Ազատ տարածք խորագրի արխիվներ

lilit khlghatyan portret

Երեխաների տոնն ամեն օր

Շատ հաճախ պետք չէ պլաններ կազմել ժամանակից շուտ, ամեն ինչ պետք է թողնել` ժամանակի ձեռքերում:

Ահա հենց այսպես էլ հունիս 1-ից մի քանի օր առաջ, մեր հարևանները որոշել էին փոքրիկ խնջույք կազմակերպել և նշել երեխաների պաշտպանության միջազգային օրը: Պլանները կազմվեցին, ամեն ինչ արվեց, բայց հունիսի 1-ին ոչ-մի խնջույք չեղավ` հարևաններից մեկի բացակայության պատճառով: Այսպես օրերը ձգվեցին մինչև հունիսի 6-ը:

Ահա եկավ հունիսի 6-ը, այս անգամ հաստատ անելու էինք մեր մտածածը, միասին 20-ից ավելի երեխաներ կային, ինձ էլ եմ հաշվում: Հավաքվել էինք, մեկ էլ եկավ մեր հարևաններից մեկը իր 4 տարեկան որդու հետ` տղայի անունը Աշոտիկ է: Աշոտիկի աչքերը կարմրած էին, և այդ պահին էլ լաց էր լինում:

Մայրիկս հաարցրեց.

-Հիվա՞նդ ա:

-ՉԷ, երեկ բարեկամներից մեկի տանն էինք, այդ տան երեխեքը իրենց պապայի հետ խաղում էին, ուրախանում, Աշոտիկն էլ տեսավ ու երեկվանից պապային ա ուզում ու լացում:

-Լիլիթի գրած կարոտի թևերն ա, էլի:

-Հա, դե արի ու բացատրի՝ էս ամառնոցով, որտեղի՞ց պապա բերեմ:

Մեր խնջույքի միակ տխուր դեպքը սա էր, մեկ էլ մի քիչ Արեգը նվնվաց: Նա ընդհանրապես չի սիրում բարձր ձայներ, մարդաշատ վայրեր: Դրա համար միշտ առաձնանում էր մեզանից` խատուտիկ քաղում ու փչում:

Մի լավ ուրախացանք, հաց կերանք ու միայն մի խնդրանք ասացի.

-Վերջում աղբը հավաքենք ու չթափենք անտառում:

-Հա Լիլ, տես, արդեն հավաքեցինք, որ հոդված գրես՝ չմոռանաս նշել, որ մեր հետևից հավաքել ենք:

-Հա, անպայման, բայց որ հակառակն էլ լիներ, գրելու էի, չէի թաքցնի:

Վերջում էլ բարի ճանապարհ մաղթեցինք մեր հարևան Ռուզանին և իր երեխաներն: Նրանք մի քանի օրից գնալու էին Մոսկվա« Բայց լավն այն է, որ գնալու են հայրիկի մոտ՝ հետ վերադառնալու նպատակով:

Այդքան էլ էական չէ, թե որ օրը կնշես երեխաների տոնը: Յուրաքանչյուր օրը պետք է նվիրել երեխային: Ժպիտ պարգևել է պետք նրանց, լցնել օրերը ուրախությամբ և այնպես անել, որ նա չզգա հոր բացակայությունը, մինչև նա վերադառնա:

Seroj araqelyan

Ավտոստոպով՝ Բաղանիսից Նոյեմբերյան

Օրը ամպամած էր, հաստատ անձրև էր գալու: Ճիշտ է, ես սիրում եմ մուգ ամպերը, բայց այդ օրը անձրևը բոլորովին անտեղի կլիներ: Պետք է գյուղից դուրս գնայի՝ Նոյեմբերյան: Մի խոսքով, չձգձգեմ: Ճանապարհին սպասում էի, որպեսզի հարմար մեքենա անցնելիս կանգնեցնեմ: Ինձ հետ էր նաև համադասարանցիս՝ Արմանը: Դե բնականաբար, հասկացաք՝ ինչու չէի ուզում, որպեսզի ամպամած լիներ: 15 րոպե կանգնելուց հետո հեռվում տեսա մոտեցող մեքենա, սպասում էի, որ մոտենա՝ փորձեմ կանգնեցնել: Հենց այդ պահին զանգեցին, մինչ պատասխանում էի, մեքենան անցավ մեր կողքով:
Հա, դե լավ ոչինչ, հո էդ մեկով չի՞ որոշվում՝ մեքենա կգա էլի: Դե, Բաղանիսի միջով է անցնում հայ-վրացական ավտոմայրուղին: Մեքենա եկավ, չէ, ավելի ճիշտ, մեքենաներ: Մոտենում էր սև մեքենա, ձեռքս պարզեցի, բայց չկանգնեց, համարանիշները Ռուսաստանի Դաշնությանն էր, հասկանալի է պատճառը: Սև մեքենան անցնելուց անմիջապես հետո անցնում էր նաև մեկ այլ մեքենա, այս անգամ սպիտակ էր: Այնպես արագ ամեն ինչ տեղի ունեցավ, որ անգամ չհասկացա, թե ոնց կանգնեց այդ սպիտակ մեքենան: Ճիշտն ասած, անկախ ինձնից ձեռքս պարզեցի, սև մեքենային կանգնեցնելուց հետո անգամ չհասցրեցի ձեռքս իջեցնեմ, երբ հանդիպեց սպիտակը: Սպիտակ մեքենան կանգնեց, մոտեցա վարորդին, որպեսզի տեսնեմ՝ կարելի՞ է մինչև Նոյեմբերյան իրենց հետ գնալ, թե ոչ: Մոտեցա և տեսնեմ՝ վարորդը կին է: Բարևեցի և խնդրանքս ասացի, բայց մի տեսակ ամաչելով: Մտածեցի՝ նեղություն եմ պատճառելու, բայց այսպես ասած, ամաչելով նստեցի մեքենան: Երբ նստեցի, պարզվեց վարորդը մենակ չէ, երկու աղջիկ էլ կային: Այդ ժամանակ չգիտեի՝ նստեմ թե ոչ: Այդքանով փոքր մեքենայի մեջ մի քիչ շատ է լինում, բայց դե կանգնեցրել էի արդեն: Մեքենան ճանապարհի մեջտեղում էր, պետք էր շուտ նստել ու ազատել ճանապարհը: Նստեցի մեքենան, 15 կմ միասին էինք գնալու: Հաստատ լուռ չէինք նստելու: Ծանոթացանք, մի քանի բառ փոխանակելուց հետո մտերմացանք, ֆեյսբուքյան էջերով փոխանակվեցինք: Զրուցեցինք նաև նմանը չունեցող մեր երեք հոգիանոց վերջին զանգից, ապագա մասնագիտություններից և զրույցի ընթացքով ոլորաններից մեկում երևաց եռագույն քարը: Մեքենան կանգնեցրեցին, և մոտեցանք քարին. մեկ հատ սելֆին չէր խանգարի ճանապարհը շարունակելուն: Արդեն այնքան հաճելի մթնոլորտ էր, որ չէի էլ զգացել երբ տեղ հասանք:

Դրսում ցուրտ և ամպամած էր, բայց մեքենայի մեջ կար մի մեծ ջերմություն, խոսքը մեքենայի վառարանների մասին չէ, այլ նման բարի մարդկանցով շրջապատված լինելու: Ահա և հասանք տեղ: Մեզ ուսման մեջ կանաչ ճանապարհ մաղթեցին՝ ավարտականներիս, իսկ իրենց բարի ճանապարհ, որովհետև գնում էին Վրաստան:

Գործերն ավարտելուց հետո նորից վերադարձանք գյուղ: Գնալու և գալու տարբերությունը շատ մեծ էր, բնականաբար գնալը ավելի հաճելի: Երբ տուն եկա, սկսվեց անձրևը: Մտածեցի՝ ինչ լավ է, որ հանդիպեցին ճանապարհին այդ լավ մարդիկ, թե չէ հաստատ անձրևից կթրջվեինք:

hayk kostandyan

«Սաղ լավ ա էղնելու…»

Ընկերներիցս երկուսի հետ նույն համալսարանում ենք սովորում: Չնայած այն բանին, որ տարբեր բաժիններ ենք ընտրել՝ միշտ օգնում ենք իրար: Ամեն քննությունից առաջ նրանց ասում եմ.

-Սաղ լավ ա էղնելու, չմտածեք…

Լսում են ինձ, բայց շարունակում են անհանգստանալ:

Քննությունից մեկ օր առաջ ընկերոջս հետ հեռախոսով էինք խոսում.

-Ախպեր, ո՞նց եմ քննությունս տալու, բան չեմ սովորել:

-Շատ մի մտածի, սաղ լավ ա էղնելու, մինչև քնելդ մի երկու բան կարդա:

-Կարդըմ եմ՝ բան չեմ կարըմ հիշեմ։ Բանակից առաջ ոնց որ գուբկա էղնեի՝ ինչ կարդըմ էի, սաղ քաշըմ էի ուղեղիս մեջ:

-Էսա ֆեյսբուքով վիդեո կուղարկեմ հիշողությունը լավացնելու համար:

-Ուղարկի, նայեմ տենամ՝ կօգնի՞:

-Դե, էսա ուղարկեմ, դու նայի ու էդքան մի մտածի, սաղ լավ ա էղնելու…

Հաջորդ օրը քննությունից հետո հանդիպեցինք, ու առանց բարևելու միանգամից հարցրեցի.

-Հը՞, ի՞նչ ստացար:

-Չորս ա դրել:

-Բա որ ասում էի՝ սաղ լավ ա էղնելու:

Ու ընկերս, համաձայն իր բնավորության, սկսեց.

-Բանակից առաջ իմ նման սովորող չկար, կարաս՝ տղերքին հարցնես:

-Հա, գիտեմ, ասել ես մի հազար անգամ (ամենաքիչը): Ասում եմ՝ տենց էլ չսովորեցիր էլի ինձ լսելը:

-Այսի՞նքն:

-Սաղ լավ ա էղնելու…

Anushik Mkrtchyan

Քամու բերած նամակը

Երբ փոքր էի, շատ բաների վրա էի ուրախանում: Դրանցից մեկը խատուտիկ էր: Երբ տեսնում էի խատուտիկի բմբուլը օդում, ասում էի, որ ինչ-որ մեկն ինձ նամակ է ուղարկել: Խատուտիկն օդում ճախրում էր, իսկ ես փորձում էի բռնել և տալիս էի մեկի անունը և փչելով հետ ուղարկում: Մտածում էի, որ նամակս կհասնի հասցեատիրոջը: Ես հավատում էի, որ բամբակի նման թեթև իմ փետուրը քամին ուր ասես, կարող է տանել:

Երբ տալիս էի մեկի անունը և ուղարկում, նայում էի, թե ինչպես է խատուտիկս օդ բարձրանում ու քամու թևին պարելով հետզհետե հեռանում ինձնից: Մտածում էի, որ եթե այդպես բարձրանում է օդ ու հեռանում, ուրեմն հաստատ գնում է հասցեատիրոջ մոտ:

Քիչ առաջ խատուտիկի մի փոքրիկ փետուր դիմացովս անցավ: Երբ քամին քիչ մեղմացավ, այն դանդաղ իջավ ներքև: Ես էլ ձեռքս պարզեցի, և խատուտիկն ընկավ ուղիղ ափիս մեջ: Խատուտիկ, քեզ նորից ուղարկե՞մ հեռու երկրներ: Ափիս մեջ պահած նայում էի, հանկարծ առաջվա պես պինդ հավատացի, որ գնալու է, իմ նամակը տեղ է հասցնելու… Ծնողներիս անունը տվեցի, «նամակս» շշնջացի նրան:

Խատուտիկների փետուրները՝ սերմերը, տարածվում են հունիս ամսվա սկզբներին: Հիմա ճիշտ ժամանակն է «նամակներ» ուղարկելու:

anna gasparyan aragats

Սարերում

Ուզում եմ ձեզ մի բան պատմել մանկությունիցս: Երբ փոքր էի, 4-5-րդ դասարան, ատում էի ամեն մի օրս, ատում էի, որ գալիս էին ամառային արձակուրդները: Հիմա կմտածեք, թե ինչու, չէ որ բոլոր երեխաներն անհամբեր սպասում են արձակուրդներին:

Երբ փոքր էի, ամառային արձակուրդների սկսվելուն պես ես, եղբայրս, հորեղբորս երեխաները տատիկիս և պապիկիս հետ բարձրանում էինք սար`այնտեղ մնալու: Երեք ամիս մնում էինք սարերում, պահում էինք անասուններին`կովերի, ոչխարների:

Մեր օրը սկսվում էր այսպես: Առավոտյան արթնանում էինք ժամը 6-ին: Տատիկս և պապիկս գնում էին գոմ, որպեսզի տատիկս կթի կովերին, իսկ պապիկս էլ կովերին տանի սարը արածեցնելու, հետո կթում էր ոչխարներին, ոչխարներին էլ եզդի հովիվներն էին տանում ավելի բարձր սարը և իրիկունը բերում: Իսկ մենք խաղում էինք և օգնում նրանց: Ի դեպ, այդ երեք ամիսներին մենք մնում էինք վրանի մեջ:

Հետաքրքիր է, չէ՞: Այո’, իհարկե, կարդացողի համար ամեն ինչ հետաքրքիր է ու հեշտ, իսկ այդ ամենը ապրողի համար ուղղակի տառապանք ու չարչարանք: Մի հետաքրքիր քար կար այնտեղ: Մենք նստում էինք այդ քարի վրա և սահում`խաղում էինք, խաղում, որ այդ օրերը շուտ անցնեն: Այնտեղ կար մի լքված ավտոբուս: Ավտոբուսի մեջ էլ խաղում էինք տուն-տունիկ: Երբ գալիս էր օգոստոս ամիսը, մենք երեխաներով իջնում էինք սարից, որ պատրաստվենք դպրոց գնալուն:
Սեպտեմբերի 1-ին դասղեկս երեխաներին հարցնում էր, թե ինչպես ենք անցկացրել մեր ամառային արձակուրդները: Բոլորը պատմում էին, թե ինչ են արել, ինչով են զբաղվել, ուրախ-ուրախ պատմում էին, թե ուր են գնացել հանգստանալու, իսկ ես լուռ նստում էի: Ուսուցչուհիս  հասկացել էր, որ ես ոչ մի տեղ էլ չեմ գնացել հանգստանալու, այլ գնացել եմ սար՝ օգնելու տատիկիս ու պապիկիս: Ուսուցչուհիս բոլորին լռեցրեց, և ինձ կանչեց իր մոտ: Անկեղծ ասած, մի պահ զարմացա, բայց գնացի կանգնեցի ուսուցչուհուս կողքին: Ուսուցչուհիս ասաց, որ արձակուրդները ամենալավը անցկացրել եմ ես: Ինքս ինձ հարց տվեցի՝ ե՞ս, ինչո՞ւ: Ու շարունակեց՝ ասելով, որ ես գնացել եմ սար, ուր կար մաքուր օդ է, բնություն, օգնել եմ ընտանիքիս անդամներին: Այդ ամենը ասում էր, որ ես ինձ վատ չզգամ, դա ես հասկանում էի և լուռ լսում: Ուսուցչուհիս վերջացրեց և գնաց: Դասընկերներս մոտեցան ինձ և սկսեցին հարցեր տալ: Ես պատմեցի ամեն ինչ, ինչ կատարվել էր սարերում: Պատմելիս ինքս էլ հասկացա, թե ինչ հետաքրքիր էր սարերում:

Հիմա ես չեմ ատում մանկությունս, այլ կարոտում եմ: Կարոտում եմ սարերում անցկացրած ամեն մի օրս: Մեր խաղերը, մեր կատարած ամեն հիմար արարքները: Արդեն 4-5 տարի է, չեմ գնացել սար, չեմ տեսել այն վայրը, որտեղ մնում էինք, այն քարը, որի վրայից սահում էինք, ավտոբուսը, որ մեր տուն-տունիկի թագավորությունն էր…

Հիմա արձակուրդներս այլ կերպ են անցնում, մի տեսակ շրջանակի մեջ… 

Դիլիջանյան էքսկուրսիա

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Վերնագիրը կարդացի՞ք։ Այո, կարծում եմ։ Դե, ուրեմն գիտեք, որ դասարանիս հետ էքսկուրսիա էի գնացել՝ Դիլիջան։ Անկեղծ, ես դրան սպասում էի՝ մի բան տեսնելու համար։ Տեսարան, որտեղ մենք նեղ ճանապարհով գնում ենք, իսկ ճամփի երկու կողմից բարձր ծառեր են։ 2 ժամ ճանապարհից հետո դեռ չէի տեսնում ուզածս։ Չկա՝ չկա։ Քնեցի, մեկ է՝ միայն հեռվում են անտառներ երևում, դա էլ Աղվերանում հասցրել եմ վայելել։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Արթնացա գլխիս ու պատուհանի բախման ձայնից։ …Նեղ ճամփա, անտառ։ Մենք էլ մեջը դխկդխկալով գնում ենք։ Բոլորը հեռախոսները պատուհանների մոտ պահած, լուռ գնում են։ Թե ասա՝ իմաստը ո՞րն ա, հո չե՞ք դնի նայեք՝ ոնց են արագության տակ իրար ծառեր հերթափոխում։ Բայց ինչ-որ կերպ արժեր անմահացնել, ախր Մալիշկայում անտառներ չկան: Ափսոս ուղղաթիռով չէինք, է…

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Տավուշից ու Գեղարքունիքից (ճամփան Գեղարքունիքով է անցնում) մի բան տպավորվեց մեջս. ամպեր, կարծես վերմակի պես սարերի վրա գցած ամպեր։ Ու մի քիչ էլ անտառը, Պարզ լիճը, Հաղարծինի վանական համալիրից բացվող տեսարանը: Լավ օր էր։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

 

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

 

Մի մրցանակի պատմություն

Ես շատ լավ գիտեի այն խոսքը, որը ասում էր. որքան շատ է զգացածը, այնքան նոսր են բառերը: Հետևաբար այդ մասին գրեցի դրանից մի քանի օր անց: Խոսքս հունիսի 1-ին ՀՀ Փաստաբանների պալատում անցկացրած օրվա մասին է: Շատերս էլ 17.am-ում տեղադրված մրցույթի մասին հայտարարությունը հաստատ կարդացել ենք: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր վստահ էին, որ կարող են հաղթել, բայց միևնույն է, չփորձեցին: Եղան նաև այնպիսիները, ովքեր որոշեցին, որ ժամանակ չունեն, եղան նաև այնպիսիները, ովքեր միգուցե չհասցրին մասնակցել, բայց եղան նաև նրանք, ովքեր հենց սկզբից էլ հաստատ գիտեին, որ մասնակցելու են: Ես թերևս սրանցից ոչ մեկի մեջ էլ չէի մտնում: Ինչո՞ւ: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ բնավորության տեր եմ, ուստի երբեք իմ մասին հաստատ ոչինչ չեն ասում:

Մրցույթի վերջնաժամկետը մայիսի 28-ին էր: Օրերը անցնում էին: Հերթական մայրամուտն էր, ու ես նստելով մի հին նստարանի` հետևում էի երեխաների ուրախ խաղին: Հենց այդ ժամանակ էլ հաստատ որոշեցի մրցույթի համար մի բան գրել ու մտածեցի, որ ինչպես միշտ, ես դա կանեմ կեսգիշերին: Վեր կացա ու արագ հասա տուն: Ինձ համար ոչինչ կարևոր չէր. ես պետք է գրեի, ու դա հաստատ էր: Ճիշտ է, ամեն բան այնքան էլ հեշտ չէր. սցենարի վրա նկարահանվող ֆիլմը պետք է տևեր մեկ րոպե և արտահայտեր երեխայի որևէ իրավունք: Բայց ես որոշել էի գրել, ու դժվարությունը ինձ համար նշանակություն չուներ: Այն ամենը, ինչ գրել էի, ուղարկեցի, ու հենց այդ պահին մի բեռ ասես ընկավ ուսերիցս, ինչպես հիմա սա գրելուց է ընկնում:

Եվ ահա երկու օր հետո նամակ ստացա ու ամենաերջանիկ մարդու դեմքի արտահայտությամբ հունիսի մեկին գնացի Երևան `իմ մրցանակը վերցնելու: Չէի սպասում նաև, որ սցենարի մրցույթում կգրավեմ առաջին տեղը: Հիշում եմ, թե ինչպես 12 տարեկանում գրեցի սարսափ ֆիլմի սցենար, և որոշեցինք թաղամասի երեխաներով ֆիլմ նկարահանել: Ես երազում էի այն մասին, որ իմ սցենարի հիման վրա ֆիլմ կնկարահանվի: Մեր որոշածը չստացվեց, բայց ես դեռ պահում եմ այն հին տետրը, որի մեջ ես առաջին փորձերս արեցի: Տարիների ընթացքում իմ երազանքը ու ցանկությունը էլ ավելի մեծացավ: Չէի սպասում, որ ինձ հնարավորություն կընձեռվի սցենար գրելով փորձել ուժերս:

Երբ մարդուն ասում ես, որ դու հենց նոր շահեցիր հսկայական գումար, ասում է, որ չէր կարող իր հետ նման բան տեղի ունենալ:
Բայց հիմա ես կարող եմ ասել, որ ինձ հետ նման բան կարող էր տեղի ունենալ, և ես դրա համար շատ ուրախ եմ:

«Ազիզ, լա դենը» իմ նոթբուքից

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Մեր օրերում երիտասարդների նոթբուքների կարևորագույն մասն են կազմում սթիքերները: Դե, նորաձև է, և ասես սթիքերով կարելի է նաև տարբերվել: Կարծես թե միմյանց հետ մրցեն, թե ում համակարգչի սթիքերն ավելի հետաքրքիր ու սրամիտ կլինի: «Սթիքերային շուկայում» իրենց յուրահատուկ տեղն ունեն վանաձորյան սթիքերները:

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Այդ սթիքերների, նրանց ստեղծման գաղափարների ու ապագա պլանների մասին զրուցեցի Stickerburg-ի հիմադիրներից մեկի՝ Արամ Քարաջայանի հետ։

-Նախ, սկսեմ նրանից, թե ինչպես առաջացավ այն միտքը, որ պետք է ստեղծենք վանաձորյան բարբառով սթիքերներ: Հայաստանում արդեն տարածվել էր «Ազիզ լա դեն» արտահայտությունը, իսկ մենք մտածեցինք մի քիչ սիրունացնենք: Հենց առաջինն էլ եղավ «Ազիզ լա դեն»-ը, որից հետո դրանց շարքին ավելացավ «Ըլարում եմ», «Ես քեզ սիրԸմ եմ», «Ազիզ լա գրկի ինձ» և Լոռվա մարզի մուտքին գրված և այդքան հայտնի «Դբա լավը» արտահայտությունը:

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Առաջին քայլերն արեցինք Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում իրականացվող միջոցառումներից մեկի ժամանակ, երբ սթիքերները բաժանեցինք երիտասարդներին: Դրանք շատ արագ վերջացան, սակայն ցանկացողները դեռ շատ էին: Դա էլ պատճառ դարձավ հետագայում շարունակել տպագրությունը: Սոցհարթակում հայտնվելուց հետո ճանաչվեցինք ողջ Հայաստանում և սկսեցինք բացի վանաձորյան բարբառից ստեղծել այլ հետաքրքիր բովանդակությամբ սթիքերներ, որոնք այսօր սիրված են երիտասարդների կողմից: Մեր սպառողը հիմնականում 15-26 տարեկաններն են:

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Stickerburg-ի ֆեյսբուքյան էջից

Դե ինչ, շնորհակալություն հայտնենք Stickerburg-ին և «Սթիքերային շուկայի» մյուս կազմակերպություններին՝ մեր նոթբուքերը գեղեցկացնելու համար:

Արագիլները

Լուսանկարը՝ Սեդրակ Սեդրակյանի

Պապիկս ականատես է եղել մի շատ ցավալի դեպքի և իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

Ինձ շատ է հուզել պապիկիս պատմությունը, ուստի որոշեցի 17-ի ընթերցողներին ներկայացնել պապիկիս գրառումը:

«Փոքր ժամանակ ես կարդացի մի պատմություն, թե ինչպես է արագիլը իր ձագերին պաշտպանելու համար նետվում կրակի մեջ և այրվում իր ձագերի հետ միասին։ Սա ինձ մի ուռճացված պատմություն էր թվում, մինչև որ ինքս ականատես եղա հենց նման մի դեպքի:
Սկսեմ ամենասկզբից։ Մեր գյուղում շատ արագիլներ կան, և ամեն անգամ դրանց մոտով անցնելիս նկատելի էր նրանց հոգատարությունը թե՛ միմյանց, և թե՛ իրենց դեռ նոր սկսվող ընտանիքի հանդեպ։ Զույգերը միասին էին հոգ անում բույն պատրաստելու համար և հերթով նստում էին ձվերի վրա ու համբերատար սպասում ապագա ճուտիկների լույս աշխարհ գալուն։ Նրանք իրենք էին իրենց տան կենդանի կտուրը։ Նրանք և՛ գիշեր, և՛ ցերեկ անդադար հսկում էին ձվերը՝ իրենց թևերով ծածկելով ու պաշտպանելով քամուց, ցրտից, անձրևից և նույնիսկ կարկուտից։

Ծնվեցին ցանկալի ձագերը, և հիմա էլ նրանցից մեկը մնում էր ձագերի մոտ, իսկ մյուսը գնում կեր փնտրելու։ Այսպես ձագերը բավականին մեծացան, բայց դեռ թռչել չէին կարողանում, մինչև որ կատարվեց ամենասարսափելին։
Երեկ երեկոյան ուժեղ քամի էր, և հանկարծ լույսերը մարեցին։ Ինձ հետաքրքրում էր վթարի պատճառը, և դուրս եկա փողոց։ Մթության մեջ, հեռվում հրդեհ նկատեցի և իմ քայլերն արագ ուղղեցի դեպի օդի մեջ երևացող կրակը։ Վառվում էր արագիլի բույնը։ Պատճառն արդեն հասկանալի էր։ Արագիլի բույնը գտնվում էր էլեկտրասյան կատարին։ Կարճ միացումից հրդեհ էր բռնկվել, և վառվում էր չոր ցախերից հյուսված արագիլի միակ ապաստանը։ Կրակը շատ էր ուժգնացել, և այնտեղ հավաքված համագյուղացիները ամեն ինչ անում էին կրակը մարելու համար, քանի որ տեսնում էին մոր թևերի տակ կուչ եկած, կրակի մեջ այրվող ձագերին։ Տասը մետր բարձրության վրա դույլերով կրակ մարելը այնքան էլ հեշտ գործ չէր, մանավանդ գիշերով՝ մթության մեջ, ու նաև այն, որ ջուր ձեռք բերելու համար հոսանք էր անհրաժեշտ, որը նույնպես չկար։ Բայց արագիլներին փրկելու պայքարը չէր դադարում։ Արագիլների մայրը ոչ մի վայրկյան չէր լքում ձագերին և իր թևերով ծածկած այրվում էր իր ձագերի հետ միասին։ Վերջապես դեպքին մասնակցություն ունեցավ մի նախնադարյան, հնամաշ հրշեջ մեքենա։ Արագիլի բույնը կրակախառը փլուզվեց ներքև։ Եվ դրանից հետո միայն, այրված ոտքերով ու իրանով մայր արագիլը թռչեց վեր և անդադար պտտվում էր հեռագրասյան շուրջը՝ գուցե անհանգստանալով իր երկու ձագուկների ճակատագրով, որոնք ցավոք արդեն սատկել էին։ Թե ինչ եղավ այրված ոտքերով մայր արագիլի հետ՝ էլ չիմացա, քանի որ շատ մութ էր, բայց մի բան հասկացա, թե ինչ մեծ սեր ու նվիրում կար այդ թռչնակի սրտում, որը մինչ վերջին վայրկյանը, այրվում էր իր ձագերի հետ միասին։ Ակմայից խորհում էի, թե որքան մարդիկ կան աշխարհում, որ մի արագիլի սիրտ ու նվիրում էլ չունեն»:

Սեդրակ Սեդրակյան