Shushan nersisyan

Մեկերը

Մեծ քաղաքների ժխորը քեզ խլացնում է, ու դու զգում ես կարիքն այն միակի, որ կստիպի այդ ժխորում լսել ամենակարևոր լռությունը, որ բարձր կլինի բոլոր տեսակի ամբիոններից հնչող ու հնչելիք խոսքերից։ Լռություն, որ կխլացնի…

Մեծ քաղաքների ժխորը, եթե այդպես էլ չես համակերպվում դրան, ի վերջո մեկուսացնում է քեզ, աշխարհը քեզ քչություն է անում, ու դու ուզում ես՝ մեկը լինի, որ երբ ժխորի ժամանակ աշխարհում չտեղավորվես, աշխարհից խռովես, գլուխդ թեքես այդ մեկի ուսին ու առանց ամաչելու լաց լինես:

Գիտակցությունդ սկսում է մթագնել կամ ընդհանրապես չգործել, ու դու ենթագիտակցաբար ուզում ես կողքիդ մեկը լինի, ում հետ կխենթանաս՝ մոռանալով, որ գժերը նորից չեն գժվում… Ենթագիտակցությունդ ուզում է՝ այդ մեկը լինի ամենուր, ասենք՝ շուկայում, որտեղից գլորելով տուն կբերեք ամենամեծ ձմերուկները, կամ սրճարանում, ուր մի բաժակ դառը սուրճը կհերիքի հարբելու համար: Փողոցներում լինի այդ մեկը, ում հետ դիտմամբ սխալ համարի երթուղայիններ կնստես, սխալ հեռախոսահամարներ կհավաքես, սխալ դռներ կծեծես, ու դրանք կլինեն քո կյանքի ամենագեղեցիկ սխալները: Տանը մեկը լինի, ում հետ կփոխվեք վերնաշապիկներով ու առանց ամաչելու տնից դուրս կգաք, ում հետ տանիքներով շենքից շենք կթռչեք՝ գիտակցելով, որ ընկնելու հավանականությունը մեծ է: Այդ մեկը քեզ հետ միշտ հերթերում լինի, որ չձանձրանաս: Արևոտ օրերին կողքիդ մեկը լինի, ում հետ պաղպաղակ ուտելիս առանց վախենալու այն կմոտեցնես դեմքին ու կպաղպաղակոտես ժպիտը: Մեկը լինի, ով քո բոլոր սխալներից հետո մեկ բաժակ թեյով մի ամբողջ գիշեր քեզ հետ կլուսացնի, իսկ թեյի բաժակը կպահի իր ձեռքում, որ դու շփելով տաքացնես քո ձեռքերը: Մեկը, որ չթողնի՝ հոգնես, որ երկար քայլելուց հետո քեզ դնի ուսերին կամ երկու ձեռքով ամուր գրկի, ու ինքն էլ չհոգնի: Միակը, որ խարույկներ կնվիրի քեզ՝ պատրաստ ծխոտվելու, ու վստահ, որ չես խեղդվի ծխի մոխրագույն պտույտներում: Այդ մեկը լինի քո միակը, ում հետ կգնաս դաշտային ծաղիկներ փնջելու, հետո ծաղիկներն էնքան ամուր կգրկես, որ բույրն անգամ չլքի քեզ: Լինի միակը, ում հետ անձրևի տակ կվազես՝ գիտակցելով, որ հիվանդանալու ես: Միակը, ում գալուն կսպասես, ում գնալը չես ուզի, ում հետ երեկոները աստղերը կհաշվես ու չես ձանձրանա: Մեկը կլինի, որ ների ուշացումներդ, որ խելագարվի թերություններիդ համար: Մեկը լինի, ում պատճառով ու ում համար կհետաձգես բոլոր հանդիպումներդ, ում ձեռքը բռնած բոլոր հոսանքներին հակառակ կքայլես… Այդ մեկը ցավդ ու ուրախությունդ չի կիսելու, ցավդ վերցնելու է իրեն, իսկ ուրախությունդ ամբողջովին թողնելու է քեզ: Այդ մեկի հետ դու վերջապես աշխարհն իրարահան անող լռություններ ես ապրելու:

Սովորաբար աշխարհը քչություն է անում մեծ քաղաքների ժխորում ապրող մարդկանց: Մարդիկ շարունակում են գոյատևել ժխորում առանց այդ մեկերի, առանց նրանց ներկայության, գոյատևում են մենակ, որ մեկերի արժեքն իմանան, գոյատևում են մենակ, որ հերքվեն բոլոր մաթեմատիկական չափումներն ու ապացուցվեն, որ մեկն ավելի մեծ է հարյուրներից, որ մեկն ավելի ծանր է կշռում, քան հազարները:

Մեծ քաղաքի ժխորում դու էլ ես շարունակում ապրել քեզ բաժին հասած մի բռաչափ կյանքը՝ զգալով, որ չես տեղավորվում, որ աշխարհը քեզ էլ է քչություն անում: Շարունակում ես ապրել մենակ, որովհետև ոչ միայն աշխարհն է քչություն անում, այլև էդ բռաչափ կյանքդ: Չի հերիքում, չես կարողանում էդ անտերում տեղավորել մեկին, միակին, որ երբ զգաս՝ աշխարհը քչություն է անում, գլուխդ դնես ուսին ու առանց ամաչելու լաց լինես:

Այդ մեկերին ու միակներին տրված է մի ինչ-որ գեղեցիկ պատահականությամբ հայտնվել մեր այդ բռաչափ կյանքում, զգալ, որ չեն տեղավորվում ու հեռանալ՝ հավերժ ուրվագծելով այն տեղը, որ հետո չեն լցնելու հազարավորները: Այդ մեկերը չկան, որ հարյուրավորներն ու հազարավորները փորձեն նմանվել իրենց ու չկարողանան: Այդ մեկերը մեր կյանքում չկան, որ մենք գնահատենք նրանց, ովքեր տեղավորվում են մեր բռաչափ կյանքում, գնահատենք, բայց սպասենք, որ մի օր անպայման մեկերը գալու են…

Այդ մեկերը կամ լինում են մեր կյանքում կամ մենք ապրում ենք՝ այդ մեկերի կորուստը ողջ կյանքում թանկագին իրի նման փայփայելով…

aniharutyunyanarm

Ֆարենհայթի աստիճանը

«Մարդիկ սարսափում են արտասովորից»,- ասում է Բրեդբերին:

Միգուցե համաձա՞յն ես մտքի հետ ու արտասովոր մարդկանց ուզում ես դո՞ւրս հանել հասարակությունից: Քո կարծիքով տարբերվող մարդիկ նորմալ չեն, իրենց միտքը միշտ ուրիշ տեղերում է թափառում, կապույտ մազերով աղջիկները երբեք անկեղծ չեն սիրում. ո՞նց կարող է նման արտաքինով մեկը զգացմունքներ ունենալ: Սեփական կարծիք ունեցող մարդիկ գոռոզ ու ինքնավստահ են, որովհետև քո անգիր արած դատողություններն իրենց հետաքրքիր չեն, որովհետև երբ դու խոսում ես ուրիշի նախադասություններով, երբ դու սերը պատմում ես Սևակով, աշունը` Տերյանով, նա խոսում է իր «ես»-ով, ու դու դրա համար նրան չես սիրում, որովհետև քեզ բարկացնում է քո անկարողությունը, քո կաղապարված լինելը, որովհետև դու բավականին շատ ես խրված ամբոխի մեջ, որ կարողանաս դուրս գալ, մտածել, դատողություններ անել, որովհետև քեզ համար հեշտ է համաձայնել նրա հետ, ում հետ դու այդ պահին խոսում ես, որովհետև դու չես ուզում երբեք վիճել, պաշտպանել քո համոզմունքները:

Ես քեզ նմաններին տեսնում եմ ամեն օր։ Քեզ, որ վախենում ես խորտակվել դիմացինի աշխարհում, դրա համար դու ուզում ես հեռու լինել նրանից, քեզ համար հեշտ է փախչել ամբոխի մեջ, քան կարդալ, որովհետև կարդալով դու կսկսես մտածել, մտածել ու հասկանալ, հասկանալ ու մտածել, իսկ հասկանալը երբեմն ցավոտ է, գիտակցելը երբեմն տանջում է, երբ վերլուծում ես, թե որքան սխալ բաներ կան աշխարհում, թե դու որքան անելիք ունես, դու դրանից վախենում ես: Քեզպեսները սիրում են ապրել անգիտակից, ասել է, թե` անտեղյակ, կամ ավելի կոնկրետ` բթացած:

Մեղավորը մենք ենք՝ բոլորս, որովհետև մենք սիրում ենք լսել, կարդալ, տեսնել հասանելին, պարզն ու հասարակը, որ չի ստիպի նախ զարմանալ, հետո փշաքաղվել, սառել տեղում, վերջում անկարող լաց լինել ու հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այն մարդկանց մոտ, որոնք ստեղծում են արժեքներ։

Մենք չենք գտնում ինքներս մեզ, մենք չենք գտնում մեր տարբերությունը, մենք յուրաքանչյուրս մի մատնահետք ենք, մի տերև՝ միակը, չկրկնվող, յուրահատուկ։ Մենք, գրողը տանի, ծնվում ենք ամեն մեկս ուրիշ լացով, որ հետագայում դարձնում ենք հազիվ լսելի մի ձայն, որ երբեմն ամբոխի մեջ «այո» գոռալու համար ենք բարձրացնում։

Մենք մեզ կապկպում ու գցում ենք մեր ներսի ամենամութ անկյունը, մեր մարմնի մեջ մենք բանտարկված ենք ու ազատությունը տվել ենք ուրիշին։ Ասում են՝ գիրքն այրվում է 451°-ում՝ ըստ Ֆարենհայթի, ընտրությունը մերն է. մենք կգտնե՞նք ամեն գրքում մեր տողը, թե՞ անտարբերության կրակով կայրենք դրանք։

seda mkhitaryan

Խոնավ պատեր

Խոնավ պատերի արանքում մենք թեյ էինք խմում։ Շաքարավազի փոխարեն անգլերենի բայերն էինք հալում թեյի մեջ ու կուլ տալիս։ Ու երբեք չէինք մոռանում նրանց համը։

Խոնավ պատերի արանքում ես՝ ինքնավստահ գյուղացիս, նրան՝ երևանցի անփորձ աղջկան, վառարան վառել էի սովորեցնում։ Սովորում էի սովորեցնելով։

Մենք՝ ես ու նա, դպրոցից ամենավերջինը դուրս գալով՝ քայլում էինք գյուղի համարյա դատարկ փողոցներում։ Ճանապարհը լցնում անգլերենով, երևակայական նստարանով ու մեզնով։

Մենք գիշերվա գալը չէինք զգում, որովհետև նրա վարձած տունը միշտ կիսամութ էր։

Լույսը միայն այն չէ, որը ցրում է սենյակի խավարը։

Հոգու խավարը ցրող լույս էլ կա։

Մի անգամ նրա կենացը խմելիս մի խելացի մարդ ասաց. «Դու դասատու չես, ուսուցիչ ես»։

Հա, նա միայն չի տալիս ու վերջ։ Նա տվածը տեղ է հասցնում։

Մեծ ու փոքր ամեն գաղափար թրծվում էր խոնավ պատերի արանքում։ Մաշված ու չլարած կիթառդ մատներիս վերքեր էր բացում։ Խոնավ պատերի մեջ իմ նվագած կիսատ-պռատ հնչյուններն էին։ Թեյն էր։ Վառված լույսը։ Մեր թղթե գրատախտակը։ Հանգած վառարանը։ Ու դրսում՝ երևի գիշերը։

Հիմա, երբ արդեն ոչ դպրոցում եմ, ոչ էլ նրա տան խոնավ պատերի արանքում, մեզ միացնողը մեսինջերի կապույտ պատերն են։ Նրա չաթի անունը «պանդուխտ ուսուցիչ» է։ Գրածս նյութերը միշտ իրեն եմ ուղարկում։ Կարդում է ու շարունակում սովորեցնել։

Այսօր ուսուցչի օրն է։ Հասկացա՞ր, թե որ ուսուցչի։ Պանդուխտ ուսուցչի։

Ուսուցչի տոնի առթիվ։ Նվիրում եմ անգլերենի իմ ուսուցիչ Անի Հարությունյանին։

Seroj araqelyan

Մեր գյուղի իմ ուսուցիչները

Մինչև հիմա հիշում եմ, բայց այդպես էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու էինք փոքր ժամանակ դպրոցից դուրս ուսուցչին տեսնելիս թաքնվում, ճանապարհ փոխում, որպեսզի չհանդիպենք կամ էլ հանդիպելիս կարմրում, ամաչում, մի կերպ զոռով ասում` բարև Ձեզ, ու անցնում: Անընդհատ մտածում էինք, որ ուսուցիչները մեզ նման մարդիկ չեն։ Նրանք շատ խիստ են, նրանք արգելում են աշակերտներին գրքից կտրվել, գնալ խաղալու։ Երբ մեզ խաղալիս տեսնում էին, մտածում էինք՝ մեզ տեսել են մեղք գործելուց, բայց միաժամանակ մեզ ստիպում էինք հաջորդ օրը լավ սովորած գնալ դասի, որպեսզի չասեն՝ ամբողջ օրը խաղացել ենք, դաս չենք արել: Այո, անցան այդ տարիները, անցավ տասներկու տարի: Ունեցանք բազմաթիվ ուսուցիչներ և նրանցից սովորեցինք կյանքը կառավարող ղեկն օգտագործելու ձևը:

Ես միշտ տարբերություն եմ դրել ուսուցիչների մեջ, և մինչև հիմա էլ ոչ մեկից չեմ թաքցնում, որ եղել են ուսուցիչներ, որոնք ինձ համար եղել են անտանելի։ Գյուղում և քաղաքում տարբեր են ուսուցիչները: Քաղաքում, օրինակ՝ պատմության կամ աշխարհագրության ուսուցչին կտեսնես միայն դպրոցում կամ պատահմամբ քաղաքում: Իսկ գյուղում շատ ժամանակ կգնաս տուն և կտեսնես, որ հենց քո պատմության ուսուցչուհին՝ ընկեր Վարդանյանը, նստած սուրճ է խմում և զրուցում մայրիկիդ հետ, և այդ ժամանակ ոչ թե՝ բարև Ձեզ, ընկեր Վարդանյան, այլ՝ բարի օր, Ալվարդ տոտա: Չէ, չէ, ես անկարգ չեմ, ուղղակի ընկեր Վարդանյանը կամ նույն Ալվարդ տոտան, մեր շատ մոտ հարևանուհին է, որին ճանաչում եմ հենց ծնվածս օրվանից: Երբ գյուղում տեսնում էինք ուսուցչի, որն այգում գործ է անում, զարմանում էինք՝ ասելով․ «Վայ, ինչպես, ուսուցիչը այգի է գնում, վայ, նայեք, երեխեք, ինքը ռեզինե «սապոգներ» ա հագել, նայեք-նայեք՝ ոնց ա ձեռքով խոտ պոկում»։ Մի շարք հասարակ բաներից զարմանում էինք, թե ինչպես կարող է ուսուցիչը դասից դուրս գործ անել և այլն: Բայց ես երբեք չեմ մոռանա, որ մեզ մոտ՝ հենց սահմանամերձ Բաղանիսում, ուսուցիչ(ուհին) ոչ միայն դաս է սովորեցնում, այլ նաև կրում է մեծ պատասխանատվություն, երբ կրակոցների ժամանակ դասերն է կառավարում կամ դասերից հետո հարկ եղած դեպքում աշակերտների կամքին հակառակ պահում է նրանց դպրոցում, որպեսզի առանց ինչ-որ մի փորձանքի, կրակոցներից ապահով հասցնի տուն:

Սա դպրոցի ուսուցիչները: Մենք ունենք նաև մեկ այլ ուսուցիչ, չէ՞, մասնագիտական, որի մոտ գնում ենք պարապմունքի, որպեսզի ավելի հմտանանք և ավելի հեշտ ընդունվենք բարձրագույն ուսումնական հաստատություն: Իմ նկարչության ուսուցիչը, որի շնորհիվ ես ընդունվեցի համալսարան, եղել է ընկեր Մելքոնյանը: Ես ընդունվել եմ, արդեն երկրորդ կուրսում եմ, դպրոցում, կյանքում, և արդեն որոշ չափով՝ համալսարանում, ճանապարհ ունեմ անցած: Ես հիմա ինչ անցել եմ, հասել եմ ուսուցիչների խորհուրդներով, ծնողներիս դաստիարակության և իմ մասնագիտական ուսուցչի շնորհիվ, բայց մի բան եմ հասկացել․ ինչքան էլ սովորեցնեն, ճանապարհի վրա դնեն քեզ, դու ես քո ուսուցիչը ու դու ես քեզ դնում քո ընտրած ճանապարհի վրա, իսկ հետո հանգիստ խղճով կամ ընդունում ես հաղթանակած ուղիդ, կամ էլ անհաջողության պատճառով մեղքը չես բարդում ուրիշի վրա, այլ վերցնում ես քեզ վրա և փորձի շնորհիվ դառնում ուսուցիչ: Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ։

Artyom Avetisyan

Նրանք ուղղակի ուսուցիչներ չեն

Այսօր Ուսուցչի տոնն է: Այս տարի առաջին անգամ ես այդ տոնը իմ դպրոցում չեմ, հայրենի Լիճքից հեռու եմ: Ես ուսանող եմ արդեն: Հեռվից գուցե ավելի լավ է երևում, թե ինչ կարևոր ու մեծ գործ են կատարում ուսուցիչները: Այսօր ես հիշում եմ Ձեզ:

Ժպիտը դեմքին, դանդաղ քայլերով, մատյանը ձեռքին դասարանին է մոտենում հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Ավետիսյան Նելլին: Դասարան մտնելուն պես նա մեզ բոլորիս է փոխանցում իր դրական էներգիան, հասկանում յուրաքանչյուրիս և բարի խոսքերով գնահատում ամեն մեկի կատարած աշխատանքը: Իր մասնագիտության մեջ չկա այնպիսի մի բան, որ նա չիմանա, և իր գիտելիքը նա փորձում է ամեն կերպ մեզ բացատրել ու հասկացնել։

Նա միշտ ասում էր. «Երեխաներ, այս ամենը ես գիտեմ, ինձ համար չեմ ասում ու կրկնում, ձեզ համար եմ ասում, ձեզ է վաղը պետք գալու, դուք եք քննություններ տալու ու ձեզ համար եք սովորում»: Ա՜յ, հիմա նոր հասկանում եմ ընկեր Ավետիսյանի ասած խոսքերի իմաստը և ափսոսում եմ, որ ժամանակին լուրջ չեմ ընդունել դրանք:

Ընկեր Ավետիսյանն այն մարդն է, ում շնորհիվ ես այսօր ուսանող եմ, նա այն անձնավորությունն է, ով իմ ընդունելության քննությունների ժամանակ ինձ ճիշտ հանձնարարություններ և ճիշտ խորհուրդներ տվեց: Շնորհակալություն, ընկեր Ավետիսյան։

Բացի գետեր, լճեր, պետություններ հայտնաբերելը, ես հայտնաբերեցի բարի, կամեցող ու բարեկիրթ ավագ քույր, ով ամեն կերպ ինձ դաստիարակել է իր խոսքերով ու գործունեությամբ՝ դեռևս 5-րդ դասարանից: Խոսքս աշխարհագրության ուսուցչուհի ընկեր Գևորգյան Սոֆիի մասին է: Չգիտեմ՝ ում համար՝ ոնց, բայց ինձ համար նա եղել և մնում է այն յուրահատուկ ուսուցիչներից, որոնք ամեն ինչ արել են, որպեսզի մեզ համար ամեն բան հասկանալի և դյուրին լինի: Սիրում էի նրա դասաժամերը, հատկապես այն պահերը, երբ նա մեզ հետ խոսում, ծիծաղում, բայց մեկ էլ հոպ՝ անցնում էր դասին ու սկսում մատյանով դաս հարցնել: Այդ պահերը հենց նոր աչքերիս առջևով անցան, ու վերապրեցի… Ափսոսում եմ, որ Ձեր դասաժամերը քիչ են եղել, բայց միևնույնն է, Դուք մեզ տվել եք այն գիտելիքը, որը անհրաժեշտ է եղել: Շնորհակալություն, ընկեր Գևորգյան։

Քառաբաժան մեթոդով դասեր, տեղից դաս պատմել, հոգատարություն, տվյալ մարդու դրության մեջ մտնել, այս ամենը բնութագրում է պատմության և հասարակագիտության ուսուցչուհի ընկեր Սարգսյան Ջուլիետային: Հիմա նոր հասկանում եմ, թե ինչ է «երկրորդ մայր» ասվածը: Դասարանում չկար այնպիսի մեկը, ով նրա դասին պատրաստ չլիներ ու չպատասխաներ դասը: 45 րոպեի մեջ ամբողջ դասարանը նրան էր ներկայացնում դասը: Չգիտեմ՝ ոնց, բայց հասցնում էինք պատասխանել դասը, և դա գալիս էր թե՛ փոխադարձ հարգանքից, թե՛ նվիրվածությունից, թե՛ խրախուսող ու ոգևորող խոսքերից: Ընկեր Սարգսյանը հասկանում էր բոլորիս և ժպտադեմ, բարի դեմքով ու ըմբռնումով էր մոտենում յուրաքանչյուրիս: Մի տեսակ կարոտեցի նրա դասաժամերը, բայց ինչ արած… Շնորհակալություն, ընկեր Սարգսյան։

«Երբ ես ժպտում եմ, ես բարկացած եմ, իսկ երբ բարկացած եմ, ես ուրախ եմ»,- ընկեր Արզումանյան Չարենց՝ պատմաբան: Սիրում էի լսել ընկեր Արզումանյանի ասած ամեն մի թևավոր խոսքը, որոնցից մեծամասնությունը վերաբերում էր կյանքին, և կյանքի դաս էր մեզ համար: Աշխարհում չկա այնպիսի մի բառ, չկա այնպիսի մի խոսք, որով կկարողանամ ներկայացնել նրան: Նա աննկարագրելի անձնավորություն է՝ գեղեցիկ մտքերով ու գաղափարներով լեցուն, միշտ ճիշտը ասող, բարի ու կատակասեր մարդ: Ես շատ ուրախ եմ, որ ճանաչում եմ նրան և շփվել եմ նրա հետ, հպարտ եմ, որ նրա աշակերտներից եմ եղել և հպարտ եմ, որ նման ուսուցիչ եմ ունեցել: Երբեք չեմ մոռանա Ձեր խոսքերը՝ երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք չհանձնվեք: Շնորհակալություն, ընկեր Արզումանյան։

Այսպիսով, նրանք էին այն ուսուցիչները, որոնք իմ կյանքում դրական, բարի, ազդեցիկ ու յուրատեսակ գեղեցիկ հետք են թողել: Ուզում եմ ամեն անգամ մտնել դպրոց, ու դուք միշտ լինեք այնտեղ, մատյանները ձեր ձեռքերին, ժպտաք և ձեր աշխատանքին նվիրված անցնեք գնաք…

Հ. Գ. Ուզում եմ նաև իմ խորին շնորհակալությունը հայտնել «Մանանային», որ այն գոյություն ունի, որի շնորհիվ ես և հարյուրավոր երիտասարդներ կարողացանք մեր մտքերը հանրությանը հասանելի դարձնել:

leyli tadevosyan

Մի քիչ էլ պայմանագրերի մասին

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց համար սովորական է եղել առօրյայում սեփական շահերից ելնելով, այսպես ասած, գործարքների մեջ մտնելը: Այդ ժամանակներում դեռ չեն եղել օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն, ու մարդիկ առաջնորդվել են իրենց իմացած բարքերով, ինչը մենք այսօր հաճախ սովորույթ ենք անվանում, գումար են վերցրել` խոստանալով վերադարձնել, օրինակ, հաջորդ ամիս, մեկի մոտ անցել են աշխատանքի` իմանալով, որ ստանալու են 2-3 ոսկի աշխատավարձ և այլն: Այս ամենը ներկայիս իրավագիտակից հասարակությունը անվանում է քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման ամենից տարածված հիմքը պայմանագրի առկայությունն է:
Տեսության մեջ ընդունված է ասել, որ քաղաքացիական պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Առաջին պայմանագիրը, որ հայտնի եղավ մարդկությանը, ըստ էության, առուծախի պայմանագիրն է, այնուհետ գալիս է փոխառության պայմանագիրը: Այսօր արդեն Քաղաքացիական իրավունքի տեսությանը հայտնի են նաև մատակարարման, ռենտայի, նվիրատվության, վարձակալության, հանձնարարության և այլ տեսակի պայմանագրեր (գլուխներդ չցավեցնեմ երկար-բարակ իրավաբանական տերմիններով), որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը: Բայց յուրաքանչյուր իրեն հարգող պայմանագիր պիտի ունենա մի քանի կարևոր հատկանիշներ՝ էական պայմաններ, առանց որոնց չենք կարող ասել, որ գործ ունենք պայմանագրի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Հետևաբար պայմանագրի էական պայմանները, ըստ էության տարբերվում են` կախված տեսակից, բայց կան մի քանի պայմաններ, ինչպես օրինակ` պայմանագրի առարկան, գինը, կողմերի վերաբերյալ տվյալները (վավերապայմանները), որոնք կարող եք հանդիպել յուրաքանչյուր պայմանագրում:
Սովորաբար իրավաբաններս խորհուրդ ենք տալիս հիմնական պայմանագիրը կնքելուց առաջ կնքել նախնական պայմանագիր` իրավական բացասական հետևանքներից հնարավորինս խուսափելու համար: Եվ ամենակարևոր բանը, որ արժե հիշել ամեն անգամ, երբ գործ ունեք պայմանագրերի հետ, այն է, որ պետք է ստորագրելուց առաջ կարդալ այն ու հասկանալ բոլոր դրական ու բացասական հետևանքները, որ կարող են առաջանալ: Խնամքով մշակված պայմանագրերում շատ հաճախ դրանք աննկատելի են, ու քաղաքացին, ով չի տիրապետում օրենսդրությանը, կարող է գլխի չընկնել, թե ինչ է սպասվում իրեն պայմանագիրը կնքելուց հետո, ուստի, կարող եք միշտ դիմել իրավաբանի օգնությանը:
Պայմանագրի տեսակներից է նաև ամուսնական պայմանագիրը: Արտասահմանյան երկրներում շատ ընդունելի է, երբ զույգը կնքում է պայմանագիր, բայց եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե հայկական իրականության մեջ ևս սկսվեր ամուսնական պայմանագրի կիրառելիությունը. կդադարեն գործել հայկական ընտանեկան այն բոլոր սիրուն ավանդույթները, որոնք մենք ունենք, կդադարեն լինել փոխադարձ սերն ու հարգանքը ամուսինների միջև, կոնֆլիկտները առավել շատ կլինեն և այդպես շարունակ։
Եվ ինչպես ասում էր Ի. Տենը` օրենքը նման է երկար բարձր սյան, նրա վրայով չես թռչի, բայց շրջանցել կարող ես…
Պահպանե՛նք օրենքները, իսկ քաղաքացիական պայմանագրերի տեսակների մասին առավել մանրամասն հետո կպատմեմ։

shushan stepanyan portret

Հայը հայով

Բեռլինում էի, ու հենց առաջին օրից, երբ դուրս էինք գալիս քայլելու կամ տրանսպորտ էինք նստում, մտածում էի՝ տեսնես հայ կտեսնե՞նք գոնե: Մի օր, երբ հայ  ընկերներիցս առանձին էի, ու պիտի օտարերկրյա  ընկերներիս հետ հետազոտական աշխատանք անեինք, քաղաքի կենտրոնից բավական հեռու էինք: Մի քիչ տխուր էի, քանի որ մենակ էի ու անընդհատ մտածում էի, որ կմոլորվենք, ու հետ չեմ կարողանա գնալ: Մոտ մի ժամ ճանապարհ ունեինք գնալու, ու որոշեցի քնել մինչ հասնելը: Մեկ էլ ականջիս ինչ-որ հայերեն բառեր են հասնում, բայց ինձ թվում է, թե ուղղակի երազի մեջ եմ: Արագ բացում եմ աչքերս, զգում եմ, եր մի կին ուշադիր ինձ է նայում, մեկ էլ մի փոքր աղջիկ ինձ ժպտում է: Պատասխան ժպտում եմ, ու անգլերենով ասում եմ, որ երեխան կարող է գալ, կողքիս նստել: Մեկ էլ մայրն ասում է.

-Բալես, գնա էդ  քույրիկի մոտ նստի:

Դուք պատկերացնո՞ւմ եք «էդ քույրիկի վիճակը:

Դեմքիս մի լայն ժպիտ եկավ, ու ես ու փոքրիկը սկսեցինք զրուցել: Պայուսակից այբբենարանը հանեց, սկսեց սահուն կարդալ գերմաներեն տեքստեր, բայց ամենից շատ դուրս գալիս էր, որ հայերեն են խոսում ու շատ անուշ: Մայրը դեպի ինձ շրջվեց ու ասում է.

-Ախր, նայում եմ Ձեզ, հարազատ բան եմ զգում շատ: Մտածում էի, որ հաստատ հայ եք:

Երկու տարի է, ինչ ապրում են Բեռլինում, ու հայրենիքը լքելու հիմնական պատճառը, իհարկե, ավելի բարեկեցիկ կյանքին ձգտելն էր:

Ես ու աղջնակը երկար զրուցեցինք, վերջում իրար ամուր գրկեցինք ու հայերեն ժպտացինք: Իրար սիրեցինք մի քանի րոպեում, ինչպես սիրում են բոլոր մեզպեսները, որ հայրենի հողից հեռու են:

Մենք մեր կանգառում իջանք ու սկսեցինք մեր հարցուփորձը ամենաբազմազգ Գերմանիայի մայրաքաղաքում: Իտալացի ընկերս հանկարծ մի իտալական սրճարան գտավ, ու միասին ներս մտանք: Մի համեստ, փոքրիկ սրճարան էր, որն աշխատեցնում էր մի բարետես կին: Անգլերեն քիչ գիտեր, բայց հաղորդակցման եզրեր կարողացանք գտնել ու ասել, թե ինչ ենք ուզում: Ես ամբողջ ընթացքում հոնքերս կիտել, նստել եմ ու մտածում էի, թե երբ եմ հասնելու ընկերներիս: Դուրս գալիս մոտենում եմ այդ կնոջն ու անգլերենով հարցնում եմ, թե էլ ինչ լեզուներ գիտի, ու նա սկսում է ռուսերեն խոսել: Ես էլ մտածում եմ, թե ռուս է, ու սկսում ենք ռուսերեն զրուցել: Բայց ռուսի հեչ նմանություն չուներ, ու հարցնում եմ, թե որտեղից է: Պատասխանն ինձ թվում է, որ ակնհայտ է: Հայ էր: Շփոթված շարունակում եմ ռուսերենով մի երկու բառ ասել ու միանգամից անցնում հայերենի: Չգիտեմ, թե հետս ինչ կատարվեց այդ պահին, ու երկուսով ուժեղ գրկեցինք իրար: Մի քանի րոպե հաճելի զրույց ունեցանք, ու մենակ հետիս երեխաները կփաստեն խանդավառությանս աստիճանը: Ամբողջ ընթացքում խեղճերը համբերատար լսում էին ու սպասում, թե երբ պիտի վերջացնեմ, որ գնանք: Հասկացա, որ արդեն պիտի գնանք, թեև ուզում էի հարազատ ու ինձ մոտ միջավայրում մի քիչ էլ լինել: Հեռախոսահամարս տվեցի, որ Հայաստան գալիս ինձ զանգի, ու հանդիպենք: Իսկ վերջում, երբ արդեն դուրս էի գալիս, արագ ինչ-որ բան տվեց փաթեթավորած, ասաց՝ կուտես, իմ պատրաստածն է: Հազիվ էի ինձ զսպում, որ չլացեմ:

Եկա հայ ընկերներիս մոտ, ու կերանք իր պատրաստած խաչապուրին:

Օտարերկրյա ընկերներս ամբողջ ճամփին ժպտում էին ինձ ու ասում.

-Շուշան, դու ուրիշ մարդ էիր դարձել կարծես:

Ամբողջ օրը հայկական հույզերի, սիրո ու ապրումների մեջ էի: Դե, մենք ուրիշ ենք, էլի…

Anna Mkhitaryan

Ուսուցիչս

Հարցազրույց Աշոցքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սիլվարդ Սարգսյանի հետ:

Սիլվարդ Սարգսյանը ծնվել է 1955թ.-ին Աշոցք գյուղում: Առաջին մասնագիտությամբ կենսաբանության մասնագետ է, նաև ծավալել է լրագրողական աշխատանք՝ Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս գյուղի դպրոցի ամենագիտակ ուսուցիչներից է: Եվ ինչպես ինքն է նշում՝ յուրաքանչյուր օր նոր լրագրողական նյութ է դպրոցում։

-Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ես ներկայումս կենսաբանության ուսուցչուհի եմ Աշոցքի միջնակարգ դպրոցում, սակայն մինչ այդ աշխատել եմ լրագրող, և շատ եմ սիրել այդ աշխատանքը: Շրջանային թերթերի վերանալուց հետո աշխատել եմ դպրոցում, և համադրելով լրագրողի և ուսուցչի աշխատանքը՝ հասա այն արդյունքին, որ կարողացա որպես լրագրող էլ լավ դրսևորվել:

-Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե ոչ մանկավարժ:

-Եթե ոչ մանկավարժ, կմնայի լրագրող: Ցավում եմ, որ չկարողացա շարունակել լրագրողի մասնագիտությամբ աշխատանքս, ես ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ էի և մեծ հաջողություններ կունենայի։

-Եթե ներկայումս հնարավորություն ընձեռվեր, կթողնեի՞ք ուսուցչի մասնագիտությունը և աշխատեիք լրագրող:

-Ոչ, որովհետև ես ներկայումս համատեղել եմ լրագրողի և մանկավարժի աշխատանքը, և իմ յուրաքանչյուր օրը վերածել եմ լրագրողական և ուսումնական արկածային օրվա: Եվ յուրաքանչյուր երեխայի հետ շփումը լրացնում է լրագրողական օրերիս պակասը:

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Իմ կյանքի կարգախոսն է` լինել ազնիվ: Երբեք չեմ հանդուրժել սուտն ու կեղծիքը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, միշտ առաջ եմ տարել ճշմարտությունը:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր հատկանիշն է ամենակարևորը ուսուցչի մասնագիտության մեջ։

-Մանկավարժը պետք է անչափ բարի լինի և ներողամիտ, և քանի որ մանկավարժը գործ ունի տարբեր ընտանիքների, տարբեր բնավորության տեր երեխաների հետ, ապա նրանց հետ պետք է լինել հավասարը հավասարի նման: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է վարվի աշակերտի հետ այնպես, ինչպես իր սեփական երեխայի հետ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր Հայաստանի նոր կառավարությունից:

-Նոր Հայաստանի նոր կառավարությունից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Որքան շատ եմ հետևում իրադարձություններին, այնքան մեծ բավականություն եմ ստանում: Նրանք էլ են կարևորում ճիշտը և ոչնչացնում են սուտն ու կեղծիքը: Մեծ հույսեր ունեմ և Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական գործիչ, խիզախություն եմ ցանկանում նոր մարտահրավերներին դիմակայելու և հաջողությունների հասնելու համար: Եվ այն ուղին, որով Նիկոլ Փաշինյանը տանում է այս նոր կառավարությունը, պսակված է մեծ հաջողություններով: Եկել է երազանքների իրականացման պահը, և մենք բոլորս՝ մեծ, թե փոքր, մեր գործառույթով պետք է գնանք Նոր Հայաստան:

-Պատկերացրեք՝ Ձեզ է վստահվել երկրի ղեկավարությունը, առաջինը ո՞ր ոլորտին կուղղեիք Ձեր հայացքը։

-Իհարկե, բազմաթիվ փոփոխություններ կան դեռ անելու, բայց առաջին ոլորտը կլիներ անվտանգությունը: Եթե անվտանգությունը հասնի իր գագաթնակետին, ապա հավատացնում եմ բոլորին, որ մեր պետությունը այլ հիմքերի վրա կլինի: Եթե պետությունը ամուր լինի սահմանից, ամուր կլինի նաև հիմքերից: Երբ կարողանայի ապահովել անվտանգությունը, կլուծվեին նաև մյուս հարցերը:

-Իսկ որպես մանկավարժ՝ ի՞նչը կփոխեիք կրթական համակարգում:

-Դեմ եմ կտրուկ փոփոխություններին, կցանկանայի հետագայում տեսնել այնպիսի կրթական համակարգ, որ երեխաները մանկուց մեծանային նոր մտածելակերպով: Նոր մտածելակերպը մեր պետությանը կհասցներ կրթական բարձր մակարդակի: Եվ դասապրոցեսը զուտ առարկայական դաս չլիներ, դուրս գայինք սահմանված դասապրոցեսի շրջանակից:

-Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը նոր սերնդին:

-Իմ ուղերձն է` հայրենքը պահել իր սահմանների մեջ, իր լեզվի մեջ, իր ավանդույթների մեջ: Ձգտենք ավելացնել նորը և կարևորը մեր պատմության նոր էջերին։

Շուտով Ուսուցչի  տոնն է: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

nelli khachatryan

Նոր կյանք նոր երկրում

DATA-DRIVEN STORYTELLING ABOUT HUMAN RIGHTS, ԲԵՌԼԻՆ

-Բարև Ձեզ, խնդրում եմ ներկայացեք: 

-Բարև Ձեզ, ես Նատալին եմ, 22 տարեկան, Հայաստանից եմ, այժմ ապրում եմ Գերմանիայում, ունեմ որդի` 2 տարեկան:

-Ինչքա՞ն ժամանակ է, ինչ Գերմանիայում եք:

-Արդեն մոտ 1 տարի 10 ամիս կլինի:

-Ինչո՞ւ որոշեցիք հենց Գերմանիա տեղափոխվել:

-Էդպես պատահեց, ոչ մի մտադրություն չի եղել հենց Գերմանիա գալու, ուղղակի ընտրեցինք որևէ Եվրոպական երկիր:

-Երեխայի համար դժվա՞ր չէ մանկապարտեզում լեզվի և շփման հետ կապված:

-Ոչ, երեխան շատ շփվող է, հեշտ է ընտելանում միջավայրին, իսկ լեզվի առումով այնքանով է դժվար, որ ռուսերեն, գերմաներեն ու հայերենը խառնվել են, չի կողմնորոշվում` որ լեզվով արտահայտվի:

-Իսկ էստեղ ինչպիսի՞ վերաբերմունք է փախստականների երեխաների հանդեպ:

-Եթե մեծահասակների հանդեպ ինչ որ ձևով արտահայտվում է լավ կամ վատ վերաբերմունքը, երեխաների հանդեպ ոչ մի տարբերություն չի դրվում:

-Իսկ չե՞ք վախենում, որ երեխան կհեռանա իր արմատներից:

-Ոչ, քանի որ մենք շատ ենք աշխատում նրա հետ, աշխատում ենք չհեռացնել հայկական արմատներից, չնայած բնական է, որ ինչ որ բաներ գերմանական բարքերից կվերցնի, քանի որ էստեղ ապրելով չես կարող մեկուսանալ գերմանական մշակույթից, բայց փորձում ենք հնարավորինս մոտ մնալ հայկականին:

-Ի՞նչ կարգավիճակ ունեն  էստեղ փախստականի երեխաները:

- Նույն կարգավիճակը, ինչ ծնողները, 18 տարեկանից հետո նոր քաղաքացիություն կստանան:

-Ի՞նչ խնդիրների առաջ կարող ես կանգնել քաղաքացիություն չունենալու պատճառով:

-Քաղաքացիություն չունենալը արդեն խնդիր է: Առաջին ամիսները շատ դժվար են: Հետո քեզ տալիս են հնարավորություն, որ տուն վարձես, բայց չեն տալիս տուն, իսկ էստեղ ամենադժվարը հենց տուն գտնելն է: Աշխատանք գտնելը նույնպես խնդիր է, և հատկապես երբ հայ ես, քաղաքական կարգավիճակից ելնելով, մեր վիճակը ավելի դժվար էր: Բայց այժմ ամուսինս աշխատում է, ամեն ինչ իր հունով է գնում:

-Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ապագան:

-Դե հիմա սովորում եմ որպես ֆլորիստ, հետո հուսով եմ, կսկսեմ աշխատել, և մենք կսկսենք ավելի լավ ապրել:

 

Լավ ես արել, որ եկել ես

Օրեր առաջ Արզական գյուղի սիրունագույն գանձերից մեկի՝ Ծաղկունյանց լճի ճանապարհով գյուղ էինք վերադառնում, երբ ճանապարհի եզրին մի տղայի նկատեցինք, որը մեզ ձեռքով կանգ առնելու նշան էր անում։ Մեքենան կանգնեց, տղան լայն ժպիտով, արտասահմանցիներին բնորոշ շեշտադրումով հարցրեց.

֊Մեզ կտանե՞ք ներքև։

Իր տարիքի մի տղայի հետ միասին նստեցին մեքենան։ Հայրիկս հետաքրքրությունից փայլող աչքերով շրջվեց ու հարցրեց, թե որտեղից են ու ոնց են հայտնվել Արզականի քարքարոտ ճանապարհներին։ Ասաց.

֊Անունս Հովհան ա, եղբորս անունը՝ Նարեկ։ Մենք Կանադայից ենք, բայց հայ ենք։ Էկել ենք Հայաստան, էլ հետ չենք գնալու, որովհետև գիտենք, որ ստեղ ամեն ինչ արդեն լավ ա լինելու։ Երևանում ենք ապրում, էստեղ դպրոց ենք գնում։

Ամբողջ ճանապարհին խոսեցինք ու ծիծաղեցինք։ Հովհանն  ու Նարեկը ոտքից գլուխ շիրայի մեջ թաթախվելով պապայի տված տանձն էին ուտում, ու խոստովանում, որ բախտները անչափ բերել է էս սեզոնին հենց էս գյուղում հայտնվելու առթիվ։

Հասանք գյուղ։ Տղաները իջան մեքենայից։ Հայրս Հովհանի ձեռքերի մեջ մի տարա մեղր դրեց։ Հովհանը տարակուսած, հարցական հայացքով նայեց մեզ։

֊Բայց ինչի՞ համար։

֊Հենց էնպես, նվեր է։

Կարմրեց, ժպտաց, ձեռքով արեց։