Առաջին երազանք

Երկու տարի առաջ սեպտեմբերի 1-ին գնացի դպրոց՝ սկսելու նոր ուսումնական տարին: Լսել էի, որ դպրոց է գալու նոր ուսուցիչ, բայց անձամբ չէի ճանաչում։ Դպրոցներում միշտ էլ սեպտեմբերի մեկին միջոցառումներ են լինում, և հենց դրա ժամանակ տեսա մի երիտասարդ տղայի, որը նկարում էր բոլոր աշակերտներին, հետո էլ հիացած և լայն ժպիտով նայում նրանց: Շրջվում է, թեթևակի բոլորին աչքով տալիս, ապա նորից հիացած նայում:

-Երեխեք, էս մարդը ձեզ տարօրինակ չի՞ թվըմ, մի տեսակ շատ ա ծիծաղըմ:

-Նա մեր ֆիզկուլտուրայի նոր ուսուցիչն է՝ Անդրանիկ Մանուկյանը,- ասաց ընկերներիցս մեկը:

Ֆիզկուլտինստիտուտում դասախոս է եղել: Մեր նախորդ տարվա ֆիզկուլտի ուսուցիչը՝ Հայկը, իր ուսանողներից է եղել: Հայկը զրույցի ժամանակ նրան ասել է, թե գյուղում ոչինչ չի ստացվում անել, ընկեր Մանուկյանն էլ պատասխանել է․

-Եթե ես լինեի քո փոխարեն՝ ցույց կտայի՝ ինչպես աշխատես:

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը պատահականության սկզբունքով նրան երկու տարով գործուղել է հենց Մովսես ու հենց որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

-Ինչ դի անիլ, էտա մի գնդակ դի տալ, ասի՝ ինչ ուզըմ եք, խաղ արեք, էլի, դասամիջոցի զանգն էլ չտված՝ ասի քնացեք փոխվեք, միշտ էլ տհե ա լել, քանի դասատու ա եկել քնացել:

Հաջորդ օրը, երբ եկա դպրոց, աշակերտները խոսում էին ընկեր Մանուկյանի բարի ու ջերմ վերաբերմունքի մասին: Ես չէի հասկանում՝ ինչ էր կատարվում։ Զանգը հնչեց, և առանց մի վայրկյան ուշանալու՝ դուռը բացեց ընկեր Մանուկյանը: Լայն ժպտաց ու ասաց․

-Եկեք աթոռները շրջանաձև դնենք և զրուցենք:

Դե, մենք էլ արեցինք այն, ինչ նա էր ասում:

-Ես ընկեր Անդրանիկն եմ, ինձ այդպես կդիմեք,- բոլորս զարմացած իրար նայեցինք և տեսանք, թե ինչպես գրպանից հանեց նոթատետրը և սկսեց գրառումներ անել: Տվեց մի հարց, որ ինձ երբեք չէին տվել,- երեխեք, ի՞նչ երազանք ունեք:

Հոգուս մեջ ինչ-որ բան տեղից շարժվեց, չգիտեմ՝ ինչու աչքերս լցվեցին: Ես հասկացա, որ երազանք չունեմ, ես երբեք դրանից չեմ ունեցել:

Ժպիտը դեմքին՝ գլուխը բարձրացրեց և ասաց․

-Երազեք, երեխաներ, դա շատ կարևոր է:

Մենք նրա հետ այնքան հաճելի ընկերական զրույց ունեցանք, որ այդ քառասունհինգ րոպեները մի ակնթարթ թվացին, և ես առաջին անգամ չէի ցանկանում լսել դասամիջոցի զանգի ձայնը, բայց այն հնչեց, և ես զանգի փոխարեն լսեցի երազանքիս ձայնը, և նույնիսկ տեսա երազանքս, որ այնքա՜ն ջերմ էր ժպտում: Հաջորդ ֆիզկուլտուրայի ժամը անցավ սպորտ դահլիճում, բայց ուրիշ կերպ, այն նման չէր իմ անցած ֆիզկուլտի դասերին: Հիշում եմ, մի օր վոլեյբոլի դաս էր, ես խուսափում էի մասնակցելուց, ցանկացա դուրս գնալ, բայց ընկեր Մանուկյանը թույլ չտվեց։ Փոխարենը գնդակը տվեց ինձ, որ ես փորձեմ։ Ես ասացի, որ չեմ կարող, և նա ինձ տվեց երկրորդ ուղենիշը․

-Ալլա ջան, «չ» տառ չկա, «չեմ կարողանում» չկա:

Ես հասկացա, որ ոչ թե չեմ կարող, այլ դեռ չի ստացվում:

Մի օր ընկեր Մանուկյանը առաջարկեց դպրոցի պատին մի պաստառ ամրացնել, որի վրա փակցված կլինեին ուսուցիչների անուններով փոքրիկ ծրարներ: Աշակերտները կարող էին որևէ ուսուցչի նամակ գրել և գցել ծրարի մեջ: Գաղափարը շատ մեծ հավանության արժանացավ մեր տնօրենի կողմից, և հենց հաջորդ օրը պաստառը արդեն պատրաստ էր:

Որոշեցի նամակ գրել ընկեր Մանուկյանին, նշեցի անուն ազգանունս և գցեցի ծրարի մեջ: Հաջորդ ֆիզկուլտի ժամին նրա ժպիտից հասկացա, որ նա կարդացել էր նամակս: Եվ այն ժպիտը, որը ինձ մի ժամանակ տարօրինակ էր թվում, հիմա այնքան հարազատ է, յուրահատուկ է և կարևոր:

Ես դեռ փոքր ժամանակվանից ոչ մի խմբակի չէի գնացել, բայց երբ ընկեր Մանուկյանը բացեց խմբակներ, ես բոլորին գնացի: Բացվեց ազգային պարի խմբակ, լրագրության խմբակ, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի աջակցությամբ ձեռք բերեցինք ֆոտոապարատ, դա մեզ շատ ոգևորեց։ Սկսեցինք հոդվածներ պատրաստել գյուղի հետաքրքիր զբաղմունք ունեցող մարդկանց մասին: Արդեն տեսանյութեր ենք պատրաստում, և բոլորը անհամբերությամբ սպասում են դրանց: Հետո բացվեց նաև առաջնորդության ակումբ, որտեղ ընկեր Մանուկյանը մեզ առաջնորդին հատուկ գիտելիքներ էր փոխանցում: Նրա հետ միասին սկսել էինք ծրագրեր փնտրել, որ կարողանայինք իրագործել գյուղում: Մեր ընկեր Մանուկյանը այդ ամենը այնքան սիրով էր անում, դպրոցում կար ռոբոտաշինության խմբակ, բայց չկար «Արմաթ» ինժեներական լաբորատորիա: Ծրագիր գտանք, դիմեցինք և շահեցինք: Տասներորդ դասարանի երկու տղա գործուղվեցին Երևան և սովորեցին աշխատել բրուտագործական հաստոցի վրա: Նորից ծրագիր գտանք, դիմեցինք և արվեստանոցի գույք ձեռք բերեցինք: Հիմա մեր կավագործ ընկերները տարածաշրջանի երեխաներին անվճար սովորեցնում են:

Այսօր ընկեր Մանուկյանի շնորհիվ մենք հասկացել ենք, որ համայնքի զարգացումը հենց մեր ձեռքերում է:

Ես չէի հավատում, որ այս ամենը մեզ հետ էր կատարվում: Մենք այնքան բան ունեինք, բայց իմ մեջ մի վախ կար: Երկու տարին մի քանի ամսից լրանում էր, ես վախենում էի կորցնել այն, ինչը ինձ այնքան դժվարությամբ էր հասել: Ժամանակն էր երազանք պահելու, մի երազանք, որը շատ բան կարող էր փոխել։ Ես աչքերս փակեցի և ամբողջ սրտով սկսեցի աղոթել․ «Տեր Աստված, հենց արա, վեր ընկեր Մանուկյանը քնա վեչ»։

Օրերը անցնում էին, մենք շատ էինք մտերմացել մեր ուսուցչի հետ: Բայց ամեն անգամ նրա հետ խոսելիս ինձ թվում էր, թե վերջին անգամ եմ խոսում: Ես գիտեի, որ գնալուց հետո նա էլի կապ էր պահելու մեզ հետ, բայց ես մեկ է չէի հաշտվում դրա հետ:

Եկավ մայիսը։ Մի անգամ, ինչպես ամեն կիրակի, ես սովորականի նման գնացի պատարագի, բայց տեղի ունեցավ անսպասելին: Պատարագից անմիջապես հետո մեր գյուղի քահանա Տեր Աբելը կնքեց ինձ, և երբ երեսս լվաց, և աչքերս բացեցի, տեսա ընկեր Մանուկյանին։ Նա նորից ժպտում էր իր լայն ու սիրալիր ժպիտով: Դեռ փոքր ժամանակից սպասել էի իմ կնունքին: Գնացինք Տեր Աբելենց տուն, և այդտեղ ընկեր Մանուկյանը ասաց, որ մի որոշում է կայացրել, որի մասին ցանկանում է ասել բոլորիս:

-Ես որոշել եմ մնալ Մովսեսում, ապրել այստեղ, իմ բիզնեսը դնել ու էլ երբեք չգնալ:

Այդ պահին ես այնքան երջանիկ էի: Աչքերիս դիմացով անցան այդ երկու տարիները, մեր ձեռքբերումները: Մեկ օրվա մեջ այդքա՜ն երջանկություն, հիշեցի երազանքս, որը պահել էի: Պատմեցի բոլորին երազանքիս մասին, և Տեր Աբելը ինձ մի բան ասաց․

-Ալլա ջան, շնորհակալ եմ երազանքիդ համար:

Այդ պահին ես ինձ այնքան սիրված էի զգում իմ ընկերների և հարազատների կողմից:

Ընկե՛ր Մանուկյան, հիմա երևի կարդալով գրածս՝ Ձեր աչքերի անկյունում արցունքի կաթիլներ կհայտնվեն, կամ էլ երևի լայն կժպտաք ինչպես միշտ, չգիտեմ, բայց կասեմ, որ շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիք երազել, շնորհակալ եմ այն ժպիտների, այն ջերմության համար, որ միշտ տալիս եք: Հիշեք, որ ես ուր էլ լինեմ, ինչ էլ անեմ, զգալու եմ Ձեր կարիքը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Անցողիկ կադրեր

jenya yeghikyan

Վերնագիրը՝ քեզնից

Ես… ես կմկմալով կասեմ, բայց թույլ տուր՝ ձայնս քեզ վրա դողա։ Եվ առհասարակ, ես ինքս եմ լարախաղացի նման քեզ վրա դողում, ձայնս դեռ ի՞նչ է որ։ Ձեռքերս, ոտքերս դողում են՝ ի տարբերություն սրտիս, այն միայն զարկերն է արագացնում։ Անկեղծ, ինքս էլ չգիտեմ՝ ինչպես ասեմ, որ զարկերը արագացնելով ոչ մի լավ բանի չենք հասնի, գոնե տեսնի՝ ձեռքերս ինչ են անում, դրանց օրինակին հետևի։ Գերազանցիկ և օրինակելի է ուղեղս։ Համ սառն է դատում, համ երկար-բարակ մտածում, հետո որոշում կայացնում։ Ինձ հետ չի համակերպվում, ստիպում է քո մասին մտածեմ, խոսքը փոխանցում է սրտիս ու հրամայում, թե գրի՛ր։ Գրի՛ր մինչև էջերդ պատռվեն, գրի՛ր մինչև թանաքդ վերջանա (ի դեպ, թանաք ասելով՝ համբերությունս էլ նկատի ունեմ), վերջապես դողացող ձեռքերովդ գրի՛ր, հաշվի մի առ սրտիդ զարկը, մի օր տեղից դուրս կթռչի ու կհասկանա, որ իզուր էր, որ արագ սրտով որոշում կայացնել պետք չէր։ Ես շեշտերը միայն նրա համար չեմ դրել, որ լեզվի կանոնն է այդպես պահանջում, շեշտում եմ, ուրեմն հրամայում եմ։ Ձեռքերս շահագործել պետք չէ, դրանց՝ ենթարկվելու կարողությունը ոչ մի կերպ չի արդարացնում դա։ Միշտ տողատակում սևագրած ունեն, ձեռքերը, որ անունդ են գրում, քեզ գրկել են ուզում։ Ամենաանկեղծ ցանկությունը դողացող ձեռքերիս։ Եվ վերջապես, քեզնից հետո ձեռքերս ավելի են վարժվել, ավելի հստակ են գրում, բացակայությունդ ավելի խոսո՞ւն էր։ Ձեռքերս ձեռքերը լվացել են քեզանից…

«Ալբատրոս» թատրոնը

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Շվեդիայի հարավում` Հալլանդի Տուկալինյա բնակավայրում է գտնվում սովորական մի թատրոն: Սովորականն այսքանով ավարտվում է:

Ռոբերտ Յակոբսոնը և նրա կինը` Օսսան, հիմնադրել են «Ալբատրոս» թատրոնը շատ տարիներ առաջ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Թատրոնը գործում է վաղուց լքված դպրոցի շենքում` շրջապատված խիտ անտառներով ու լճակներով, հեռու բնակավայրերից:

Երբ մտնում ես ներս, այստեղ էլ, ինչպես ընդունված է շվեդական ընտանիքներում, կոշիկներդ պետք է հանես, ուստի արտահայտությունը, թե թատրոնն սկսում է հանդերձարանից, «Ալբատրոսում» ուղղակի իմաստ ունի, երբ տեսնում ես դռան առաջ անփույթ շարված մի քանի տասնյակ կոշիկներ:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Եվ երկրորդ թևավոր խոսքը այստեղ նույնպես ուղղակի է. ապրել թատրոնով: Բազմաթիվ փորձասենյակների կողքին ննջասենյակներ կան, կարծեմ քսանը: Հենց այս օրերին Իտալիայից մի երիտասարդական թատերախումբ է ապրում և նոր ներկայացման փորձերն անում «Ալբատրոսում»: Իտալիայում շոգ է, աշխատել չի ստացվում: Ռոբերտը հրավիրել է Շվեդիա: Ի դեպ, անընդհատ ֆինանսական միջոցներ փնտրող թատերախումբը կեցության համար գումար չի վերցնում իտալացիներից, առհասարակ բոլոր այն արվեստագետներից, ովքեր գալիս են արվեստ արարելու:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Ալբատրոսի» ներկայացումներն էլ անսովոր են. ներկայացումը կարող է ընթանալ թե դահլիճում, թե փողոցում, որտեղ ասեք: Դա երևի էական չէ: Հյուրախաղերով հանդես են եկել ավելի քան քսաներեք երկրներում, և թեև ներկայացումները շվեդերեն են, բայց հասկանալի են բոլորին:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Ռոբերտն ու Օսսան իրենք են ընտրում թեման, գրում սցենարը, պատրաստում դեկորացիաները, նկարչական ձևավորումները, փնտրում գտնում հենց այդ ժամանակի իրեր, հագուստ, իսկ թե ինչքան գրականություն են ընթերցում ժամանակաշրջանի մասին, որն ուզում են ներկայացնել, կպատկերացնեք, երբ տեսնեք այն գրականությունը, երաժշտությունը, արվեստագետների գործերը, որոնք ապրել են հենց այդ ժամանակ: Օրինակ, մի քանի սրահներով անցնելիս թվում էր հեղափոխական Ռուսաստանում ենք 1917-ին, Լեհաստանի հրեական Գետտոյում, Կոնգոյում…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Իսկ աշնանը Ռոբորտ Յակոբսոնը եկել էր Հայաստան` ծանոթանալու իր անվանակցի` դերասան Ռոբերտ Հակոբյանի հետ, հրավիրելու Շվեդիա միասին ներկայացում անելու` երկու Ռոբերտ Յակոբսոն կամ երկու Ռոբերտ Հակոբյան Հայոց Ցեղասպանության մասին:

-Մեր ներկայացումները ստանդարտ պիեսներ չեն, էլեգանտ ու գեղեցիկ,- բացատրում է Ռոբերտը,- տարեցտարի մեր համոզմունքների փոփոխվելուն զուգահեռ կարող ենք ամեն բան փոփոխել: Բայց կարող ենք նաև մեր խաղացանկից չհանել մի բան, որը շատ ենք սիրում: Օրինակ, մեկը խաղում ենք արդեն քսան տարի:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երբ շրջում ես «Ալբատրոսի» սրահներով, մի պահ մոռանում ես, որ փորձարարական թատրոնի շենքում ես: Նկարները, կոլաժները, արձանիկները քեզ տանում են մեկ Բելառուս, մեկ Ռուսաստան, մեկ Աֆրիկա, մեկ Լեհաստան… Այստեղ գործում է նաև մշտական ցուցահանդես արևելաեվրոպական ու Աֆրիկայի արվեստի ցուցանմուշներով:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե իսկ «Ալբատրոսի» հետ մեր հանդիպումը պատահական չէ: Հալլանդ երկրամասի աջակցությամբ նրանք ներկայացումներ են անում դպրոցականների համար ևս: Անցնում եք Աֆրիկայի մասին, եկեք ուրեմն ներկայացում պատրաստենք: Ասենք, մեծ ձկան մասին, որն ապրում է Աֆրիկայում: Աշակերտների հետ ուսումնասիրում են թե երաժշտությունը, թե առհասարակ կյանքը, կենցաղը, խնդիրները, երեխաները իրենք էլ խաղում են դերերը, և դասագրքի չոր տվյալներն ու փաստերը դուրս են գալիս էջերից, կենդանանում:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե այդքանից հետո փորձիր չհիշել ու չհասկանալ, թե ինչի մասին էր դասդ: Դպրոցական ներկայացումները նաև նկարահանվում են, ցուցադրվում հաջորդ տարիներին ևս: Արդեն քսան տարի այս գործընթացը «Ալբատրոսի» կարևոր ուղղություններից մեկն է:

«Ալբատրոսն» իսկապես անսովոր թատրոն է:

mariam tonoyan

Ասում են

Ասում են՝ հիվանդ է։ Չգիտես՝ ինչու, ասում են՝ հիվանդ է և նույնիսկ համարձակվում ավելացնել, թե հոգին է հիվանդ։ Իսկ երբ հարցնում ես, թե հոգին ի՞նչ է, որ ունակ է նույնիսկ հիվանդանալու, լեզուները կապ է ընկնում.

-Չէ՜, ոչ թե հոգին, այլ հոգեկան աշխարհը, ներաշխարհը, մտքերը։

Ակամա ուզում ես հարցը կրկնել, բայց գիտես, որ էլի մի անտարբեր պատասխան ես ստանալու, որովհետև բառերով «ներաշխարհը» բացատրելը ու «հիվանդ» բառի ազդեցությունը մեղմացնելը բարդ է։

Ես ամենևին էլ չհամաձայնեցի։ Հակառակը՝ մեծ, թուխ աչքերում կարծես բռնկվել էր կյանքի, ապրելու թրթիռը, ամեն ասած բառի մեջ հաստատակամություն ու հավատ կար, շարժուձևում՝ ազատություն ու անկեղծություն, որ շատերը կուզենային ունենալ, բայց փոխարենը ասում են՝ հիվանդ է, որովհետև նա իրենց նման չէ, որովհետև նրա աշխարհն ուրիշ է։ Նրա մոլորակը սերն է, բնակիչները՝ հոգատարությունը, ապրելակերպը՝ հավատը։ Հավատը սիրո արտահայտման միջոցն է. պիտի հավատաս, որ սիրես։

Մի քանի անգամ կիրակի օրերին պատարագի ընթացքում տեսել եմ նրան։ Աղոթում էր, շարականները ծայրից ծայր անգիր գիտեր, ժպտում էր, զգացվում էր, որ հանգստանում է ու խոսքերը որպես բառերի կույտ չի ընկալում։ Հոգի՞ն էր հիվանդ, ներաշխա՞րհը, մտքե՞րը, թե՞ նրանք, ովքեր նրան հիվանդ են անվանում։

Այսօր նա առաքյալի էր նման, որ հալածվելով ու խոչնդոտների դեմ իր հավատը վահան դարձրած պայքարելով՝ դուրս էր եկել պատշգամբ՝ իր ուսմունքը քարոզելու։ Բարձր էր երգում, պարզ։ Շարականներին մերթ ընդ մերթ հաջորդում էին փոքրիկ քարոզները կյանքի, բարության, սիրո, հանդուրժողականության, ներողամտության և այլ արժեքների մասին։ Ձեռքին մի մեծ խաչ կար, որով խաչակնքում էր անհայտ հավատացյալներին։ Անցորդները մի պահ խեթ նայում էին նրան, ապա հայացքները շրջում ու ամենօրյա դեմքի արտահայտություն ստանալով շարունակում ճանապարհը։

Ես, չնայած դպրոց էի շտապում, մի հաստաբուն ծառի թինկնելով, պատսպարվեցի ու որոշեցի լսել.

-Սիրելի՛ հավատացյալներ,- դիմում էր անտեսանելի բազմությանը,- եկեք աղոթենք մեր մայրերի համար։

Ասված խոսքերի ազդեցությունից մի պահ հայացքս սառեց, լսողությունս ու տեսողությունս կարծես խափանվեցին՝ առաջ մղելով մեղքի զգացողությանը։ «Վերջին անգամ ե՞րբ եմ մորս համար աղոթել,- մտածեցի ես, բայց չկարողացա մտաբերել,- միգուցե հիվա՞նդ եմ, հիշողությունս հիվանդացե՞լ է։ Իսկ նրանք ասում են՝ նա է հիվանդ»։

-Աղջիկ ջան, մոտ արի,- հանկարծ սթափեցրեց ինձ նրա ձայնը։ Նկատել էր ինձ ու նայում էր ուղիղ աչքերիս մեջ։- Տերունական աղոթքը գիտե՞ս։

Ինձ թվաց, թե գլխով նշան եմ անում, բայց նա, նկատելով անշարժությունս, շարունակեց.

-Կրկնի՛ր։ Հայր մեր, որ յերկինս ես…

-Հայր մեր, որ յերկինս ես,- մեխանիկորեն շշնջացի ես։

Շարունակությունը չլսեցի։ Երևի լսողությունս հիվանդացել էր, կամ մտքերս էին չափից շատ։ (Գուցե նրա մտքերն է՞լ են չափից շատ։) Վերջում երևի պահպանիչ աղոթք էր կարդացել ու «Ամեն»-ով եզրափակել, որովհետև երբ անձրևը սկսվեց, նրա պատշգամբում արդեն ոչ ոք չկար, իսկ դուռը փակ էր։

Ամաչում էի։ Մտքումս աղոթեցի նախ մորս համար, ապա՝ բոլորի, նույնիսկ փողոցի անտուն կենդանիների, որ շուտով թրջվելու են բաց երկնքի տակ։

…Ասում են՝ հիվանդ է։ Հոգի՞ն էր հիվանդ, ներաշխա՞րհը, մտքե՞րը, թե՞ նրանք, ովքեր նրան հիվանդ են անվանում։ Բոլորս ենք հիվանդ՝ մեկը մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս։

Թթի փառատոնը Գորիսում

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Հուլիսի 6-ին Գորիս համայնքի Քարահունջ գյուղում տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած Թթի փառատոնը։ Փառատոնը 1-ին անգամ կազմակերպվել է 2014 թվականին և արդեն 5-րդ տարին է, ինչ այն տեղի է ունենում Գորիսից 4 կմ հեռավորության վրա գտնվող Քարահունջ գյուղում: Փառատոնը տեղի է ունենում ամեն տարվա հուլիս ամսի առաջին շաբաթ օրը։ Ներկա էին նախագահ Արմեն Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ԵՄ դեսպանը և մարզպետ Հունան Պողոսյանը, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերից հետաքրքրասեր մարդիկ, աշխարհի տարբեր վայրերից եկած զբոսաշրջիկներ։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Քարահունջ գյուղը հայտնի է իր թթի օղիով, այդ իսկ պատճառով էլ կոլորիտային փառատոնը տեղի է ունենում հենց այդ գյուղում։ Փառատոնի ընթացքում ներկաները ծանոթացան թութ թափ տալու արարողությանը։ Քարահունջեցի տատիկը և պապիկը դերակատարմամբ ներկայացրեցին գյուղում կատարվելիքը թթի «սեզոնին», այնուհետև կանչեցին բոլորին թութ թափ տալու։ Մեկնվեցին քյարխանաները` ծածկոցները, որոնց մեջ լցվում է թութը թափ տալիս: Բոլորն այնքան խանդավառ էին տեսնելու թութ թափ տալու արարողությունը, որ ամեն մեկը շտապում էր քյարխանայից բռնելու։ Վերևից թութն այնպես էր թափվում, որ տպավորություն էր, թե մեր ծառերից թափվում էր մեր մշակույթը, ավանդույթները, մեր մեծերի պահած-պահպանած սովորույթները։ Կար նաև մրցույթ, ով ամենաշատ թութը հավաքի, նա էլ կհաղթի ու մրցանակ կստանա։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի ընթացքում քաղաք Գորիսը և հարակից այլ համայնքները տաղավարներում ներկայանում էին իրենց համայնքին բնորոշ ուտեստներով, զարդանախշերով, հայկական տարազներով։ Տաղավարներում կատարվում էր հյուրասիրություն-վաճառք, որը հիանալի հնարավորություն էր այցելուների համար ծանոթանալու մեր ազգային արժեքներին, դրանց պատմությանը, ճաշատեսակների բաղադրատոմսերին։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի զարդից՝ թթից, փառատոնի ողջ ընթացքում ներկայացվում էր թթի օղին, դոշաբը, չիրը, իսկ այցելուները հնարավորություն ունեին տեսնելու օղու պատրաստման հետաքրքիր գործընթացը և հենց այդ պահին էլ համտեսել այն կամ գնել։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Ասում էին. «Սկսնակները թող հլը մինակ 5 բաժակ փորձեն», բայց Գորիսի թթի օղին այնքան լավն է, ոչ քչերն էին այդքանով բավարարվում։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնին կային նորապսակներ, ովքեր հենց փառատոնում ափսեն ջարդեցին բոլորի առաջ ու միասին պարեցին, ժողովուրդն էլ՝ իրենց հետ։ էս ամեն ինչի մեջ շատ անկեղծություն կար, բոլորն իրենք իրենց մտքերում, մի քիչ բարձր բարեմաղթանքներ էին ասում ու օրհնում։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնն այնքան ուրախ էր անցնում, որ մեր հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը քյարխանայից բռնած հիացած նայում էր վերևից թափվող թթին, հետո երեխաների ձեռքից բռնում ու իրենց հետ պարում էր։

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Փառատոնի ողջ ընթացքում զգացվում էր ազգայինը։ Քարահունջի շքեղ բնության մեջ իր թթից ստացած բարիքներով հպարտանում էր գորիսեցին, հայկական ազգային պարն ու երաժշտությունը օդը լցրել էին անասելի ջերմությամբ, երեխաների ուրախ ձայները մթնոլորտը դարձնում էին ավելի հետաքրքիր ու գունավոր։ Ամեն մեկը կենտրոնացած էր մի նոր բան սովորելու, համտեսելու, տեսնելու, զգալու վրա։ Իսկ երբ հոգնում էին, նստում էին խոտի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

Լուսանկարը` Տաթև Թելունցի

տուկերի վրա ու իրենց հիացած հայացքներով նորից վայելում Թթի փառատոնը։

meri avetisyan

Արտիստը

Այդ օրը սովորական օր էր, ներկայացում դիտելու էինք գնացել Երևանի թատրոններից մեկում: Դեռ ներկայացումը չսկսված՝ մեր հետևի շարքում տեղավորվեցին երեք կին, հավանաբար աշխատանքից էին եկել, բայց հոգնած տեսք չունեին, ավելի շատ մարտական էին տրամադրված։ Թե ինչին էին մարտական տրամադրված՝ շուտով կիմանաք, քանի որ ես ինքս էլ չեմ կարողանում բառերով բացատրել:

Ներկայացումը սկսվեց՝ կատակերգություն էր երկու գործողությամբ: Երևի հինգ րոպե էլ չէր անցել, երբ կանանցից մեկը խոսեց.

-Թող խաղան, սրանց խաղացածը ինչ պետք ա լինի:

-Մի նորմալ դերասան էլ չունենք,- ավելացրեց մյուսը:

-Բա հլը հագածները…

Ես շրջվեցի և խնդրեցի, որ լռեն, քանի որ խանգարում են և ավելացրի, որ ամեն դեպքում պետք է հարգել նրանց, ովքեր կանգնում են բեմի վրա, իսկ վերջում շեշտեցի, որ հագուստը բեմական հագուստ է: Ի պատասխան իմ խնդրանքի՝ կանայք ավելի բարձր շարունակեցին իրենց քննադատությունները, և նրանց զրույցը ավարտվեց դռնապահուհու նկատողությամբ: Ներկայացման երկրորդ գործողության ժամանակ կանանցից մեկը զրուցում էր հեռախոսով և դռնապահուհին երկրորդ անգամ նկատողություն արեց և ասաց, որ պետք է անջատել բջջային հեռախոսը կամ բարի լինել և լքել դահլիճը:

Ներկայացումը ես շատ էի հավանել, բայց մի տեսակ տրմադրության անկում ունեի, արդյո՞ք պատճառը կանանց վերաբերմունքն էր առ թատրոն: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես նրանք պետք է ոտքի կանգնեին ներկայացման վերջում ու ծափահարեին դերասաններին, և չտեսա էլ՝ կանգնեցին ոտքի, թե ոչ: Ի վերջո, պետք է ընդունել, որ դերասանի մասնագիտությունը ամենաբարդ մասնագիտությունն է: Թատրոնում դերասանը գործի է դնում իր ողջ զգացմունքները, հոգևոր, մտավոր, ֆիզիկական կարողությունները, այնտեղ նա պարտավոր է լաց լինել, եթե դերը դա է պահանջում, անգամ այն դեպքում, երբ հոգին երջանկությունից թնդում է, և պարտավոր է լիաթոք ծիծաղել, երբ հոգին նույնիսկ սգի մեջ է: Դերասանը թատրոնում լոկ խամաճիկ է, և նա պարտավոր է ստիպել հանդիսատեսին ժպտալ և լաց լինել իր հետ միասին:

Հիշեցի մի դեպք, որը ինձ հետ պատահել է տարիներ առաջ: Մենք դասարանով ներկայացում դիտելու էինք գնացել։ Բեմադրվում էր Ա. Շիրվանզադեի «Արտիստը»: Ներկայացման ավարտին, երբ Լևոնի դերակատարը փռվել էր բեմահարթակին՝ իբրև մահացած, ես սկսեցի լաց լինել: Ներկայացումից հետո, երբ արդեն դուրս էինք եկել դահլիճից, ինձ մոտեցավ դերասանը և հարցրեց, թե ինչու եմ լաց լինում:

-Դուք մահացաք այնտեղ՝ բեմի վրա,- պատասխանեցի ես՝ զարմանքս ու հուզմունքս զսպելով:

Դերասանը ասաց, որ դա ընդամենը խաղ է, որը արդեն ավարտվել է։ Նա ժպտում էր, որովհետև կարողացել էր հանդիսատեսին ստիպել հավատալ, որ կերպարը մահացել է: Այդ դեպքից հետո՝ ամեն անգամ պատմվածքը կարդալիս, ես այդ արտիստին էի հիշում, որը բեմահարթակից նկատել էր լաց լինող երեխային:

lida armenakyan

Բռնության ձայնը

Հայաստանում կա բռնություն: Այո, որքան էլ զարմանալի է, մեր ազգն էլ սուրբ չէ։ Հայաստանում կա ամեն տեսակ բռնություն՝ սկսած մտքի ու ազատ խոսքի բռնությունից մինչև սեռական բռնություն:

Վերջերս hetq.am-ը հրապարակեց «Մազերն են մեղավոր» հոդվածը, որտեղ Հայաստանում բնակություն հաստատած չեխ աղջիկը պատմում է իր հետ կատարված սարսափելի պատմության մասին՝ նշելով, որ դա միակ դեպքը չէ․ Հայաստանում անցկացրած 1 տարվա ընթացքում բազմաթիվ սեռական ոտնձգությունների է ենթարկվել, և ահա մեկ անգամ էլ բռնաբարության փորձի: Թե ինչպես, երբ, որտեղ ու մնացած մանրամասներին ծանոթանալու համար առանց մի վայրկյան սպասելու՝ հոդվածի բնօրինակը կարդացեք: Էվայի այս պատմությունից, ինչպես նաև մինչ այդ Խաչատրյան քույրերի պատմությունից հետո Հայաստանում (վերջապես) բարձրացավ մի ալիք, մասնավորապես՝ Լյուսի Քոչարյանի ֆեյսբուքյան էջում, որտեղ լրագրողը սկսեց պարբերաբար տեղադրել անանուն պատմություններ #բռնության_ձայնը հեշթեգով, որոնք գրված են այն մարդկանց կողմից, ովքեր ենթարկվել են սեռական բռնության: Պատմությունները մեկը մյուսից սարսափելի ու ահավոր են: Մեկը մյուսից վտանգավոր ու հուզող: Բայց անգամ այս ամենի ֆոնին կան մարդիկ, ովքեր կասկածում ու չեն հավատում պատմություններին, ասելով՝ «սորոսից գրանտներ կերածների հորինածներն են», «դե լավ, Հայաստանում չի կարա տենց բան լինի», «հայ տղամարդը կնամեծար է, իսկ հայկական բանակում նենց առյուծ տղերք են ծառայում, որ ձև չի, ամոթ է, գոնե մի ասեք, բանակի պատիվը մի գցեք», ու նաև ավելի սարսափելի մարդիկ, ովքեր մեղադրում են զոհին, ովքեր արդարացնում են բռնարարին՝ ասելով, որ «լավ է արել, թույլ է տվել, արել ա»:

Չգիտեմ՝ ինչ աստիճանի ոչ երկրային լավատես պետք է լինել ու ինչ աստիճանի ջայլամի կյանքով ապրել, որ կարելի լինի կասկածի տակ դնել բռնության ենթարկվածներին, որ կարելի լինի չհավատալ, որ կարելի լինի զարմանալ, որ Հայաստանում էլ են նման դեպքեր լինում: Էն, որ բոլոր երկրներում կարող են պատահել նման դեպքեր, միևնույնն է, ոչ մի կերպ չի արդարացնում ձեր՝ բռնությունն արդարացնելու փաստը: Էլ չեմ ասում, որ բռնությունն արդարացնելը ևս հանցանք է ու դուք ինչ-որ մի մինիմալ կետով եք տարբերվում իսկական հանցակցից: Ու միայն էն, որ ձեզ հետ չի պատահել նման մի դեպք, ձեզ թույլ չի տալիս կասկածի տակ դնել, չհավատալ ու դեռ մի բան էլ վստահ-վստահ հերքել եղելությունը: Ձեր բախտը ուղղակի բերել է, ուրիշ ոչինչ:

#բռնության_ձայնը հեշթեգի տակ հնչող ահավոր պատմությունները մեր հասարակության դեմքն են ցույց տալիս, մեկ էլ դրանց տակ հեգնական ու կասկածամիտ «չեմ հավատում»-ներն ու «էս սաղ հորինած ա»-ներն են դիմագիծ ցույց տալիս, բայց մեկ էլ բոլոր էն կանայք (կներեք արտահայտված սեքսիզմի համար) են հասարակության դեմքը ու իրենց տգիտությունը ցույց տալիս, երբ հստակ պատմության տակ, որտեղ իրականում ակնբախ է, ով է բռնարարը ու ով՝ զոհը, դնում ասում են՝ աղջկանից է գալիս, աղջիկն է մեղավոր: Շատ վատ է, երբ տղամարդիկ չեն հավատում, վատ բաներ են ասում, բայց առավել վատ է, երբ կանայք են նույնը անում՝ աջակցելու փոխարեն: Ուղղակի անհասկանալի պահվածք է, ոնց կարելի է կասկածել պատմություններին, էն պատմություններին, որ մարդիկ մի կերպ են պատմում, որ հազար տարի ոչ ոքի չեն ասել, որ դա իրենց վրա մեծ հետք է թողել, որ շատերը չեն կարողանում նորմալ շփվել, որ շատերը նևրոտիկ են: Չգիտեմ, կներեք, բայց անհասկանալի եք:

Տերյանը «Մի խառնեք մեզ» բանաստեղծությունը գրելիս չէր հաշվարկել, որ տարիներ հետո էնպիսի հասարակություն կունենանք, որ վայրի արջի ցեղերին խառնելը խաղուպար կթվա: Պատմությունների մեջ գրեթե անխախտելի գնում է «գիտեմ, որ դու էլ ես ուզում» գիծը, գրեթե անխախտելի գնում է «ոչ ոքի չեմ պատմել տանը, որովհետև մամաս ինձ կմեղադրեր» գիծը, նույն կերպ անխախտելի գնում է «ոստիկանություն չեմ դիմել, որովհետև անիմաստ էր», նաև «ոստիկանությունում ասացին, որ դիմումս հետ վերցնեմ, որովհետև ընտանիք ունի կամ ամոթ է, ծնողներիդ անունը գցում ես»: Էդ պատմությունների մեջ քիչ չեն նաև մանկապղծության, պեդոֆիլիայի, ինցեստի դեպքերը, իսկ մենք անվերապահորեն վստահում ենք հարազատներին ու բարեկամներին: Պատմությունները 200-ից ավելի են, ու դա սարսափելի է էնքանով, որ մեր շրջապատում մեզ ծանոթ զոհերի առկայությունից բացի՝ հավանականությունը ահռելի մեծ է, որ մեր շրջապատում կան/կլինեն նաև նույնքան ծանոթ բռնարարներ: Իսկ ոստիկանություններում խայտառակ վիճակ է, զոհին օգնելու ու բռնարարին կալանավորելու փոխարեն արվում է ճիշտ հակառակը՝ զոհին սպառնում են, որ դիմումը հետ վերցնի կամ ուղղակի գործին ընթացք չեն տալիս, իսկ բռնարարին ազատ են թողնում շատ հեշտ ու հանգիստ, կարծես էդպես էլ պիտի լիներ:

Բնաբարությունների մեծ մասի պատճառը ուղղակի դաստիարակությունն է ու անգրագիտությունը: Ուղղակի մենք էնքան ենք իդեալականացրել «հայ ընտանիք»-ի մոդելը, որ չենք գիտակցում երեխաներին ճիշտ դաստիարակելու անհրաժեշտությունը, որ չենք գիտակցում, որ կարող են առհասարակ նման դեպքեր պատահել: Մեծ մասի պատճառն այն է, որ ծնողը երեխային էնպես չի դաստիարակում, որ իրենց մեջ փոխվստահություն լինի, որ երեխան իմանա, որ թև ու թիկունք կա, որ երեխան դեռ մանկուց ճանաչի իր մարմինը:

Մարդիկ իսկապե՞ս չեն գիտակցում սեռական կրթության կարևոր լինելը, թե խելամիտ լինելը վեր է «ամոթից», «ինչ կմտածեն»-ից ու առհասարակ զարգանալուց: Մայիսին աղմուկ հանած «Իմ մարմինն անձնական է» գիրքը դատապարտվեց հասարակության մեծամասնության կողմից՝ բնորոշվելով, թե գիրքը քարոզում է այլասերվածություն ու ուղղված է հայկական ավանդական ընտանիքի դեմ: Լավ, երբ ենք հասկանալու, որ «հայկական ավանդական ընտանիք» ասվածով անհնար է ապահով, անվտանգ ապրել, որ բանիմաց լինելը այլասերվածություն չի, որ սեքսը տաբու չի, որ սեռական կրթությունը անհրաժեշտ է, որ մարմինը ճանաչելը ամոթ չի, որ հայրիշխանությունը ճիշտ չի, որ բանակի մասին պաթոսախեղդ կարծիքը չափազանցված է, որ չի կարելի բռնաբարել ուղղակի արտաքին տեսքի համար, որ բռնությունն արդարացնելը հանցանք է, որ մարդկանց հույզերին չհավատալը անմտություն է, որ ոստիկանությունում վեթինգ անելը օրհասական է արդեն:

 

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Յոթերորդ կնիքը», Հովս Հալլար, Շվեդիա

«-Ո՞վ ես դու:

-Ես Մահն եմ:

-Եկել ես իմ հետևի՞ց:

-Ես արդեն վաղուց եմ քեզ հետևում»:

Վախեցա՞ք: Սա Մահվան ու ասպետ Անտոնիուս Բլոկի երկխոսությունն է Ինգմար Բերգմանի «Յոթերորդ կնիքը» ֆիլմից: Ֆիլմ, որի նկարահանումից անցել է 62 տարի, և կինոն բաժանել մինչ այս ֆիլմը և այս ֆիլմից հետո հաշվարկման:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մենք հիմա նույն ծովածոցում ենք` Շվեդիայի հարավում` Հովս Հալլարում: Հուլիս ամիսն է: Ճիշտ այս ժամանակ սկսեցին ֆիլմի նկարահանումներն այստեղ, տևեցին երկու ամիս: Հենց այս ծովափին են նկարահանվել ֆիլմի ամենակարևոր տեսարանները` Մահվան հանդիպումը Ասպետի հետ, շախմատ խաղալու տեսարանները, սկիզբն ու ֆիլմի ավարտը:

Մեր ուղեկցուհին` Բերգմանի վերջին ներկայացումներում խաղացած դերասանուհի Մարիա Էրիկսոնը, նույն քարափին արտաբերում է ֆիլմի այս հատվածը.

-Ո՞վ ես դու, ինչու՞ ես այստեղ…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Քայլում ենք քարափի դժվար հաղթահարելի այս հատվածներով, պատկերացնում, թե ինչպես էր նկարահանող խումբն իջեցնում հարյուր կիլոգրամանոց տեսախցիկը, մեծ վարպետի հետ քննարկում ամեն տեսարանը, խոշոր պլանները, կրկնում յուրաքանչյուր դրվագն էլի ու էլի…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հարցն ասես մեզ էլ է ուղղված.

-Ո՞վ ես դու, ինչո՞ւ ես այստեղ…

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյան

Անպայման փնտրեք ու դիտեք Բերգմանի «Յոթերորդ կնիքը», մենք դեռ խոսելու շատ բան ունենք:

emma tadevosyan

Ես Լոլոզի՛կն եմ բարձրացել

Լոլոզիկ սարը, որ օրերից մի օր իմը դարձավ, ասում են՝ Քաղսիինն է: Քաղսիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում տեսնողներ են եղել: Բայց չմոռանանք, որ մինչև 1959 թվականը Հրազդանը կոչվել է Ներքին Ախտա, դե իսկ հրազդանցիներին էլ ախտեցիներ են կոչել, ավելին՝ ըստ լեգենդի՝ քյոռախտեցիներ: Այսպիսով, ապացուցելով լեգենդը՝ վստահորեն կասեմ՝ Լոլոզիկը Հրազդանինն է ու իմը:

Հիշում եմ՝ գիշեր էր: Մենք էինք: Տանն էինք: Հիշում եմ՝ խաղաղ էր գիշերը, խաղաղ չէր քույրս. լաց եղավ:

Սովորական լաց էր, ամենասովորական արցունքներով: Մի դպրոցից մյուսը տեղափոխված, նոր դասարանում դեռ չհարմարված, դասարանցիների «ջերմ ընդունելությունից» վիրավորված աղջնակի ամենասովորական արցունքներն էին:

-Ոնց թե, ո՞վ ա նեղացրել իմ աղջկան:

-Ես հիմա կզանգեմ դասղեկին:

-Ալլո, ներեցեք, որ այս ժամին անհանգստացնում եմ…

-Ոչ, ոչ, կարիք չկա, որ հայրը դպրոց գա, ես այդ հարցը վաղը կլուծեմ…

Դե հա, պարզվեց, որ դասղեկը ամենակարող էր և այդ հարցը հաջորդ օրն իսկ լուծելու էր, օրինակ՝ էս երկու կախարդական նախադասություններով՝ «Դե ոչինչ, բալես, պիտի հարմարվես» և «Երեխաներ, դուք բոլորդ քույրեր և եղբայրներ եք, մի նեղացրեք իրար»:

Հիշում եմ՝ առավոտ էր: Էլի մենք էինք: Տանն էինք: Խաղաղ էր առավոտը, խաղաղ էինք մենք:

-Իմ աղջիկների հետ էսօր գնում ենք Լոլոզիկը բարձրանալու,- նախաճաշելիս հանկարծ ասաց հայրս:

-Էն ջղայն սա՞րը, պա՜պ, վա՜յ, էդ սարը չար ա, չի ժպտում, արի էն կողքի սարը բարձրանանք, բարի ա…

Չգիտեմ՝ ոնց էր 8-9 տարեկան իմ փոքրիկ ես-ը տարբերակում սարերի չար ու բարի լինելը, բայց լավ հիշում եմ էն սարսուռը, որ ամեն անգամ մարմնովս անցնում էր, երբ հանկարծ մի քիչ երկար էի նայում Լոլոզիկին՝ իր խիստ ու խիտ անտառ-կատարով:

Երբեմնի չարը, հեռուն ու անհասանելին ուղիղ մեր առջև էր, մեզ մոտ: Ամեն ծառի ու քարի հետևում երևակայական արջերին ու օձերին նկատելով՝ հայրիկիս ձեռքից բռնած լուռ առաջ էի շարժվում: Ողջ ճանապարհին հորս պատմած հետաքրքիր ու համով պատմություններով սնվեցինք: Շատն անցել էինք, քիչն էր մնացել, երբ հոգնածությունը քամու հետ եկավ ու սկսեց մեզ հետ գլորել:

-Եթե մինչև վերջ կարողանաք բարձրանալ, դուք կդառնաք աշխարհում ամենաուժեղները, գիտե՞ք,- քամուն ու հոգնածությանը հետ շպրտելով՝ ասաց հայրս:

-Մեր դպրոցո՞ւմ էլ, պա՛պ,- հարցրեց քույրս:

-Բա իհարկե, ձեր դպրոցում միակ աշակերտներն եք լինելու, որ կարողացել են էս սարը բարձրանալ, բալես,- հետո ծիծաղով ավելացրեց,- սրանից հետո եթե փորձեն ձեզ նեղացնել, ուղիղ կնայեք էդ նեղացնողի աչքերին ու կասեք «Ես Լոլոզի՛կն եմ բարձրացել»:

-Հա՞, կվախենա՞ն, պապ:

-Կհասկանան , որ դուք ուժեղ եք, բալես…

Իսկ դուք թռչկոտելով սար բարձրացող փոքրիկ աղջիկներ տեսե՞լ եք: Ախր պապան ասել էր՝ պիտի բարձրանանք, որ ուժեղ լինենք: Ու մինչև հիմա բարձրանա՜լ, չհոգնե՜լ…

Վերևից ամեն ինչ գունավոր էր, անթերի ու խաղաղ: Վերևում «վախենալ» բառին վ-ով սկսվող այլ բառ փոխարինելու եկավ՝ «վայելել»-ը: Դրսի քամիներն անզոր են, եթե ներսիդ քամիները ճիշտ ուղղությամբ են փչում…

-Ես Լոլոզի՛կն եմ բարձրացել:

Ու որքա՜ն մեծ էր մանկական միամտությունից ծնված հիասթափությունս, երբ մի անգամ հնչեց ամենաչսպասված պատասխանը.

-Հա ի՞նչ, ես էլ եմ բարձրացել…