Իմ էջը խորագրի արխիվներ

Susanna Grigoryan

Մարզասրահի ու վանիլային պաղպաղակի մասին

Ինչ-որ պարադոքսալ բան կա, երբ մարզասրահի մասին գրում ես մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակը ձեռքիդ, ինչպես ամեն երեկո հավատով լոտո ջնջողը կպատմեր իր կյանքում երբեք չպատահած շահումից կամ ինքնասպանը՝ կյանքը սիրելուց։ Զարմանալի է, բայց մարզասրահի մասին իմ բոլոր պատմությունները այս կամ այն կերպ կապված են մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակի հետ։ Հենց այդպիսի պաղպաղակը ձեռքիս՝ ես առաջին անգամ մտածեցի, որ կյանքում մեկ անգամ ենք ապրում, արժի գեղեցիկ ապրել, ու առաջին անգամ ոտք դրեցի մարզասրահ։

Լայն, լուսավոր ընդունարանը դժբախտություն չէր կանխագուշակում, հանդերձարանն էլ էր զարմանալիորեն հանգիստ։ Ամեն ինչ լավ էր, չափից դուրս լավ, կասկածելի լավ։

Մարզիչը ցույց էր տալիս վարժությունները, մենք էլ հերթով կրկնում էինք։ Առաջին վարժությունից հետո նույնիսկ սկսել էի ափսոսել, որ բավականին բոյով չեմ, ու արդեն ուշ է մոդելի կարիերա սկսելու համար։ Այս պահին կսազեր ցանկացած լրատվականի ցանկացած շոկային վերնագիր՝ «Աղջիկը կատարեց առաջին վարժությունը, իսկ այն, ինչ եղավ հետո, ձեզ կապշեցնի»։

Պարզվեց, որ առաջինը վարժություն չէր, ընդամենը՝ նախավարժանք։ Վարժությունների սկսվելը ես մաշկիս վրա զգացի, երբ պատերին գրված մոտիվացնող ցիտատները կտրուկ դադարեցին մոտիվացնել։ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է գեղեցիկ ապրենք»-ին փոխարինելու եկավ «Մեկ անգամ ենք ապրում, պետք է հաճույքով ապրենք»-ը։ Արդյունքում 1-ժամյա պարապմունքից հետո արդեն մոռացել էի, թե որտեղ եմ, ու ինչի համար ենք հավաքվել։

Իհարկե լավ կլիներ, որ պատմության վերջում ես իմ մեջ ուժ գտնեի, հաղթահարեի բոլոր դժվարությունները ու ցույց տայի, թե ինչպես համառությամբ ու կամքի ուժով կարելի է հասնել նպատակներին։ Կամ էլ գոնե ավարտվեր այնպես, ինչպես սկսվել էր՝ մի բաժակ սառը, մի քիչ հալված վանիլային պաղպաղակով։ Բայց ամեն ինչ ոչ սև է, ոչ էլ սպիտակ, մոխրագույն է՝ անհասկանալի ու կիսատ։ Երբ դեռ մարզասրահ ես գնում՝ ինքդ քեզ ապացուցելու, որ ինչ-որ բանի ընդունակ ես ու ամեն անգամ պաղպաղակ ուտելուց խիղճդ տանջում է։

Anush Muradyan

Ամեն ինչի գեղեցիկ լինելու մասին

Կսահմանե՞ք գեղեցիկը։

Գեղեցիկ է ամեն բան, ինչը մենք տեսնում ենք, լսում, շնչում, զգում, վերապրում…
Այստեղ շատ կհանդիպեք «ամեն ինչ գեղեցիկ է» արտահայտությանը։
Յուրաքանչյուրս գեղեցիկ ենք համարում այն, ինչը սիրում ենք կամ էլ ուղղակի հավանում։ Եկեք խոսենք հենց գեղեցիկից՝ ամենաբարդ թեմաներից մեկի մասին։
Գեղեցիկը այնքան շատ է, որ մարդ կարող է իրեն կորցնել դրա մեջ, կամ էլ գտնել։ Մի պահ փակեք աչքերը, ու մտածեք գեղեցիկի մասին, միանգամից, մի ակնթարթում գալիս են այնքան տարբեր բաներ, որ թվելը անհնար է։
Գեղեցիկ է ամեն ինչ, ուղղակի մենք պետք է կարողանանք տեսնել գեղեցիկը, լսել գեղեցիկը, շոշափել ու շնչել գեղեցիկը։ Ազատ խոսել ու մտածել գեղեցիկի մասին ու չփորձել մեզ սահմանափակել այդ հարցում։
Դուք, ես, նրանք… Մենք ենք գեղեցիկ։ Երբ զգանք մեր ներսի գեղեցկությունը, կզգանք նաև դրսինը։
Ի՞նչ, միթե գեղեցիկ չէ օդի մաքուր լինելը, կամ էլ ձյան առաջին ու վերջին փաթիլը, յասամանները, կենդանիները, գետի աջ ու ձախ ափերը, ծարավի հագեցումը ու ամեն ինչը։ Ամեն ինչ այնքան խառն է, երբ խոսում ենք գեղեցիկից, չենք կարողանում կողմնորոշվել ու հստակ պատասխան տալ։ Տալիս ենք միայն մեզ հարմար պատասխան։

Մեր քայլերը այնքան գեղեցիկ են, երբ քայլում ենք նեղ կամ լայն փողոցներով, մեր ձեռքերը, երբ զգուշությամբ բռնում ենք տաք թեյի բաժակը, մեր հայցքը, երբ բարկանում ենք կամ լիաթոք ծիծաղում… Գեղեցիկ է։

Եթե այսպես շարունակեմ խոսել կամ պատմել ամեն մի գործողության, երևույթի, աչքերի գույների գեղեցիկ լինելու մասին, ապա մի ամբողջական վեպ կգրեմ։
Շատերը գեղեցիկ ասելով պատկերացնում են արևածագ, ստանդարտներին համապատասխանող մարմին, շքեղ ծաղկեփունջ, ժպիտներ։ Բայց պետք է հասկանալ` գեղեցիկ են նաև արևամուտը, առանց չափանիշների մարմինը, մեկ հատ դաշտային ծաղիկը, արցունքները։

Գեղեցիկ է ամեն մի լավ ու վատ բան, ինչը կա այս կյանքում։
Կսահմանե՞ք գեղեցիկը։

Anush abrahamyan

Բահս չե՞ս տեսել

Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ երկար սպասեցին պապին: Պապը չեկավ:

-Տղե՜րք, շուտ գնացած կլինի Արշոն: Հաստատ չի համբերել: Բերքի համար ամբողջ տարին մենակ չարչարվեց տնաշենը:

-Հա, ո՜չ հարսը, ո՜չ տղեն, գոնե մեկ օր ձևի համար էդ կողմերը չերևացին,- հայացքը հեռու դաշտերին ուղղելով ասաց նրանցից ամենածերը:

-Էհ, գնացինք։

Աղբյուրի սառը ջրից մի-մի կում արին ու բահերը ուսներին առան:

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Արշո պապն է: Ձեռքերը մեջքի ետևում՝ այս ու այն կողմ է քայլում ու կրկնում.

-Ջարդեց, ջարդեց, տարավ էս անաստվածը: Աստծո զայրույթը մեր գլխին թափեց։

Հանկարծ լվացքի գույնզգույն շորերը ձեռքին՝ կիսաքուն տնից դուրս եկավ հարսը։

-Թամար, լաո՜, օրը բարի:

-Բարի, պապ, հազար բարի։

-Արամիս քնից հանի, հետս դաշտ տանեմ։ Գյուղի երեխեն հողին սովոր պիտ էղնի:

Շորերը ծուլորեն պարանին փռող հարսը մի պահ կանգ առավ, թեք նայեց պապին:

-Հողը բացի չաչարանքից ու անիմաստ տանջանքից օգուտ չունի: Էսօր բերքը կարկուտն է ջարդել, վաղը արևը կվառի, իսկ դու քեզ դրա համար սպանում ես: Արամիկը թող արթնանա, տառերը կտամ նորից գրի՝ չմոռանա։ Հողը հա էլ կա։ Թող սովորի, մարդ դառնա:

Պապը խորը շունչ քաշեց.

-Է՛ լաո՜, ինձ սպանում եմ, որովհետև մարդն էն հողով է գնահատում աշխարհի առատությունն ու Աստծո ազնվությունը, որը սիրում է, որը խնամում է: Թող սրտովդ լինի, մենակ ճամփա կընկնեմ։

Պապը քայլում է դեպի խորդանոց: Զննող հայացքով նայում ամեն անկյուն, բայց բահը չկա ու չկա:

-Լաո՜, բահս չե՞ս տեսել: Երեկ էստեղ էր,- խորդանոցից բարձր ձայնով հարցրեց պապը:

-Պապ, էդտեղ չի բահդ:

Պապը խորդանոցից դուրս եկավ:

-Երեկ առավոտ էստեղ եմ դրել։

-Հա, պապ, ուղղակի երեկ,- կմկմալով խոսեց Թամարը,- երեկ զիբիլի ավտոն եկավ՝ թաղի զիբիլը հավաքելու, ու Աշոտը,- Թամարը կարմրեց,- Աշոտը քո մասին մտածեց՝ բա թե պապան մեղք ա, ի՞նչ բահ, ի՞նչ բերք, ի՞նչ չարչարանք: Ես ամենը աշխատածս փողով կառնեմ: Իրան էլ առոք-փառոք կպահեմ:

Պապի շուրթերը սկսեցին դողալ․ զայրույթից էր, թե մեկ այլ բանից՝ չգիտեմ։ Փորձեց խոսել՝ չկարողացավ։

-Բահս զիբիլն է գցել, հա՛: Հորս բահը զիբիլն է գցել։

Պապը խորդանոցի դուռը շրխկացրեց ու քթի տակ ինչ-որ բառեր ասելով՝ դուրս եկավ տնից ու քայլեց դաշտի ուղղությամբ:

Թամարը մի պահ նայեց պապի հետևից ու շարունակեց գործը:

Մոտ քսան օր անց կարկուտը նորից ջարդեց բերքը: Լուսադեմին տեղացած կարկուտից հետո գյուղացիներից շատերը խորը հոգոցով բահերը ուսներին առան ու գնացին սարերի ծոցում փռված հողամասերի բերքը խնամելու, կարկուտի վնասները տեսնելու, ու հավանաբար մի լավ սրտնեղած՝ «սաղ տարվա չարչարանքներս ջուրն ընկավ» արտահայտությունը անելու:

Աղբյուրի մոտ էլ պապին չսպասեցին: Գիտեին՝ էլ երբեք չէր գալու…

SOna zakaryan

Համալսարանական կյանքը առջևում է

«Ընդունվել եմ», «Ուռա՜, ընդունվել եմ», «Վերջապե՜ս», «Համալսարա՜ն, սպասի՛ր ինձ, գալիս եմ»:

Երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են նման արտահայտություններով: Բուհերում ընդունելության արդյունքները պաշտոնապես հայտարարել են: Բոլոր ընդունվողները շատ ոգևորված են և անհամբեր սպասում են համալսարանական կյանքին: Ինչպես միշտ, շատ «փորձառու» ուսանողներ ոգևորում կամ փորձում են հիասթափեցնել համալսարան ընդունվածներին:

Դրական կարծիքներ. «Ընտիր տեղ ես ընդունվել», «Շատ հավես ա անցնելու», «Լավագույն տարիները առջևում են»:

Բացասական կարծիքներ. «Է՜հ, հլը շատ բան չեք հասկանում», «Շատ մի՛ ոգևորվեք», «Հլը ինչքա՜ն եք հիասթափվելու»:

Այնուամենայնիվ, դիմորդների մեծ մասը շատ լավ է տրամադրված: Դիմորդներից յուրաքանչյուրն էլ շատ նպատակներ ունի համալսարանի հետ կապված, և բոլորն էլ հուսով են, որ իրենց սպասելիքները կարդարանան: Ես նույնպես մտնում եմ այդ բոլորի մեջ:

Թեև Հայաստանի կրթական համակարգը մի շարք թերություններ ունի, թեև ուսանողները մեծ մասամբ դժգոհ են կրթությունից, բայց պետք է հասկանալ, որ յուրաքանչյուրն իր փորձի հիման վրա է դատողություն անում: Եվ եթե ինչ-որ մեկը դժգոհում է, կամ ինչ-որ բաներ չի կարողացել, պետք չէ դա վերագրել ինքներս մեզ ու դեռ համալսարանում չսովորած՝ հիասթափվել: Յուրաքանչյուր համալսարան էլ ունի իր առավելություններն ու թերությունները: Չեմ սիրում, երբ մի համալսարանում սովորողները դժգոհում են մյուս համալսարաններից ու հայտարարում, որ իրենց համալսարանն է ամենալավը: Կամ ասում, որ տվյալ համալսարանում իրենց ոչ մի գիտելիք չեն տա: Մարդիկ առաջնորդվում են ինչ-որ կարծրատիպերով կամ էլ ոմանց փուչ խոսքերով:

Ես չեմ ասում, որ բոլոր համալսարաններում ամեն ինչ իդեալական է և չեմ էլ կարող ինչ-որ անտեղի հայտարարություններ անել, եթե տվյալ համալսարանում չեմ սովորել: Ուղղակի կարծում եմ, որ մեր համալսարանական «փորձը» ավելի շատ մեզնից է կախված ու մեր մտածելակերպից: Եթե մենք լավ ենք տրամադրված, սովորելու մեծ ցանկություն ունենք, պարտաստ ենք պայքարել անարդարության դեմ, ինչքանով որ կարող ենք, և պարտաստ ենք պաշտպանելու մեր իրավունքները, ուրեմն կարող ենք օրինակելի ուսանող լինել ու շատ լավ համալսարանական փորձ ունենալ: Հիասթափություններ բնականաբար կլինեն, որովհետև կյանքում ոչինչ հարթ չի ընթանում, այդ թվում նաև համալսարանական կյանքը, բայց հավատացած եմ, որ հիասթափություններն էլ կօգնեն բոլորիս, որ շատ բաներ հասկանանք ու առաջ շարժվենք: Եկե՛ք ուղղակի չհամեմատենք համալսարանները` ասելով, որ այսինչ համալսարանը լավն է կամ վատը: Եվ վերջապես, ինչ կարևոր է, թե որ համալսարանում կսովորես, կարևորը քո ուզած մասնագիտությամբ սովորելն ու լավ մասնագետ դառնալն է: Իսկ լավ մասնագետ ցանկացած համալսարան ավարտելով էլ կարելի է դառնալ, եթե աշխատասեր ես, պատրաստակամ ու պատասխանատու:

Ուղղակի եկեք աշախատենք ինքներս մեզ վրա ու ցանկացած իրավիճակում սխալը առաջին հերթին մեր մեջ փնտրենք, եկե՛ք լավ տրամադրվենք, դրական լինենք ու փորձենք հաղթահարել մեր առջև եղած բոլոր դժվարությունները:

Տրամաբանական ավարտ

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

«Մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին»,- սիրում են ասել հաղորդավարները, ու ես երբեք չեմ կարողանում հասկանալ, թե որն է այդ տրամաբանական ավարտը: Ինչպե՞ս այն կարելի է տարբերել սովորական ավարտից: Կամ կա՞ արդյոք անտրամաբանական ավարտ: Ինչո՞ւ, օրինակ, հաղորդումը սկսելիս ոչ ոք չի ասում, որ «մեր հաղորդումը մոտեցել է իր տրամաբանական սկզբին»: Իսկ ինչո՞ւ, օրինակ, հաղորդումները երբեք չեն մոտենում իրենց սոցիոփիլիսոփայական, կամ, ասենք, նիհիլիստիկ-էվոլյուցիոն ավարտին:

Որտեղի՞ց է սկիզբ առել այս եթերային չարիքը: Ովքե՞ր են այս սոփեստական զառանցանքի մեղավորները: Հուսով եմ` նրանց գործունեությունը հեռուստատեսությունում մոտեցե՞լ է իր տրամաբանական ավարտին:

Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր հաղորդավարները օգտագործում են այս արտահայտությունը, երբ վերջացնում են իրենց հաղորդումները, բայց չեմ կարծում, թե նրանցից որևէ մեկին երբևէ հուզել է այդ նախադասության անիմաստությունը: Նրանցից շատերին բացարձակապես չի հուզում նույնիսկ ամբողջ իրենց հաղորդման բացարձակ անիմաստությունը, իսկ ես ինչ-որ նախադասություններից եմ խոսում:

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է. ո՞վ է ուզում իր հաղորդումն ավարտել հասարակ, ճղճիմ, ձանձրալի ու տափակ «մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին» կամ «մեր հաղորդումը վերջացավ» արտահայտությամբ: Ես նույնիսկ տեսնում եմ, թե ինչպես են հեռուստադիտողները հիասթափված բղավում «բու-ու-ու», աղջիկները ծամածռում են քթերը` «ֆու-ու, անճաշակ», կամ «այ քեզ գեղացի, յախք», բարձր մտավորականները, ճոճելով բերետները, պնդում են, որ դա «պրիմիտիվ է, կանխատեսելի, գավառական, ֆի»:

Իսկ «տրամաբանական ավարտը» խելացի է հնչում, ընդհանրապես` երբ հաճախ ես ասում «տրամաբանական», դառնում ես խելացի, զարգացած, ժամանակակից, չէ՞ որ դա ինչ-որ խելացի բառ է, հնչում է վեհ ու հանելուկային: Բավական է հաղորդման վերջում շրջվես դեպի տեսախցիկը` ուղղելով քո հիփսթեր-ակնոցը, որը նույնպես դնում ես ինտելեկտուալ շղարշն ապահովելու համար, ու արտասանես կախարդական «դե ինչ, իսկ մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին» նախադասությունը, իսկ ցանկալի է նաև մատդ Էլվիսի պես ուղղես դեպի տեսախցիկը, և վերջ, դու դեմք ես, եթերի արքան, չէ՞ որ դու գիտես «տրամաբական» բառը, իսկ եթե հաղորդման ընթացքում հասցրել ես օգտագործել նաև «կոնցեպտուալ», «էքսպերիմենտալ» և «սյուռ» բառերը (ցանկացած հերթականությամբ, թեկուզ իրար հետևից), քո հեռուստակարիերան մոտենում է իր վերելքին:

Այս մասին դեռ շատ բան կարելի էր ասել, բայց իմ ժամանակը, ցավոք, մոտեցավ իր տրամաբանական ավարտին:

anna  andreasyan

Մեզ առանձնացնող սովորությունները

Տարբեր մշակույթների ու ազգերի ներկայացուցիչների հետ ծանոթանալու դրական կողմերից մեկն էլ այն է, որ կարողանում ես քո մշակույթին կողքից նայել, այն նույն ձևով, ինչպես երկրորդ լեզու սովորելուց հետո մայրենի լեզուդ էլ ես սկսում որպես լեզու դիտարկել: Պատճառն այն է, որ երբ մի բան քոնն է, չես կարողանում անաչառորեն վերլուծել այն: Հաճախ, երբ տարբեր առիթներով քննարկվում են ժողովուրդների մշակութային տարբերությունները, մի տեսակ բացասական երանգ են հաղորդում թեմային: Բայց կարծում եմ՝ այդ տարբերություններն էլ իրենց գեղեցկությունը ու արժեքը ունեն:

Մեր առօրյայում տեղ գտած շատ սովորություններ կան, որ մեզ թվում է՝ ամբողջ աշխարհում նույնն է, բայց դա իհարկե այդպես չէ, համենայնդեպս, ոչ բոլոր դեպքերում: Իհարկե, մեզ բնորոշող շատ առանձնահատկություններ կան, բայց այսօր այս մի քանի օրինակը բերեմ, որ կարծում եմ՝ սովորաբար չի նկատվում:

Օրինակ՝ մեզ՝ հայերիս համար սուրճ խմելը նույն իմաստը չունի, ինչ արևմտյան ժողովուրդների համար: Հիմա կասեք՝ սուրճ խմելու իմաստը որն է: Ասեմ: Երբ մի հայ մյուսին հրավիրում է սուրճ խմելու, դա իրենից մի ամբողջ «արարողակարգ» է ենթադրում: Մի ամբողջ աղանդերի սեղան է պատրաստվում, հավաքվում են հիմնականում կանայք ու սկսում են քննարկել աշխարհի բոլոր-բոլոր թեմաները (ամեն մեկը՝ ըստ իր մտքի կարողության ու հետաքրքրության): Դե վերջում էլ, եթե խմբում «բաժակ նայող» կա, իր ուժերն է փորձում ոչ այնքան նրա համար, որ բոլորը հավատում են նման բաների, այլ ուղղակի արդեն սովորություն է դարձել, ժամանակ անցկացնելու մի ձև է: Այստեղից երևում է, որ մեկին սուրճի հրավիրելը ամենևին էլ սուրճ խմելու մասին չէ, դու կարող է ինձ նման թեյի սիրահար լինել, բայց քեզ տուն հրավիրելուց միևնույն է ասում են՝ գնանք սուրճ խմենք:

Մի ուրիշ օրինակ էլ հացն է: Մեզ մոտ հացը և՛ նշանակում է ուտելիք, և՛ հենց ինքը հաց: Այստեղից, օրինակ, կարող ենք տեսնել, թե մեր մշակույթում ինչ մեծ դեր ունի հացը: Առանց հացի հայերը սեղան չեն նստում, այն համարվում է սեղանի տարրական ու գլխավոր մասը: Իսկ օրինակ արևմտյան երկրներում, հացի ներկա լինել-չլինելը առանձնապես դեր չի խաղում: Սա իհարկե, մասնագիտական խոր վերլուծություն պահանջող թեմա է, որի մասին ես ուղղակի որպես կողքից նայող եմ խոսում:

Այս վերջին օրինակս ամերիկացիների մոտ էլ եմ նկատել, բայց այնուամենայնիվ, կարծում եմ, մեզ շատ բնորոշ է: Երբ ինչ-որ տեղ հյուր ենք գնում և վերջում արդեն վեր ենք կենում տուն գնալու, այնքան էլ հեշտությամբ չենք անում դա: Փոքր ժամանակ, երբ մի տեղ էինք գնում ու մեծերը արդեն ոտքի էին կանգնում՝ գնալու, ես նստած էի մնում, որովհետև գիտեի, որ ոտքի կանգնելը դեռ գնալը չէ, նրանք պետք է մի կես ժամ էլ մուտքի մոտ զրուցեին: Ու ես նստած սպասում էի այնքան, մինչև հավաստիանում էի, որ այս անգամ իսկապես գնում ենք, նոր վեր էի կենում: Իհարկե, հիմա ինքս էլ եմ հաճախ այդպես վարվում, դե, սովորության հարց է:

Իսկ այս նյութի վերջաբանը մուտքի մոտ կասեմ: Տեղիցս վեր եմ կացել, բայց սովորության համաձայն՝ դեռ չեմ վերջացրել:

Anahit Badalyan

Ոչ աջ, ոչ ձախ, միայն ուղիղ

-Առաջին անգա՞մ եք Հայաստանում:

-Ահա, բրիտանական մի թերթում կարդացինք, որ այս տարվա լավագույն զբոսաշրջային վայրերից է, որոշեցինք այցելել…

-Իսկ հավանո՞ւմ եք…

-Փողոցային ցայտաղբյուրներ երբևէ չէի տեսել, ոչ էլ էսպիսի ջրառատ ու լեռնոտ երկիր, շատ յուրահատուկ է Հայաստանը…

Այսօր՝ դասընթացից անմիջապես հետո, ավտոբուսից ուշացած ոտքերս ինձ դանդաղ ու ծռմռվելով ուղեկցեցին Հանրապետության հրապարակ՝ Աբովյան փողոցով: Թե ինչպես հասնել հրապարակ, ինձ հաջողվեց իմանալ մի շատ սրտացավ կնոջից. «Բալիկ ջան, էս փողոցով ո՛չ աջ, ո՛չ ձախ, ուղի՜ղ իջնում ես, հրապարակն ա»:

Մայրամուտին նախորդող տապից «շոյված»՝ նստեցի շատրվանների դիմացի մի նստարանի ու սկսեցի մակագրել հանդիպելիք ընկերներին Իտալիայից բերած բացիկները: Մեկ էլ երկու մարդ՝ անգլիախոս ու առաջին հայացքից հետաքրքիր թվացող, եկան ու նստեցին իմ հարևանությամբ: Ես լուռ շարունակում էի բացիկներս մակագրել, բայց միջիս միջազգային ուսանողի սիրտը կճաքեր, թե մի բան չասեր: Առոգանությունից հասկացա՝ բրիտանացի էին.

-Hello, are you from Great Britain?

-Oh, hi, yes, and you are probably from Italy, right?

Չէ, Անահիտ, ծղոտե ամառային գլխարկդ ու դեղին մեծ ակնոցդ չէին կարող միանգամից զգացնել տալ, որ վերջին մի տարում Իտալիայում ես սովորել, բա ո՞նց գլխի ընկան: Ինչևէ, նոր ծանոթներիս հարցախեղդ անել չցանկացա, պարզապես ասացի, որ հայ եմ, հայուհի եմ, Հայաստանից եմ ու պարզապես վերջին մի տարին Իտալիայում եմ սովորում:

-Ա՜, մենք էլ տեսանք պայուսակդ՝ Վենետիկի նկարներով ու իտալական գործվածքով, բայց լեզուն, որով հեռախոսազրույցդ էիր վարում, իտալերեն չէր հաստատ,- ժպտալով ասաց զբոսաշրջիկը:

Հետո սկսեցինք զրուցել ճամփորդելու մասին, մասնագիտությունների, զբաղմունքների, պարզվեց՝ BBC-ի նախկին թղթակիցներից էր, ես էլ առիթը չկորցնելու համար ցույց տվեցի Մանանայից հենց նոր ստացած «Խաբարբզիկ»-ի մի քանի հրատարակություններ, ասացի, որ ես էլ եմ գրում:

-Իսկ ինչպե՞ս որոշեցիք հենց Հայաստան այցելել:

-Դե, այս տարի ցանկացանք բացահայտել Կովկասը, Վրաստանից հենց նոր ենք ժամանել, Թբիլիսիում էինք:

-Ա՜, իսկ էնտեղ ի՞նչ վիճակ է, դե նկատի ունեմ՝ քաղաքում քայլել, զբոսնել ստացվո՞ւմ է երկրում տիրող քաղաքական պայմաններում:

-Հա, շատ հանգիստ, Թբիլիսին էլ բավականին սիրուն քաղաք էր… Այ, իսկ հայաստանյան հեղափոխության մասին, անկեղծ ասած, շատ բան չգիտեմ:

Էստեղ մեջս նորից սկսեց փայլել-փայլատակել երբեք գոյություն ունենալ չդադարած հպարտ հայը, որը հեղափոխության մասին պատմել էր Իտալիայի էն բոլոր քաղաքներում, որտեղ եղել էր, էն տարբերի ազգերի ներկայացուցիչներին, որոնց հանդիպել էր ու ամենատարբեր առիթներով, որ պատահել էին:

-It was about a year ago…

Ու մեկամսյա հանդուգն ու անտրտունջ պայքարը 3 րոպեում «տեղավորելու» մտադրությամբ պատմեցի այն ամենը, ինչը կարծեցի՝ զբոսաշրջիկը կուզենար իմանալ:

-Էնպես ոգևորիչ է հնչում,- նոր ընկերս իսկապես ապշած էր,- իսկ դու ինչ-որ սրճարանի տեղ գիտե՞ս, մի ժամ չկա՝ ժամանել ենք, բայց շոգ է, կուզեինք զովանալ մի փոքր:

-Էս փողոցով՝ ո՛չ աջ, ո՛չ ձախ, ուղիղ բարձրացեք ու Երևանի ամենահայտնի փողոցներից մեկում՝ Հյուսիսային պողոտայում կհայտնվեք: Էնտեղ մի շարք սրճարաններ կգտնեք, համ էլ կարող եք սելֆի անել:

-Շնորհակալ ենք, իսկ մենք քեզ կսպասենք Բրիտանիայում, անգլերենիդ հմտությունները BBC-ին շատ սպասեցնել չեն տա, բացի այդ էլ՝ դու հիանալի ուղեկցորդ կլինես… Լավ մնա, հաջողություն…

Իսկ ես երկու ամսից դարձյալ լքում եմ այն երկիրը, որի մայրաքաղաքը ինձ անծանոթ էր մի փոքր ավելի քիչ, քան բրիտանացի զբոսաշրջիկներին, բայց որտեղ, մեկ է, իմ սիրտը աներկբա շարժվում է ո՛չ աջ, ո՛չ ձախ, միայն ուղիղ…

Susanna Grigoryan

Գնամ շուն գտնելու

Ես շուն շատ եմ սիրում: Միշտ ուզեցել եմ ունենալ, բայց տնեցիներին համոզելու ձևը չեմ գտել: Քեռիս էլ էր շուն շատ սիրում: Միշտ ուզեցել էր ունենալ,  ու ի տարբերություն ինձ՝ ինքը ձևերը լավ գիտեր: Փողոցից գտել էր իր ընտրյալին, գրկել, նստել էր աստիճանների վրա ու սկսել էր բարձր ձայնով լաց լինել: Տատիկս էլ, վախենալով հարևանների առաջ խայտառակ լինելուց, ստիպված ներս էր թողել տան նոր անդամին:

Քեռիս հստակ պլան ուներ, հստակ նպատակ ու այդ նպատակին հասնելու միջոցներ` հիմնված տատիկիս ամոթի ու հարևանների կործանիչ ուժի վրա:

Ցավոք, քեռուս միջոցները իմ դեպքում չեն գործում: Մերոնք արդեն վաղուց չեն վախենում հարևանների առաջ խայտառակ լինելուց, հարևաններն էլ այն չեն, ինչ տարիներ առաջ: Մյուս կողմից էլ իմ՝ բարձր ձայնով լաց լինելը, մարդիկ կարող է սխալ հասկանան: Երևի իմ շուն ունենալու ժամանակը անցել է, ծնողներից ինչ-որ բան պահանջելու ժամանակն էլ:  Մնում է հուսալ այն լուսավոր ապագայի մասին, երբ ես խորը ծերության ժամանակ կնստեմ հարմար բազկաթոռին՝ բուխարու առաջ, և իմ մենակությունը կկիսի մաքրացեղ ակատա-ինուն («Հաչիկո»-ի  շունը)՝ ինչպես դասական հոլիվուդյան ֆիլմերում:

Չէ, չի ստացվում, կյանը շատ կարճ է այդքան երկար սպասելու համար: Գնամ շուն գտնեմ, գրկեմ, նստեմ տան դիմաց ու սկսեմ բարձր ձայնով լաց լինել: Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար՝ աշխատեց:

Davit Ghahramanyan

Ես եմ «Ես եմ»-ից

Բարև ձեզ, ես Դավիթն եմ։ Ոմանք ինձ կհիշեն, ոմանք նույնիսկ մոռացած կլինեն, իսկ շատերի հետ ես կուզենայի ծանոթանալ: Ես վաղուց եմ կորցրել իմ ակտիվությունը 17.am-ում, բայց դա ունի իր պատճառները՝ ես արդեն մեկ տարի և վեց ամիս է, ինչ ծառայում եմ բանակում:

Ինչպես հասկացաք՝ ես գրելու եմ իմ ծառայության մասին: Ծառայություն, որը այդքան էլ սովորական չէ, տարբերվում է մեր բոլորի մեջ տպավորված ծառայության ձևից։ Խոսքս «Ես եմ» ծրագրի մասին է: Ինձ թվում է, թե ծրագիրը ստեղծել են հենց ինձ համար։ Իմացել են, որ այդ տարի գնալու եմ բանակ, և ստեղծել են: Ինչպես տեսնում եք՝ ես գոհ եմ: Թերևս իմ ծառայությունը ունի և՛ դրական կողմեր, և՛ բացասական:

Երբ ինձ կանչեցին զինկոմիսարիատ և ներկայացրին «Ես եմ» ծրագիրը, ես չհամաձայնեցի, քանի որ սկզբում խոսեցին միայն բացասական կողմերի մասին, իսկ հետո, երբ արդեն իմացա նաև դրական կողմերի մասին, համաձայնեցի:

Ծրագրի դրական կողմը 2+1+1 ձևաչափն է: Զինվորը տասնչորս օր անցկացնում է մարտական հերթապահությունում, յոթ օր՝ ազատ արձակուրդում, և յոթ օր՝ զորամասում: Սա հիանալի տարբերակ էր՝ մտածում էի ես, բայց հիշում էի նաև բացասական կողմերի մասին, որոնցից մեկը այն էր, որ ես երկու տարվա փոխարեն ծառայելու էի երեք տարի: Իհարկե, սկզբում հարազատներս հավանություն չտվեցին և ստիպեցին հետ կանգնել որոշումիցս, բայց արդեն ուշ էր, ես հաստատ որոշել էի:

Առաջին օրը մեզ շատ լավ դիմավորեցին Երևանում, և մենք հունվարի 28-ին մասնակցեցինք Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցող միջոցառմանը։ Հենց այդ օրն էլ մեզ տեղափոխեցին Արցախ: Ճանապարհին բոլորս լուռ էինք, այն, ինչ մենք էինք զգում, բառերով բացատրելը հնարավոր չէր: Կարճ ժամանակում հասցրի ճանաչել ու սիրել Արցախը։ Հետո, երբ սկսեցի գիտակցել այստեղ հայտնվելուս նպատակը, սկսեցի ուրիշ աչքերով ամեն ինչին նայել, մի տեսակ կարծես ամեն ինչ ինձ էր պատկանում, բայց ես չէի իշխում դրանց, այլ պահպանում էի: Հետո գիտակցեցի նաև, որ կարևոր չէ, թե ինչ ծրագով ես ծառայում և որտեղ, կարևորը, որ զգոն լինես և հիշես, որ քո թիկունքի հետևում մի ամբողջ ազգ կա:

Ես դեռ էլի կգրեմ ու կպատմեմ իմ ծառայության մասին իմ արձակուրդների օրերին:

zarine kirakosyan

Թարս էր

Պապս ասում էր` առավոտ բաց ոտքերով խոտերի մեջ քայլելը օգտակար ա, հիշեցի ես ու գուլպաներս հանեցի:

Բայց մինչ դա, պապս, որ իմ «արևելյան փիլիսոփայության» հիմքն է, նաև ասում էր. «Մենք ապրում ենք էնքան, ինչքան արթուն ենք» (նկատի ունեցեք, որ հնարավոր է` պապս չի ասել սա): Էս ինչի՞ եմ պատմում, իրիկունը 1-ն էր` պառկեցի քնելու, ամենասովորական մարդու պես մտքերով ընկա, մեկ էլ տեսնեմ` պատուհանից արևը բացվում է: Դե, գիտեք` հիմա տարվա ամենաերկար օրերն են, 5-ին արդեն լույս է լինում, այ հենց էդ ժամանակ էլ հիշեցի պապիս վերջին ասածը ու որոշեցի էսօր մի քանի ժամ ավել ապրել: Գնացի` տեսնեմ, թե ոնց է շրջապատող աշխարհը ծավալ ու գույն ստանում լույսի հաշվին:

Վերջին անգամ արևածագը էսպես դիմավորել էի մի 6 տարի առաջ, շորերս հագա, վերցրի տեսախցիկս ու տնից դուրս եկա: Ոնց հասկացա` միակ արթուն արարածները ես ու հարևանի շունն էինք, ուրիշ կենդանի շունչ դեռ չէր երևում: Կես ժամ արևին սպասեցի, իսկ էդ ընթացքում թաղի մի ծերից ոչխարների ու կովերի ձայները սկսեցին մրցել էն շան հաչոցի հետ: Ես դեռ մի կես ժամ էլ էսպես խոտերի մեջ պապիս ուսմունքն էի կիրառում, մեկ էլ հարևանի հարսը.

-Մարինին ասա` Սուրիկանց կովը վեր ա ընգել, վետը կոտրել, փայ են տնում:

«Խաթա ա,- մտածում էի ես,- էհ, ժամը 6-ն ա, էս ժամին դեռ շատ մարդ երազ ա տեսնում, իսկ էս կովը լույսը չբացված հասցրել ա մահկանացուն կնքի»: Դե, դուք մտածում եք` ինչ մահկանացու, ոտքն ա կոտրել, բայց հիմա եկեք բացատրեմ հայերեն, թե «փայ դնելը» որն է:
Ուրեմն էսպիսի մշակույթ կա, եթե մարդու անասուններից մեկի հետ դժբախտություն է պատահում, վերոհիշյալ անհաջողակի դեպքում` ոտքն է ջարդվել, բժիշկ կանչելը իզուր է, պրակտիկայում նման դեպքեր չեն լինում, մինչև սատկելը մորթում են, բաժանում մասերի` ընտանիքների թվով, կարճ ասած` չեն թողնում, որ էս մեր անհաջողակի միսը մնա տիրոջ վրա, դե, բոլորն էլ իրենց հոժար կամքով միսը առնում են, ինչ գիտեն` կարող է վաղվա անհաջողակն էլ իրենց Մարալը լինի: Իդեպ, Մարալը կովի շատ հարգի անուն է մեր կողմերում:

Մամային ձեն տվեցի, էս կողմ, էն կողմ, կշեռքը տար, դրամապանակը բեր, սառանարանի դուռը մի հատ բացի, թավան բեր: Ու էսպես բաց թողեցի արևի` հորիզոնից պոկվելու սպասված պահը:

Դե, ինչ ասեմ, ես ավելի ռոմանտիկ լուսաբաց էի պլանավորել, բայց դե կովը չգիտեր դրա մասին: Որպես մխիթարություն երկու ժամից խաշլամա կարելի է ուտել: