Ես քո փրկությունն եմ որոնում

Լուսանկարը՝ Կարինե Նահապետյանի

Լուսանկարը՝ Կարինե Նահապետյանի

Դու, որ խայտառակ աստիճանի անկատար ես, այսօր տեր ես կանգնել իմ կատարյալ երազանքներին, որոնք իրականանալու են քո իրականությունից դուրս, բայց քեզ համար:

Դու, որի 3-րդ համարի ավտոբուսները ինձ հազիվ կարող են հասցնել միայն մեր տան կանգառ, պիտի հասկացած լինեիր, որ ես քեզանից «թռիչք» եմ ակնկալում:

Դու Հրազդանն ես և, ափսոս, բայց քեզանով ոչինչ ասված չի:
Իմ թափառումները քո փողոցներով միայն մի բան են վկայում. ես քո փրկությունն եմ որոնում:
Ես քո փրկությունը որոնեցի երաժշտական դպրոցում, չգտա նրան ջարդված պատերի արանքում: Ես այն գտա այն երեխայի ձեռքերի մեջ, ով մրսելով որևէ երաժշտական գործիք էր նվագում:
Ես քո փրկությունը որոնեցի մի շարք լքված գրադարաններում, բայց գտա այն մարդկանց աչքերում, ովքեր բացում էին խոնավացած գրքերը, և շունչ էին տալիս նրանց այնպես, ինչպես Աստված՝ մարդուն արարելուց հետո՝ փչելով նրա ռունգների մեջ:
Ես քո փրկությունը որոնեցի քո չեղած ասֆալտի մեջ, բայց միայն հեռացող մարդկանց ոտնահետքերը գտա:

Ու հասկացա, որ ես այն պիտի փնտրեմ եղածի մեջ:
Բայց դու ևս անելիք ունես. դու մեծությամբ չորրորդ քաղաքն ես, թույլ տուր՝ զգանք  մեծությունդ:

astghik qeshishyan

Մի կտոր իմ իրականությունից

Առավոտյան 6:27 Alarm-ն է զանգում:  Ինչ-որ սղոցող աղմուկ: Որովհետև մի բան վաղուց եմ հասկացել. սիրելի երգերը զարթուցիչ դնել չի կարելի: Սա նախնանախնական արթնացուցիչն է: Անջատում եմ, ժպտում. դեռ 2 ծըլնգ քնելու ժամանակ կա: 6:43 հաջորդ զանգն է: Երբեմն չձգելով ցավոտ պահը՝ հենց էդ ժամանակ էլ զարթնում եմ: Երբեմն էլ սպասում եմ 6:47-ին. (զույգ ու կլոր թվերը տանել չեմ կարողանում) հայրիկը թեյ է բերում ու համոզում, որ ես դժբախտ չեմ, որ բոլորն էլ ի վերջո արթնանում են: Սենյակում կատարյալ մութ է ու ցուրտ: Նայում եմ Արևիկին՝ քնած է: Մի օր ես էլ 4-րդ կուրս կլինեմ, եթե գոյատևեմ: Հագնելու բան եմ ընտրում՝ քանդրտում եմ դարակները, թափրտում շորերս, որովհետև եթե ես քիչ եմ քնում, թող մյուսները շատ հավաքեն: Գիտեմ՝ հիմարություն է, հատկապես, որ էդ «մյուսները» սովորաբար հենց ես եմ լինում: Աստիճաններով իջնելիս ուտում եմ, մեքենայում՝ կոշիկներիս թելերը կապում:

Միշտ ծայրահեղ ատել եմ ուշանալը: Արևը նույնիսկ կատակում էր, թե առաջին ժամադրությանս մի քանի ժամ շուտ եմ գնալու ու սպասեմ: Հիմա անտարբեր եմ: Ուսանողական ավտոբուսի շարժվելու ճիշտ ժամը անցել է: Հանգիստ եմ ու չեմ զանգում վարորդին, որ սպասի. ոնց էլ լինի, ուրիշ ուշացածներ ու զանգածներ կլինեն:  Ու, իհարկե, չեմ սխալվում: Բարձրանում ենք ավտոբուս: Տղաները տեղ են  զիջում: Ուզում եմ ասել՝ չէ, մերսի, նստեք: Չէ՞ որ ես գիտեմ, որ չի կարելի ամեն անգամ էդպես շահագործել նրանց: Բայց թքած, նստում եմ: Պատահում է՝ առանց շնորհակալություն հայտնելու:
Գիշերը մի 3-4 ժամ եմ քնում: Մի օր՝ 3 ժամ. դաս եմ անում, որ ուսանողականում քնեմ, մի օր՝ 4 ժամ. քնում եմ, որ ուսանողականում դաս անեմ: Էս ավտոբուսում միշտ Էդվարդ Նորթընի Fight Club-յան հայտնի դեմքով եմ, որովհետև everything is a copy of  a copy of a copy of a … Իջնելիս վճարում եմ մեր «անվճար ուսանողականին»: Վարորդը՝ Սիմոնը, որ իմ ու Արևի թեթև մտքով Սայմըն է դարձել, ինչպես միշտ, բարի-դեբիլոտ ժպտալով վերադարձնում է մանրը: Մոտավորապես էսպես ես բարևում եմ մետրոյի՝ ժետոն վաճառող կանանց: Ու ինչպես իրենք են իմ բարևն անպատասխան թողնում, էնպես էլ ես՝ Սայմընի ժպիտը:  Օրիգինալ սիրային եռանկյունի ենք:

Չեմ իջնում էնտեղ, որտեղ ԵՊՀ-ում սովորող երեխեքն են իջնում: Շատ քայլել ու մենակ քայլել: Սա, եթե դրական լիցքեր չի տալիս, գոնե բացասականից է մի քիչ մաքրում:
Հասնում եմ համալսարան՝ շնչակտուր: Կես ժամից ավել ժամանակ դեռ կա, բայց արագ քայլելը չբուժվող հիվանդություն է: Բարևում եմ շենքի մաքրուհիներին, գնում՝ 4-րդ հարկի հայելուն այցի: Դասամիջոցներին էստեղ փումփուլիկաաղջիկախառը ռոմանո վիճակներ են: Հիմա մենակ ես եմ: Օ՜, որքան գոհ է հայելին դրանից: Մեյքափով մաքրում եմ Էդվարդ Նորթընին, ժպիտ եմ նկարում ու գնում լսարան: Երաժշտություն եմ լսում, ծիտիկների հետ շփվում (Ռոմանոյի չէ՝ իսկական), գրատախտակին Բարսայի լոգոն նկարում, հաստ տառերով YNWA գրում: Հետո կամաց-կամաց գալիս են երեխեքը: Իսկ ես արդեն մի քիչ պայծառ եմ:  «Ինչի՞ ես տխուր» հարցի ամենահեշտ պատասխանն եմ գտել. ուղղակի աշխատում եմ տխուր չերևալ:
Դասերից հետո համալսարանում իվենթ կար: Էս անգամ մնացի: Արդեն ժամը 4-ն է, կուրսեցիներս տանն են, ես՝ երկրորդ տանս՝ Մետրոնոմում: (Եթե ուշացել ես ուսանողականից, հեհե, հաջորդ ավտոբուսը ժամը 6-ին է: Իսկ եթե դրանից էլ ես ուշանում, հաջորդը ուժս կինո ժանրից է, չեմ պատմի): Մտածում եմ, եթե Նոր տարվան Մետրոնոմի Հանրապետության նախագահը պարգևներ բաժանի, ինձ առաջինն ա «պատվավոր քաղաքացի» տալու: Բայց ես չեմ գնա, որովհետև ոչ մի տեսակի նախագահից չարժի մեդալ ստանալ, կամ ավելի ճիշտ՝ որովհետև հոգնած կլինեմ: Հետո կայարան եմ գնում՝ մետրոյում սիրահարվելով կամ էլի մետրոյին սիրահարվելով: Ավտոբուսում տեղ եմ պահում ու չվում պոնչիկանոց: Մի հատ թռչնի կաթ: Նայն, հարուստ չեմ, ուղղակի ատում եմ պոնչիկը:
Ավտոբուսը գնում է, գնում է, գնում է… Ես փակում եմ աչքերս, դնում ականջակալներս, որ չտեսնեմ, չլսեմ բարձրահասակ, մկանուտ տղաներին, որոնց կարող էի սիրահարվել, բայց որոնք ոստիկան են ու հրճված պատմում են, թե ոնց են ցուցարար ծեծել: Ավտոբուսը գնում է: Ես համարյա լացում եմ: Ավտոբուսը դեռ գնում է… Մի քանի հավերժություն անց քայլում եմ գյուղի մութ ու դատարկ փողոցներում ու 15 րոպեով սիրում մեր գյուղը: Հետո տանն եմ: Մի քանի ժամ նստում եմ անջատված, էս ընթացքում կարող եմ ժպիտոտ նկար փոսթել՝ տափակ գրությամբ կամ քո նկարը լայքել: Հետո, երբ կուրսեցիներս գնում են քնելու, ես միանում եմ ու անցնում դասի:
3-ն անց ա: Ուզում եմ օրագրիս պատմել, թե ինչքան սիրահարված եմ ու ինչքան կոտրված: Բայց հոգնած եմ, թող մնա վաղը:
…Հոգնած եմ AC/DC լսելուց ու երևակայելուց, թե Դինի Impala-յում եմ, ու սլանում ենք Թեքսասի անմեքենա, անծայր փողոցներով, երբ իրականում Սիմոն-Սայմընի ուսանողականում եմ, գնում ենք հավերժական հյուսիս-հարավով ու լսում «Գիտե՞ս՝ հիմա ինչ կուզեի»: Հոգնած եմ Լուսառատի փողոցներում Englishman in New York լսելուց, արթհաուս ֆիլմի աղջիկ ապրելուց, պարապելով ֆուտբոլ լսելուց…

Հահ, սրանք երևի անցյալում կմնան: Հիմա այնքան հոգնած չեմ, որ նյութ եմ գրում: Այսուհետ գոնե մի քանի ամիս Երևանում եմ ապրելու ու… Ու ուշանալու եմ դասից՝ առնվազն կես ժամ: Վրեժ է, սիրելի՛ս:

mariam tonoyan

Իշխանությունը սեփական միջոցներ չունի

Վերջերս մասնակցեցի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի տեղական ինքնակառավարման մասին դասընթացին և,  մտովի դասակարգելով ստացած գիտելիքներս, սկսեցի անհատական հետևություններ անել։ Զարմանում եմ, թե ինչքան  բան չգիտեի մինչ այդ, իսկ այժմ հարցնում եմ ձեզ՝
Իսկ դուք գիտեի՞ք, որ.

1. Հայաստանի 914 համայնքներում քաղաքացիները մեծամասնական ընտրակարգով ընտրում են ինքնակառավարման երկու մարմին՝ Ավագանի և համայնքապետ, բացառությամբ Երևանի, Գյումրու և Վանաձորի։ Այստեղ ընտրություններն անցկացվում են համամասնական ընտրակարգով, և ընտրվում է միայն Ավագանին, որն իր կազմից համայնքապետ է ընտրում։
Թյուրըմբռնում կա, որ մարզպետը, վարչապետը կամ պետական իշխանությունները համարվում են տեղական իշխանությունների վերադասը։ Ուշադրությու՛ն։ Համայնքապետը և Ավագանին չունեն վերադաս։

2. Հայաստանի բոլոր համայնքների բյուջեի հանրագումարը երկրի համախառն բյուջեում 2017թ.-ի դրությամբ եկամտային մասով կազմում է 10, 71%, որից 6,71%-ը բաժին է ընկնում Երևանին, իսկ 3,94%-ը բախշվում է մնացած համայնքներին։
Որպես մարզաբնակ քաղաքացի, ես կարծում եմ, որ չնայած այս դրույթն օրինական է, այնուամենայնիվ, թերություններ և վերանայման կարիք ունի, քանի որ իրենից ներկայացնում է խտրականություն մարզերի և մայրաքաղաքի միջև։ Այդ է պատճառը, որ մարզերում դիտվում են մի շարք համայնքային խնդիրներ, որոնք, սակայն, չեն հարթվում համայնքի բյուջեի սակավության պատճառով (ճանապարհների անմխիթար վիճակ, քաղաքի լուսավորության, աղբահանության խնդիրներ…):

3. Ի տարբերություն մյուս համայնքների, Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետները նաև ավագանու անդամ են, ինչը նշանակում է, որ նիստերի ժամանակ (նիստերն անցկացվում են բաց և միայն ներկաների 2\3-ի որոշումով է այն փակ գումարվում) որոշում ընդունելիս վերջիններիս քվեները հաշվի են առնվում։ Կայացրած որոշումները պարտադիր հրապարակվում են։

4. Ավագանու հերթական նիստերից առաջ՝  7 օր շարունակ, համայնքի ղեկավարությունը պարտավոր է իրազեկել հանրությանը համացանցում համայնքի պաշտոնական էջում հայտարարության, ցուցանակների, ավագանու նստավայրում փակցված ծանուցման միջոցով։

5. Ավագանու լիազորությունների մեջ մտնում է հանրային մասնակցության կարգեր հաստատելը, այսինքն՝ համայնքապետին կից խորհրդակցական մարմնի ստեղծում, հանրային լսումների անցկացման կարգի հաստատում և քաղաքացիների ստորագրությամբ ավագանու որոշումների նախագծերի ներմուծում՝ ավագանու օրակարգ (մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքներում բնակչության 4%-ի, 1001-10000 բնակչությամբ համայնքներում 2%-ի, իսկ 10001-ից ավելի բնակչությամբ համայնքներում բնակչության 1%-ի ստորագրություններով)։
Սա հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջական մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարմանը՝ չմոռանալով, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին։

Այժմ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին նոր տեղեկությունների ստացումով՝ կարող ենք և պետք է վերահսկենք նրանց աշխատանքը, մասնակցություն ունենանք տեղական ինքնակառավարմանը և պահանջատեր լինենք՝ մտապահելով այս եզրույթը. «Իշխանությունը սեփական միջոցներ չունի, իշխանությունը միշտ օգտագործում է մեր միջոցները»։

Ani Ghulinyan

Սիրո խոստովանություն Անուշին

Անուշն այն մարդկանցից է, ում առաջին հայացքից ես սիրում: Նա գերող ժպիտ ունի ու նույնպիսի աչքեր:
Առաջին անգամ Անուշին ճամբարում եմ տեսել: Միջահասակ, կոկիկ հագնված, պոչիկ արած աղջիկ էր, ով անմիջապես գրավեց ուշադրությունս, հետո նույն սենյակ ընկանք, իսկ հետո պարզվեց մեզ շատ թելեր են իրար կապելու: Դա իմ առաջին ճամբարն էր, ու ես հիացած նայում էի շուրջս հավաքված դեմքերին, հարմարվում էի նոր միջավայրին, իսկ Անուշը, որ ինձնից փորձառու էր` օգնում էր: Հենց նրանից իմացա 17-ի մասին: Առաջին ճամբարից հետո մոտ մեկ տարի նորմալ չէինք շփվում, հետո իրար հետ մի ուրիշ ճամբար էլ գնացինք, ու էդտեղից այն ամենն, ինչ կար, ավելի ամրապնդվեց:
Իմ կենտրոնացած դեմքին նայելով հաստատ ոչ մեկի մեջ ցանկություն չի առաջանա ծանոթանալ ինձ հետ, եթե ես դա առաջինը չանեմ: Անուշը այլ դեպք է, բոլորի հետ բարի, բոլորի հետ ժպտերես, ասող-խոսող: Մենք իրար շատ բաներով ենք նման, բայց ավելի շատ բաներով տարբեր ենք, ու էդպես տարանուն լիցքերի նման ձգում ենք իրար, ձգում ենք համակարգչի մոտ ու գրում, հեռախոսի մոտ ու ժամերով խոսում, այնքան մինչև մնալն այլևս անկարելի է դառնում: Անուշը ծնված օրվանից նախաձեռնող առաջնորդ է, անգամ իր ծննդյան օրը ինքը պիտի ասի` իրեն ինչ նվիրեն, ով ինչ անակնկալ անի: Ամեն ինչի կհավատամ, բայց որ ասեն մարդ կա, ով Անուշին չի սիրում, դրան աչքովս էլ տեսնեմ՝ չեմ հավատա: Դրա ապացույցն է այն, որ նշվածներից ում էլ խնդրեցի, որ իրենց կարծիքը հայտնեն, սիրով համաձայնեցին: Իսկ ի՞նչ եմ մաղթում Անուշին: Իրեն թաքուն կասեմ (ոնց որ միշտ):
Անուշիկ, Ծնունդդ շնորհավոր, այս ամենը քեզ համար է:

Անի Ղուլինյան

***

Ազատաության հրապարակում էինք, ու հիշում եմ, որ ես էդքան էլ լավ չգիտեի պարի շարժումները, բայց Անուշը ասում էր` ոչինչ, վստահ պարիր: Կարող եմ մատներիս վրա հաշվել, թե քանի անգամ ենք հանդիպել Անուշի հետ, բայց նույնիսկ էդ քիչ անգամների ժամանակ նա իմ մեջ տպավորվել է որպես վառ ու կրակոտ անձնավորություն…

Հովիկ Վանյան

***

Անուշ, երևի չկարողանամ լիարժեք արտահայտել այն զգացմունքները ու երջանկությունը, որը քեզ ճանաչելու օրվանից պահում եմ սրտումս, պինդ: Հետո էլ կասեն, թե իրարից այսքան հեռու գտնվելով, իրար չտեսնելով, իրար հետ չշփվելով, ինչպես կարելի է պահպանել լավ ընկերությունը: Հա, ես հիշում եմ ու երբեք չեմ մոռանա քո անսահման հոգատարությունը, քո նվիրվածությունը, ժպիտը: Ան, մենակ մի բան եմ ուզում ` որքան հնարավոր է շուտ քեզ պինդ գրկել ու ասել, որ ցանկանում եմ ամենանվիրականը, որ կա աշխարհում:

Գայանե Ավագյան

***

Անուշ ջան, հիշում եմ GLOW-ի առաջին օրը, երբ հավաքվել էինք հանդիպման վայրում` Գյումրիում, դու առաջինն էիր, ում ճանաչեցի: Ճանաչեցի, որովհետև մեկն ասաց. «Տեսնո՞ւմ ես էս աղջկան, իմ ճանաչած ամենախելացի ու հետաքրքիր աղջիկն է»: Ինձնից չափազանց քիչ ժամանակ պահանջվեց դրա մեջ համոզվելու համար:

Լիդա Պողոսյան

***

Անուշին առաջին անգամ հանդիպել եմ 2015 թ-ին ՍԵԿ-ի կողմից իրականացվող «ԱՐՔԱՆԵ» աղջիկների ամառային դպրոցի ընթացքում, ուր աշխատում էի որպես դասընթացավար: 2016-ին առիթ ունեցա նրան հանդիպել այս անգամ արդեն GLOW ճամբարի շրջանակներում: Անհնար էր չնկատել Անուշի առաջընթացն ինչպես անձնային, այնպես էլ գիտության ոլորտում: Իսկ ահա 2017 թ.-ին հանդիպեցի մեկ այլ դասընթացի ընթացքում, որտեղ այլևս դասընթացավար և դասընթացի մասնակից փոխահարաբերությունները չէին , այլ միևնույն դասընթացի 2 մասնակիցների: Անուշի դիպուկ հարցադրումները երբեմն իրարանցման մեջ էին գցում փորձառու դասընթացավարներին և մնացած մասնակիցներին: Այս ընթացքում ես անթաքույց հրճվում էի Անուշի մտքի սրությամբ և ճկունությամբ:
Իմ Անուշին կյանքը ստիպել է իր հասակակիցներից մի փոքր շուտ հասունանալ և ապրել մեծահասակների հոգսերով, բայց այս ընթացքում նա չի մոռանում վայելել իր դեռատի տարիների գեղեցկությունը:

Ալմիրա Նիկողոսյան

***

Ընկերներիցս մեկը ինձ առաջարկեց մասնակցել Քարակերտում կայանալիք մի միջոցառման, որի թեման գրքերն էին: Դժվար հաղթահարեցինք ճանապարհը, բայց երբեք չեմ ափսոսում դրա համար, որովհետև այդ օրը ծանոթացա իմ ամենախելացի, ամենաառույգ, ամենաժպտերես, կազմակերպված ու մարդամոտ ընկերոջս հետ: Միջոցառման ժամանակ բոլորս ներկայանում էինք, երբ եկավ Անուշի հերթը, նա առաջինն ասաց, որ Շենիկից է, հետո ուրախ-ուրախ սկսեց պատմել իր մասին, գրքերի քննարկումներին էլ խելացի ու կշռադատված մտքեր էր արտահայտում: Երբ հետ էինք վերադառնում ընկերներիցս մեկը ասաց. «Էդ Անուշն էլ ա շատ խելացի, ամեն ինչից գաղափար ուներ, ինչ ասես կարդացել էր»:
Անուշը այն մարդկանցից է, ով լի է նորանոր գաղափարներով ու նպատակներով: Հիմա շատ չենք հանդիպում, բայց ամեն հանդիպումը մի կարևոր ու նշանակալից օր է դառնում:

Միլենա Անտոնյան

***

Անուշը պարզվում է շատ լավ ազգային պարեր պարող ու քեֆ անող աղջիկ է: Դրա համար էլ, Անուշ ջան, քեզ մաղթում եմ, որ եռանդդ չպակասի, դրական գործերդ էլ տարածվեն աշխարհով մեկ:

Հասմիկ Գալեչյան

Շիրակամուտի (Նալբանդ) Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Սբ․ Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Սպիտակի երկրաշարժի էպիկենտոն համարվող Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, խոնարհվել է ուղիղ 29 տարի առաջ՝ այդ երկրաշարժի ժամանակ։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Եկեղեցու ավերակներին նայելիս կարելի է պատկերացում կազմել, դրա մեծության ու վեհության մասին, սակայն ի՞նչ է մնացել այսօր. մուտքը, որից ներս մի բուռ քարակույտ է, իսկ դեմ դիմաց՝ խորանի փոխարեն, երկու խոնարհված սյուն․․․

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Իսկ քիչ այն կողմ աստիճաններ են, հավանաբար ժամանակին կապել են գյուղն ու եկեղեցին, իսկ այսօր ո՞ւր են տանում դրանք, ո՞վ գիտե, երևի իրար են կապում անցյալն ու ներկան․․․

Սակայն հարկ է նշել նաև, որ Շիրակամուտում գյուղի բնակելի մասից մոտ 500 մ դեպի հյուսիս գտնվում է 6-րդ դարում կառուցված Չիչխանավանքը (Սուրբ Խաչ եկեղեցի), որն ունենալով դարերի պատմություն, բազմիցս ավերվել է, այդ թվում և 1988թ․-ի երկրաշարժի ժամանակ, բայց կրկին վերականգնվել է և 2015թ․-ից մինչ օրս գործում է։

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Լուսանկարը՝ Մարատ Սիրունյանի

Եվ Շիրակամուտում այս երկու վանքերի գոյությունը կարելի է նմանեցնել աղետի գոտու այսօրվա իրականությանը, ուր նույնպես մեկտեղված են անցյալի դառը հիշողություններն ու վերքերը, և նոր կյանքը։

Roza Harutyunyan vayots dzor

30 վայրկյան, 29 տարի

-29 տարի առաջ ուղիղ էս ժամին կողքի սենյակը փուլ եկավ…

Նայեց ժամին ու ասաց մայրս: Ժամը 11:41 է: Մայրս երկրաշարժի տարիներին սովորում էր Գյումրիում ու երկրաշարժի ժամանակ 4-րդ հարկում է եղել: Եվ 29-րդ տարում առաջին անգամ լացելով պատմեց կատարվածը: Ես չգիտեմ՝ իրենք ինչպես են դիմացել էսքան տարիներ նման հիշողություններով:

-Մինչև դուրս եկա, էլ աստիճանները չկային, ու ամեն ինչ փուլ էր եկել: Աստիճանների երկաթները կային, բռնվելով իջել եմ: Իջա, ընկերուհուս վրա պատ էր ընկած, բայց ուրիշ անցնելու հնար չկար… Հետո մեզ տարան Հոկտեմբերյան, իսկ մերոնք ընկած ինձ էին ման գալիս: Բոլորն ինձ էին սպասում: Ընկերուհուս 5-րդ օրը գտան, արդեն մահացած էր: Գնացի թաղմանը, մայրը ինձ գրկեց ու մեղադրեց. «Ինչի՞ թողեցիր, որ աղջիկս մեռնի»:

Մեր ընտանիքը մինչև հիմա կապ ունի մայրիկիս ընկերուհիների հետ, որովհետև նրանք միասին են անցել ամեն ինչի միջով: Եթե դժբախտությունը ավելի է ամրապնդում մարդկանց կապը, ուրեմն թող դա չլինի:

Էն, ինչը ես սարսափում եմ անգամ գրել, ծնողներս տեսել են: Ու ես էլի զարմանում եմ. ինչպես կարելի է 29 տարի ապրել նման հիշողություններով:

mariam barseghyan1

Քանի՞ օր կդիմանաս ցրտին…

Մոտ 7 տարի ապրել ցրտի մեջ, դաստիարակել փոքր երեխաների առանց հացի, դաս սովորել մոմի լույսի տակ, ջուր կրել տանից շատ հեռու աղբյուրից…  Վանաձորցիները դեռ հիշում են այդ օրերը:

-Դպրոցում շատ ցուրտ էր, ամեն օր մի ծնող փետ էր տանում, որ դպրոցում վառեն: Երեխեքը տաք շոր չունեին ու մրսում էին: էդ վախտ Կիրովական նոր տրիկոներ էին ծախում, որ աշխատավարձս ստացա, մի հատ առա, որ երեխեն շատ չմրսի: Որ սկեսուրս տեսավ աշխատավարձս ինչի վրա եմ ծախսել` հետս կռվեց, բայց ավելի լավ է ես սոված մնայի, քան իմ երեխեն մրսեր:

-«Գլորիա» կարի ֆաբրիկայում էի աշխատում: Ամիսը 7000 դրամ էի ստանում ու ամբողջը հաց, ուղղակի ցամաք հաց առնելու վրա էի ծախսում:

-Տղես առանց ինձ դասերը չէր անում, սպասում էր գայի: Ես էլ աշխատանքից ուշ էի գալիս, ու ստիպված մոմի լույսի տակ էինք սովորում: Ջղայնանում էի վրան, որ առավոտը տատիկի հետ չի սովորում, բայց դե տատը չէր կարողանում օգնել, ի՞նչ աներ քյորփես:

-1998 թ-ն էր, արդեն լույս ունենում էինք: Լույսի մեծ պարտք էի կուտակել, բայց մեր թաղային էլեկտրիկը հասկանում էր վիճակս ու մեր լույսը չէր կտրում: Մի անգամ իմ նախկին ուսուցիչը խնդրեց, որ մշակույթի տանը լույս տամ: Ես էլ ասեցի, որ չեմ կարող, բայց վերջում տվեցի, որովհետև ուսուցիչս էր, ո՞նց չտայի: Էլեկտրիկը իմացավ ու ասեց, որ էլ չտամ, թե չէ իմն էլ կանջատի: Ես էլ ասեցի ուսուցչիս, որ էլ չմիացնի, բայց խաբեց ու հետո իմ լույսը առանց ինձ ասելու էլի օգտագործեց: Մեր լույսը անջատեցին: Այդ ձմեռ ո’չ լույս ունեցանք, ո’չ էլ գազ:

-1992-93 թ-ին խանութներում ընդհանրապես հաց չկար: 93-ին նոր սկսեցին կոմբիկորմից (համակցված կեր) հաց թխել: Էլ չէի կարող երեխաներիս սոված պահել, ստիպված մեկնեցի երկրից:

Տատիկս մի օր 90-ականները հիշելիս երանությամբ ասաց.

-Ի՜նչ լավ օրեր էին, է…

Ախր, չէ’, տատ, լավ օրեր չէին: Ու հաստատ գիտեմ, որ երբեք չէիր ուզենա հետ գնալ նորից այն օրերը, որովհետև իմ ծնվելուց դու էլ ես գնացել Հայաստանից: Չնայած նրան, որ այդ ժամանակ արդեն այդքան վատ չէր, բայց չեմ մեղադրում, ես էլ քեզ պես կգնայի:

Կգնայի, որովհետև երբ ինքս ինձ հարցնում եմ, թե քանի օր կկարողանայի դիմանալ ցրտին, պատասխանս միայն մեկն է լինում` ՈՉ ՄԻ, ԵՍ ՈՉ ՄԻ ՕՐ ՉԷԻ ԴԻՄԱՆԱ…

elada petrosyan

Հիշում եմ այդ օրը

Օհ՜ո,  ի՞նչ է կատարվում… Գլուխս պտտվում է, ինձ է թվում, թե շոգից է: Հանկարծ լսեցի ուսուցչի ձայնը՝ երկրաշարժ… Խուճապ… Ճչոց… Բոլոր երեխաները վազում էին դեպի դուռը: Ես էլ չհասկացա՝ ինչպես դուրս եկա դպրոցից: Այնքան շատ էին դեպի դուռը վազող երեխաները, որ կարծես, ոտքերս օդի մեջ լինեին,- պատմում է մայրս՝ Վերժինե Պետրոսյանը: Այն ժամանակ նրանք ապրում էին Չարենցավան քաղաքում,- Չգիտեմ՝ ինչքան ժամանակ անցավ,  ու երբ արդեն ամեն ինչ պարզվեց, ամեն դասարանից  մի երեխա ուղարկեցին դեպի դասարանները, քանի որ մեր պայուսակները, գրքերը, վերարկուները ներսում էին մնացել, և մենք ցրտից  դողում էինք: Որոշ ժամանակ հետո բերեցին մեր իրերը, ու մեզ ուզում էին ճանհապարհել տուն, երբ հանկարծ ականջիս հասավ, որ «տասներեք»  հարկանին փլվել է… Ինձ համար դա ավելի մեծ խուճապ էր, քանի որ հիվանդության պատճառով քույրս տանն էր մնացել, իսկ հայրս ու մայրս աշխատանքի էին:

Չեմ էլ հիշում, թե ինչպես հասա մեր շենքի բակ: Հասել էի և, ասես, չէի կարողանում գլուխս վեր բարձրացնել և տեսնել, որ շենքին ոչինչ չէր պատահել, շենքի բակում հավաքված բազմության մեջ գտա մորս, հետո եղբորս գտանք, իսկ հայրս, շենքի բակում հայտնվելուն պես, բարձրացավ շենք, թեև չէր թույլատրվում: Երբ բարձրացել էր, տեսել էր, որ հարևանի աղջիկը նույնպես տանն է եղել ու քրոջս ցնցումներից առաջ տարել էր իրենց տուն:

Երբ հայրս բարձրացել էր շենք, նրանց ձայներից էր հասկացել քրոջս գտնվելու վայրը: Հայրս նրանց գտել էր տան մեջ իրար փաթաթված և վախից ճչալիս: Այդ և առաջիկա մի քանի օրը մեզ չէին թողնում բարձրանալ շենք, քանի որ այն բավականին վնասվել էր:

Հատուկ մեքենաներ տրամադրեցին մեզ՝ գիշերելու համար, բայց մենք ինչպե՞ս կարող էինք գոնե մի քանի րոպեով տուն չմտնել և չվերցնել առաջին անհրաժեշտության պարագաներ: Երբ մտանք տուն, առաջին հերթին հեռուստացույցը միացրեցինք, որպեսզի տեսնենք,  թե ինչ է կատարվում, սակայն ոչինչ չէր ասվում, բայց որոշ ժամանակ անց Հարությունյանը ելույթ ունեցավ և հասկացրեց, որ Լենինականը չկա: Խուճապը էլ ավելի շատացավ, քանի որ  մեր բարեկամների մեծ մասը այնտեղ էին գտնվում, այդ պատճառով ինձ, քրոջս, եղբորս տարան մեր բարեկամի տուն, իսկ հայրս ու մայրս մեկնեցին Լենինական…

Ցավոք այդ աղետը խլել էր մեր շատ հարազատների կյանքը…

Այս  ամենը ինձ պատմեց մայրս, ճիշտ է դժվար էր նրա համար վերհիշել այս ամենը, բայց ինչ արած, երբ կրկին այդ օրն է՝ դեկտեմբերի 7-ը:

hovhannes sargsyan

Զանգ Հիշողության

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Հիշողություն, որը ներկայացնում է մի ողջ ազգի զավակների կորուստ ու կսկիծ:

Չեմ ուզում առանձնացնել մեկի պատմությունը, քանի որ յուրաքանչյուր՝ 1988թ դեկտեմբերի 7-ին զոհված, արժանի է հիշվելու և հիշատակվելու: Ըստ տվյալների, Սպիտակի երկրաշարժը ընդգրկել էր Հայաստանի միլիոնավոր բնակչություն ունեցող տարածքի 40%-ը: Հանրապետության 514 հազար քաղաքացի, 15-20 աստիճան սառնամանիքի պայմաններում, մնացել էր առանց տանիքի: Ամբողջությամբ կամ նշանակալի մասով ավերվել էր 21 քաղաք և շրջկենտրուն, 324 գյուղ: Խորհրդային Միությունում 1988թ դեկտեմբերի 10-ին հայտարարվեց սուգ: Զոհվածների թիվը անթիվ և անսահման կարելի էր համարել: Երկրաշարժը ամենից առաջ մեծ վիշտ է՝ երեխաներ կորցրած հայրերի  ու մայրերի, ծնողներ կորցրած երեխաների համար, անսահման տառապանք:

Ընդամենը մի քանի տարի էր անցել այդ օրերից, երբ լույս տեսավ «Հիշողություն» շաբաթաթերթը: Մայրս պատմում է, որ սուրբ մասունքի պես շատերն էին թերթը գնում: Թերթում անուն առ անուն ներկայացված է պատմություններ զոհվածների մասին. ով որտեղ է եղել և ինչպես է մահկանացուն կնքել: Այդ շաբաթաթերթը այսօր նույնիսկ թերթելուց կսկիծ ես ապրում, յուրաքանչյուր էջի տեսնելով նկարները նրանց, ովքեր կարող էին ապրել և արարել: Ցավալի երկրաշարժից հետո ապրող մարդկանց հիշողությունն է: Այսօր նույնիսկ արդեն գյումրեցի դարձած լենինականցին ժամանակի միավոր դարձրած ասում է. «երկրաշարժից առաջ» և «երկրաշարժից հետո»: Ճիշտ է, գյումրեցին իր տոկունությամբ հաղթահարեց ցավը՝ միգուցե, բայց միևնույն է, յուրաքանչյուր դեկտեմբերի 7 չի կարող առանց Պատարագի ու աղոթքի բացվել, քանի որ հարկավոր է հարգանքի տուրք մատուցել զոհվածներին և այն սերնդին, ով կարողացավ ցավը հաղթահարել և առաջ նայել: Ու այսօր թող մի նոր «Հիշողության» շաբաթաթերթ ստեղծվի, որում տեղ կգտնեն թասիբով Գյումրու թասիբով ու հյուրասեր բնակչության նկարները և քաղաքիս արդեն կառուցված շենքերն ու փողոցները:

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Լուսանկարը՝ Հովհաննես Սարգսյանի

Այսօր ես ներկա էի «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի «հաշվետվությանը», որտեղ ներկայացված էր 2017թ.-ին կատարած իրենց աշխատանքը: Տեսա, որ 29 տարի է անցել, բայց դեռևս կան շատ անավարտ գործեր, ու թող այլևս չերկարի ու շուտափույթ լուծում ստանա անօթևան մնացած յուրաքանչյուր գյումրեցու երազանքը:

argam movsisyan

Գնան ու էլ ետ չգան այդ օրերը…

Իմ ընտանիքի հինգ անդամներից երեքը՝ հայրս, մայրս և տատս, այսօրվա պես են հիշում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի չարաբաստիկ ու ահասարսուռ եղելությունը: Ապրում էին Վանաձորում: Նրանք դառնությամբ են պատմում այդ օրերի դեպքերը: Տատս ամենայն մանրամասնություններով է այն ներկայացնում ու բավարարում իմ հետաքրքրասիրությունը:

-Առավոտվա հանդարտ ժամերից էր: Կյանքում չէիր պատկերացնի, որ երկրաշարժը մարդկանց խաղաղ կյանքը կփչացներ: Լա՜վ եմ, է, հիշում. ժամը ուղիղ 11:45 էր: Ոտքերիս տակ սկսեց էնքան ուժեղ դղրդալ, որ քիչ էր մնում ընկնեի: Տանը երեքով էինք. ես ու հորաքույրներդ:  Իմ միակ խնդիրը նրանց արագ տնից հեռացնելն էր: Հանկարծ ահավոր ուժեղ շրմփոց եկավ: Հյուրասենյակում լատվիական կոմոդ ունեինք՝ մեծ ու ծանր: Ընկավ, ու ամեն ինչ փշուր-փշուր եղավ: Ես սարսափած էի: Արագ դուրս վազեցինք: Բակում արդեն լիքը ժողովուրդ էր հավաքվել՝ մեծ, փոքր, կին, երեխա: Լացի ու տագնապի ձայն էր չորս կողմը: Հարևանուհուս ամուսինը տանը քնած էր, իսկ ինքը չէր կարողանում արթնացնել : Շուրջը  քաոս էր: Ու հետո էլ չեմ հիշում՝ երբ ավարտվեց, ու երբ ամեն ինչ հանդարտվեց:

Ավելի տարբեր են հորս ու մորս պատմածները: Նրանք դեռ դպրոցական էին այդ տարիներին: Հայրս պատմում է.

-Յոթներորդ դասարան էինք: Հիշում եմ, որ կենսաբանության դասաժամ էր: Այդ ժամանակ դեռ շատ բան չգիտեինք երկրաշարժի մասին ու չէինք պատկերացնում, որ դա էդքան աղետալի կլինի: Դե, պաշտպանվելու մասին էլ չեմ ասում. Ի՜նչ ապաստարան, ի՜նչ բան… Մեր իմացածը մենակ սեղանի տակ մտնելն էր: Այն էլ՝ էդ նեղ պահին մենք միայն խուճապի մատնվեցինք: Մինչև մենք՝ երեխեքս, գլխի կընկնեինք, թե ինչ էր կատարվում, մի քանի վայրկյանում մեզ դուրս հանեցին:  Ահագին վնասվեց դպրոցի շենքն էդ մի քանի րոպեներին: Մինչև հիմա աչքիս առաջ են ողբալի էն դրվագները, երբ 10 տարեկան եղբայրը ամբողջ բակով քրոջն էր ման գալիս ու չէր գտնում: Դրանք դժոխային պահեր էին ողջ ժողովրդի համար:

Մայր պատմում է, որ պապիկս այդ ընթացքում գյուղում մենակ ապրելիս է եղել, ու որ նրանք ավելի շատ անհանգստացած էին պապիկի համար.

-Պարզվեց, որ գյուղում նրանց օգնություն էին ցուցաբերել սննդով ու հագուստով: Այդտեղ համարյա տուն չէր մնացել. ամեն տեղ ավերակներ էին: Սուր ցավով եմ հիշում մի դեպք, որ մինչև հիմա աչքերիս առջևից չի հեռանում: Գյուղացի ծերունի էր: Կորցրել էր թե՛ տունը, թե՛ ընտանիքի հինգ անդամներին: Նա կողք կողքի շարած՝ երգում ու պարում էր նրանց դիակների շուրջ: Խելագարվել էր…Այդ տեսարաններից հետո դժվար է պատկերացնել այդ մարդկանց վիճակն ու դրությունը: Հիշում եմ նաև, որ երկրաշարժին հաջորդող ամիսներին գյուղերում շատ կտեսնեիր կռնատ ու անոտ մարդկանց:

Վշտով ու դառնությամբ են նրանք հիշում քսանինը տարի առաջ կատարված այդ մղձավանջը, որն ավերեց Հայաստանի հյուսիսը: Տատս ամեն անգամ պատմածի վերջում ավելացնում է.

-Գնան ու էլ երբեք ետ չգան այդ օրերը, տղա ջան…