Իմ էջը խորագրի արխիվներ

elada

Քննություններին ընդառաջ

Ահա և վերջ… Ճոխ ու առատ սեղաններից, տոնական զարդարանքից, հյուր գնալուց ու տոնական տրամադրությունից կամաց-կամաց պետք է հրաժարվենք, և միանգամից մենք՝ ուսանողներս, անցում կատարենք քննական շրջան: Այս անցումն առավել դժվար ու անսովոր է հատկապես առաջին կուրսեցիներիս համար: Այս անցումն անսովոր է թվում, քանի որ դպրոցական արձակուրդների ժամանակ մի կուշտ հանգստանում էինք տոներից, և բացի դա, էլ չէինք նախապատրաստվում քննությունների: Անհոգ կյանք եմ ասել, է՜… Բայց ինչ արած, պետք է կտրվենք այս ամենից և մեզ «հանձնենք քննություններին»:

Հոգեբանական տերմիններով ասված, սա կոչվում է հետտոնական դեպրեսիա:

Այս դեպրեսիան առաջանում է հատկապես այն ուսանողների մոտ, որոնց քննաշրջանը սկսվում է հունվարի 8-ից: Նրանք ստիպված տոնական օրերի, հյուրերի հետ մեկտեղ, պետք է հասցնեն պատրաստվել քննություններին:

Եվ իրոք իրական հերոսներ են նրանք, ովքեր տոնական տրամադրությունը մի կողմ են դնում, և իրենք իրենց տրամադրելով, նախապատրաստվում քննական շրջանին:

Այսպես սկսվեց առաջին կուրսի ուսանողներիս համար 2019 թվականը:

qnarik.mkhitaryan

Գեղաձորում ցուրտ է լինելու

Ասում են վաղը շատ ցուրտ է լինելու: Պետք է պատրաստվել, եղած գործերը հետաձգել, որովհետև ուժեղ քամին փակելու է ճանապարհները։ Ա՜խր, ինչպե՞ս, ես էլ ուզում էի դահուկներով բարձրանալ սար ու մի քիչ հիշել մանկությունս։ Մի՛ ծիծաղեք, ես էլ այդպես եմ հիշում մանկությունս, ու գիտեք ինչու՞, որովհետև ոչինչ էլ առաջվանը չէ։

Առաջ ամեն ինչ ուրիշ էր: Երևի պետք չէր, որ իմ այդքան երանելի երազանքը իրականանար, ու ես մեծանայի։ Այնպիսի տպավորություն է, որ ես մեծանալով խլել եմ իմ գյուղից ջերմությունը, մանկական անհոգ խաղերը, մեկս մյուսի օրով ապրելը: Ասես ես եմ խլել այդ ամենը։

Կրկին ձմեռ է, դուք չեք էլ կարող պատկերացնել թե ինչ գեղեցիկ է ձմեռը իմ գյուղում. փորձեմ ձեզ համար պատկեր ստեղծել։

Արագած լեռը իր թևերի տակ է առել իմ գյուղը, իմ փոքրիկ ու հարազատ անկյունը, այն ծածկված է սպիտակ սավանով, իսկ վերևից նայելիս տեսնում ես ծխնելույզներից բարձրացող ծուխը: Ճիշտ է, վառվող ծխնելույզների թիվը պակասել է, բայց միևնույն է, հասկանում ես, թե ինչքան ջերմություն կա այդ փոքրիկ անկյունում:

Պատկերացրեցի՞ր, երևի այո, բայց գիտե՞ս, ես հիմա այդքան չեմ երջանկանում դրանից, ինչպես առաջ, այնուամենայնիվ գիտեմ, որ ոչինչ առաջվանը չէ։ Երբ ընկերներիս հետ բարձրանում էինք ձյունածածկ սարը ու այդ ընթացքում ամբողջովին թաղվում ձյան մեջ, հետո շարունակում էլի բարձրանալ, ինչ է` ուզում էինք ամենաբարձր տեղից սահել։

Ես այդ մանկությունն ու ջերմությունն եմ ուզում, հասկանո՞ւմ ես։ Ուզում եմ թաղվել ձների մեջ, ձնագնդիկով դաժան հարվածներ հասցնել ընկերներիս, սահելու ընթացքում ունենալ ոչ բարեհաջող կանգ, ինչպես գրեթե միշտ էր լինում։

Գիտեմ, որ այդ ամենը ես էլ երբեք չեմ ապրի, բայց ուզում եմ աչքերս տեսնեն, թե երեխաները ինչպես են ապրում իմ ապրած քաղցր, ուրախ մանկությունը տաք ձմեռներով։

Երեխաների համար տաք ձմեռը տանն է, վառարանի կողքին, հեռախոսները ձեռքներին, բայց նրանք չեն պատկերացնում, որ ցուրտ դրսում խաղերը, ջերմ հայացքները, մանկական ժպիտներն են ձմեռը դարձնում հեքիաթային։

Իմ երջանիկ ձմեռը ես դիմավորել եմ ընկերներիս հետ, հացատանը` թոնիրում կախված (թոնիրի կողքին նստած, ոտքերը ներքև կախած), ջերմ մթնոլորտում, ուր չկար ոչ մի հեռախոս, ոչ մի ճոխություն, բայց կայինք մենք մեր հումորներով ու հետաքրքիր պատմություններով։ Դա կախարդական էր, այդ պահին առաջին ձյունն էր տեղում։

Էլի ձմեռ է, նույնքան գեղեցիկ, ինչքան առաջ էր: Վառարանը էլի տաքացնում է մարդկանց, ամեն ինչ գեղեցիկ է, բացի այն հեռվում թողած ջերմությունից։

Ոչինչ կարծես թե առաջվանը չէ ….

sveta davtyan

Մի ուսանողի օրագրից

Լրագրողները հասարակության պահապան շներն են

Ասում են, թե լրագրող դառնալու համար կարող ես չսովորել համալսարանում, չստանալ բարձրագույն կրթություն, դա կարող ես ինքնուրույն սովորել: Եվ ուրեմն ի՞նչ, այսօր աշխարհի բոլոր անկյուններում պիցա են վաճառում, բայց մարդիկ շարունակում են այցելել Իտալիա: Իհարկե, ինքնակրթությունը ամենակարևորն է, բայց յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր նրբություններն ու գաղտնիքները, որը կարող ես սովորել ուսումդ ստանալու տարիներին: Ես դեռ երեք տարի առաջ եմ որոշել դառնալ լրագրող:

Այն ինձ համար ամենահետաքրքիր, բազմաբնույթ, տեղեկատվական ոլորտն է: Ուզում եմ սովորել, զարգացնել ունակություններս և տիրապետել այս մասնագիտությանը: Կարծում եմ, որ լրագրողները իշխանության և ժողովրդի միջև կապող օղակ են, ովքեր կարող են շատ խնդիրներ բացահայտել և հետևողական լինել դրանց լուծման գործում:

Իսկ մամուլը հնարավորություն է տալիս արտահայտել մտքերը, գրել բոլոր այն մարդկանց մասին, ովքեր կատարում են կարևոր աշխատանք, բայց հանրության կողմից ճանաչում չունեն:

Կարծում եմ այս մասնագիտությունը հեռանկարային է:

Այսօր մարդիկ ամեն ինչի մասին տեղեկանում են լուրերի միջոցով, առանց մեդիայի դժվար է պատկերացնել մեր կյանքը:

Inesa Zohrabyan aragacotn

Հետտոնական մտորումներ

Արդեն տոները ավարտվեցին, և մարդկանց աշխուժությունն էլ նվազեց: Գիտե՞ք, այս տարվա առաջին օրերին զարմանում էի, երբ մեր մի քանի հյուրերից լսում էի, որ այս ամանորյա եռուզեռը դարձել է իմաստազուրկ: Այն ժամանակ, երբ այսպիսի ճոխ սեղաններ չեն կարողացել պատրաստել, ամեն ինչ ավելի համ ու հոտով է եղել, իսկ հիմա ամեն ինչ չափազանց շատ է ու հաճախ նաև ավելորդ: Հարցուփորձի ընթացքում էլ հասկացա, որ այս ձևականությունները, հաճախ նաև մրցավազքը հենց մենք ենք ստեղծել: Դե իհարկե, երևի դժգոհ ենք եղել չրեղենից, պասուց տոլմայից, ընդեղենից և որոշել ենք ավելացնել սեղանը լցնելու, հաճախ նաև սեղանի վրա խցկելու այլ ուտելիքներ: Իմ կարծիքով մեր մեջ ավելի շատ պետք է ներարկվի գնահատելու, միմյանց երջանկացնելու ու նվերներ տալու ավանդույթը: Այս վերջինը քաղաքում ավելի շատ է իրականացվում, քան մարզերում:

Իհարկե տոնական սեղան էլ է պետք, բայց չափավոր և համեստ` առանց պարտքերի ու վարկերի:

Տոներն ավարտվեցին, պարտքերն ու վարկերը շատացան:

tatevik haroyan

Ավագ քրոջ իրավունքով

Երբ փոքր էի, երբեք չէի մտածի, թե մի օր եղբայրս, որն ինձանից չորս տարի փոքր է, կմեծանա, և ավելին, կավարտի դպրոցը ու կգնա բանակ։ Մեծը լինելով` միշտ հետևում էի ոչ միայն իր, այլև քույրիկիս ու փոքր եղբորս մեծանալուն, ու չէի էլ նկատում, որ իրենց հետ և իրենցից առաջ ես եմ մեծանում։

Այնքան մեծացա, որ իրենցից առաջ ես ավարտեցի դպրոցը, ընդունվեցի համալսարան, դա էլ ավարտեցի, և հիմա անհամբերությամբ սպասում եմ քույրիկիս` համալսարանն ավարտելուն, սպասում եմ, թե երբ փոքր եղբայրս կավարտի դպրոցն ու կհաստատի իր քայլերն այլ, ավելի բարձր ասպարեզում։ Իսկ մինչ այդ ուզում եմ ասել, որ իմ թանկագին  մեծ եղբորը շատ եմ կարոտել: Այդքան կարոտում են բոլոր այն քույրերը, ովքեր եղբորը ճանապարհում են բանակ և Ամանորի հրաշքին սպասելու փոխարեն, սպասում հեռավոր ԼՂՀ֊ից մի թանկ զանգի։

Երբեմն զարմացած հայացքով նայում եմ այն անցյալին, երբ եղբորս հետ գնում էի դպրոց, օգնում էի դասերը պատրաստելուն ու միշտ ասում էի` երբ ես մեծանալու, որ ինքնուրույն անես դասերդ։

Հիմա նա և իր նման ու տարեկից շատ տղաներ պաշտպանում են հայրենիքի սահմանները, ինքնուրույն, առանց ավագ քույրերի հոգատարության։ Հիմա ես եմ ինձ փոքր զգում իր առաջ, զգում իր օգնության կարիքը։

Իմ սիրելի զինվոր֊եղբայր, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Այն առաջին անգամ նշում ենք առանց քեզ, բայց այն համոզումն ունենք, որ դու ես ապահովում մեր խաղաղ կյանքը, դու ես կանգնում սահմանին, որ մենք հանգիստ քնենք: Դու ես այդտեղ, որ քույրդ խաղաղ երկնքի տակ այս տարի ավարտի համալսարանը, եղբայրդ` դպրոցը, իսկ ես` ձեր ավագն ու ձեզ շատ սիրող քույրը, հպարտանա ձեզանով։

zarine kirakosyan

Ամանորյա քրոնիկոն

Դեկտեմբերի 31
Էս տարի  սարի դոշին քիչ մեքենա ու մարդիկ կան, թվում է,  լռությունը չի կոտրվելու, բայց  մեկումեջ ընդհատվում է ձյան ճռճռոցով.
-Պապ, ժողովուրդը էլ էս օրով գերեզման չի գնում, մարդիկ սկսել են Սուրբ Ծննդից հետո գնալ:
-Տատն ու պապը չգիտեն, որ ադաթները փոխվել են, իրանք էսօր են սպասելու,-կատակի տվեց  երևի, կամ էլ` չէ:
Հետո էլի քար լռություն էր: Կես ժամից արդեն կեսօրի կողմերը ձյան ճռճռոցն ու խնկի հոտը աջ ու ձախ ուղեկցում էին, հին մեռելներին հյուր եկածները գերեզմանների արանքներով հմտացած, բարձրանում էին` հասցնելով շաղակրատել կենցաղային հարցերով, նոր շիրիմների մոտ բոլորը լուռ էին, լացին մեկ պակաս լուռ:

Հունվարի 1

-Մոսոն դի կյա, էտ սեղանը տեսեք ինչ եք անում:
Մոսո` ամեն հունվարի մեկ սկսվում է իր` մեր տուն գալով:
-Հըն, կամանդիր, ի°նչ կա սահմաններին, էս օրերին հո շատ չե՞ն  կրակում:
-Մի օր` լավ, մի օր` կեշ, Վարդան ջան:
-Մամիկո°ն,- Մամիկոն` 14  տարեկան եղբայրս,- լսել եմ` Գերմանիա ես քյացել, վե՞նց զատերին էտ  նեմեցնին:
-Լավն էին, հոպար:
-Հա, ասում են` լավ երկիր ա: Քյացեք, քյացեք, մենք էլ տենանք` ինչ ենք անում: Քյանք (գնանք), երկու ժամից պիտի պոստ դյերեմ (բարձրանամ), ռավետը սմենափոխ ա:
Զանգ.
- Հա, հա, իմ  հընգեր Մամիկոնին հիշում իր, չէ՞: Չէ, էն, վեր Հորադիզ 94-ին զոհվեց, իրանց տուն եմ եկել: Հա իրա ախպոր` Վարդանի: Բա վե°նց դենք դյերի պոստ, վեր ճամփեքը փակ ա:
Հեռուստացույց.
-Սիմբա, խնդրում եմ կրկնիր, «Ակունա մատատա»:
-Բայց դա ի՞նչ է նշանակում, Տիմոն:
-Անհոգ եղիր:

Հունվարի 2

-Մամ, էս տարի ինչի՞ տարի էր, անընդհատ մոռանում եմ:
-Խոզի, բալես:
-Մամ, բայց Խոզի տարին եղել ա: Հիշում եմ մեր օրացույցը, վրեն հիմար շորերով ծիծաղելի խոզ էր նկարած:
-Ճիշտ ես հիշում, բայց էդ 12 տարի առաջ էր,  2006-ին:
- 2006-ին,12 տարի առաջ:

12տարի առաջ…

Հունվարի 3

-Ժիրո ջան, բարև, լավ տարի ըլի, տա՞նն եք:
-Հա, Վարդան ջան, բայց տավարից եդը:
Տավարից եդը – տավար` նույն ինքը, անասուն, եդը` հետո, տավարից եդը` վերջին անգամ  անասուններին կեր տալուց հետո, ձմեռվա ժամանակով երեկոյան ժամը 18:00-ին:
-Լավ, ժիրո ջան, դե կրեվանք:
Օրվա լուսանալը ամեն տեղ չի, որ արևի հորիզոնից բարձրանալն ա,  օրվա լուսանալը էդ մեկ-մեկ առավոտ գոմի դուռ բացելն ա, կարաս արևից էլ շուտ բացես… Օրն էլ մթնում ա էդ նույն դուռը վերջին անգամ փակելուց հետո: Թող թանձր մութ լինի, թե  հլը գործ կա անելու` առավոտն ու իրիկունը դու պիտի որոշես:
Հետաքրքիր բան ա:

mariam nalbandyan

Ուսանողական էտյուդներ

Կատարվող դեպքերը, հերոսները և անունները հորինված են, և ցանկացած համընկնում իրականության հետ, պատահականություն է։ 

Աստիճաններ

Արևն արդեն թեքվել էր զենիթից՝ հայտարարելով օրվա երկրորդ կեսի սկիզբը, երբ երեք ուսանողներ իրար մի կերպ հրելով փորձում էին չորրորդ հարկ հասնել։ Անուշը մինչև լսարանի մուտքը առաջարկում էր հետ գնալ ու դասի չնստել, Մարիամը ինչպես միշտ, թափում էր ձեռքի մեջ եղած ամեն ինչ ու մի ձեռքից մյուսը փոխում գրինֆիլդի մորու համով առանց շաքարավազի թեյի թղթե բաժակը, որը այրում էր իր՝ սովորականից ինչպես միշտ սառը ձեռքերը։ Թեյը հինգ րոպե առաջ էր ձեռք բերել համալսարանի կողքի պատճենելու, ինտերնետից օգտվելու, թեյ ու սուրճ խմելու, հաց ուտելու տեղից, արտաբերելով՝ ինձ ինչպես միշտ, իսկ Անուշը ահագին ուրախացել էր, որ երրորդ տարում իրենք արդեն ունեին իրենց «ինչպես միշտ»-երը համալսարանի կողքի բազմաֆունկցիոնալ տպա-սրճարանում։ Երրորդը՝ Անետը, փորձում էր թույլ չտալ դեպքերին շեղվել իրենց բնականոն ուղուց։ Նա քայլում էր վերջից, որպեսզի Անուշին թույլ չտա շրջվել ու հետ գնալ, վերցնում էր Մարիամի գցած շարֆը, տալիս ձեռքը, որովհետև վերջինս սեփական թեյն էլ շուռ տար՝ չէր նկատի, ու Անուշի մեջքից հրում էր, որովհետև սա էլ կանգնել ու հրաժարվում էր դասի գնալ։

-Դե, բարձրացեք, ուֆ, Անուշ, սուս մնա, Մարիամ, շարֆդ էլի գցեցիր, դուք ո՞նց եք ֆրանսերենի քննություն տալու, էս ինչ «արխային» եք ընկել, շարժվի Անուշ, ո՞ւր․․․

Մարիամին իսկապես շատ էին զվարճացնում էսպիսի տեսարանները, երբ Անետը, հոգատար մոր նման փորձում էր փրկել իրենց գիտելիքները, հեռու պահել հիմարություններ անելուց, կամ, գոնե մի քիչ սթափ մտածել։

-Մեկ ա, ոչ մի բան չեմ խոսում ես էդ դասին, ինձ չի օգնում ֆրանսերենը, բան չեմ անում,- բողոքում էր Անուշը՝ հազիվ մի աստիճան էլ բարձրանալով։

-Է, անեիր տնայինը։

-Արել եմ, բայց չեմ ներկայացնելու, չեմ ուզում։

-Մարիամ, գրողը տանի, սուս մնա։

Մարիամը ծիծաղից ավելի դանդաղ էր բարձրանում, եթե իհակե, դա կարելի է բարձրանալ համարել, թեյը հենել էր բազրիքին ու հռհռում էր ստեղծված իրավիճակից։

Անետի խիստ հայացքից հետո բոլորով շարունակեցին բարձրանալ ու շարքով խելոք մտան լսարան ու զբաղեցրին իրենց տեղերը։

Մի բան պակաս էր։

-Մերին ո՞ւր ա։

-Շատ եմ իմանում։ Էլի ուշանում ա։

***

Լեկցիա

-Վայ գրողը տանի դու կփոխվե՞ս, թե՞ չէ։

Անետը էլի խոսում էր հեռախոսի թվերի հետ ու համոզում րոպեն ցույց տվող թվին շուտ փոխվել։ Անուշը հեռախոսով ինչ-որ խաղ էր խաղում, Մերին միակն էր լսարանում, որ դաս էր լսում, իսկ Մարիամը գլուխը սեղանին դրած քնել էր։

Լեկցիան մնում էր օդի մեջ ու իրեն հաղորդակից էր դարձնում միայն Մերիին։ Վերջինս մեկ-մեկ հարցեր էր տալիս, որոնցից Մարիամը վեր էր թռչում տեղից։

-Աստվածնե՜ր, Մերին դաս ա լսո՞ւմ։

-Ըհը։

-Ուրեմն կարանք մենք չլսենք, չէ՞։

-Ըհը։

Իրար հետ սովորելով չորս աղջիկները ձեռք էին բերել աններելի սովորություն․ իրենցից մեկը եթե մի բան գիտի, հաշվում են, որ մյուսներն էլ գիտեն, ու էլ չեն հետաքրքրվում։ Որովհետև քննություններից առաջ իրար բացատրում ու սովորեցնում են։ Իսկ չորսից դաս լսողը միշտ Մերին էր դուրս գալիս, մեկ-մեկ էլ Անուշը։ Անետն ու Մարիամը, երբ, իհարկե, Մարիամը քնած չէր լինում, խոսում էին իրար հետ ինչից ասես։ Էս երկուսը էնքան արագ ու աննկատ էին սովորել խոսել, որ աշխարհի բոլոր թեմաները քննարկելուց հետո նայում էին ժամին ու տեսնում, որ դասից մի րոպե է անցել։

***

Կարևոր դաս

Մարիամը շրխկացրեց երթուղայինի դուռը ու իր ունեցած բոլոր ոտքերով սկսեց վազել։ Վազում էր նա, եթե անկեղծ լինենք, ոչ այնքան։ Մի կերպ տարբեր մարդկանց շրջանցելով ու բաց դռան առաջ ոչ մեկին չզիջելով՝ հասավ լսարան։ Կարևոր դաս է։ Իրականում, ամեն կիսամյակ մի էսպիսի դաս լինում էր, որից Մարիամը ֆոբիա ուներ։ Մեռներ՝ չէր բացակայի, չուշանալու համար էլ կյանքը կտար։ Մի շարժումով վերարկուն կախիչին շպրտելուց հետո նետվեց իր համար ազատ թողած չորրորդ աթոռին։

-Մար, պրիվետ, ինչ կա՞։

-Սկսե՞լ ա։

-Չէ, տեսա՞ր էն ուղարկածս նկարը․․․

-Սուս մնա, սկսվում ա։

Մարիամը հանեց տետրը, գրիչը, հավաքեց մազերը, ու մյուս երեքն իմացան՝ առաջիկա մի ժամ 20 րոպեն պետք չէ Մարիամին ձեռք տալ, որովհետև կարծում է, թե մի վայրկյան էլ շեղվի, էդ մի վայրկյանում կասվի ամենակարևոր բանը, որը ինքը բաց կթողնի ու հետո հոգին էլ տա սատանային՝ չի լրացնի։

 

***

Դասամիջոց

Մարիամը արդեն հագնված նվնվում էր։

-Վայ, դե պրծեք, գրողը տանի, էս ինչ երկար եք հագնվում, Մերի, լավ էլի․․․

Դասամիջոցից արդեն տասը րոպե անց չորս աղջիկները կիսամեռ դեմքերով ուտելիք էին առնում։ Հետո կիսամեռ դեմքերով ուտում էին, հետո վազում համալսարանի մոտի կատուների հետևից, հետո իրար ինստագրամով վիդեոներ ցույց տալիս, հետո իրար ինչ-որ անհասկանալի բաներ պատմում, հետո դասամիջոցից անցավ ևս տասը րոպե։

Գրողը տանի։ Էս ինչ արագ ենք։

-Եկեք չնստենք դասի, էլի։

-Հաց ենք կերել, ափսոս ա։

-Ըհն, չնստեն, совсем распустились,- զգուշավորը, ինչպես միշտ, Անետն էր, որը ջղայնացած ժամանակ (և ոչ միայն) ռուսերեն էր խոսում։

-Միիիի անգամ։ Մի՜ անգամ ընդամենը դասի չենք նստել, Անետ, մեզնից դոձիկ չկա։

-Ըհն, շատ լավ ա։

Մնացած ամբողջ ժամանակը (շռայլ տասը րոպե) վերադառնում էին խանութից համալսարան (հեռավորությունը 100 մետր լինի հազիվ), ու կռվում՝ գնան ներս, թե մնան դուրսը։ Հետո Անուշը, ինչպես միշտ, հիշում էր, որ տնային ունի վերջացնելու, ու նրանք սկսում էին իրար հրելով մի կերպ չորրորդ հարկ բարձրանալ․․․

***

Վիդեոչատ

Ամեն կիսամյակի վերջում գալիս էր վիդեոչատերի ժամանակաշրջանը, երբ վերոնշյալ չորսը փորձում էին միասին գլուխ հանել դասերից։

-Մերի, էդ տեսախցիկի ֆիլտրը անջատի, կենտրոնացի, դաս ենք անում։

-Իմ excel-ը չի աշխատում։

-Ո՞ւմ տնեցիք են գոռո՞ւմ։

-Իմ excel-ը չի աշխատում։

-Ո՞ր խնդիրն անենք։

-Excel-ս չի աշխատում։

-Վա՜յ դե․․․

-Ու սա մեր կյանքի լավագույն տարիներն են․․․

-Մարիամ, էդ կատվի վիդեոն անջատի, Մերի, դու էլ էդ ֆիլտրը, Անետ, excel-դ փակի, դեպրեսիադ էլ հետը, սկսում ենք․․․

-Եղավ, Անուշ․․․

-Խնդիր համար մեկ․ սկսեցինք։

Դե, սկսեցինք։

Ռետրո 80, կամ` էն ժամանակ լավ էր

Շաբաթ գիշեր` երեքին մի քանիս պակաս, լսում եմ Виктор Цой – Звезда по имени солнце, աշխարհի ծանրությունը վերցնում ինձ վրա ու չգիտեմ քանիերորդ անգամ շարունակում պատկերացնել 80-ականների կյանքը` և’ ԽՍՀՄ, և’ դրանից դուրս աշխարհում:

Ես չեմ հավատա, եթե ասես, որ ոչ մի անգամ չես ցանկացել հայտնվել որևէ ժամանակաշրջանում: Օրինակ` ընկերներիցս մեկը ցանկանում է հայտնվել տամպլիերների (խաչակիրների), մյուսը` Վայրի Արևմուտքի, երրորդն էլ` Հայրենական պատերազմի ժամանակաշրջաններում: Իմը` (արդեն գլխի ընկած կլինեք) 80-ականներն են:

80-ականները սկսել եմ ճանաչել հիմնականում երգերով: Առաջին քայլերը արեցի,  երբ սկսեցի լսել Ցոյի երգերը: 14-15 տարեկան էի: Սկզբում միայն երաժշտությունն էի հավանել (հա’, գրեթե միատոն ու միաժամանակ յուրահատուկ ռիթմը): Հետո սկսեցի բառերին ուշադրություն դարձնել: Շատ կարճ չանցած արդեն չորս ընկերներով «մնացել էինք Ցոյի տակ» (ուրիշ ձևով չեմ կարող բացատրել): Իսկ մեր պատկերացումները էլ ավելի էր բորբոքում ընկերոջս հոր` սպորտային ակումբի 80-ականների ոճով կահավորված և այդ դարաշրջանով ներծծված սենյակը (իդեպ, առ այսօր մենք հավաքվում ենք նույն սենյակում` բայց արդեն վերանորոգված): Այնտեղից պատահմամբ գտանք ընկերոջս հոր երաժշտական հավաքածուն. պարզապես թվարկեմ` Deep Purple, Dire Straits, Dave Grusin, Сектор Газа, Queen, Группа Кино, Van Halen, David Gilmour, Aerosmith, CC Catch, Michael Jackson…

Փորձեցի առանձնացնել ամենա-ամենաներին: Եվ դրանից հետո գրեթե ամեն օր լսում էինք: Սակայն մեզ ժամանակակից նվագարկիչով լսելն այնքան էլ չէր գոհացնում: Այդ ժամանակ ընկերոջս մոտ նոր գաղափար առաջացավ` ստեղծել մերը` հնի ոճով ու որակով: Մեկ ամսում բոլոր մասերը ճարվեցին, ու մենք գրեթե 100 տոկոսով վայելում էինք 80-ականների ձայնը: Լսելուն զուգահեռ սկսում էինք քննարկել, պատկերացնել 80-ականների ամեն մի դետալ ու ևս մեկ անգամ միմյանց համոզել, որ հիմա երգերը ընդհանրապես չունեն որակ, տպավորություն է, թե ով ինչքան շատ, նոր  ու արագ երգ գրի ու կատարի, նա էլ կարող է հանգիստ համարվել «սիրված», «վաստակավոր», «ժողովրդական» ու էլ չգիտեմ ինչ «տիտղոսակիր» երգիչ: Դե հայկական շոուբիզնեսի (եթե իհարկե գոյություն ունի), կամ ուղղակի բիզնեսի մասին ուղղակի լռեմ…

Արդարության համար նշեմ, որ հիմա նոր թափ է ստանում 80-ականների թեման: Օրինակ`  YouTube-ում կարող եք գտնել տասնյակ ալիքներ, որոնք ստեղծագործում են հին ու բարի 80-ականների ոճով, նույնիսկ տեսահոլովակներն են նկարվում 80-ականների տեսաերիզով (VHS):

Սակայն չեմ կարող չնշել, որ յուրաքանչյուրս պատկերացնում և նույնիսկ մեզ համոզում ենք, որ նախկինում մարդիկ եղել են ավելի բարի, ազնիվ, իսկ արդարությունը հազվադեպ երևույթ չի եղել: Եթե ծնվեինք անցյալում, ապա ավելի երջանիկ կլինեինք: Մենք ՄԵՐ ժամանակաշրջանը պատկերացնում ենք միայն դրական կողմից, որն էլ այդքան ցանկալի է դարձնում անցյալը: Ասվածը ավելի լավ հասկանալու համար խորհուրդ կտամ դիտել «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմը: Ասյքանը, իսկ ես միացնեմ «Oliver Cheathman- Get Down Satuerday Night» ու շարունակեմ 80-ականներում հայտնվելու եղանակներ փնտրելը:

Ասում են` Ամանորի գիշերը հաշքներ լինում են, մեկ էլ տեսար…

aneta baghdasaryan

Միջքննական

5,4,3,2,1… Վառվեց կանաչը։ Երկու քայլով անցա նեղլիկ փողոցը, որը դեպի տուն էր տանում։ Ցեխոտելով կոշիկներս քայլում էի փողոցով, որը դեռ առավոտյան ծածկված էր փափուկ ձյան հաստ շերտով։ Երբ ժամեր առաջ գնում էի համալսարան, թարթիչներիս վրա հավաքելով ձյան փաթիլները, ուրախ էի, որ գնում եմ այս տարվա վերջին քննությունը հանձնելու։ Էլ ֆրանսերենի բանավորից մեկ օր առաջ թեմաները պարապելու փոխարեն Oպտիմիզացիայի մեթոդներ և կանխատեսումներ առարկայի խնդիրները չէի լուծի, տոմսը քաշելուց չէի աղոթի, որ «écologie» թեման ընկնի։ Էլ ամբողջ օրը չէի նստելու համակարգչի դիմաց խենթի պես նույն խնդիրը անընդհատ լուծելով, որովհետև դասախոսի ու քո «սոլվերները» տարբեր թիվ են ստանում, որպես նույն խնդրի պատասխան։

Ուրախ էի, որ էլ ստիպված չեմ լինի արթնանալ առավոտյան մի ժամի, որ դեռ առավոտ էլ չես կարող համարել․ դրսում մութ է, իսկ տան միակ արթուն մարդը դու ես՝ խղճուկ ուսանող, ով, մոռանալով սեղանին դրված թեյի մասին, իրեն դուրս է նետում տանից, որ չուշանա։ Արթնացել էի պլանավորածից ուշ, բավականին ուշ և համարյա վազում էի մութ փողոցով, ուր միայն ես էի և մի շեկ կատու։ Ամբողջ շաբաթ համակարգչի էկրանին նայելուց կարմրած աչքերդ հազիվ բաց պահելով նստում եմ տրոլեյբուս, որտեղ տաք օդից քունս ավելի ու ավելի է տանում։ Հասնում կանգառ ու տեսնում ինձ այնտեղ սպասող կարմրաչյա մեկին։ Շնչակտուր բարձրանում վեցերորդ հարկ, վերարկուն հանում ու մտնում եմ լսարան։

Համակարգիչս անջատվեց հենց քննության սկզբում (բարեբախտաբար) և նորից միանալու նշույլ անգամ չկար։ Տեղափոխվելով մեկ ուրիշ համակարգչի մոտ՝ սկսեցի նորից հավաքել խնդրի տվյալները «էկզելի» վանդակների մեջ, հնարավորինս ուշադիր, որ վերջում աննորմալ պատասխան ստանալուց հետո չընկնեմ նորից ամբողջը ստուգեմ ու հասկանամ, որ ոչ թե բանաձև եմ մոռացել, այլ ուղղակի թերթիկից թիվ արտագրել չգիտեմ։ Խնդրի պահանջը կարդալիս հիշում եմ թեստի պարունակության մասին ընկերներիս կանխատեսումները․ «Հաստատ մուլտիպլիկատիվ ա լինելու, ցիկլի երկարությունն էլ` զույգ»։

Ուրախ էի, որ էլ չէի բացելու այդ թեստն ու տեսնելու, որ խնդրի վերջին կետը լուծված է, և ինձնից պահանջվում է «ընդամենը» այն մեկնաբանել։ Չեմ ասի, որ կազմեցի ֆրանսերենով երբևէ կազմած լավագույն նախադասություններիցս մեկը, բայց ուրախ եմ, որ դա էլ ավարտվեց։ Ուրախ եմ որ էլ երազում ձևաթուղթ չեմ լրացնի, որ անիմաստ չեմ գոռգռա տնեցիների վրա, որոնց՝ կողքի սենյակում զրուցելն ինձ խանգարում էր կենտրոնանալ Կոբ Դուգլասի խնդրի վրա։

Կարծես թե ավանդույթ է դարձել հետքննականեր գրելը, չնայած այս անգամ այդքան էլ հետքննական չի։ Ավելի շատ միջքննական ստացվեց։

Դե, հունվարից էլ արդեն լեկցիոն նյութեր հայթայթելով ու դրանք սերտաճելով, նոր ուժերով կշարունակենք մեր քննական մարաթոնը։ Հուսամ, սա կլինի միակ տարին, երբ չմասնակցեցի ամանորյա տոնածառի զարդարմանը։

Խառը օրագիր

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը ու ցանկանում, որ երբեք հարազատներից հեռու չանցկացնեք էս հրաշքներով լի տոնը: Ձեզ անկեղծ լավագույնն եմ մաղթում: Հիմա ուզում եմ Ամանորի, հունվարի մեկի ու չափազանց կարևորի մասին խոսել:
Հեռու-հեռավոր 2010թ – ցայսօր

Միլուշին վաղուց գիտեի, որովհետև մեր ու իրենց տունը բավականին մոտ էին ու փողոցներում, խանութներում տեսել էի, էդպես գիտեինք իրար, բայց պաշտոնապես ծանոթացա 6-րդ դասարանում, երբ դպրոցս փոխեցի ու տեղափոխվեցի նոր միջավայր: Սկզբում էդպես մտերիմ չէինք, հետո ժամանակի հետ գտանք իրար ու որոշեցինք երբեք չթողնել: Արագ ընկերացանք, որովհետև շատ բան էր կապում. երաժշտական ճաշակ, նախասիրություններ, առհասարակ ճաշակ, երազանքներ ու մտքներովդ էլ ինչ անցնի: Տարիների ընթացքում շատ բաների միջով ենք անցել, անկումներ ենք ունեցել, բայց ավելի շատ վերելքներ ենք ունեցել: Ես օգնության կարիքի դեպքում առաջինը Միլուշին եմ դիմել՝ վստահ լինելով, որ օգնելու է ու ինձ մոտ ստացվելու է: Ուրախ առիթներս սիրով կիսել եմ հետը: Տխուրների ժամանակ զանգել, լացելով վազել իրենց տուն, որ գրկի ու ասի մեր ամենասիրելի արտահայտությունը. «Ավելի վատ կարող էր լինել»: Երկար-բարակ չպատմեմ, բայց Միլուշն ինձ համար միայն ընկերուհի չի, քույր ա, հոգի ա, հարազատ ա:

 

2010թ. – 2018թ. գարուն
7-8 տարի կլինի, ինչ գիտենք, որ հնարավոր է մի օր գա, որ Միլուշենք ընտանիքով մեկնեն Ֆրանսիա: Մի էդքան տարի ամեն անգամ ուրախանում էինք՝ մտածելով՝ ջան, էս տարի էլ չգնացին: Ու ամեն անգամ, երբ մի առիթով հիշեցնում էր էդ գնալու հնարավորությունը, ինձ անասելի հեռու էր թվում էդ ամենը ու էնքան անիրական: Ու երանի էդպես էլ մնար…

 

2018թ. ամառ
-Լիդ, դեսպանատնից կանչել են:

2018թ. ամառ

Մի օր Միլուշը պատմեց, որ Երևանում պիտի գնան ֆրանսերեն պարապելու: Հետո ամեն օր գալիս ու պատմում էր՝ ինչ սովորեց, ոնց անցավ պարապմունքը: Իմացա, թե ինչքան դժվար են բայերի ժամանակաձևերը ու թվականները, մի երկու բառ սովորեցի: Ուրախացանք, տխրեցինք, էլի ուրախացանք, որովհետև գիտեինք, որ հետո դեռ տխրելու առիթ ու ժամանակ կլինի:

2018թ. օգոստոս
- Լիդ, անձնագիր ենք ստացել:

2018թ. սեպտեմբեր

-Գնամ Ժող, թղթերս կարգավորեմ, մի քանի բան ա մնացել գնելու, մտնեմ տատիկենց տանից բան կա վերցնելու, խառն ենք, բայց հա, կգամ ձեր տուն էդ օրը:

2018թ. սեպտեմբերի 30

Կիրակի օր: Ոչ աշխատանքային:
Գնացի Միլուշենց տուն:
- Ի՞նչ կա օգնելու, անելու:
- Արի գնանք պատշգամբ, հեսա մի բան կխմենք:
Պատշգամբում նստած խոսում էինք խառը ամեն ինչից: Անընդհատ ասելով՝ գնամ, տեսնեմ՝ ներսում ինչ են անում, իմանամ ինչ կա օգնելու, բա էլ ինչ մնաց ,ու սենց խառը արտահայտություններով մեզ զբաղեցնելով:
- Համալսարանում դասս 2:30 ա սկսվում, առաջին ժամ չեմ գնա, հետո արաբերեն ա, կգնամ, կհասնեմ:
- Բա նորմա՞լ ա, որ առաջին ժամ չգնաս:
- Խելա՞ռ ես, հարմարը որն ա:

….
- Լավ դե, Միլ, ուշ ա արդեն, գնամ, վաղը կհանդիպենք, անպայման,- պինդ գրկում ենք իրար:

2018թ. հոկտեմբերի 1
Երկուշաբթի: Աշխատանքային: Շաբաթվա ամենաչստացված ու չսիրված օրը:
Ցերեկը դասի եմ, որովհետև 2-րդ հերթ եմ: Առաջին ժամը չգնացի, որովհետև Միլուշենց թռիչքը դրանից առաջ էր: Ու Միլուշենց ընտանիքից շուտ էի հասել օդանավակայան: Հիշում եմ, որ օդանավակայանում քննարկում էինք ու մտածում, թե, գրողը տանի, տեսնես ով ու ինչի ա մտածել էսքան տխուր բաժանումների օդանավակայանի անունը «Զվարթնոց» դնել, թե ինչն ա զվարթ, ինչը, ինչը, գրողը տանի: Հետո բոլորիս, բայց առաջինը ինձ հանգստացնելու համար ասացի՝ հա, գուցե ուրախ վերադարձների համար: Միլուշին երկար գրկում ենք, երկար, շատ երկար: Գնում եմ ընտանիքին գրկելու` հաջող անելու: Ու էդտեղ, Միլուշի մամայի՝ Լիդա ջան, իմ աղջիկ, բառերի վրա էլ չեմ դիմանում: Զգում եմ, թե աչքերս ու կոկորդս ոնց են լցվում շատ արագ: Էլ չեմ էլ կարողանում ինձ զսպել, ու տանը տատիս ասած խոսքերը էն մասին, որ «քիչ կլացեք, էդ երեխեն շատ չնեղվի գոնե», մոռանում եմ արդեն: Ցավոք, մոռանում եմ: Գնացին: Գնում եմ դասի, որովհետև գիտեմ, եթե հետ գամ տուն, ավելի վատ եմ լինելու: Եթե հետ գամ տուն, ավելի շատ եմ նեղվելու: Եթե հետ գամ տուն, չէ, որոշում եմ հետ չգնալ տուն անմիջապես: Գնացին, ախր, իրոք գնացին:

2018թ. հոկտեմբերի 1 – ցայսօր

Էնպես դժվար է արթնանալ ու գիտակցել, որ էստեղ չեն: Դժվար է ՀՊՏՀ-ի կողքով քայլել ու չզանգել Միլուշին, դժվար է Եղվարդի գազելից իջնել ու օրվա բոցի մասին չպատմել Միլուշին հեռախոսով, դժվար է առավոտյան չսպասել, որ գա` միասին գնաք մի տեղ, դժվար է, անկեղծ դժվար է: Երեք ամիս անցել է արդեն, բայց ես դեռ չեմ համակերպվել:

2019թ. հունվարի 1

Երեքշաբթի: Տոն: Ամանոր: Երևի ամենատխուր հունվարի 1-ը: Առաջին հունվարի 1-ն է առանց Միլուշի: Էդպիսի չգրված օրենք ունեինք, որ ամեն տարի հունվարի 1-ին կամ իրենց տանն ենք հավաքվում, կամ՝ մեր: Իսկ էս տարի դատարկ է: Դատարկ, ինչպես բոլոր օրերը առանց Միլուշի:
Էս տարվա Ամանորի հրաշքը պակասել է ինձ մոտ, ու ես մի քիչ այսահարվել եմ: Կարոտել եմ Միլուշին, իր մամային, պապային, երկու քույրերին:

Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: