qnarik mxitaryan (aragacotn)

Գեղաձորի լույսն ու մութը

Իմ գյուղում հիմնականում մշեցիներ են բնակվում: Գյուղս շատ գեղեցիկ է, սակայն հոգսերը, ծանր աշխատանքները թույլ չեն տալիս վայելել այդ գեղեցկությունը:
Գյուղի կողքին գտնվում է ռուսական ռազմաբազան: Անընդհատ կրակում են՝ լինի գիշեր, թե ցերեկ: Սկզբում զայրանում էինք՝ ասելով, թե չենք կարողանում հանգստանալ, բայց հետո մտածեցինք, թե ինչպես են սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրում. մենք գոնե գիտենք, որ այդ կրակոցները մեզ չեն ուղղված:
Ինձ չէին բավարարում գյուղացիների պատմածները, և ես որոշեցի մեր թաղամասից ջուր տանող զինվորներին խնդրել, որ մի հայերեն իմացող զինվոր պատասխանի իմ հարցերին: Բախտս բերեց՝ նրանց մեջ կար հայերեն իմացող սպա: Մոտենալով նրան՝ ես հարցրի նրա անունը:
-Իվան,- պատասխանեց նա:
-Ուրախ եմ, ես Քնարիկն եմ: Ես ուզում եմ խոսել ձեր ռազմաբազայի մասին, մի քանի հարց ունեմ, կարելի՞ է: Ինչո՞ւ է հենց այս տարածաշրջանում ձեր ռազմաբազան:
-Տարածքի մի մասը պատկանում է ՌԴ-ին, և հարմար է զինավարժությունների համար:
-Բայց չէ՞ որ այդ կրակոցներն ուղղված են դեպի լեռը:
-Ամեն ինչ հաշվարկված է, և լեռանը վնաս չի հասցվում:
-Իսկ ջուրը, որը մենք խմում ենք, աղտոտված չէ՞ այդ զենքերի թունավոր նյութերով:
-Այո՛, դրանք ազդում են ջրի վրա, սակայն նախատեսված չէ, որ այստեղ մարդիկ պետք է բնակվեն: Կոնկրետ ձեր գյուղում պետք է լինի օդանավակայան, և հարցը քննարկման մեջ է:
-Իսկ բնակչությո՞ւնը, չէ՞ որ այստեղ են նրանց տունը, ապրելու միջոցները:
-Կհատկացվեն տարածքներ, բայց չգիտեմ՝ դա երբ և ինչ պայմաններում կլինի:
Ես նրան շնորհակալություն հայտնեցի հարցերիս պատասխանելու համար ու գնացի տուն:
Այս մարդու հետ զրույցից հետո շատ էի ուրախացել: Երեխաներով պատկերացնում էինք, որ մեր գյուղի մարդկանց մի մեծ շենք կտրամադրեն, և մենք շատ գեղեցիկ կյանքով կապրենք՝ հեռու ծանր աշխատանքից: Չէինք գիտակցում, որ ոչինչ հեշտ չի տրվում: Չէ՞ որ մեր ապրուստի միջոցը այս գյուղում է. մեր տունը, մեր բակը, մեր ամեն-ամեն ինչն այստեղ է: Եվ հիմա մտածելուց անգամ փշաքաղվում եմ, ես չեմ պատկերացնում, որ իմ այս հարազատ օրրանը, պապական տունը կարող է ամայանալ և դառնալ ընդամենը զենքերի պահոց: Դա սարսափելի կլինի բոլորի համար, ինչքան էլ ասեն, որ գյուղում դժվար է, իսկ այդ դժվարությամբ ստեղծածը կորցնելը դժվար չէ՞:
Գյուղում հիմա շատ են լսվում կրակոցներ, սակայն ուրախ ենք, որ դեռ այդ չարաբաստիկ որոշումը չի կատարվել և, հուսանք, չի էլ կատարվի: Հարազատ տունը կորցրած մարդիկ ևս մեկ անգամ այդ ամենը չեն վերապրելու:

arman arshak

Ինձ բացակա չդնեք

Բարև՛, սիրելի՛ ընթերցող, արդեն շատ վաղուց է, ինչ չէի գրել: Երկար ժամանակ է, ինչ թուղթ ու գրիչս չէի վերցրել ու առանձնացել մերօրյա իրականությունից: Դե, բնականաբար, բացակայությունս իր հարգելի պատճառներն ուներ:

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ թղթակցում եմ 17.am-ին: Այս մեկ տարվա ընթացքում հաճախ փորձել եմ գրել այն մասին, թե ինչ տվեց 17.am-ը ինձ, սակայն միշտ անհնար է եղել բառերի միջոցով այդ ամենը հանձնել թղթին:

Անհնար է բառերով գրել ընկերների այն մեծ բանակի մասին, որոնք թանկ են դարձել ինձ համար և կազմում են առօրյայիս մի մասը: Երբեք չեմ մոռանա այն զգացողությունը, երբ «Ընկերներ, ովքեր փոխեցին դիրքորոշումս, կամ առաջ ու հետո» հոդվածս տեսա թարգմանված անգլերեն՝ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի պաշտոնական կայքէջում:

Միշտ կհիշեմ «Կինոյի շենք» հոդվածիցս հետո կատարվող արձագանքների իրադարձությունն ու փողոցում հաճախ մարդկանց գնահատականները՝ ինձ ճանաչելիս: Միշտ կհիշեմ, թե ինչ հպարտ էի ինձ զգում, երբ զանգ ստացա հոդվածիս հերոս Լադոյի թոռնիկից, որն ասաց, որ Լադոյի համար կարդացել է իմ հոդվածը: Այս ամենն այնքան անբացատրելի է, սա մի չնչին մասն է այն զգացողությունների, որոնք ապրել եմ 17.am-ի հսկայական թիմի շնորհիվ:

Այսուհետ բացակայությունս այսքան երկար չի տևի: Ձեզ հետ էր Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի հարյուրավոր երջանիկներից մեկը:

anahit badalyan (kapan)

Անարդա՜ր է

Այն, որ գրքերը սառը և ապահով բարեկամներ են, Հյուգոն այնքա՜ն ճիշտ է ասել: Բայց գրքերը որքան սառն են, այնքան էլ տաք են ու ջերմ: Ես չափազանց սենտիմենտալ մարդ եմ և սովորաբար սրտիս մոտ եմ ընդունում ամեն փոքր բան, ուստի ուրախ ու տխուր պահեր շատ եմ ունենում, ու հոգիս հաճախ է տակնուվրա լինում այս կամ այն փոքր բաներից: Կախված տրամադրությունից՝ կան մարդիկ, որոնց հետ ինչ-որ պահի չեմ ցանկանում շփվել, կան շարժումներ, որոնք բնորոշ են իմ՝ միայն լավ կամ վատ տրամադրությանը, և կան զբաղմունքներ, որոնք սկսում եմ արժևորել միայն հանգիստ կամ նյարդային պահերին: Այսպիսի բազմազանության մեջ միայն մի բան կա, որն ինձ համար ամեն րոպե նախընտրելի է. գիրքը: Թույլ տվեք Գրքի մասին խոսել իբրև անհատականության, և նրա անունը գրել միայն մեծատառով: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Գիրքը վեր է բոլոր այն հատուկ անուն կրող մարդկանցից, որոնք դժվար պահերին սատար չեն կանգնում, դիմացինին չեն հարգում, մարդու դրության մեջ չեն մտնում ու երբեք չեն կարեկցում: Գիրքն ի զորու է կատարել այս ամենն ու երբեք շահ չհետապնդել: Նա պատրաստ է հայտնվել իմ գրկում, երբ ես լաց եմ լինում, իր նուրբ ու բարակ թերթերի վրա կրել իմ՝ երբեմն հորդ անձրևի կաթիլի ծանրության արցունքները ու էլի մնալ ընթեռնելի: Նա պատրաստ է գիշերել իմ անկողնում՝ բարձիս տակ, սեղանիս վրա, երբեմն՝ փոշոտ գրադարակում, երբեմն էլ՝ նույնիսկ հատակին, բայց երբեք չդժգոհել՝ փափուկ անկողին չունենալու պատճառով: Գիրքը պատրաստ է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կարող են ինձ ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Նա կարող է առաջին հայացքից անշուք թվալ, չգրավել, բայց էջերը թերթելիս սփռել իր տարիների իմաստության հոտը, որն ինձ համար վեր է ամեն տեսակ շքեղությունից: Գիրքը պատրաստ է օգնել ինձ, երբ ես ցանկանում եմ որևէ բան իմանալ: Այն պատրաստ է ծառայել ինձ որպես գիտելիքի աղբյուր, կամ պարզապես՝ անձրևից պաշտպանվելու հարմարանք: Այն ինձ սպասում է գրադարանում, գրախանութում, իմ գրադարակում: Հաճախ ես ուղղակի անտարբերության եմ մատնում Գրքին՝ այն չընթերցելով և անգամ փոշին չսրբելով, բայց նա երբեք չի դադարում լայն ժպիտով ժպտալ ինձ՝ ամեն անգամ նույն տեղից, նույն դիրքով:

Ահա այսքան լավն է իմ հին ու նոր ընկերը: Իսկ դուք, մարդի՛կ, ափսոսում եք այն դարակը, որ գրքերով պիտի լցնեք: Անարդա՜ր է:

lilit grigoryan

Անձնական դիջեյներ չե՞ք ուզի

Մտածում էի ու ուզում էի գտնել մի հաճելի բան, թե ինչով է մեր կյանքը տարբերվում հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական սերիալներից: Դրանցից շատերը նկարահանված են իրական դեպքերի հիման վրա: Սերիալներում էլ կան դրվագներ, որտեղ մարդիկ առավոտյան վեր են կենում, փողոցով ուղղակի քայլում են, գնում են դպրոց, աշխատանքի, առևտուր են անում: Դե, մեր առօրյայի մի մասն են սրանք կազմում: Չեմ ուզում հայկական սերիալների մասին երկար խոսել, որովհետև չեմ հետևում դրանց ու երևի քննադատությամբ մոտենամ այդ հարցին:

Ձեզ դուր չե՞ն գալիս մեր հայկական սերիալները: Ինձ էլ: Ավելի ճիշտ՝ նույնատիպ սցենարներն ու դերասանական կազմը: Գիտեմ, շատ եմ լսել, որ մեկ սցենարում նույն դրվագը կարող է չորս, հինգ անգամ կրկնվել ու ձանձրացնել հեռուստադիտողին: Ասում են, որ հայկական բոլոր սերիալներում էլ գլխավոր դերում միշտ ինչ-որ սիրահար զույգ է, որի շուրջը ծավալվում են մյուս իրադարձությունները, այդ թվում՝ մշտապես մեկ-երկու ավտովթար, բարեկամների հետ տարբեր խնդիրներ, վեճեր, բաժանում ու միացում, նոր անծանոթ անձի առկայություն, որը փոխում է սցենարի ընթացքը: Նոր բան չասացի, գիտեմ: Ուզում էի չխոսել այս մասին, բայց չստացվեց:
Լավ, ինչ էի ուզում գտնել: Հա, հաճելի ու դրական բանը հայկական սերիալներում, որ չկա մեր կյանքում՝ երաժշտությունը: Ամեն դեպքի, քայլի հետ՝ երաժշտություն: Քայլում ես, ոտքդ ոլորվում է, ու հնչում է տխուր կամ տագնապալից երաժշտություն: Զվարճանում ես, վայելում օրդ՝ թեթև երաժշտություն: Հուզված ես՝ հուզիչ ու սիրտ շոյող երաժշտություն: Գեղեցիկ է: Անգամ քնած ես կամ նոր ես արթնանում, ու այդ ժամանակ՝ էլի տրամադրությանը համապատասխան երաժշտություն: Չեմ նայում սերիալներ, բայց անգամ, երբ հարևանի տանն եմ, երաժշտությունն ինձ ձգում է դեպի հեռուստացույցի էկրանն ու այնպես անում, որ այդ օրվա սերիան մինչև վերջ նայեմ ու սպասեմ հաջորդին:
Նույնը իրական կյանքում կուզեի: Դե, ես կարողանում եմ կարգավորել դա՝ քթիս տակ ինչ-որ երգեր երգելով, երբ գնում եմ խանութ, երբ տխուր եմ ու լուրջ պատճառ կա դրա համար, երբ ուրախությունից կարելի է անգամ ճչալ: Շշուկով երգում եմ, բայց ավելին եմ ուզում: Ուզում եմ, որ այդ ձայներն ավելի բարձր լինեն, ինչպես, օրինակ՝ մեր ավտոմեքենան սլանում է` ներսում ես, քամին ու Սելին Դիոնը: Ուզում եմ, որ մենք երկնքում ունենանք մեր անձնական դիջեյները:
Այս մի բանով սերիալներն ինձ ավելի հաճելի են: Ամեն բան քննադատելուց առաջ դրա մեջ լավը տեսնելը մեզ չի խանգարում, ավելին՝ դրական էներգիա է փոխանցում:

մարինե իսրայելյան

Ուսանողական վախեր

Արդեն բավական ժամանակ է անցել, և ես դժվարանում եմ հիշել, թե ինչ պատկերացումներ ու սպասելիքներ ունեի առաջին դասարան ոտք դնեուց առաջ, և արդյո՞ք արդարացան դրանք, թե ոչ, բայց ամենայն հավանականությամբ ես միայն համակերպվեցի:

Երկար ժամանակ չի անցել, բայց ես կրկին չեմ հիշում, թե ինչ սպասելիքներ ունեի համալսարանից, բայց հիմա ինչ-որ զգացում ունեմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ: Չհիշելով իմ երազանքները, չգիտես ինչու, հիշում եմ ընկերներիս, ծանոթներիս երազանքները, օրինակ` նրանցից ոմանք պատկերացնում էին, որ լսարանները լինելու են կիսաշրջանաձև` ներքևում ամբիոնը, գրատախտակը և դասախոսը, իսկ նրա շուրջը դեպի վեր կազմահարկերով ձգվելու են սեղաններն ու նստարանները, ճիշտ ինչպես ֆիլմերում: Երևի այդ մարդիկ մի քիչ կոտրվեցին, քանի որ մեր լսարանները դպրոցական դասարաններին շատ նման են, ուղղակի մի քիչ ավելի մեծ: Ինչ-որ մեկը պատկերացնում էր լուսավոր, հարմարավետ ու ամենակարևորը, լայն կերակրացանկով բուֆետ, բայց դե դա ևս չարդարացավ: Ինչևէ, մենք ինչ ասես չենք պատկերացնում, բացի այն հիմնականից, ինչը հենց համալսարանի իրական գործառույթն է, այսինքն, որակյալ և կայուն գիտելիքի մատուցումը:

Այս ամենը գրելու առիթը եղավ այն, որ սեպտեմբերի մեկը տարբեր կերպ անդրադարձավ նոր ուսանողների վրա: Եղան մարդիկ, որ մի քիչ հիասթափվեցին, մի քիչ ընկճվեցին: Հետո նրանք իհարկե ժպիտով են հիշելու այնօրվա հուզմունքը, բայց կարծում եմ, որ դա բնական է, և հատուկ է բոլորին, որովհետև մենք գուցե երևակայում էինք, որ մեր ինքնաթիռը պիտի վայրէջք կատարի Պետերբուրգում, բայց պարզվում է, որ այն իջել է Մոսկվայում: Մոսկվան էլ վատ քաղաք չէ, թեև ժամանակին ընդամենը մեծ գյուղ է եղել, պարզապես մենք նրա մասին չէինք երազել:

Խնդրի լուծման համար պիտի լայնացնենք մեր երազանքների շրջանակները և ուրախ ապրենք, չէ որ ուսանողական կյանքի յուրաքանչյուր խոչընդոտ (որոնք երբեմն այնքան շատ են) բացասական վերաբերմունքի դեպքում մեզնից կխլի մեր կյանքի հիասքանչ օրերից մեկը, իսկ պայծառ հայացքի դեպքում` այն հեշտությամբ կհաղթահարվի և քաղցր հուշ կդառնա մեր կյանքի հաստափոր գրքում:

sona mkhitaryan

Նոր, բայց հին արկածներ

Առավոտյան ժամը 8-ին ընկեր-ուսանողներով գնացինք կանգառ, Ակնալիճ գյուղից նստեցինք ուսանողական ավտոբուսը: Հասանք, գնացինք համալսարան: Լավ էր: Ծանոթացանք ամեն ինչին, հանդիպեցինք դեկանին ու փոխդեկանին: Հետո դաս արեցինք: Մեր դասարանի տղաներից մի քանի հոգի եկել էին մեր համալսարան: Կեսժամանոց դասամիջոցին հանդիպեցինք: Ես՝ ահավոր սոված, ծարավ, ոչ մի բանի տեղ չգիտեի, որ գոնե ջուր խմեի: Առանձին լսարանում նստած խոսում էինք, մեկ էլ Մայիսը (մեր դասընկերը, բանակում է) զանգեց, բոլորիս հետ խոսեց, շնորհավորեց: Մենք էլի գնացինք դասի: Դասախոսը դաս է պատմում, Ֆուրմանը ինձ զանգում է.

-Այ աղջի ջան, դուրս արի՝ գոնե ջուր տամ:

-Է, չէ,- չցանկացա դասախոսից դուրս գալու թույլտվություն խնդրել, դե, դեռ չեմ հարմարվել մի տեսակ:

Դասերը վերջացան, գնացինք միասին Լունապարկ, ես հանդիպեցի 17-ի Մանեին, երկար խոսեցինք: Հետո դասարանի երեխեքով որոշեցինք գնալ «Մոսկվա» կինոթատրոն: Գնացինք, ընտրեցինք մի ֆիլմ, նայեցինք, դուրս եկանք: Ճանապարհը չգիտեինք, դրա համար Լյուդվիգը թե՛ գնալուց, թե՛ գալուց իր բարեկամին էր զանգում՝ իմանալու, թե որ համարի երթուղայինը ուր է գնում: Մեզ բացատրեց, թե ոնց հասնենք հրապարակ ու գնանք Մաշտոցի պողոտա: Մենք հասանք հրապարակ, բայց սխալ ճանապարհով գնացինք ու հասանք եսիմ՝ ուր: Զանգեց նորից իր բարեկամին, պարզվեց՝ սխալ էր, Լյուդվիգի վրա կատաղած հետ գնացինք: Մեկի ոտքերն էին ցավում, մյուսի՝ գլուխը, մեկը սոված է, մյուսը քնել է ուզում: Մի կերպ հասանք Կիլիկիա ավտոկայան, բայց Արմավիր գնացող ոչ մի երթուղային չկար: Մութն արդեն ընկել էր, մենք էլ որոշեցինք գնալ Էջմիածին, էնտեղ Ռուբիկի հորեղբոր տղան մեզ կսպասեր, մեքենայով կտաներ տուն: Հասանք Էջմիածին, Ռուբիկը զանգեց եղբորը ու պարզվեց, որ նա մեզ ոչ թե Էջմիածնի ավտոկայանում է սպասում, այլ Կիլիկիայի: Մեր ծնողներն անընդհատ զանգում էին՝ ո՞ւր եք, ո՞ւր հասաք: Վերջը, տաքսիով տուն հասանք: Հա, չմոռանամ ասել, որ ճանապարհին Էմիլն էլ էր զանգել, նա նույնպես ծառայում է:

Հ. Գ. Ես պատմում էի իմ ուսանողական, բայց դասարանական սեպտեմբերի մեկի մասին: Այս օրը միշտ կհիշվի:

Մի կյանքի պատմություն

Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի

Չորս տարի առաջ էր, երբ մտադրություն անգամ չունեի ուսանող դառնալու: Ցանկությունս մեծ էր, բայց չէի ուզում ծնողներիս ավելորդ ծախսերի տեր դարձնել: Այդպես էլ չպարապեցի ո՛չ հայոց լեզու, ո՛չ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա և ո՛չ էլ իմ մասնագիտական առարկաները: Ընդունելության նախավերջին օրն էր, տխուր նստած էի: Մոտեցավ մայրս՝ արցունքոտ աչքերով:

-Ի՞նչ ես մտածում:

-Հեչ, մամ ջան, գլխացավ ունեմ:

Լռությունից հետո մայրս շարունակեց.

-Բալես, արի փորձի, էլի, կընդունվես՝ կընդունվես, չես ընդունվի՝ էլի կփորձես:

Երբ հայրս տուն վերադարձավ, սկսվեցին բանակցությունները փակ դռների հետևում: Մոտեցավ հայրս.

-Հը՞ն, չփորձե՞նք գնալ քո երազանքի հետևից: Միայն պիտի խոստանաս, որ հուսախաբ չես անի:

-Հա, հա, պապ ջան, խոստանում եմ:

-Դե, իմացի՝ ինչ ա պետք, վաղը գնում ենք:

Օրեր անցան, քննությունները հանձնեցի (ինձ թվում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ներքին վախ կար սրտումս): Եկավ վճռորոշ պահը՝ ընդունվե՞լ եմ, թե՞…

Երբ արդեն համալսարանի առաջ էինք, վազեցի, ներքին համոզմամբ, որ բախտը ժպտացած կլինի: Արագ-արագ կարդում էի անունները, «Ն» տառով ազգանունները երեք անգամ ուշադիր կարդացի, բայց իմ ազգանվանը այդպես էլ չհանդիպեցի: Երկու կամակոր արցունքի կաթիլ հայտնվեցին աչքերիս մեջ, ապա երրորդը, չորրորդը, հինգ, վեց… հարյուր, հազար: Հայրս տխուր էր.

-Հը՞ն, չկա՞: Ոչինչ, էլի կփորձես, հաջորդ տարվան թող:

Արդեն ուզում էինք գնալ, երբ մի միջահասակ մարդ մոտեցավ հորս:

-Ինչո՞ւ է լացում, վճարովի՞ է ընդունվել:

Ամոթից կարմրած հայրս.

-Չի ընդունվել, հաջորդ տարի կփորձի:

-Բայց այս տարի… Անունդ ասա:

-Նա… Նավա…

-Արմինե՞:

Էլի կարմրեցի, այդ պահին անգամ անունիցս էի ամաչում:

-Ապրես, աղջիկ, անվճար համակարդգի առաջատարն ես, ամենաբարձր միավորները գրանցվել են քո մոտ, շնորհավորում եմ:

Շփոթված էի, արցունքներս իրար հերթ չէին տալիս, որ շնորհակալություն հայտնեմ:

Իրենց բարդություններով ու խոչընդոտներով՝ անցան այս չորս տարիները, հանդիպեցի հորս նման մի հոգատար, աջակցող մարդու: Ամուսնացանք: Հարսի պատասխանատվություն կար վրաս, ուզում էի թողնել ուսումս, բայց ամուսինս արգելեց անգամ մտածել այդ մասին: Ծնվեց որդիս, ում ուղեկցությամբ ամեն օր վայելում էի ուսանող լինելու պատիվը:

Զրուցում էի հորս հետ.

-Պապ, կներես, դիպլոմս կապույտ ա, քեզ հուսախաբ արեցի:

Համբուրելով որդուս ճակատը՝ հայրս ժպտաց:

-Կարևորը այս թուշիկներն են միշտ կարմիր… Գլխավոր տիտղոսը մարդ լինելն է:

Վերջերս Աստծո կամոք, ծնողներիս, ընտանիքիս, հարազատներիս, ամուսնուս ու որդուս աջակցությամբ՝ հասա ամենադժվար ուղիներով անցած երազանքիս: Շնորհակալ եմ:

davit aleqsanyan

Վերջացան ամառային արձակուրդները

Բարև բոլորին, ով կարդում է նյութս: Ամբողջ ամառ համարյա տանը չէի լինում, այդ պատճառով չէի գրում: Իսկ ինչո՞ւ համարյա տանը չեմ լինում. ասեմ՝ սարում էի։ Ամբողջ ամառ աշխատում ենք, դրա համար էլ օրերն ենք հաշվում, թե երբ են դասերն սկսվելու:

Այս տարի սեպտեմբերի մեկին շատ անհամբեր էի: Արթնացա ժամը 6-ին՝ չնայած, որ զարթուցիչս ժամը 8-ին էր։ Բայց այդ անհամբերությունն էլ ունի իր պատճառները։ Դեռևս անցած տարվա երկրորդ կիսամյակից մենք դասղեկ չունենք, և ես անհամբեր սպասում էի, որ իմանամ, թե ով է մեր դասղեկը։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ուսուցչական կազմում փոփոխություններ են եղել, իսկ դա նշանակում է, որ լինելու են նոր դեմքեր, նոր ծանոթություններ։

Ժամը 9-ին հնչեցրին նոր ուսումնական տարվա առաջին զանգը։ Դպրոցի տնօրենը երեխաներին իր ուղերձը հղեց և, ամփոփելով անցած տարվա առաջադիմության արդյունքները՝ գերազանցիկ աշակերտներին գովասանագրեր հանձնեց։ Դրանից հետո եկան երկու զինվորական։ Չգիտեմ՝ ձեզ մոտ կա՞ նման բան, թե՞ ոչ։ Բայց սահմանամերձ գյուղերում շատ ամուր է կապը բանակի հետ: 10, 11, և 12-րդ դասարանի աշակերտներին տարան մի դասասենյակ, որտեղ սպաները պատմեցին մեր բանակի մասին, արդեն երկրորդ անգամ էի լսում։

Իսկ հանդիպումից հետո էլ իմացա, որ այս տարի նախորդ տարիների պես 10 հազար դրամ դժվարությամբ աշխատած գումար չեմ տալու և ասեմ՝ վերցրեք, գրքերիս փողն է, քանի որ սահմանամերձ գոտում ապրող երեխաների համար դասագրքերն այս ուսումնական տարվանից անվճար են դարձել։

Ջա՜ն, էլի դասի ենք։

Ani Ghulinyan

Ինչ էր պատմում ուղեկիցս

Մի անգամ մի մարդ, որ ինձնից շատ մեծ էր, ինձ Վանաձոր տանելիս ճանապարհին նայելով պատմում էր, թե ինչպես է Ռուսաց Նիկոլայ կայսրը հրամայել, որ կառուցեն այս ճանապարհը, որը մեր գյուղ է տանում, բայց գլխավոր ճանապարհը չէ: Ասում էր՝ եթե նա իմանար, որ մի օր այստեղով մեքենաներ են անցնելու, հաստատ ավելի լայն կկառուցեր:

Պատմում էր նաև, թե ինչքան շատ մարդ կար մեր գյուղում Հովհաննես Թումանյանի 100-ամյակին, որ այդ օրվանից 48 տարի է անցել, բայց այսօրվա պես հիշում է, թե ինչպես էր իր ընկերների հետ առաջին շարքերում կանգնած դիտում, թե ոնց են Խորհրդային Միության հայտնի դեմքերն անցնում Դսեղի փողոցներով: Պատմում էր նաև, որ Հովհաննես Բաղրամյանը մի տան շեմքին հաց ուտելուց հետո բարձրաձայն ասել է, որ դսեղեցիք իր տեսած ամենահյուրընկալ ժողովուրդն են: Այդ օրերին մեր գյուղում ասեղ գցելու տեղ չի եղել, բոլոր ճանապարհները փակված են եղել, բոլոր տներում՝ հյուրեր: Ասում են, որ 150-ամյակին էլ մի այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, բայց նախորդ տարեդարձներին եկած մարդկանց թիվն ընդհանրապես հուսադրող չէ:
Տարիքով բավականին մեծ այդ մարդը, որի հետ ես ճանապարհ էի գնում, ասում էր, որ ամեն օր ցանկություն է պահում, որ մի օր էլ այդ նույն ճանապարհով Դսեղ գա՝ Թումանյանի հարյուր հիսուն ամյակին, ու նոր մեռնի:

Մեծերից այնքան հետաքրքիր պատմություններ կարելի է լսել, մանավանդ՝ նախորդ դարի կեսերի պատմություններ, պարզապես պետք է ականջ դնել ու հետաքրքրվել, նրանք հաստատ կուզենան պատմել իրենց երիտասարդական հիշողություններից, որովհետև ասում են՝ երիտասարդ տարիներիդ մասին ուրիշներին պատմելով՝ կարող ես մտովի հետ բերել քո երիտասարդությունը:

syuzanna navasardyan

Պապ, հիշո՞ւմ ես

Պա՜պ, հիշո՞ւմ ես՝ երբ տանն էիր, մենք սիրում էինք նստել խոհանոցում։ Դու նստում էիր պատուհանին կից դրված նստարանին, իսկ ես այնպես էի նստում, որ գլուխս դնեմ ուսիդ ու ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ։ Գրկում էի քեզ ու աշխարհն էի գրկում, աշխարհն իմն էր այդ պահին։

Պա՜պ, իսկ հիշո՞ւմ ես՝ ինչքան չարություններ էինք անում, ինչքան էինք ջղայնացնում մամային ու ինչքան կատակներ էինք անում։ Ես հիշում եմ, ասեմ ավելին՝ քեզ հետ կապված ոչ մի բան չեմ մոռանում։

Դու պատմում էիր ինձ քո մանկության մասին, քո պատանեկան արկածների մասին: Գիտե՞ս՝ կարոտում եմ ձայնդ, աշխատանքից կոշտացած ձեռքերդ, որ այդքան գրկել են ինձ ու բռնել են ձեռքս, կարոտել եմ հայրական խորհուրդներդ, որոնք ինձ միշտ օգնել են ու քո՝ ինձ դիմելու ձևն եմ կարոտել անգամ։

Բոլորն ասում են, որ ես քեզ եմ նման բնավորության իմ բոլոր գծերով, քեզնից ժառանգել եմ անգամ սերն ու հետաքրքրությունը մեքենաների հանդեպ։ Ուղղակի ես դեռ կարգին վարել չգիտեմ. դու ինձ դեռ սովորեցնելու բան ունես։

Քեզնից ժառանգել եմ հպարտությունս ու խիղճս, որն ինձ թույլ չի տալիս գոռոզանալ, հոգատարությունս ու սառը դատելու կարողությունս, երբեմն կարող եմ կոպիտ լինել, քեզ նման ես էլ չեմ կարողանում թաքցնել զգացմունքներս, չեմ կարողանում կեղծ ժպտալ։

Պապ ջան, շուտ արի, որ մեր Սաքի ծնունդը էլի տոնի վերածենք, շուտ արի ու քո աղջիկների հետ եղիր, մենք, իսկապես, շատ ենք զգում քո կարիքը։ Տարածությունը բաժանել է մեզ, բայց ոչինչ կյանքում իմ սիրուց ուժեղ չի կարող լինել։ Եվ հետո՝ ես քո աղջիկն եմ, ուրեմն չեմ տխրում, չեմ հանձնվում: Չէ՛, տխրելը՝ խաբեցի։

Տատիկի Արո, պապիկի Արայիկ, մայրիկի ուժ, Սաքի պապա, իմ ամրություն ու վստահություն, շո՜ւտ տուն արի։