Իմ էջը խորագրի արխիվներ

zarine kirakosyan

Գարուն էր

Ամեն օր իրար հետ էինք գնում, իր համար  մի տեղ նստում էր  ու պատուհանից նայում ինչ-որ շատ հեռուն, ինձ մեկ-մեկ թվում էր, որ ոչ մի տեղ էլ չի նայում, կամ  նայում էր  մի ուրիշ անցած իրականության, մեկ-մեկ քթի տակ ժպտում էր էն ծանոթ դեմքով, որով մարդիկ ինչ-որ մի բան են հիշում  հաճելի, անցած ու ափսոսանքով:

Էսօր Պապիկը կայտառ էր,  կլիներ մոտ 70 տարեկան: Բարձրացավ ավտոբուս ու չնստեց վերջին ազատ մնացած տեղը, զարմանալի էր:
-Դուք նստեք- ինքն առաջարկեց
-Վայ չէ, պապի ջան, դու նստի:
-Նստի, աղջիկս:
Ինձ էր ասում: Ախր, ո՞նց նստեի  ու կամ ոնց չնստեի ու հիշեցնեի, որ  ինքը երիտասարդ չի:
-Նստեցեք, նստեցեք նստեցեք,- 3… 6… 8… Մարդիկ բարձրանում հավաքվում էին դատարկ  նստարանի մոտ ու չէին նստում, հայացքներով հիշեցնում էին, որ «Դուք ծեր եք, դուք պիտի նստեք»:
Ինքը դեռ  համառորեն  պայքարում էր: Դրեց ականջակալները ու բարձր լսում էր Մարտին Վարդազարյանի «Խոսում է Երևանը» դեմքի անհոգ արտահայտությամբ,  աչքերի մեջ մի էնպիսի ապրելու ցանկություն կար: Աչքերը  երիտասարդ էին:  Էս անգամ պատուհանից դուրս ամեն անգամվա պես անորոշ չէին նայում, հափշտակվում էին ամեն քարով ու ծառով, իբր առաջին անգամ էին տեսնում,  ու ամբողջ կյանքը հայացքը էդ նույն տեսարանին նայելով չէր մաշել:
Գարուն էր, ծիրանենիներն ավետել էին: Գարունները անցածը հիշեցնելու սովորություն ունեին:

- Այ, Դուք, եկեք նստեցեք,- նոր տրանսպորտ բարձրացած մի 60 տարեկան մարդու առաջարկեց մեր հերոսը:
- Ես նստեմ` դուք կանգնե՞ք: Մեծ մարդ եք,- մի քիչ զարմանքով, մի քիչ ջղայնացած, հարցական տոնով դուրս թռան էդ բառերը ու շրջեցին ամբողջ ավտոբուսով:
Էս մեկին չդիմացավ: Վերջապես հանեց ականջակալները, խորը շունչ քաշեց  պարտված ու հանձնվածի դեմքով ու մի քիչ էլ նեղացած բոլորիցս,  էլի նստեց իր տեղը` պատուհանի կողքին: Աչքերը դարձան առաջվա պես տխուր ու 70 տարվա փորձով հագեցած:  Սկսեց  նորից նայել պատուհանից դուրս, հայացքն էլի մաշում էին նույն շենքերը ու իր աչքի առաջ մեծացած ծառերը,  որոնց ինքը ուշադրություն չէր էլ դարձնում, իրականությունից վերացած մի տեղ էր, որտեղ  երևի մեր ծնվելուն դեռ 30 տարի կար:
Գարուն էր, ինչ որ մեկը ուզում հիշել, թե ինչպես են երիտասարդ լինում:

Իսկ  մենք ակնարկում էինք, թե «երիտասարդը մենք ենք»:

Շերտավոր գարուն

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Գարունը եկել է: Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ է եկել:

Նախ օրերը երկարելու համար, որ ես ու ինձ պես շատերը առավոտվա մռայլությանը չխաբնվեն ու քնած մնան մինչև կեսօր…

Եկել է, որ ամեն առավոտ լսենք տրակտորների ու էլեկտրական սղոցների ձայնը: Գարունը եկել է, որ յոթ-ութ ամիս չորացած առուն ջրով լի նորից քչքչա: Գարունը եկել է, որ մենք մեզ հաշիվ տանք, որ շուտով էս դասարանն էլ կավարտենք:

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Գարնան պատճառները պիտի սիրես, ու ես շատ եմ գնահատում, որ ապրում եմ մի երկրում, որն ունի եղանակների բազմազանություն: Իմիջիայլոց, եղանակը ցույց է տալիս, որ գարունն էլ է շերտավոր, քիչ-քիչ բացահայտվում է` գիժ մնալով:

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Լուսանկարը` Ինեսսա Զոհրաբյանի

Իսկ գյուղամիջյան գլխավոր ճանապարհին արդեն ամեն առավոտ սպասում են ավտոբուսի, ոչ թե քաղաք գնալու, այլ դաշտեր` աշխատանքի, օրավարձով, սիրուն գլխաշորով կանայք, ու իրենց դեմքը արևից պաշտպանել ցանկացող ու մորուքավոր տղամարդիկ: Բա, գարուն է: Մենք էլ ծաղկենք ու գունավորվենք կրկին:

Անահիտ Բադալյան

Կիսված ապրիլն ու հիշողությունները

Բարև, հին ընկեր: Հուսամ՝ լավ ես: Վաղուց չէինք զրուցել, բայց քննությունները, «դեդլայններն» ու քոլեջի էս աննկարագրելի ակտիվ կյանքը շատ ու շատ բաների ժամանակ չեն թողնում: Էսօր ուզում եմ պատմել էս ամիսների մասին: Գիտե՞ս, դու շատ բաներ գիտես: Առանձին դեպքերով քեզ հետ բազմիցս կիսվել եմ, շատ բաների մասին պատմել եմ, սիրուն տեսարանները ևս փորձել եմ քեզ տեսանելի դարձնել: Բայց էսօր ուզում եմ խոսել էն մասին, թե մարդն ինչքան կարող է հասունանալ մի քանի ամսում:

Ամեն գիշեր քնելուց առաջ փորձում եմ մտովի հետ գնալ ու հասկանալ՝ ինչ եմ արել վերջին ամիսներին, ինչ եմ սովորել: Ու մտքիս առաջին թռիչքս է գալիս: Ես՝ դեռ երկար մազերով, հուզված՝ համ հայրենիքն ու բոլորին լքելու, համ ապագայի հանդեպ մեծ հույսեր, բայց մի քիչ տագնապ ունենալու պատճառով: Հետո հիշում եմ կորած ճամպրուկս՝ Վենետիկի օդանավակայանում: Նստած մարտկոցս ու Իտալիայում կորչելու մեծ վախս եմ հիշում: Օդանավակայանում 6 եվրոյով գնած պիցցայի մի փոքր կտորն ու լարվածությունից էդ պիցցայից առանձնապես բան չհասկացած ստամոքսս: Ցավող մեջքս եմ հիշում, որ երեք մեծ պայուսակ ուսերին 3-4 ժամ քաշ էր տվել Երևանից Վենետիկ: Հիշում եմ առաջին անգամ UWC Adriatic-ի ավտոբուս նստելս ու ամրագոտի կապել մոռանալս (վերջինս հաճախ էր կրկնվում սկզբնական շրջանում): Հետո հիշում եմ քոլեջ ժամանելս, ականջներիս իտալերենը, որ էն ժամանակ դեռ բացարձակապես չէի հասկանում, ու շուրթերիս անգլերենը, որ ամրապնդվեց էս ամիսների ընթացքում: Հիշում եմ սենյակիս պատուհանին մոտենալը, այն բացելն ու լաց լինելը: Երջանկությանս չհավատալն եմ հիշում: Հետո Նեմրայի “Last Chance To Love”-ը բարձր միացրած՝ սենյակս ձևավորելն եմ հիշում: Հիշում եմ՝ ինչ երկար էի նայում լուսնին ու ինչի մասին ասես՝ չէի մտածում․ հեռու անցյալից մինչև մոտ ապագա: Էկոնոմիկայիս առաջին տնայինն եմ հիշում, որի վրա երևի 3 ժամ ծախսել եմ, որ անթերի ստացվի, էն տնայինը, որը հիմա առավելագույնը 25 րոպեում կավարտեի: Հուզված Անահիտին եմ հիշում՝ կյանքում առաջին անգամ փիլիսոփայության դասախոսությանը նստած, էն Անահիտին, որը հիմա ձկան նման լողալ է սիրում փիլիսոփայության մեջ: Հա, լողալու մասին: Հիշում եմ՝ ծովի ափին ընկերներիս լողալիս լուսանկարելս ու իրենց պես լողալ իմանալ ցանկանալս: Ու հիշում եմ և այն, որ լողում եմ հիմա արդեն: Տեղանքին անծանոթ լինելու պատճառով մի քիչ անհանգիստ լինելս եմ հիշում ու հիմա Դուինոյով անընդհատ զբոսնելու անհագ ցանկությունս: Կյանքիս ամենասիրուն մայրամուտներն եմ հիշում ու ամենապայծառ արևածագերը: Երևի ոչ ամենատաքը, որովհետև ինձ ջերմացնողներից քիչ ավելի հեռու եմ: Սիրուն օրեր եմ հիշում, պաղպաղակներով ու ժպիտներով լիքը օրեր: Կարևոր թեստերից առաջ չփակված աչքեր ու թեստը ավարտած մաքուր խիղճ եմ հիշում: Էսքանը հիշում եմ մի ակնթարթում, բայց թվում է՝ երկար ժամանակ է պահանջվել էսքանը հիշողության գիրկը գցելու համար: Ու մի բան էլ եմ հիշում, որ հիմա ես ծովից ծով եմ, էնպես, ինչպես իմ Հայաստանը՝ ժամանակին: Ծովի էս կողմում ես ժպտալ ու անկեղծ ուրախանալ եմ սովորել, ինքնուրույն ու հաստատակամ ապրելուն ու ինքս իմ մասին հոգ տանողը լինելուն եմ հարմարվել, բայց այդ ամենը շնորհիվ էն մեծ կամքի ուժի, որ ծովից էն կողմ եմ ձեռք բերել: Ես ծովից էն կողմ մի ուրիշ ծով ունեմ: Իմ սիրելիների, թանկերի ստեղծած ծովը՝ խաղաղ, ջերմ, տաք ու ջինջ:

Ես ուզում եմ իմանաս, որ բոլոր ծովերում էլ փոթորիկներ լինում են: Բայց նավերը շարունակում են հանդարտ լողալ նրանց մակերեսին: Պինդ մնա, եթե փոթորիկներ սկսեն քո հոգու ծովերում, դուրս չգաս ափերիցդ ու չբորբոքվես: Ծովը նրանով է գեղեցիկ, որ կարողանում է լուռ հանդուրժել անձրևը, ձյունը, քամին ու այդքանով հանդերձ չի դադարում սիրունագույնս արտացոլել արևի լույսը:

Այս յոթ ամսվա ընթացքում շատ եմ մտածել ծովի մասին՝ ծովի ափին նստած: Ժամանակը, հեռավորությունը, քո առջև դրված նպատակների խոստումնալից ու պարտավորեցնող լինելն ու մտերիմներիդ բացակայությունը թափահարում են ալիքներդ, բարեկամս, ուզում են հունից հանել հոգուդ ծովը: Խաղաղ մնա, որ քեզ նայելիս մարդիկ զգան այն, ինչ ես՝ Ադրիատիկին: Սեր, հիացմունք, ներդաշնակություն ու․․․ կարոտ:

Հ․Գ․ Դասերի ու հանձնարարությունների թոհուբոհում շաբաթ օրը Սլովենիա եմ այցելելու, կկիսվեմ։ Մինչ հանդիպում, իմ բարեկամ:

alina grigoryanyerev

Կամք կամ հաջողություն հարմարավետության գոտուց դուրս

Հաջողության հասնել ցանկանում են բոլորը, այդ թվում և ես: Անցած տարի իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց հաջողության մասին իմ պատկերացումները:

2018 թվականի մայիսն էր, ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսում էի սովորում։ Համալսարանում էլի եկան ու հայտարարեցին հերթական «Ամառային դպրոց» ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի մասին։ Ծրագրի մասին գիտեի դեռևս առաջին կուրսից, սակայն չէի դիմել՝ վախենալով ձախողել ընտրական փուլը, փորձել նոր, ինձ անծանոթ մի բան:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը մոտ էր, նորից հայտարարություն արվեց։ Իրարամերժ մտքերը խառնվեցին գլուխումս։ Որոշեցի այնուամենայնիվ դիմել ու վերջին օրով լրացրի հայտադիմումը՝ ոչ մի լուրջ բանի չսպասելով (նախ` անցնելու հույս չունեմ, և հետո` անցնելու դեպքում էլ ծնողներս թույլ չեն տա գնալ արտերկիր)։

Եկավ հարցազրույցի օրը։ Հարցազրույցին ներկայացա կոստյումով ու շատ լուրջ դեմքով, պատասխանեցի բոլոր հարցերին, չնայած` պատասխաններս շատ անփույթ էին: Դուրս եկա քննական սենյակից աննկարագրելի ուրախ ու թեթևացած, քանի որ խիզախել էի գոնե փորձել:

Երկու շաբաթ անց տեղեկացա, որ ընտրական փուլը հաղթահարել եմ և պետք է մասնակցեմ վիճակահանության՝ հյուրընկալող երկիրը պարզելու համար։ Եվ ի՞նչ, իմ վերցրած թղթի կտորի վրա գրված էր աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Ֆինլանդիան՝ իր Օուլուի համալսարանով։ Ինձ տրված էր հնարավորություն, որի մասին նախկինում միայն կարող էի երազել։ Առաջին անգամն էր, որ կարողանում էի զգալ կամքիս հզորությունն ամբողջապես՝ հոգով, սրտով և էությամբ։ Ո՞վ կպատկերացներ, որ կյանքիս լավագույն օրերի մի մասը պիտի ապրեի «բացարձակապես անծանոթ» մարդկանց հետ, որոնց մեջ և պիտի գտնեի ամենածանոթներին։ Ծրագրի տևողությունը մեկ շաբաթ էր, բայց ստացած դասերը միայն մի շաբաթ չէր, որ պիտի կիրառվեին:

Ու հիմա իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ այս իրադարձությունից առաջ և հետո։ Ամառային դպրոցը միանշանակ ֆորմալ անունն է, սա դպրոց է, որում գլխավոր դերակատարը կամքն է։

Արդեն 3-րդ կուրսում եմ սովորում։ Այլևս չունեմ սխալվելու, կորցնելու ու չհաջողելու վախ, հիմա ես ունեմ միայն ուսուցողական հնարավորություններ:

suren karapetyan

Բա իմացա՞ք

Պապս «նվազող գների տեսության» դասական էքսպերտն է։

Ամեն անգամ, երբ երթուղային եմ (հայերեն՝ մարշրուտկա) նստում, անցնում թաղով կամ մտնում խանութ, ու գնաց․ մեկը պնդում է՝ էս երկիր չի, մյուսը՝ «ռսի հողի» ցավն ա տանում, երրորդը գազի գնից է բողոքում, իսկ մյուսն էլ անցնցում սպասում է («թողեք թող աշխատեն, էլի» հոգեբանությամբ): Սակայն կա մի բան, որից բոլորն են բողոքում, դե, գները, էլի։ Բողոքելը շատ հեշտ է (արդարության համար ասեմ, որ շատ դեպքերում՝ օգտակար, դե բողոքում ես, նյարդերդ հանգստացնում), սակայն հեչ չե՞ք մտածել՝ ինչու են ընդհանրապես դրանք բարձրանում։

Պատկերացնենք երկու դեպք․ առաջինում գները շարունակաբար նվազում են, իսկ երկրորդում՝ մնում նույնը։ Պապս միշտ բողոքում է՝ պնդելով, որ զարգացում ենք ապրում, էն ժամանակ հոսանքը շատ դժվար էր ստացվում, մազութ էինք բերում, ժամերով վառում, իսկ հիմա, հեն ա, արևին դեմ ես տալիս ու հոսանք ես ստանում։ Հիմա հասկացա՞ք պապիս էքսպերտ լինելը։

Ուղղակի տրամաբանենք, երբ գները նվազում են, արտադրողը ավելի քիչ շահույթ կստանա, բնականաբար, նա կդիմի հարկադրված կրճատումների։ Այսինքն, նույն հավանականությամբ այդ կրճատվածների մեջ կարող է հայտնվել հայրս, հորեղբայրս, քույրս․․․ Արդյունքում, նրանք քիչ եկամուտ կունենան և կամ ընդհանրապես այդ ապրանքից, ծառայությունից կհրաժարվեն կամ էլ ավելի քիչ կգնեն այն։ Ու էստեղ սկսվում են արտադրողի վատ օրերը՝ վաճառք չկա- չկա եկամուտ, չկա եկամուտ- չկա շահույթ, չկա շահույթ՝ փաստորեն երկիրը երկիր չի․․․

Հիմա նույնը պատկերացնենք ամբողջ տնտեսության մակարդակով։ Տնտեսագետներս սրան  ասում ենք գնային շոկ, երբ տնտեսությունը անընդհատ շոկի մեջ է ընկնում և հայտնվում խորը ճգնաժամի մեջ։ Իսկ երբ գները նույնը մնան, ապա տնտեսական աճի մասին պարզապես պետք է երազենք, քանի որ, կունենանք նույն արդյունքը, որը ոչ մի կերպ չի ոգևորի, մոտիվացնի արտադրողին։

Շատ հաճախ, երբ պաշտոնապես հայտարարվում է գնաճի մակարդակը, մենք համոզված ենք, որ մեզ խաբում են, և այն սահմանողը քայլում է օդերով ու թթվածնով սնվում։

Բայց գնաճը մի երկու ապրանքի ու ծառայության գներրի փոփոխությունը չի, այն բոլոր ապրանքների, բարիքների, ծառայությունների գների փոփոխությունն է, այսինքն, դրանցից շատերի գները նույնն են մնացել, նույնիսկ որոշներինը՝ նվազել։

Ընդհանրապես տնտեսագիտության մեջ կարող եմ նշել կարճաժամկետ և երկարաժամկետ էֆեկտները։ Կարճաժամկետում գնաճը մեզ՝ սպառողներիս, ձեռնտու չէ, սակայն երկարաժամկետում արդեն իրավիճակը այլ է։ Այս դեպքում բարձրանում են աշխատավարձերը, կենսաթոշակները, տոկոսադրույքը։ Պարզապես նշեմ, որ սա բնորոշ է «նորմալ» երկրին։ Եվ սրա հետ կապված հիշեցի լսարանում հնչեցված մի միտք․ երկրները լինում են նորմալ և Հայաստան․․․

sona mkhitaryan

Արդեն պրակտիկանտ եմ

Մի տեսակ տրամադրված չէի գնում պրակտիկայի, դե, դա երևի սկզբնական շրջանում էր։ Բարեբախտաբար, պրակտիկայի ղեկավարները բավականին հետևողական, պատասխանատու և պահանջկոտ են։

Կուրսի մյուս պրակտիկանտներից բազմաթիվ դժգոհություններ եմ լսում թե՛ ղեկավարների անհետևողականությունից, և թե՛ դպրոցից, որտեղ պրակտիկայի են գնում։ Յուրաքանչյուր դպրոց պրակտիկանտի նկատմամբ ցանկալի է, որ նորմալ վերաբերմունք ցուցաբերի։ Գիտե՞ք` նորմալ չէ, երբ մանկավարժը պրակտիկանտին նյութեր պատճենահանելու է ուղարկում։

Մանկավարժներից մեկի հետ ես և ընկերուհիս ընդհարում ունեցանք, սակայն մենք փորձում էին հնարավորինս բարեհամբույր լինել, որովհետև վերջում, միևնույնն է, մենք էինք տուժելու, բայց միևնույն ժամանակ հասկացնում էինք, որ մեզ անտեղի վիրավորելը մանկավարժին հարիր չէ։ Պրակտիկանտին` «սրանք» և 7-րդ դասարանի տղա երեխային «գործ տվող» անվանելուց առաջ խորհուրդ կտայի մանկավարժի իրավունք, պարտականություն և էթիկա վերընթերցել։

Պրակտիկայի ընթացքում 9-րդ դասարանում շատ եմ դիտում անցկացրել և ամեն անգամ մտքով համեմատություններ էի անում մեր գյուղի աշակերտների հետ։ Ինձ համար սարսափելի էր պատկերը։ Տղա-աղջիկ դասարանական հարաբերություններում բացարձակ հարգանք չկա։ Շփվում են միմյանց վիրավորելով, հարվածելով։ Իսկ մեր գյուղում դասարանի տղաները միամսյակի կապակցությամբ դասարանի աղջիկների համար անակնկալ խնջույք են կազմակերպում։

Հիշում եմ, որ առաջին դասարանից մինչև 12-րդ դասարանը յուրաքանչյուր մարտի 8-ին կողքիս նստող դասընկերս ինձ նվեր էր բերում, իսկ ես նրան՝ հունվարի 28-ին, և այսպես ամբողջ դասարանը։ Նույնիսկ մենք անակնկալ էինք անում տղաներին տորթով, նվերներով ու ժպիտներով։ Երևի դա նրանից է, որ նրանք 9-րդ դասարանից բաժանվում են և այդպես էլ ընկերներ չեն դառնում, իսկ մեր գյուղում ամենալավ ընկերը դասարանական, դպրոցական ընկերն է։

Տարիները վերքը չեն սպիացնում

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Դեռ մեկ ամիս առաջ էր, երբ Կալավան գյուղի համայնքապետ պարոն Սամվել Ծատուրյանը եկավ դպրոց և ասաց, որ մոտակա ժամանակներս ունենալու ենք մեծ միջոցառում` նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի երրորդ տարելիցին: Դպրոցի երեխաները ցանկություն հայտնեցին մասնակցելու միջոցառմանը: Գրականության և հայոց լեզվի ուսուցչուհի Արմինե Հարությունյանը և երաժշտության ուսուցչուհի Հերմինե Ղազարյանը միջոցառման պատասխանատվությունը վերցրին իրենց ուսերին:

Ուղիղ մեկ ամիս պատրաստվում էինք կայանալիք միջոցառմանը: Ի դեպ, միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն Կալավան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները, այլ նաև Դպրաբակ գյուղի աշակերտները:

Ահա և եկավ սպասված օրը՝ ապրիլի 11-ը: Միջոցառմանը ներկա էին Արմենակ Ուրֆանյանի մայրը, Քյարամ Սլոյանի մայրը, Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները, Կրասնոսելսկի երկրապահները, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին: Նրանց հանձնվեցին շնորհակալագրեր, ներկա էր նաև Ճամբարակի քաղաքապետը, հրավիրված էին զինծառայողներ` գեներալ Մուրազ Սարգսյանի գլխավորությամբ:

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Միջոցառումը տեղի ունեցավ Կալավան գյուղի խաչքարի մոտ, որը կառուցվել է Ապրիլյան պատերազմում զոհված Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի հիշատակին:

Միջոցառման ավարտից հետո մոտեցանք Անդրանիկի, Արմենակի և Քյարամի մայրերին, լուսանկարվեցինք նրանց հետ: Լուսանկարվելուց հետո ասացին, որ շուտ-շուտ կայցելեն մեզ, բայց փոխարենը պետք է լավ սովորենք:

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Լուսանկարը` Գեղանի Ստեփանյանի

Անդրանիկ Զոհրաբյանի հայրը Կալավան գյուղին նվիրեց նկար, որտեղ պատկերված էին Արմենակ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը և Ռոբերտ Աբաջյանը:

Տարիները վերքը չեն սպիացնում:

Կյանքի հարաբերականության մասին

Գրում եմ էլի, չնայած՝ մի երեք շաբաթ առաջ ինքս ինձ խոստացել էի, որ էլ կյանքում չեմ գրի, բայց մի բան ինձ հետ համոզեց։ Մի բան չէ, մեկի ասած մի նախադասություն։ Ուրեմն պիտի գրեմ։

Դեպքը չեմ ուզում պատմել, թե ոնց մտքովս անցավ այլևս չգրել։ Հոսպիտալում կորավ գրածներիցս մեկը։ Ինձ համար կարևոր մի բան։ Երևի կյանքում էդպես ոչ գրել եմ, ոչ էլ կգրեմ։ Ուղղակի բացի մի էջից, որը բուժքույրը կարդաց, ոչ մեկը չկարդաց էլ։ Նույնիսկ ես։ 25 էջ։ Իսկ ես բավականին մանր եմ գրում։ Ու էդ օրվանից մինչև հիմա գրիչը ձեռքս էի վերցրել միայն ինչ-որ անկապ բաներ ստորագրելու համար, ինչպիսիք խրձով օրվա մեջ ստորագրում ենք անիմաստ։ Ու էդպես «էլ կյանքում ոչ մի բան գրողը չեմ» եսս ապրեց մի 25 օր։ 25 օրվա կյանքով եսս մի քանի բառով մեռավ։ Ու կապ չունի՝ ինչ կլինի, լավ եմ գրում, թե վատ, դուր է գալիս ինչ-որ մեկին, թե չէ, ինչ պատահի՝ միշտ գրելու եմ։ Էս մի եսս հուսով եմ մինչև կյանքիս վերջը կապրի։

Հիմա, ճիշտն ասած, բավականին տխուր եմ։ Տրամադրություն ընդհանրապես չունեմ։ Հավեսով մեր տան հեռուստացույցի ալիքները կթերթեի ու մի բան կնայեի։ Երևի էլի եմ ասել՝ հեռուստացույց նայել շատ եմ սիրում։ Ու երևի իմ հասակակիցներից մի քանի անգամ ավելի շատ եմ ժամանակ ծախսել հեռուստացույցի վրա։ Դե, գիտես, հիմա ամեն մեկը մի բան որ ուզի նայել, ոչ պիտի սպասի մինչև չորեքշաբթի ժամը 20։45, ոչ էլ կռվի տանեցիների հետ, թե ինչ պիտի նայեն հյուրասենյակի ընդհանուր հեռուստացույցով։ Իսկ ինձ անասելի հաճույք է պատճառում այդ ամենը։ Ճիշտն ասած՝ կարգին չգիտեմ՝ ինչի։ Երևի էն տիպի եմ խուսափում որոշումներ ընդունելուց, որ նույնիսկ չեմ ուզում ինքս ընտրել, թե ինչ նայեմ։ Ինձ էդպես է թվում, ավելի խելքին մոտիկ պատճառ չեմ գտնում։ Դե, հաստատ չեմ ասում։ Երևի էդպես է։ Համ էլ էդ եղանակով չգիտես, թե որ վայրկյանին ինչ նոր բան կիմանաս ու որտեղից։ Օրինակ՝ եթե հեռուստացույց չնայեի, երբեք չէի իմանա, որ 2005 թվականին նույն իմ անունն ունեցող ինչ-որ մի տղա լոտոյով ժիգուլի է շահել։ Դե, եսիմ ինչ չի, բայց մեկ-մեկ հիշում եմ, թե ոնց էի 6 տարեկանում զարմացել, որ էլի մարդ կա Ստեփանյան Վահե անուն ազգանունով։ Էսքանը երևի հեռուստացույցների մասին։

Հետո, մի շաբաթ առաջ պապս էր մահացել։ Բաբկեն էր անունը։ Գյուղացի հասարակ մարդ էր, միամիտ, ահավոր աշխատասեր, էն տիպի, որ 87 տարեկանում ամբողջ այգին էտել է մինչև մահանալը։ Դեռ փորելու էլ էր։ Հետո չոքեչոք, ձեռքերով բոլոր խոտերը պիտի պոկեր։ Իսկ մեր այգին շատ մեծ է։ Նույնիսկ չեմ ուզում պատմել, թե ինչ անհեթեթությունից է մահացել։ Չեմ կարողանում առանց ներվայնանալու խոսել դեպքի անհեթեթությունից։ Ամբողջ արարողությունների ժամանակ ներվայնանում էի էն մարդու ճառերից, որտեղ նշվում էր, թե պապս 88 տարեկան էր։ Ախր, դեռ դեկտեմբերի 4-ը չի եկել, ի՞նչ 88։ Ես էդ մտահոգությամբ կիսվեցի ընկերոջս հետ հենց առաջին դեպքից։ Հետո նա ամեն 88-ի հետ ուսս սեղմում էր։

Իսկ քեզ խնկի հոտը տեսնես դուր գալի՞ս է, թե՞ չէ։ Ինձ շատ է դուր գալիս։ Այգին եկող տարի ո՞վ կէտի։ Լավ, մի բան կմտածենք։

arman mkrtchyn

Դեպի ձանձրույթի ցերեկույթը

Ամեն օր ատամներդ խոզանակում ես, նախաճաշում, լվացվում, արթնանում… է՜, հակառակը։ Հետո կանգառ գնում` մասնակցելու Ավարայրի ճակատամարտին։ Տանելով միայն բարոյական հաղթանակ` քեզ համար կանգնած (ավելի ճիշտ, կռացած) հասնում ես քոլեջ։

Ձանձրույթի ցերեկույթի ընթացքում ակտիվ ես լինում մի քանի դասերի ժամանակ։ Ծիծաղում ես բոլոր կատակների վրա` անկախ նրանից` դրանք ծիծաղելի են, թե ոչ։

Մի քանի բան սովորում ես, մի քանիսը` մոռանում։ Նոր նպատակներ ես սահմանում, երազանքներ ձեռք բերում։ Վիճում ընկերներիցդ մեկի հետ, ոչ միշտ հիմնավոր պատճառով, երբեմն օրդ մի քիչ հետաքրքիր դարձնելու համար։ Բայց իհարկե ցերեկույթի ավարտին հաշտվում ես նրա հետ` նեգատիվը քեզնից դուրս մղելու համար։

Ձանձրույթի ցերեկույթն անելուց հետո վերադառնում ես հավանաբար նույն կերպ, բայց առանց մարտնչելու։

Մտնում ես տուն ժամը 17:30-18:00 -ին, ճաշում ես,1 ժամ հանգստանում և սկսում դաս անել։1-2 ժամի մեջ տեղավորվելով` գնում ես պառկելու։ Թերթում ես ֆեյսբուքի էջդ, մի քիչ էլ Ինստագրամ, ու բարի գիշեր։ Մտածում ես ամեն ինչի մասին ու արթնանում ես 7:25, կրկին։ Լվացվում ես, նախաճաշում, ատամներդ խոզանակում և այլն։ Հասնում կանգառ ու սկսում ես գրել այս հոդվածը։ Գրելու ընթացքում նախորդ հոդվածի ցիկլը ամեն կերպ փորձում է մի նյութից մազապուրծ փախած հայտնվել էստեղ։ Բայց դու ամեն կերպ խանգարում ես դրան։

Գրում ես 20 համարի գազելի մեջ` առանց կաշկանդվելու, որ կողքիդ տղան կամ հետևիդ կինը կարող է կարդալ այն։ Գրելու ընթացքում նաև հասկանում ես, թե որքան ես սիրում գրել, ու սկսում ես էլի գրել, գրելով «գրել» բայը ևս տասը անգամ։

Ու մի պահ, թեև չես ուզում անիմաստ երկարցնել հոդվածը, բայց որոշում ես բոլորին իրազեկել, որ կրկին գազանանոցի մոտ մեքենա է շրջվել, ինչի պատճառով ուշանալու ես լեզվի դասից։

hripsime vardanyan

Մեկ տարվա դադարից հետո

Իմ լավ ընկերներից մեկը մի անգամ ասաց ինձ, որ ես պետք է գրեմ: Եվ ոչ միայն ես, այլ նաև մնացած բոլորը: Գրելով մենք արտահայտում ենք մեր մտքերը, պատմում ենք մեզ հետ պատահած զարմանալի կամ հետաքրքիր դեպքերը` տեղեկացնելով մարդկանց մեր կյանքի մասին: Նա ասաց, որ հոդվածների շնորհիվ որոշ մարդիկ կստանան շատ հարցերի պատասխաններ, կհասկանան մեր արարքների նպատակը և մեզ ավելի լավ կճանաչեն:

Բավականին երկար ժամանակ էր, ինչ չէի գրել: Գրեթե մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Կարող եմ ասել, որ ամեն ինչ է փոխվել:

Դպրոցն ավարտելուն պես ընդունվեցի Երևանի պետական մանկավարժական համալսարանի Ռուսաց լեզվի և գրականության բաժին: Ամբողջ ամռան ընթացքում սպասում էի, թե երբ է գալու սեպտեմբերը, երբ է սկսվելու այն նոր կյանքը, որի մասին այդքան լսել եմ:

Սեպտեմբերի 3: Իմ առաջին օրը համալսարանում որպես ուսանող: Ամբողջ օրը քայլելուց և շնորհավորանքներ լսելուց հետո վերադարձա տուն: Առաջին խոսքերը, որոնք տանեցիները լսեցին ինձանից, այն էր, որ ես այլևս համալսարան գնալու միտք չունեմ: Ասացի, որ համալսարանում անցկացրած մեկ օրը ինձ լրիվ բավական էր: Չգիտեմ՝ ինչու էր այդպես: Սակայն մի քանի օր անց, երբ ծանոթացա կուրսընկերներիս և դասախոսներիս հետ, հասկացա, որ հապճեպ որոշումներ կայացնել և կարծիք կազմել պետք չէ:

Այս մեկ տարվա ընթացքում երևի մեկ միլիոն անգամ մտածել եմ այն հարցի շուրջ` արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել՝ ընտրելով հենց այս մասնագիտությունը կամ հենց այս համալսարանը: Մտքերս ինձ հանգիստ չէին տալիս, սակայն ինչ-որ ժամանակ անց հասկացա, որ ես հենց այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ և կատարել եմ ճիշտ ընտրություն:

Հիմա կարդում եմ հոդվածս և հասկանում, որ գրելու կարիք էի զգում դեռ վաղուց: