emma miqayelyan-2

Գրականության ծովի ափին

Հարցազրույց Վիկտորիա Աբաղյանի հետ, ով երկար տարիներ աշխատել է Հրազդանի N 10 ավագ դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, մեթոդ միավորման նախագահ է:

-Ինչպե՞ս են վերաբերվում գրականություն առարկային դպրոցում:

-Ասեմ, որ գրականությունն այսօր շատերին չի հետաքրքրում, միչդեռ գրականությունը առարկա ես չեմ համարում: Գրականությունը այն է, ինչը պետք է ուղեկցի մարդուն ամբողջ կյանքի ընթացքում: Գրականություն սիրելն էլ կարող ենք դաստիարակել երեխաների մեջ: Պարտադրաբար գրականություն սիրել տալ չի լինում, որքան էլ փորձում ես երեխային ստիպել ընթերցել այս կամ այն նյութը, եթե դա սիրով չի արվում, երբեք չի մնում երեխայի  հիշողության մեջ: Բնականաբար գրականություն սիրելն էլ պետք է լինի ընտանիքից:

Չեմ կարող ասել, որ բոլորն այսպես են վերաբերվում, բայց երեխաներ կան՝ սիրում են գրականություն, երեխաներ կան՝ չեն սիրում, անտարբեր են, բայց չի նշանակում, որ ընդհանրապես գրականությունը իր տեղը, դերն ու նշանակությունը  չունի դպրոցում:

Կարելի է վաղ մանկությունից, վաղ տարիքից  դաստիարակել երեխայի մեջ ընթերցասիրություն: Դա պիտի արվի ընտանիքում, մանկապարտեզում: Գրքի հանդեպ սերը մանուկ հասակում պիտի լինի, հետո արդեն  խորանա, ամրապնդվի, և գրականությունը դառնա մարդու մշտական ուղեկիցը: Այսօր ես  ուրախ եմ, որ կան երիտասարդներ, ովքեր անտարբեր չեն գրականության հանդեպ, սիրում են կարդալ, սեփական կարծիք են մշակում, ընդլայնում են իրենց մտահորիզոնը, աշխարհը նրանց համար դառնում է իրենց տունը: Այս ամենը գրականության շնորհիվ է:

-Ի՞նչ սկզբունքով են ընտրում հեղինակներին դպրոցում:

- Որպես գրականության ուսուցչուհի դժգոհ եմ կրթական ծրագրից: Ես ուզում եմ ասել, որ 12-րդ դասարանում շատ քիչ տեղ է հատկացված ժամանակակից հեղինակներին: Մեր երեխաները ժամանակակից հեղինակներին չեն ճանաչում: Մինչդեռ այսօր ավելի մեծ նշանակություն ունի մեր կողքին ապրող հայ մտավորականը: Մենք պետք է զգանք նրանց ներկայությունը: Դպրոցի ծրագիրը կաղապարում է մարդուն, մի տեսակ նեղ շրջանակների մեջ է դնում: Պետք  է ազատ լինի մարդ իր ընտրության մեջ: Ես նույնիսկ դեմ եմ դասագրքերին, իսկապես դեմ եմ: Ես կուզեի, որ գրականությունը լիներ չգնահատվող, առարկան էլ  չեմ ուզում ասել, ուղղակի գրականությունը լինի մի բան, որ անհրաժեշտ է օդի, հացի պես, և գրականությունը ուղղակի դասագրքային չլինի: Երբեմն մեզնից  պահանջում են ոչ ստանդարտ  մտածողության մասնագետներ կամ աշակերտներ, բայց իրենք ոչ մի քայլ չեն անում, որպեսզի երեխաները ունենան այդ մտածելակերպը:

Ես կուզեի, որ հատկապես ավագ դպրոցի ծրագիրը ձևավորված լիներ այնպես, որ աշակերտները առնչվեին նաև օտարագիր հայ հեղինակներին: Այսօր նշում են մի քանի անուններ, համառոտ ներկայացվում ստեղծագործություններ, և մենք ժամանակ չենք ունենում այդ հեղինակի գործերին, կյանքին ծանոթանալ: Մանավանդ այսօր սփյուռքի դռները բաց են, մենք հնարավորություն ունենք դուրս գալու աշխարհ,  բայց շատ քիչ բան գիտենք համաշխարհային գրականությունից: Կենտրոնանալ միայն ազգային գրականության վրա ավագ դպրոցում շատ սխալ է: Զուգահեռաբար ես կցանկանայի ուսումնասիրել համաշխարհային գրականություն: Այսպիսով ավելի կամրապնդեինք հայ գրականության դերը համաշխարհային գրականության մեջ:

-Ինչպիսի՞ մոտեցումով են ներկայացնում հեղինակներին:

-Դե, յուրաքանչյուրի  համար հեղինակը յուրովի է սիրվում, ազդում: Դրա համար կրկնել ուրիշի մտքերը դասագրքով ամրապնդված,  սխալ է: Ես այ, հենց դրա միտումն ունեմ: Ունենալ ազատ գրականություն: Օրինակ՝ Վարդգես Պետրոսյանը իր ստեղծագործություններից մեկում այսպիսի միտք է ասում. «Մենք երեխաներին տանում ենք  ծով կոչվող գրականության ափին կանգնեցնում ենք, ցույց ենք տալիս այդ ծովի անեզր լինելը, խորությունը, ասում ենք՝ նայեք, հիացեք, ուրախացեք, ոչինչ, մտեք, բայց միայն մակերեսով: Այսինքն, ծանծաղ տեղերում մնացեք, հանկարծ խորը չգնաք, չխեղդվեք»: Մենք գրականությանը հենց այդպես էլ վերաբերվում ենք՝ նշել մի քանի անուն, նշել մի քանի ստեղծագործություն, նշել տարեթիվ և այլն: Բայց գրականությունը զգալ և գրականությամբ ապրել մենք չենք սովորեցնում, որովհետև մեզ տրված է ծրագիր: Ես կուզենայի, որ իմ աշակերտները իմանան խորությամբ մեկ ստեղծագործություն, քան բազում վերնագրեր, որոնք իրենց ոչինչ չեն տալիս, և հենց այդ խորությամբ թող իմանան այդ հեղինակին, որ հետաքրքրություն առաջանա տվյալ հեղինակի մնացած ստեղծագործությունների հանդեպ: Օրինակ՝ ինչպե՞ս ենք մենք անցնում Վահան Տերյան. մի քանի ստեղծագործություն ծրագրով նախատեսված և ժողովածուների վերնագրեր, վերնագրեր, վերնագրեր: Ինչի՞ն է պետք այդքան վերնագրեր, ո՞ւմ է պետք այդքան վերնագիրը: Քանի՞ բանաստեղծություն կա այդ ժողովածուի մեջ, դա նույնիսկ ես չեմ հիշում: Այդպես գրականություն մատուցելը անհեթեթություն է: Դրա համար էլ երեխաները չեն հետաքրքրվում գրականությամբ, չեն սիրում:

-Ի՞նչ ստեղծագործություններ են անցնում,որ Ձեր կարծիքով, կարելի էր և չանցնել, բայց պարտադիր է:

-Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ չպետք է անցնեն, որովհետև ամեն հեղինակ իր ուրույն տեղն ունի գրականության մեջ, և եթե դու ուզում ես լիապես պատկերացնել գրականության բազմադարյա պատմությունը, պիտի հեղինակներին ծանոթ լինես: Այլ բան է, որ դու այդ հեղինակին ընկալում ես այս կամ այն չափով: Ես չեմ ասում, որ  այս հեղինակը չպիտի ուսումնասիրվեր, այս մեկը պիտի ուսումնասիրվեր: Ես կկրկնեմ, որ թող տրվի գրականության ցանկ, և մենք ինքնուրույնաբար ուսումնասիրենք այդ հեղինակին և ստեղծագործությունը: Ես շատ կցանկանայի երեխաները ճանաչեին այդ հեղինակի անձնական կյանքի այնպիսի կողմեր, որոնք ավելի մտերիմ կդարձնեին իրենց և հեղինակի կապը: Օրինակ՝ ինձ թվում է, որ ավագ դպրոցի երեխաներին ավելի շատ հետաքրքրում  է հեղինակի անձնականը՝ ինչ պայմաններում է ապրել, քանի երեխա է ունեցել, ով է եղել նրա կինը: Այդպիսի նուրբ պահերին մենք քիչ ենք ուշադրություն դարձնում, մտածելով, որ դա մութ անկյուն է՝ հանկարծ հեղինակը ամբողջությամբ չբացվի և նրա կյանքի բացասական կողմերը երեխաները չտեսնեն և այլ կերպ չընկալեն: Եթե մոտեցումը ճիշտ է լինում, եթե դու բացատրում ես, որ նա էլ մարդ է, ունի իր թերությունները կամ միգուցե այդ  անձնական ապրումները պետք էին, որ ունենար ստեղծագործական միտումներ: Բնականաբար նրանք ճիշտ կընկալեն: Ամեն մեծ ունի իր կյանքը, և այդ մեծի կյանքից դու կարող ես քեզ համար դասեր քաղել:

-Եթե ձեզ տային ազատություն և իրավունք՝ առանց ծրագրի դաս  անցկացնել, ինչպե՞ս կանցկացնեիք:

- Թող լինի գրականության ցանկ, և այդ ցանկում ներառված լինեն հեղինակներ և ստեղծագործություններ, մենք կարդանք, ինքնուրույնաբար մշակենք, վերլուծենք: Թող լինի սխալ կարծիք, բայց այդ սխալ կարծիքը լինի այդ մարդու կարծիքը: Ժամանակի հետ կարող է փոխվել այդ կարծիքը, բայց թող այդ տարիքում նա  հստակ իմանա, որ դա իր կարծիքն է: Ինչքան էլ մեծ լինի հեղինակը, ինչքան էլ հեղինակություն լինի՝ ես չեմ ցանկանա կրկնել նրա մտքերը: Ինչո՞ւ կրկնեմ, եթե ես ունեմ իմ կարծիքը: Կամ էլ թող ծրագիր լինի, և մոտեցումը լինի ստեղծագործական:

Գրականությունը այն է,  ինչն ինքնուրույնաբար պիտի պեղվի, ինքնուրույնաբար  ստեղծվի ամեն մարդու համար:

-Ինչպե՞ս եք վերաբերվում վերլուծական շարադրություններ գրելուն:

-Վերլուծական շարադրությունը լավ բան է: Շարադրության բովանդակությունն էլ բխում է աշակերտի ընկալունակությունից: Ինչ չափով է նա այդ նյութը ընկալում, որ կարողանա շարադրություն գրել: Պիտի այդ նյութը բազմակողմանիորեն վերլուծած լինես, ըմբռնած, ուսումնասիրած լինես, որ կարողանաս դատողություններ անել այդ ստեղծագործության շուրջ: Վերլուծական շարադրությունը դա զուտ ինքնուրույն ստեղծագործական  աշխատանք է: Դա  քո մտքերն են, քո  խոհերն են, քո ապրումներն են, քո դիտողություններն են: Պետք է ամեն ինչ լինի քոնը, այլապես  կդառնա ուրիշի խոսքի կրկնությունը, որն անիմաստ կլինի ինձ թվում է:

-Ինչո՞ւ  չենք անցնում ժամանակակից գրականություն, եթե ասում եք, որ պետք է:

-Ճիշտն  ասած, ձեզ տրված է մի բաժին 12-րդ դասարանում: Բայց, քանի որ այդ բաժինը հիմնականում ուսումնասիրում են կիսամյակի վերջում, երբ մենք կիսամյակ ենք փակում, կիսամյակի գրավորներ ենք գրում, թեմատիկ և այլն, շատ քիչ ժամանակ է մնում:

Օրինակ՝ այսօր մեր դպրոցի գրադարանը համալրվեց Լևոն Խեչոյանի  «Փուշը, հայր փուշը» գրքով «Լևոն Խեչոյան»  հիմնադրամի կողմից: Ես շատ ուրախ եմ սրա համար, որովհետև եթե ուզում ենք գրականությունը  առաջ տանել, մենք պետք է մեր ժամանակակից հեղինակներին ճանաչենք:

- Առանց կարդալու ինչպե՞ս իմանալ՝ գիրքն արժեքավոր է թե ոչ: 

-Եթե դու ծանոթ չլինես այդ հեղինակին, նրա կյանքին, դու առանց կարդալու չես կարող ասել՝ արժեքավոր է  այն, թե ոչ: Գերմանացի մի փիլիսոփա ասում էր. «Մարդ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է հինգ գիրք կարդա, բայց այդ հինգ գիրքը գտնելու  համար նա առնվազն  հինգ հազար կտոր գիրք պետք է կարդա: Այսինքն, դա նշանակում է՝ ամբողջ կյանքում ես կարդում եմ, որպեսզի գտնեմ այն գրքերը, որոնք ինձ համար են: Ամեն գիրք բացում է իր աշխարհը: Տարիքի հետ էլ  փոխվում են հետաքրքրությունները: Այն, ինչ հետաքրքրում էր պատանի հասակում, հասուն տարիքում կարող է էլ չկարդաս: Դրա համար բաց մի թողեք  հնարավորությունը, որպեսզի չափսոսեք, որ ժամանակին այդ գիրքը  ձեզ կարող էր տալ ամենանվիրական, ամենացանկալի զգացումները, բայց բաց եք թողել: Պարույր Սևակն ասում էր, որ գիրք կարդում են մատիտը ձեռքին: Ամեն գրքից ես դուրս եմ բերում մի հետաքրքիր միտք, ոչինչ որ ամբողջ գիրքն ինձ ոչինչ չասաց, բայց եթե ամբողջ գրքից ես մի նախադասություն դուրս բերեցի, որը ինձ համար է գրված, ես արդեն շահել եմ կյանքում՝ սա  է գրականության դերն ու նշանակությունը:

-Ինչպե՞ս կանցկացնեիք դասերը, որ աշակերտների մեջ սեր  և հետաքրքրություն առաջանա:

-Միայն ընթերցանությամբ: Ուրիշ ոչ մի ձևով գրականություն չես անցնի: Գրականությունը նախատեսված է ընթերցելու համար: Ես կուզեի ունենալ այդ ժամանակը և դասարանում կարդալ, միայն կարդալ: Եվ ես կուզեի, որ ամեն ընթերցանությունից հետո իմ աշակերտն ինձ ասեր, որ այս տողը նա հասկացավ, այս բառը սիրեց, այս տողը հավանեց, իսկվերջում էլ ասի, որ սիրեց հեղինակին:

Արի պարի քոչարի

2018թ. սպասվող տոնակատարություններին ընդառաջ՝ Գրենոբլի «Հայկական մշակույթի տունը» հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ կազմակերպելով համահայկական ֆլեշմոբ «Արի պարի քոչարի»՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 100 և Էրեբունի-Երևանի 2800 ամյակներին:

Նախագծի նպատակն է 2018թ. մայիսի 26-ին աշխարհի տարբեր անկյուններում բնակվող բոլոր հայերով պարել մեր հաղթական քոչարին՝ ի պատիվ մեր բոլոր հաղթանակների և ի նշան մեր միասնականության: Բաց մի թողեք աշխարհին ներկայանալու նման հնարավորությունը:

2018թ. մայիսի 26-ին մասնակցիր համահայկական ֆլեշմոբին, ուր էլ լինես՝ Հայաստանում, թե Հայաստանից դուրս, անկախ սեռից, տարիքից, զբաղմունքից և պարային ունակություններից։ Անցյալում տարած և ապագայում սպասվող մեր բոլոր հաղթանակների պատվին պարում ենք հաղթական քոչարի։ Նախագծի մանրամասներին ծանոթանալու համար միացիր մեր ֆեյսբուքյան էջին, գրիր էլեկտրոնային հասցեին, այցելիր մեր ինտերնետային կայք և … ԱՐԻ ՊԱՐԻ ՔՈՉԱՐԻ։

Նախագծի մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքից:

http://www.aripariqochari.com/

https://www.youtube.com/watch?v=GKi18kYfO_s

https://www.youtube.com/watch?v=kipcCFoqKY0

Բաց գրադարան Վանաձորում

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Գրքասե՞ր ես, սիրում ես անվերջ կարդա՞լ, գրքեր նվիրել ու ի ցույց դնել մարդկանց, որ հենց այդ զարմանահրաշ գրքե՞րն են, որ մարդուն կորով ու ամրություն են տալիս ու մի մեծ միտք…..

Դե ուրեմն, արի Վանաձոր, կամ ինքդ փորձիր անել այն, ինչ արեցին մի շարք երիտասարդներ:

Մի փոքրիկ անկյուն, հենց Վանաձորի սրտում:

Մի փոքրիկ անկյուն, բայց մի մեծ գանձարան զմրուխտյա քաղաքում:

Վանաձորի պետական համալսարանի մի խումբ ուսանողների և «Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» ուսանողական ծրագրային թիմի նախաձեռնությամբ «Արցախ պուրակում» «Բաց գրադարանն» արդեն մեր աչքերի առջև է:

Ընտրման փուլն անցավ հաճելիորեն լարված, որին մասնակցում էին մի խումբ ուսանողներ իրենց ծրագրերով: Արդյունքում ժյուրիի կողմից հավանության արժանացան ընդամենը երկու ծրագիր, որոնք էլ երաշխավորվեցին ֆինանսավորման:

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Լուսանկարը` Դայանա Ամիրխանյանի

Երկու ամիս տևած նախապատրաստական աշխատանքների արդյունքում ապրիլի 19-ին «Բաց գրադարան»-ն արդեն «Արցախ պուրակում» էր: Գրքերի հավաքման գործընթացն ընթացել է նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ: Տարածված հայտարարությունների արդյունքում մի շարք կամավորներ տրամադրել են բազմաթիվ գրքեր:

Ծրագրի ղեկավարը Վանաձորի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Շուշան Ներսիսյանն է:

Գրադարանն ունի օգտվելու կանոնակարգ, որի գլխավոր պայմանը գրադարանը երբեք դատարկ չթողնելն է: Յուրաքանչյուրն այնտեղից կարող է վերցնել կամ փոխանակել ցանկացած գիրք: Գրադարանը հնարավորություն է տալիս ծանոթանալու առկա գրականությանը, ընթերցելու այն մոտակա այգում կամ սրճարանում, վերադարձնելու գրադարանին կամ ցանկության դեպքում անվճար ձեռք բերելու այն՝ սեփական գրքերից որևէ մեկը նվիրելով գրադարանին:

Դե ինչ, գաղափարնեով լեցուն հասարակության մեջ, այլոց մնում է միայն աջակցել, և պահպանել այն, ինչ արդեն ստեղծվել է:

anahit baghshetsyan

Ինչպե՞ս լռեցնել մտքերը

Պառկել եմ քնելու։ Փակում եմ աչքերս։ Փորձերն իզուր են։ Աչքերդ փակելով միտքդ չես կարող լռեցնել։ Մտքերն ավելի վառ ու գունեղ են գիշերը, երբ կարող են փայլել իրենց ողջ գեղեցկությամբ։ Դրանում վերջերս եմ համոզվել։  Իսկ մտքերս պտտվում են երկու մեծ աշխարհների ներսում՝ «քիմիա» և «հանրահաշիվ» անուններով։ Երկու առարկաներից էլ վաղը գրավոր աշխատանք ունեմ։ Գլխումս վազվզում են եռանկյունաչափական հավասարումներն ու օքսիդավերականգման ռեակցիաները։

Հանկարծ, ինձ թվում է, որ շատ բան գիտեմ։ Եվ իրոք, իմացածս քիչ չէ. հավասարումներ, տարածաչափական խնդիրներ, պատմական թվականներ, օտարալեզու բառեր, համակարգչային ծրագրեր։ Ակամա ներսումս մի հարց է ծնվում․ իսկ ինչքա՞ն բան ես չգիտեմ։

Ես չգիտեմ՝ ինչպես սիրել։ Սիրե՜լ․․․ Թվում է ՝ պարզ բան է, բայց ինչքան թաքնված իմաստներ, խոհեր ու պատգամներ կան քողարկված այդ պարզ բառի ստվերում։ Ես չգիտեմ՝ ինչպես սիրել և նվիրվել ամբողջ սրտով։ Միգուցե գիտեմ, ուղղակի տեղյակ չեմ։

Ես չգիտեմ՝ ինչպես լսել։ Օրվա ընթացքում լսում եմ հարյուրավոր հնչյուններ, բայց չեմ լսում դրանց ներսում պարփակված գաղտնիքները։ Ես չգիտեմ՝ ինչպես լսել լռությունը, հա՛, այդքան պարզ ու անպետք լռությունը, որ երբեմն շա՜տ ավելի խոսուն է, քան այն դատարկ ու փուչ բառերը, որ արտաբերում ենք անընդհատ։

Ես չգիտեմ՝ ինչպես չվախենալ։ Չվախենալ այն պարզ բաներից, որոնք շրջապատում են ինձ, որոնք ես տեսնում եմ ամեն օր, որոնք երբևէ չեմ տեսել, որոնց մասին երբևէ չեմ լսել։ Ուղղակի նայել այն ամենին, ինչ շրջապատում է ինձ առանց վախի։ Սպանել ներսումս ծնվող մութ վախը, որ կրում է «Իսկ եթե՞․․․» անունը։

Ես չգիտեմ՝ ինչպես չկառչել հասարակական կարծիքից։ Ինչպես չմտածել այն մասին, թե ինչ կարծիքի են մարդիկ։ Չգիտեմ՝ ինչպես կոտրել այդ նույն մարդկանց կերտած կարծրատիպերն ու նայել դրանց աչքերին։ Ես չգիտեմ՝ ինչպես է պետք հակառակվել հասարակությանն ու դրա կերտած սահմանափակ իրականությանը։ Ինչպես ստիպել մարդկանց ապրել ավելի պարզ, արդար, անվախ ու ինքնամոռաց, ստիպել նրանց դուրս գալ այն քարե ապարանքներից, որոնք նրանք կերտել են՝ ամբոխներից ու աշխարհից առանձնանալու համար։

Ես չգիտեմ՝ ուղղակի ապրել ներկա օրով։ Չմտածել ապագայի մասին ու վայելել այն գունեղ կյանքը, որը իմ շուրջն է։

Ու հանկարծ հասկանում եմ, որ եռանկյունաչափական տերմինները, տարեկան ՀՆԱ-ն, հատած բուրգերը, կրավորական սեռը, գծային ֆունկցիան ու  Ժյուլ Վեռնի կենսագրությունը ինձ երբևէ չեն օգնի, քանի որ ես չգիտեմ շատ ավելի կարևոր ու նշանակալից բաներ։

Գրո՛ղը տանի, ինչքան բան ես չգիտեմ։

Ինչ արած, վաղը հանրահաշվից գրավոր ունեմ․․․

laura sekoyan

Կենացները քաղցրանում են

Բոլորս էլ վերջին շրջանում շատ ենք լսել անկեղծ խոստովանություններ վերջին օրերի կատարվածի մասին։ Այս հետհեղափոխական շրջանում հաճելի է գովեստի խոսքեր լսել երիտասարդների հասցեին։ Կարծում եմ կարիք չկա նորից պատմել այն մասին, թե ինչպես էին գյուղացիները ակտիվ մասնակցում հանրահավաքներին։ Այժմ բոլորի ոգևորությունը ավելի մեծ է, բոլորն իրենց բավարարված են զգում ու սպասում են նոր զարգացումների։

Տեղի ունեցած այս իրադարձություններին մեծահասակները տալիս են տարբեր բացատրություններ ու պարզաբանումներ։ Ինձ համար ամենատպավորիչ պատասխանն ու պարզաբանումը այն էր, որ մեծահասակները մեզ համարում էին ազատության սերունդ ու արգելքներ չհանդուրժող անհատներ։

Վարչապետի ընտրության օրը` երեկոյան, հավաքվել էինք փոքրիկ սեղանի շուրջ և տոնում էինք հաղթանակը։ Կենացներից մեկի ժամանակ տղամարդիկ ծավալվեցին ու մեր սերունդը համեմատեցին իրենց սերնդի հետ։ Ըստ նրանց, եթե իրենք բարձրացնեին իրենց ձայնը ու թելադրեին իրենց ուզածը, միևնույն է, արդյունքի չէին հասնի։ Երբ հարցրեցի, թե ինչու են այդ կարծիքին, պատասխանը ինձ համար մի փոքր անսովոր էր։ Նրանք ասում էին, որ իրենք վախի մեջ են ապրել, պատերազմ ու արյունահեղություն են տեսել, իրենց ծնողները վախով են պահել ու դաստիարակել իրենց։ Եվ անգամ, եթե որևէ մասշտաբային շարժում բարձրացնեին, միևնույն է, հետ էին կանգնելու իրենց ուղուց, որովհետև դա վտանգավոր է, ինչ-որ տեղ սարսափելի է ու վախով լի։

Իհարկե, ներկաներից բոլորը, ովքեր նախորդ սերնդի ներկայացուցիչներ էին, համակարծիք էին։ Պատասխանի մեջ ինձ չբավարարեց պատերազմ տեսած սերնդի տեսակետը, քանի որ մենք տեսել ենք կարճաժամկետ, բայց ահարկու ու աղմկալից Ապրիլյան։ Ինչևէ, տանեցիները մեզ համարեցին ազատության սերունդ և չէին պատկերացնում անգամ, թե սրանից հետո ինչ է լինելու այն իշխանության հետ, որը կփորձի խլել մեր ազատությունը։

Կենացները շարունակվում էին։ Մենք, որպես ազգի զավակներ մեր հասցեին հնչած կենացներ շատ էինք լսել, բայց կենացաճառի մեջ այդքան շնորհակալական խոսքեր առաջին անգամ էր, որ լսում էինք։ Սեղանակիցները այն մտքին էին, որ եթե երիտասարդները չլինեին, այս շարժումը հաջողությամբ չէր պսակվի։ Նրանք բերում էին օրինակներ պատմությունից և փաստում, որ ժամանակին տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները սկսել են երիտասարդները, և այս մեկը ևս բացառություն չէր։ Մեծերը ասում են, որ երիտասարդությունը հասարակության միջուկն է, և առանց նրանց հասարակությունը առողջ ու կատարյալ չի լինի։ Եվ իրոք, նրանք չեն սխալվում։ Գովեստի ու շնորհակալական խոսքերի ազդեցությունը բնականաբար մեծ էր մեզ վրա։ Ոգևորությունը անկառավարելի էր, իսկ սպասելիքները՝ մեծ։ Մեծ են նաև մեր հարազատների, բարեկամների, ուսուցիչների ու համագյուղացիների սպասելիքները, և հուսանք, որ նրանց այդքան խոստովանությունները իզուր չեն, ու մեզ համար արդյունքները իրոք շոշափելի կլինեն:

janna sargsyan lori

Արձագանքում եմ «Գյուղագրություն» հոդվածին

Ճիշտն ասած, նյութը կարդալուց հետո շատ զարմացած, մի քիչ էլ մտահոգված եմ: Անի ջան, իհարկե դու պատմել ես սովորական գյուղի ինչ-որ պատմություն, բայց առանց հետևանքների մասին մտածելու:

Նախ, եթե նյութդ կոնկրետ գյուղի է վերաբերվում, կխնդրեի նշեիր, որովհետև բոլոր գյուղերում չէ ներկայացրածդ վիճակը: 17.am-ի հիմնական ընթերցողները և թղթակիցները գյուղի երեխաներ են,  երեխաներ, որոնք շատ մեծ դժվարությամբ են ինտեգրվում հասարակությանը: Մենք փորձում ենք մեր գրած հոդվածներով երեխաներին ու երիտասարդներին ոգևորել, որ ապրեն ու արարեն իրենց գյուղում ու ինչ դժվարության էլ հանդիպեն, չհիասթափվեն ու միշտ ձգտում ունենան հասնելու իրենց նպատակին:

Եվ հետո, գյուղում ապրող և ինչ-որ բաներից հետ մնացողը ընդհանրապես մեղավոր չէ նույն սրճարանից ու ռեստորանից օգտվելու համար: Ինչպես ասում ես, ամեն քայլափոխիդ սուպերմարկետների փոխարեն բանջարանոցներ են: Իսկ երբ դու քաղաքում նույն սուպերմարկետից բանջարեղեն ես գնում, երբևէ մտածո՞ւմ ես դա ինչ ճանապարհով է հասել քաղաք:

Եվ վերջում, գյուղում ապրելը անհետաքրքիր է նրանց համար, ովքեր գրեթե չեն եղել գյուղում: Եթե ապրողներից հարցնենք, նրանք մեծ հաճույքով ապրում ու արարում են և ամեն օր փորձում ինչ-որ կերպ հետաքրքիր դարձնել իրենց առօրյան:

Նորարարություն և ստեղագործ մտածելակերպ

Աշխատեք ստանալ այն, ինչ սիրում եք, այլապես կսիրեք այն, ինչ ստացել եք…

Ապրիլի 23-ից 24-ը և մայիսի 7-ից 8-ը «Վորլդ Վիժն» Հայաստանի Գյումրու ՏԶԾ-ն Աղվերանում կազմակերպել էր «Նորարարություն և ստեղծագործ մտածելակերպ» թեմայով թրեյնինգ։ Թրեյնինգին մասնակցում էին գյումրեցի երիտասարդներ, ովքեր հետաքրքրված էին նորարարությամբ, ունեին ստեղծագործ մտածելակերպ, կրեատիվ էին, պատրաստ էին կիսվել իրենց գաղափարներով և ցանկանում էին զարգացնել իրենց գիտելիքները։

Թրեյնինգի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց ներկայացնել իրենց համայնքի խնդիրները, ձեռք բերել թիմում աշխատելու հմտություններ, կարողանալ ներկայացնել սեփական գաղափարները՝ կրեատիվ և նորարար։

Թրեյնինգի մասնակիցների շարքում էի նաև ես։

Թրեյնինգը սկսեցինք ծանոթությամբ, բաժանվելով թիմերի՝ անդամները ներկայացրեցին իրենց թիմակիցներին՝ որտեղ է սովորում, ինչ նախասիրություններ ունի և այլն։

Ծանոթությունից հետո սեմինարավարի օգնությամբ գաղափար կազմեցինք նորարարության և ստեղծարարության մասին, հասկացանք դրանց տարբերությունները։ Թիմային աշխատանքի շնորհիվ ներկայացրեցինք մեր պատկերացումները կրեատիվության և նորարարության մասին։

Այս և հաջորդ օրվա ընթացքում ներկայացրեցինք մի շարք կրեատիվ և նորարար գաղափարներ, քննարկեցինք համայնքում առկա խնդիրները և դրանց տվեցինք որոշակի լուծումներ, խորացրեցինք գիտելիքները բիզնեսի վերաբերյալ, սովորեցինք ինչպես կազմել բիզնես ծրագիր, ինչպես ճիշտ ներկայացնել այն և ինչպես աշխատել թիմում։ Իսկ ամենավերջում մեզ հաջորդ թրեյնինգի համար տրվեց առաջադրանք՝ կազմել թիմեր և ներկայացնել բիզնես-ծրագրեր՝ մանրամասն նկարագրությամբ, և որոնցից լավագույն երկուսը հնարավորություն կստանար իրագործվելու «Վորլդ Վիժնի» կողմից։

Վերադառնալով տուն, մենք սկսեցինք մտածել բիզնես-ծրագրերի շուրջ, հետո կազմեցինք թիմեր, և ամեն թիմ սկսեց աշխատել սեփական ծրագրի շուրջ։

Հաջորդ թրեյնինգին ամեն թիմ ներկայացրեց իր բիզնես-ծրագիրը։ Գրեթե բոլորն էլ իրատեսական էին, միայն մնում էր ընտրել լավագույնին, սակայն լավագույն լինելու համար դեռ շատ երկար ճանապարհ պետք է անցենք։

Եվ այս օրերի ընթացքում գիտելիքներից և հմտություններից զատ, մենք ձեռք բերեցինք ամենակարևորը այս կյանքում՝ ընկերներ։

Նրանք չեն հուսահատվում

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

Տարիների ընթացքում մենք մեր կյանքի ուղին դրեցինք ժայռերի մեջ՝ քարքարոտ ճանապարհին: Ամեն նախագահական ընտրության ժամանակ խոստում կար.

-Կվերանորոգենք ճանապարհները: 

Անցնում էին տարիները, անցնում էր մեր մանկությունը փոշոտ ու քարքարոտ գյուղում: Գյուղացիները մտածեցին, նախագծեցին, ջնջեցին, կրկին փորձեցին: «Վորլդ վիժն» կազմակերպությունը աջակցում էր տարածքի մաքրման գործում: Այս տարի նույնպես կատարվեց մաքրման աշխատանք՝ շաբաթօրյակ: Ապրիլի 14-ին գյուղի բնակիչները Դարբաս և Շամբ համայնքի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի, դպրոցի ուսուցչական կազմի և մանկապարտեզի աշխատակազմի գլխավորությամբ սկսեցին աշխատանքը: Մաքրում էին դպրոցը, մանկապարտեզը, ճանապարհը, բակերը: Աշխատանքը ուներ կատարյալ տեսք, և գյուղացի պապիկների խոսքով «աչքածակ» գործ էր: Եկան նոր բարերարներ, ովքեր ձեռք մեկնեցին մեզ և սկսեցին աջակցել՝ այս անգամ շատ սպասված ճանապարհների բարեկարգման գործում:

Հարցազրույց Դարբաս բնակավայրի վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանի հետ։

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

-Ե՞րբ է առաջադրվել նախագիծը: 

-Նախագիծը արդեն 2 տարի է, ինչ ուժի մեջ է։ Չափագրել են, ուսումնասիրել, հարցում արել համաշխարհային բանկից, տեղեկացել են անհրաժեշտության պլանին:

-Ո՞րն է անհրաժեշտության պլանը, մի փոքր կներկայացնեք՝ ինչի՞ն կնպաստի ճանապարհաշինությունը: 

-Գյուղատնտեսական մթերքի արտահանմանը դեպի շուկա, ճանապարհը հեռու է և անպիտան, այդ իսկ պատճառով իրացման գործը գյուղացու համար բարդանում է: Կնպաստի ազատ տեղաշարժվելուն, հիվանդների հոսպիտալացմանը, մեքենաները ժամանակից շուտ անսարք չեն դառնա, տաքսիները կաշխատեն ավելի ցածր գներով՝ խթանելով բյուջեի աճը:

-Ովքե՞ր են գտնված այդ բարի մարդիկ, որ կիրագործեն աշխատանքը: 

-Աշխատանքը իրականացվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարեկարգման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից, պատվիրատուն է տրանսպորտային ծրագրեր իրականացնող կազմակերպությունը (ՊՕԱԿ):

-Քանի՞ կիլոմետր է հատկացված, ըստ նախագծի, վերանորոգման համար: 

-Ըստ նախագծի՝ 13 կմ է, 5.40 մ լայնությամբ։

-Որքա՞ն աշխատուժ կա և արդյո՞ք մասնագետներ են աշխատում: 

-Մոտ 80 մարդ աշխատում է, աշխատողների մեջ կան նաև բնակիչներ։

-Ի՞նչ եք կարծում՝ գյուղացու երազանքը կկատարվի՞, թե՞ կմնա անավարտ: 

-Գյուղացու երազանքը կկատարվի, երբ քայլի և երթևեկի ասֆալտապատ ճանապարհով: Իհարկե, նրանց նպատակը այս տարի կիրագործվի: Իսկ դու հավատո՞ւմ ես:

Լուսանկարը` Անի Ասրյանի

Լուսանկարը` Անի Ասրյանի

-Իհարկե, ես այս կյանքում ամեն ինչի հավատում եմ: 

Գյուղը, հայացքները, սպասող մարդիկ, հույզերը, նպատակները: Բախտավոր է այն մարդը, ով երբեք չի կորցնում հույսը և սպասել գիտի:

Inesa Zohrabyan aragacotn

Արտենի համայնքի հեղափոխական օրերի քրոնիկոնը

Առաջին քայլ

Ամեն ինչ սկսվեց ապրիլի 21 –ին: Բոլորդ էլ տեղյակ եք, որ արդեն երկու շաբաթ էր սկսվել էին խաղաղ ցույցերը, բայց մեր գյուղում առաջին գործնական քայլը կատարվեց վերը նշված օրը:

Շաբաթ էր: Նախորդ օրը պայմանավորվել էինք ցույց անել և փակել Երևան-Գյումրի ավտոճանապարհը: Այդպես էլ եղավ: Ժամը մեկին մենք արդեն գլխավոր մայրուղու վրա էինք, քայլում էինք վանկարկումներով՝ «Մերժիր Սերժին», «Մենք ենք տերը մեր երկրի» և այդ օրերին արդիական մյուս վանկարկումներով: Մինչև մեր գնալը այնտեղ կային մոտ երեք տասնյակ բնակիչներ մեր համայնքից, բայց նրանց նպատակը այլ էր: Նրանք արդեն փակել էին ճանապարհը, հետո բացել էին ոստիկանների միջամտությամբ: Մեր բնակիչներից մեկը ասում էր.

-Բողոքում ենք, որովհետև ջուր չկա, որ ոռոգենք ու բերք ունենանք, եթե կա էլ՝ շատ քիչ են հատկացնում:

Սակայն երբ մեր՝ այլ պահանջ ունեցողների խումբը միացավ, մենք նրանց առաջարկեցինք այս պահին միանալ մեզ, քանի որ իրենց հարցը ավելի բարդ և քննարկելի հարց էր: Ոստիկանները մոտեցան մեր խմբին.

-Ո՞րն է ձեր պահանջը:

-Մեր պահանջը Սերժի հրաժարականն է, և մենք աջակցում ենք Երևանում հավաքված բազմությանը և միանում ենք նրանց,-ասացի ես:

Իրոք, ես մի քանի օր չէի հաշտվում այն մտքի հետ, որ մեր ապագայի համար պայքարում են միայն երևանցիները, իսկ մեր գյո՞ւղը … Ու վերջապես ոտքի ելանք:

Բավականին ցուրտ օր էր: Մենք որոշեցինք կրկին փակել ճանապարհը: Սկսեցինք ճանապարհի եզրից քարեր դնել ճանապարհին և փակեցինք մայրուղին: Նստեցինք այդ քարերի վրա և սկսեցինք վանկարկել, մոտ 2-2.5 ժամ փակվեց ճանապարհը, որի ընթացքում շատերը բանակցում էին.

-Այ երեխաներ, բացեք ճանապարհը, տուրիստ եմ տանում:

-Բացե՛ք, հա, հիվանդանոցից եմ գալիս:

Ու այսպես շատ պատճառաբանություններ : Մի տատիկ ասում էր.

-Ոչինչ, ոչինչ էլ չե՛ք փոխելու, բացե՛ք :

-Տատի ջան, մի ծաղկով գարուն կգա,-ասաց համայնքի բնակիչներից մեկը:

-Է՜հ…

-Տատի ջան, դուք ունեցել եք ընտրության իրավունք: Համոզված եմ, որ 10.000 էլ եք վերցրել, ու «ոչ մի բան չի փոխվելու»-ն ձեր արդարացումն է: Սա մեր քայլն է, մի հանդիմանեք, -ասացի ես:

Դե իհարկե, աշխատում էինք հանգիստ խոսել, բայց նրանք բոլորը հուսահատեցնում էին մեզ ոգևորելու փոխարեն, միայն մատների վրա հաշված ավտոմեքենաների վարորդներ կային, որ ժպտում էին ու ասում.

-Ապրե՛ք:

Ու միացնում էին ազդանշանները: Այդտեղ մեր համայնքի քիչ մասն էր, բայց այնքան սեր և միասնություն կար մեր մեջ, որը ես երբեք չեմ մոռանա:

Մենք բացեցինք ճանապարհը, և այդ օրը «Նիկոլենց» թիմը իմացավ, որ մեր համայնքը իրենց հետ է:

Երկրորդ քայլ

Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ին, մեր հարևան Արագածավան համայնքի մոտ 7 տասնյակ բնակիչներ եկան մեր գյուղ և երաժշտությամբ ու պարերով նշեցինք հաղթանակը:

Մենք արեցինք մեր քայլը ու հասկացանք, որ մի ձեռքն էլ ծափ կտա, եթե կա գաղափարի միասնականություն:

Երրորդ քայլ

Այս ամենը շարունակվեց նաև մայիսի 2-ին: Այս անգամ Արտենիի հիմնական և միջնակարգ դպրոցների, հիվանդանոցի, գյուղապետարանի աշխատակիցների հետ միասին նորից ճանապարհ փակվեց, երգեր, պարեր, և այս անգամ վանկարկում էինք. «ՆԻ-ԿՈ՜Լ ՎԱՐ-ՉԱ-ՊԵՏ»:

Չորրորդ քայլ

Եվ կարծես մեր և բազմահազար մարդկանց վանկարկումները տեղ հասան: Մայիսի 8-ին հաղթեց թավշյա, սպիտակ հեղափոխությունը, և այդ օրը պապիկս ասաց.

-Նիկոլը գեղարվեստական հեղափոխություն արեց ՝սիրուն ու խաղաղ:

Իրոք, չլսված ու չտեսնված քայլը կատարվեց մեր փոքրիկ ու ՄԵԾ երկրում: Մենք ինչ-որ չափով կրթվեցինք, գործնականորեն «շփվեցինք» մեր իրավունքների հետ և զարգացանք որպես Հայաստանի հպարտ քաղաքացիներ: Շատերը հիմա էլ են թերագնահատում, բայց ես հավատում եմ ու սպասում եմ ու գիտեմ, որ ՀԱՅ ԱԶԳԻՆ ԻՐ ՀԱՎԱՏԻ ՉԱՓՈՎ ԿՏՐՎԻ, ԴՈՒԽՈ՛Վ:

seda mkhitaryan

Սիրո և հանդուրժողականության դրվագներ

Ցույցերը նոր-նոր էին սկսվում Վանաձորում։ Չէի մասնակցում։ Էդ օրը որոշել էինք քաղաքում հարցում անել` ընդհանուր մթնոլորտը ճշտելու համար։ Քայլում ենք, հարցնում, մարդիկ հուսահատ պատասխաններ են տալիս։ Մենք էլ ենք հուսահատվում։ Մոտեցա մի տղամարդու։ Հարցնում եմ, արդյո՞ք ցույցերին մասնակցում է, ի՞նչ կարծիք ունի։ Պարզվեց Ռուսաստանից նոր է եկել, ու իր խոսքով ասած, «պալիծիկայով» չի հետաքրքրվում։ Մի քանի օր հետո, էդ մարդուն ամեն օր տեսա ցուցարարների շարքում։ Հուսամ` արդեն հետաքրքրվում է «պալիծիկայով» ու էլ Ռուսաստան չի գնա։

Ընդվզում էինք էլի։ Վանաձորի փողոցներով քայլում էինք` հայտնի լոզունգները վանկարկելով։ Տեսնեմ` մի կին հեռվից ժպտալով ինձ է նայում։ Երբ մոտեցանք իրեն, առաջ եկավ ու գլուխս շոյեց, ասաց` ապրես։ Էլ էդ կնոջը չհանդիպեցի, բայց ինքը ինձ համար հեղափոխության սիմվոլներից դարձավ։

Մերժման երկրորդ փուլում էինք արդեն։ Փակ փողոցում կանգնած խոսում ենք։ Շատ մարդ կա` ծանոթ-անծանոթ։ Մի աղջիկ ուզում էր գրախանութ գնալ, խնդրեց միանամ իրեն։ Ճանապարհին բարձր երգելով գնում ենք։ Հասանք գրախանութ։ Նվեր էր ուզում գնել իր ընկեր Անահիտի համար։ Միասին մի սիրուն գրիչ ընտրեցինք։ Խանութում բարձր խոսում ենք, վաճառողը նկատողություն արեց, թե` խուլ չեմ, մի քիչ կամաց խոսեք։ Մենք էլ ասեցինք, թե բարձր խոսելը սովորություն է դարձել։ Հետ դարձի ճանապարհին էլի երգում էինք։ Էդ աղջկա անունն անգամ չիմացա։

5-6 հոգով ընկած բաց փողոց ենք փնտրում, որ փակենք։ Դժվար էր, բայց գտանք։ Երջանիկ դեմքով նստեցինք մի կտոր բաց փողոցի վրա ու դա էլ փակեցինք։

Ես ու Անուշը փողոցում վազվզում ենք, կռվում` թե ով ավելի սիրուն կադր կստանա։ Անուշը հաղթում է։

Մարզպետարանի դիմաց նստած ենք։ Պահանջում ենք, որ աշխատակազմը մեզ միանա։ Դե, սոված ենք։ Արսինեն պայուսակից մի կոնֆետ գտավ։ Բաժանեցինք երեք մասի ու կերանք։

Հրապարակի պապիկները խնդրում են, որ ինտերնետով տեսնեմ, թե Նիկոլն ինչ նոր հայտարարություն է արել։ Կապերը ծանրաբեռնված են, ինտերնետից օգտվել չի լինում։ Բացատրեցի պապիկներիս, որ չեմ կարող օգտվել։ Ժպտացին։ Հասկացան։

Հեղափոխությունը, լոռեցու ասած, կրեցինք։ Գյուղ ենք գալիս գազելով։ Մեքենայի մեջ թեժ քննարկում է. «Որ Նիկոլին Նարեկացու պես սրբերի շարքն էլ դասեն` ես համաձայն եմ», «Սա պատմության մեջ չլսված բան էր», «Ինչ անըմա ժողովրդին աչոտ ա տալի, լա տենանք մինչև վերջ սհե շարունակվըմ ա՞» …