1988 թվականի երկրաշարժի մասին քիչ բան գիտեմ, սակայն ինձ մեր մեծերը որոշ բաներ պատմեցին։ Սպիտակը մեր մարզից, առավել ևս մեր գյուղից՝ Արագածից, հեռու է, բայց մարդիկ զգացել են, որ երկրաշարժ է (ժաշք):
Նուշիկ տատին ինձ մի քանի բան պատմեց։
-Դեկտեմբերի 7-ին գետնին ձուն չկար, համարյա անձրև էր գալիս։ Տունը նստած էի, մեկ էլ ուժեղ դղրդուն էկավ։ Ես իմացա, թե տրակտոր ա անցնում շոշով: Ըսի տենամ՝ էդ ի՞նչ տրակտոր ա։ Հելա նայի, բան չկար։ Հետո գլուխս պտտվավ։ Ըսի՝ վայթե թունավորվել եմ։ Ի՞նչ եմ կերել, որ սենց խելքս մաղումա։ Գնացի պառկա կառավաթի վրեն, տեսա չընցավ։ Մի 5-10 րոպե պառկա, հետո հելա։ Հելա, մեկ էլ գնացի մամայի մոտ: Մեր կողքի հետ էր պապայիս տունը։ Գնացի մամային ըսեցի. «էս ի՞նչ դղրդուն ա», ասեց. «Այ բալա ջան, ժաշք էր: Հավերն ընենց խճխճալով փախան քոզը: Հավերը շուտ զգացին, էտի հաստատ ժաշք էր»։
Մեկ էլ մի 10 րոպե անցավ, արդեն շուխուռ ընգավ, որ ընդհանուր Հայաստան երկրաշարժ էր։ Հետո արդեն իմացանք՝ ինչ էր կատարվում, ինչ սուտուն-գոմուր էր ընգել աշխարհ, ուժեղ ժաշք էր։ Բարեկամներ չենք ունեցել, բայց ամուսինս իրա ավտոյով մարդկանց էր հանում հողի տակից։ Բա, գնացին, օգնեցին։ Մի բան պատմեց, որ եկավ։ Ըսեց՝ տուն էր քանդվել, երեխու ձեն էր գալիս։ Մտել են ու տեսել են օրորոցի մեջ բալուրով երեխայա։ Էտ ժաշքը, որ էղել էր, մերը պառկել էր երեխու օրորոցի վրա։ Մերը մեռել էր։ Երեխուն, որ հանին, աչքերը թփթփացնելով բացել էր։ Երեխուն հանել էին, հետո տվել էին հարազատներին։ Մի 8-10 ամսական երեխա էր էղել։ Մերը ընգել էր օրորոցի վրեն, որ բան չեղնի իրա երեխուն։ Տես՝ ջիգյարն ինչ բանա,- հուզվելով ասաց Նուշիկ տատիկը։
Մի ուրիշ բան էլ պատմեց ֆիզիկայի ուսուցիչ պարոն Սարգսյանը։
-Դպրոցն էինք։ Կանգնած դասն էի բացատրում։ Աշակերտները, որ նստած էին, ավելի շուտ զգացին, որ երկրաշարժ է։ Խառնվեցին իրար։ Դպրոցի երեխեքին արագ դուրս հանեցինք դպրոցից։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 8-ին գնացինք Սպիտակ։ Էն, ինչ մենք տեսանք, ուղղակի աննկարագրելի էր։ Անթիվ զոհեր։ Իրար կողք-կողքի դագաղներ էին շարված։ Մեքենաներ, բժիշկներ։ Քաոս էր։ Որդնավ էլ գնացինք։ Հիմա կոչվում է Ջրաշեն։ Գիտե՞ք ինչքան աշակերտներ են տուժել, զոհվել։ Այդ օրը աշխատանքային օր էր։ Բոլորը աշխատանքի էին։ Գործարաններում, դպրոցներում, ձեռնարկություններում… Եթե հանգստյան օր լիներ, միգուցե կարողանային դուրս գալ իրենց տներից։ Մինչև հիմա էլ մարդիկ կան, որ տուն չունեն, դոմիկներում են ապրում։ Երբ արտասահմանից եկան օգնության, ասացին, որ երկու տարում ամեն ինչ կվերականգնեն։ Բայց ո՞ւր ա: Հիմա էլ ասում են՝ մինչև 2020 թվական։ Տեսնենք։
Էսպես կարճ ներկայացրեց մեր ուսուցիչը և անցավ դասին։



Նոյեմբերի տասին ասմունքի համահայկական տասնմեկերորդ փառատոնի մարզային փուլն էր, որը կայանալու էր Գորիսում: Դե, ինչպես արդեն գիտեք (եթե, իհարկե, հասցրել եք իմանալ)՝ ես Սյունյաց աշխարհի կենտրոնից եմ՝ Կապանից: Հաղթահարելով քաղաքային փուլը՝ ես ու ինձ նման մի քանի խենթեր ամսի տասին՝ վաղ առավոտյան ճանապարհվեցինք Գորիս: Հաճախ հոգնեցուցիչ և ձանձրալի թվացող Կապան-Գորիս ճանապարհն այնքա՜ն հաճելի էր, երբ լցված էր գույնզգույն կատակներով, «Ալիաս» խաղով, մի մանդարինը տասը կեսի բաժանելով ու, իհարկե, ճանապարհից անպակաս մառախուղով: Ես հենց սրա համար եմ սիրում այս մրցույթը. արդեն երրորդ անգամ այն ինձ հնարավորություն է տալիս վայելելու իմ այդքան չսիրած Թասի ոլորանները:
Եկավ ամփոփման պահը: Ասեմ, որ երկու տարիքային խմբով էինք ներկայանում: Ես մեծերի խմբից էի: Սկզբում փոքրերի խմբի հաղթողներին սկսեցին հայտարարել: Կապանից մրցանակակիրներ ունեինք, լուսանկարում էի նրանց տարբեր կողմերից, երբ սկսեցին հայտարարել մեծերի խմբի հաղթողների անունները: Այո-այո, հաղթողներից մեկն էլ ես էի: Ուրախ էի, տպավորված ու նաև հպարտ: Ես այնտեղ Անահիտը չէի, ես կապանցի Անահիտն էի: Բացի ինձնից՝ ես նաև իմ քաղաքն էի ներկայացնում: Ահա և մենք՝ մարզային փուլի հաղթողներս, ովքեր պիտի մասնակցեն հանրապետական փուլին: Դե ինչ, հաջողություն մեզ: