- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
- Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
Մարդ արարածը զգացմունքային է։ Ինչքան էլ լինեն մարդիկ, որոնց որակենք որպես անզգա, սառը, այնուամենայնիվ մենք բոլորս էլ ինչ որ բան զգում ենք։ Բայց հատկանշական է, որ երջանիկ զգալու դեպքում մենք դա չենք ֆիքսում, երջանիկ զգալիս, երբեք չգիտենք, որ հենց դա է երջանկությունը։
Երջանիկ լինելու պատճառները տարբեր մարդկանց համար տարբեր են։ Մեկին շատ բան է պետք, որ նա ասի, որ երջանիկ է, մյուսին, ընդհակառակը` շատ քիչ բան։ Ինչու՞ լինել երջանիկ, դե որովհետև կյանքը հենց երջանիկ պահերի հանրագումարն է։ Ասել է թե, եթե ուզում ես ապրել, ապա երջանիկ եղիր։
Մենք ամեն ինչի համար պատճառներ ենք փնտրում, բայց կարծում եմ, որ երջանիկ լինելը այն քիչ բաներից է, որի համար մեծ հաշվով պատճառ պետք չէ, մանավանդ այն դեպքում, որ մենք չենք էլ զգալու երջանիկ եղած պահը։
Կարելի է երջանիկ լինել ասենք, միայն նրա համար, որ կանք, որ հնարավորություն ունենք զգալու, տեսնելու, վայելելու մեր հարազատների ներկայությունն ու լինելիությունը, որ այս աշխարհում ունենք հազարավոր հնարավորություններ։
Այսպիսով երջանկությունը պետք է փնտրել մանրուքների ու մանրամասնությունների մեջ, պետք է փորձել ժպիտով ու լավատեսությամբ նայել ամեն ինչին ու բոլորին և հասկանալ, որ երջանիկ չլինելու պատճառները կարելի է ոչնչացնել միայն երջանիկ լինելով։
Դե ինչ, ժպտանք, ապրենք և չմոռանանք` տխրել կարող են բոլորը, բայց երջանիկ լինել հաջողվում է քչերին։
Գիրքը մարդու ամենամտերիմ ընկերն է: Գիրք կարդալիս ինքդ մտնում ես գրքի մեջ և քեզ պատկերացնում ես գրքի հերոսի տեղում: Սկսում ես ընթերցելու հետ մեկտեղ մտածել, թե ինքդ ինչպե՞ս կվարվեիր տվյալ պարագայում: Գրքի մասին Խուլիան Բարնեսը ասել է. «Գրքերն ասում են՝ նա այսպես արեց, որովհետև… Կյանքն ուղղակի ասում է, որ նա այդպես արեց: Գրքերն այն վայրն են, որտեղ ամեն ինչ իր բացատրությունն է գտնում, նույնիսկ կյանքը, որտեղ չկա ոչ մի բացատրություն: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ շատ մարդիկ գրքերն են նախընտրում»։
Ես նույնպես նախընտրում եմ գիրքը ու ինձ պես շատերն էլ են գրքերի կողմնակից: Ընթերցանությունը օգնում է մարդուն հանգստանալ: Գյուղում ընթերցանությունը մեծ տեղ ունի, որովհետև գյուղում այդքան էլ անելու բան չկա: Դպրոցում, երբ ազատ ժամ է լինում, երեխաները ուզում են ընթերցել ինչ-որ մի գիրք։ Մտնելով գրադարան՝ մտափոխվում են և դուրս գալիս: Իսկ գիտե՞ք՝ ինչու: Որովհետև մեր դպրոցում չկա այնպիսի գրադարան, որը այցելելով հաճույք կստանաս, և ընթերցելն ավելի հաճելի կլինի: Բայց, ցավոք, մենք չենք ունեցել և չունենք մեր երազած գրադարանը: Գրադարանը գտնվել և գտնվում է խղճուկ վիճակում: Այդ ամենը տեսնելով՝ ուսուցչուհիս՝ Ռուզաննա Խուրշուդյանը, մեզ առաջարկեց մասնակցել «Հայաստանի պատանեկան նվաճումներ»-ի կազմակերպած մրցույթին, որը հաղթելու դեպքում մեզ կհովանավորեին, և մենք կստեղծեինք մեր երազած գրադարանը: Մասնակցեցինք, իրականացրինք լիքը ծրագրեր, որպեսզի արժանանանք Արմենուհի Հովհաննիսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Էդգար Փոլի հավանությանը: Եվ մենք դա արեցինք, մենք հաղթեցինք:
Մեզ տվեցին 150.000 դրամ գումար, և մենք այդ գումարին ավելացրեցինք մեր կատարած ծրագրերի շահույթը և գնացինք գրքեր գնելու: Գնեցինք տարբեր գրքեր՝ և՛ պատմական, և՛ փիլիսոփայական, և՛ գեղարվեստական: Մեր դպրոց այցելեց Արմենուհի Հովհաննիսյանը, տեսավ մեր գրադարանը, շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մեզ մեր կատարած աշխատանքի համար:
Արդեն մեկ տարի է անցել այդ օրվանից, բայց մեր գրադարանը էլի նույն խղճուկ վիճակում է: Մեր գնած գրքերից կգտնես ընդամենը մի քանի գիրք և ոչ ավելի, գրքերի մեծ մասը անխղճորեն թափված է գետնին՝ կեղտի ու փոշու մեջ: Մարդիկ դարձել են սառը ու անտարբեր թե՛ դպրոցի, թե՛ աշակերտների, և թե՛ գրքերի նկատմամբ:

Այսօր հասկացանք, որ մեր կատարած աշխատանքը ապարդյուն էր: Մենք մեր կաշվի վրա զգացինք անտարբերությունը գրքերի նկատմամբ, պատասխանատվության զգացում չունենալը: Մենք չենք ունենա այնպիսի գրադարան, ինչպիսին միշտ երազել ենք՝ մեծ, գեղեցիկ կահավորված, լիքը գրքերով՝ տարբեր ժանրերի, օտարազգի գրողների, պատմական: Չենք ունենալու այդպիսի գրադարան, մենք, գրադարան մտնելով, հանգստություն ու հաճույք չենք զգալու: Այսօր հասկանում ենք, որ այլևս գիրքը մարդու մտերիմ ընկերը չէ, որովհետև գիրքը արդեն անտեսված է շատ մարդկանց կողմից: Իսկ մեր կատարած աշխատանքը վատ վախճան ունեցավ: Եվ մեր շատ հարցեր մնացին անպատասխան՝ որտե՞ղ է մեր գնած գրքերի մեծ մասը, ինչո՞ւ մեր գրադարանը նորից վերադարձավ նույն վիճակին, և ինչո՞ւ գիրքը անտեսվեց շատերի կողմից, ինչո՞ւ ենք մենք վճարում դրա դիմաց՝ չունենալով գրադարան։
Ներկայացնում եմ 10 փաստ մեր հոգեկանի, մտավոր կառուցվածքի, վարքային դրսևորումների մասին.
Հոգեբանության իմացությունը դժվարացնում է կյանքը, իսկ դրա կիրառումը հեշտացնում է այն:
Հիմա, երբ բոլորդ արդեն պլանավորում եք ձեր ամառային հանգիստը, կամ ինձ նման ոչ մի բան էլ չեք պլանավորում, կուզենամ խոսել այս մեծ մոլորակի մի գողտրիկ ու ինձ համար անգին տարածքի՝ Ամասիայի մասին:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
Ամասիան գյուղ է ՀՀ հյուսիսային սահմանում: Շիրակի Բազեն լավ ասում է․ «Բնականաբար, դուք չեք ճանաչում Ամասիան այսքան գեղեցիկ, որովհետև չեք բացահայտել այն ձեր սեփական աչքերով»: Այլևս չեմ վիճի ձեզ հետ, կտամ ևս մեկ հնարավորություն բացահայտելու Ամասիան, մի քիչ էլ ջիջիլ կգցեմ:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
Մի սիրիահայ ընկեր ունեմ, անցած տարի մայիսին որոշեցինք Երևանից ուղևորվել Ամասիա մի քանի օրով, իմիջիայլոց, գաղափարը և ցանկությունը իրենն էր, որովհետև ինձ մոտ ակտիվ քննական շրջան էր, ժամանակ չունեի Ամասիայում անցկացնելու, բայց քանի որ Մաիդը շատ էր ուզում, գնացինք:
Երբ մոտենում էինք Ամասիային, իջեցրել էինք մեքենայի պատուհանները ու քամու ներքո վայելում էինք դրախտը: Ճանապարհն սկզբում անցնում էր կանաչ անտառով, ապա՝ դաշտերի միջով, դաշտերը բազմերանգ ծաղիկներով էին լիքը՝ մանուշակագույնից աստիճանաբար դեղին, ապա դաշտը ներկվում էր սպիտակ, ու ծաղիկները՝ իրենց բարակ ցողուններով, քամու ուղղությամբ թեքվում էին, շորորում։ Այս տեսարանը պատկերացնել է պետք: Ես այդպիսի պահերին լռեցնում եմ միտքս ու տրվում բնությանը ու ձայներին: Իսկ Մաիդը կողքիս ասաց կամաց․ «It’s a part of paradise»: Ես հասկացա, որ դա այն էր, ինչ պետք էր ասել հենց այդ պահին, բայց քանի որ ես բառիս բուն իմաստով անջատված էի, իմ մտքով էլ չէր անցել, որ կարելի է վերնագրել տեսարանը:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
Մենք զբոսնեցինք անտառներով, այգիներով, հետո իրար հետ կով կթեցինք՝ ես էլ, ինքն էլ առաջին անգամ էինք մասնակցում էդ պրոցեսին: Հետո այդ կաթը զտեցինք, ստացանք թթվասեր, իսկ մնացած մասով պանիր պատրաստեց հորաքույրս: Ես ու Մաիդը շատ հետաքրքիր ժամանակ անցկացրինք գյուղում, ապա երկու օրից վերադարձանք Երևան։ Ես էլ չեմ մանրամասնի, որ անակնկալների մասը ապահովեմ:

Լուսանկարը` Հարություն Հայրապետյանի
Իսկ հիմա խոսեմ այն 10 պատճառների մասին, որոնք ներկայացրել է Շիրակի տուրիզմի զարգացման կոմիտեն, և մեկնաբանեմ դրանք «ամասիերեն»:
1. Դուք կարող եք լինել այն եզակիներից, ում բախտ կվիճակվի այցելել բրդի վերամշակման արտադրամաս և բրդից սեփական ձեռքերով թել ստանալ:
Ես իմ կամավորական խմբի հետ մի քանի տարի առաջ մի քանի տարի շարունակ զբաղվել եմ բրդի վերամշակմամբ, ինչպես նաև թաղիքագործությամբ:
Սա յուրահատուկ գործընթաց է. բուրդը լվացվում է, ապա գզում ենք, հատուկ կաղապարներով այն վերածում թաղիքի: Սա էկոլոգիապես մաքուր արտադրանք ստանալու ամենահավես եղանակներից է:
2. Ամասիայում Ձեր լուսանկարների գունագեղությունը կապահովեն Ամասիայի Հարավսլավական թաղամասի գեղեցիկ ու գունավոր տները։ Դուք միայն Պորտուի գունավոր տներն եք տեսել:
Այո, մենք ունենք նման թաղամաս, ու այս թաղամասի ամենագրավիչ հատկանիշը, ըստ իս, դրա՝ սարերի մեջ ծվարած լինելն է: Ասենք՝ ինչպես Ալպերում, այդպես էլ Ամասիայում: Գժական է, չէ՞։

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի
3. Ամասիան հրաշալի հնարավորություն է տալիս հայտնի մարդկանց հետ հանդիպելու և լուսանկարվելու: Այստեղ մինչ օրս պահպանվել է Սովետական միության առաջնորդ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանը։
Այս արձանը տեղադրվել է մեր շենքի բակում, մեր հարևան Մուշեղ ձյաձյայի ջանքերով: Հիշո՞ւմ եք Մաիդին, նա, օրինակ, նույնիսկ չգիտեր՝ Լենինն ով է, իսկ պապիկս, որը հոգով-սրտով կոմունիստ է, պատմեց Վլադիմիր Իլյիչ Լենինի մասին, երգեց, բեմականացրեց, Մաիդն էլ հիացած լսում էր։
4. Քայլարշավի սիրահարներին սպասում են Ամասիայի լեռները, բնության հրաշքներ համարվող դողդոջուն կաղամախու ծառուտները և փետրախոտային տափաստանները։ Դուք կզգաք Ձեզ մայր բնության մի մասնիկը։
Իհարկե, ես դողդոջուն կաղամախի, բան չգիտեմ, բայց ճիշտը էն ա, որ կձուլվեք բնությանը: Ես, օրինակ, ունեմ իմ տեղերը, որտեղ ստեղծագործում եմ կամ ուղղակի հանգստանում:
5. Zip-line-ով թռչելու և էքստրիմի սիրահարները ևս անմասն չեն մնա, Կապսի ձորում էքստրեմալ գրավչությունները սպասում են ձեզ։
Էս Կապսի ձորի ավանդական անունը Աղասնոց է: Դրա նախկին տերը՝ Աղասին, իր ձեռքերով է հիմնադրել ամենը, և անգամ պատմում են, որ ինքն էր պատրաստում ամեն ինչ՝ մշակում մսեղենը, պատրաստում երշիկեղենը, վառում վառարանները և այլն:
6. Եթե ցանկանում եք վայելել տարվա 4 եղանակների յուրահատկությունները, ապա անպայման պետք է Ամասիայով այցելեք Արփի լիճ ազգային պարկ։
Արփի լճի մասին սուս եմ: Մենակ կասեմ՝ հիշո՞ւմ եք, որ Մաիդն ասում էր՝ It’s a part of paradise, այ սա հենց էդ շարքն է:
7. Տեսնելու Եռակատար լեռը, որը գտնվում է 3 երկրների տարածքում, ունի 3010 մետր բարձրություն:
Այո:
8. Պատմության հետքերով գնալու համար կարող եք այցելել Բանդիվան՝ տեսնելու կիկլոպյան ամրոցներ, քարանձավներ, ջրաղացների մնացորդներ և զգալու միջնադարյան կառույցների գրավչությունը։
Սա իմ ու եղբորս սիրելի վայրերից է, մենք մինչ օրս փորձում էինք օգտվել գյուղից գյուղ խոսելու իրենց տեխնիկայից, բայց չենք կարողանում, էլի: Հսկայական ժայռեր, ժայռերի մեջ անձավներ, փոքրիկ արահետներ, աղբյուրներ, հսկայական դարպասներ: Սա հրաշք է:
9. Թռչնադիտարկման, ինչպես նաև հաստածղրիդների երգեցիկ ձայնը լսելու համար հրաշալի վայր է Ախուրյանի կիրճը, որը սկիզբ է առնում Արփի լիճ ազգային պարկից։ Որսի թույլատրելի շրջանում հնարավոր է նաև ձկնորսություն՝ ըստ պահանջի։ Այստեղ հանդիպում են բեղլու, ծածան տեսակի ձկներ։
Օրինակ՝ ես համարյա միշտ զբաղված եմ թռչնադիտարկմամբ կամ ունկնդրմամբ, բայց երբեք դրան գիտական նշանակություն չեմ տվել:
10. Կարող եք ծանոթանալ նաև Ամասիայի ռոբոտաշինության խմբակի հզոր փոքրիների հետ։
Ես ասել եմ, ասում եմ ու կասեմ, որ մեր երեխեքը ֆենոմենալ երեխեք են: Խելացի, տաղանդավոր, շնորհքով, աշխատասեր, հետաքրքրասեր, ստեղծարար, մաքուր, անկեղծ: Տաղանդ են, ես սիրում եմ Ամասիայի երեխեքի հետ աշխատել:
11. Կարող եք այցելել Ամասիայի լավաշի արտադրամաս և համտեսել անուշաբույր լավաշ։
Արտադրամասը գտնվում է գյուղի հրապարակի մոտ, և ամբողջ կենտրոնը լցված է լավաշի անուշ բույրով:
12․ Հյուրընկալվել Դավիթ Ալեքսանյանի հյուրատանը, ինչպես նաև մասնակցել ջիպ-տուրերին:
Էս մարդու հետ ջիպ-տուր է անգամ կենտրոնական փողոցով երթևեկելը:
Սա ձեզ փոքրիկ ուղեցույց-մոտիվատոր:
ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ.- Հուսանք շատ շուտով կստանանք նոր լուսանկարներ գարնանային դրախտային Ամասիայից:
Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մեր մարզի դրական առանձնահատկություններին, այն տարբեր ոլորտներում դեռևս ունի նաև շատ չլուծված խնդիրներ։ Մարզի զարգացմանն ուղղված մի շարք կամավորական, հասարակական, պետական միջոցառումների թվին ավելացավ մայիսի 11-ին Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում Գեղարքունիքի մարզում առաջին անգամ տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովը, որի նպատակը մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարներին ներգրավելն էր։ Համաժողովին ներկա էին ՀՀ վարչապետը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, խոշոր, միջին և փոքր ձեռնարկությունների ներկայացուցիչներ, 110 գործարարներ, որոնցից 72-ը արտերկրից էին և այլ ոլորտների ներկայացուցիչներ։
Գեղարքունիքի մարզն իր բնակլիմայական և աշխարհագրական դիրքի պատճառով տնտեսապես առավել հմտացել է գյուղատնտեսության ոլորտում և ունի շուրջ 345 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր, այդ իսկ պատճառով Համաժողովին քննարկվելիք գերակա ուղղություններ ընտրված էին գյուղատնտեսությունը, տուրիզմը և այլընտրանքային էներգիայի զարգացումը։
Մարզի մրցակցային առավելություններից մեկը ձեռներեցության պոտենցիալն է, բացի դրանից Գեղարքունիքի մարզն ունի բոլոր նախադրյալները էկոտուրիզմը զարգացնելու համար։ Հայտնի է, որ Սևանա լիճը համարվում է Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրերից մեկը, որը գրավում է բազմաթիվ զբոսաշրջիկների, իսկ մարզում զբոսաշրջիկների տրամադրության տակ է գտնվում շուրջ 50 հյուրանոցային տնտեսություն, և միջին հաշվարկով Գեղարքունիքի մարզը կարող է ընդունել օրական 5000 զբոսաշրջիկ։ Անցյալ տարվա համեմատ այս տարի Գեղարքունիքի մարզում զբոսաշրջիկների թիվը 52%-ով աճ է գրանցել։ Մարզում Էկոտուրիզմի հաջողված օրինակ են Դրախտիկ և Կալավան գյուղերը, իսկ գյուղատնտեսական կրթությամբ աչքի է ընկնում Ծաղկունքի դպրոցը, որը մեր տարածաշրջանում միակն է, որ ունի ֆերմա և փորձարարական դաշտ՝ համապատասխան գյուղատնտեսական գիտելիքներ փոխանցելու համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ծրագրեր, որոնք հաջողության են հասել այս մարզում, որոնց թվում էին կաթնամթերքի ձեռնարկությունը, սպորտային տուրիզմը, օգտակար բույսերի հավաքումը և վաճառքը, կարի արտադրությունը, հյուրատնային գործունեությունը և այլն։
Համաժողովի կարևոր մաս էին զբաղեցնում նաև ներդրումային ծրագրերը, որոնք արդեն ընթացքի մեջ են գտնվում։ Ըստ այդ ծրագրերի՝ նախատեսվում է Չկալովկա և Նորաշեն համայնքների ափամերձ հատվածներում կառուցել առողջարանային և հանգստի գոտիներ, քառահարկ հյուրանոցային համալիր՝ հարմարեցված խանութներով, սրճարաններով, կոնֆերանս սրահով, մարզասրահով և քոթեջային թաղամասով։ Նախատեսվում է 5 համայնքներում ստեղծել հողմակայաններ, որը կնպաստի մթնոլորտային արտանետումների նվազեցմանը և 400 աշխատավայրերի բացվելուն։
Հաշվի առնելով, որ Գեղարքունիքի մարզը ամենաշատ արևային օրեր ունեցող մարզն է, այստեղ կտեղադրվեն նաև արևային կայաններ։ Գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համաձայն նախատեսվում է Նորատուսում բացել գորգագործական գործարան և թանգարան, Դրախտիկում՝ ձիարշավարան և հյուրանոց, Կալավանում՝ տուրիզմի գիտահետազոտական կենտրոն և վրանային ճամբար, որի արդյունքում կբացվեն 20 աշխատավայրեր և կունենանք 5000 զբոսաշրջիկների ներհոսք։
Այս ծրագրերի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության տնտեսության դրական աճին։
Այգու ճոճանակին նստած ավարտական աշխատանքս եմ գրում, իսկ պապիկը բարդիներ է տնկում հարևանի այգում, ովքեր վաղուց հեռացել են Հայաստանից։ Էլ չեմ հարցնում, թե ինչու է հարևանի այգին անշահախնդրորեն մշակում. կնեղանա` բա դա էլ հարց էր. «Որ հողը չխռովի, անտեր չզգա…»։

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի
-Պապի՛, էս ծառերը չե՞ն ծաղկել։
-Չ՛է, ա՛յ բալա, հլա մայիսի կես ա։ Այ, որ մի քիչ էլ մնաս, լրիվ կծաղկեն,-ասում է ու սկսում երկար նայել ծառերին։
Այս տարի ինչ էր «պատմել» պապս ծառերին, կիմանանք, երբ ծաղկեն ու բերք տան։

Լուսանկարը` Շուշան Հարությունյանի
Ու ոչինչ, որ հարևանները գնացել են։ Արձակուրդներին թոռները կգան ու կարգին աղմուկ կանեն, ու ոչ մեկը չի էլ կասկածի, որ հարևանները…
Իսկ սեպտեմբերին այնքան խնձոր կաճի, որ ամբողջ տարին կուտենք խնձորով մուրաբա, խնձորով տորթ, խնձորով ջեմ, խնձորի հյութ, ուղղակի խնձոր, խնձ…
Տատս բոլոր անծանոթ անցորդներին լիքը տոպրակով կճամփի, ու թող փորձի մեկը ընդդիմանալ.
-Էդ խանութի առածը ավելի համով ա, չէ՞,-կնեղանան տատս ու պապս` պարտադրելով խնձորի մի ահագին չափաբաժին։
Իսկ հիմա դեռ մայիսի կեսն է, պապս ծառ է տնկում հարևանի այգում:
-Մեր, էսօր գնա՞նք դպրոց։ Սեպտեմբերից չենք գնացել, կարոտել եմ։
-Քանի դեռ քննությունները չեն սկսվել, վաղը կգնանք անպայման։
Ուսանող լինելն էլ էսպես բան է՝ անդադար դասեր, քննություններ քննությունների հետևից։ Ու աննկատ մի տարի էլ գլորեցինք, բայց այս անգամ արդեն համալսարանական պատերից ներս։
Հաջորդ օրը, ինչպես և պլանավորել էինք, հասանք դպրոց։ Նույն դպրոցս էր՝ համեստ, լուսավոր ու հիշողություններով լի։ Քայլում էինք մի մասնաշենքից մյուսը, բացում դասասենյակների դռները ու ամեն մի քայլի վրա հիշում այն ամենը, ինչն արդեն հիշողություն է դարձել, իսկ մի ժամանակ անավարտ ու անվերջ էր թվում մեզ։
Նույն պատերն էին, նույն դասարանները, միայն մարդիկ էին տարբեր։ Ոչինչ գրեթե չէր փոխվել։ Փոխվել էինք մենք։ Փոխվել էինք՝ ասես հին աշխարհից ոչինչ չպահելով։ Մի հարկից մյուսն անցնելով՝ նկատում էինք այնպիսի գեղեցիկ մանրուքներ, որ այն ժամանակ էլ կային, բայց որոնք, սակայն, մինչ այդ չէինք էլ նկատում։
Երբեմն հարկավոր է կանգ առնել, հետ դառնալ՝ հասկանալու՝ ժամանա՞կն է քեզ փոխել, թե՞ դու ժամանակին։
Հանդիպեցինք հարազատ ուսուցիչներին, հիշեցինք հին ու հիշարժան օրերը, ծիծաղեցինք, տխրեցինք։
Դպրոցից նորից դպրոց։ Հետաքրքիր է, չէ՞։
Շրջադարձային դեպքից հետո մի օր կհայտնվես նույն տեղում, կսիրես այն ամենը, ինչն ուղղակի ձանձրալի էր թվում քեզ, կկարոտես այն ամենը, ինչն ուղղակի թողել էիր այդ տեղում։
Ուշ էր արդեն, հարկավոր էր հետ վերադառնալ։ Մերիի հետ քայլում էինք կանգառ՝ անսովոր կերպով ոչինչ չխոսելով։ Ավտոբուսը եկավ, որով էլ ճանապարհվեցինք տուն։