Ազատ տարածք խորագրի արխիվներ

arman baghdasaryan

Հետտոնական

Հիմնված է իրական իրադարձությունների վրա:

Պատմության ընթացքում ոչ ոք չի տուժել:

Ժամը 15:00:

-Արմ, հաստա՞տ կդիմանանք:

-Արդեն եկել ենք, հետդարձի ճանապարհ չկա, Դավ ջան: Պետք է սպասենք ու դիմանանք:

Ժամը 15:30:

-Քառասունհինգ հոգի,- ասաց մի ծերունի:

«Պարապությունից դրել հատ-հատ հաշվել է»,- մտածեցի ես:

Հինգ րոպե անց մեզ մոտեցավ բարձրահասակ, օպտիկական ակնոցներով, սափրված գլխով մի տղամարդ և հարցրեց.

-Դո՞ւք էլ եք սպասում:

-Հա:

-Հա-հա-հա-հա,- բարձր ծիծաղեց սափրագլուխը և հեռացավ:

Ժամը 16:17:

-Վայ, չէ, այլևս չեմ դիմանում:

-Հա, լավ, դիմացեք, բան չմնաց,- ասացի ես մի երիտասարդ տիկնոջ:

-Չէ, ես գնացի:

«Ավելի լավ, գնա»,- մտքում ասացինք ես և Դավիթը:

Ժամը 16:50:

Մարդիկ սկսեցին անհետ կորչել:

-Անուշիկ, բալես, ո՞ւր ես:

-Մա՜մ, այ մամ, ո՞ւր ես:

-Դա՜վ, Դավո՜…

Մնացի մենակ:

Մարդիկ սկսեցին պակասել: Դա լավ էր, բայց մրցակցությունն ավելանում էր: Ամեն մեկն իր համար էր. ոչ մի զիջում, ոչ մի գրամ խիղճ:

Միայն դաժան պայքար:

Ժամը 17:55:

Սոված եմ, հոգնել եմ, ծարավ եմ:

Մի պահ մտածում էի հանձնվելու մասին, ուզում էի լքել կռվի դաշտը, բայց հավաքեցի ուժերս, քանի որ միայն ուժեղներն են հաղթում:

Ժամը 18:30:

-Դավ, արի այս կողմ:

-Ես արդեն մտածում էի, որ կորցրել եմ քեզ ընդմիշտ:

-Ոչ, ես քեզ երբեք չեմ լքի:

Ժամը 19:47:

Վերջապես:

Մենք արեցինք դա:

Մենք հասանք մեր նպատակին:

-Բարև ձեզ, մեզ 15 հատ լավաշ տվեք…

Մեր Կաղանդ պապը

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ոչ բոլորը գիտեն Կաղանդ պապիկի գոյության մասին, քանի որ ժամանակի ընթացքում նրան փոխարինել է Ձմեռ պապը կամ Սանտա Կլաուսը: Կաղանդ պապիկը մեր ազգային Ձմեռ պապն է, ում շատ պատմագետներ ցանկանում են ճանաչում նվիրել: Ինչո՞ւ են մեզ հետաքրքրում ոչ թե հին հայկական ավանդույթները, այլ օտարերկրյա ծագում ունեցող տոները, ավանդույթները և այլն: Պատճառն այն է, որ հայկական ազգային ավանդույթները հին են, իսկ նոր սերնդին հետաքրքրում է նորը, ինչ-որ նորություն: Թեև Սանտա Կլաուսն էլ Սուրբ Նիկողայոսի կերպարով է ոգեշնչված, սակայն նորացվել է ու ժամանակակից ոգի ստացել: Եթե մենք մեր ավանդույթները ներկայացնենք նորովի ու թարմացված, ապա մեծ թվով մարդկանց հետաքրքրությունը կշարժենք: Օրինակ՝ կարող ենք ազգային տարազի զարդանախշերի մեջ ներառել ավելի վառ և ուրախ գույներ: Եթե Կաղանդ պապիկի կերպարը ավելի հետաքրքիր և համակրելի լինի, ապա այն կհետաքրքրի ներկայիս սերնդին,  և Ձմեռ պապիկի փոխարեն կգա մեր հայկական Կաղանդ պապիկը:

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ հենց Կաղանդ պապը, ով նվերների փոխարեն բաժանում էր տոնական յոթ խորհուրդներ՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն: Կաղանդ պապիկը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Կաղանդ պապիկին ընկերակցում են խլվլիկները և արալեզները: Իմ կարծիքով այս կերպարները ներկայիս Ձյունանուշն ու էլֆերն են: Այս կերպարները իրենց հետ կբերեն ազնվություն և բարություն: Կաղանդ պապին հագնում էր լական հեդի ձմեռային կոշիկներ, որոնք ժամանակին հայերն են հագել, գուլպաներն ու գլխարկը կարմիր են, քուրքի օձիքը ոչխարի մորթուց է, մեջքին կենաց ծառն է նկարված:

Այսօր` Սուրբ Ծննդյան տոնին գոնե ինքներս մեզ հիշենք բոլոր այն խորհուրդները, որոնք Կաղանդ պապն էր բաժանում և նոր սկսվող տարին ապրենք այդ խորհուրդներով:

Անսովոր Նոր տարի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Այս Նոր տարին լիքն է անսովոր բաներով: Ամենաանսովոր բանը այն տխուր փաստն է, որ այս տարին մենք դիմավորեցինք առանց տատիկիս: Անսովոր էր չտեսնել նրան նստած սեղանի շուրջը, անսովոր էր չնկարվել հետը ամանորյա գլխարկներով, որ զարմուհիս բերում է իր հետ ամեն Նոր տարվա գիշեր: Անսովոր էր լսել կենացներ, որտեղ նրան անցյալով են դիմում… Դեռ անսովոր է:

Մեկ այլ անսովոր երևույթ էր այս տարվա ՀՀ վարչապետի ուղերձը: Հաճելի էր տեսնել, որ բոլորն անհամբեր սպասում են դրան: Հաճելի էր տեսնել ու լսել մեր նոր, բայց արդեն այդքան հարազատ դարձած վարչապետին ու զգալ, թե ինչքան սեր, բարություն, անկեղծություն ու ջերմություն կա այդ ուղերձի հոլովակում:
Մյուս անսովոր բանն այն էր, որ մենք բոլորս դեկտեմբերի 31-ի ժամը 23:30-ին ամեն բան արել էինք և նստեցինք սեղանի շուրջը, իսկ մինչ այս տարի միշտ ամեն բան վերջին վայրկյանին էինք անում: Չգիտեմ, թե ինչու և ինչպես այդպես ստացվեց, բայց հետաքրքիր էր:
Չնայած նրան, որ այս տարի մենք Նոր տարուն 30 րոպե շուտ էինք սպասում, այն մի տեսակ շատ արագ եկավ ինձ համար: Դասերի ավարտվելուց հետո դեռ չէի հասցրել համակերպվել ու լիովին զգալ Նոր տարվա շունչը, երբ տեսա, որ արդեն բոլոր օրացույցներում գրվում է 2019 թվական:

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Լուսանկարը` Անի Ջիլավյանի

Մի անսովոր բանն էլ այն է, որ շատ անհետաքրքիր եմ գրում այս ամենի մասին ու չեմ ուզում մանրամասներ ասել, ինչպես գրեթե միշտ եմ անում, բայց դե երևի 2019-ից է, ի՞նչ կարող եմ անել:
Միայն կարող եմ մաղթել, որ 2019 թվականը լինի հաճելիորեն անսովոր բաների տարի ու այն մեզ ավելի շատ բան տա, քան մեզնից տանի:

anush marg

Լուսի՞նն Է մեղավոր

Բա՜րև, իսկ դու երազանքներ ունե՞ս…

Գիտե՞ս, այնքան տխուր է,երբ բոլոր երազանքներդ լքում են քեզ. հոգիդ նմանվում է լքված ու դատարկ նավակի, որի բոլոր նավաստիները հեռացել են ու թողել նավակին միայնակ՝ բաց ու կատաղի օվկիանոսում: Ավելի տխուր է, երբ դու չես կարողանում երազել, երբ հոգիդ հրաժարվում է ենթարկվել, երբ երազում ես միայն երազելու մասին:

Գիտե՞ս, վերջերս ամեն երեկո՝ քնելուց առաջ, մահճակալիս կողքի դարակում փնտրում եմ երազանքներս, հետո հիասթափված ու փնթփնթալով բացում եմ գրքերս, թերթում դրանց էջերը ու գտնում նրանց մեջ միայն չորացրած տերևներ ու ծաղիկներ. փնտրում եմ սենյակիս բոլոր անկյուններում, բայց երազանքներս անհետացել են:

Ինձ երբեմն թվում է, թե չարաճճի էլֆերը նրանց գողացել են ու փակել մութ ամրոցում, քնելուց առաջ ես դիմում եմ նրանց ու ետ պահանջում իմ երազանքները, բայց նրանք այնքան բարձր են բղավում ու ծիծաղում, որ խլացնում են իմ ձայնը: Կամ էլ, երբեմն, մտածում եմ, որ երազանքներս փակված են ապակե փոքրիկ շշերում, դասավորված են՝ կանոնավոր՝ մեկը մյուսի հետևից, մայրիկիս ամանեղենի պահարանում: Ես բացում եմ պահարանն ու երկար կանգնում դռան առաջ, խառնում եմ բաժակների դասավորությունը, ափսեների մեծ ու փոքր հերթականությունը, դանակը դնում պատառաքաղի տեղում, իսկ գդալը՝ դանակի: Բայց այդպես էլ շշերը չեմ գտնում: Փնտրում եմ ճամպրուկումս, մի՞թե նրանց ինչ-որ անծանոթ աշխարհում եմ թողել ու նրանք էլ ինձ են փնտրում. չգիտե՜մ:

Հետո, վազում եմ դուրս, իջնում նկուղ, երկար փնտրում նրանց խնձորի արկղում, բայց նրանք չկան ու չկան… Ու փնտրտուքներիս ճանապարհին ամեն բան խաղաղվում է, երբ դուրս է գալիս լուսինը, ու փայում են աստղերը. իսկ գուցե իմ երազանքներն էլ աստղե՞ր են դարձել ու հիմա վերևից ինձ են նայում, իսկ, եթե, լուսի՞նն է նրանց գողացել ու իր մոտ տարել:

Երազանքներս փորձում եմ գտնել բարձիս վրա, որն ավարտվում է լոկ նրա թրջվելով ու անհանգիստ քնով:

Գիտե՞ս, Ամանորին բոլորը մաղթում են երազանքների իրականացում, իսկ ես մտքումս խնդրում եմ նորից գտնել երազանքներս:

Ներուժ

Ողջույն, այսօր, մի կերպ կտրվելով տոնական խառնաշփոթից, խոսելու եմ Սփյուռքի նախարարության, FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) և Impact Hub Yerevan-ի հետ համատեղ իրականացված «ՆերՈւԺ» ծրագրից։ 4-օրյա այս ծրագրի նպատակն էր` հայազգի երիտասարդ ձեռներեցների համար Հայաստանում բիզնեսով զբաղվելու հնարավորություններ ստեղծել։

Մոտ մեկ ամիս առաջ տեսա հայտարարություն, որ կամավորներ են անհրաժեշտ ծրագրի իրականացման համար ու որոշեցի դիմել։ Այդ ժամանակ դեռ պատկերացում չունեի, թե ինձ ինչ է սպասվում։ Կամավորությունն ինձ համար մի ուրիշ աշխարհ է։ Չկա ավելի հաջող ձև նոր փորձ ձեռք բերելու ու գիտելիքներդ գործնականում փորձարկելու համար: Համ էլ, ընկերներիցս մեկը Իսպանիայից ժամանելու էր Հայաստան` ծրագրին մասնակցելու համար, ու իր ոգևորությունը ինձ էր փոխանցվել։ Ես այն երջանիկների ցանկում էի, ովքեր հաջողությամբ անցան հարցազրույցը ու որպես կամավոր մասնակցեցին ծրագրին։

Իսկ հետոն․․․ Հետոն արդեն լիքն էր նոր ու հավես ծանոթություններով, փորձություններով ու հաղթանակներով։ Դիլիջանի Միջազգային դպրոցը հյուրընկալել էր ՆերՈւժի բոլոր մասնակիցներին։ Մթնոլորտը չափից շատ ջերմ էր ու ընկերական։ Դպրոցի ուսանողները մեզ դիմավորեցին որպես իրենց համայնքի մի մասի։ Առավոտները միշտ խառն էին, միշտ ինչ-որ բան կար անելու, օգնելու։ Մասնակիցները անընդմեջ հետաքրքիր քննարկումների, հանդիպումների մեջ էին։

Իսկ երեկոները․․․ Ավելի խառն էին, քան առավոտները։ Ուշ երեկոյան, երբ արդեն օրվա ծրագիրը բարեհաջող ավարտված էր, տեղի էին ունենում մաֆիայի, թենիսի ու այլ խաղերի առաջնությունները։ Կարճ ասած՝ մաֆիան ելնում էր որսի։

Այս չորս օրերի ընթացքում մի ամբողջ կյանք ապրեցինք։ Վստահ եմ, անգամ այն սփյուռքահայ ստարտափերները, որոնք չհաղթեցին վերջնական մրցույթում, մեծ փորձառություն ու նոր ընկերներ ձեռք բերեցին։ Ունեցանք շատ պատվարժան հյուրեր։ Մեզ այցելեց նաև Նիկոլ Փաշինյանը, շրջեց մի քանի սենյակներով և ծանոթացավ նախագծի ընթացքին։ Հնարավորություն ունեցանք նաև իրեն հարցեր ուղղելու, ու դե իհարկե, սելֆիի․․․

Ամենամեծ ձեռքբերումս նոր ընկերներն էին, իսկ ամենալավ օրը՝ վերջինը։ Վերջնական մրցույթից հետո մեզ միացավ ազգագրական պարային խումբ։ Մի քանի րոպե անց ամբողջ սրահը ոգևորված պարում էր։

Ու էսպես լիքը, լիքը հավես բաներ` երեկոյան հոգի կանչելուց մինչև աշխատանքային խառը մթնոլորտ։

Կյանքում կան պահեր, որ չեն մոռացվում: Դե, կամ էլ մենք չենք ուզում մոռանալ:

Դրանք ստեղծվում են ինչ-որ փոքր որոշումներից ու դառնում մի մեծ պատմության սկիզբ․․.

Shushan nersisyan

Կեսգիշերի մեր հեքիաթը

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ տարեվերջյան կեսգիշերին երազանքներ էին պահվում, ոչի՜նչ տեղի չի ունենալու:

Սրանից դեռ տարիներ առաջ տարվա վերջին կեսգիշերը մեր թաղում վեր էր ածվում իսկական տոնակատարության, տոն, որ չես գտնի օրացույցներում, նոթատետրերում, տոն, որի մասին ոչ մի տեղ ոչ մի հիշատակություն չկա, բայց քանի որ այն ամրագրված էր մեր հիշողություններում, ուրեմն այն պիտի կատարվեր:

Անվադողեր վառելու գեղեցիկ արարողությունը դարձել էր ավանդական…

Թաղի տղաները իրենց նկուղներից երկու-երկու դուրս էին բերում ողջ տարվա հավաքած անվադողերը (չգիտեինք՝ ոնց էին էդքանը հավաքում, իրենց ասելով՝ դա մի բարդ ու հետաքրքիր գործընթաց էր, մեզ՝ անհասկանալի) ու տանում այնտեղ, որտեղ հիմա արտասովոր ոչինչ տեղի չի ունենալու: Մենք անվադողերը տեղ հասցնելու գործընթացին հետևում էինք պատուհաններից կամ էլ ծայրահեղ դեպքում ամանորյա գնումներից ինչ-որ բան պակասած էր լինում, և մենք մոտակա խանութ գնալու ճանապարհին հանդիպում էինք նրանց:

Տղաներից ոմանք գլորում էին, նրանք, որոնք զգում էին իրենց հավանած աղջիկների հայացքը պատուհաններից, կամ որոնց աչքի առաջ պատահաբար հայտնվում էին այդ նույն աղջիկները, միայնակ գրկում էին անվադողն ու հերոսաբար տանում, ինչը գրեթե անհնար է, եթե չունես հսկային հատուկ տվյալներ: Դա լինում էր իրենց կողմից այդ օրվա միակ տեղ հասցրած անվադողն ու միաժամանակ միակ հերոսությունը: Ուրիշները, որ ավելի համեստ էին, հատկապես, որ հավանած աղջիկ էլ չունեին, տանում էին անվադողերը մի քանի անգամով՝ չհրաժարվելով նույնիսկ առաջարկվող օգնություններից: Ոմանք էլ տեղափոխելու արարողությանը մասնակցում էին դիտորդի կարգավիճակով, բայց որ իրենց հարցնեին, իրենք ահագին գործ էին արել. նրանք մի քիչ պարծենկոտ ու մի քիչ էլ ինքնահավան տղաներն էին, որոնք սակայն ամեն վայրկյան պատրաստ էին կյանք տալու իրենց ընկերների համար:

Հերթը հասնում էր բուրգին: Ու քանի որ այդտեղ հավանած աղջիկներ չկային, ու տղաները միմյանց աչքերում հերոսանալու կարիք կարծես թե չունեին, մի մարդու պես իրար օգնելով անվադողերից բուրգ էին կառուցում: Այնպիսի բուրգեր, ինչպիսին նրանք էին կառուցում, հանդիպում են միայն հեքիաթներում, որոնց հերոսները հսկաներ են:

Երբ հերթը հասնում էր կախարդական հեղուկին, որ պիտի ազդարարեր ամենագեղեցիկ պահի սկիզբը, այն այդտեղ հայտնվում էր անհասկանալի կերպով, չէր իմացվում՝ ով ու երբ հասցրեց բերել:

Սա ծիսակատարություն էր՝ իսկակա՜ն, առեղծվածայի՜ն…

Երևում էր առաջին բոցը, հետո՝ երկրորդը, երրորդը, ու հետո հաշվելը դառնում էր անհնար: Սկսվում էր խրախճանքը: Սա նման էր հեթանոս աստվածների խրախճանքներին, սա մի քիչ ավելին էր քան այդ խրախճանքները: Կայծերը շատանում էին, երկինք էին բարձրանում՝ ավելացնելու աստղերի թիվը:

Դե իհարկե, մենք դրան չէինք մասնակցում, դա տղայական գործ էր, դա մեր տեղը չէր, մեզ չէր կարելի, բայց նրանք վստահ էին, որ մենք մեր պատուհաններից հետևում ենք ծիսակատարությանը: Դրա համար էլ կրակը գնալով թեժանում էր, բարձրանում, որ բոլորիս տներից երևա: Իսկ անվադողերը վառվում էին: Նրանք ճիշտ էին, մենք գիտեինք՝ ինչով պիտի ավարտվի տարվա վերջին կեսգիշերը, դրա համար բոլոր գործերն անում էինք նախօրոք, կամ թողնում ամենափրկիչ մայրիկներին ու հայտնվում պատուհանագոգերին: Անվադողերը վերջանալու միտք չունեին, մեկին հաջորդում էր մյուսը, իսկ երբ թվում էր՝ ուր որ է կվերջանան, կրակի ճիրաններում էին հայտնվում նորերը, նախորդներից ավելի սև, ավելի մեծ…

Այդ ամենն այնքան գեղեցիկ էր: Ու մեզ ոչինչ անել չէր մնում, քան երազանքներ պահել ու բոցերի հետ երկինք ուղարկել: Թե մեզնից քանիսի՜ երազանքը համընկավ, ո՜ւմ երազանքը երկինք հասավ, ո՜ւմը մնաց կիսաճամփին, ոչ ոք այդպես էլ չիմացավ: Թե ի՜նչ էին խոսում կրակի շուրջը հավաքված տղաները, ինչո՜ւ էին ծիծաղում, ինչի՜ մասին էին մտածում ու ի՜նչ երազանքներ էին պահում, այդ էլ ոչ ոք չիմացավ: Նրանք ժպտում էին, երբեմն ծիծաղում կրակի բոցերի ներքո, իսկ մենք երազում էինք պատուհանագոգերին նստած, ու դա նմանվում էր ֆիլմերի վերջին դանդաղեցված հատվածներին, երբ բոլորը համերաշխ են ու երջանիկ…

Երբ կրակն սկսում էր աստիճանաբար թուլանալ, տղաները ցրվում էին, իսկ մենք հետ էինք քաշվում պատուհաններից, որովհետև կեսգիշերին րոպեներ էին մնում: Նոր տարին ազդարարող զանգերի հետ մենք նորից երազանքներ էինք պահելու, ճիշտ նույն երազանքները, ինչ րոպեներ առաջ էինք պահել լուսամուտների մոտ ու անվադողերի կրակների ներքո՝ անվերապահորեն հավատալով դրանց կատարմանը:

Դա մեր հեքիաթն էր, տարվա վերջին գիշերվա հեքիաթը, ամենաիսկական հեքիաթն աշխարհում: Շենքերում բոլոր արթուն էին…

Տարվա վերջին կեսգիշերից մի քանի ժամ առաջ, երբ մութը գերիշխող դառնա, մեր թաղի այն հատվածում, որտեղ հրաշքներ էին կատարվում, ոչինչ տեղի չի ունենալու:

anahit aharonyan

2019, սպասում եմ քեզ

Եվ այսպես, 2018 թվականը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: Մինչդեռ մեր տանը իսկական ամանորյա իրարանցում է, բոլորը զբաղված են, փորձեմ կտրվել առօրյա բոլոր խնդիրներից և ինչքան հնարավոր է կարճ ամփոփել այս տարին (ինչպես անում եմ ամեն տարի):

2018-ը տարի էր, որը լի էր տարատեսակ հաջողություններով և ձախողումներով: Նախևառաջ ինձ տրվեց մի մեծ հնարավորություն ինքս ինձ բացահայտելու մի այլ, շատ տարբերվող կողմից: Ես այս 365 օրվա ընթացքում այնքան փոխվեցի, որ չեմ էլ կարող նկարագրել: Իմ ներքին փոփոխությունների վրա ազդել են նաև որոշակի իրադարձություններ և մարդիկ, ում ես անսահման շնորհակալ եմ: Նախկին ամաչկոտ, ինքնամփոփ, կոմպլեքսներով լի Անահիտից գրեթե ոչինչ չի մնացել: Հիմա կա ինքնավստահ (ընկալեք այս բառը իր դրական կողմից), պոզիտիվ, միշտ զվարթ, աշխատասեր և պատրաստակամ Անահիտը, ով դեռ շատ պատնեշներ պետք է հաղթահարի:

2018-ին ես շատ բաներ առաջին անգամ փորձեցի անել: Ես առաջին անգամ կամավոր աշխատեցի, առաջին անգամ երեխաների հետ աշխատեցի և հասկացա, որ ուսուցչի աշխատանքը ամենադժվարն է: Ես առաջին անգամ մասնակցեցի միջազգային ճամբարի և ուղիղ երկու շաբաթ օտար երկրում ապրեցի և աշխատեցի 100-ից ավելի մարդկանց հետ: Թավշյա հեղափոխության օրերին արթնացավ իմ քաղաքական գիտակցությունը, ես սկսեցի հետաքրրվել քաղաքականությամբ(ինչը մի քանի տարի առաջ ուղղակի անհավանական էր):
Հենց այդ իրադարձությունից հետո ես մեկնարկեցի իմ սեփական, «ներքին հեղափոխությունը»` ընդդեմ իմ բոլոր վախերի, թույլ կողմերի և անիմաստ սովորությունների: Հենց 2018-ին ես արեցի իմ առաջին քայլերը դեպի իմ կյանքի ամենամեծ նպատակը, որը արդեն 95%-ով իրականություն է: Ես հասկացա, թե ինչի համար եմ ապրում, թե ինչի համար ես գոյություն ունեմ, ես գտա շատ հարցերի պատասխաններ, որոնք երկար ժամանակ ինձ համար անբացատրելի էին թվում: Եթե ես նախկինում մտածում էի, որ ապագայում անպայման դուրս եմ գալու Հայաստանից, գնամ շատ հեռու ու էլ չվերադառնամ, ապա միայն հիմա եմ հասկանում, որ սա ամենահիմար որոշումը կլիներ: Ես պարտավոր եմ մնալ իմ հայրենիքում և շենացնել այն(իմ փոխարեն դա ոչ մեկ չի անի): Իսկ ինչ վերաբերվում է իմ ձախողումներին, ապա ես միայն կասեմ, որ դրանք ինձ համար շատ մեծ դասեր էին, հնարավորություն՝ մի պահ կանգ առնելու և շունչ քաշելու: Ես կարող եմ այս շարքը անվերջ թվարկել, բայց եկեք այսքանով սահմանափակվենք:

Ես անհամբեր սպասում եմ 2019-ին, սպասում եմ բոլոր մարտահրավերներին և փորձություններին: Մնացած բոլոր մարդկանց նման ես էլ եմ նոր տարվա գիշերը երազանք պահելու, մեկը շատ անձնական է, չեմ կիսվի, իսկ մյուսը այն է, որ 2019-ը նույնքան հաջողակ և ուրախ լինի, ինչքան 2018-ն էր: Թող բոլոր- բոլորիս համար էլ այն հաջողակ տարի լինի: Թող բոլորս երջանիկ լինենք, խաղաղ երկնքի տակ ապրենք, բոլորս ամեն օր ժպտալու մինիմալ 1 պատճառ ունենանք: Լավ, եկեք ևս մեկ անգամ սահմանափակվենք, որովհետև գնալով ավելի ու ավելի եմ ծավալվում: Ուղղակի ցանկանում եմ բոլորից լավ Ամանոր և Սուրբ Ծնունդ: Իսկ հիմա վազեմ խոհանոց և օգնեմ մայրիկիս, միաժամանակ մի քանի հատ բլինչիկի լիստ «թռնցեմ» ու Ֆրենկ Սինատրայի սուրբ ծննդյան երգերը լսեմ: