Ես Մարիամ Ղարագյոզյանն եմ: Ծնվել եմ Տավուշի մարզի սահմանամանապահ Բարեկամավան գյուղում: 21 տարեկան եմ: Սովորում եմ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆինանսների կառավարում մասնագիտության 4-րդ կուրսում: Օրվա մեծ մասը դասերովս եմ զբաղվում: Ազատ ժամանակս օգտագործում եմ հիմնականում գիրք կարդալու վրա: Տարվա ամենասիրելի եղանակն աշունն է: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան երբ դրսում անձրև է, իսկ ես տաք սուրճի հետ միասին վայելում եմ լավ գիրքը (ի դեպ, նախընտրելի է գիրքը լինի հին ու մաշված… Հին գրքերի հոտը անչափ սիրում եմ): Չեմ կարող առանձնացնել մի գիրք, որն ամենաշատն եմ սիրում: Դժվար ընտրություն է: Չեմ սիրում, երբ ստում են, չեն գնահատում մարդուն և ուշանում են: Հավատում եմ, որ երազանքներն իրականանում են: Ես էլ ունեմ շատ երազանքներ, նպատակներ: Երազանքներիցս մեկն է, որ լինեմ Հայաստանի բոլոր պատմամշակութային վայրերում: Ամենագլխավոր երազանքս ու նպատակս է գնալ Արևմտյան Հայաստան, որը հուսով եմ կիրականանա շուտով: Հիմա չեմ աշխատում, սակայն փնտրում եմ աշխատանք: Ես ինձ համարում եմ երջանիկ մարդ… Հարազատներս առողջ են, ես առողջ եմ, ունեմ վստահելի ու նվիրված ընկերուհիներ, երազանքներս իրականանում են ու նորերն են հայտնվում… Եվ ունեմ հնարավորություն ավելիին հասնելու…
Ցավոք սրտի, այսօր կյանքում շատ խնդիրներ ու հուզող հարցեր կան, որոնց կողքով չես կարող անտարբեր անցնել: Երբ նայում եմ շուրջս, բոլորի մոտ ինչ որ լուրջ խնդիր կա` սկսած առողջությունից, մարդկային հարաբերություններից մինչև ավելի գլոբալ խնդիրներ: Սակայն այս բոլոր խնդիրներից զատ, ինձ համար ամենացավոտ ու օր-օրի անլուծելի դառնող խնիրը, դա սահմանին տիրող իրավիճակն է:
Մինչև դպրոցս ավարտելը ապրել եմ ծննդավայրումս` Բարեկամավանում, որը ՀՀ պետական սահմանից հեռու է ընդամենը 1 կմ: Սա արդեն ամեն ինչ ասում է գյուղի խնդիրների մասին: Կրակոցներից երբեք չեմ վախեցել, վախեցել եմ դրանց հետևանքներից: Ամեն անգամ, երբ կրակում էին, մտածում էի, որ հանկարծ ևս մի ընտանիք դուրս չգա գյուղից: Գյուղս օր օրի մաշվում է: Աշխատանք չկա, նույնիսկ գյուղատնտեսությամբ զբաղվելն է վտանգավոր. հողատարածքների մի մասը գտնվում է ադրբեջանցիների նշանառության տակ: Գյուղից շատ ընտանիքներ են հեռացել: Միայն 2015 թվականին 6 ընտանիք է դուրս եկել գյուղից, որի հետևանքով դպրոցի աշակերտներն են քչանում` ընդամենը 22 աշակերտ: Դպրոցն ունի նաև կադրային խնդիր: Անգլերենի ուսուցիչ չունենք: Նման վիճակ է նաև սահմանամերձ գրեթե բոլոր գյուղերում: Հայրենիքը սկսվում է սահմանից, բայց փաստորեն ոչ բոլորն են այդպես մտածում: Անուշադրության մատնված գյուղերը մաշվում են, խնդիրները մնում անլուծելի:
Կարող եմ անվերջ խոսել սահմանի խնդիրների մասին… Շատ-շատ են:
Եվս մեկ կարևոր խնդիր է բնակչության գործազրկությունը: Ավարտում ես ու գնում խանութում աշխատելու: Ուղղակի ծիծաղելի է ու ցավալի իրականություն: Իսկ ինչո՞ւ խանութում, որովհետև լավ ծանոթ կամ աշխատանքային փորձ չունես: Իսկ աշխատանքային փորձն ինչպե՞ս ձեռք բերես, երբ ոչ մեկը քեզ չի ընդունում: Ես ինքս շուտով կավարտեմ, ու արդեն իսկ կանգնած եմ մեծ խնդրի առջև, որտեղ դիմեմ, որ աշխատանքի ընդունեն: Տարբեր տեղեր ուղարկել եմ կենսագրականս, բայց իհարկե, անպատասխան:



Մեր ընտանիքում մեղվաբուծությունը սերնդից սերունդ է փոխանցվում: Տատս ասում է, որ պապիկս է մի քանի մեղվի փեթակներ գնել և սկսել զարգացնել մեղվաբուծությունը Ներքին Կարմիրաղբյուր գյուղում: Այդ մի քանի փեթակներին ավելացրել է մի քանիսը ևս, ու այդպես շարունակ: Պապիս չորս զավակներից հիմա նրա գործը շարունակում է հայրիկս` պատճառաբանելով, որ մեր տարածաշրջանի`Տավուշի մարզի համար, ամենահարմար գործերից մեկը մեղվաբուծությունն է: Այս գործի ամենահամեղ ամիսը բառիս բուն իմաստով օգոստոսն է: Հենց այդ ամսվա սկզբին ենք մենք ամբողջ տարվա մեղրը քամում: Հիմա պատմեմ, թե ոնց է տեղի ունենում այդ գործընթացը: Մեր ընտանիքում բոլորս ունենք մեզ տրված հատուկ հանձնարարությունը: Հայրիկս ու մայրիկս մեղվի փեթակներից հանում են շրջանակները, բերում դասավոռում են տանը, հետո հատուկ դանակով գլխի շերտը քերում ենք (որպեսզի սարքի մեջ դնելուց հետո ավելի հեշտ դուրս գա մեղրը միջից) ու տեղադրում մեղր քամող սարքի մեջ: Այդ սարքը հենց այնպես չի աշխատում: Պետք է ձեռքով արագ պտտացնել, որպեսզի այդ արագութան տակ մեղրը դուրս գա շրջանակի միջից: Երևի այնքան էլ լավ չնկարագրեցի այդ գործընթացը, երևի հենց այն պատճառով, որ պետք է տեսնել և անմիջական մասնակցություն ունենալ դրանում: Աշխարի ամենահանգիստ և «համեղ» մասնագիտություններից մեկն է, չնայած ես դա մասնագիտություն չեմ համարում, այլ ապրելակերպ: Հիմա բացատրեմ` ինչու: Որովհետև եթե մտնում էս այդ գործի մեջ ու սիրով կատարում այն, ապա այդ պարագայում ոչ թե մեղվաբուծությունն օգտագործում ես որպես մասնագիտություն, այլ ապրում դրանով:
