքան փող ես ծախսում, էլի ցուրտ ա։ Հեսա Նարեկին որ ամուսնացրինք, գնալու եմ Երևան, իրանց հետ ապրեմ։

- Ինձ չսպառնաս, է, գնում ես` գնա, ես ստեղից ոչ մի տեղ եկողը չեմ։

Սարոն վեր է կենում արևի հետ ուղղությունը միշտ փոխող փոքրիկ, ինքնաշեն աթոռից, ծանր հոգոց է հանում ու գնում Գևորգենց բակ, որտեղից շինարարության ձայներ են գալիս։ Գևորգն ամբողջ տունը քանդել ու վերանորոգում է, երբեք չի ասել՝ ուզում է գյուղո՞ւմ ապրել, թե՞ գնալ քաղաք, բայց տունը սարքելու գործընթացն ամեն ինչ իր տեղն է գցում։ Գյուղում, երբ հարևաններից որևէ մեկը վերանորոգում է տունը, բոլորն իրենց պարտքն են համարում գնալ, տեսնել՝ ինչ կա-չկա, ինչպես են ընթանում գործերը, օգնել պե՞տք է արդյոք։ Ու այդպես Գևորգենց տան փոքր միջանցքներում ավելի շատ հարևան կա, քան շինարար։

- Բայց էս զալը մեծ ա, ինչի՞ չկտրեցիք, երեխեքին սենյակ կլիներ։ Իսկ էս պատերի գույնը վերջնակա՞ն ա, հա՞, հըմմ…

Խորհրդատուների պակաս Գևորգը չունի, օգնողների էլ։ Լավ չէ, երբ հարևաններդ ու համագյուղացի ընկերներդ կյանքի մեծ մասը Ռուսաստանում են աշխատել, բայց լավ է, երբ կարող ես ցանկացածին զանգել ու խնդրել վերանորոգման ընթացքում որևէ հարցով օգնել։ Ու աշխատանքները վերածվում են տոնի․ առանց Հրաչի թորած տնական օղու սեղան չեն նստում, օրվա կեսից արդեն բոլորի քեֆը լավ է, մի քանիսը երգելով են գործ անում, օրվա ավարտին արդեն սկսվում է ամեն օրվա «ուրախությունով լինի»-ն։ Այդպես են գյուղում տուն վերանորոգում։ Այդպես էլ հանգիստ, առանց ավելորդ խոսքերի գյուղից չեն գնում։ Բայց նաև լավ օրից չէ, որ մարդիկ գնում են գյուղից։ Աշխատանք, ապագա, սեր են փնտրում քաղաքում ու երկրից հեռու։ Իսկ կգտնե՞ն, վստահ չեն, իրենք էլ չգիտեն, բայց գնում են, հույս ունեն։ Կարո՞ղ ես մեղադրել մարդուն արդյոք իր բակն ու մեծ, ձմռանը սառը տունը թողնելու համար, չեմ կարծում։

- Բարի լույս, դե, մի հատ կոֆե տվեք, խմենք, սկսենք էս ներկը, – ամեն առավոտ գալիս է Սամվելը։ Գևորգի մանկության ընկերն է, երիտասարդության տարիներին տան պատերն իրենց ձեռքերով են շարել, այսքան տարի անց հիմա պոկում են իրենց փակցրած պաստառներն ու նոր շունչ տալիս պատերին։ Գևորգն ասում է՝ երանի մեր դեմքի կնճիռներն ու սպիտակ մազերը փոխելն էլ էսքան հեշտ լիներ։

Իրենց ընկերության սենտիմենտալն էր Գևորգը դեռ մանկուց։ Սամվելն էլ կատակասերն է, ասում է` Գև ջան, արի էս ներկից մազերիդ էլ քսեմ, աչքերիդ գույնի հետ կսազի: Գևորգը ներողամտաբար է նայում Սամվելին, որի գլխին կարգին մազ էլ չի մնացել, իրենը գոնե միայն սպիտակել է: Ու օրվա բացվելու հետ կրկին հավաքվում են ընկերներն ու հարևանները, կեսը` օգնելու, մյուս կեսը` Հրաչի օղու համար: Էդպես են գյուղում տուն վերանորոգում ու ցանկացած իրադարձություն կիսում` հարևաններով, ընկերներով, իրար ձեռք մեկնելով, ամեն մեկը խորհուրդ տալու իր պարքը կատարելով:

Էդպես չեն լքում գյուղը Գևորգը, Սարոն ու անգամ տղայի ամուսնանալուն սպասող Գոհարը:

aniharutyunyanarm

Կարևորը

Գյուղում, եթե ուշադիր շուրջդ նայելով չքայլես, փոփոխություններ չես նկատի: Եթե ուշադիր չնայես Գևորգենց բակին, դարպասի նոր գույնը գուցե չնկատես, տասնամյակներով կանգնած հսկա թթենու բացակայությունը կնկատես միայն արևից այրվելիս: Գևորգին, եթե հեռվից նայես, հազիվ թե փոփոխություն նկատես. շորերը նույնն են, քայլվածքը մի քիչ ավելի խոնարհ` դեպի գետինը, դեպի հողը, որի վրա տարիներ շարունակ կռացած է ու տեսնում է ամենից շատ:

Երբ գյուղ ես գալիս միայն երեկոյան մթին ու տանեցիներին տեսնել ես հազիվ հասցնում, փոփոխություններ երբեք չես զգա: Գևորգին դեռ տեսնում եմ մանկության աչքերով, պապիս մոտ ընկերն է ու անընդհատ մեր բակում է, մեկ-մեկ էլ պապս է էնտեղ: Պապս ջահել է, հայրս էլ 19 էր` եղբայրս ծնվեց, պապիս ընկերներն էլ մեծ չէին, ու ես նրանց հիշում եմ առույգ, առանց սպիտակ մազերի ու կնճիռների: Երբ ես մեծացա, իրենք էլ, սկսեցին մեր բակ չգալ, գնացին երկրից, իրենց մեծանալը ես չտեսա, ու մնացին հիշողությանս մեջ պապիս` անկնճիռ ու սևահեր ընկերները:

Ինձ թվում էր` գյուղում փոփոխություններ չեն լինում. ովքեր չեն մահանում, միշտ մնում են մանկությանս հիշողությունների տեսքով, իրենց նույն բակում, նույն բազկաթոռին ու նույն շորերով: Հազվադեպ եմ դուրս գալիս գյուղում քայլելու: Քայլելն էլ երբեք աննպատակ չի լինում. պատճառը խանութ գնալն է: Գյուղում զբոսնելն ընդունված չէ. դաշտերում քայլելու շատ ժամանակ ունեն, երեկոն էլ հանգստինն է: Խանութի բակում Գևորգին տեսա: Մթությունից ու կարճատեսությունիցս ճիշտ կլինի ասել` նկատեցի, որ ինքն է: Բարևեցինք իրար: Պապիս ընկերներից իմ սիրելին է, միշտ ջերմ, հարգանքով:

Ներս մտա լուսավորված խանութ, Գևորգն էլ եկավ, կանգնեց կողքիս` դրամարկղի մոտ, նորից հարցրեց` լա՞վ ես, Անի ջան, բարձրացրի հայացքս` պապիս սևահեր ու անկնճիռ ընկերոջը տեսնելու. աչքիս առաջ կնճիռներն էին, սպիտակ մազեր: Շփոթվեցի, մի պահ առևտուրս մոռացա: Գյուղի գլխավոր փոփոխությունը մի վայրկյանում նկատեցի, հասկացա, որ դա բնավ ասֆալտը չի լինելու, ավելի շատ լուսավորությունը` նույնպես: Մարդիկ են գյուղի գլխավոր փոփոխությունը, նրանց վրա ես զգալու, ինքդ քո վրա ես զգալու, մանկությանդ մարդկանց ծերանալով ես զգալու: Հետո արդեն հորդ ու իր ընկերների ծերանալով ես զգալու: Ու ասֆալտն ու նոր տները գուցե երբեք  էլ չտեսնես. փոփոխությունը մարդկանց վրա ես զգալու:

Հատիկ

Հովհաննես Հովհաննիսյան

Հատիկ

 

Լույսը բացվում է. շուտ արտը գընամ.

Պատռեմ սուր խոփով ես կուրծքը հողի.

Իմ սիրո՛ւն հատիկ, քեզ նորան պահ տամ

Մինչև օրերը ամռան արևի։

 

Թաղեմ քեզ, հատի՛կ, և դարդըս քեզ հետ.

Թե Աստված ուզեց, դու կանաչեցիր,

Թող դարդըս մեռնի գետնի տակ անհետ,

Դու ինձ մխիթար կրկին տուն դարձի՛ր։

 

Եվ ջերմ աղոթքով Տիրամոր առջև

Ես մոմ կըվառեմ, ես խունկ կըծըխեմ,

Որ քեզ պարգևե մի առատ անձրև,

Որ քեզ միշտ սիրով նայե խնդադեմ։

 

Բայց թե այդ շնորհին մեղքերիս համար

Արժանի չլինիմ, ծով կըդարձնեմ

Ես տաք քրտինքը ճակտիս արևառ,

Որ քեզ, իմ հատի՛կ, ծարավ չըթողնեմ։

 

Ծըլի՛ր, կանաչի՛ր, ոսկե սավանով

Ծածկի՛ր իմ արտը ողջ ալեծածան,

Նոր այն ժամանակ անուշ շրշյունով

Տո՛ւր ջարդված սրտիս մի քուն հանգստյան։