Օրը ամպամած էր, հաստատ անձրև էր գալու: Ճիշտ է, ես սիրում եմ մուգ ամպերը, բայց այդ օրը անձրևը բոլորովին անտեղի կլիներ: Պետք է գյուղից դուրս գնայի՝ Նոյեմբերյան: Մի խոսքով, չձգձգեմ: Ճանապարհին սպասում էի, որպեսզի հարմար մեքենա անցնելիս կանգնեցնեմ: Ինձ հետ էր նաև համադասարանցիս՝ Արմանը: Դե բնականաբար, հասկացաք՝ ինչու չէի ուզում, որպեսզի ամպամած լիներ: 15 րոպե կանգնելուց հետո հեռվում տեսա մոտեցող մեքենա, սպասում էի, որ մոտենա՝ փորձեմ կանգնեցնել: Հենց այդ պահին զանգեցին, մինչ պատասխանում էի, մեքենան անցավ մեր կողքով:
Հա, դե լավ ոչինչ, հո էդ մեկով չի՞ որոշվում՝ մեքենա կգա էլի: Դե, Բաղանիսի միջով է անցնում հայ-վրացական ավտոմայրուղին: Մեքենա եկավ, չէ, ավելի ճիշտ, մեքենաներ: Մոտենում էր սև մեքենա, ձեռքս պարզեցի, բայց չկանգնեց, համարանիշները Ռուսաստանի Դաշնությանն էր, հասկանալի է պատճառը: Սև մեքենան անցնելուց անմիջապես հետո անցնում էր նաև մեկ այլ մեքենա, այս անգամ սպիտակ էր: Այնպես արագ ամեն ինչ տեղի ունեցավ, որ անգամ չհասկացա, թե ոնց կանգնեց այդ սպիտակ մեքենան: Ճիշտն ասած, անկախ ինձնից ձեռքս պարզեցի, սև մեքենային կանգնեցնելուց հետո անգամ չհասցրեցի ձեռքս իջեցնեմ, երբ հանդիպեց սպիտակը: Սպիտակ մեքենան կանգնեց, մոտեցա վարորդին, որպեսզի տեսնեմ՝ կարելի՞ է մինչև Նոյեմբերյան իրենց հետ գնալ, թե ոչ: Մոտեցա և տեսնեմ՝ վարորդը կին է: Բարևեցի և խնդրանքս ասացի, բայց մի տեսակ ամաչելով: Մտածեցի՝ նեղություն եմ պատճառելու, բայց այսպես ասած, ամաչելով նստեցի մեքենան: Երբ նստեցի, պարզվեց վարորդը մենակ չէ, երկու աղջիկ էլ կային: Այդ ժամանակ չգիտեի՝ նստեմ թե ոչ: Այդքանով փոքր մեքենայի մեջ մի քիչ շատ է լինում, բայց դե կանգնեցրել էի արդեն: Մեքենան ճանապարհի մեջտեղում էր, պետք էր շուտ նստել ու ազատել ճանապարհը: Նստեցի մեքենան, 15 կմ միասին էինք գնալու: Հաստատ լուռ չէինք նստելու: Ծանոթացանք, մի քանի բառ փոխանակելուց հետո մտերմացանք, ֆեյսբուքյան էջերով փոխանակվեցինք: Զրուցեցինք նաև նմանը չունեցող մեր երեք հոգիանոց վերջին զանգից, ապագա մասնագիտություններից և զրույցի ընթացքով ոլորաններից մեկում երևաց եռագույն քարը: Մեքենան կանգնեցրեցին, և մոտեցանք քարին. մեկ հատ սելֆին չէր խանգարի ճանապարհը շարունակելուն: Արդեն այնքան հաճելի մթնոլորտ էր, որ չէի էլ զգացել երբ տեղ հասանք:
Դրսում ցուրտ և ամպամած էր, բայց մեքենայի մեջ կար մի մեծ ջերմություն, խոսքը մեքենայի վառարանների մասին չէ, այլ նման բարի մարդկանցով շրջապատված լինելու: Ահա և հասանք տեղ: Մեզ ուսման մեջ կանաչ ճանապարհ մաղթեցին՝ ավարտականներիս, իսկ իրենց բարի ճանապարհ, որովհետև գնում էին Վրաստան:
Գործերն ավարտելուց հետո նորից վերադարձանք գյուղ: Գնալու և գալու տարբերությունը շատ մեծ էր, բնականաբար գնալը ավելի հաճելի: Երբ տուն եկա, սկսվեց անձրևը: Մտածեցի՝ ինչ լավ է, որ հանդիպեցին ճանապարհին այդ լավ մարդիկ, թե չէ հաստատ անձրևից կթրջվեինք:






Ես շատ լավ գիտեի այն խոսքը, որը ասում էր. որքան շատ է զգացածը, այնքան նոսր են բառերը: Հետևաբար այդ մասին գրեցի դրանից մի քանի օր անց: Խոսքս հունիսի 1-ին ՀՀ Փաստաբանների պալատում անցկացրած օրվա մասին է: Շատերս էլ 17.am-ում տեղադրված մրցույթի մասին հայտարարությունը հաստատ կարդացել ենք: Իհարկե, եղան մարդիկ, ովքեր վստահ էին, որ կարող են հաղթել, բայց միևնույն է, չփորձեցին: Եղան նաև այնպիսիները, ովքեր որոշեցին, որ ժամանակ չունեն, եղան նաև այնպիսիները, ովքեր միգուցե չհասցրին մասնակցել, բայց եղան նաև նրանք, ովքեր հենց սկզբից էլ հաստատ գիտեին, որ մասնակցելու են: Ես թերևս սրանցից ոչ մեկի մեջ էլ չէի մտնում: Ինչո՞ւ: Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, թե ինչ բնավորության տեր եմ, ուստի երբեք իմ մասին հաստատ ոչինչ չեն ասում:



