Ազատ տարածք խորագրի արխիվներ

Mari Baghdasaryan malishka

Ցանկություններով նախորդ ձմեռների…

Եվս մի տարի անցավ: Մի քիչ ուրախ, մի քիչ տխուր օրերով, անցավ, ու թողեց վառ օրերի հիշողությունները: Եվս մի տարի անցավ, ու ավելի մոտեցավ համալսարանին հրաժեշտ տալու օրը: Սկզբում հրաժեշտ ենք տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին, հետո` դպրոցին, դպրոցական օրերի կատակները, խնջույքները, էքսկուրսիաները ու դրանցից մնացած ամենավառ հիշողությունները մնում են մեզ հետ: Մենք շարունակում ենք հիշել դասարանցիներին, ուսուցիչներին, ամիսներ անց պատահական հանդիպում ենք փողոցում` բարևում, մի քանի բառ փոխանակում: Բայց շատ բան է փոխվում դպրոցից հետո, դպրոցի փոխարեն գնում ենք համալսարան, ընդունվում ենք տարբեր բուհեր, տարբեր մասնագիտություններ ենք ձեռք բերում:

Գիտեք ինչո՞ւ եմ Նոր տարվա շեմին այսքանը գրում, որովհետև չգիտեմ ինչու, հենց այսօր զգացի, որ ժամանակը արագ է անցնում, որ ամիսներ անց կավարտեմ համալսարանը, ու հիշողություններս կավելանան:
Կհիշեմ ոչ միայն համալսարանում անցկացրած ուրախ օրերը, պահերը, այլ բուհի մյուս ուսանողների կատակները, որոնց հետ միասին նույն լսարանում էինք հաճախ նստում, մինչ դասախոսները կսկսեին տալ հանձնարարությունները: Ծանոթանում էինք, պատմում նախասիրություններից:
2018 թվականը ինձ նվիրեց նոր ընկերներ` ծանոթացա տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, որոնք շաբաթների ընթացքում դարձան հարազատ մարդիկ:
2018-ը ինձ տվեց մուսա, տվեց մտքեր, որոնցով համալրեցի իմ բանաստեղծությունների գրքի էջերը: Գուցե շարունակեմ գրել 2019 թվականին, եթե իհարկե հասցնեմ: Ասում եմ եթե, որովհետև ինձ սպասվում են խիստ գրաֆիկով ամիսներ` քննություններ, դիպլոմայինի պաշտպանություն, ինչու ոչ, նաև նոր հոդվածներ, հարցազրույցներ ամենատարբեր մարդկանց հետ, նպատակներ, որոնց պետք է հասնեմ քայլ առ քայլ, նոր մտահղացումներ ու հետաքրքիր ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեն հենց 2019 թվականին:
Հա, չմոռանամ ասել նաև, որ եթե ապրում եք տխուր հիշողություններով, դրանք թողեք
2018-ում, ու Նոր տարին սկսեք երազանքներով, ուրախ տրամադրությամբ: Թույլ մի տվեք, որ անցյալը մուտք գործի նոր տարի, և գունավոր գրչի փոխարեն, սև թանաքով խզբզի ձեր կյանքի էջերին ու գողանա ձեր ժպիտը:
Իսկ նախորդ ձմեռների երազանքները, նպատակները ու բոլոր ցանկությունները տեղափոխեք 2019 թվական և կյանքի կոչեք…

Եվ մի քանի տող Արմեն Սարգսյանի «Չկարդացած գրքեր փոխարեն» բանաստեղծությունների ժողովածուից.

Տոներին քաղաքը լի է
նախորդ ձմեռների ցանկություններով,
և ձյունը չի դադարում ընկնել
ավելի բարձր լեռներում՝
այս փոքրիկ բակերից հեռու՝
ցանկություններով նախորդ ձմեռների…

Գաղտնի Ձմեռ պապ. Եղիպատրուշ

49523739_325747911360137_7587736898697691136_nWorld Vision Armenia տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեռևս  օգոստոսից  Ապարանի Եղիպատրուշ համայնքում գործում է  IMPACT երիտասարդական  զարգացման ծրագիրը:  Ըստ IMPACT կանոնադրության, յուրաքանչյուր 8-րդ դաս-հանդիպումների ավարտին 9-րդ դաս-հանդիպումը    պետք է լինի  համայնքին օգուտ բերող ծրագրի իրականացում, որը կծառայի թե ՛ համայնքի խոցելի խմբերին և  թե  համայնքի մյուս անդամների  շահերին:

Ծրագրի մասնակիցները դեկտեմբերի 30-ին հնգամսյա աշխատանքներից հետո իրականացրին  իրենց համայնքային զարգացման  առաջին ծրագիրը:49393484_2234306603502433_7629034027155980288_nԾրագիրը  IMPACT-ցիները անվանել էին  «Գաղտնի Ձմեռ պապ»:

«Գաղտնի Ձմեռ պապ»  ծրագրի նպատակն էր` կարողանալ ժպիտ և ուրախություն պարգևել գյուղի խոցելի  ընտանիքներին: Ծրագրի իրականացման համար նախատեսված 300 դոլարը IMPACT-ցիները բաշխել էին այնպես, որ շուրջ 23 անապահով ընտանիքների երեխաներ ստացան գրենական պիտույքներ, հիգիենայի պարագաներ, տաք հագուստ և այլ իրեր: Ողջ աշխատանքները՝  սկսած նվերները դասավորելուց, մինչև հասցեատերերին հասցնելը IMPACT-ի սաները վերցրել էին իրենց վրա: Երեխաներին ուրախացնելու համար նրանք հագել էին մուլտհերոսների զգեստներ՝ փորձելով սովորական օրը դարձնել տոն:49079291_402149580521717_7826563623253180416_n

IMPACT ակումբի  առաջնորդ Սևակ Մաթևոսյանը նշում է, որ ակումբի նպատակը միայն համայնքային զարգացման ծրագրերը չեն:

-Երեխաների մոտ կամավորական աշխատանքը բնավորություն է ձևավորում ՝ միայն սպառողի դերում չմեծանալ, այլ լինել նաև օգնող, սովորել հավասարություն և ի վերջո, մեր կարգախոսի կրողը լինել. «Սեր հանուն սիրո»:

zaven abrahamyan

Իմ 2018-ը

Ավարտին է մոտենում 2018 թվականը: Անցնում է ևս մեկ տարի, և գրեթե բոլորը անհամբեր սպասում են հաջորդ տարվան: Մի քանի օր է, ինչ ամփոփում են այս տարին, ծանրութեթև անում և փորձում հասկանալ՝ ստացված տարի՞ էր, թե՞ ոչ:

Դեռ տարվա սկզբից նպատակ էի դրել ճանապարհորդել Հայաստանով և բացահայտել հայրենիքս: Ճանապարհորդություններս սկսեցի մարտ ամսին, երբ ուղևորվեցի դեպի Տավուշի մարզ: Շատ-շատ հիացած էի այնտեղի բնությամբ՝ անտառներով, լեռներով և այլն:

Ապրիլ-մայիս ամիսներին մասնակից դարձա «Թավշյա հեղափոխությանը»: Ոմանց մեջ հարց կառաջանա, թե ինչու եմ հեղափոխությունը գրել չակերտներում, հիմա չեմ ուզում ասել (դա մի ուրիշ թեմա է, և դրան մի օր կանդրադառամ): Իսկ հունիս-հուլիս ամիսներին ես արդեն Արարատի մարզում էի: Մի կերպ շոգին դիմանալով՝ վայելում էի տեղի բանջարեղենն ու քաղցրահամ մրգերը և հիանում արևածագերով և մայրամուտներով:

Եվ ի վերջո, իմ Հայաստանով ճանապարհորդելու ամենահիշարժան մասը՝ դեպի Զանգեզուր ուղևորությունս: Առաջին իսկ օրվանից սիրեցի Սյունիքը, սիրեցի տեղի անկրկնելի և հոյակապ բնությունը, բարի և ընկերասեր մարդկանց: Այնտեղ անցկացրածս օգոստոսյան մի շաբաթը դարձավ կյանքիս ամենաանմոռանալի և ամենաերջանիկ ժամանակահատվածը: Ճիշտ է դա իմ 10-րդ հոբելյանական ուղևորությունն էր, բայց ես գալիք 2019-ից ակնկալում եմ վերադարձ Սյունիք` Զանգեզուրը բացահայտելու:

Անմոռանալի դարձավ նաև նոյեմբերյան Էկո-ճամբարը Աղվերանում: Ճամբարում անցկացրածս երեք օրերի ընթացքում ձեռք բերեցի բազում լավ ընկերներ: Ծանոթացա և ընկերացա մի մարդու հետ, ում հետ ո99 տոկոսուվ նման ենք: Նման ենք մտածելակերպով, պատկերացումներով, հետաքրքրություններով, և ինչպես նա է սիրում ասել` երկուսս էլ տարօրինակ ենք և աննորմալ: Եվ այդ մարդը գյումրեցի Էմի Մուրադյանն է:

Բայց  այնպես չէ, որ ամեն ինչ այս տարի լավ էր: Տեղի են ունեցել, և վատ, և անհաջող, և տհաճ ու անհիշարժան դեպքեր և իրադարձություններ: Սակայն ես չեմ ուզում խոսել դրանց մասին, չէ որ ամեն վատ բանից պետք է դասեր քաղել, թողնել հին տարում ու մոռանալ…

Ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք 2019 թվականը և  ավարտել հետևյալ մաղթանքով: Կյանքում լինում են շատ վատ բաներ, և Նոր տարին դրա համար է, որպեսզի մենք կարողանանք դրանք մոռանալ և ազատվել դրանց բեռից՝ նայելով միայն ու միայն դեպի առաջ, դեպի ապագա: Չէ որ միայն մենք ենք գրում մեր ճակատագիրը:

izaaastsaryan1

Իմ 2018թ.-ի ու գալիք 2019թ.-ի մասին

Այս տարի վերջին անգամ եմ գրում: Ուզում եմ ամփոփել իմ 2018թ.-ը և խոսել 2019թ.-ի նպատակներիս մասին:
2018թ.-ը հետաքրքիր էր, ինչ խոսք: Տարին բավականին հետաքրքիր սկսեցի և ավարտում եմ նույն կերպ:
Պետք է ասեմ, որ 2018թ.-ը նոր ձեռքբերումների տարի էր, չնայած նրան, որ կորուստներ ևս ունեցա:
2018թ.-ին շարունակեցի ակտիվ գործունեությունս, չնայած նրան, որ հոկտեմբերից սկսեցի պասիվ գործել, այո, պատճառը դասերս էին:
Չեմ ուզում շատ խոսել 2018թ.-ի մասին, կարծում եմ այն, ինչը որոշել էի անել 2018թ-.ին, որոշ չափով կարողացա անել:
2018թ.-ը կեզրափակեմ բարեհաջող հանձնած քննություններովս:
Կարծում եմ, որ 2019թ.-ը հետաքրքիր տարի կլինի, կյանքիս կարևոր իրադարձությունները կապված են 2019թ.-ի հետ, հենց 2019թ.-ին կավատեմ դպրոցը, կընդունվեմ համալսարան: Մի խոսքով, հետաքրքիր տարի է սպասում:
Եզրափակելով խոսքս, ուզում եմ շնորհավորել բոլորի Ամանորն ու Սուրբ Ծնունդը ու մաղթել, որ կատարվեն բոլորի նպատակները:
Թող բոլոր շրջանավարտները՝ իմ գլխավորությամբ, ընդունվեն իրենց ուզած բաժինները, որովհետև մեր կյանքի կարևոր իրադարձություններից մեկը, հենց դա է:
Թող այս տարի ոչ մի կորուտ չլինի, թող ոչ ոք չկորցնի իր սիրելի մարդկանց:
Թող բոլորը լինեն առողջ ու երջանիկ: Կհանդիպենք 2019թ.-ին:

Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Սիրելի Ձմեռ պապ, Ես Մարինեն եմ։ Վաղուց չէի գրել քեզ։ Մեծացել եմ, երևի…

Սիրելի Ձմեռ պապ, նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ինձ պարգևած երջանիկ պահերի և ապրումների համար։ 2018 թվականը ինձ համար մեծ ձեռքբերումների տարի էր։ Ամենակարևոր ձեռքբերումներիցս են ընկերներս։ Մարդիկ, ովքեր կողքիս են եղել թե՛ ուրախության, և թե՛ տխրության պահերին։ Օգնության ձեռք են մեկնել ցանկացած իրավիճակում։ Նաև շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր իրենց կամքից անկախ սովորեցրին լինել ավելի ուժեղ, ավելի համառ և ավելի դիմադրող կյանքի փորձություններին։ Շնորհակալ եմ, քանզի այն, ինչ տվեց և սովորեցրեց 2018 թվականը, ուղղակի անգնահատելի էր։

Սիրելի Ձմեռ պապ, ես խնդրում եմ, որ 2019 թվականին փոխես աշխարհը դեպի լավը, քանի որ երկրի լավն ու բարին շնչահեղձ են լինում չարության և դաժանության բաժակում։ Այնպես արա, որ մարդիկ գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը։ Թող այս տարին մարդկանց համար լինի 365 նոր հնարավորությունների ուղի։

Սիրելի Ձմեռ պապ, Ամանորի գիշերը քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով բուժիր աշխարհի վերքերը։ Ուզում եմ, որ աշխարհի բոլոր արցունքները լինեն միայն երջանկությունից։ Այնպես արա, որ մարդիկ չսպասեն, թե հաջողությունը երբ է իրենց գտնելու, այլ իրենք գտնեն նրան։ Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ կյանքը չափազանց կարճ է ամենակարևոր խոսքերը չասելու համար։ Ասեն իրենց սիրելիներին և հարազատներին, որ սիրում են նրանց, քանզի հենց նրանց հանդեպ են ավելի ուշադիր, վախենալով կորցնելուց։

Սիրելի Ձմեռ պապ, երկրի վրա երջանիկ պահերը անկթարթ են թվում։ Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները։

Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի` «Փոքրիկ Իշխանի» երազած աշխարհը։

Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ նամակս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա` աշխարհը փոխելու։

Նամակներ Ձմեռ Պապին

Բարև, իմ շատ սիրելի Ձմեռ Պապ: Ինչպես ամեն տարի, այնպես էլ 2018 թվականին գրում եմ քեզ իմ նամակը: Ուզում եմ, որ առաջին հերթին աշխարհին՝ խաղաղություն, մարդկանց՝ առողջություն և բոլոր ընտանիքներին համերաշխություն բերես:

Ես ուզում եմ, որ Ամանորի գիշերը բոլորի երազանքները իրականանան:

Ասում են, 2019 թվականը խոզուկի տարի է, այն իմ տարին է: Եվ ես վստահ եմ, որ իմ տարին ինձ համար լավ տարի է լինելու:

Ժասմին Հովհաննիսյան, 12 տարեկան

Սիրելի Ձմեռ Պապ, հիմա, երբ նայում եմ hետ և թերթում եմ մանկությանս էջերը, հիշում եմ, որ երբեք քեզ նամակ չեմ գրել, ոչ թե, չհավատալու պատճառով, այլ, որ վստահ եմ եղել, որ բոլորի, այդ թվում և իմ ցանկությունները իրականացնելու ես, բերելու ես բոլորի խնդրած նվերները, կատարելու ես երեխաների և մեծերի սրտում թաքուն պահած երազանքները:

Այսօր գրում եմ քեզ իմ առաջին նամակը, բայց գրում եմ ոչ թե ես, այլ ներսիս մանուկը, ով միշտ հրաշքների է հավատում, մանուկ, ով ապրում է յուրաքանչյուրի մեջ և թույլ է տալիս կյանքը ավելի գունեղ տեսնել:

Ճիշտ է, էլ երեխա չեմ, բայց հիմա ավելի շատ եմ հավատում Ամանորի գիշերը կատարվող հրաշքին, որը թակելու է յուրաքանչյուրի դուռը ու սիրտը:

Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ ինձ նվիրել ես ամենալավ ընտանիքը, ամենալավ ընկերներին, որոնք եկան իմ կյանք այն ավելի լավը դարձնելու համար: Քեզ խնդրում եմ միայն, որ այդ հրաշքը ինձ մոտ թողնես ընդմիշտ:

Արագածոտն մարզ, գյուղ Կարբի, 18 տարեկան, Սվետլանա Դավթյան

vehanush

Արա քո փոփոխությունը

Մարդիկ մտածում են, որ փոփոխությունները շատ փոքր դեր են կատարում մեր կյանքում։ Սակայն այդպես չէ։ Ես մտածում եմ, որ մեր կյանքի 85%-ը կազմում են փոփոխությունները։ Փոփոխությունները կարող են մարդկանց վրա և՛ լավ անդրադառնալ, և՛ վատ։ Դե նայած ինչ փոփոխություն կանենք, էլի։ Մի փոքր փոփոխությունն էլ կարող է մարդու կյանքը փոխել, և ինչու չէ, նաև մարդուն փոխել։ Երբ օրինակ, մեկը միշտ կրել է սպորտային հագուստ, սակայն մի օր որոշել է կրել շատ շքեղ զգեստ, նա կլինի բոլորի ուշադրության կենտրոնում և շատ գեղեցիկ։ Իմ կյանքում եղել են շատ փոփոխություններ, սակայն վերջին փոփոխությունը փոխեց ինձ։

Ես և իմ ընտանիքը բնակվում էինք մի բնակարանում, որը այդքան էլ սրտովս չէր)։ Արդեն մի քանի օր է, ինչ մենք տեղափոխվել ենք մեր նոր, հարմարավետ և գեղեցիկ բնակարանը, և կարծես թե բնակարանի հետ ես էլ եմ փոխվել։ Ես շատ փոփոխություններ եմ նկատում իմ մեջ։ Ոնց որ թե մի քիչ բարիացել եմ (ինչքան էլ դա զարմանալի է)։

Երբեք չէի մտածի, որ բնակարանս փոխելով, կփոխվեմ նաև ես։ Չնչին փոփոխությունն էլ կարող է փոխել մեր կյանքը, պարզապես մենք դա չենք գիտակցում։

Յուրաքանչյուր ոք իր կյանքում պետք է գոնե մեկ անգամ փոփոխություն կատարի։ Գուցե նա դրանով դառնա շատ ավելի լավը, քան այն ժամանակ էր, գուցե և վատը դառնա։ Բայց դրանից պետք չէ վախենալ։

Ու մենք խղճացինք Ռադիոն, Ռադիոն, որ պիտի անտեր մնա

Մենք ուսանողներ ենք, ուսանողին վայել սովորական կարգավիճակով. ուտում ենք` ինչ պատահի ու փնտրում պատճենահանման մատչելի տեղեր, մի քիչ էլ լրագրությամբ ենք զբաղվում։ Մենք մի տասը հոգի կլինենք, երբ դասի գանք-չգանք, չորեքշաբթի միշտ գալիս ենք, գալիս ենք, որ գնանք Ռադիոտուն: Էնտեղ մեզ միշտ մի կտոր շոկոլադ անպայման կհասնի, հետո նոր՝ նյութեր, քննարկումներ, խորհուրդներ ու վերջում էլի շոկոլադ, որ հանկարծ չդառնանանք։

Ռադիոյում մեր «հովանավորը» մեր դասախոսն է՝ պրն. Մարկ Գրիգորյանը կամ գրեթե միշտ, Մարկը (թող մեզ ների մեր սիրելի դասախոսը, ուղղակի եզակիներին սովորաբար անունով են դիմում)։

Այդ օրը մենք էլի Ռադիո գնացինք: Տխուր էինք, բայց ավելի շատ ջղային։ Բան չհարցրեցինք. ուզում էինք՝  նա սկսի, բայց ինչ-որ նյութ միացրեց,  «ինչ-որ», որովհետև չէինք լսում, ավելի շուտ ուրիշ բան էինք ուզում լսել, բայց չէինք հարցնում, որովհետև հաստատ գիտեինք՝ չէինք հասցնելու ավարտել խոսքը: Ու հերիք էր՝ մեկը փլվեր, մնացածները սկսելու էին քթները սվսվացնել ու լացել, ու այդ մեկը փլվեց։

Մենք ակտիվ քննարկում էինք,  տարբերակներ առաջարկում, բայց հետո նրա ընդամենը մի՝ «արժանապատվություն» բառից հետո համրացանք ու լուռ շարունակեցինք անձեռոցիկներ փոխանցել։

Գիտե՞ք, ախր, մենք հո մեր դասախոսի համա՞ր տխուր չէինք, ինչի՞ մասին է խոսքը: Դասախոսն ինքն իր համար տխուր չէր: Մենք Ռադիոյի համար էինք մտածում, որ հազիվ երիտասարդները սկսում էին լսել, ինքն էր սկսում երիտասարդանալ,  ու հիմա ո՞նց պիտի բացատրենք, որ դեմ են թարմությանը ու նորին փշերով են դիմավորում, չգիտեմ, երևի քիչ են շոկոլադ ուտում։

Հետո մենք թողեցինք Ռադիոտունը Ալեք Մանուկյան փողոցում ու դուրս եկանք Թումանյան փողոց: Էդպես տխուր էլ կգնայինք, եթե սահադաշտում երկու հոգի մեջքի վրա հավեսով չփռվեին: Մի քիչ հռհռացինք, հետո նորից հիշեցինք կատարվածը ու… Կարդա վերնագիրը: