Ազատ տարածք խորագրի արխիվներ

goharpetrsoyanervn

Փորձում ենք

Կյանքը բեմ է, մարդիկ` դերասաններ, բայց դե մեղավորը մարդիկ չեն. թող կյանքը բեմ չլիներ, որ մարդիկ էլ դերասաններ չդառնային:
Կյանքում լավ դեր ստանալու համար կա երեք տարբերակ: Առաջինը` լավ ծանոթ ունենալը (բախտը), երկրորդը` անկախ ամեն ինչից պայքարելն ու բարձրագույնին ձգտելը և իհարկե` սրանից-նրանից ողորմություն խնդրելը: Առաջին տարբերակը քչերին է վիճակված, երկրորդը ոչ բոլորին է հասու, դե իսկ երրորդը ամենահեշտն է, եթե ունակ ես տրորելու սեփական ես-դ: Լավ, իսկ ի՞նչ իմաստ ունեն այս երեք տարբերակները, հանուն ինչի՞ անցավ գլուխդ դնես ցավի տակ, մեկ է, մի օր մեռնելու ես: Ալեքսանդր Մակեդոնացին, որ աշխարհի տերն էր` մեռնելուց իր հետ ոչինչ չտարավ… Անիմա՞ստ էր պայքարելը: Իսկ ի՞նչ է պայքարը. երևի թե նույն ինքը` կյանքը:
Ասում եք` ինչո՞ւ ենք ծնվում, եթե պիտի մեռնենք… Դե՜, ծնվում ենք մեռնելու համար… Լավ, բա հետո՞. դե հետո էլ մեռնում ենք, որ նորից ծնվենք… Լավ…
Ասում եմ, ինչո՞ւ էիր փոքր ժամանակ խաղալիքի համար լաց լինում ու ծնողներիդ ստիպում, որ գնեին. դե՜, որ քո տարիքի երեխեքի մոտ «կուռաժիտ» լինեիր, կամ էլ էնքան պայքարեիր, որ էն 107-րդ խաղալիքիդ հաշիվը լրացնեիր: Բա ասում եմ` ինչո՞ւ էիր դպրոցում գնահատականի համար կռիվ անում ուսուցիչների հետ: Դե՜, պայքարում էիր բարձր գնահատականի համար: Լավ, բա համալսարանում ինչո՞ւ էիր բոյկոտում, որ էս-էն ծանոթով ստուգարքը ստանում էին, իսկ դասախոսը քեզ կապույտ մազերիդ պատճառով ցածր էր նշանակում: Դե՜, պայքարում էիր անարդարության դեմ, իսկ բարձր գնահատականը ինչի՞դ էր պետք… Հա՜, որ անվճար անցնեիր: Փաստորեն անվճարի համար էիր պայքարում: Բա լավ… Ինչո՞ւ էիր էն տղու  սիրո համար էդքա՜ն քեզ տանջում: Դե՜, պայքարում էիր իրեն հասնելու համար… Հը՞ն, հասա՞ր… Ապրես, որ պայքարում էիր: Սկեսուրիդ մոտ ինչո՞ւ էիր քեզ կոտորում, որ ասեր` «հարսս լավն ա», բարեկամի հարսների մոտ գովեր` խանդից այրվեի՞ն: Շնորհավորում եմ` հասար դրան: Թե ասա` քեզ պե՞տք էր, որ էդքան տանջվում, երեխեքիդ էստեղ-էնտեղ պարապմունքի էիր ուղարկում: Դե՜, որ Մարդ դառնային: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ, պայքարդ արդյունք տվեց: Լսիր… Բա որ 80-ն անց էիր ու զգում էիր, որ մեռնելու էիր` ինչո՞ւ չպայքարեցիր ապրելու համար: Դե՜, արդեն մեծ էիր, ինչի՞դ էր պետք, մեկ է, մեռնելու էիր… Իսկ էն «կուռաժիտը» ինչի՞դ պետք եկավ, կամ բարձր գնահատականը, արդարությունը, անվճար անցնելը, էն տղու սերը, սկեսուրիդ գովասանքներն ու հարսների խանդից այրվելը, Մարդ դարձած երեխեքդ. պայքարդ… Էլ ո՞ւմ էր պետք, որ մինչև վերջ չէիր պայքարելու… Ո՞րն էր կյանքիդ իմաստը…
Կյանքի իմաստն այն է, որը ողջ կյանքում փորձում ենք գտնել:

Anna mkhitaryan

Մեր առաջին տոնավաճառը

Ուսումնական տարին սկսելուն պես առարկայական ցանկում հաստատվեց «Ձեռնարկատիրություն» առարկան: Բոլորի շրջանում մեծ ոգևորություն մտցրեց,  սկսեցին մեծ սիրով սովորել և ուսումնասիրել ձեռնարկատիրական արժեքները: Հենց սեպտեմբերից հիմնեցինք աշակերտական գործարար ընկերություն՝ ԱԳԸ: Դեռ ամենասկզբից կատարեցինք ընտրություններ: Նախ ընտրեցինք «Ագը» նախագահ, քվեարկության արդյունքում նախագահ դարձավ Լարիսա Գալստյանը: Մարքեթինգի գծով նախագահ ընտրվեցի ես՝ Աննա Մխիթարյանս, ֆինանսների նախարար՝ Իրա Քոչարյանը, արտադրության գծով նախարար՝ Վահե Հմայակյանը, կադրերի գծով նախարար՝ Մարիամ Կարապետյանը: Աշակերտական գործարար ընկերության կազմը ձևավորելուց հետո միանգամից անցանք մի քանի քայլերի կատարմանը՝ շուկայի հետազոտություն, պարտականությունների պարզեցում, վերջնական թիմի ձևավորում: Նպատակը մեկն էր` թողարկել այնպիսի արտադրանք, որ բոլորին հաճելի լինի: Դե ինչպես միշտ, ամեն բան կատարյալ ստացվեց: Ընդամենը 3 շաբաթում արդեն ունեինք հիմնական արտադրանքը և այլ աքսեսուարներ: Եվ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Աշոցքի միջնակարգ դպրոցում առավոտից եռուզեռ էր: Բոլորս պատրաստվում էինք տոնավաճառի, վերջապես կստանայինք այլոց կարծիքները:

-Աննա՛, բեր շուտ էրա, տիա` էկան մարդիկ:
-Էրեխեք, ո՞վ մանր ունի…
-Մեկդ հետս եկեք` էրթանք համայնքապետարան, տեսնինք` ով գուկա…
-Երեխե՛ք, մեկդ մոտեցեք, ընդեղ մարդ կա…
Ու այսպես շարունակ կարող եմ թվարկել, թե ինչ հասցրեցի լսել այս օրվա ընթացքում: Առաջինը տոնավաճառի հարթակին մոտեցավ մեր տնօրենը: Շատ մեծ ոգևորությամբ ընդունեց մեր աշխատանքերը: Տնօրենից հետո ողջ ուսումնական կոլեկտիվը մոտեցավ, և սկսվեց իրական տոնական տոնավաճառը, գեղեցիկի, նուրբ աշխատանքի վերաբերյալ խոսակցությունները հասան մինչև գյուղամեջ: Այցելեց նաև գյուղապետը և այլ աշխատակիցներ:

Ամեն ինչ այնքան ջերմ մթնոլորտում ընթացավ, որ մոռացել էինք ժամանակի գոյության մասին: Շնորհակալ եմ մեր շատ սիրելի ընկեր Դանիելյանին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս հաջողության մեջ: Սպասենք հաջորդ  տոնի անակնկալներին:

milena araqelyan

Ընկերս, չկաս

 Հեռավորություն 1

Դու քայլում ես մայթերով: Սովորական երևույթ: Շնչում ես անձրևից հետո մնացած օդը: Շատ սովորական: Նայում ես շուրջդ: Մարդիկ՝ տարբեր, շատ տարբեր: Ի՞նչ է, որ: Միանման մարդիկ չկան: Չէ, դու չես կարող հասկանալ՝ ինչու եմ գրում այսպիսի սովորական, առօրյա-երևույթների մասին: Դու քայլում ես, ֆիզիկապես ոտքերդ դիպչում են գետնին, իսկ մտքե՞րդ: Հանկարծ հասկանում ես, որ մտքերդ ուրիշ հողում են, ուրիշ արմատներ են պահում նրանց: Դու քայլում ես, բայց չես քայլում: Թրջվում ես անձրևից, բայց մեկ է, անձրևը ի զորու չէ թրջել վարսերդ, վերնաշապիկդ, չէ, ուրիշ անձրևը քեզ թրջել չի կարող: Քոնը չէ… Ո՞ւր մնաց անձրևից հետո մնացած օդը, այն օդը, որ շնչում էիր քո պատշգամբում, էդպես էլ չի հերիքելու: Նայում ես մարդկանց, բայց չես տեսնում: Քո մարդիկ ուրիշ մարդկանց մեջ չեն կարող լինել: Հասկացիր, ի վերջո: Սովորել էիր, որ ամբոխի միջից դժվար չգտնվի մեկը, ում ճանաչում ես: Հիմա ինչքան ուզում ես նայիր, բոլորը անծանոթ են, ուրիշ են, ուրիշ՝ ամենակարճ ու երկար իմաստներով: Ուրիշների հայացքները միշտ անավարտ են, միշտ չեն լրացվելու:

 

Հեռավորություն 2

Ուրիշ մարդկանց մեջ չեմ գտնում քեզ՝ այն ամենաթանկին: Հասկանո՞ւմ ես, չկան այն կես հայացքից միտքս կարդացող քո աչքերը: Դեռ չնվագած, արդեն երգը կռահող դու չկաս: Չկաս, բայց կաս: Կաս այնքան, որքան «շողանք միասին», այնքան, որ` ‘«գիտե՞ս՝ ինչքան եմ կարոտել»:

 

Հեռավորություն 3

Չեմ գտնում քեզ: Ինձ գրկող այն ձեռքերդ չկան: Հանգստացնող, ու միևնույն ժամանակ, ամենաանլուրջ կատակը անող, ու «վաղը կիթառս բերելու եմ», դու չկաս: Կիթառն էլ: Կարոտել եմ քեզ այնքան, ինչքան «հեռախոսիդ մեջ փող չկա»: Խելառ ծիծաղդ, որ 2 ամսից ավելի է` չենք համարձակվում լսել: Մենք երկու ամիս ու ավել իրար զանգած չկանք: Այ, այդքան կարոտել եմ («էս անձրևն ու էս լուսինը քո մասին են» լինելու չափ շատ):

 

Հեռավորություն 4

Չկան հեռախոսիս առավոտյան ժամը 8:30-ից սկսվող զանգերը: «Ու՞ր ես հասել, ե՞րբ դուրս գամ»: Դե իհարկե, հասկացար, որ խոսքս քո մասին է, կողքս նստող ու ինձ դիմացող այն ամենաքոյի: Չկան «էս պահը արի նկարվենք, վայ, մեզ են նայում, հըն ո՞ւր ա»: Քեզ կարոտել եմ այնքան, որքան դու՝ «65-ի մեջ եմ»: Այնքան, որ «կարող ա` լավ չե՞ս»:

 

Հեռավորություն 5

Չկաս: Երկնքի ամենասիրուն կապույտը ունեցող աչքերդ չկան: Փողոցում պատահաբար ինձ գտնող ու գրկող դու չկաս: Չկա ամեն ասածս քո չափ հասկացող, հետս ամեն ուրախ ու տխուր միտք ապրած քո տեսակը: Այն ժպիտդ, որ ստիպում էր վեր կենալ, վեր կենալ ու ապրել:

Կարոտել եմ քեզ այնքան, որքան «25-19=6», որքան «go solo» ու «it’s ok» ենք սիրում:

 

ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

12 տառ: Չբացատրվող ու չհասկացվող իմաստ ունեցող բառ: Հեռացնող ու հեռվացնող: Մոռացնող ու մոռացվող: Բայց միշտ կարոտով, միշտ կարոտվող: Կարոտով. հեռացումն էլ, մոռացումն էլ:

lida armenakyan

Տոտալ հոգնածություն

Ես հոգնել եմ:

Արդեն տարեվերջ է, ու ես հոգնել եմ ամեն ինչից:

Հոգնել եմ իմ մտքերից, որ ինձ կուլ են տալիս: Հոգնել եմ նույն ձայներից, նույն դեմքերից ու նույն շարժումներից: Հոգնել եմ վեճերից: Հա, լուրջ: Ես հոգնել եմ անիմաստ ու զզվելի վեճերից, ներսն ավիրող ու հոգի կրծող վեճերից:

Հոգնել եմ անընդհատ բացատրելուց, որ հեռախոսազանգեր չեմ սիրում: Հոգնել եմ հին երգերն անընդհատ լսելուց ու նոր երգեր փնտրելուց: Հոգնել եմ կինոներ խորհուրդ տալուց: Հոգնել եմ վրձիններով խզբզելուց ու բացիկներ սարքելուց: Հոգնել եմ առանց պիցցա խնջույքներից: Հոգնել եմ ծանոթ փողոցներով քայլելուց: Հոգնել եմ ավտոբուսներ նստելուց: Հոգնել եմ դրսում իրենց անձրևանոցի տակ կանչող մարդկանցից: Հոգնել եմ հեքիաթներ կարդալուց: Հոգնել եմ օծանելիքներիս բույրերից ու շրթներկերիս գույներից: Հոգնել եմ ամեն օր արթնանալ դասի գնալուց: Հոգնել եմ համալսարանում ժամեր սպանելուց: Հոգնել եմ համակուրսեցիներիս դատարկ հայացքներից: Հոգնել եմ դասախոսիս բացատրելուց, որ գրողը տանի, ես ճիշտ եմ արտասանում բառերը, էդ դուք եք, որ իմ ամերիկյան անգլերենին սխալ անունն եք տալիս ու ձեր բրիտանական վատ ակցենտով ուղղում եք:

Հոգնել եմ ճանապարհներին 3 ժամ անցկացնելուց: Հոգնել եմ կանգնած երթևեկելուց: Հոգնել եմ անընդհատ չաթվելուց: Հոգնել եմ խոհանոցում թեյ պատրաստելուց: Հոգնել եմ լավ սերիալ ընտրելուց: Հոգնել եմ շատերիդ կարոտելուց: Հոգնել եմ նույն քաղաքում ապրելուց: Հոգնել եմ միշտ կարմիր կիսաքաղցր ընտրելուց: Հոգնել եմ, լուրջ:

Լավ, դուք ո՞նց չեք հոգնել: Հոգնել եմ մասնագիտական նյութեր կարդալուց ու նեղվելուց, որ չեմ հասցնում շատ գեղարվեստական գրքեր կարդալ: Հոգնել եմ իվենթներին «հետաքրքրված եմ» տալուց ու էդպես էլ չգնալուց: Հոգնել եմ երեկոյան 8-ին տուն մտնելուց: Հոգնել եմ սոցիալական կայքերում անուշադիր վեր ու վար անելուց: Հոգնել եմ երգելուց, նվագելուց ու պարելուց: Հոգնել եմ մայրամուտներ նայել չհասցնելուց: Հոգնել եմ արևի շողերից, որ էլ չեն տաքացնում: Հոգնել եմ սպասելուց ու սպասումից: Հոգնել եմ ցուրտ բակերից: Հոգնել եմ թափառական շներին «ֆու» ասողներից:

Հոգնել եմ քաղաքականությունից ու ձեր քաղաքական տափակ վերլուծություններից: Հոգնել եմ ձեր բալիկների նկարները նայելուց: Հոգնել եմ ստուգարքներից, միջանկյալներից ու քննություներից: Հոգնել եմ պասիվ կյանք վարելուց: Հոգնել եմ հավես չունենալուց: Հոգնել եմ ձեր նեգատիվ կարծիքներից: Հոգնել եմ տառերի համար սիրուն ֆոնտ ու տառաչափ ընտրելուց: Հոգնել եմ թաց մազերս չորացնելուց: Հոգնել եմ սենյակիս պատերի նույնությունից: Հոգնել եմ հանդիպումները հետաձգելուց: Հոգնել եմ ջերմելուց ու հիվանդանալուց: Հոգնել եմ «մազերդ ինչի՞ կարմիր չես ներկել» հարցից: Հոգնել եմ ձեր անհանդուրժող վերաբերմունքից:  Հոգնել եմ ամեն տեսակ նույնությունից:
Մի օր ես ամեն ինչ կփոխեմ, ամեն ինչ իմ սրտով կլինի ու ամեն ինչ լավ կլինի, բայց մինչ էդ, էսօր, ես հոգնել եմ:

meri amirkhanyan

Շոկոլադը

- Պապ, դու մեզ ամեն անգամ մանկապարտեզ էիր տանում, իմ ու Մանեի համար համով բաներ էիր առնում, դու հաստատ ինչ-որ դրվագներ կհիշես էդ ժամանակներից:
- Մերի, արդեն լիքը ժամանակ ա անցել, ո՞նց հիշեմ, ա’յ բալես:
- Գիտեմ, պապ, ուզում եմ պատմես էն, ինչ հիշում ես:
- Դե դուք շատ կապված էիք, ու չեմ հիշում օր, որ միասին չխաղայիք կամ չզբոսնեիք:
- Իսկ ինչի՞ իրենք որոշեցին գնալ երկրից
- Դե հիմա ծնողներն են որոշել, ես ի՞նչ իմանամ…
Ինչ իմանամ: Թե ասա, որ դու ինքդ ընկերուհուդ հեռանալու պատճառը չգիտես, հայրդ ի՞նչ իմանա…
Դե, ինչպես հասկացաք, Մանեն իմ մանկության ընկերուհին է: Մենք շփվում էինք երեք տարեկանից, ու ես այդ ժամանակներից ոչինչ չէի հիշում: Ուզում էի իմանալ, թե երբ ենք ծանոթացել ու ինչպես: Իսկ ո՞վ ինձ ավելի լավ կպատմեր այդ ժամանակների մասին, եթե ոչ հայրս, ով գրեթե միշտ մեզ հետ էր:
Մեր ընկերությունը շարունակվեց մինչև 13 տարեկանը, երբ Մանեի ծնողները անսպասելիորեն որոշեցին ընտանիքով մեկնել երկրից: Իմ ու Մանեի ընկերության վերջին աշունն էր: Սեպտեմբերը վերջանում էր: Օրերը կարճանում էին: Երեկոյան ժամերին կարճաթևով արդեն կարելի էր մրսել: Մանեի մեջ մշտապես արյունը եռում էր, ու ինքը երբեք չէր զգում, որ մրսում է: Սեպտեմբերի վերջերն էր. Մանեն զգաց մարմնով անցնող դողը, բայց շատ ուշ էր. ջերմությունը 39 էր:
- Պապ, դու մեզ միշտ շոկոլադ էիր առնում, չէ՞:
- Դե հա, երբ ինչ պատահեր` էդ էլ առնում էի, դուք միշտ սոված էիք:
- Մանեն ամենաշատը ի՞նչ էր սիրում:
- Չեմ հիշում, Մերի:
Մենք մի փոքր վիճել էինք, ու ես մմայրիկից իմացա, որ Մանեն ջերմություն ունի:
-Ալո, Ման, ո՞նց ես:
- Դե վառվում եմ, էլի 39 ա ջերմությունս, բայց դե էդ քեզ քիչ կհետաքրքրի:
- Մտածում ես, որ չե՞մ մտահոգվում:
- Դե դու կիմանաս…
36 շենքն ի վիճակի չէր երկար պահմտոցի խաղալու և շուտով տեղի տվեց: Մոտավոր հաշվարկներ անելով` վերելակով բարձրացա 13-րդ հարկ. պարզվեց, որ մի հարկ պետք է իջնեմ: Մնում էր ամենադժվարը. ինչպես շոկոլադը հանձնել Մանեին: Իմ  բախտից հարկում մեծ ծաղկամանով տարօրինակ բույս կար: Շոկոլադի տուփը դրեցի ծաղկամանի մեջ և շտապեցի շենքից հեռանալ: Զանգահարելու համար երևի մի փոքր ուշ էր, որոշեցի հաղորդագրություն ուղարկել. «Ման, շոկոլադը ձեր հարկի ծաղկամանի մեջ է, հավանաբար առավոտյան կվերցնես ու այլևս չես կասկածի իմ սրտացավության վրա: Անուշ լինի»:
Պատասխանը շատ չսպասեցրեց «Մե՜ր, ապշած եմ, միևնույն ժամանակ շոյված: Շնորհակալություն»:
Մեր նախավերջին խոսակցությունը: Վերջինն արդեն հրաժեշտի ձոն էր:
Ամիսներ անցան,  ես հաճախ էի լինում նրանց բակում: Միշտ քայլում էի 36 շենքի հարևանությամբ գտնվող պուրակով և մտածում, որ բակը, որտեղ ապրում է հարազատ մարդկանցից մեկը, մեխանիկորեն մեզ հարազատ է դառնում: Հարազատ է դառնում նաև փողոցի ծայրին գտնվող չորացած այն ծառը, որի վրա միգուցե Մանեն երբևէ ուշադրություն չէր դարձրել, հարազատ են դառնում այդ բակի բնակիչները, խանութները, տերևները ու նույնիսկ նստարանները: Թանկ ու հարազատ է դառնում ամեն բան, որպես նրան զգալու միակ, հուսահատ, վերջին միջոց:
-Պապ, մենք իրենց տուն հաճա՞ խ էինք գնում:
- Բալես, ոչ այնքան, բայց իրենց դռան դիմացի ծաղկամանը շատ լավ եմ հիշում, ինչ-որ տարօրինակ բույս էր, բայց մամադ շատ էր հավանել…

khachikgrigoryan

Ես գալու եմ

Ես շատ եմ փախչել իմ տնից ու առանց մի վայրկյան մտածելու՝ ինձ քո գիրկը նետել: Շատ ժամանակ մոլորվել եմ քո գրկում և գտել ինքս ինձ, մնացել տաքո՜ւկ, թաքուն անկյուններումդ, որ փնտրեն ու չգտնեն ինձ:

Մայրս, որ ապտակ էր ինձ հասցնում, ես քո մոտ էի վազում, գլուխս ուսիդ դնում ու դու դառնում էիր ինձ միակ լսողը:

Իմ անթառամ գյուղ, իմ քաղցրահամ Զանգու, անխռով թթենի։ Ես ձեզանից շատ հեռու եմ գնացել, հեռացել եմ, ու երբ քաղաքում վիրավորվում եմ, խնդիրներ եմ ունենում, կարոտում եմ այն ապտակը, որ քեզ մոտ էր ինձ ուղարկում։

Կյաժն այդտե՞ղ է, նորից կքանստա՞ծ է էլեկտրասյան տակ:

Գիտե՞ս՝ ես ամեն առավոտ քեզ «բարևելու» ձև եմ գտել: Ես քեզ ամեն օր, առավոտյան ութն անց քսանհինգ բարև եմ ուղարկում: Կանգառում, երբ իմ ավտոբուսից շուտ երեսուներեք համարի երթուղայինն է գալիս, ես փայլող աչքերով անիվներին եմ նայում ու ասում. «Երբ անցնես կամրջի վրայով ու մտնես իմ գյուղ, առաջինը կողջունես իմ դպրոցին, ապա կտեսնես՝ արդյո՞ք տիկին Նվարդը նայում է իր կրպակի փոքր պատուհանից։ Թե նայելիս լինի, կփոխանցես, որ այն երկու հարյուր դրամը անպայման մի օր կվերադարձնեմ: Երբ հասնես փողոցի այն մասը, որտեղից տունս է երևում, կլռես, ու միայն ես ու նա կհասկանանք այդ լռությունը»։

Անի՜վ, դանդաղ կպտտվես, շա՜տ դանդաղ, որովհետև ես քո վրա իմ աչքն ու հոգին եմ դնում:

Զանգվի ափին նստած, ուռկանը ձեռքին՝ հորեղբայրս հաճախ է ձուկ որսում: Ամեն առավոտ ես թաքուն գնում եմ նրա հետևից: Նա, երբ վերջացնում էր ձկնորսությունը ու քիչ հեռվում՝ պատնեշի հետևում զգեստափոխվում, ես, ինչքան հնարավոր էր, դույլը գետի մեջ էի դատարկում ու շնչահեղձ լինելով հասնում էի տուն…

Հիմա տեսնես ո՞վ է փրկում ձկներին:

-Բարև ձեզ:

-Ինչպե՞ս թե «բարև ձեզ», չգիտե՞ս քահանային ողջունելու ձևը՝ օրհ-նե-ցեք, Տեր Հայր:

-Ո՜չ, ես գիտե՜մ, ուղղակի ինձ թվաց՝ շտապում եք ու չեք հասցնի գլխիս բամփել։

Այդ ի՜նչ հայացք էր:

Տեր Գրիգորը մեր գյուղի անսահաման բարի քահանան է: Նիհար-միհար մարդ է, վզից էլ մեծ խաչ կախված, որը չի երևում երկար մորուքի տակ մնալու պատճառով:

Մենք մեջտեղում ենք ապրում: Երկու ծայրահեղ, իրար հակառակ մարդկանց մեջտեղում:

Նրանցից մեկը, երկու տարեկանիցս սկսած, մինչև օրս ինչ-որ ջեմով կոնֆետ է տալիս։ Դա մինչև հիմա արտադրվում է, և նա գնում ու տալիս է ինձ… Քաղցր է։

Քաղաքից դու բոլոր եղանակներին մառախուղի մեջ ես ու միայն ուղղությունդ ես նույնը պահում: Գյո՛ւղ, մարդկանց ստիպիր, որ կարոտեն քեզ, որ չապրեն միայն ապրելու համար:

Հա՛, երեխաներին ուշադիր եղիր, որ չմտնեն Անժիկի այգի՝ ցոգոլ գողանալու, հետևանքներին ծանոթ եմ:

Ես հիմա քո ուսի կարիքը ունեմ, գյո՛ւղ, մորս սթափեցնող ապտակի կարիքը ունեմ։ Չնայած, եթե ապտակ ստանամ էլ, ժամանակ, մեկ է, չեմ ունենալու, որ գամ՝ լաց լինենք:

Կուտակվել եմ…

Ես ամեն օր քեզ էլի կբարևեմ:

Ես չեմ գա, որ կարոտեմ:

Ես սիրում եմ քեզ, իմ մանկության, պահմտոցիի հազար ծակ ու ծուկերով գյուղ։

arpineMikayelyan

Կասեմ հենց այսօր

-Արփ, ինչքա՜ն նման ես մամայիդ,- ասում է ցանկացած ոք, երբ տեսնում է ինձ։

-Հա՜, գիտեմ,- հպարտորեն ասում եմ ես։

Երևի իմ ամենասիրելի արտահայտություններից մեկն է սա. որ շատ նման եմ մայրիկիս ամեն ինչով. և՛ տեսքով, և՛ բնավորությամբ, և՛ սովորելով (չնայած մայրս ավելի աշխատասեր է)։ Մենք նման ենք նաև ճաշակով ու մտածելակերպով:

Բայց ես չեմ խոսելու իմ մասին, որովհետև այսօր մայրիկիս օրն է։

Շատ տարիներ առաջ, ձմեռային այս ցուրտ օրը ջերմացել է, լուսավորվել ու իմաստավորվել: Գիտե՞ք ինչու, որովհետև մայրս ունակ է մռայլն ու սևը լուսավորել:

Մայրիկիս անունը Շողիկ է` ճիշտ արևի շողի պես, լավագույն անունն իր համար։ Երբ խոսում ես իր հետ, վտահ եղիր, որ երբեք չես ձանձրանա ու ակամայից կժպտաս։

Մայրս շատ լավատես է: Ճիշտն ասած, մեկ-մեկ զարմանում եմ, կամ էլ բարկանում. ինչպե՞ս կարելի է ամեն ինչի մեջ լավը տեսնել: Նույնիսկ եթե ողջ աշխարհը դեմ է որևէ բանի և կարծում է, որ դա վատագույնն է, էստեղ հայտնվում է մայրս ու ասում` ԲԱՅՑ…

Մա՛մ, չեմ ճանաչում քեզ պես համբերատար մարդու, ում հույսը երբեք չի կտրվում, իսկ հավատը երբեք չի կորչում: Դու ունակ ես միլիոնավոր խավար կետերի մեջ գտնել այդ մի սպիտակը (անգամ խոշորացույցով):

Ես միշտ փորձում եմ քեզ ուրախացնել ու գիտեմ, որ միշտ չի եղել, երբ ինձ պահել եմ էնպես, ինչպես դու կցանկանայիր տեսնել:

Դու ես ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում պայքարել ու հաղթել, դու ես սովորեցրել սիրել, հարգել ու միշտ ժպտալ, դու ես օգնել քայլել առաջ ու հետ չնայել… Դու պարզապես անփոխարինելի ես։

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ասել այս խոսքերը, բայց հիմա կասեմ:

Ես քեզ շատ եմ սիրում։

«Առաջին անգամ ընտրող» ծրագիրը Վանաձորի 11-րդ ավագ դպրոցում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը: Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 

Ծրագիրը հնարավորություն տվեց դեռահասներին զարգացնելու միմյանց լսելու կարողությունը, խոսքի հմտությունը, հասկանալ, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենք են այս երկրի ներկան և իրենք կարող են փոփոխություններ անել՝ անգամ ընտրություններին մասնակցելով և գիտակցված քվեարկելով: Աշխարհում ամենալավ զգացողություններից է, երբ քո ձայնն ու կարծիքը լսում են։ Կարծում եմ՝ նման ծրագրերը դպրոցում այսօր անհրաժեշտ են, քանի որ նրանք հնարավորություն են տալիս զգալ այդ ամենը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:

«Մանանան» հյուր է «Շողին»

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դեկտեմբերի 12-ին «Մանանա» կենտրոնի թիմը հանդիպում ունեցավ «Շող» ցերեկային կենտրոնի երեխաների հետ։ Հյուրընկալվեցինք հենց «Շող»-ում, ու հետաքրքիր հանդիպում ունեցանք 10-14 տարեկանների հետ, զրուցեցինք, ցուցադրեցինք «Մանանայի» ֆիլմերից։ Մեր ծանոթությունը կենտրոնի հետ սկսվեց փոքրիկ զբոսանքով՝ շենքի ներսում։ Բոլոր պատերը ծածկված էին երեխաների նկարած նկարներով, նրանց ձեռքի աշխատանքներով։ Տպավորիչ էր տեսնել, թե ինչքան լավ կարող են նկարել 5-14 տարեկան երեխաները։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Պատիվ ունեցանք նաև տեսնելու երեխաների պարը։ Կենտրոնում գործում է նաև ազգային պարի խմբակ, որը մեզ մի քանի խրոխտ ազգագրական պար ցույց տվեց։ Կենտրոնի մասին այլ հետաքրքիր բաներ էլ իմացանք կենտրոնի համակարգող Նաիրա Քերոբյանից, ով սիրով մեզ ուղեկցեց և ներկայացրեց «Շողը»։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Շող» ցերեկային կենտրոնը գործում է դպրոցահասակ երեխաների (5-14 տարեկան) համար։ Այստեղ դպրոցից հետո հավաքվում են սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաներ, հաճախում են տարբեր խմբակների, դասապատրաստում են անում։ Ծնողները վստահ են, որ իրենց երեխան ապահով ձեռքերում է, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց աշխատելու այդ ժամերի ընթացքում։ «Շող» կենտրոնները հինգն են՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ասկերանում և Շուշիում։ Երևանի «Շող» հաճախում է 76 երեխա։ Այստեղ աշխատում են 19 տարբեր մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ։ Մեր այցի ընթացքում տեսանք նաև հոգեբանի սենյակը։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այստեղ հոգեբանները աշխատում են երեխաների հետ տարբեր թերապիաների միջոցով՝ խաղաթերապիա, ավազաթերապիա, հեքիաթաթերապիա։ Այս թերապիաների արդյունքում հոգեբանը կարողանում է աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես։ Կենտրոնում դասապատրաստում իրականացնում են հիմնականում օտար լեզու, հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից։ Ինչպես նշեցի, գործում են նաև արտադասարանական խմբակներ՝ ազգային պար, սպորտ, նկարչություն, ձեռարվեստ։ Երեխաները հաճախում են կենտրոն մինչև 14 տարեկանը, բայց խմբակների հաճախող երեխաների հետ կապը չեն խզում։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

14-ից հետո էլ երեխաները շարունակում են հաճախել պարի, այլ խմբակների։ Հատկապես, ինչպես նաև մենք տեսանք, պարի խմբակում շատ էին տղաները։ Նրանց շատ են սիրում զբաղվել պարով, սպորտով, ու հատկապես, պարապել ու լավ մարզավիճակ ձեռք բերել բանակ գնալուց առաջ։ Կենտրոնի տարբեր սենյակներում նաև աննկատ չէին մնում այլ խմբակների արդյունքները՝ նկարները, կոլաժները, ձեռքով պատրաստված տարբեր իրերն ու զարդարանքները։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե, իսկ մենք ֆիլմեր էինք պատրաստել երեխաների համար։ Դիտեցինք երեխաների իրավունքների մասին կարճ ֆիլմերի ֆիլմաշարը։ Ամեն ֆիլմից հետո քննարկում էինք, թե ինչի մասին էր այն, և երեխաները  շատ արագ ասում էին, թե կոնկրետ որ իրավունքն էր պատկերված ֆիլմում։ Ու միշտ էլ ճիշտ էին կռահում։

Ներկայացրինք նաև «Մանանան», 17․am-ը։ Պատմեցինք, որ «Մանանայում» իրենց հասակակից երեխաներն են գրում, լուսանկարում ու ֆիլմեր նկարում։ Հենց կարճ ֆիլմերն էլ, որոնք իրենք դիտում էին, նկարել էին իրենց հասակակիցները՝ տարբեր տարիների: Մենք երեխաներին նվիրեցինք նաև «Խաբարբզիկի» տարբեր համարներ, որպեսզի կարդան իրենց հասակակիցների նյութերը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երեխաների ակտիվությունից ու հետաքրքրված հայացքներից կարող ենք ենթադրել ու անհամբերությամբ սպասել, որ շուտով 17-ցիների շարքերը համալրվելու են նոր թղթակիցներով։