nelli chibuxchyan yerevan

Իմ 2017-ը

Մի քանի օր ևս, և գրեթե յուրաքանչյուրը մշակելու է մի մեծ պլան նոր 2018 թ.-ին իրագործելու համար: Ես էլ, ինչպես բոլորը, կազմել եմ հստակ գործողությունների ցուցակ, որոնք պետք է իրագործեմ գալիք տարում:

Դե այդ ցուցակը կազմում էի ամեն տարի, սակայն դա մնում էր թղթի վրա: Ինքս ինձ համոզում էի, որ դրանք կիրագործեմ մի ուրիշ անգամ:

Մի քանի օր առաջ բացեցի 2017թ-ի համար գրված ցուցակը, և հաճելիորեն զարմացա, որովհետև գրեթե բոլոր մտահղացումներս իրականացված էին: Դե պարզ է, որ ինձ զգացի բավարարված, բայց այս ամենը ինձ մտածելու տեղիք տվեց:

Չէ որ այս տարի ես ոչ մի յուրահատուկ ապրելակերպ չեմ վարել: Գուցե այս փոքրիկ հաջողությունը կապված է տարիքի՞ս հետ: Ո՜չ, միանշանակ հաջողություններս պետք է կապել միջավայրիս փոփոխության հետ:

Այս տարի ես սկսեցի զբաղվել կամավորական աշխատանքներով, ավելի ակտիվ գործունեություն վարեցի տարբեր միջոցառումների կազմակերպման հարցում, և դե իհարկե, փոքրիկ քայլեր կատարեցի լրագողուղական ասպարեզում : Այս երեք` ձեզ համար գուցե աննշան և փոքր, սակայն ինձ համար մեծ և կարևոր քայլերը, լիովին փոխեցին իմ կյանքը:

Առաջինը՝ ես ձեռք բերեցի բազմաթիվ ընկերներ, որոնցից շատերը, չնայած իրենց երիտասարդ տարիքին, հասել են շատ մեծ հաջողությունների, և վստահաբար կարող եմ ասել, որ նրանք են հանդիսացել իմ մոտիվացիան տարբեր մտահղացումներ իրականացնելու համար:

Հաջորդը փորձն է, և ինքդ քեզ տարբեր ասպարեզներում բացահայտելը :

Դե վերջին կետն էլ, թերևս ամենահաճելին է` կատարածդ աշխատանքի արդյունքը:

Գուցե իմ պատմությունը օգնի ձեզ ավելի արդյունավետ դարձնել տարին: Փնտրեք ձեր ուժերին հավատող անձանց, շփվեք հաջողակ մարդկանց հետ և ձգտեք հասնել ավելիին:

hovik vanyan dsex

47 համարի միջի հայերը

-Ինչ լավ ա, դիմացը տեղ կա,- մտածեցի ես ու նստեցի 47 համարի տրանսպորտը: Դե, եթե հետևը նստեի, հաստատ մինչև տուն հասնեի, «սաղ չէի մնա»:

Անձրև էր գալիս, պատուհանը քրտնել էր, ես էլ պատկերներ էի նկարում ու  մտածում, որ եթե ձյուն չգա, Նոր տարին հավես չի անցի: Հետո ուշադրությունս գրավեցին ամենուր կախված խաչերը,  որոնց թիվը, եթե չեմ սխալվում, 14-ն էր: Սկսեցի հետևել վարորդի շարժումներին, նրա ջղային դեմքն էլ էր նույն արտահայտությամբ, ժպտացողն էլ:

Մի քիչ հետո լսեցի,  որ երկու կին ծիծաղում էին մյուս կնոջ վրա, ով մտածում էին, թե նստել է իր երեխայի վրա: Երրորդ կինը հասկացավ,  թե ինչու են ծիծաղում մյուսները, ասաց, որ ինքը այդքան հիմար չի, որ երեխայի վրա նստի: Հա, վերջում էլ հավելեց,  որ ինչքան տափակ կարող են լինել մարդիկ: Էսքանը` ուղղակի:

Հետո սկսվեց մի խոսակցություն, որը չէի էլ կարող պատկերացնել, թե մինչև ուր կհասնի: Ա մարդն ասաց վարորդին, որ 47 համարը էդքան շատ ա, ինչո՞ւ չի հաճախ աշխատում, վերջինս էլ ասաց, որ դա իր խնդիրը չի: Բ մարդը կողքից խառնվեց խոսակցությանը, ասելով, որ էնքան շատ մարդ է լինում էս տրանսպորտի մեջ, որ եթե չբռնվեն էլ, հաստատ չեն ընկնի: Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ դիմացը նստած, քթիս տակ ժպտում էի, որ նման թագավորական տեղ եմ նստել: Լավ, ինչևէ, հետո, չեմ էլ հիշում, թե ոնց խոսակցությունը հասավ թանկացումներին, ճիշտն ասած, առաջին անգամ էի տեսնում, որ վարորդն ու ուղևորները նման զրույցի բռնվեն:

-Հենա, հունվարից էլ 5000-ով կկրճատեն ուսուցիչների աշխատավարձը:

-Տո մենակ ուսուցիչներինը չի, ոստիկաններինն էլ ա:

-Դրանք հեչ, է: Տեսնո՞ւմ եք՝ ոնց են ամեն ինչ թանկացնում, իբր էս տրանսպորտի փողը չթանկացրին: Էդ կարագի,  մսի, ամեն ընչի տեղն էլ հանում են:

-Մորքուր ջան, խի դու կարագ չե՞ս առնում երեխեքիդ համար:

-Չէ, որ չեմ կարում, ո՞նց առնեմ:

Սրանք մի քանի պատառիկներ են իմ լսած խոսակցությունից: Ճիշտն ասած, երկար տևեց այն, բայց չեմ ուզում շարունակել: Ուղղակի հասկացա, թե ինչքան դժվար է ապրել նման պայմաններում:

Հ.Գ. Սիրելի Ձմեռ պապ, խնդրում եմ, այս տարի այնպես արա, որ ամեն մարդ երջանիկ ու բարեկեցիկ ապրի…

Նամակներ Ձմեռ պապիկին

Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղի ուսուցչուհի Լուսինե Հակոբյանն է մեզ գրել: Նա մեզ է ուղարկել Գողթանիկի հիմնական դպրոցի 8-10 տարեկան աշակերտների նամակները Ձմեռ պապիկին: Հուսանք, Ձմեռ պապիկը կարդում է, և առաջին նվերը ուսուցչուհուն է բերելու, որ այսպես սիրով իր աշակերտների նամակները տեղ հասցրեց:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Բարև՛, սիրելի Ձմեռ պապ: Ես Վոլոդյա Սիմոնյանն եմ և սովորում եմ Գողթանիկի հիմնական դպրոցում: Ես ցանկանում եմ Ձեզ խնդրել, որ այս տարի ինձ արթուն պահեք, որպեսզի ես Ձեզ վերջապես տեսնեմ:

Ձեզ սպասող՝
Վոլոդյա Սիմոնյան, 8 տարեկան

***

Բարև, սիրելի Ձմեռ պապ: Ձեզ գրում է Աստղիկ Հովսեփյանը: Ես արդեն 9-ը տարեկան եմ, բայց ոչ մի անգամ չեմ տեսել Ձյունանուշին: Շա՜տ եմ խնդրում, որ այս տարի Ձյունանուշի հետ մեր տուն գաք: Հակառակ դեպքում ես մի թակարդ կպատրաստեմ ձեզ բռնելու համար: Այդ ժամանակ Ձյունանուշը կգա ձեզ փրկելու, և ես նրան կտեսնեմ:

Ձեզ անհամբեր սպասող՝
Աստղիկ Հովսեփյան, 9 տարեկան

***

Բարև՛, Ձմեռ պապ: Ես Վահանն եմ: Ձմեռ պապ, ես շատ եմ տխրել և վիրավորված եմ Ձեզնից, որովհետև ես ընկերներ ունեմ, ում Դուք նվերներ չեք բերում: Խնդրում եմ, Ձմեռ պապ, որ այս տարի բոլորիս նվերներ բերեք:

Սիրով՝
Վահան Օհանյան, 8 տարեկան

***

Բարև, իմ շատ սիրելի Ձմեռ պապ: Ես Ձեզ շատ եմ սիրում և սպասում եմ, որ գաք և ուրախացնեք բոլոր երեխաներին: Եվ ուզում եմ Ձեզ խնդրել ինձ օգնեք, որ ես դառնամ նկարիչ: Շատ եմ ուզում հասնել իմ նպատակին:

Քո սիրելի Սիլվա

Սիլվա Իսկանդարյան, 10 տարեկան

***

Բարև՛, իմ շատ սիրելի Ձմեռ պապ: Ես շատ ուրախ եմ, որ Դուք կաք: Ես միշտ սպասում եմ, թե երբ կլսվի Նոր տարվա հրավառությունը, և ներս կմտնեք Դուք ու կուրախացնեք մեզ:

Ձեր Արուսիկ Իսկանդարյան, 9 տարեկան

***

Բարև՛, իմ սիրելի Ձմեռ պապիկ: Ձեզ է գրում Մերին: Ես միշտ մտածել եմ՝ Դուք իրականում գոյություն ունե՞ք, թե՞ ոչ: Եվ որոշել եմ այդ ստուգել:

Ես մայրիկիս խնդրել եմ, որ Ձեզ նամակ գրի, և այդ մասին ոչ ոքի չեմ ասել: Եթե Դուք պատասխանեք նաև մայրիկիս նամակին, ես կշարունակեմ հավատալ Ձեզ: Անհամբեր կսպասեմ Ձեր պատասխանին:

Ձեր Մերի Թումանյան, 8 տարեկան

***

Սիրելի Ձմեռ պապ, քանի որ մինչ Նոր տարի դեռ հաստատ ազատ ժամանակ ունես, շատ ենք խնդրում, ընթերցիր նաև Մերիի գրած առակը:

Գայլը

Գործը վաղվան որ մնաց, իմացիր՝ կորավ գնաց: Այս ասացվածքը հիշելով գայլը որոշում է գործ գտնել և աշխատել:

Նա շատ է քայլում թե քիչ, հանկարծ հանդիպում է աղվեսին:

-Բարև՛, խորամա՛նկ աղվես:

-Բարև՛:

-Խնդրում եմ, ինձ օգնի՛ր գործ գտնել, թե չէ ստիպված եմ գողություն անել և արժանանալ մարդկանց հալածանքին, – ասաց գայլը:

-Դժվար է, նույնիսկ ես գործ չունեմ, ուր մնաց քեզ օգնեմ, – ասաց աղվեսը և հեռացավ:

Գայլը մտածեց արջին դիմի, բայց հիշեց, որ արջը երկարատև քուն է մտել:

Գայլը մտամոլոր շարունակում է իր ճանապարհը, երբ սկյուռիկը ձայն է տալիս.

-Ի՞նչ է պատահել գա՛յլ, ինչո՞ւ ես տխուր:

-Գործ եմ փնտրում, բայց չեմ գտնում: Դու կարո՞ղ ես ինձ օգնել:

-Իհարկե, կօգնեմ: Վաղը առավոտյան կգաս, և ես քեզ կասեմ, թե ի՛նչ պետք է անես:

Առավոտյան եկավ գայլը և հարցրեց.

-Ի՞նչ պետք է անեմ, սկյուռիկ, ես երեկվանից սոված եմ:

- Դու պետք է գնաս անտառի խորքը, այնտեղ մի ծերուկ է ապրում: Նրա համար փայտ կկոտրես, իսկ նա քեզ կկերակրի:

-Շատ լավ է,- ուրախացավ գայլը և ճանապարհ ընկավ:

-Ճանապարհին գայլը հանդիպեց մի նապաստակի և վազեց նրա հետևից ասելով՝ «Գործը գայլ չի, անտառ չի փախչի»…

Մերի Թումանյան, 8 տարեկան

emma miqayelyan kotayk

Մեր հետքերը

Հետաքրքիր է, չէ՞, մարդիկ քայլելիս ի՞նչ են մտածում, ի՞նչ են երազում: Օրինակ՝ ես քայլում եմ որոշում կայացնելու համար, մի քիչ էլ երազում եմ:

Մեկ, երկու, երեք քայլ ես դնում, շրջվում ու տեսնում ես հետքեր: Դա քո անցած ճանապարհն է, որ դրանք չեն վերանա մինչև ձյուն չգա կամ մինչև նորը չգա: Ինչքան հետաքրքիր փաստեր է  հավաքում ձմեռը, այդպես չէ՞: Միգուցե հետքերդ սրտիդ խորքում փայփայած նպատակի իրականանալու առաջին քայլերն են: Երկրորդ դեպքում էլ՝ շրջվելիս (եթե տոնական ես տրամադրված) հիշում ես մանկությունդ՝ ոտքերով խաչեր եմ դնում, գնում եմ, գնում… Գնում եմ տուն՝ դպրոցից: Ճանապարհին երևում է ողջ քաղաքի պատկերը ներսից: Մինչ տուն հասնելն անցնում եմ ամբողջ Հրազդանի Միկրոշրջանով: Ընկերուհիներիս հետ խանութներ մտնելով՝ նվերներ ընտրելով: Մի մասն ընտրում է նվերներ, մյուս մասը՝ հագուստ. «Հագուստի գիժ եմ, մամային էլի ծախսի տակ եմ գցելու», բայց բոլորս միասին մի նախասիրություն ունենք՝ նվերների մեջ «մոլորված» փոքրիկներին նայել: Ամենալավն այն է, որ նրանցից շատերը դեռ հավատում են Ձմեռ պապիկին: Անմեղ  ու զարմացած հայացքով նայում են չորս կողմը, ամբողջ խանութը Ձմեռ պապիկների տուն է դարձել: Ո՞ր մեկն է իրեն նվեր բերելու, ո՞ւմ է տալու նամակը, կամ մուլտֆիլմերից՝ «նրանք Սանտայի Էլֆերն են»: Մանկական ճիչն արհամարհող մի տղա  ասում է.

-Մա՛մ, մի բան խնդրեմ:

-Ասա, բալե՛ս, ի՞նչ ես ուզում:

-Սրանից ինձ կառնե՞ս:

-Արի՛ գնանք տուն, Ձմեռ պապիկին նամակ  գրենք, թող սրանից բերի քեզ:

-Հա, մա՛մ, բա նրանցից ո՞վ է իսկականը:

-Նրանք Ձմեռ պապիկը չեն, այլ նրա օգնականները, իրենց կտանք նամակը:

Հեռացան: Հաջորդ օրը կրկին հանդիպեցի իմ ծանոթ անծանոթներին, այս անգամ մայրիկը միայնակ էր: Գնել էր այն մեքենան, որ տղան էր ուզել: Լավ է, չէ՞, երբ ծնողները չեն ուզում, որ դեռ տասը տարին չլրացած երեխան դադարի հավատալ Ձմեռ պապիկին: Ես  կարծում եմ, որ եթե Պապիկը չլիներ, մենք չէինք խոսի ու պատմի հեքիաթներ նրա մասին:

Ձմեռ պապիկը միայն նվերներ չի բերում, այլ նաև կատարում է երազանքներ: Երազանքները Հյուսիսափայլի նման փայլուն ու գեղեցիկ չեն, և դրանք չեն նվիրում: Եթե հավատում ես, արդեն կատարվելու ճանապարհին են:

Ես Ձմեռ պապիկից նվերներ չեմ ուզում: Ես մի խնդրանք ունեմ, եթե մեր երկնքում աղավնիներ թևածեն, թող լինեն միայն խաղաղություն ավետող, և այդ խաղաղությունը թող սկսվի մեզնից և մեզանով հասնի աշխարհի չորս կողմերը:

Խաղաղություն և արդարություն քեզ, իմ պայքարող հայրենիք՝ Հայաստան: Եվ թող որ մանուկները ապրեն հավատալով, որ նվիրական երազանքները մի օր իրականանում են, և հրաշքները դրա ապացույցն են:

«Վանիլային» հյուսվածքային ճարտարագիտության դասընթաց

Սեպտեմբեր ամիսն էր: Դպրոցից նոր էի տուն վերադարձել, բայց չգիտեմ, թե ինչու, այդ օրը տրամադրություն չունեի:
-Անու՛շ, նոր նամակ ունես, ինձ թվում է՝ այն ծրագրից է, որին վերջերս ես դիմել. չե՞ս ուզում տեսնել, թե ինչ է:
-Չէ, մա՛մ, մեկ է՝ ընտրված չեմ լինելու. ո՞վ կընտրի ինձ պես անփորձ դպրոցականին:

Հետո, երբ «այծիկներս հեռացան», (ինչպես մայրս է ինձ կատակով բնութագրում), որոշեցի ստուգել, թե ինչ է գրված: Նամակի առաջին տողը կարդալիս աչքերս փայլեցին, իհարկե, այնպես պայծառ չէ, ինչպես արևը: Բայց  այ, արևի պես պայծառ փայլեցին այն ժամանակ, երբ իմացա, որ ընկերներիցս մեկը նույնպես ընտրվել է, և միասին ենք մասնակցելու Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացին:

Այժմ՝ որքա՜ն ուրախ եմ, որ ստացա այդ նամակը: Եվ  որքա՜ն տխուր, որ կյանքում ամեն բան ունի նաև ավարտ:

Պատճառն այն է, որ մի քանի օր առաջ Հյուսվածքային ճարտարագիտության դասընթացն ավարտվեց, որը տեղի էր ունենում Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Դասընթացի ղեկավարը ԱՄՆ-ի Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանն էր՝ լավագույն հայ գիտնականներից մեկը, ով ոչինչ չէր խնայում իր գիտելիքները մեզ փոխանցելու համար, ոգեշնչում էր, իր խորհուրդներով մեզ օգնում ու քաջալերում:

Դասընթացի տևողությունը 4 ամիս էր. ամիսներ, որոնք լի էին նորանոր բացահայտումներով, գիտական փորձերով ու տիեզերքի պես անսահման գիտելիքներով: Մասնակիցներս 12-ն էինք՝ բաժանված 4 թիմերի:Ես ելակի պես կարմիր թիմից էի, որը կազմված էր 3 աղջիկներից՝ աղջիկների աստղային եռանկյուն:

Մասնակիցները տարբեր տարիքի անչափ խելացի ու պայծառ մարդիկ էին, որոնք իրենց փորձը և գիտելիքները պատրաստ էին կիսել միմյանց հետ, օգնել և աջակցել իրար: Ես ամենափոքր մասնակիցն էի, սակայն ոչ մի վայրկյան  ինձ միայնակ չզգացի, որովհետև իմ կողքին կային այնպիսի՜ բարի մարդիկ, որոնք հանդիպում են հեքիաթներում: Անկեղծ ասած, երբ առաջին օրը ուշացած ներս մտա, առաջին վայրկյանից սկսեցի մտածել, որ նրանք ինձանից ավելի մեծ են, խելացի ու բանիմաց, ինչպե՞ս եմ հարմարվելու: Բայց հետո նրանք ժպտացին ինձ իրենց բարի ժպիտներով, աստղերի պես փայլուն աչքերով: Այժմ սա գրելիս հիշում եմ նրանցից յուրաքանչյուրին, հիշում նրանց հետ յուրաքանչյուր օրը և հասկանում, որ հասցրել եմ շատ սիրել նրանց: Այս 4 ամիսների ընթացքում որքա՜ն նոր բաներ սովորեցի, ինչպիսի՜ լավ ընկերներ ձեռք բերեցի, նաև հասկացա, որ ապագայում ուզում եմ գիտությամբ զբաղվել:

Շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին  այս ծիածանի պես գունեղ, արևի պես ջերմ, մանդարինի և վանիլի անուշ բույրերով պարուրված ամիսների համար:

«Ով կարողանում է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը»: Այս ասույթը եկավ միտքս, մտածում եմ՝ տեսնես՝ քանի՞ տարով երկարեց կյանքս այս մի քանի ամիսների ընթացքում:

Seroj araqelyan

Իմ 2017-ը

Գիտեմ, որ նյութերս հաճույքով ես կարդում: Դրա համար էլ գրել եմ ու շարունակում եմ գրել: Այս անգամ չեմ գրելու պատմություն, կամ դեպք, կամ չգիտեմ մի փոքր նյութ՝ գրելու եմ մի ամբողջ տարվա մասին: Եթե չես կարդալու մինչև վերջ, ապա հենց հիմա էլ կարող ես փակել և շարունակել քո գործը: Դե, քանի որ տարին ամբողջությամբ պատմելու եմ, բնականաբար սկսեմ այս հունվարից:

Ամանոր է: Հրավառություն: Ձմեռ պապ տեսած փոքրերի ճիչեր, նվերների բաժանում և էլի հրավառություն: Ահա և եկավ կեսգիշերը: Մինչ ես մի կերպ փոքր եղբորս համոզում էի, որ հյուրասենյակը լքի՝ այդ ժամանակ մայրիկս նախապատրաստում էր ննջասենյակներից մեկի պահարանից հանել նվերը և գաղտնի դնել տոնածառի տակ, որպեսզի եղբայրս գա և ժպտա. «Վայ, Ձմեռ պապիկը ինձ նվեր ա բերել»: Քիչ անց եղբայրս ասաց սա և արագ վազեց նվերների մոտ:

Գիշերը անցավ: Հունվարի 1-ի առավոտն է: Արթնանում եմ սեղանին շարվող ափսեների ձայներից: Վայ, ճիշտ ա՝ մտել ենք 2017: Էսօր գոնե շուտ արթնանամ: Այդ օրը առանձնահատուկ է նաև նրանով, որ ընտանիքի անդամներին համբուրելով ես բարևում:

Առավոտյան ընթրիքից հետո սկսեց օրվա գրաֆիկի կազմումը: Դուրս ես գալիս, մարդ չկա, բոլորը տանն են: Գալիս ես տուն, էլի նույնը: Սպասում ես մեկը պիտի գա, էն էլ եկող չկա: Դու մի ասա՝ էդ եկողն էլ մեզ է սպասում, որ գնանք, բայց ոչ մեկը տեղից չի շարժվում: Ստանում ես զանգ, որ երեկոյան ուզում են գան հարազատներդ: Դե, մինչ գա երեկոն, ես կամ կզբաղվեմ համացանցով, կամ արդեն անբաժան դարձած հեռուստաալիքներից կնայեմ Ամանորյա հիթ դարձած Հարրի Փոթերի ֆիլմըեր, որը ինձ միշտ մանկությունս է հիշեցնում: Կամ էլ, ինչպես բոլոր Նոր տարին տոնողները, կենտրոնացած մոտենում եմ սեղանին այնպես, որ կողքից նայողները մտածում են՝ էսա ամբողջությամբ կոչնչացնի: Բայց ինչպես բոլորը, նայում եմ սեղանին, ամեն ինչից հրաժարվում և վերցնում ընդամենը մեկ հատ չամիչ և էլի նստում բազմոցին, շարունակում կամ երգ լսել կամ կինո դիտել:

Ահա և եկավ երեկոն ու հարազատները: Հետո եկավ մյուս երեկոն: Մենք գնացինք հարազատներին հյուր: Եվ այսպես մի քանի օր, և շարունակվեց էլի նույն առօրյան: Նույն հոգսերով մարդիկ, նույն դեմքերով… Սկսեցի սպասել համալսարանական ընդունելության քննություններին: Կենտրոնացա պարապմունքների վրա: Եթե նկարչությունը ու սպորտը հավասար էին, ապա սպորտը մղվեց երկրորդ պլան: Չէ որ ես սպորտով չեմ ճարտարապետական ընդունվելու:

Եկավ հայտ լրացնելու օրը, տեսա ընդունելության քննությունների օրինակները: Հույսերս մարեցին, թե կընդունվեմ: Արդեն սովորական էր դարձել գիշերվա 04:00-ին քնելը: Չէ որ ես լուրջ տեղ եմ ընդունվելու, պիտի պայքարեմ: Արդեն Գծանկարին ու Կոմպոզիցիային տիրապետում էի: Բայց գծագրությունից միայն գծագրություն բառը գիտեի: Իմացա համալսարանի կողմից անցկացվող դասընթացների մասին: Ընտրեցի գծագրությունը և մեկ շաբաթ կաշվիցս դուրս գալով աշխատեցի: Աշխատեցի անգամ օրը 24 ժամ: Անգամ դասընթացի գնալուց մետրոյի մեջ էի ասում՝ սա լծորդելու համար պետք է սա, իսկ սա ստանալու համար անհրաժեշտ է թեքել այսքան աստիճան: Գումարած հեռախոսիս մեջ ներբեռնված գծագրական ծրագրերը: Ընդամենը մեկ շաբաթ: Ես անտեղյակ մտա համալսարան և մեկ շաբաթ հետո դուրս եկա բավարար գիտելիքներով, որպեսզի ընդունվեմ: Բայց որպես խորհուրդ միայն համալսարանում չպիտի խորանալ: Ես ընդունվեցի՝ ընդունվեցի իմ ուժերով: Ասե՞մ՝ ինչը ինձ օգնեց՝ լավատեսությունը: Ես գիտեի, որ դժվար է լինելու, բայց ժպտալով մտա քննասենյակ, որ չասեն՝ ոչինչ չգիտի: Ես չէի հասկանում իմ դիմաց դրված խճճված բանաձևերը: Մատներիս արանքում դրված մատիտը արդեն ամուր սեղմելուց կոտրվում էր, բայց ես էլի ասում էի, որ չպետք է հանձնվել: Լավ է նման մի բան հորինել, քան թե դատարկ թուղթ հանձնել և ասել՝ ոչինչ չգիտեմ: Եվ ստացվեց: Անգամ գտել էի ձևը, բայց ժամանակը չհերիքեց: Էլ չասեմ, թե ինչպիսի վիճակ էր, երբ գիշերը թելերով քանոն էի ձգել, որպեսզի պատրաստ լինի: Բայց արի ու տես՝ քննասենյակում պայուսակը բացելուց հետո տեսնում եմ՝ թելերը քանդվել են: Ու չգիտեմ ոնց, բայց արագ հավաքեցի ու անցա քննությանս: Ես ընդունվեցի: Ընդունվեցի և սպասեցի սեպտեմբերին: Իմ նոր կյանքին: Ուսանող Առաքելյան Սերյոժայի, կամ ինչպես բոլորը կասեն՝ Սերոժի նոր կյանքին:

Մինչ Երևան գալս էլի լավ ու վատ պահեր եղան: Ես միանգամից ձեռք բերեցի մեծ թվով ընկերներ: Հուսամ, կարդացել եք «Հաղարծնի շաբաթ» նյութս: Օգոստոսի 7-13-ը իրականացվող կամավորական շաբաթի մասին: Որպես լրագրող-լուսանկարիչ ես հնարավորություն ունեցա շփվել մի շարք հայտնի մարդկանց հետ:

Հենց այստեղ ես ստացա մի վատ լուր. իմացա պապիկիս անբուժելի հիվանդության մասին: Դժվար էր տեսնել օր օրի վատացող նրա վիճակը: Դժվար էր իրեն այդ վիճակում լքել և Երևան գալ: Չգիտեի անգամ, թե ինչ անեմ. մնա՞մ, թե՞ գամ, որովհետև ջանք ու եռանդ չեմ խնայել ընդունվելու համար: Մի կողմից էլ լավ հասկանում էի, որ հետո շատ եմ զղջալու կողքին չլինելու համար:

Եկա Երևան: Արդեն ուսանող եմ: Սեպտեմբերի 1-ն է: Արդեն ես չափահաս եմ: Բնականաբար սեպտեմբերի 1-ին ծնունդս է, դարձա 18 տարեկան: Սեպտեմբերը, կարելի էր ասել, ծանոթության ամիս էր. թե քաղաքի, թե որպես ուսանող ընկերների առումով: Ինչու չէ, նաև իմ անբաժան մասնիկ դարձած «Մանանա» կենտրոնի մյուս անդամների հետ ծանոթանալու առումով: Չնայած քաղաքին շուտ եմ հարմարվել, դե կարդացած կլինեք, որ մանկությունս Մոսկվայում է անցել: Ավելի ճիշտ կլինի ասել Երևան քաղաքի հետ: Ամենօրյա կատարվող առաջադրանքներ: Բարդացող հանձնարարություններ, և ինչու չէ, նաև սպասված ուրբաթ: Թեյի ակումբ: Եթե տեղյակ չեք, ասեմ, որ ամեն ուրբաթ «Մանանա» կենտրոնի սաները հավաքվում են «Մանանա» կենտրոնում և թեյի սեղանի շուրջ ավելի մտերմանում, նոր գաղափարներից խոսում, մրցույթներ ու ինտելեկտուալ խաղեր կազմակերպում և ավելի ամրապնդում ընկերական այդ մեծ կապը: Արդեն կար գրաֆիկ, կար նաև շաբաթ-կիրակի օրերի համար նախատեսված պլաններ: Անցավ որոշ ժամանակ, և լավ չեմ կարող սա չասել, որովհետև խոստացել եմ ամբողջությամբ տարին ամփոփել: Այո, ես սիրահարվեցի: Ես էլ զգացի լավ ու վատ կողմերը: Բայց ավելի շատ վատ: Մեկ շաբաթ հույսով ու հավատով ապրելուց հետո, ես մերժվեցի: Ինձ թվում է, էս հատվածը բավական է, չարժե խորանալ:

Անցավ էլի որոշ ժամանակ: Զանգեցի տուն, բայց լսեցի մի բան, որ իրոք մինչև հիմա չեմ հավատում: Իմացա պապիկիս մահվան մասին: Ճիշտ է, մինչև հիմա չեմ համակերպվում, բայց ոչինչ փոխել չեմ կարող: Պապիկիս մասին նյութ գրեցի: Ես իրեն հավերժացրեցի իր նկարով ու նյութով: Ու ամենատխուր, բայց ինձ համար չփոխարինվող նյութն է դա:

Արդեն կամաց-կամաց հունի մեջ էի ընկնում: Էլի դաս, առօրյա ու ինձ լավ տրամադրություն պարգևող ուրբաթ: Ծանոթացա մի մարդու հետ, ում հետ մեկ տարի է՝ շփվում եմ ֆեյսբուքով: Եկավ օրը, և ես հանդիպեցի իրեն: Այո, ինքը Լիանան է: Քիչ ժամանակ է, որ շփվում ենք, բայց արդեն վաղեմի ընկերոջ տպավորություն է թողել: Լիանան հնարավորություն է տվել շփվել քաղաքական գործիչների հետ: Ներկա գտնվել լուրջ ու կարևոր հարցերի քննարկմանը: Մասնակցել բարեգործական ծրագրերի, ինչի համար ևս մեկ անգամ շնորհակալ եմ:

Կարելի է ասել, վատ հիշողություններից քիչ բան է մնացել: Բայց էն, որ ես տեսնում եմ իմ առջև դրված նպատակները, թե ինչպես եմ առաջ գնալու, արդեն ինձ տալիս է ժպտալու առիթ, որոնցից մեկը իմ 17-ն է: Ինձ անգամ դեմքով ճանաչում են փողոցում, ինչի համար ես դարձյալ «Մանանա» կենտրոնին եմ շնորհակալ՝ մեր Բաղանիսի դպրոց այցելելու և ծրագիրը ներկայացնելու համար, դասընթացների, ճամբարի, իմ առաջին քայլերին որպես թղթակից աջակցելու համար: Հիմա ինձ համար ուղղակի մեծ պատիվ է լինել 17.am-ի լրագրող-լուսանկարիչ: Ինչու չէ, նաև այն գովեստի խոսքերը, թե ինչպես եմ կարողանում հասարակ հեռախոսով նկարել այնպիսի ֆոտոներ, որ ոմանք չեն հավատում, որ հեռախոսով է արված: Այսպես մտածում էի իմ հաստատուն քայլերով առաջընթացի մասին, երբ ստացա մի զանգ.

-Առաքելյան, բարև, վայենկոմատից ա, ներկայացիր ծառայողական հետազոտությունների:

…Ինչպիսի պահի, երբ մտածում էի հետագա պլանների մասին: Դեռ չեմ ավարտել հետազոտությունները, բայց այս հունվարին ես նույնպես կկրեմ այն կոչումը, որի մասին խոսում էի՝ կդառնամ Հայոց բանակի զինվոր:

Համարյա հասա այն հունվարին, որից սկսել էի: Դե, մի անգամ էլ բանակ գնալուց առաջ նյութ կգրեմ: Չնայած չէ, ինչի՞ մի անգամ: Կփորձեմ շատ գրել: Բայց էն, որ գնալուց առաջ գրելու եմ, դա հաստատ:

Ահա և իմ 2017-ը:

hovhannes ghulijanyan

Այս օրերի խոսակցությունները

Շուտով Նոր տարի է: Մարդիկ, դա հիշելով, ունենում են երկու տեսակի արձագանք՝ «Ա՜, էլի Նոր տարի է» և՝ «Ջա՜ն, հեսա Նոր տարի է»։ Ես այս տարի առաջին արձագանքն ունեի, քանի որ հիշեցի Նոր տարվա մասին, երբ խանութից տուն էի վերադառնում, և ձեռքերս սկսեցին ցավել ծանրությունից: Բայց, ընդհանրապես, ես այն տեսակի մարդկանցից եմ, ում համար մեկ է Նոր տարին: Դա մանկուց էլ այդպես էր, քանի որ ես իմ կյանքում երբեք նամակ չեմ գրել Ձմեռ պապիկին։ Ու հիմա ինձ համար Նոր տարվա գլխավոր դրական կողմն այն է, որ շատ լավ հանգստանում ենք, քանի որ մեր դպրոցում աշնանային և գարնանային արձակուրդն էլ է միացված ձմեռայինին։

Իսկ հիմա եկեք թողնենք իմ այդ «մանկական» մեկնաբանությունը Նոր տարվա մասին և փորձենք մի փոքր վերլուծել, թե մեծահասակների տեսանկյունից ինչպես է ընդունվում Նոր տարին։ Դրա համար ինձ կրկին օգնության են գալիս խանութում պատահած խոսակցությունները։

-Տեսնես՝ ո՞վ է հորինել էս ձևականությունը, իբր քիչ էին մեր ծախսերը, հիմա էլ Նոր տարին։

-Դե, ի՞նչ ես բողոքում։ Արժե գոնե տարվա մեջ մի անգամ մեզ լիարժեք ուրախ զգանք և կտրվենք առօրյա հոգսերից։

-Դե հա, բայց ո՞ւմ է պետք էդ ուրախությունը, եթե պիտի դրանից հետո մի երկու ամիս էլ էդ երկու օրվա ուրախության ծախսերը վճարենք…

-Ոնց եմ սիրում էս Նոր տարին։

-Ինչո՞ւ։

-Դե, հազիվ հանդիպում ենք «կորած» բարեկամներով։ Ամբողջ տարին ոչ մի օր չենք հարմարեցնում իրար հյուր գնալ, գոնե Նոր տարուն հիշում ենք իրար։

-Հա, ճիշտ ես։ Ուրիշներին թողնես՝ մենակ բողոքեն…

janna sargsyan lori

Սպասված տոնն ու «Տանը միայնակ»-ը

Եթե գոնե մեկ անգամ դիտել ես «Տանը միայնակ» ֆիլմը, ապա կհասկանաս, թե որ տոնի մասին է խոսքս: Նախքան տոնին անցնելը՝ մի քիչ խոսեմ ֆիլմից: 1990 թվականին էկրան բարձրացած այս ֆիլմը մեծ հաջողություններ գրանցեց ֆիլմարտադրության մեջ: Ֆիլմ, որ կարճ ժամանակում սիրվեց բոլորի կողմից, ֆիլմ, որ ինչքան էլ դիտես, ամեն անգամ նոր հետաքրքրություն կգտնես, ֆիլմ, որում ներկայացվում է փոքրիկ երեխայի միամտությունն ու խորամանկությունը և, վերջապես, ֆիլմ, որ ազդարարում է Նոր տարվա գալը: Նախատոնական օրերին ամենուր կլսես նույն արտահայտությունը: Վաճառողները բողոքում են, որ առևտուր անող չկա, բնակչությունն էլ բողոքում է գումար չունենալուց և թանկացումներից: Մեծահասակներն էլ, արդեն հոգնած այս ամենից, նստում ու պատմում են, թե իրենք առաջներում ինչպես են նշել Ամանորը, իսկ հիմա Ամանորի համն ու հոտը կորել է: Պատմում են, թե ինչպես են ընտանիքի 6-7 զավակները սահնակներով մի խանութից մյուսը վազել, գնումներ կատարել ու լիմոնադների չխկչխկոցով տուն վերադարձել: Չեն մտածել գումարի մասին, որովհետև ամեն ինչ մատչելի է եղել և հասանելի բոլորին: Նոր տարին էլ դիմավորել են հարևան-բարեկամի հետ մի մեծ ընտանիք դարձած: Բողոքում են նաև ամանորյա սեղանից: Պատմում են, որ իրենց ժամանակ ամեն ինչ բնական արտադրանք էր, քիմիական հավելումներով ոչ մի բան չէին գտնի ամանորյա սեղանին: Մի խոսքով՝ բողոքում, բարկանում, բայց բոլորը նշում են Ամանորը: Չէ՞ որ իսկապես սպասված տոն է:

Հ.Գ. Եթե դեռ չես դիտել «Տանը միայնակ» ֆիլմը, ապա արագ փնտրիր և դիտիր:

dayana amirkhanyan

Ձեռք մեկնիր

Ասում են, եթե կյանքում գոնե մեկ անգամ բարեգործություն անես, երբեք անօգնական չես մնա:

Վանաձորը՝ արվեստասերների ու արվեստագետների քաղաքը, իր բարեսիրտ ու պատրաստակամ երիտասարդներով ու գթասիրտ հասարակությամբ միշտ էլ զարմացրել է բոլորին:

Ձեռք մեկնիր…. Ահա և մի ծրագիր, որը կրկին համախմբում է մի շարք երիտասարդների ու տանում դեպի բարեգործության ճանապարհը:

Շնորհիվ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի, Վանաձորի երիտասարդաց միության կամավորների և մի շարք այլ երիտասարդների, Ամանորի շեմին մեկնարկեց «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ Ամանորյա հրաշքներով լի տոնին ժպիտներ պարգևել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Չնայած այն բանին, որ ժպիտի կարիք ունի ցանկացած ոք, սակայն դա ձեռք բերելը դժվար չէ, ընդամենը օգնել մերձավորին և ժպտալ միմյանց:
2011 թվականից մինչ այսօր ծրագիրը շարունակում է օգնել մի շարք ընտանիքների, որոնք ունեն դրա կարիքը: Այն իրականանում է նաև Գիտելիքի օրվա առիթով: Շնորհիվ կամավորների, հասարակության ցանկացած անդամ կարող է իր ուրույն տեղն ունենալ և ներգրավված լինել ծրագրի մեջ: Ցանկացած անձ կարող է որոշակի չափով օգնել և ինչ-որ բան հատկացնել կամ գումար հատկացնել, որը հետագայում հավասարաչափ կբաժանվի ընտանիքներին:

Այնքան հաճելի է տեսնել մարդկանց, ովքեր մեծ ոգևորությամբ օգնում են հանուն մեկ ուրիշի երջանիկ օրվա:

Ահա սա էլ մի փոքր օժանդակություն է, որը կրկին նպաստում է բարության տարածմանը և ևս մեկ անգամ ապացուցում, որ երբեք ոչ ոք անտեսված չէ:

-Հանուն բարեգործության, հանուն մեկի ժպիտի պետք է դիմակայել ցրտին ու դժվարություններին,- ասում է «Ձեռք մեկնիր» ծրագրի կամավորներից, ավելի ճիշտ՝ «դրականներից» մեկը:

Չկորցնել կյանքի գույները

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Վերջերս ռուսաց լեզվի իմ հերթական դասընթացից տուն գալով տեսա, որ ուսուցչուհիս մի նյութ է տարածել սոցցանցում: ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի հրապարակումն էր, որում նա շնորհակալություն էր հայտնում ուսուցչուհուս ամուսնուն` իր կատարած գործի համար: Թե դա ինչ գործ էր, ես փորձեցի ավելի մանրամասն պարզել հարցազրույցի միջոցով:Զրուցակիցս Կարեն Դերմոյանն է, ով մեծ հաճույքով համաձայնել էր ինձ հարցազրույց տալ: 

-Եկեք սկսենք սկզբից: Ո՞վ եք դուք մասնագիտությամբ:

-Մենք էնպիսի ժամանակ ենք ծնվել, որ իմ տարիքի համարյա բոլոր մարդիկ շատ մասնագիտություններ են փոխել: Ես ինքս Գյուղինստիտուտն եմ ավարտել` գինեգործ, պահածոյագործ եմ, բայց իմ ավարտելու տարիներին երկիրը քանդվեց, գործարանները քանդվեցին: Եվ ես անցա ռուսական սահմանապահ զորքերում ծառայության, ինչի մասին միշտ երազել եմ ու սիրել: Այսպես մի քանի տարի ծառայեցի ռուսական սահմանապահ զորքերում, ինչը իմ մեջ արթնացրեց սերը դեպի ռազմական տեխնիկան: Հետագայում, երբ լրացավ պայմանագիրս, չցանկացա շարունակել ծառայությունս:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Շատ աշխատանքներ եմ փոխել, մոռավորապես 6-7 աշխատանք: Եվ 40 տարեկանում ես գտա այն աշխատանքը, որը ինձ ավելի հոգեհարազատ էր: Ես այսօր ռազմագիտության ուսուցիչ եմ: Սա ամենահարմար աշխատանքն էր, որովհետև սա այն տեղն է, որտեղ ես կարող եմ ավելի շատ բան տալ եկող սերնդին: Ասում են, ամեն մարդ իր առաքելությունն ունի այս կյանքում: Ես գտա այն մասնագիտությունը, որով կարող եմ օգտակար լինել թե իմ հայրենիքին, թե մատաղ սերնդին: Ես այսօր կարողանում եմ երեխաներին ավելի շատ գիտելիք տալ, քան դասագրքում է, դրա համար էլ տարեկան 5-6 աշակերտ եմ տալիս ռազմական ակադեմիաներ: Եվ սա զուտ այն պատճառով, որ ես տալիս եմ ավելին, քան դասագրքում է, ինչով արթնացնում եմ երեխայի հետաքրքրությունը դեպի առարկան, դեպի զինվորական ծառայությունը: Ու ես հիմա երջանիկ եմ, որ ունեմ այս աշխատանքը, շնորհակալ եմ ճակատագրին, որ տվեց ինձ այս հնարավորությունը: Եվ եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, ես կցանկանայի աշխատել մինչև թոշակի անցնելը:

-Եթե հնարավորություն ունենայիք նորից ընտրել մասնագիտություն, ապա ինչպիսի՞ն կլիներ ձեր ընտրությունը:

-Միանշանակ բանակային: Եթե երիտասարդ տարիքում իմ բանակային դառնալը չստացվեց, ապա հիմա ես երջանիկ եմ, քանի որ այն, ինչ ես չկարողացա անել, հիմա տղաս է անում. սովորում է Արմենակ Ղամփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի վերջին կուրսում: Ապագա սպա է: Նա էլ ընտրել է այդ մասնագիտությունը, որովհետև մեծացել է զինղեկի տանը և տեսել է իմ աշխատանքը: Ու ես հաստատ գիտեմ, որ Պաշտպանության նախարարությանը տալիս եմ որակով սպա:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

-Գիտեմ, որ հավաքում եք հավաքածուներ: Ի՞նչ հավաքածուներ են դրանք, և ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Արծրուն Հովհաննիսյանը:

-Ես 6-7-րդ դասարանի աշակերտ էի, հայրս քիչ թե շատ սիրում էր այդպիսի բաներ: Մի անգամ մեր հարազատներց մեկը արտասահմանից բերեց մի երկու ինքնաթիռի մոդել: Եվ հայրս, իհարկե ինձ չվստահելով, ինքը սկսեց հավաքել: Բայց հետո փորձեց, մի մոդելը վստահեց ինձ: Իհարկե ես այդ մոդելը լրիվ փչացրեցի: Հետո քիչ-քիչ վարժվեցի: Քեռիս օդաչու էր, քաղաքացիական օդաչու և իր հետ միշտ մի քանի արկղ բերում էր այդ մոդելներից, ու ես կամաց-կամաց սկսեցի հավաքել: Հետո եկավ բանակի տարիքը, համալսարան, հետո ամուսնություն, և բացարձակ չէի զբաղվում այդ գործով: Եվ երբ մի անգամ ընկերներիցս մեկը ինձ բերեց մի ռազմական նավի մակետ`արդեն հավաքած, մեջս արթնացան բոլոր այն հուշերը, որոնք կապված էին իմ այդ զբաղմունքի հետ: Այդ օրվանից սկսած ես սկսեցի նորից հավաքել: Ճգնաժամի տարիներն էին, Արտաշատում չկային նման բաներ: Արտասահմանից եկավ ընկերս, տեսավ որ ունեմ բազմաթիվ մոդելներ, որոնք հավաքել էի փայտից, ասաց որ նման խնդիր ես այլևս չեմ ունենա: Եվ սկսեց ուղարկել ինձ արդեն չհավաքված մոդելներ: Այդ մասին իմացան արտասահմանի իմ մյուս ընկերները և նրանք էլ սկսեցին ուղարկել ինքնաթիռների, տանկերի տարբեր մոդելներ: Ժամանակի ընթացքում ձեռքս վարժվեց և դարձա արդեն փորձառու կոլեկցիոներ: Ու ես այսօր ունեմ «իմ խելքի», «իմ պես հիվանդ» մի ընկեր` Արծրուն Հովհաննիսյանը` Պն մամուլի քարտուղարը: Հպարտությունը ինչումն է. մենք զգում ենք այս ամենի համն ու հոտը, ինչը չեն զգում մնացած բոլորը: Հայաստանում ունեմ մի քանի ընկերներ, ովքեր զբաղվում են այս գործով: Սա ինձ համար ընդամենը հոբբի է: Բայց սրա միջոցով, աշխատանքից դուրս ես հանգստանում եմ թե ֆիզիկապես, թե հոգեպես:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

-Դուք հավաքում եք միայն ինքնաթիռների, տանկերի առկա մոդելները: Երբևէ չե՞ք մտածել ստեղծել հրթիռի, տանկի կամ ինքնաթիռի ձեր մոդելը, որը կկրի ձեր անունը: 

-Հավաքել եմ ամեն ինչ: Սկսեցի քաղաքացիական ավիացիայից, քանի որ ինքս էի երազում օդաչու դառնալ: Հետո բացի դրանից հավաքեցի ռազմանավեր, ռազմական ավիացիա, բայց քանի որ ինքս տանկի մեխանիկ, վարորդ եմ եղել, տանկը ավելի հոգեհարազատ էր:

Ես ուղղակի հիանում եմ մարդու մտքի ուժով, որ կարողանում է ստեղծել այդպիսի տեխնիկա: Ով վարել է տանկ, ինձ կհասկանա: Վարելով այդ 40 տոննայանոց երկաթի կտորը (Աստված չնեղանա), քեզ աստված ես զգում: Դա մի ուրիշ հզորություն և մի ուրիշ հպարտություն է: Իսկ ինչ վերաբերվում է իմ սեփական մոդելը ստեղծելուն: Ես գիտնական կամ ֆիզիկոս չեմ, որպեսզի ստեղծեմ այն մոդելը, որը կունենա իմ անունը և հայտնի կդառնա, դա իմ բնագավառը չի: Բայց ես իմ ձեռքի տակ եղած մասերով ստեղծել եմ այնպիսի մոդելներ, որոնք իրականում չկան: Եվ պրոֆեսիոնալ մասնագետները տեսնելով իմ գործերը` չեն տարբերել արդեն առկա մոդելներից:

Ես այն առաջին քայլն անողներից մեկն եմ, ով ստեղծելով ինքնաթիռի կամ տանկի մոդելը, կարող է ոգևորել երեխային, և նա հետագայում կարող է դառնալ օրինակ ինքնաթիռի կոնստրուկտոր:

-Ասացիք, որ ձեր որդին շարունակելու է ձեր ճանապարհը, իսկ մյուս որդին ի՞նչ պլաններ ունի:

-Մյուս որդիս հունվարի 23-ին բանակ է գնալու: Ես կունենամ միաժամանակ երկու բանակային, ինչով շատ հպարտ եմ: Ծնողներին խորհուրդ եմ տալիս «չդողալ» իրենց երեխաների վրա, այլ հպարտորեն ուղարկել ծառայության: Ես մտածեւմ եմ էսպես. այն տղան, ով կանգնած զինկոմիսարիատում տեսնում է հպարտ հորը` գլուխը բարձր, նա կգնա և կծառայի իր հայրենիքին, իմանալով, որ ինչ էլ որ լինի` իր հայրը միշտ իր կողքին կանգնած է:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

-Ձեզ համարո՞ւմ եք լիովին երջանիկ:

-Հիմա, որ ասեմ՝ այո, չեն հավատա: Կասեն՝ այս ճգնաժամի մեջ ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել: Իսկ ես կասեմ, որ հենց ճգնաժամի մեջ մարդ կարող է երջանիկ լինել: Լավ օրերին, երբ ոչ մի բանի կարիք չունենք, մենք չենք հիշում երջանկության մասին: Ինձ շատերը կհասկանան, երբ 1991-93 թթ. լրիվ մթության մեջ կամ մոմի լույսի տակ էինք ապրում: Եվ երբ ինչ-որ մեկի տուն էինք գնում, մոմն ու հացը մեր հետ էինք տանում: Այդ տարիների համախմբվածությունով էինք մենք երջանիկ: Իսկ հիմա շենքի նույն մուտքում ապրող մարդիկ անգամ չեն ճանաչում իրար: Երջանիկ ես դու, թե ոչ, դա կախված է քեզանից, կախված է նրանից, թե ինչ ես ուզում դու այս կյանքից:

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Վարդանյանի

Ես մեր սերնդին ցանկանում եմ, որ ինչքան կարողանան շատ զբաղմունք գտնեն իրենց համար: Նոր սերնդի ազատ ժամանակը հիմնականում տանում է ինտերնետը, վերացել է գիրք հասկացողությունը, անգամ ֆիլմեր չեն դիտում: Այո, ինտերնետը տալիս է ահռելի ինֆորմացիա, բայց շատ մակերեսորեն: Կան բաներ, որոնք մեզ փոխանցվել են մեր պապերից, հայրերից, բայց համացանցը չի թողնում, որ մենք շարունակենք փոխանցել այդ ավանդույթները: Ես ուզում եմ, որ մեր երեխաները գույներ տան իրենց կյանքին, ոչ թե համացանցի միջոցով դարձնեն իրենց կյանքը սև ու սպիտակ, առանց շփման, առանց զգացմունքների:

-Խորհուրդ եմ տալիս պայքարել, որպեսզի չկորցնենք մեր կյանքի գույները: