Իմ էջը խորագրի արխիվներ

eva

Ներաշխարհային մտաժողովի անորոշության մեջ

-Ինչու՞

-Չգիտեմ։

Ահա այս մշտական երկխոսության սառն ու անտարբեր մթնոլորտում է անցնում մտքերիս ամենօրյա նիստի ամբողջ ժամանակահատվածը։ Չգիտեմների անվերջ շղթան բավականին երկար ժամանակ է, ինչ քսանչորսժամյա ռեժիմով աշխատում է ու ինձ հանգիստ չի տալիս։ Ես էլ իմ հերթին քրտնաջան աշխատում եմ ու փորձում գտնել ինչուների պատասխանը։ Չեմ էլ հիշում, թե նրանցից որը սկզբում ի հայտ եկավ՝ ինչուն, թե չգիտեմը։ Հիշում եմ, որ հերթական նիստերից  մեկի ժամանակ ընդդիմությունը շատ նյարդային էր։ Նա անգամ չսպասեց իր հերթին և միանգամից սկսեց իր ելույթը։ Իր հնչեցրած յուրաքանչյուր նախադասությունը պարուրված էր ինչուների անվերջ շղթայով։ Նա պատասխաններ էր պահանջում ամենազորեղ ու ամենաանիրատեսական հարցերի պատասխաններն ունեցող իշխանությունից։ Զարմանալիորեն, այս նիստին իշխանությունը մի փոքր շփոթված էր։ Գուցե անքնությունից էր, կամ էլ գերհոգնածությունից։ Հնչեցրած հարցերին իշխանությունը պատասխանում էր շատ լակոնիկ՝ չգիտեմ։ Տևական ժամանակ մտաժողովի մթնոլորտը խրթին ու անառողջ էր։ Անտանելի համառ ինչուն ու հաստատակամ չգիտեմը ոխերիմ թշնամի էին դարձրել համերաշխության ձգտող ընդդիմությանն ու մշտապես օգնության ձեռք մեկնելու պատրաստ իշխանությանը։ Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ նրանց կռվի պատճառը, որովհետև իմ մտքերի ժողովում ընտրությունները միշտ անցել են արդար և թափանցիկ։ Ընտրախախտումներ կաշառքի կամ այլ ձևով երբևէ չեն եղել, և իշխանությունը ընտրվել է մտքերի արդար մեծամասնությամբ։ Ցավոք, ես չէի կարողանում հասկանալ, թե նրանցից ով է ճիշտ, թե ում է հնարավոր մեղադրել կամ պաշտպանել, որովհետև ինչուն մեր յուրաքանչյուր գործողությանը, արարքին, փաստարկին հաջորդող անբաժանելի հարցն է, իսկ չգիտեմը․․․․․ Չգիտեմը, երևի թե, արդարանալու դասական ձև է, երբ չենք ուզում մեր ուղեղն աշխատեցնել։ Այնուամենայնիվ, իմ ուղեղում այս դեպքը չէր։ Չգիտեմն առաջացավ այն ժամանակ, երբ անբացատրելի դատարկություն սկսեցի զգալ։ Ես չգիտեի, թե ինչ եմ ուզում անել, ինչի մասին եմ ուզում խոսել, ինչ եմ ուզում ընդհանրապես։ Ես չգիտեի․․․․ Այս նախադասությունը այնքան թափառեց ուղեղիս ստորին ատյաններում, որ վերջիվերջո հասավ իշխանությանը և տիրեց նրան։ Երևի թե, ես անդադար անկայունության մեջ կգոյատևեի, եթե չհայտնվեր իմ փրկության բանալին, իմ ուղեղի անբաժան բարեկամը, իսկ երբեմն ամենաանտանելի թշնամին՝ սիրտը։ Նիստերից մեկն ընդհատվեց նրա անակնկալ այցով, որը խաղաղություն սփռեց չորսբոլորը։ Սիրտս ներթափանցեց մտքերիս ամենախորունկ կետերը ու իր խոսքերով դիպավ ամենանուրբ լարերին՝ բժշկելով նրանց այդ վարակից։

Դիմելով այդ նիստի գլխավոր հերոսներին՝ ինչուին ու չգիտեմին, նա ասաց․

-Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում լավի ու վատի, պայքարելու կամ հանձնվելու, շահելու կամ կորցնելու, երջանկանալու կամ դժբախտանալու, աշխատելու կամ ծուլանալու, սիրելու կամ ատելու, և վերջապես, ապրելու, մեռնելու կամ ուղղակի գոյատևելու միջև, ուստի բնական է, որ գալիս է ժամանակ, երբ ինչուն մեզ հանգիստ չի տալիս։ Մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կառուցվում ու վերլուծվում են ինչուի միջամտությամբ նաև։ Անշուշտ, գործելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչու ենք անում դա, բայց, լռակյաց դատարկության մեջ աներեր ինչուի բացակայող պատասխանները փնտրելով, մենք ուղղակի կվատնենք մեր թանկագին ու արագավազ ժամանակը և մի օր կհասկանանք, որ երկու ոտքով խրվել ենք  ամենախորը ճահճի մեջ, ու դրանից դուրս գալու համար մի ողջ հավերժություն պետք կգա։ Ինչ վերաբերում է չգիտեմին, ես էլ չգիտեմ (ժպտում է սիրտը)․․․ Ուղղակի պետք է մի քանի րոպեով թեթևացնել մտավոր ծանրաբեռնվածությունը և սկսել նորից․․․ Չեմ ասում սկսել նոր էջից, որովհետև նոր էջ չի բացվում, մենք ուղղակի փոխում ենք մեր նավի ուղղությունը և շարունակում ենք գրել մեր պատմությունը՝ ավելացնելով կամ պակասեցնելով հերոսներին, դարձնելով այն ավելի հետաքրքիր կամ չափազանց միանվագ, մեր ետևից տանելով ընթերցողին  կամ հիասթափեցնելով նրան….. Ինչպես պետության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը գործում են հանուն ժողովրդի բարօրության, այնպես էլ ուղեղում, մտային ընդդիմությունն ու իշխանությունը աշխատում են հանուն մտավոր ներդաշնակության՝ թույլ չտալով առաջնորդին խորտակվել ինչուների ու չգիտեմների լաբիրինթոսային անդունդը։ Կյանքն այնքան էլ երկար չէ գունագեղ վայրկյանները խորը հուսահատությամբ, անիմաստ շփոթությամբ և անհասկանալի կասկածամտությամբ լցնելու համար։ Վե՛րջ տվեք չգիտեմներին ու սկսե՛ք նորից, իսկ ինչուները թող լինեն, բայց լինեն չափավոր և տեղին։

Զարմանալի է, բայց փխրուն թվացող սրտիս այս ամուր ու համոզիչ ելույթը  բարելավեց մշտարթուն ուղեղիս աշխատանքը ու մի փոքր ցրեց բազմահազար մտքերիս գորշ խառնաշփոթը։ Նիստից հետո ես հասցրի մի քանի բառ փոխանակել սրտիս հետ ու մտածեցի, որ նա կտա ինձ հուզող հարցի պատասխանը և հարցրի՝ ինչու՞։ Սիրտս նայեց ինձ իր իմաստուն հայացքով ու ժպիտով պատասխանեց՝ չգիտեմ․․․․

gohar grigoryan

Մի փոքրիկ դրվագ

Առհասարակ հնարավորության դեպքում երթուղայիններում ամենադիմացն եմ նստում։ Էսօր մի տատիկ բարձրացավ կողքիս ու Նարեկացու թվարկած բոլոր մեղքերը գործածի դեմքով հարցրեց վարորդին.

֊Տղա ջան, չե՞ս ջղայնանա, որ դիմացը նստեմ։ Գիտեմ, որ էստեղ միայն տղամարդիկ են նստում։ Ուղղակի չեմ կարող կանգնել։
Վարորդը ոչինչ չպատասխանեց։
Իբր` հա, համաձայն եմ՝ էստեղ միայն տղամարդիկ կարող են նստել։
Չդիմացա, ինչ մեղքս թաքցնեմ։
Ու էդ տատիկին ասացի, որ նայի հետ ու տեսնի հետևում կանգնածների քրտնածոր, դժոխքի պարույրների միջով անցնող դեմքերը, ասացի, որ այստեղ կարող են նստել բոլոր ուղևորները, կապ չունի սեռը, և որ մեր քաղաքը փակագծվել է հիմար կարծրատիպերով, որոնք մեզ խանգարում են ու ճզմում։
Ու վատը գիտե՞ք որն է, որ հաճախ կանայք են հրահրում սեռական խտրականությունը չիմանալու պատճառով։
Ու էլի չեմ հասկանում՝ ինչու են հայ աղջիկներն ու կանայք նախընտրում կուչ եկած իրար վրա լցված հակահիգիենիկ միջավայրում կանգնել (ի դեպ, շատ մոտ այլ տղամարդկանց), քան թե նստել վարորդի կողքին, երբ դատարկ են տեղերը։

Գյուղացի շներն ու Բիմը

Գյուղերում շները չեն կորչում զբոսանքի ժամանակ, զբոսանքի մենակ են գնում, երբ ուզում են, ու անգիր գիտեն բոլոր ճանապարհները հետ գալու:

Գյուղերում շները մի քիչ բրուտալ են, մի քիչ առանց թիթիզությունների, ու տերերին ուրախացնելուց բացի սեփական գործն ունեն հայաթում: Գյուղերում շները «աշխատանքով տունն են պահում»:

Հուլիսի ամենասիրուն օրերից մեկին  երեք տարի առաջ  Ճամբարակի սակավ արևի տակ  նստած, հայացքով դեպի արևը  կլանված, զբաղված էի  մեկ շնչին ընկնող հաշված ճառագայթները ընկալելով, մինչև դարպասի չխկոցի հետ նկատեցի Սուրոյին, ձեռքին սպիտակ բրդի գունդ:
-Շուն եմ բերել, ոնց որ սեթերի խառնուրդ ա:
Ամբողջությամբ սպիտակ շան ձագ, սև ականջով,  փափուկ,  ու արդեն մարդամոտ:
- «Белый Бим Черное ухо» (Սպիտակ Բիմ սև ականջ) կինոն տեսնող եղե՞լ ա, ինքն  ա որ կա, ուրիշ անուն պետք չի,- վրա բերեց հարևանի կինը:
Էս մեր Բիմը էդպես էլ «լավ աշխատող չդարձավ»:  Լավ աշխատող լինելու համար պիտի ատամներով տունը պահես, ամեն եկողի վրա էնքան հաչաս մինչև փոշմանի, հետ գնա:  Էս բրդոտը բոլորին էնքան էր սիրում, որ հերիք ա մեկը հայաթ մտներ, կգնար նոր տիրոջ պես կընդուներ, կատվի պես կքսվեր ոտքերին. էտ էլ հայաթի կատվից էր սովորել, ախպերներ  էին:

Ամեն անգամ Երևանից գալիս, ոգևորվորվում, գալիս  երկու մետր հեռավորությունից ձգվում ու դանդաղացրած կադրով  կեղտոտ ոտքերով ամբողջ մարմնով մեկ թռչում էր վրաս: Ես էլ դանդաղացրած կադրով գոռում էի.
-Չէ, Բիմ, չէ, Բիմ…-  ինքը հասկանում էր իհարկե, ուղղակի լուրջ չէր ընդունում ասածներս:

-Հա  մամ,  գործից ուշանում եմ:
-Բալես, շունը երկու օր ա` տուն չի գալիս:
-Մամ,  կգա, արձակուրդ ա գնացել:

Ֆեյսբուք.
«Ճամբարակում փողոցի մեջտեղում երեխաների առաջ շների զանգվածային սպանդ են իրականացնում, հանրային վայրում զենք օգտագործելով»:

-Բալես շունը հետ չի եկել:
-Չէ, մամ, կգա:
-Հարևանի հարսն ասում ա էդ թափառական կրակած շների մեջ սպիտակ շուն ա եղել…
-Մամա, ասում եմ կգա,  ասում եմ կգա…

Գյուղերում շները զբոսանքի մենակ էին գնում,  իսկ ես  արդեն ամիսներ ա  հավատում  եմ,  թե բոլոր ճանապարհներն իմացող Բիմը մոռացել ա ոնց են  հետ գալիս տուն:

(Թափառական (ոչ միայն) շների հարցը սենց ա լուծվում. կարճ, միանգամից, մի կրակոցով, փողոցում,  երեխեքի առաջ, որ աչքները սովորի, հանկարծ չմեծանան հարցնեն. «Բա կենդանիներին խի՞ են սպանում»):

milena movsesyan

Այն, ինչ չսովորեցրին դպրոցում

Տասներկու տարի մեր կյանքից նվիրում ենք դպրոցին։ Դպրոցը մեր երկրորդ տունն ենք դարձնում, ընկերներ ենք գտնում, ուսուցիչներին սիրում կամ մինչ օրս ատում ենք, առարկաները հետաքրքրությամբ ուսումնասիրում կամ նորից ատում ենք։

Ես խոնարհվում եմ այն ուսուցիչների առաջ, որ անշունչ դասագրքերի թեմաներից զատ ինձ տվեցին կյանքի դասեր ու սովորեցրին առաջին հերթին մարդ դառնալ։ Բայց ավաղ, դասաժամանակն ու հաստափոր տաղտկալի դասագրքերը խանգարեցին մեզ երկար խոսել այն կարևորի մասին, որ պիտի սովորեինք կյանքի դպրոցում։ 

Մեզ դպրոցում չսովորեցրին ճիշտ տնօրինել գումարը, չկուրանալ դրա փայլից, դավաճանելով ու մարդկանց ցած գլորելով չհասնել դրան։ Մեզ հենց սկզբից չասացին, որ փողը կեղտ է, չսովորեցրին զգուշանալ գումարից։ Դրա հետ մեկտեղ դպրոցում չասացին՝ ինչպես գումար աշխատել, ինչպես ինքնուրույն կարիքները հոգալ, ուսման վարձը վճարել։

Մեզ՝ աղջիկներիս, չդաստիարակեցին որպես թագուհիներ։ Գուցե հենց դա է պատճառը, որ հասարակության մեջ հայտնվեցին մարմինը պատահածին նվիրող աղջիկներ, ովքեր զուրկ են ինքնասիրությունից ու նաև խելքից։ Այն, ինչ թագուհուն վայել է` հպարտությունն ու համեստությունը, գեղեցիկ քայլվածքն ու հագուկապը, բարձրակրունկները, կիսաշրջազգեստները, զգեստներն ու դասական տաբատը, Կարմիր գրքում են հայտնվել։

Նրանց՝ տղաներին, չսովորեցրին լինել ասպետի նման: Իսկ աղջիկների նոր հագուկապը՝ բոթասներ ու պատռված ջինսեր, փոխեց նրանց ճաշակը․ նրանք շրջազգեստով ու բարձրակրունկներով աղջիկներին այնքան զարմացած են նայում, որ չեն կարողանում կշտանալ։ Տղաները չսովորեցին հարգել աղջկան, (իհարկե որոշ աղջիկներ իրենք իրենց էլ հարգել չգիտեն) զսպել իրենց ցանկասիրությունը, փոքր ինչ նրբություն, ավելի շատ ուշադրություն ու հոգատարություն ցույց տալ։ Հատկապես տղաներին էր պետք սովորեցնել գումար աշխատել։ Մեր հասարակության մեջ հանկարծ հայտնվեցին աղջիկներ, որ քսան տարեկանում և՛ սովորում են, և՛ աշխատում, և՛ մեքենա վարում։ Ու տղաներ, որ չեն ուզում սովորել, ոչ էլ աշխատել։ Ու եթե հանկարծ այս երկու տիպերի մարդիկ հանդիպեն, սիրահարվեն ու ամուսնանան, ապագան կանխատեսելի է լինելու՝ օրուգիշեր աշխատող կին, հարբեցող տղամարդ ու անուշադրության մատնված երեխաներ։ Եվ միայն այն բանի պատճառով, որ դպրոցում նրանց չսովորեցրին՝ ինչ է ընտանիքը, ինչ պարտավորություն է երեխա ունենալը և ինչ է նշանակում այս ամենը պահելը։

Մեզ չսովորեցրին, որ գունավոր երազներից դուրս կա նաև անգույն դավաճանություն, որ չպետք է ամենքին վստահել հատկապես անձնականի հարցում։ Բայց մեզ չեն ասել նաև՝ ինչ է անձնականը։ Դավաճանություն բառը մենք կարդացինք գրականության գրքում ու լսեցինք տատիկի սերիալներում։ Մենք չհավատացինք, որ մի օր կարող են մեզ էլ դավաճանել, որ դա ֆիզիկական ցավը գերադասելու չափ ցավոտ է լինում։

Դպրոցում մեզ զգուշացրին, որ համալսարանում դասախոսները նույնիսկ մեր անուները չեն հիշելու, մեր գիտելիքը ընկալելու ու վերցնելու վրա ուշք չեն դարձնելու, բայց չասացին, թե ինչպես ինքնակրթվենք, ինչպես համացանցը ծառայեցնենք գործիք՝ հավելյալ կրթություն ստանալու համար։ Դասախոսները աչքի ընկնող ուսանողների անունները հիշեցին։ Նրանք հաճույքով սովորեցրին մեզ այն, ինչ երեք անգամ անցել էինք դպրոցի տասներկու տարիների ընթացքում։ Միակ տարբերակը մնաց ինքնակրթությունը, դասընթացների մասնակցելն ու անգլերեն դասախոսություններ լսելը։ Ավաղ, դասերի ու աշխատանքի հետ այս ամենը դժվար է համատեղել, բայց հնարավոր կլիներ, եթե մեզ դպրոցում սովորեցնեին ժամանակը ճիշտ կառավարել։ Ամեն ինչն էլ կանեինք, նույնիսկ կհասցնեինք գնալ դպրոց ու մեկ անգամ էլ խոնարհվել այն ուսուցչուհու առաջ, ով համարձակվեց խախտել դասի պլանը ու մեզ կյանք սովորեցրեց։

Հիմա ասում եք՝ բա ինչի՞ համար են ծնողները։ Իսկ դուք նրանց հետ այս ամենի մասին խոսո՞ւմ եք, կամ ժամանակ ունենո՞ւմ եք երկար զրուցելու, կամ ֆիզիկան ու մաթեմատիկան չե՞նք կարող ծնողների հետ սովորել։

Ինչի՞ համար են տասներկու երկար տարիները, որ անգլերեն սովորելու համար պիտի առանձին պարապել ու գումար վճարել։ Ինչի՞ համար են կորցրած այդ տարիները, որից հիշվելու են էքսկուրսիաները, բաց դասերն ու քո ձեռքով գրված ռեֆերատները։ Ինչի՞ համար էր պետք ուղեղում տեղ զբաղեցնել այն ինֆորմացիայի համար, որ կարելի է գտնել գրքերում կամ համացանցում։ Ինչի՞ են պետք տասնվեց և ավելի դասագրքեր նույնքան առարկաներից, եթե կարելի է բոլորը տեղավորել երեք միլիմետր հաստության պլանշետի կամ հեռախոսի մեջ։ Ինչի՞ համար էինք ձևացնում, թե այդ պայուսակը ծանր չէ։ Մենք մրցում էինք, թե ումն է ավելի ծանր, առանց մտածելու մեր մարմնի կառուցվածքի ու առողջության մասին։ Վեցերորդ դասարանում դժվար հոգայինք մեր մասին, իսկ ի՞նչ էին մտածում հասուն դասատուներն ու ծնողները։

Դպրոցում մեզ չսովորեցրին մարդկանց հետ ճիշտ շփվել, ներկայանալ օտար միջավայրում։ Մենք չիմացանք՝ ինչպես մեծ շրջապատ ստեղծել, անծանոթին ծանոթ դարձնել, լինել քաղաքավարի ու պահպանել էթիկայի նորմերը, որ միայն ճիշտ ուտելուն չի վերաբերում։

Մեզ ոչ ոք չզգուշացրեց, որ շրջակա միջավայրը փոխել հնարավոր չէ, և պետք է ինքդ քեզ հարմարեցնես այդ միջավայրին։ Մեզ չհուշեցին, որ եթե երթուղայինում կանգնելու տեղ չկա, որ եթե տհաճ է զգալ կողքի մարդկանց մարմնի տարբեր մասերի չափերը, որ եթե տղաները պատահական կամ մեծ ցանկությամբ հպվում են քեզ, պետք  չէ թաքուն լաց լինել ու անվերջ սպասել, թե երբ քաղաքապետը կկարգավորի այս հարցը։ Կարելի է համարձակ լինել, սովորել երթևեկության կանոնները, հանձնել վարորդական իրավունքի քննությունը և հայրիկի մեքենայով գալ դասի։ Հակառակը, մեզ ասացին, որ լավ չէ դասի մեքենայով գնալ․ դասախոսը կտեսնի, կմտածի հարուստի աղջիկ ես ու չի նշանակի։ Մեզ չհասկացրին, որ կողքինների կարծիքը պիտի կարևոր չլինի մեզնից ու մեր հարմարությունից։

Դպրոցում չկարևորեցին մեր սեփական արժեքներն ու ցանկությունները, նպատակներն ու երազանքները։ Ուսուցիչները գնահատեցին անգիր արած տեքստերն ու արտագրված ստուգողականները։ Նրանցից ոչ ոք չհասկացավ, որ աշակերտի խելքն ու գիտելիքները կարելի է ստուգել նրա հետ հինգ րոպե զրուցելով։ Եվ այս դեպքում ոչ ոք չունեցավ այն համարձակությունը, որ գնահատեր՝ կարգը խախտելով։ Սա չհասկացան նաև համալսարանում․ մեզնից վերցնում են հեռախոսները չկանխատեսելով, որ կա երկրորդը, ականջակալը կամ էլ խելացի ժամացույցը։

Ախր, տասներկու տարին պիտի որ բավարարեր այս ամենը նախօրոք սովորելու համար․ չէ՞ որ գրողների կենսագրությունը, ֆիզիկայի օրենքները, երկրաչափական մարմինների անունները, եկեղեցական ժողովների վայրերն ու թվերը, բույսերի կառուցվածքը և անթիվ նման մանրուքներ հետո էլ կսովորեինք գրքերից կամ համացանցից, կկարդար նա, ում իսկապես պետք էր, ով ուզում էր զարգանալ, ինտելեկտ ու լայն մտահորիզոն ունենալ։

marieta baghdasaryan

Հինգ խորհուրդ առաջին կուրսեցիներին

Մեզնից ոմանք երեւի արդեն երազում համալսարանն են տեսնում, ոմանք ուզում են, որ ամառը մի քիչ էլ մնա, բայց շուտով բոլորս նորից վերադառնալու ենք «Երիտասարդական» կամ «Մարշալ Բաղրամյան», իսկ հաջորդ կայարանը ուսանողական կյանքի հաջորդ կիսամյակն է, մեր լեզվով ասած ՝ «սեմեստրը»։ Շուտով միջանցքներում կհայտնվեն լսարանների տեղերը խառնող, միջանցքներում ծանոթ դեմքեր փնտրող առաջին կուրսեցիները (մեր համալսարանում ՝ ֆրեշմնները)։Մի «ֆրեշմն» էլ անցած տարի ես էի, դպրոցից հետո ուրիշ աշխարհ պատկերացնելով, առաջին անգամ բարձրացա Ամերիկյան համալսարանի աստիճաններով ու հասկացա, թե ինչքան նորություններ, նոր դեմքեր ու դժվարություններ են ինձ սպասվում։ Մեր մեջ ասած, ուսանողական կյանքի սկիզբը՝ առաջինկուրսեցիությունը, ամենադժվար շրջանն է, որովհետեւ պատասխանատվությունը, կազմակերպվածությունն ու պատրաստակամությունը ամենակարեւոր հատկանիշներն են, որոնք պետք է տասնապատկել առաջին տարին հաղթահարելու համար։ Ու քանի որ շատերդ ինձ պես դեռ չեք պատկերացնում «ձեր գլխի գալիքը», փորձեմ մի քանի խորհրդով թեթեւացնել մտածմունքները։

Խորհուրդ մեկ՝ «Աստված պարգեւատրում է նրան, ով վաղ է արթնանում»։

Երբեք, երբեք ու երբեք մի ուշացիր։Համալսարանի լեկցիաների ընթացքում նյութը ավելի խիտ է, քիչ ժամանակում շատ ինֆորմացիա կարող ես բաց թողնել, կեսից դասի մտնելու արդյունքում թեկուզ մի բառ բաց թողնելով, հնարավոր է մի ամբողջ թեմա չկարողանաս յուրացնել։ Ինչպես ասում են մեր հարեւան ռուսները ՝ «Աստված պարգեւատրում է նրան, ով վաղ է արթնանում»։

Խորհուրդ երկու ՝ «Ով ալարի` ոչ դալարի»։

Փորձեք ամեն օր սիստեմատիկ աշխատել․ ի տարբերություն դպրոցի՝ համալսարանում հազվադեպ են ամեն օր հանձնարարվում տնային առաջադրանքներ կամ ստուգվում դրանք, իսկ երբ վերջնաժամկետ չկա, ու դու գիտես, որ կարող ես կատարել հանձնարարությունը երբ էլ կամենաս, ամբողջ նյութը մնում է քննաշրջանին։ Մի քանի օրում մեծ քանակի ինֆորմացիա ամբողջովին յուրացնելը հիմնականում անհնար է, իսկ շուտ սովորածը շուտ էլ մոռացվում է։

Խորհուրդ երեք՝ «Նշումները կփրկեն աշխարհը»։

Մինչ դասի ժամին մենք մեզ զգում ենք ինչպես 1 ռեաբայթանոց կրիչ (մեր լեզվով ասած ՝ ֆլեշկա), մեր ուղեղը բաց է թողնում որոշ մանրուքներ՝ ֆիքսելով կոնցեպտուալ գաղափարները։Դպրոցական կյանքն ավարտվել է, բայց մեր տետրերում նշումները գունավոր, տեսակավորած պահելու սովորությունը արժե պահպանել։ Նշումները մրգերի նման են, ինչպես ամառային թարմ մրգերն արժի պահել ձմեռվան, էդպես էլ նշումներն արժի պահել քննաշրջանի համար։

 

Խորհուրդ չորս` «Երբեք մի ամաչիր հարցեր տալուց»։

Եթե քեզ թվա, որ ներսումդ ծագած հարցը «անիմաստ է» կամ անուշադրության հետեւանք, ապա իմացիր, որ շատ հաճախ հնարավոր է, որ նույն լսարանում քեզ հետ նստած մարդկանց մեծ մասն ունի էդ հարցն ու ամաչում է տալ։ Դասախոսներին հարցեր տալը օգնություն է նյութն ավելի հեշտ յուրացնելու։ Չկան «անիմաստ հարցեր», իսկ եթե դեռ ամաչում ես հարցեր տալուց, նստիր առաջին նստարանին, ու քեզ կթվա, որ լսարանում միայն դու ես, ու դասը քեզ համար է անցկացվում։Մի անգամ մի խելացի մարդ ասել է, որ «Մարդկանց գնահատում են ոչ թե պատասխաններ, այլ հարցեր տալու ունակությամբ»։

Խորհուրդ հինգ ՝ «Մի գլուխը լավ է, երկուսն` ավելի»։

Տարբեր մարդիկ երեւույթները ընկալում ու վերարտադրում են տարբեր կերպ, ու խմբով դաս անելը երբեմն շատ արդյունավետ է։Նյութը խմբով քննարկելը, անհասկանալի կամ բարդ հասկացությունները վերլուծելը հնարավոր է դարձնում այն ընկալել տարբեր տեսանկյուններից։ Մինչ «խմբային աշխատանքներ» դպրոցում կատարելը հոգնեցնող, երբեմն ոչ արդյունավետ երեւույթ էր, երբեմն էլ մոռանում էինք, թե ինչի համար ենք հավաքվել։ Համալսարանում խմբային քննարկումները կարող են զարգացնել շատ կարեւոր հմտություն՝ կողքիններին լսել եւ թիմային խաղացող լինել։Վերջինս բավականին կարեւոր հմտություն է, որը հետագայում հաստատ պետք կգա աշխատանքում։

Նոր կիսամյակին համարյա բան չի մնացել, ու վերջին խորհուրդս սա է ՝ վայելիր ամառային արձակուրդի յուրաքանչյուր րոպեն, որովհետեւ հետո հաստատ երանի ես տալու:

mane stepanyan

Մետաղադրամի երկու կողմերը

Մի քանի օր առաջ էր, քայլում էի հրապարակով ու սովորականի պես մենակ քայլելու դեպքում մեկին զանգում ու այդ օրվանից խոսելով, մարդաշատ փողոցներով շարունակում էի ճանապարհս։ Մի երիտասարդ մոտեցավ ինձ ու ձեռքը մեկնելով՝ կանգնեց դիմացս։ Խոսքով տարված լինելով՝ մտածեցի թռուցիկներ է բաժանում ու սիրով վերցրի այն։ Երբ խոսքից կտրվելով նայեցի ձեռքիս, հասկացա, որ վերջինս սրբապատկերներ էր վաճառում։ Հակառակի պես մանրադրամ չունեի։ Նա լսեց, ժպտաց ու ասաց.

֊Բան չկա, նվիրում եմ,- ու շարունակեց ճանապարհը։
Չգիտեմ թե ոնց, բայց կարողացա մանրել ձեռքիս գումարը, գտա վաճառողին ու գումարը փոխանցեցի նրան։
֊Չէ՜, շատ եք տալիս, նկարը 100 դրամ է։
Ստիպեցի, որ վերցնի, իսկ ինքը ինձնից համառ գտնվելով պատասխանեց.
֊Դե ուրեմն այս մի քանի հատ նկարն էլ վերցրեք։
Գրպանից հանեց նկարներն ու հարցրեց՝ որն ուզում ես վերցրու։
Այսօր տաքսի էի նստել։ Երևի նույն վաճառողի տարիքի երիտասարդ էր։ Ընդամենը 2 թե 3 կանգառի ճանապարհ էր։ Հասցրեց տեղ, հարցրի ՝ ինչքան պետք է վճարեմ, ինքն էլ շատ հանգիստ ձայնով կրկնակի ավել գումարի չափով պատասխանեց։ Առանց որևէ բան ասելու վճարեցի ու իջա։

Սրանք պատահական դեպքեր էին երևանյան աշխույժ, սովորական ու մարդաշատ կյանքից։
Սրանք դեպքեր էին, որոնք գալիս ու ապացուցում են, որ մարդկային արժեքները տրված են ոչ բոլորին։
Դեպքեր էին, որոնք ուղղակի մի հանգիստ տեղ նստելու, սև սուրճ ըմպելու ու ժամերով քննարկելու էին։
Դեպքերի երկու երիտասարդներ էին, ովքեր սպիտակ կյանքի վրա հետագիծ թողնելով քայլում են։ Իսկ թե ինչպիսի հետագիծ են թողնում իրենց ետևից, որոշում են իրենք՝ նյութականը մարդկայինից արժեվորելով կամ էլ հակառակը։

 

vahan chobanyan

Էն հացը

Փոքր էի։ Չեմ էլ հիշում քանի տարեկան էի, բայց մանկության թեժ տարիներն էին։ Եթե որոշում էինք կորչել, մեզ գտնելու համար պիտի ողջ գյուղը ոտքի տակ տային, որ գտնեին, հետո էլ պիտի համոզեին, որ գնանք հաց ուտենք, թե չէ չենք մեծանա։ Արդարության համար նշեմ, որ հաց ուտելը իմ ֆիզիկական աճին ոչ մի կերպ չնպաստեց. ես խաբվել եմ։

Հաց ուտում էինք այն տանը, ուր առաջինն էինք հասնում։ Այդ խորհրդավոր ընթրիքներից մեկն էլ այսօրվա թեման է։

Գյուղում հիմնականում հացը թխում էին թոնիրում կամ փռում։ Հաց թխելը սովորական երևույթ էր, բայց մեր տատերի թեթև ձեռքով դարձել էր ավանդույթ-տոնակատարություն։

Մենք, ավելի կոնկրետ տատս, հացը թխում էր թոնիրում, մինչև որ եկավ այն չարաբաստիկ օրը, երբ ես ճաշեցի մեր հարևան Լ*** տոտայանց տանը։ Գնացի տուն ու սկսվեց իմ ու տնեցիների բանավեճը.

- Էն հացից եմ ուզում։

- Որ՞ հացից,- հարցրեց տատս։

- Լ***յանց տան հացից։

Չնայած ինձ բացատրեցին, որ «էն հացը» փռի հաց ա, ու մենք չունենք փուռ, ես հետ չկանգնեցի իմ ցանկությունից։ Առաջին հաջողությունն այն էր, որ տատս համաձայնվեց հաջորդ անգամ հացը թխել փռում։ Դա էդքան էլ հեշտ չէր, պետք էր «հասնել» փռին։ Փուռը բավականին հեռու էր,բայց հասանք։ Երկրորդ հաջողությունը, որն անսպասելի էր ու նշանակալի-շոշափելի, պապիս որոշումն էր.

- Րեխի հմա փուռ տեմ սարքի, որ փռի հաց ուտի։

Անսպասելի էր, որովհետև պապս, մեղմ ասած, փափուկկող չի։ Ինչևէ, սկսեցինք սարքել։ Իմ «կլուչ» տանել-բերելը համադրեցինք պապիս հնարավորությունների հետ ու երկու օր հետո մենք էլ փուռ ունեցանք։ Թոնիրի դարաշրջանը ծածկվեց տախտակներով, իսկ քիչ ավելի ուշ` քանդվեց։ Թոնիրի ավանդույթները փոխանցվեցին փռին, ու բոլորս սկսեցինք փռի հաց ուտել։

Տարիներն անցան։ Որքան շատ սկսեցի բացակայել տանից ու կտրվել փռի հացից, այնքան արժեվորվեց պայքարս։ Ցավոք,տարիներ կանցնեն ու թոնիրի նման փռի դարաշրջանն էլ կփակվի կամ կքանդվի։

SOna zakaryan

Հայկական «ուրույն» մտածելակերպ

Հայերը հաճախ են խոսում գենի, ավանդույթների, կրոնի և այլ հարցերի մասին: Սիրում են քննադատել դիմացինին, առանց իրենց սխալները տեսնելու ու ընդունելու: Հայերից շատերի մտածելակերպը «ավանդական» է, ինչպես իրենք են սիրում ասել և եթե ինչ-որ կարծիք են լսում, որն իրենց մտածելակերպին չի համապատասխանում, սկսում են քարկոծել այլ մտածելակերպ ու գաղափարներ ունեցող մարդկանց: Ձեզ եմ ուզում ներկայացնել հայերի շրջանում տարածված մի շարք կարծիքներ վերոնշյալ թեմաների վերաբերյալ:

1. Երբ հայը ամուսանում է օտարերկրացու հետ, սկսվում են քննադատությունները, բամբասում են տվյալ մարդու մասին, սկսում խառնվել նրա անձնականին` ասելով, որ հային վայել չէ օտարերկրացու հետ ամուսնանալը, հայը պետք է պահպանի «հայու գենը», թե չէ Հայաստանը կկործանվի:

2. Եթե աղջկա զգեստը շատ հայերի ասելով «կարճ է», (կարճն էլ հարաբերական է, նայած, թե ով, որն է համարում կարճ) Հայաստանում հակված են մտածել, որ նա լավ աղջիկ չէ, որովհետև իսկական հայուհուն և «հայու գենը» պահողին վայել չէ կարճ հագնվելը:

3. Որոշ հայեր ավանդույթ են համարում տանը կնոջ վրա ձեռք բարձրացնելը: Ինչքան էլ դժվար է հավատալ, որ գոյություն ունեն այդպիսի մարդիկ, ովքեր բռնությունը ավանդույթ են համարում, ցավոք, Հայաստանում շատ մարդիկ հենց այդպես էլ մտածում են:

4.Գենդերային անհավասարության շատ մեծ խնդիր ունենք Հայաստանում: Եվ այս գենդերային անհավասարությունը սկսվում է դեռ չծնված երեխայի սեռը իմանալիս: Մեծ ցավով եմ նշում, որ շատ ընտանիքներում ազատվում են երեխայից, միայն նրա համար, որ նա աղջիկ է ծնվելու:

5. Շատ հայեր մտածում են, որ այլ կրոնին դավանողները կամ առհասարակ աթեիստները հայ կոչվելու իրավունք չունեն ու առաջ են բերում մեր դարավոր «քրիստոնեական հավատը»: Ու ցավալին այն է, որ այդպիսի մարդկանցից շատ շատերը կարծում են, որ կնքված լինելը, տարին մեկ անգամ եկեղեցի այցելելն ու մոմ վառելը իրենց դարձնում է քրիստոնյա, մինչդեռ անգամ Աստվածաշունչ չեն կարդացել ու պատվիրանները չգիտեն:

6. Հայաստանում խոսում են օրենքից ու Սահմանադրությունից: Բայց ցավոք հայերի մեծ մասը դիմացինի իրավունքները հարգել չգիտի: Ամենավառ օրինակն այն է, որ եթե ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ են տեսնում միանգամից վառելու, քարկոծելու ու սպանելու ցանկություն է առաջանում: Բա ո ՞ւր մնաց օրենքը հարգող ու օրինապաշտ քաղաքացին: Ցանկացած մարդ կարող է ինչ-որ գաղափար չընդունել ու դեմ լինել, բայց ուրիշի իրավունքները ոչ մի դեպքում խախտել չի կարելի: Եվ հետո, ո՞վ է ասել, որ պետք է խառնվել ուրիշի անձնական կյանքին, ու դա քննարկման առարկա դարձնել: Յուրաքանչյուրը պետք է ապրի իր համար ու առաջին հերթին իր սխալներին ուշադրություն դարձնի:

7. Հայրենասեր ձևանալը  «մոդա» է դարձել: Սեղանի շուրջ մեր հերոսների կենացը խմելը  որոշ մարդիկ համարում են հայրենասիրություն կամ վերոնշյալ «ազգային արժեքների» պահպանումն է որակվում որպես հայրենասիրություն: Բայց օրինակ, աղբը գետնին նետելը նորմալ է, կապ չունի հայրենասիրության հետ:

Այսպիսի երևույթների մասին կարելի է անվերջ խոսել: Այսպիսի մտածելակերպը ինձ համար իրոք արատավոր է: Մեր հասարակությունում շատ բաներ պետք է փոխվեն և առաջին հերթին` սխալ մտածելակերպը: Միայն այդ ժամանակ ինչ-որ առաջընթաց նկատելի կլինի:

Իսկ հայերը իրականում շատ դրական ու լավ հատկանիշներ էլ ունեն, ուղղակի աճելու, զարգանալու ու ավելի լավը լինելու բավականին շատ տեղ կա:

Հ. Գ. 8. Մոռացա նշել, որ հայերը սիրում են իրենց գովել. «Ուրիշ ենք, էլի», «Մեզնից լավը չկա» և այլն: Հարգելիներս, եկեք ոչ թե ուղղակի խոսենք, այլ գործով ապացուցենք մեր ուրիշ ու լավը լինելը:

leyli tadevosyan

Բանակցությունների նուրբ արվեստը

Մեզանից շատ-շատերը ինչ-որ տարիքում մտածում են մասնագիտություն ձեռք բերելու կամ լավ հնչող աշխատանք ունենալու մասին: Ի վերջո մտորումները կանգ են առնում ինչ-որ պատասխանի` բժիշկ, ծրագրավորող, իրավաբան, ճարտարապետ և այլն: Ու մարդիկ, ամեն ինչ մոռացած, ջանք ու եռանդ չեն խնայում, որ հասնեն իրենց երազանքին. կրթություն են ստանում, լրացուցիչ դասերի մասնակցում, այսպես կոչված թրեյնինգների են գնում, որ կարողանան ոլորտի լավագույն մասնագետը լինել: Շատերին հաջողվում է, շատերն էլ շարունակում են ջանքեր գործադրելը: Մի բան եմ նկատել, որ ամենից շատ է անհրաժեշտ մարդուն ` անկախ մասնագիտությունից, հաջողության հասնելու համար: Հիմա կասեք` բախտ ունենալը, աշխատասեր լինելը… Ո’չ, սիրելինե’րս, ո’չ. խոսքը բանակցել իմանալն է, բանակցությունների նուրբ արվեստին տիրապետելը: Ջոն Քենեդին կասեր` թող որ մենք երբեք վախից դրդված բանակցությունների չգնանք, բայց թող որ երբեք չվախենանք բանակցությունների գնալուց:

Հիմա բացատրեմ:
Կապ չունի, թե ինչ մասնագիտություն ունես, աշխատանքդ ուղղակիորեն, թե անուղղակիորեն կապված է մարդկանց հետ փոխհարաբերությունների հետ, մարդկանց հետ «լեզու գտնելու» հետ, կարողացար անել դա, աշխատանքդ 90%-ով ավելի լավ կստացվի ու ավելի լավ արդյունք կտա, չկարողացար անել, ոչի’նչ, կյանքն առջևում է, շարունակի’ր փորձելը:

Ավելի պատկերավոր բացատրեմ: Բժիշկ եք, հիվանդը եկել է ձեզ մոտ, վստահ լինելով, որ ձեր նշանակած դեղատոմսը ճիշտ է, պիտի կարողանաք ճիշտ կերպով բացատրել, բանակցել հիվանդի հետ, որ հաջողվի թե’ հիվանդի բուժումը, թե’ դուք` որպես բժիշկ:
Լուսանկարիչ եք, պիտի կարողանաք հաճախորդին ճիշտ կերպով համոզել, որ ձեր լուսանկարները ամենալավն են, որ ընտրված են ճիշտ ու ամենահարմար ռակուրսից, այդպիսով կհաջողեք թե’ դուք, թե’ հաճախորդը:
Երկար չշարունակեմ: Մտածեք ինքներդ, ու ձեր մտածածի ու վերևում կարդացածի միջև հաստատ հատվող գծեր կտեսնեք:
Շատ կազմակերպություններ կան, որ պարբերաբար նախաձեռնում են սեմինարներ, ամառային դպրոցներ, դասընթացներ բանակցությունների մասին: Դրանց, իհարկե,  կարող եք մասնակցել. ինչ-որ պետքական բան հաստատ կգտնեք: Բայց բանակցությունների արվեստին հմտորեն տիրապետելու համար պետք չէ ծախսել հարյուրավոր դոլարներ, որ մասնակցեք սեմինարների ու կոնֆերանսների: Կարող եք պարզապես գնալ մոտակա շուկա: Այստեղ գործի հմուտ վարպետները ձեզ կսովորեցնեն` ինչպես համոզել դիմացինին, ինչպես յուրաքանչյուր իրավիճակից չոր դուրս գալ, փող աշխատել ու «ջան-ջիգյար» անել դիմացինի հետ, եթե անգամ նա հեչ էլ սրտովդ չէ, և ոչ միայն… Եվ իրոք… Մտնում ես շուկա, ու մեկ էլ` թարմ ձուկ, ընտիր դեղձ, ամենալավ միս և այլն, և այլն… Մոտենում ես դրանցից յուրաքանչյուրին, գնում նրանց անզուգական ապրանքը: Հետո ինքներդ ձեզ հարցրեք ու կտեսնեք, որ ապրանքը գնել եք ոչ թե որովհետև այն լավագույնն էր, այլ որովհետև վաճառողը, ի տարբերություն նրա կոլեգայի, որի ապրանքը գուցե ավելի լավն էր, ավելի ճիշտ էր մատուցում այն, ավելի ներկայանալի էր: Պատահել է, չէ՞: Ասում են` բանակցություններում հաղթանակ տանում են նրանք, ովքեր զգացմունքներ ցույց չեն տալիս ու խոսում են փաստերով, ճիշտ այնպես, ինչպես անում են շուկայում:
Ի դեպ, իրականությանը համապատասխանող բոլոր համընկնումները պատահական են:

razmikGasparyan

Փոփոխությունների ձգտող անփոփոխ «Ես»-ը

Անխոս, բոլորս էլ մեր կյանքի տարբեր փուլերում ինչ-որ նոր բան սկսելիս միշտ էլ մեծ-մեծ ակնկալիքներ ենք ունենում: Մտածում ենք. նոր միջավայր, նոր մարդիկ, էս անգամ լրիվ ուրիշ ձև կլինի, ավելի լավ կլինի… Ու էս խոսքերից հետո իրականությունը, բախվելով երևակայությանդ, կրկին փշրում է սպասելիքներդ: Ըստ իս՝ մեծ մասամբ կոտրված ակնկալիքներ ունենալու պատճառը մենք ինքներս ենք: Մտածում ենք նոր միջավայրի, նոր մարդկանց ու նոր փոփոխությունների մասին, բայց մոռանում ենք ամենակարևորը. իսկ մե՞զ ով է փոխելու, իսկ նոր իրականության ու փոփոխությունների մասին ակնկալիքները արդյոք չե՞ն հակադրվի մեր հին ու երբեք չփոփոխվող «ես»-ին ու նորից չե՞ն կոտրի սպասելիքները…

Միգուցե փոխես շրջապատդ, շրջապատիդ մարդկանց ու միջավայրդ, ու արդյունքում ոչինչ էլ չի փոխվի: Իսկ միգուցե փորձես 12 տարի՝ 4380 օր նույն «եսեր»-ի մեջ մնացած, ամուր պաշտպանած ու անընդհատ նոր փոփոխությունների ձգտող «ես»-դ գեթ մեկ օր փոխել:

Հարյուր անգամ փոխիր միջավայրդ, ծանոթացիր նոր մարդկանց հետ, փնտրիր նորություններ, տառապիր նորից կոտրված ակնկալիքներիդ համար, և ի՞նչ:

Մեկ անգամ փորձիր 4380 օր ապրածդ միջավայրում փոխել հենց ինքդ քեզ, անել այն փոփոխությունը, որը ակնկալում ես հերթական նոր միջավայրում, միգուցե գտնես այն, ինչ երկար ես փնտրել:

Խնդիրը մեր մեջ է, խնդրի լուծումը դրա գլխավոր լուծողի ձեռքում է: