Թաքնված Երևանը (Մաս 3)

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Այսօր Երևանին նայելու ենք մեկ այլ անկյունից։ Դրա համար ուղղակի անհրաժեշտ է որևէ ծառի շվաքում կամ շենքի ստվերում գտնել մի ծերուկի կամ տատիկի, ով վաճառում է ծիրան, ու գնել ինչքան ուզում ես։ Հետո պետք է գտնել մի տարեց մարդու և նստել նրա կողքին ու հյուրասիրել համով ծիրանը։ Ի դեպ, կարող ես ընտրել հենց ծիրան վաճառող ծերուկին։

Ընտրածդ անձնավորությանը ներկայացիր ու խնդրիր, որ պատմի իր կյանքի պատմությունը։

Էստեղ կսկսվի բուն արկածը՝ Երևանում ապրող հասարակ քաղաքացու պատմությունը։ Այն կարող է լինել շատ հասարակ, կամ ընդհակառակը՝ անչափ արտասովոր։ Պատմության մեջ միգուցե տեսնես ինքդ քեզ, ընկերոջդ, նպատակներդ, միգուցե հայտնաբերես մեկ այլ իրականություն։ Այս պատմության մեջ կտեսնես ինչպիսին է եղել Երևանը տասնամյակներ առաջ։ Շատ հավանական է, որ ընտրածդ ծերուկը Երևանից չլինի, բայց միևնույնն է, կլսես երևանյան մի պատմություն, քանի որ նա հիմա նտած է Երևանի մի անկյունում։ Վստահ եմ, որ պատմությունը լսելիս աչքերիդ առաջ Երևանը կնմանվի հին կինոնկարի՝ լցված սևով ու սպիտակով, շտապող մարդկանցով, հին հագուստներով ու սակավաթիվ մեքենաներով։ Կինոնկարդ միգուգե զարդարեն հին երգերը, ձմեռվա բուքն ու բորանը, երազանքի հետևից Երևան եկած ընտանիքներն ու պատանիները։ Վերջում հարցրու ծերուկին ինչ ցանկանում ես՝ սիրու՞մ է նա այս քաղաքը, ի՞նչ խորհուրդ կտա քեզ ապագայի համար, հավանե՞ց ծիրանը։

Այսպես Երևանում ապրող յուրաքանչյուր անձնավորություն՝ ես, դու, ծիրան վաճառող ծերուկն ու մանկապարտեղից տուն շտապող փոքրիկն ունի իր պատմությունը։ Այդ հազարավոր պատմությունները միաձուլվելով դառնում են մի հասարակ պատմություն, որ կերտում է Երևանը։

Կարող ես հագնել ականջակալներդ ու քայլել պատմություններով լցված Երևանի գրկում։

valentina

Վերջացող ծխախոտի տուփեր

Նա լսեց, որ հեղափոխությունից հետո փոխանակման ծրագրերի միջոցով ավելի հաճախ են միջազգային կրթություն ունեցող դասախոսներ գալու և դասավանդելու համալսարաններում, ձեռքով թուլացրեց փողկապի կապը, դանդաղեցրած կադրով շարժեց ծանր գլուխը, ուրախությունից ճչաց ու հասկացավ, որ շուտով կրթությունը փոխվելու է իր երկրում, որովհետև արտասահմանից նոր շնչով, անգլերենի նրբագեղ ակցենտով ու տարօրինակ հագուկապով ջենթլմեններ (չփոխեք էլի օրիորդապնդիչ, ներվայնանում եմ էդ բառից) և լեդիներ (էս էլ թող ձևի համար մնա, որ բռնի) են ժամանելու Հայաստան: Կանգնեց հայելու առաջ, խորը շունչ քաշեց, ասաց՝ ինչ լավ է, որ դպրոցում ժամանակ չկորցրի սովորելու վրա, 2 տարի պարապեցի 3 առարկա՝ շտեմարան անգիր անելով, կարևորը հիմա համալսարանում էդ միջազգային կրթություն ստացած դասախոսների սեմինարներին կմասնակցեմ, վկայական կստանամ ու բիզնես կսկսեմ ՝դպրոց բացելով: Հագավ հոր սև կոստյումը, զգաց, որ կոստյումը շատ է սազում:

Ճիշտ է որոշել, որ պիտի բիզնեսմեն դառնա, հետո, երբ շատ դժվարությամբ աստվածային ամպիկներից ընկավ, հասկացավ, որ ուսերը լայն են, ասաց՝ կոստյու՞մն է որ պետք է գեղեցկացնի բիզնեսմենին ու թռվռալով գնաց տարեց տատիկին պատմելու նոր տեղեկության մասին:

Վազեց պատմելու, մինչդեռ իրականությունը կողքից նայելով լուռ ծխում էր, շարունակ կախում գլուխը՝ մերթընդմերթ հայացք նետելով նրան:

Գրողը տանի, ինչու՞ է իրականությունը ծխում, եթե կարող է իրեն խեղդել արնանման գինու մեջ, վերջ տալ պաթոսախեղդ արտահայտություններին, որ կրթությունը սկսում են փոխել հիմնաքարից, որոնք անլսելի են և անգամ արձագանքելու հնարավորություն չունեն ութ բլուր հեռավորության վրա գտնվող ժայռերի հետևում: Իսկ, եթե հայտնվի մեկը, հը՜մ, դե ասենք, Փոքր Մհերը, ժայռը իր բազուկներով ճեղքի, ասելով. «Իրականությունը ճիշտ էր, ես սխալվեցի» հայտնի արտահայտությունը:

Գիտե՞ք, երբ անհատը ցանկանում է տուն կառուցել, վերցնում է քարերը, ցեմենտը խառնում ավազի ու ջրի հետ, հետո քարերը իրար վրա է շարում՝ ամրացնելով արդեն պատրաստված շաղախով: Երբ ավարտում է շարել քարերը, չի բավարարվում միայն դրանով, սկսում է ստեղծել տանիք, իսկ ամենավերջում՝ վերանորոգում է տան ներսը: Դե հա, նորություն չասացի, բայց պատկերացրեք, որ մեր կրթությունը նույն շինությունն է, ուղղակի վթարային վիճակում, բայց մարդիկ աչք են փակում այդ ամենի վրա, շարունակում են նոր քարեր պատվիրել, այն էլ ՝ բազալտ, ինչու չէ՝ մարմար, գրանիտ, ֆելզիտ: Ի՜նչ շքեղ են հնչում, չէ՞: Մարդիկ շարունակ շարում են, գուցե իմանալով վերջը, որովհետև վերջը իմանալու համար պետք չէ շինարար լինել: Տան հիմնային աղյուսները միջնակարգ և ավագ դպրոցներն են: Աղյուսները ամուր չեն, որովհետև իրականում՝ չկան:

Չէ, ես չեմ եկել քար շպրտելու բոլոր ուսուցիչների վրա և բողոքելու նրանց աշխատանքից: Ուղղակի առաջարկում եմ վերանայել այն բոլոր առարկաների ծրագրերը, որոնք աշակերտը պարտավոր է սովորել: Ասում եք ֆիզկուլտուրան առողջարա՞ր է, որովհետև յուրաքանչյուր աշակերտ միտքը զարգացնելուց առաջ պիտի ունենա առողջ մարմին՝ առողջ հոգո՞ւմ: Ասում եմ, որտե՞ղ է գրված, կամ ո՞վ է ասել, որ շաբաթական 3 ժամ, 45 րոպե տևողությամբ ֆիզիկական դասը առողջարար է, եթե դասից հետո աշակերտները քրտնած վազում են մյուս դասին, որն էլ շատ հաճախ հիվանդության պատճառ է հանդիսանում: Լավ, ասում եք, որ պատմությունը կամ հայ եկեղեցու պատմությունը պիտի յուրաքանչյուր ոք անգիր իմանա, որովհետև հայրենասիրությունը սկսվում է սեփական պատմությունը իմանալուց, անկախ նրանից, դա պատկանում է իրականությանը թե ոչ, կամ, ավելի գեղեցիկ ասած, ճշգրիտ է, թե ոչ:

Եթե օրինակ, աշակերտը չունի մաթեմատիկական մտածելակերպ, կամ օրինակ, չի ցանկանում երկար պոեմներ անգիր անել, որովհետև մեկ է՝ մոռանալու է, արդյո՞ք չի կարող ունենալ ընտրության հնարավորություն: Օրինակ, Ֆինլանդիայում, եթե աշակերտը չի ցանկանում մասնակցել ֆիզկուլտուրայի կամ հայոց լեզվի դասին, իրավունք ունի դասից ազատ արձակվելու՝ պայմանով, որ այդ դասը կփոխարինի այլ դասով: Կարելի է փոփոխություններ սկսել մաթեմատիկա առարկայից: Շատ դպրոցներում աշակերտներին ստիպում են անգիր անել բանաձևեր, չհասկանալով դրանց իմաստը: Լավ, իմա՞ստը: Մեկ է, մոռանալու է, ախր, էդ առարկաները չպիտի լինեն միայն ավարտական քննությունները հանձնելու ու մոռանալու համար: Որպես հավելում, կարելի է անգլերենի դասը անցկացնել ոչ թե միայն ուսուցչի միջոցով, այլ նաև անգլալեզու դասախոսի, որը շատ լավ տիրապետում է անգլերեն ակցենտին: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե երեխաները դպրոցում ստացած գիտելիքների միջոցով ընդունվեն համալսարան, առանց կրկնուսույցի մոտ պարապելու: Լավ, ասենք պատմության կամ անգլերենի շտեմարանը անգիր անելով ընդունվեն համալսարան, հետո դպրոցում ուսուցիչ աշխատելո՞ւց էլ պետք է բացեն շտեմարանի 3-րդ բաժնի 61-րդ հարցի 4-րդ տարբերակը, ու հիշեն Սանատրուկի գահակալման թվականները:

Շինության հիմնային քարերը շարելուց հետո, պետք է ուշադրություն դարձնել սյուներին՝ համալսարաններին ու քոլեջներին, որտեղ ավելի շատ են վխտում կոռուպցիոն ռիսկերը:

Վերջում, երբ ամեն քարը դրված կլինի, կարելի է շինությունը ծածկել ամուր տանիքով և ներսում իրականացնել նորարարություններ:

Միասին ամեն ինչ հերթականությամբ անելու ենք՝ երիտասարդական գաղափարներով ու մտքերով լեցուն, որովհետև խնդիրը միայն «վերևներինը» չէ, որ բողոքենք՝ թողնելով նրանց ուսերին, այլ բոլորինս է, քանի որ բոլորս ենք առնչվում այդ խնդրին:

Գուցե դրանից հետո իրականությունը սկսի խոսել (եթե արդեն չի սկսել) ծխելու փոխարեն

amalya harutyunyan

Արտասովորության տեսություն

Հարցրի:

-Ինչքան սիրուն ա չէ՞ կյանքը:

-Դե հա, Ֆրանսիայում սիրուն ա, Անգլիայում սիրուն ա, այ, Հայաստանում՝ չէ:

Վրդովվեցի, կյանքի սիրունությունը երբեք սիրուն շենքերով ու հարուստ բնակավայրերով չեմ չափել, սիրունությունն ինձ համար ուրիշ արժեք է եղել, մի քիչ ավելի վերացական ու քիչ հանդիպող: Բարկացած ուղղեցի:

-Չէ, էդ նկատի չունեմ, կյանքը էս պահին, հենց էստեղ սիրուն ա:

Փողոցները առանց մեկի ձեռքը բռնելու սարսափելի շատ վախենալու են, ես գիտեմ` փողոցները պիտի սովորեմ մենակ անցնել, երբևէ ոչ ոք պարտավոր չէ օգնել ինձ անցնել դրանք: Ես գիտեմ` փողոցները դրանք ուղի են ինչ-որ տեղ հասնելու, գիտեմ` դրանք նույնչափ նպատակադրված են ու վտանգավոր, նույնչափ մերն են ու նույնչափ ուրիշինը, ով քայլում է արդեն ձեռքս բաց թողած:

Համալսարանից տուն քայլքի մեջ ոչ մի արտասովոր բան չկա, մի քանի խաչմերուկ, մի քանի լուսացույց, երթուղային ու վերջ: Առօրեական քայլերիդ արանքում արտասովոր զգացած երևույթներ, ծայրաստիճան խառը մտքեր չկան, հազիվ կգրկես հաստափոր հայոց պատմությանդ գիրքը, կմտածես, որ այդ քննությունից էլ պրծար, կժպտաս ու կանցնես առաջ:

Ի՞նչ կա որ, քաղաքը քեզ տանել չի կարողանում, դե դու էլ՝ իրեն, բայց միասին եք ապրում: Քաղաքը քո մեջ է, իսկ դու՝ քաղաքի:

Մինչև վերջին քայլդ կբողոքես օրերիդ չափից դուրս անիմաստ ու միապաղաղ լինելուց, դե, հասարակ օրերը չես սիրում, սովորական քաղաքներն էլ հետը:

Բայց վայրկյանների տակ կատես արտասովորությունը, զգացած երևույթներդ ու խառը մտքերը աշխարհի ամենանողկալի բանը կլինեն, երբ քայլես ոչ սովորական փողոցով:

Դու կպատկերացնես տվյալ պահը ֆիլմերում, երազներումդ, մտքերումդ, բայց ոչ կյանքումդ։

Փողոցները վախենալու են, երբ դու անկարող մեկն ես էդ խառը մեքենաների մեջ։ Լսելի չէ ոչ մի ձայն, երբ քայլում ես, երբ քեզ ոչ ոք ու ոչինչ պետք չէ։ Բայց ավելին, քան հիմա դու ուզում ես լսել բոլորին, ավելին, քան հիմա քեզ բոլորը պետք են։

Անհանգիստ մի մարդու գոռոց, գլխի թեթևակի պտույտ ձախ, ու մի ահռելի մեքենա կարող է վերջ դնել էս ամենին:

Կհիշես։

Մարդկանց, որ լքել էին, որ խաբել էին։

Մարդկանց, ում նվիրել ես տիեզերքդ ու իրենով ես ապրում

Ճանապարհներին, որ կհեռացնեն ու մոտ կբերեն քեզ մտերիմներիցդ։

Մարդկանց, ում էդպես էլ չհասկացար, որ չխոսեցին, որ չբացատրեցին քեզ գնալու արվեստը։

Մարդկանց, որ ամեն անգամ կանգնում ու սպասում ես, որ կարողանաս գրկել, որ քեզ աշխարհի ժպիտն են պարգևում։

Լսարաններին, որ քո ու մյուսների բարձր ծիծաղի ու արցունքների ականատեսն են եղել:

Մարդկանց, որ պնդեցին, որ ոչ ոքի պետք չես, որ իրենք քեզ հետ հոգնում են։

Մարդկանց, որ ամենահոգատարները կլինեն, որ իրենց հետ օրեր կանցկացնես կեսգիշերին իրար գրկած անհեթեթություններ խոսելով։

Պատերին, որ կյանքդ վանդակ կդարձնեն, հետո կպաշտպանեն ցրտից ու անձրևներից։

Մարդկանց, որ կգրկեն քեզ, կասեն, որ շնորհակալ են քեզ ճանաչելու համար, հրաժեշտի ժամանակ կգոռան, որ կարտելու են, ու դու լաց լինես։

Էդ պահին դու ուզում ես լաց լինել տանը նստած, կորցնել ընկերներիդ, կարոտել մտերիմներիդ, միայն թե չլինել փողոցի կենտրոնում: էդ պահին դու մոռանում ես կյանքում քանի անգամ ես ասել, որ ուզում ես չլինել, էդ պահին դու նայում ես ահռելի առարկային. որը հենց էս պահին չի թողնի, որ դու զգաս, սիրես. լաց լինես, կարոտես:

Ու հենց էդ պահին դու, երևի թե առաջին անգամ, իրոք կգնահատես կյանքը…

Սկսում ես պաշտել միապաղաղ օրերդ, չափից դուրս շատ սիրել հասարակ քաղաքները։ Վայրկյանների արագության տակ դու սիրում ես կյանքը, վայրկյանների արագության տակ դու ցանկանում ես շարունակել քայլել ամենաանիմաստ թվացող դեպի տուն տանող ճանապարհը։

Ու նետվում ես առաջ, վերջին ուժով նետվում դեպի մյուս ամենագնացները, ու ներսդ բղավում է՝ ես պիտի դեռ էստեղ լինեմ:

Փողոցները վատն են, երբ լիքն են, երբ կողքիդ ու ձեռքիդ հենարան չկա, երբ տեսածդ 8/100-ական է, զգացածդ՝ միլիարդավոր բջիջներով դող, ուշագնացություն, ու մեծ ուժ, ուժ, որով հաղթահարում ես երբեմն մտացածին ու իրական փողոցները:

anahit badalyan (kapan)

Ադրիատի՜կ, սպասիր ինձ․․․

Եթե սավառնենք ժամանակի մեջ, կտեսնենք, թե ինչքան բան է փոխվել վերջին ամիսներին․․․Դե իհարկե, մարդու կյանքում էական փոփոխություններ կարող են տեղի ունենալ թեկուզ հաշված րոպեների ընթացքում, դե պատկերացրեք՝ ամիսները ինչ կանեին․․․

Ես ու դու, իմ սիրելի ընթերցող, երկար ժամանակ է՝ չենք խոսում․․․ Չէի ասի, թե չենք հանդիպում, հանդիպում ենք, ուղղակի լուռ ենք․․․ Լռությունը, հա, հազար բառերի փոխարեն է, բայց երբեմն խոսել է պետք․․․ Լռությունը չի «ժպտացնում», իսկ ժպիտը միշտ կարևոր է․․․ Այսօր խախտում եմ իմ ու քո միջի երեք ամսեկան լռությունը, որ «ժպտացնեմ» քեզ, ու ինչո՞ւ ոչ, նաև ինձ․․․

Այսօր ուզում եմ խոսել ժամանակի մասին․․․ Գիտե՞ս՝  ինչքան արագ ու ինչքան դանդաղ կարող է այն անցնել․․․ Բայց արդյունքում մենք ենք որոշում ժամանակի տեմպը, մենք՝ ժամանակի հանդեպ մեր նախատրամադրվածությամբ ու ժամանակը գեղեցիկ կերպով օգտագործելու կամ անտեղի վատնելու մեր մոտեցումներով։ Խոհափիլիսոփայական այս մտքերը, հա, շատերը կարող են արտահայտել, բայց վստահեցնում եմ՝ ես դա զգացել եմ․․․

Գիտե՞ս՝ դեկտեմբերին մի պահ ինձ թվաց, որ ժամանակը կկանգնի ու էլ երբեք չի ընթանա։ Կյանքում առաջին անգամ ես հրաժեշտ էի տալիս՝ երկար ու անորոշ ժամանակով։ Հրաժեշտ էի տալիս մի մարդու, առանց ում մի օրն անգամ դժվար էր պատկերացնելը։ Ես՝ «պապայի քթից թռածս», հրաժեշտ էի տալիս պապայիս․․․ Ու երևի հենց այդ հրաժեշտից հետո սկսեցի գնահատել՝ ինչքան եմ ուրախանում, երբ ամեն անգամ ծիծաղս, դեմքս, քիթս կամ աչքերս պապային են նմանեցնում։ Դա իմ կյանքի առաջին ամենամեծ հրաժեշտն էր։ Բայց ես փորձում էի ուժեղ լինել, որովհետև հոգուս խորքում զգում էի, որ դեռ նոր հրաժեշտներ են առջևում․․․

Իմ՝ կարիերիստիս, բռնած ուղին շատ ու շատ հրաժեշտներ է ենթադրում  կյանքում․․․ Այդ հրաժեշտը հաղթահարվեց մեկ այլ հրաժեշտի մասին երազելուց․․․ Կամ՝ երազելիս․․․ Էստեղ և՛ պատճառի պարագան, և՛ համակատար դերբայը ճիշտ են․․․ Դեռ նոյեմբերից ես մի ծրագրի էի դիմել․․․ Մի ծրագրի, որ պիտի իմ ամբողջ կյանքը փոխեր․․․ Հունվարից  սկսեցին թեժ փուլերը․․․ Հաղթահարեցի առաջինը, երկրորդը, երրորդը․․․Էսպես արագ-արագ պատմում եմ, բայց որ իմանաք՝ ամեն փուլը հաղթահարելու համար ինչքան էներգիա, աշխատանք, եռանդ ու հույզեր եմ ներդրել․․․ Լուրջ եմ ասում՝ պայքարել եմ․․․ Կարող եմ ասել, որ էդ բառի իմաստը ոտքից գլուխ հասկանում եմ, զգում եմ ու գիտեմ․․․ Ես՝ հոգու խորքում ձախողումներին հարմարվածս, հոգուս մեջ ինքս ինձ ձախողումներից ուժ տվողս, գիշերները ձախողումներիցս թաքուն արտասվողս, հոգուս մի թաքուն անկյունում պայքարելուց հուսահատվածս, բայց միշտ ու միշտ պայքարողս, այս անգամ չձախողեցի․․․ Մի բան ասե՞մ․․․ Վախենում եմ նույնիսկ ասելուց, որ հաջողել եմ․․․ Հա, ես դա արել եմ, հաղթել եմ․․․ Հաղթել եմ ինքս ինձ, էն լացկան, հուսահատ րոպեներիս․․․

Այս օգոստոսին մեկնելու եմ․․․ Գնում եմ Իտալիա՝ աշխարհի միացյալ քոլեջներից մեկում սովորելու․․․ Քոլեջս Ադրիատիկի ափին է․․․ Ու էդպես էլ կոչվում է՝ UWC Adriatic… Հիմա՝ այս պահին, մենակ դեմքիս ժպիտը տեսնես․․․ Գիտե՞ս՝  ինձ թվում է՝ ես էնքան շատ եմ ժպտացել, որ դու էլ պիտի զգացած լինեիր, ու մեր միջի լռությունը պիտի համեմվեր մի անխոս, բայց շատ ջերմ ժպիտով․․․ Փետրվարի քսանմեկն էր․․․ Սովորականի նման բացեցի մեյլս: Ասեմ, որ ես մեյլիս գերին եմ դարձել ու կյանքիս լավագույն պահերի համար ամենաշատը մեյլիս եմ պարտական․․․ Բացեցի մեյլս, ու․․․ Նամակը եկել էր․․․ Պիտի արագ բացեմ, բայց․․․ Անահիտ, եթե էլի լինի՝ unfortunately… բլա-բլա-բլա․․․ Ուժեղ ես լինում, ոչ մի կաթիլ արցունք չես թափում, մամային քո վիճակով չես անհանգստացնում, թեթև ես տանում, դու ուժեղ ես, դու սովոր ես, դու մեկ ա՝ էլի ես պայքարելու․․․ Դու պարտավոր ես պայքարել էնքան, մինչև հաղթես․․․ Որովհետև ընկեր Ոսկանյանը քեզ ասում էր՝ հաղթանակած աղջիկ, որովհետև մաման 2008 թվին քեզ դպրոց տանելիս քո էդ ժպիտի տակ էնքա՜ն մեծ հույսեր էր դրել, որովհետև պապան միշտ ասել ա՝ իմ Անահիտս ուրիշ ա, ինքը հասնելու ա իրա ուզածին, ու որովհետև քեզ աշխարհի ամենալավ մարդիկ են շրջապատում․․․ Էդ 0,1 վայրկյանում ես իրոք հասցրել եմ էսքանը մտածել ու հետո բացել եմ նամակը․․․ Գրված էր, որ ուրախ են՝ ինձ ճանաչելու համար․․․ Ու շատ ավելի ուրախ՝ հայտնելու, որ ես պիտի սովորեմ UWC Adriatic-ում․․․ Չեմ նկարագրելու՝ ինչ եմ զգացել․․․ Ախր, չեմ կարա, է․․․ Ես՝ հիստերիկս, աշխարհի ամենահավասարակշռված մարդու նման որոշում եմ ևս մի անգամ կարդալ ու համոզվել, որ ամեն ինչ ճիշտ եմ հասկացել․․․ Ու հա, ճիշտ եմ հասկացել․․․

-Մամա, գնում եմ Իտալիա․․․

-Ո՞ւր ես գնում․․․

-Մամաաաաա․․․

-Ինձ էլ ասեք, ի՞նչ ա եղել, խի՞ եք լացում,-պապան էդ ժամանակ հեռախոսով էր մեզ հետ ու մի հինգ րոպե անց մենակ հաջողվեց ուժ հավաքել, բառեր գտնել ու էդ խեղճ մարդու անհանգստությունը փարատելու համար ասել, որ երեք հոգու խմբակային լացի պատճառը էս մի հոգու անընդմեջ պայքարն ա․․․

Պապան ինձ միշտ ասել ա․

-Բալաս, կյանքը պայքար ա․․․ Դու էնքան ուժեղ ես, որ կարող ես հաղթահարել․․․ Դու իմ աղջիկն ես․․․

Հա պապ, ճիշտ ա, կյանքը պայքար ա․․․ Քո գնալուց հետո ես սովորեցի պայքարել ժամանակի, տարածության, կարոտի, հիշողության, բացակայության դեմ․․․ Ես պայքարեցի ու ես ինձ հաղթած եմ համարում․․․ Հիմա դու գալիս ես․․․ Գալիս ես, որ ինձ ճանապարհես իմ՝ պայքարով վաստակած հաղթանակը վայելելու համար․․․ Արի՛, դու արի, որ ես գնամ․․․

Ու գուցե էսպես անընդհատ գալ-գնալների մեջ լինենք․․․ Բայց կյանքը ամուր է պահում նրանց, ովքեր պայքարում են․․․ Ու ոնց իմ սիրած գրքում ա ասվում՝ ճաատագիրը երկար ժամանակով երես չի թեքում նրանցից, ովքեր համարձակություն ունեն պայքարելու նրա դեմ․․․ Իսկ ես ծնվել եմ, որ պայքարեմ․․․ Ու ես հպարտ եմ դրանով․․․

Խմենք պայքարողների կենացը․․․

Ադրիատի՜կ, սպասիր ինձ․․․

Ամսվա վերջում ամենասպասվածը` աշխատավարձը

Փոքր ժամանակ բոլորս էլ երազել ենք տիեզերագնաց, բժիշկ, զինվոր, ուսուցիչ, վարորդ դառնալ: Իմը տիեզերագնացն էր: Սակայն տարիներն անցան, մանկությունը մնաց անցյալում` իր հետ տանելով տիեզերագնաց դառնալու ցանկությունը: Եվ հիմա, երբ կարելի է ասել, որ մասնագիտության հարցում կողմնորոշվել եմ (եթե չհաշվենք, որ պարբերաբար այն փոխելու մտքեր են առաջանում), որոշեցի մասնագիտությանս վերաբերող հարցերի մասին առավել խորը մտածել: Նախկինում միշտ մտածում էի, թե ինչու պապս գիշեր ու զօր վարելով մեքենան` ստանում էր զգալի չափով պակաս աշխատավարձ, քան նրա ղեկավարները, և ինչպես ինքն էր ասում` «նաչալնիկ-բեզդելնիկները»: Վերջիններս ստիպված չէին գիշերները արտաժամ աշխատել, արձակուրդի չգնալ (ի դեպ, տարվա մեջ ամենամյա արձակուրդից չօգտվելը համարվում է օրենքի խախտում, էս ուղղակի, իմանանք, էլի), որպեսզի բավարարեին իրենց ընտանիքի պահանջները: Եվ հիմա հարց է առաջանում` ինչպե՞ս է այսպես ստացվել:

Սկսենք ամենասկզբից.

Պապս չի էլ ավարտել 9-րդ դասարանը, և երբ հարցնում եմ` ինչու, նա միշտ պատասխանում է, որ նեղ ժամանակներ էին, դաշտերում աշխատելը ավելի օգուտ էր բերում, քան անհասկանալի գրքեր կարդալը: Նաև նշում է, որ նույնիսկ ավարտելու դեպքում շատերին չէին թողնում գնալ Երևան, թուղթ չէին տալիս, փոխարենը՝ առաջարկում էին կոմբայնավար, տրակտորիստ կամ վարորդ դառնալ: Իսկ միևնույն ժամանակ, կային մարդիկ, ովքեր շարունակեցին կրթությունը, մասնագիտացան այնպիսի ոլորտներում, որտեղ լուրջ մասնագետ դառնալը պահանջում էր հսկայական էներգիա (այս դեպքում, ավելի շատ մտավոր, քան ֆիզիկական), ինչպես նաև ֆինանսական ներդրումներ, իսկ ամենակարևորը` «մարդկային կապիտալի» առաջացումն էր: «Մարդկային կապիտալ»-ը ժամանակակից տեխնոլոգիական զարգացման պահանջներին համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կարողությունների ամբողջությունն է, որն ապահովում է բարձր արտադրողականություն: Կարճ ասած, աշխատանքի շուկայում կարևորություն է տրվում արտադրողականությանը: Այսինքն, տվյալ աշխատանքը ինչ օգուտ է բերում: Օրինակ, բանվորները 20 օրում կարող են ավարտել վերանորոգումը, իսկ նույն ժամանակահատվածում ծրագրավորողը կարող է այնպիսի ծրագիր գրել, որը հնարավորություն կտա կազմակերպությանը աշխատողների թիվը կիսով չափ կրճատել: Ակնհայտ է, որ ծրագրավորողի աշխատանքը առավել ձեռնտու է, իսկ վերանորոգումը կարող է սպասել:

Երկրորդ կարևոր «տարբերակիչը» նախկինում կատարված ֆինասնական ծախսերն են: Դատավորը, բժիշկը մինչև մասնագետ դառնալը հսկայական ժամանակ, գումարներ են ծախսել, որն էլ պիտի փոխհատուցվի:

Հաջորդը՝ տվյալ ոլորտում առկա մրցակցությունն է: Էլի օրինակ բերեմ: Հավաքարար կարող ենք դառնալ յուրաքանչյուրս և բայց նյարդաբան…

Հավաքարարների ոլորտում մրցակցությունը կարելի է ասել, կատարյալ է, այսինքն, կան բազմաթիվ աշխատողներ և գործատուներ, ու այստեղ աշխատավարձի չափը որոշվում է աշխատանքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցության շնորհիվ:

Այս ոլորտը, ինչպես և մնացածները, ունեն «անարդարություններ»: Ասվածի վառ օրինակ է մարդկային տաղանդը, որը որոշ դեպքերում անհամեմատելի բարձր է գնահատվում: Երաժիշտը մեկ երգ կատարելով կամ հայտնի նկարիչը կտավը աստղաբաշխական գումարով վաճառելով` կարող են հսկայական եկամուտ ստանալ: Իսկ պապս պետք է տասնյակ տարիներ շարունակ մեքենա վարի, որ դրա կեսը վաստակի…

Եկեք պատկերացնենք մի իրավիճակ, երբ ձեր աշխատավարձը բարձրացրել են, սակայն միևնույն ժամանակ, թանկացել է մթերքը: Ինչպե՞ս հասկանանք. մենք օգտվեցի՞նք, թե՞ հակառակը: Սրա համար տարբերենք իրական և անվանական աշխատավարձերը: Անվանականը այն գումարն է, որն աշխատողը ստանում է: Սակայն տնտեսագետներին իրականում չի էլ հետաքրքրում` դուք ինչքան եք ստանում, այլ հետաքրքիրն այն է, որ գների ու ձեր աշխատավարձի փոփոխությունը ունեցե՞լ է արդյոք դրական ազդեցություն թե` ոչ: Հենց այստեղ էլ օգնության կգա իրական աշխատավարձը, այն հաշվվում է այսպես` W/P, որտեղ W-ն անվանական աշխատավարձն է, իսկ P-ն սպառողական զամբյուղի (մեկ ամսում մարդու գոյատևելու համար անհրաժեշտ բարիքների ամբողջությունը, այն հաստատում է կառավարությունը) գինը: Եվ եթե իրականը ավելի մեծ է լինում քան նախորդ անգամ, ուրեմն հանգիստ կարող ենք պլանավորել հավելյալ հանգիստ` օրինակ զով Սևանում…

Mane Minasyan

Ակնոցով աղջիկը

-Սոն, էն ակնոցով աղջիկը մեր երեխեքի՞ց ա,- նայում եմ ուղիղ մեր առաջ կանգնած աղջկան ու հեգնանքով հարցնում ընկերուհուս։

-Հա, Ման, դեմքը ծանոթ ա:

Դեմքը ծանոթ էր, բայց մեկ է՝ մենք մեզ ծանր էինք պահում ու չէինք մոտենում, որովհետև Մանեն չէր հավանել ակնոցով աղջկան…

Ճիշտ են ասում՝ երբ մարդուն սկզբում չես հավանում, վերջում քո մի մասնիկն է դառնում:

Ակնոցով աղջիկ կամ նույն ինքը.

-Լաուրա Մանուկյան, 16 տարեկան, Երևանից եմ։ Ուզում եմ դառնալ լրագրող, այս տարի դիմորդ եմ․․․

Դե, էսպես են, չէ՞ ներկայանում ծանոթանալիս կլոր սեղանի շուրջը:

Լաուրին միանգամից սիրեցի, երբ իմացա, որ նույն ֆակուլտետի դիմորդներ ենք:

Մոռացա ասել՝ ցուրտ ձմռանն ենք ծանոթացել, իսկ ամռանն արդեն գաղտնիքներ չունեինք:

Միասին պարապեցինք, միասին քննության գնացինք, իրար ուժ տվեցինք, լացեցինք, ծիծաղեցինք, բայց կարևորը՝ ընդունվեցինք:

Ընդունվեցինք ու ընդունեցինք իրար, հա, ու բոլորը գիտեն՝ մենք ընկերուհիներ չենք, մենք քույրեր ենք:

Իհարկե, ես եմ մեծն, ու կապ չունի, որ 10 օր է ընդամենը տարբերությունը:

Մենք միասին լիքը դռներ ենք թակել, լայն ժպտացել են, մեզ ընդունել են, դե, ինչու չէ, նաև չեն ընդունել…

Բայց մենք ուժեղ ենք, մենք հավատում ենք, ու ոնց Լաուրիկն է ասում. «Քուր, թեթև տար, լավ ա լինելու»:

Ըմմ, դժվար է գրել մի մարդու մասին, ում անտանելի շատ ես սիրում, գրողը տանի…

Լաուրի պայքարող տեսակն եմ սիրում:

Լաուրի հույս տալը, երբ հույսը լրիվ մարած է:

Լաուրի միշտ սոված տեսակն եմ սիրում:

Սիրում եմ, երբ անկեղծ ենք, որ ոչ թե կեղծավոր «Իմ կյանք, արև, լուսին» այլ հասարակ, պարզ ու անկեղծ. «Այ գրող, եկա՞ր»։

Հա, այ «գրող», եկա, եկանք, որ դառնանք մենք:

Հ. Գ․ Երևի ժամանակ առ ժամանակ պետք է մարդկանց ասել, որ սիրում եք իրենց, պետք է ժպտալ ու ստիպել, որ մեկ ուրիշն էլ ժպտա։

Դե, ո՞ւմ ես սպասում, ժպիտ պարգևող նամակդ գրիր։

Anna Andreasyan

Հիպիների պատմությունը

Հոգնած օրվա դասերից՝ քայլերս ուղղում եմ դեպի հաջորդ դասը՝ յոթերորդը: Եթե նույնիսկ օրվա հոգնածությունից չնայեի՝ ուր եմ գնում, երաժշտության հնչյունները ինձ կտանեին այդ դասարան: Ահա և ներս եմ մտնում, զբաղեցնում իմ տեղը, մի քանի վայրկյանից  ուսիս զգում եմ իմ իտալացի ընկերուհու ձեռքը, ինչն ազդարարում էր՝ ինքն արդեն դասարանում է: Նրա անունը Լեա է, ինչպես արդեն նկատեցիր, կողքս է նստում, փոխանակման աշակերտ էր՝ Իտալիայից: Մի բան ասեմ թեմայից դուրս՝ փոխանակման աշակերտները, որ երկրից էլ որ լինեն, միշտ գտնում են իրար ու ամեն հարցում հասկանում են իրար շատ ավելի լավ, քան ուրիշ մեկը երբևիցե կարող էր:

Լավ, շարունակեմ սկսածս թեման մի շատ յուրահատուկ դասաժամի մասին, որ իմ ամենասիրելին էր: Երբ նոր էի սկսել անցնել այդ առարկան, մի տեսակ այնքան էլ գոհ չէի, բայց հիմա հասկանում եմ, թե ինչքան տարբերվող էր այն ամեն ինչով: Խոսքս պատմություն առարկայի մասին է: Բայց ոչ սովորական պատմություն, որ մեր դպրոցներում ենք անցնում: Այն 60-70-80-ակաների պատմությունն էր, որ բոլորս անվանում էինք «հիպիների պատմություն»: Նախ ասեմ, որ երբեք հետաքրքրված չեմ եղել նրանց պատմությամբ ու երաժշտությամբ: Իսկ թե ինչպես էի հայտնվել այդ դասին, պատասխանը պարզ է՝ դպրոցում խորհրդատուս վստահեցրեց, որ ուրախ և բոլորի կողմից սիրված դասաժամ է:

Հիմա կասես՝ այսքան խոսեց, վերջը չասաց, ինչն էր այդքան յուրահատուկ այդ դասաժամի հետ կապված: Հիմա ասեմ՝ ամեն ինչը: Այն մթնոլորտը, որ այդ դասարանում էր ուրիշ ոչ մի տեղ չէիր գտնի: Ուսուցչիս մշտական սրախոսությունները ու աշակերտների՝ իրենց սիրելի երաժշտության ժամանակաշրջանով հետաքրքրված լինելը, այն հաճելի էր դարձնում: Մի տեսակ, ասես, դաս չլիներ, այլ նույն հետաքրքրություններով ու իրար հասկացող մարդկանց խումբ, որոնք ուսումնասիրում էին իրենց սիրելի թեման ու լսում իրենց սիրելի երաժշտությունը: Այդ դասաժամը ասես բոլորիս համար փախուստ լիներ օրվա ծանրաբեռնված ու անընդհատ լարված ռեժիմից:

Իմ ամենասիրելի հիշողություններից մեկն այն էր, երբ ուսուցիչս՝ իրեն հատուկ դերասանական տաղանդով, պատմում էր, թե ինչպես էր հայտնի հիպիներից մեկի ճամպրուկները տարել հյուրանոցի համար, երբ այնտեղ էր աշխատում: Պետք է ուղղակի ներկա լինեիք մեր ուրբաթներին, այդ օրերին ամբողջ ժամին երաժշտություն էինք լսում և իրենց հետ հավասար ու ավելի բարձր մենք էլ էինք երգում: Ամբողջ միջանցքում լսվում էր մեր երաժշտությունը, մեր ուրախ դասի հնչյունները:

Այս ամենը պատմելուց հետո մի գաղտնիք բացեմ, հիմա նոր եմ հասկանում, թե իրականում ինչքան շատ էի սիրում այդ դասաժամը, ու ինչքան հարազատ էր դարձել այն ինձ համար: Հիմա, հենց այդ ժամանակաշրջանի երգերը լսում եմ, հիշում եմ իմ սիրելի դասաժամը իր բոլոր ուրախ հիշողություններով:

Հ.Գ. Իհարկե, մենք այդ ժամին դաս էլ էինք անում, ուղղակի դասը հենց այս ամենն էր, ինչի մասին պատմում էի:

anush davtyan

Խմող չենք, խմում ենք

Քյավառի մասին խոսելիս երևի առաջին բանը, որ բոլորի մտքին գալիս է, խմիչքն է։ Ավելի կոնկրետ՝ խմելը։ Իսկ եթե էլ ավելի կոնկրետացնեմ, քյավառցիների հարբած լինելը ամեն օր ու ամեն ժամի։

Տարածված կարծիքին համաձայն՝ Քյավառի փողոցներում մարդ չկա, որովհետև տանը նստած խմում են, մի բան են տոնում (առիթն արդեն կարևոր չէ) կամ էլ գերեզմանոցներում հանգուցյալի հետ են կիսում իրենց կերածն ու խմածը։ Եթե փողոցում մեկին տեսնես, երևի մի տնից մյուսն է գնում՝ քեֆը շարունակելու։

Մի անգամ կանգառում կանգնած սպասում էի տրանսպորտիս, Երևանում էի, իհարկե։ Պատահաբար լսեցի, թե կողքիս կանգնածները ինչ են խոսում։ Պարզվեց, որ մեկը նկարիչ է, մյուսն էլ հավանաբար նրա հին ծանոթը, ու նրանք պատահաբար հանդիպել էին այդ կանգառում։ Նկարիչը իր նորություններից էր պատմում, ասաց, որ վերջին անգամ Քյավառ էր գնացել՝ գործերը վաճառելու։ Նրա զրուցակիցն էլ զարմացավ, ասաց․

-Արաղի շշե՞ր էիր նկարել, որ ծախվի։

Զրույցի շարունակությանը ես չմասնակցեցի․ երթուղայինս եկավ։ Բայց էդ դեպքը դեռ երկար կմնա մեջս։

Ես քյավառցի եմ, բայց չեմ խմում։ Դե, առիթից առիթ, միայն եթե հաճելի միջավայրում եմ։ Բայց «տնական արաղ» չեմ խմում, գինի եմ նախընտրում։

Ես Քյավառից եմ, բայց ներկայանալիս ասում եմ՝ Գավառից եմ։ Միշտ մտածում եմ, որ էդպես ավելի հեշտ կպատկերացնեն։ Իսկ իրականում «Քյավառ» անունն ավելի տարածված է։

Ծնվել ու մեծացել եմ Քյավառում, բայց դժվարանում եմ մեր բարբառով խոսել, որովհետև տանեցիները Հայաստանի տարբեր ծայրերից են, ու մենք բարբառով չենք խոսել երբեք տանը։

Կյանքիս գրեթե ամբողջ մասը Քյավառում եմ եղել, բայց երևի հարկ եղած չափով չեմ գնահատում դա։ Ու էս ամենի արդյունքում ես լրիվ պատկերացում չունեմ իմ Քյավառի մասին։

Բայց մի բան հաստատ եմ ասում։ Մենք բարի լույս ասելիս կենաց չենք խմում ամեն առավոտ, ոչ էլ երեկոյան բարի գիշերին։ Մեր տներից օղու դատարկ շշեր նույն քանակով են դուրս գալիս, որքան մնացած տներից։ Իսկ առիթից առիթ բոլորս էլ խմում ենք։

Anushik Mkrtchyan

Իրականությունը մի քիչ այլ է

Լինում են, չէ՞, դեպքեր, երբ մի բան շատ ես ուզում, հետո գալիս է էն պահը, որ գրեթե ուզածդ լինելու է, ու դու էն կարգի չես ուրախանում, ոնց որ էն ժամանակ, երբ իրականանալուն շատ կար:

Մայրս, ում գրեթե երկու տարի չէի տեսել, մեկ էլ՝ հոպ, ասում է՝ գալիս եմ: Դա իմանալիս ուզում ես պարել, երգել, թռվռալ, ուզում ես՝ օրդ շուտ անցնի, որ գա էն օրը, երբ մամայիդ ես տեսնելու: Ու ամենավատն էն էր, որ մաման հունիսի 7-ին ասում է, որ 10-ին գալիս է: Դե արի ու 3 օր դիմացիր: Ամսի 8-ն ու 9-ը բավականին արագ անցնան, չնայած այն բանին, որ ամսի 9-ին ժամը 3-ին քնեցինք երեխաներով, որովհետև մտածում էինք, թե ինչ ենք անելու վաղը, չէ՞ որ մաման է գալիս: Ինչևէ: Ամսի 10-ին որոշեցի մամայի համար թխվածք պատրաստել: Ամբողջ օրը ինչ ասես չէինք անում, որ շուտ անցներ ժամանակը, բայց այն կարծես կանգնած լիներ: Կարճ կապեմ: Մաման եկավ մեր բարեկամներից մեկի հետ: Եղբայրս վազեց դեպի մեքենան, ու մեքենայում մի քանի րոպե գրկել էին իրար: Երբ դուրս եկան, հերթը հասավ ինձ, իսկ փոքր քույրս պարի էր գնացել: Մայրս անընդհատ ասում էր, որ բոյովացել ենք, չաղացել ենք:

Հաջորդը օրը գնացինք անձնագիր հանելու: Էն որ սկզբից ասում էի՝ է՜, այ հիմա բացատրեմ: Երբ հունվար ամիսն էր, արդեն որոշված էր, որ ամառը գնալու ենք պապայենց մոտ: Շատ էինք ուրախացել ու անհամբեր սպասում էինք ամառվան: Եկավ մաման, որ մեզ տանի: Չէի ուզում գնալ, բայց կարոտել էի պապային: Երկու տարին էդքան քիչ չի: Ու կամուկաց լինելով եկա: Էստեղ էդքան էլ հետաքրքիր չի, ու ես զարմանում եմ, թե ոնց են մարդիկ գալիս ու էստեղ մշտական բնակություն հաստատում: Լեզու չգիտեմ, իմ տարիքի պատանիներ չկան, տեսարժան վայրեր չկան, եթե կան էլ՝ շատ հեռու են, անտանելի շոգ է ու ձանձրալի: Այստեղ գրեթե չեն գործում օրենքներ: Բնակիչները հարգալից վերաբերմունք են ցուցաբերում բոլորի հանդեպ, հատկապես՝ հայերի: Բնությունն է հիանալի: Չկա այնպիսի տեղ, որը ծառերով շրջապատված չլինի: Այնուամենայնիվ, Հայաստանը մնում է աշխարհի ամենագեղեցիկ երկրներից մեկը:

Ի դեպ, իմ պատրաստած թխվածքի մասին մոռացել էինք: 5 օր հետո միայն որոշեցինք փորձել:

Հ. Գ․ Երկրի անունը նշել չեմ ուզում:

lilit vardanyan

Ամառային արձակուրդներ

Ձմեռ էր:

-Էս տարի ինչ լավ ձմեռ ա անում: Մնում ա՝ ամառն էլ սենց լավ լինի,- ասում էր տատիկը:

Ամառվա սկիզբ:

-Մի կողմից լավ ա, որ անձրև ա գալիս: Էս տարի բերքը շատ կլինի:

Հունիսի երկրորդ շաբաթ:

-Հոգնեցինք անձրևներից, ե՞րբ ա գալու ամառը:

Հունիսի վերջ:

-Ասում են՝ էսօր քառասուն աստիճան ա լինելու: Ամառվա շոգերը էկան,- ասում է պապիկը՝ հովհարը ձեռքին:

Մեծահասակների սիրելի ամառը եկավ: Այս տարի բերքը շատ է: Կարևորը՝ ձյուն չկա: Ամառային անձրևները դադարել են: Ոչինչ, շոգին մի կերպ կդիմանանք: Պաղպաղակ կա: Կարելի է սառը ջրով լողանալ: Ձմերուկն էլ քիչ-քիչ շատանում է: Իսկ ֆուտբոլասերերին շոգը չի խանգարի հաճելի ամառ ունենալուն:

-Համ էն ենք ուզում, համ՝ էն,- ասում է տատիկը,- ո՞նց կարա համ լավ ձմեռ լինի, համ էլ՝ լավ ամառ:

Իսկ իմ կարծիքով՝ ամառը բոլոր դեպքերում էլ լավը չի (բացի անձրևային շրջանից): Քառասուն աստիճան շոգ: Մոծակների թագավորության վերադարձ: Ալերգիա համարյա ամեն ինչից (արևից, փոշուց, ծխից, ելակից, սուր հոտերից): Չնայած՝ գարունը մնում է իմ ամենաչսիրած եղանակը, բայց ամառն էլ ունի իրեն չսիրելու պատճառներ:

Մարդիկ լավ են մտածել: Ամառային արձակուրդներին դաս անելը շատ դժվար կլիներ: Օրինակ՝ ես թմրած վիճակից դուրս եմ գալիս միայն երեկոյան ժամը տասին: Դե, քանի որ շատ շոգ է, օրը սկսվում է թմրած վիճակից դուրս գալու ջանքերով: Ամեն առավոտ ես արթնանում եմ ժամը 9-ին և անկողնուց դուրս եմ գալիս 10:30:

Իմ ամառային նախաճաշի տեսականին այնքան էլ մեծ չէ. հաց-պանիր, յոգուրտ, լոլիկ և թեյ: Բայց էլ ի՞նչ կարելի էր ուտել, եթե ձու տանել չես կարողանում: Եվ ընդհանրապես, ի՞նչ ուտելու մասին է խոսքը, եթե ամառ է: Բոլորին հայտնի է իմ լավ ախորժակը, բայց ամռան շոգին ախորժակս չի գալիս: Ստիպված եմ լինում օրվա ընթացքում երկու անգամ պաղպաղակ ուտել, որպեսզի լրացնեմ իմ օրաբաժինը:

Ամառվա վատ կողմերի մասին շատ խոսեցի, բայց խոստովանում եմ, որ ամառը ունի նաև լավ կողմեր: Խոսքը ամառային առատ բերքի մասին է: Իհարկե, չկան իմ սիրած ցիտրուսները, որոնցից, ի դեպ, ալերգիա ունեմ: Փոխարենը կան կանաչ խնձոր, կեռաս և հատապտուղներ:

Եկեք փորձենք գտնել միջոցներ ամառը ոչ այնքան անտանելի դարձնելու համար: Շոգ է: Դրա համար կան լուծումներ:

1. Գնալ լողավազան: Չնայած՝ ես ժամանակ չունեմ լողավազան գնալու, բայց դա լավ միջոց է ամառվա շոգից ազատվելու և օրվա ընթացքում սթափ զգալու համար:

2. Լոգանք ընդունել: Սա էլ նրանց համար, ովքեր լողավազան գնալու ժամանակ չունեն:

3. Պաղպաղակ ուտել: Երբեմն աշխատում է:

4. Օրվա ընթացքում սառը ջուր խմել: Դե, այս կետը անիմաստ էր, որովհետև բոլորն էլ դա անում են: Բայց ես միշտ էլ շատ քիչ եմ ջուր խմել: Այնպես որ, այս կետը հատուկ ինձ համար է:

Իսկ հիմա անցնենք ամենաամառային հարցին: Մոծակները: Բոլորն էլ պայքարում են մոծակների դեմ, բայց արթնանում են մոծակի կծած տեղի քորը զգալով: Ամռանը միայն մոծակները չեն անցնում հարձակման. կան նաև այլ միջատներ: Ծնողներիս սենյակի պատուհանին ցանց է ամրացված: Բայց նույնիսկ այդ ցանցը չի խանգարում փոքրիկ կլոր միջատների ներխուժմանը, որոնք ամեն օր երեկոյան հետապնդում են ինձ, երբ ես գիրք եմ կարդում:

Իսկ մեր սենյակի պատուհանին ցանց չկա: Պապիկն էլ միշտ պատուհանը բաց է թողնում: Դրա համար էլ ժամը հինգին սենյակով մեկ շուրջպար է բռնում ճանճերի 20 հոգանոց հոտը: Գիշերն էլ գործի են անցնում մոծակները:

«Լավ, այս պայմաններում ինչպե՞ս ամառային արձակուրդը դարձնել հետաքրքիր»,- մտածեցի ես:

Կարելի է գիրք կարդալ: Ես քանդեցի գրապահարանի բոլոր դարակները և հասկացա, որ չգիտեմ ինչ գիրք կարդալ: Վերջին կարդացած գրքից հետո ես քննությունների էի: Այդ ընթացքում չէի մտածել՝ ինչ տիպի գիրք կկարդամ հետո: «Քանի որ ամառային արձակուրդներ են, ուզում եմ թեթև և զվարճալի պատմություններ կարդալ»,- որոշեցի ես և սկսեցի կարդալ ամերիկյան պատմվածքներ:

Բայց բացի գիրք կարդալուց՝ կարելի է անգլերեն պարապել: «Երբեք բաց չեմ թողնում անգլերենս լավացնելու համար ժամանակը»,- որոշում եմ ես ամռանը: Սկզբում ոգևորված պարապում եմ, հետո հոգնում, իսկ ամառվա վերջում էլի պարապում:

Երեկոյան հալամուլաները ամենահավես բանն են ամռանը: Ամենահավեսը, եթե արդեն «մեծ» չես դրա համար: Դե ես ինձ այդպիսին չեմ համարում, բայց մեր բակի մեծամասնությունը կազմում են 1-12 տարեկան երեխաներ. ո՞ւմ հետ խաղամ (փաստորեն «մեծ» եմ): Մնում է մի տարբերակ՝ հեծանիվ կամ անվաչմուշկ քշել: Եթե իհարկե եղբայրս հավես ունենա նկուղից հանել կամ ես հավես ունենամ քշել հեծանիվը: Իսկ անվաչմուշկներս 5 տարվա վաղեմություն ունեն: Կարճ ասած՝ անվաչմուշկիս ակները այլևս չկան:

«Ուրեմն պետք է ուրիշ զբաղմունք գտնել»,- մտածեցի ես և գնացի «Ոսկե ծիրանի» գրասենյակ: Երկու շաբաթ է, ինչ «Ոսկե ծիրանում» կամավոր եմ: Ցերեկվա շոգին աշխատելը այդքան էլ հաճելի չէ, բայց հետաքրքիր է:

Վերջ: Երևի իմ բոլոր ամառային պատմությունները պատմեցի, բացի նրանից, որ միջանցիկ քամիների պատճառով կոկորդս կարմրել է: Մնում է դիմանալ այս շոգին և վայելել արձակուրդները: