Իմ էջը խորագրի արխիվներ

davit aslanyan

Ընտրության հնարավորություն

Այսօր ավագ սերնդից շատ ենք լսում, թե մենք` պատանիներս, ծույլ ենք և մեր առջև նպատակներ չենք դնում: Համամիտ եմ, որ շատ տեղերում պարզապես ծուլություն ենք անում, բայց մյուս կողմից էլ` տեղեկատվությունն ու հնարավորությունները անհամեմատ մեծ են իրենց պատանեկության տարիների համեմատ: Ընտրություն կատարելը դժվար է: Դե, առաջարկն է մեծացել, ու առաջարկը մեծացել է ամեն ինչում:
Եթե մեր ծնողների պատանեկության տարիներին մտածում էին. Մոսկվա, թե Սոչի, այսօր մեզ համար բաց են նաև Լոնդոն, Միլան, Ստոկհոլմ, Նեապոլ և այլ քաղաքներ տանող ճանապարհները:
Եթե այն ժամանակ հնարավորություն ունեիր սովորելու մի երկու լեզու, հիմա կարող ենք ուսումնասիրել ցանկացած լեզու հենց մեր հեռախոսից: Մասնագիտական կրթության առաջարկներն էլ համալսարանների հետ ավելացել են: Մի համալսարան միջազգային դիպլոմ է առաջարկում, մյուսը` պրակտիկա Եվրոպայում, երրորդը` ճանաչված է որպես լավագույն կրթական հաստատություն:
Դե, էլ մասնագիտական առաջարկների մասին չեմ խոսում. ստանալ իրավաբանական կրթություն և ստանալ փաստաբան աշխատելու իրավո՞ւնք, թե՞ հաճախել իրավաբանական դասընթացների ու ստանալ նույն իրավունքը:
Երևի այս բազմազանությունն էլ հաճախ շփոթության պատճառ է դառնում, ու մենք էլ` անփորձ ու հաճախ անվստահ, մինչև մտածում ենք, թե ինչ անել` անելու ժամանակ չի մնում: Միակ բանը, որ պարզ է բոլորիս, այն է, որ պիտի կողմնորոշվենք արագ: Ինչքան արագ` այնքան լավ: Բայց չմոռանանք նաև ճիշտ որոշում ընդունելու մասին: Հաճախ արագությունը հանգեցնում է անփութության:

Դառնալ լրագրո՞ղ, թե` ոչ


Անընդհատ մտածում էի մի կարևոր հարցի շուրջ. ինչ մասնագիտություն ընտրել: Երկու տարի էր, չէի կողմնորոշվում, բայց երկար մտածելուց հետո որոշեցի լրագրող դառնալ: Այդ երկու տարվա ընթացքում ծնողներս ինձ միշտ ասում էին, որ ես արդեն մեծ եմ, պետք է կողմնորոշվեմ և ճիշտ մասնագիտություն ընտրեմ: Ես արդեն որոշել էի և հայտնեցի այդ մասին ծնողներիս: Հայրիկս ինձ միշտ ասում էր, որ ես պետք է կամ բժիշկ դառնամ կամ` ուսուցչուհի, մինչդեռ այդ մասնագիտություններից ոչ մեկը ես չեմ սիրում: Իսկ երբ մայրիկս իմացավ, որ լրագրող եմ ուզում դառնալ, ասաց.

-Աղջիկս, լրագրող դառնալը այդքան էլ հեշտ չէ:

Ես գիտեմ, որ ծնողները երեխայի լավն են ուզում և երբեք նրան վատ խորհուրդ չեն տա, բայց չէ՞ որ ինձ այդ մասնագիտությունն է դուր գալիս: Եվ ես կարծում եմ, որ մարդը հաճույքով է աշխատում, երբ իր սիրած գործն է անում: Մի պահ մտածում էի, որ գուցե այդ մասնագիտությունը ինձ համար չէ, և մի օր հարցրեցի տատիկիս.

-Տատ, քո կարծիքով ինձ համապատասխանո՞ւմ է լրագրողի աշխատանքը:

-Ես կարծում եմ, որ դու ծնվել ես լրագրող դառնալու համար:

Ես ուզում եմ լրագրող դառնալ, որովհետև իմ կարծիքով, այդ մասնագիտությունը ինձ համապատասխանում է, և այդ ոլորտում աշխատելով ես մեծ հաջողություններ կունենամ: Կարծում եմ, որ լրագրողը պետք է ինքնավստահ, անվախ, խելացի, համբերատար լինի և պրպտուն միտք ունենա: Այս հատկանիշներից որոշները ես ունեմ, մի մասն էլ դեռ պետք է ձեռք բերեմ: Ես համոզված եմ, որ դրանք կարող եմ ձեռք բերել աշխատասիրության և համառության շնորհիվ: Եթե լրագրող դառնամ, իմ շրջապատի համար էլ դա օգտակար կլինի: Կաշխատեմ միշտ լուսաբանել այն խնդիրները, որոնք հիմա տեսնում եմ իմ շրջապատում, սակայն այդ մասին ահազանգող չկա: Կգրեմ նաև այն ամեն լավի մասին, որոնց մասին հիմա չգիտես ինչու չեն գրում: Գուցե լավ լուրը չե՞ն համարում կարևոր: Իսկ դրա մարդիկ կյանքին կնայեն ավելի վառ գույներով,և կփոխեմ նրանց վերաբերմունքը կյանքի և միմյանց հանդեպ, կոգեշնչեմ` լավ մարդկանց ու լավ արարքների մասին պատմելով:

Հիշում եմ, երբ փոքր էի մեր հարևան Աղավնի տատիկը միշտ ասում էր.

-Դու որ մեծանաս` լրագրող ես դառնալու, մենք էլ հեռուստացույցով քեզ տեսնելու ենք:


Անկախ բոլոր դժվարություններից մարդ պետք է ամեն ինչ անի իր նպատակին հասնելու համար: Ես հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, կոտրելու եմ բոլոր կարծրատիպերը և լրագրող եմ դառնալու:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Անպետք մտքեր

Ես շատ եմ սիրում մտածել, հատկապես քնելուց առաջ: Այդ ժամանակ գլուխս կյանքի համար կարևոր ոչ մի բանով չի զբաղվում, և այն դատարկ է: Այս դատարկությունը սիրում եմ լցնել տարբեր մտքերով, որոնք կյանքում պետք չեն: Եվ ամեն անգամ, երբ հերթական «փայլուն» գաղափարն է ծնվում, ասում եմ. «Երանի հարցնեին ինձ այս մասին»: Բայց ոչ ոք ինձ չի հարցնում: Կամ էլ հարցնում են, բայց չեն թողնում երկար խոսել, կարծես պատասխանը նրանց չի հետաքրքրում:

Ես մտածում եմ, որ այն մարդիկ, ովքեր երկար ու զարմանալի բաներ են մտածում, բայց չեն կարողանում այդ մասին ուրիշներին պատմել, գրող են դառնում: Նրանք անպետք, բայց հետաքրքիր մտքերը դնում են իր գրածների մեջ: Ես էլ հիմա կգրեմ մի բան, որտեղ կան բաներ, որոնց մասին կուզենայի, որ ինձ հարցնեն կամ իմ մասին հարցեր տան:

Եվ այսպես, իմ պատմվածքի գլխավոր հերոսները՝ Ես-1 և Ես-2:

Սկիզբ չունի:

Միջին մաս՝ երկխոսություն Իմ-1 և Իմ-2-ի միջև:

Երկխոսություն՝

Ես 1-Այսօր շատ լավ օր է խոսելու համար, չե՞ս նկատել:

Ես 2- Ես էլ եմ ուզում խոսել տարբեր բաների մասին:

Ես 1-Իսկ ինչի՞ մասին:

Ես 2- Ուզում եմ խոսել այն բանի մասին, որի մասին կուզենայի, որ ինձ հարցնեն:

Ես 1- Լավ, հիմա կհարցնեմ… Ի՞նչ ես մտածում ամեն ինչ իմանալու մասին:

Ես 2-Բոլորը ամեն ինչ գիտեն, նաև, երբ ոչինչ չգիտեն: Ոչինչ բառը շատ հետաքրքիր իմաստ է արտահայտում: Մի կողմից, այն ոչինչ է, մյուս կողմից՝ բան է, բայց ոչ այն ամենը, որին կարող ենք ասել «ինչ-որ»:

Ես 1-Իսկ քո ասածը վերաբերվում է բոլո՞ր ժխտական բառերին:

Ես 2 -Այո՛: Իսկ հիմա ես քեզ մի բան կհարցնեմ: Իսկ Տաթևիկը, որը մեր մասին գրում է, ի՞նչ է սիրում անել:

Ես 1- Մտածել: Օրինակ՝ հիմա նա մտածում է, որ յուրաքանչյուր մարդ կազմված է երկու եսից՝ երկու փոքր եսից, որոնք իրար հետ խոսում են, օգնում են մարդուն մտածել…

Ես 2 – Իսկ ովքե՞ր են նրանք:

Ես 1-Չհասկացա՞ր, Տաթևիկի երկու փոքր եսերը մե՛նք ենք:

Ես 2- Ես-1-ը և Ես-2-ը նկատի ունե՞ս:

Ես 1- Այո՛:

Ես 2- Իսկ ի՞նչ ես կարծում, Տաթևիկը խոսեցրեց մեզ, որ մենք ասենք իր մտածածնե՞րը:

Ես 1- Այո, իսկ գիտե՞ս, Տաթևիկը ուզում է, որ մենք բոլորին ասենք…

Ես 2- Ես գիտեմ, ինքը արդեն ինձ էլ ասաց, որ ոչ ոք էլ իրեն չհարցրի այս բոլոր բաների մասին:

-Շնորհակալությո՜ւն,- ասացի ես իմ Ես 1-ին և Ես 2-ին, և այս երկխոսությունը վերջացավ:

Բան հասկացա՞ք: Բայց ես ասում էի, չէ՞, որ գիշերային մտքերը ոչ մի բանի պետք չեն:

Իմ առաջին ծանր բաժանումը

Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը…
Վարդգես Պետրոսյան

 

Անցյալ ամառն իմ կյանքի թերևս ամենածանր շրջանն էր, որովհետև մի շաբաթվա ընթացքում ես կորցրեցի միանգամից երկու ինձ շատ հարազատ մարդկանց:

Պապիկիս անունը Գառնիկ էր: Իմ մանկության ամենալավ հիշողությունները կապված են նրա հետ: Նա ինձ հաճախ էր դպրոց տանում, միասին գնում էինք անտառ՝ մոշ կամ մասուր հավաքելու: Մոտ յոթ տարի առաջ պապիկս հիվանդացավ և ընկավ անկողին: Այլևս չէր աշխատում, հազվադեպ էր տանից դուրս գալիս: Տատիկս խնամում էր նրան, խմեցնում անհրաժեշտ դեղերը, և պապիկս քիչ թե շատ ապրում էր, թեև շատ բան չէր հիշում և մեզ էլ դժվարությամբ էր ճանաչում: Ամռանը պապիկիս վիճակը ծանրացավ, և նրան տեղափոխեցին հիվանդանոց: Հիշում եմ նրա վերջին հայացքը, վերջին անգամը, երբ տեսա նրան: Հիշում եմ՝ միանգամից հասկացա, որ մոտ էր այն, ինչից ամենաշատն էի վախենում…Մի քանի օր հետո պապիկս մահացավ, և հօդս ցնդեցին բոլոր այն հույսերը, որ տալիս էին ինձ աննպատակ: Պապիկիս կորուստը առաջին ծանր բաժանումն էր իմ կյանքի, որ հիմա չեմ էլ կարողանում հասկանալ, թե ինչպես կարողացա անցկացնել: Բայց ամեն ինչ դրանով չավարտվեց…

Պապիկիս առողջության վատթարացմանը զուգահեռ հիվանդացավ նաև իմ ամենասիրելի Լուսիկ տատիկը: Նա 89 տարեկան էր, բայց առողջ ու առույգ էր շատ շատերից: Վերջին տարիներին նա գյուղից տեղափոխվել էր մեզ մոտ՝ Երևան: Միշտ ոտքի վրա էր, սիրով զբաղեցնում էր իր փոքր ծոռնիկներին, ինձ էլ տեսնելուն պես ուրախացած ասում էր.

-Իմ Միլե՞նն ես, արի համբուրեմ, էն մի կուռն էլ, հը՞ն, ո՞նց ես:

Ես նստում էի նրա կողքին, երկար զրուցում հետը, ափիս մեջ էի առնում նրա կնճռոտ ձեռքերը և դրանց մեջ զգում էի տարիների ներկայությունը: Ամռանը, երբ տատիկս շատ հանկարծակի անկողին ընկավ, սկսեց լավ չսնվել, ուժասպառ եղավ, դարձավ լրիվ ուրիշ մարդ: Վերջին օրերին միայն ջուր էր խմում, շատ քիչ էր խոսում մեզ հետ, շարունակ քնում էր: Այդպես նա երկար չդիմացավ և մահացավ սովորական մի առավոտ՝ պապիկիս մահվանից ճիշտ 7 օր հետո:

Հիմա ինձ համար աննկարագրելի դժվար է հիշել և գրել այն ամենը, ինչ ես ապրեցի այդ օրերի ընթացքում: Կասեմ միայն, որ անչափ կարոտում եմ տատիկիս էլ, պապիկիս էլ, և դեռևս չեմ կարողանում ընտելանալ կյանքիս ամենածանր բաժանման հետ, որը ինձ ստիպեց էլ ավելի չսիրել ամառը և մեկընդմիշտ զգալ այն մարդկանց բացակայությունը, ովքեր անսահման թանկ են ինձ համար…

ani jilavyan

Ինչ են սիրում աղջիկները

Իմ կարծիքով, բոլոր աղջիկները շատ են սիրում նորաձև հագուստներ: Իհարկե, յուրաքանչյուրն ունի իր ոճը, հետևում է իրեն դուր եկող նորաձևությանը և փորձում տարբերվել հենց դրանով: Այս ժամանակների նորաձևության նմուշների մեջ, գրեթե բոլոր ոճի հագուստների վրա հաճախ են հանդիպում այնպիսի կոճակներ, որոնք չեն արձակվում, գրպաններ, որոնք միայն արտաքինից են գրպաններ, և նրանց մեջ ոչինչ դնել չի լինի ու  շատ այլ աքսեսուարի դեր կատարող բաներով, որը աղջիկներին շատ է դուր գալիս: Բացի հագուստի վրայի աքսեսուարներից, աղջիկները շատ են սիրում կրել աքսեսուարներ հենց իրենց վրա:

Ներկայումս վզնոցների, մատանիների, ականջօղերի և թևնոցների հետ միասին աքսեսուարների շարքին են դասվում ոչ օպտիկական ակնոցները, ժամացույցները և հեռախոսների պատյանները:

Աղջիկներից շատերը կրում են ակնոց` չունենալով տեսողության խնդիր: Երբ նայում եմ նրանց գունավոր և վրան տարբեր բաներ կպցրած ակնոցներին ու հարցնում` կարճատե՞ս է, թե՞ հեռատես, նրանց մի մասը ժպիտով պատասխանում է.

-Շատ էլ նորմալատես եմ:

Որոշները կատակում են, ասելով.

-Ուղղակի սրանով բոլորդ ժպտում եք,- կամ,- բոլորիդ ծիծաղելի է ցույց տալիս: Ուրիշներն էլ ասում են.

-Ոչ էն, ոչ էլ են, էս սիրունության համար ա, սազում ա, չէ՞:

Այդ ժամանակ սկսում եմ մտածել, որ եղել են ժամանակներ, երբ մարդիկ՝ մեծ մասամբ աղջիկները, ամաչել են ակնոց կրելուց, անգամ անհրաժեշտության դեպքում չեն դրել, վախենալով, որ իրենց վրա կծիծաղեն կամ կծաղրեն «չորսաչքանի» կամ նմանատիպ մականուններով, գուցե ունեցել են ամաչելու այլ պատճառներ ևս: Իսկ հիմա ոչ միայն չկա այդպիսի բան, այլ ընդհակառակն է:

Հետաքրքիր է դարձել նաև ժամացույցների դերը: Հաճախ կտեսնենք, որ աղջիկները կապում են իրենց հագուստներին համապատասխան գույնի ու ոճի ժամացույց: Սակայն, հաճախ պատահած կլինի, երբ նրանցից ժամ ես հարցնում, նրանք հանում են իրենց հեռախոսը, ժամը նայում, ասում և հետո ծիծաղելով արդարանում.

-Էս ժամացույցս փչացել ա, ուղղակի շորիս հետ շատ ա սազում, դրա համար էլ կապում եմ,- հաստատելով, որ այդ ժամացույցն ուղղակի աքսեսուարի դեր է կատարում:

Համեմատաբար նոր աքսեսուարներ են հեռախոսների պաշտպանիչ պատյանները, չնայած, հասցրել են լայն տարածում  և հետաքրքիր դեր ունենալ:

Աղջիկներից շատերը սիրում են գնել իրենց հեռախոսների համար ամենատարբեր նկարներով պատյաններ ոչ փափուկ նյութից, օրինակ՝ պլաստմասսայից: Եթե ամենասկզբում հեռախոսների պաշտպանիչ պատյանները ստեղծվել են փափուկ նյութերից, որպեսզի մարդ ավելի հանգիստ լինի իր հեռախոսի համար, ապա հետագայում այն վերածվել է աքսեսուարի, սկսել է արտադրվել նաև ավելի կոշտ նյութերից, բայց ավելի գեղեցիկ պատկերներով և սկսել է ստիպել մարդուն ավելի ուշադիր լինել իր հեռախոսի նկատմամբ: Այսինքն, աղջիկները սկսում են ավելի ուշադիր լինել, որ հանկարծ չգցեն իրենց հեռախոսը, քանի որ վախենում են, որ եթե այն ընկնի, ապա հնարավոր է, որ պատյանը քերծվի կամ կոտրվի կամ այլ կերպ վնասվի, իսկ այդ պատյանը նրանց շատ է դուր գալիս: Ահա, թե ինչքան են փոխվել ժամանակները, սակայն աղջիկների սերը դեպի աքսեսուարները չի փոխվել:

Մշուշը ջրի վրա, կրակը երկնքում

Ես 10 տարեկան էի, երբ առաջին անգամ ծանոթացա իմ երեսունն անց հոր մեծագույն կրքերից մեկին՝ դասական ռոքին: Առաջին անգամ իմացա, թե ինչ խտասալիկներ (CD) են դրված հյուրասենյակի դարակներում, թե ինչքա՜ն հարուստ հավաքածու ունի իմ հայրը:

- Deep Purple. սա ռոք երաժշտության հայրն է, – հպարտ ասում էր  հայրս, ում ամբողջ կեցվածքից զգացվում էր, թե ինչքան է հարգում այդ խմբին:

Դասական ռոքի հավաքածուն ուսումնասիրելով՝ ես ծանոթացա Deep Purple, AC/DC, Metallica, Queen, Pink Floyd, Scorpions խմբերին: Առաջ ընկնելով նշեմ, որ մինչև հիմա երկար մազերով ու AC/DC մակագրությունով շապիկը հագին տղամարդկանց տեսնելիս՝ աչքերս ակամայից փայլում են, իսկ հոգուս մեջ զարթնում է մի հարազատ բան:

Ես շատ սիրեցի դասական ռոքը: Ազատ ժամանակ երեկոները պարտադիր բարձրաձայն միացնում էի Deep Purple-ը, հագնում իմ կողմից ծանր քրտինքով, 10 տարեկան նիհարիկ աղջկա ուժերով վերջապես պատռված ջինսը և սկսում պարել, ավելի ճիշտ՝ ուժգին շարժումներ անել՝ ռոք երաժշտությանը համապատասխան…

Smoke on the water,
A fire in the sky…

Ես 13 տարեկան էի, երբ Deep Purple խումբը եկավ Հայաստան համերգ տալու: Ես ամիսներով էի սպասում այդ օրվան: Հայրիկիս ու քրոջս հետ գնացինք համերգին, ինչը աննկարագրելի հաճույք և անմոռանալի տպավորություններ պարգևեց ինձ: Ես տեսա, որ համերգից հետո իմ հայրիկից ավելի մեծ տարիքով՝ հիսունին մոտ տղամարդիկ, վինիլային ձայնասկավառակները ձեռքին փորձում են անցնել երաժիշտների մոտ:

-Նայիր, նայիր, նրանց մոտ դեռ մնացել են հին ձայնասկավառակները: Պատկերացնո՞ւմ ես, թե դա ինչ է: Նրանք տանում են դրանք Յան Գիլանի, կամ մնացած երաժիշտների մոտ, որ ստորագրություն վերցնեն: Պատկերացնո՞ւմ ես, դա ուղղակի անգին բան կլինի…

Smoke on the water,
A fire in the sky…

Ես 20 տարեկան էի, երբ առաջին անգամ գործուղման գնացի Եվրոպա: Վերադառնալուն պես՝ ներս մտա հյուրասենյակ ու չնայած որ ճանապարհից շատ էի հոգնել՝ արտասահմանից գնված նոր բարձրակրունկ կոշիկներով, կոկիկ, փոքր ճամպրուկով, երջանիկ ժպիտով ու փայլող աչքերով, սկսեցի ոգևորված պատմել Եվրոպայի մասին իմ հիսունին մոտ հորը և մորը: Պատմել ճարտարապետության մասին, մշակույթի մասին, տարբեր ազգերի մարդկանց մասին: Ծնողներս հետաքրքրությամբ ու երջանիկ լսում էին: Ես ճամպրուկից հանում եմ երկու վինիլային ձայնասկավառակ՝ Deep Purple-ի անդամների նկարով գեղեցիկ ու հին կազմերի մեջ. սա իմ  նվերն էր դասական ռոք սիրող հայրիկիս:

Նրա դեմքի արտահայտությունը իսկույն հիշեցրեց ինձ մի վառ պատկեր 13 տարեկանից. դա նույն երջանիկ ու ոգևորված արտահայտությունն էր, ինչպես մի քանի տարի առաջ Deep Purple-ի համերգին…

Smoke on the water,
A fire in the sky…

Դասամիջոց

-Ցտեսություն,- ասաց ասուցչուհիս զանգը հնչելուն պես և շտապեց դասարանից դուրս:

Առաջ զանգից հետո ուսուցիչները երկար շարունակում էին խոսել և տնային աշխատանք հանձնարարել, իսկ այս տարի տնայինը դասի ընթացքում են հանձնարարում և զանգը հնչելուն պես` կարծես փախչում են մեզնից: Եվ ճիշտ էլ անում են, որովհետև այն, ինչ կատարվում է դասամիջոցներին դասարանում, պարզապես անհնար է նկարագրել: Այն փաստը, որ դասարանում ընդամենը տասնինը հոգի ենք և մեծ մասամբ աղջիկ, մեզ չի խանգարում մի լավ աղմուկ բարձրացնել:

-Մարիա՛մ, պաշտպանվի, էքսպելիարմուս,- նորից գրիչը որպես կախարդական փայտիկ օգտագործելով` վրաս հարձակվեց դասարանցիս:

Ես, իհարկե, անպատասխան չթողեցի նրան և վերցնելով փայտիկս` անցա հակահարձակման: Ես հավեսով կռվում էի նրա հետ, երբ հանկարծ հիշեցի, որ որոշել էի դասամիջոցս լրիվ այլ կերպ օգտագործել:

-Էհ, ես պիտի դաս սովորեմ, տուր գրիչս,- և վերցնելով գրիչս դասընկերոջս ձեռքից, ով այն խլել էր ինձնից ռազմի դաշտում` արդար ճանապարհով` ուղևորվեցի դեպի ոչ կախարդական նստարանս և բացելով ոչ կախարդական գիրքը, սկսեցի կարդալ ոչ կախարդական դասս:

-Մենք դեռ կհանդիպենք,- դերասանական տոնով ասաց դասընկերս, իսկ ես խորացա դասի մեջ:

-Մարիա՛մ , կանգնիր դռան մոտ, որ հենց մարդ գա, ասես,- ասում էր մեկ այլ դասարանցիս` փորձելով բացել մատյանը: – Մարիա՛մ: Մարիա՛մ, ասում եմ… Մարիամ,- արդեն գոռում էր դասընկերուհիս:

-Ո՞ր մեկը,- բարկացած բացականչեցին երեք Մարիամները միասին:

-Որ մեկդ կգա,- շփոթված ասաց մատյանի մեջ խորասուզված դասընկերուհիս:

Մարիամներից ամենաբարին, որն իհարկե ես չէի, շտապեց դռան մոտ: Իսկ մյուս երկու Մարիամներից Նալբանդյանը մի ձեռքով մոռացած տնայինն էր գրում, մյուսով պայուսակից տետր հանում, որ տա դասընկերոջը, միաժամանակ նաև դաս կարդում և խոստանում ընկերուհուն, որ միասին կգնան բուֆետ:

-Ան, մի հատ իմ գնահատականներն էլ նայի, էլի,- ինչպես միշտ ուշացած խնդրեցի ես, որովհետև Անին վախեցած փակեց մատյանը: Դռան մոտ կանգնած Մարիամը ազդարարել էր ուսուցչուհու գալու մասին:

-Մարիամ: Մարիա~մ: Մարիա՛մ:

-Ո՞ր մեկը,- նորից հարցրեցին երեք Մարիամները միասին:

-Դու,- ձեռքիցս դուրս քաշեց ընկերուհիս,- դեռ զանգը չի տվել, կհասցնենք բուֆետ գնանք:

Ես արագ քայլեցի ընկերուհուս հետևից:

-Մար, նայի, նայի, Տիկոն ա,- փայլող աչքերով ժպտաց ընկերուհիս` հայացքով ցույց տալով ինչ-որ մեկին,- սիրուն աչքեր ունի, չէ՞:

-Հա, շատ,- առանց նայելու պատասխանեցի ես: Եթե անկեղծ ասեմ, կյանքումս դեռ ոչ մի անգամ չեմ նայել այդ տղայի աչքերին: Ես մտքումս աշխարհագրության դասն էի պատմում: Մենք վազելով հասանք դասարան և հասցրինք մինչև զանգի հնչելը դասարան մտնել: Նույնիսկ հասցրինք ընկերուհուս Kit-Kat-ն ուտել: Վերջ ամեն ինչին: Զանգ:

-Երեխեք, ձեր ձայնը դեռ որտեղից է գալիս, ու դուք բարձր դասարանցի եք, հա՞,- նորից անգիր արած խոսքերով ներս մտավ ուսուցչուհիս:

Երևի ողջ դպրոցական կյանքում միայն այս խոսքերն են մնացել անփոփոխ: Եվ դասամիջոցների տևողությունը: Բայց երևի այս հինգ րոպեները մեր կյանքի ամենալեցուն րոպեներն են:

Ժամանակակից պլանավորում

-Դե, պայմանավորվեցինք։ Երեխեքին էլ ասա, որ իմանան։

-Իի՜ի։ Ինչի՞ ես ասեմ, որ։ Դու կազմակերպել ես, դու էլ ասա։

Ես ու ընկերուհիս որոշել էինք կիրակի օրը անցկացնել ուրախ ու ընկերական միջավայրում։ Ըկերուհիս՝

Լիլիթը, որոշել էր մեզ տանել ինչ-որ այգի, այսպես ասած, զբոսախնջույքի։ Ես և նա արդեն որոշել էինք ժամը, տեղը, անհրաժեշտ իրերը։

-Չէ, ես հավես չունեմ,- ասաց Լիլիթը։

-Ես էլ։ Լավ, արի չաթ բացեմ։

-Հա, էլի։

Բացեցի չաթը։ Առաջին խոսքը իմն էր։

-Երեխեք, հիմա լսում ենք Լիլոյին։

Ընկերուհիս անցավ գործի։ Մեկ նամակով բացատրեց համարյա ամեն ինչ։ Եվ սկսվեցին հիացական նամակները։

-Վաայ, ինչ լավ բան ասեցիր։

-Ես էլ հենց դրա մասին էի մտածում։

-Էլ ո՞վ ա գալու։

Եվ ահա սկսվեց մի խառնաշփոթ։ Ինքս արդեն ամեն ինչ մանրամասներով իմացած, ոգևորված գրում էի, թե ինչ կարող եմ բերել, երբ դեռ մյուս ընկերուհիներս հարցեր էին տալիս, նույն մանրամասները իմանալու համար։

Ապա սկսվեցին չաթին անուն դնելու մանր-մունր կռիվները։ Երբ վերջապես արդեն բոլորս գիտեինք ուր ենք գնում, մյուս ընկերուհիս՝ Էլենը, հարց տվեց, թե ով է գնդակ բերելու։ Հենց այդ ժամանակ ես ուզում էի բոլորին լռեցնել, քանի որ երբ մեկ վայրկյանի ընթացքում գալիս է երեք և ավելի նամակ, հնարավոր չէ այդ բոլորը կարդալ ու պատասխանել։ Բայց դա իմ փոխարեն արեց Լիլիթը` հարցնելով, թե ով ինչ կարող է բերել։

Եվ երբ արդեն բոլորս ունեինք մեր հանձնարարությունները և ուրախ տրամադրություն (մենք մեկ տարուց ավել է, ինչ պլանավորում ենք ինչ-որ տեղ գնալ) Էլենը ասաց, որ չի գա վատ եղանակի պատճառով։ Եվ նա ուղարկեց նկար, որտեղ կիրակի օրվա եղանակն էր։ Դրանից հետո սկսվեցին արդեն հուսահատված նամակները։

-Եթե անձրև գա, ես էլ չեմ գա,- ասաց Սյուզին։

-Ես էլ,- ավելացրի ես։

Իսկ քանի որ Լիլիթը միայնակ չէր կարող գնալ զբոսախնջույքի, ստիպված եղանք կիրակի օրվա սպասված պլանները հետաձգենլ։ Բայց Լիլիթը համառորեն փորձում էր մեզ համոզել, որ գնանք զբոսախնջույքի։

Միևնույն է, ապարդյուն։ Եվ որպեսզի Լիլիթը չնեղվի, ես գրեցի։

-Դե լավ, Լիլ, արի կինո գնանք, իսկ այգի մյուս անգամ։

Լիլիթը շարունակում էր համոզել։ Եվ այդ անհարմար պահին եկավ նամակ Էլենից, ով միգուցե կինո դիտելու էլ չէր գա։

-Երեխեք, եթե մի քիչ համբերենք, կարանք ամառը գնալ։ Էդ ժամանակ համ բոլորիս հարմար կլինի, համ էլ անձրևը մեզ չի խանգարի։

-Լավ էլի, էլ ի՞նչ ամառ։ Ամառը նոր է վերջացել:

-Էլեն, մենք ընթացքում կգնանք` ուր գնում ենք, հետո կասես` քեզ ամառը երբ ա հարմար, ամառն էլ կգնանք։

Եվ քանի որ կարծիք կար ֆիլմ դիտելու, ես նայեցի մեր բոլորիս սիրած ու սպասված ֆիլմի ժամացուցակը։

-Երեխեք, ժամը ութին, մեկ էլ տասին։

Ընկերուհիներս սկսեցին վրդովվել, քանի որ ժամը ութը իսկապես շատ ուշ էր։ Եվ ինչքան էլ ես համոզում էի, որ կինոյից հետո հայրիկս բոլորին տուն կտանի, ընկերուհիներս չէին համաձայնվում։

-Չէ, Գո՛գ, համ շատ ուշ ա, համ էլ չենք ուզում պապայիդ նեղություն տանք։

Կարելի է ասել, ոչ ոք չէր համաձայնվում։ Բայց ինչպես ասում են. «Հույսը վերջինն է մեռնում»։

-Գոգ, մի հատ տես, բացի «Մոսկվա» կինոթատրոնից կարող ա ուրիշ տեղ էլ են ցուցադրում, կարող ա ավելի շուտ ժամի։

Մտնելով google, սկսեցի փնտրտուքս։ Եվ հանկարծ տեսա, որ ժամը չորսին ֆիլմը ցուցադրվում է «Մոսկվա» կինոթատրոնում։ Այդ ուրախ լուրը հայտնելով ընկերուհիներիս, ինձնից գոհ կարդում էի հիացական նամակները։ Սկսվեցին ինչ-որ խառը հարց ու պատասխաններ, որտեղ չէր լինում հասկանալ, թե ով ում հետ է խոսում։ Էլենը, ով չգիտեր որտեղ է «Մոսկվա» կինոթատրոնը, անընդհատ հարցնում էր, թե որտեղ է։ Եվ որպեսզի այդ խառնաշփոթը մի փոքր հանդարտվի, առանձին Էլենին բացատրեցի տեղը և պատասխանեցի նրա բոլոր հարցերին։ Եվ որպես ավարտ գրեցի մեր պլանը երեքշաբթի օրվա համար։ Ամեն ինչ կոնկրետ, ճիշտ։ Եվ վերջում էլ ավելացրեցի.

-Մեզ մաղթում եմ բարի ժամանց։

Մի ծանր խոսք

«Բառեր արտասանելիս զգույշ եղիր, որպեսզի այդ բառը չդառնա ծանր քո խղճի համար»:

Բառեր, խոսքեր… Խոսքեր, որոնք հասնում են սրտին, հոգուն, մտքին: Այո՛, այո՛ ճիշտ լսեցիք ՝ հոգուն: Նրանք կարողանում են գտնել հոգուն: Նրանք գտնում են վայրը, որտեղ նա շատ հաջողված թաքնվում էր բոլորից:

Խոսքը հասնում և սկսում է խաղալ սրտի նուրբ լարերի հետ: Ասես կիթառ նվագելուց լինի: Բայց ցավոք, շատ հաճախ նվագողը նոտաները չգիտի: Նա ուղղակի տանջում է սրտին: Ինչ-որ բան է պահանջում, բայց ինքն էլ չգիտի` ինչ:

Խոսքերը ծանր են լինում: Ծանր, բայց ոչ կիլոգրամներով, այլ այն վայրի համար, որը նրա նշանակետն է:

Ավելի լավ կլինի չասեիր, ավելի լավ կլինի լռեիր… Բայց ո՛չ, ինչպե՞ս կարող է… Նա ասու՛մ է, խոսու՛մ է, հնարավոր է նաև ոչ միտումնավոր, բայց արդեն ուշ է… Նա ասա՛ց, վիրավորե՛ց… Հասցրեց նույնիսկ արցունք կորզել երկար ժամանակ արցունք  «չարտադրած» արցունքագեղձերից: Մի՞թե  նա դրանից հետո կարող է հանգիստ քնել, հանգիստ ապրել: Հնարավոր է… Բայց ո՛չ միշտ…

Խիղճը մի օր ոտքի կկանգնի: Կկանգնի ու կպահանջի հատուցում: «Ինչո՞ւ նման բան ասացիր: Մի՞թե նա արժանի էր քո ասված խոսքին»: Խիղճը թող խոսի, նրան միևնույն  է, պատասխանող չկա: Իսկ միգուցե կա՞… Դա ես չպետք է ասեմ: Հնարավոր է, որ խիղճն ու «խղճի տիրակալը» արդեն  հաշտվել են՝ համաձայնության են եկել: Բայց ծանր խոսքը մնացել է խոցվածի սրտի լարերի մեջ խճճված…

Փորձիր բուժել նրան՝ հանել վիրավորանք հասցրած խոսքդ նրա այդքան բարի սրտից: Իսկ միգուցե ես մի քիչ չափազանցնո՞ւմ եմ` մեղադրելով այդ մարդուն՝ նրան: Իսկ միգուցե նա իրո՞ք ճիշտ վարվեց ասելով այդ բառը՝ նախադասությունը : Թող դատի Աստված՝ ես դատավոր չեմ:

Միայն կասեմ, որ խոսքը սրի նման կարող է խրվել սրտի մեջ: Խրվել ու նրանից արյուն քամել, մինչև որ նա սպանված թռչնի նման վայր չընկնի… Կարող է նաև հակառակ գործողությունը կատարել: Ոտքի կանգնեցնել նրան: Ապտակել ու ծանր խոսքով ուշքի բերել…

Որոշեցի մի քիչ փիլիսոփայել, հուսամ ստացվեց: Փորձեցի նկարագրել իմ հոգեվիճակը, իմ զգացմունքները ծանր խոսք լսելիս: Այնպիսի խոսք, որ լսում եմ ոչ իմ հասցեին, բայց ես ինձ պատկերացնում եմ խոսքը ստացածի տեղում…