մարիամ եղոյան

Բակային խաղեր

-Մարիա՛մ, տո՛ւն արի, հերիք է խաղաս:
-Մա՛մ, դեռ չի մթնել, մի քիչ էլ խաղամ, նոր տուն կգամ:

Կամ.
-Մարիա՛մ, արի հա՛ց կեր, հետո էլի կխաղաս:
-Մա՛մ, սպասիր Նարինեին էլ գտնենք, նոր կգամ:

Մանկությանս տարիներին իմ և մայրիկիս միջև հաճախ էին այսպիսի կարճ խոսակցություններ լինում: Ամեն անգամ մի նոր պատճառ գտնելով՝ ես խուսափում էի տուն գնալուց: Միայն մութը կարող էր ինձ և բակի մյուս երեխաներին ստիպել տուն գնալ: Իսկ տուն մտնելուց հետո էլ նստում ու մտածում էի, թե ինչ սխալ քայլ եմ արել այդ օրվա բակային խաղերում, որ էլ այդպես չխաղամ, որ կատարելագործվեմ: Եվ այսպես, բակային խաղերից դեռ չկտրված՝ նորից մտածում էի դրանց մասին:

Թեև դեռ այնքան էլ մեծ չեմ, բայց արդեն կարոտում եմ բակային խաղերը: Հատկապես, երբ տեսնում եմ, որ այսօր արդեն շատ քիչ փոքրիկներ են բակում խաղում: Մեր բակն այդ առումով կարծես դատարկվում է: Եվ զարմանում եմ, թե փոքրիկները որտեղ և ինչպես են ծախսում իրենց մեջ կուտակված էներգիան: Օրերն ամռանը երկարում են, տաքանում, բայց բակում այդպես էլ փոքրիկներ չեն երևում: Երբ ինձ հարցնում էին, թե ինչ նվեր կուզենայի ստանալ ծննդյանս օրվա կապակցությամբ, անմիջապես պատասխանում էի՝ գնդակ, պարան, օղակ, տիկնիկ: Ու չէի հոգնում միշտ նույնը խնդրելուց, որովհետև անընդհատ դրանց նորերն էի ուզում:
Իսկ հիմա, երբ յուրաքանչյուր փոքրիկի հարցնում ես, թե ինչ կցանկանար ունենալ, պատասխանում է՝ փող, Iphone, մեքենա, համակարգիչ: Նրանք չունեն մանկական այլ հետաքրքրություններ:
Կարծում եք անհնա՞ր է պատկերացնել կյանքն առանց համակարգչի, հեռախոսի ու ինտերնետի: Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել: Բայց այսօր դեռ կան այնպիսի երեխաներ, որոնք գիտեն, թե ինչ է իսկական մանկությունը: Երբ նայում եմ այսօրվա երեխաներին, որոնցից շատերն իրենց օրն անցկացնում են համակարգչի առջև նստած և նրանում եղած զանազան խաղերով տարված, աչքիս առաջ են գալիս այն պահերը, երբ չէի ուզում բակից տուն գալ, երբ անվերջ խաղում էի ու խաղում: Այսօր բակային խաղերին փոխարինելու են եկել վիրտուալ խաղերը, սակայն, իմ կարծիքով դա ամենևին էլ համարժեք փոխարինում չէ: Իհարկե, ես միանգամայն դեմ չեմ համակարգչային խաղերին: Կան խաղեր, որոնք զարգացնում են տրամաբանությունը, բայց ժամանակակից երեխաները քիչ-քիչ կտրվում են բակային խաղերից, ինչը կարող է վատ անդրադառնալ ապագա սերնդի առողջության վրա: Նրանք այժմ չեն գիտակցում, բայց հետո կհասկանան, որ բաց են թողել մանկության ամենակարևոր էջերից մեկը:
Իսկ Չարլզ Չապլինն ասել է. «Նա, ով երբեք երեխա չի եղել, երբեք հասուն մարդ չի դառնա»:

Մեր նոր թղթակիցները

Ծանոթացեք. Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղից են նրանք՝ Գայանեն և Լուսինեն: Դեռ պատմելու շատ բան ունեն, իսկ այսօր պարզապես ներկայանում են: Եվ մի գաղտնիք. Բազմաղբյուր գյուղ 17-ի թիմը այցելել է նրանց ուսուցչուհու՝ Մարինե Մխիթարյանի նամակ-հրավերով, հանդիպել աշակերտներին: Երանի նման ուսուցիչները շատ լինեն, որոնք խրախուսում և ոգևորում են իրենց աշակերտներին: 

Հույս ունենք, որ այս համագործակցությունը երկար է տևելու:

 Ինչու՞ չէ, որ…gayane grigoryan

Օրեր առաջ էր, երբ մեզ հյուրընկալվեցին 17.am-ի թղթակիցները: Նրանք մեզ պատմեցին կայքի մասին, ինչպես նաև խաղ կազմակերպեցին, որի ընթացքում հաղթողները պարգևատրվեցին նոթատետրերով: Ճիշտ է, ես հաղթողների ցանկում չեղա ու չստացա նոթատետր, սակայն հույսս չեմ կորցնում, որ օրերից մի օր կդառնամ 17.am-ի թղթակիցներից մեկը: Ինչու՞ չէ որ: Հենց այս մտքով էլ որոշեցի դառնալ 17-ցի: Երևի իմ լավ կողմերից մեկը հենց այն է, որ ես նպատակասլաց եմ:

Ես Գայանեն եմ՝ տասնչորս տարեկան: Ապրում եմ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղում: Գյուղ, որտեղ բնությունը աննկարագրելիորեն գեղեցիկ է, որտեղ մարդիկ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Զարմանալի է, թե ինչո՞ւ են մեր գյուղում աճող մրգերն ու հատապտուղներն այսքան համեղ: Մեր գյուղը հայտնի է եղել Թաքիա, Թեքքե, Տակիյա անուններով: Տատիկս պատմում է, որ հին ժամանակներում այստեղ թուրքեր են բնակվել, որի պատճառով էլ գյուղն այդպես է անվանվել: Սակայն հետագայում մեր պապերը Վանից, Խութից, Մուշից, Ալաշկերտից գաղթել են այստեղ, և գյուղը վերանվանվել է Բազմաղբյուր՝ «Բազում աղբյուրների ընտանիք»: Գյուղից երբ ինչ-որ մեկը մեկնում է արտերկիր, անպայման իր հետ ջուր է տանում աղբյուրներից՝ որպես «ղսմաթ»:

Ինչպես բոլոր գյուղերը, այնպես էլ մեր գյուղն ունի նաև իր վատ կողմերը, բայց դրա մասին հաջորդ անգամ….

Գայանե Գրիգորյան, 14տ.

Իմ երազանքների գյուղըLusine Manukyan

Իմ հայրենի գյուղը Բազմաղբյուրն է: Ես այստեղ եմ ծնվել եւ մեծացել։ Շատ հիշողություններ ունեմ Բազմաղբյուրի հետ կապված։ Մեր գյուղը բարձրադիր վայրում է, ունի գեղեցիկ դաշտեր եւ անտառներ, իսկ օդը շատ զով է։

Բայց այս ամենը դեռ բավական չէ: Ես ցանկանում եմ, որ մեր գյուղը լինի առաջինը և միակը բոլոր գյուղերի մեջ։ Ուզում եմ, որ հեքիաթային լինի, մտնեմ գյուղ ու աղբյուրների ձայնը լսեմ, մեր գյուղի գետում` Շահվերդում, շատ ձկներ լողան, եւ բնությունը մաքուր լինի։ Երազում եմ, որ մի օր մեծ մարդ դառնամ եւ մեր գյուղի համար լավ գործեր անեմ: Շատ բան չեմ ուզում, չէ՞:

Լուսինե Մանուկյան, 14տ.

ellaMnacakanyan

Երևանի շոգն ու երթևեկությունը

Երևանի համար 58 ավտոբուսի մեջ միշտ լիքը մարդ կա: Միշտ՝ անկախ օրվա ժամից, եղանակից ու շաբաթվա օրվանից: Դե՜ իսկ հուլիսյան շոգ կեսօրին այդքան մարդու մեջ վերջանում է նաև շնչելու օդը, իսկ առջևումդ նստած մի տատիկ անպայման հանդիմանում է քեզ, երբ համարձակվում ես բացել պատուհանը.

-Փակի՛ր, հա՞, աղջիկ ջան, փչում ա,- ես, հոգոց հանելով, փակում եմ պատուհանը՝ այնուամենայնիվ մի փոքրիկ ճեղք թողնելով վերջում, որից ներթափանցած տաք ու փոշոտ օդը, հույս ունեմ՝ պիտի փրկի ինձ անտանելի շոգից:

Ավտոբուսը փոքր-ինչ դատարկվում է Հրապարակի հաջորդ կանգառում, և կարողանում եմ ավելի հարմար տեղավորվել կանգնածս անկյունում: Հաջորդ անգամ  ավտոբուսը կանգ է առնում լուսացույցի կարմիր գույնի պատճառով: Ես մի թեթև հայացք եմ գցում պատուհանից՝ տարածական կողմնորոշումս չկորցնելու համար: Մանկավարժական համալսարանի խաչմերուկն է: Ուշադրությունս գրավում են անցումով անցնող սովորականից շատ երիտասարդները: Գրեթե յուրաքանչյուրի ձեռքին մի մոխրագույն, ուղղանկյունաձև իր կա: Տրամաբանությունս լարում եմ ու հասկանում՝ երևի ավարտական դիպլոմներն են ստացել այսօր: Արդարության համար պիտի նշեմ, որ ոչ մեկի դեմքին ուրախության կամ գոնե տխրության ոչ մի նշույլ չի երևում:

-Ինչպե՞ս է հնարավոր այսքան անտարբեր լինել, երբ վերջապես ավարտել ես համալսարանը,- գրեթե անձայն ինքս ինձ ասում եմ ես:

Հետո մտածում եմ. «Բայց ինչո՞ւ վերջապես:»: Հանկարծ հասկանում եմ, որ դեռ նոր-նոր եմ ընդունվել համալսարան, բայց արդեն մտածում եմ այն վերջապես ավարտելու մասին: Ինչո՞ւ: Պատճառը երևի այն է, որ չափազանց շատ եմ լսել բողոքներ ուսանողական կյանքի մասին, երազանքներ հնարավորինս շուտ ավարտելու մասին: Բայց մի՞թե կարելի է այդքան տհաճություն զգալ սովորելիս, երբ գնում ես քո երազած մասնագիտության հետևից: Չնայած՝ ոչ միշտ: Ցավոք, ոչ միշտ…

Ես սթափվում եմ մտքերից: Ավտոբուսն արդեն մոտենում է իմ կանգառին: Պիտի իջնեմ: Զարմանքով նկատում եմ, որ ավտոբուսը բավականին դատարկվել է: Փաստորեն, 58-ում երբեմն նստելու տեղ էլ է լինում, այն էլ՝ իմ կանգառից ահագին շուտ:

elizabet harutyunyan

Առանց վարդագույն ակնոցի

-Էլիզա, տանից դուրս գալուց առաջ Ռուդիկ ձյաձյային սուրճ կդնես։

Ռուդիկ ձյաձյան արհեստավոր վարպետ է, նա վերանորոգում է մեր բնակարանը: Մայրիկիս այս խոսքերն ինձ ստիպեցին արագ շարժվել, որ չուշանամ։

Շենքի մուտքի մոտ հարևաններից մեկի երեխան ուսով հարվածեց մյուս հարևանուհու ուսին և ներողություն խնդրեց: Տուժողը ժպտաց և անցավ։ Ուսով հարվածողը Վարդուհին էր, մեր շենքում բնակվող մի աղջիկ, որը շատ բարի է և քաղաքավարի։ Այս տեսարանն ինձ հիշեցրեց Վարդուհու բարեհամբույր բարևների մասին։ Միշտ ինձ կամ մորս հանդիպելիս բարևում է և անգամ հետաքրքրվում, թե ինչպես ենք։ Նրա սիրալիր բարևներին մարդիկ պատասխանում են կա՛մ արհամարհանքով, կա՛մ էլ չեն պատասխանում։ Նա տարբերվում է շրջապատի մարդկանցից, ունի առողջական խնդիրներ, բայց այդ խնդիրներին զուգահեռ՝ ունի այնքան բարություն, որքան չունի ոչ մեկն այդ շենքերից։
Մի քիչ ավելի հեռու գնացի շենքից, և պատահեց այնպես, որ այդ երկուսի ճանապարհներն էլի խաչվեցին։ Այս անգամ Վարդուհին իր մոր հետ էր: Աղջիկն էլի պատահաբար կպավ տիկնոջ ուսին։
-Վարդուշի՛կ, առաջ ընկի, անուշադիրի մեկն ես։
-Ոչինչ, տիկի՛ն, մի՛ զայրացեք,- տուժողի պատասխանն ինձ դուր եկավ։
-Չէ, դե գիժ ա, էլի, կներեք։
Այս պատասխանն աղջկա մոր շուրթերից լսելն ինձ համար շոկային էր։ Տուն վերադարձա բավականին ուշ, բայց միանգամից մայրիկիս հարցրի Վարդուհու մոր մասին: Մայրս պատմեց, որ Վարդուհին հաճախում է հատուկ դպրոց։ Իսկ այդ կինը նրա հարազատ մայրը չէ: Նա ամուսնու աղջկան կոչում էր «գիժ»։
Շատ անգամներ ֆիլմերում և մուլտֆիլմերում խորթ մայրերը չեն սիրում խորթ երեխաներին, իսկ պատմություններում, որոնք ես էի կարդացել, լավ էին վերաբերվում և իրենց հարազատներին հավասար սիրում էին։ Ես տեսել էի ֆիլմ, մուլտֆիլմ, կարդացել գրքեր և պատմություններ: Նախընտրում էի իրականությունը չտեսնել։
Վաղն էլի կգա, էլի կլինի առավոտ, և էլի մայրս կհանձնարարի մեր վարպետին սուրճ մատուցել, և ամեն անգամ շենք մտնելիս կտեսնեմ այդ աղջկան, մի քիչ կհուզվեմ, ուղղակի կժպտամ և կանցնեմ։

Nane Eghiazaryan

Հուլիսի չորսին

Հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասում տեղի ունեցավ մատուռի բացում: Ներկա էին հիմնականում ժամկետային զինծառայողները: Իսկ ես ներկա էի որպես իմ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի անդամ: Պարզվեց, որ մատուռի գաղափարը զորամասի հրամանատարն ունեցել էր վաղուց, բայց չէր գտել այն կառուցելու ճիշտ ժամանակը: Եվ, վերջապես, ճիշտ ժամանակը եկել էր. հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասի 20-ամյակն էր, և նոր Սուրբ Գրիգոր Տաթևացի մատուռի բացումը:

Շոգ էր, բայց մարդկանց երեսին դժգոհության մի նշույլ էլ չկար, չնայած՝ շատերը կանգնած էին արևի տակ: Մատուռը կառուցելիս ամեն զինվոր իր ներդրումն էր ունեցել, իսկ ֆինանսապես օգնության էին հասել շատ բարերաներ: Թեմի առաջնորդն ասաց, որ դեռ շատ այսպիսի մատուռներ են բացվելու, ու մի անգամ ևս նշեց, թե ինչքան կարևոր և ամուր է ազգ-եկեղեցի-բանակ-հայրենիք կապը:

Դե, մեր երգչախումբը երգեց, ավարտվեց միջոցառումը, և մենք վերադառնում էինք Ջերմուկ, երբ որոշեցինք գետի ափի մոտ մի փոքր զովանալ: Կանգ առանք մեզ հարազատ Արփայի ափերին: Ընկերուհիս անընդհատ չորս կողմն էր նայում, և ինչ-որ բան էր փնտրում, հետո երևի իր ուզածը չգտնելով՝ ինձ հարցրեց, արդյոք մոտակայքում աղբարկղ կար: Ես էլ նայեցի շուրջս ու տեսա տոպրակների ու էլի պիկնիկից հետո մնացած աղբի հետքերը, իսկ երբ ուզում էի նրան պատասխանել, հանկարծ մեր երգչախմբի փոքրիկ անդամներից մեկը ուրախ-զվարթ ասաց.

-Չե՞ս տեսնում, ամբողջ շրջակայքումդ աղբ է: Ուրիշ մարդիկ գցել են, դու էլ գցիր նրանց պես:

Ճիշտ է, մենք նրան բացատրեցինք, որ շրջակայքը աղտոտել չի կարելի, բայց գուցե ուրիշ այդպիսի շատ-շատ երեխաներին բացատրողներ չգտնվեն:

Ani Harutyunyan

Ինչու եմ ուզում լրագրող դառնալ

Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, կամ մարդն է գեղեցկացնում աշխատանքը։ Ավելի հակված եմ երկրորդին։ Աշխատանքը չպետք է դառնա պարտականություն, այլ հաճույք՝ համատեղած օգտակարի հետ։

Չեմ հասկանում՝ ինչպես են մարդիկ ընտրում այն մասնագիտությունը, որը չեն սիրում, այն աշխատանքը, որին ամեն առավոտ դեմքի դժգոհ արտահայտությամբ են գնում։ Չսիրած գործով զբաղվելը հավասար է լիարժեք չապրելուն։

Չեմ հիշում՝ ինչպես, ում խորհրդով, երբ սկսեցի հետաքրքրվել լրագրությամբ: Հետո, հուրախություն ինձ, դպրոցում լրագրության խմբակ բացվեց. Էլ տարակուսելու ու մտածելու ոչինչ չկար. ես գտա իմը։

Լրագրությունը պահանջում է էներգիա, կրակ ներսումդ, հետաքրքրասիրություն, հաճախ էլ՝ անհամբերություն. այն, ինչ կա իմ մեջ, այն, ինչ ես եմ։

Ըստ իս, լինել լրագրող, նշանակում է մի քիչ լինել հետախույզ, լուսանկարիչ, գրող… Նշանակում է միշտ լինել պատրաստ ու ճիշտ ժամին ճիշտ վայրում։

Լինել լրագրող, նշանակում է մի կողմ դնել սեփական հույզերը, զգացումները, լինել էմոցիոնալ, բայց տուրք չտալ անձնական հուզումներին։

Շատ հաճախ լրագրողները ստիպված են լինում վտանգել սեփական կյանքը լավ ռեպորտաժ ստանալու համար: Խոսքս, իհարկե, ամեն քայլափոխի հանդիպող ցածր մակարդակի ու կասկածելի բովանդակությամբ տարբեր բլոգներում նյութեր հրապարակող «լրագրողների» մասին չէ: Իրական լրագրողը գիտի իր և ընթերցողի արժեքը: Նա պետք է նախ հարգի ինքն իրեն, իր կատարած աշխատանքը, որ հետո կարողանա հարգել իր լսարանին:

Այսօր պատերազմներն ու ահաբեկչությունները, ցավոք, մեր առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Ամեն օր մեր աչքի առջև լրագրողներն անցնում են ռմբակոծությունների, ռազմական լարված իրավիճակների միջով, որ կարողանան մեզ վերահասու դարձնել այն աղետներին, որոնց կողքով մենք անտարբեր ենք անցնում: Մարդիկ ու հենց իրենք՝ լրագրողները, պետք է կարողանան հասկանալ այդ մասնագիտության մեծ նշանակությունը երկրի ու ժողովրդի համար:

Ես արդեն իմ ուսերին զգում եմ այդ մեծ պատասխանատվությունը և պատրաստ եմ ու ուզում եմ դառնալ այդ վտանգավոր, բայց միաժամանակ հետաքրքիր, արկածներով ու նոր բացահայտումներով լի մասնագիտությունն ունեցողների բանակի մի մասնիկը, լիարժեք մասնիկը:

Ի վերջո, ինչո՞ւ եմ ցանկանում լրագրող դառնալ. կան մարդիկ, ովքեր նախընտրում են լռելը, ու մարդկային, հասարակական շատ խնդիրների կողքով երես դարձրած են անցնում: Բարեբախտաբար ես նման մարդկանց խմբին չեմ դասվում: Չեմ կարող չբարձրաձայնել այն, ինչն անհանգստացնում է ինձ: Անգամ երբ ինքս էլ չեմ կարողանում օգնել, փորձում եմ գրել, տեղեկացնել մարդկանց, հուսալով, որ ինչ-որ մեկը կհայտնվի: Լրագրությունը հնարավորություն կտա ավելի շատ նկատել մեր փոքր երկրում առկա մեծ ու աննշան խնդիրները, կտա հարթակ, որտեղ կկարողանամ խոսել դրանց մասին ու հանգիստ լինել, որ ես էլ իմ ուժերի չափով կարողացա օգնել:

ՖեմՔեմփ

Մեզ համար կարևոր բաների մասին խոսելը միշտ էլ ամենադժվարն է, դրա համար մի կերպ եմ հաղթահարում «ՖեմՔեմփ»-ի մասին չպատմելու ցանկությունս: Մի տեսակ՝ իմ ունեցածը ուրիշին տալու վախ կա մեջս, բայց լավ, կպատմեմ:

Ես մեկն եմ 209 համարի աղջիկներից, որը հայտնվել էր ֆեմինիստական ֆորումում: Հանգստացի՛ր: Այս բարդ բառն ունի շատ պարզ բացատրություն: Ֆեմինիզմը գաղափարախոսություն է, որի նպատակը կանանց իրավունքների հավասարության սահմանումն է:

Այո, Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում ու պայքարում են կանանց իրավունքների համար: Այդ մարդկանց մի հաճելի խումբ աշխատում է «Հասարակությունն առանց բռնության» կազմակերպությունում: Հենց այդ մարդկանց «թեթև ձեռքով» էի ընտրվել որպես ֆորումի մասնակից:

Ճամբարի ընթացքում տեղի են ունենում բանախոսություններ՝ գենդերային անհավասարությունների, կանանց իրավունքների, մեդիայում սեքսիզմի առկայության, կանանց և գիտության, կանանց և քաղաքականության թեմաներով: Անչափ հետաքրքիր թեմաներով լի դասընթացներն ուղեկցվում են հաճելի ու ընկերական տաք միջավայրով:

Եվ ամենահաճելիի մասին. բախտի բերմամբ իմ կյանքի բոլոր ուրախ պահերին իմ կողքին է վաստակավոր 17-ցի Անի Ղուլինյանը, ում հետ մենք ճամբարի միակ 15 տարեկաններն էինք: Ափսոս, որ մենք քույրեր չենք, որովհետև բոլորն այդպես էին կարծում:

Գրում էի, ու որքան էլ ինձ ստիպում էի զգացմունքային չլինել, պիտի ասեմ: Ես արդեն կարոտում եմ բոլորին: Ես զգում եմ, որ ֆեմինիզմի մի մասնիկ իմ մեջ բնակություն է հաստատել, ու ես կօգնեմ նրան մեծ տուն կառուցել, որը կբավականացնի բոլոր կանանց՝ ապրելու իրենց իրավունքների գիտակցմամբ ու պաշտպանությամբ:

Անուշ Մկրտչյան

Մեծերի միջավայրում

Ոչ մի անգամ ինձանից մեծերի շրջապատում ինձ այնքան լավ չէի զգացել, որքան «ՖեմՔեմփ 2017»-ում: Ճամբարի հայտի մեջ տարիքային սահմանափակում կար, բայց չէի պատկերացնի, որ առաջին անգամ իմ գնացած ճամբարներից որևէ մեկում ես ամենափոքրը կլինեմ: Ինչպես հետո նշեցին կազմակերպիչները՝ 15 տարեկաններին ֆորումում ներառել չէին պատրաստվում, բայց իմ ու Անուշ Մկրտչյանի հայտերը հավանել են և որոշել հրավիրել:
Դե, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ բախտս բերեց, ու ֆորումը շատ հետաքրքիր էր: Այնտեղ ես ինձ մեծ էի զգում, բայց և ուրախ էի, որ մեծ չեմ:
Ինձ հետ էր նաև արդեն սովորություն դարձած անտեղյակությունը՝ սպասվելիք լավ բաների նկատմամբ: Այդ անտեղյակությունն ինձ հետ էր, երբ առաջին անգամ «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացին էի գնում: Ամեն անգամ, երբ մի լավ ճամբարի հայտ եմ լրացնում, միշտ այդպես է լինում: Երևի կյանքը շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, կամ էլ՝ ես ինքս ինձ:
Ֆորումում օգտակար տեղեկատվություն ստանալուց բացի ինձ համար նոր մարդկանց բացահայտեցի: Մեկին, ով բոլորին լսում, բայց շատ քիչ էր խոսում, մեկին, ում տեսնելով՝ բոլորը մտածում են, որ էլի են տեսել, մեկին, ում հանգստությանը նախանձել կարելի էր միայն: Բացահայտեցի նաև ինձ:
Արդեն զգում եմ, որ պատանեկությունս կամաց-կամաց անցնում է՝ տեղը զիջելով երիտասարդությանը, բայց ասեմ՝ շատ լավ է անցնում:

Անի Ղուլինյան

Եկեք՝ խաղանք

19621588_497174007284415_1364012756_n-6-Է-լե-նա՛…

-Երեխեք, սպասե՛ք, իջնում եմ:

-Չին-գա-չո՛ւնգ, չին-գա-չո՛ւնգ…

-Օ՜յ, ես հաղթեցի, իմ թիմը առաջինն ա խաղում:

19578932_1025112060959347_1327152359_o-4Ահա այսպես է սկսվում Մարտունի քաղաքի միկրոթաղամասում բնակվող երեխաների առօրյան՝ իրենց կազմակերպած կամ հորինած խաղերով:

19619945_1025112024292684_2117226569_o-5-Լավ, երեխեք, էս խաղից հոգնեցի, եկեք ուրիշ բան մտածենք:

-Ես մտածեցի, խաղում ենք ձմերուկ:

-Էդ ի՞նչ խաղ ա:

19576285_497174490617700_1510179659_n-3-Ուրեմն, բոլոր գնդակները հավաքում ենք, շրջան ենք կազմում, ու սկսում ենք գնդակները տալ իրար: Ում ձեռքից ընկավ, նա դուրս է գալիս խաղից:

-Խաղո՜ւմ ենք:

-Ո՜ւֆ, երեխեք, արդեն քիչ-քիչ մթնում է, ու շուտով կկանչեն տուն:

-Չէ, չեն կանչի, ծնողները դրսում են, ու լավ էլ զրուցում են: Մենք դեռ երկար կխաղանք:

19553446_497173650617784_2010205258_n-2-Երեխե՜ք, տղաները հեծանիվ են քշում, եկեք գնանք մենք էլ քշենք:

-Բայց կտա՞ն:

-Հա բա ո՞նց չեն տա, կխնդրենք՝ կտան:

19650193_1025111817626038_494171818_o-7Այս թաղամասը լայն խաղադաշտ է ֆուտբոլ խաղալու համար, հարմարավետ թաքստոցեր ունի պահմտոցի խաղալու համար, իսկ երեկոյան ժամերին խաղերից հոգնած դառնում է հրապարակ՝ հեծանիվ քշելու համար:

milena khachikyan

Բարեւ, ինչպե՞ս ես

Օտար քաղաքի օտար փողոցներով այսօր քայլել է մեկը՝ քո նմանությամբ, եւ ես երկար, շատ երկար մտածել եմ նրա մասին… Այդպես պատահում է, երբ հանկարծ անհաղորդ ես դառնում աշխարհի անցուդարձին, որ կատարվում է քո շուրջը, ու պետք է լինում ինչ-որ մեկը, ում կկարողանաս ասել՝ գիտե՞ս՝ տխրել եմ:

Բարեւ, գիտե՞ս… Չէ, ոչինչ, պարզապես արդեն ամռան երկրորդ ամիսն է, իսկ ես առաջինը դեռ չեմ էլ սկսել… Այդպես պատահում է, երբ մտքերով ուրիշ ժամանակի մեջ ես եւ չես հասցնում քոնի հետեւից: Բայց դե, նորմալ է:

Նորմալ է, չէ՞, որ ես դեն չեմ գցում ընկերոջս տված կոնֆետի թուղթը, որ չորացնում եմ ծաղիկները տետրերիս արանքում: Նորմալ է, չէ՞, որ շոշափելով եմ կարդում թղթե նամակները, որ բույրով ամիսներ եմ ապրում: Նորմալ է, չէ՞, որ երբեմն խոսում եմ քեզ հետ իմ մտքում ու աշխարհում ամեն ինչից շատ հավատում, որ դու հասկանում ես ինձ: Եվ նորմալ է, չէ՞, որ Ապրիլյանի տղաներից մեկի տված անձեռոցիկը պայուսակումս պինդ-պինդ պահած է: Կասես՝ չգիտեմ: Բայց ես հո վստահ եմ, որ մեզ կերտում են մեր սիրելիները, եւ թող նրանք լինեն մարդիկ, իրեր կամ օրեր:

Ինչ-որ մեկն ասում էր՝ when I look at your room, I see a girl, who loves books… Իսկ գուցե՝ a girl, who misses: Ի՞նչ կարեւոր է՝ ում: Էդ հարցին հազար պատասխան կա, եւ հազարն էլ՝ ճիշտ: Թեպետ հիմա ինձնից էլ լավ գիտես… Դա պատահեց այն օրը, երբ քայլելով օտար քաղաքի օտար փողոցներով՝ հանկարծ հասկացար, որ հայրենիքդ մենք ենք՝ ես, նա, բոլոր ընկերներդ, դեպի ում վերադառնալու օրերն ես հաշվում:

Ես միացնում եմ հեռախոսս ու երգին հավասար կրկնում I am a big-big girl in a big-big world-ը ու հավատում եմ, որ սա ինչ-որ պահի նաեւ իմ մասին է: Հավատում եմ հազար ու մի բանի:

Հավատում եմ, որ իմ հայրենիքի մի կտորն էլ դու ես, ով շուտով վերադառնալու է անպայման: Մի կտորը նրանք են, ովքեր պոկվել, չվել են հեռուներ, ու դժվար թե հետ գան էլ: Մյուս կտորն էլ՝ նրանք, ովքեր էստեղ են, բայց եւ ինչ-որ զուգահեռ իրականության մեջ, որտեղից չեն վերադառնում, եւ նրանց է, որ միշտ եմ կարոտելու:

Երբ Վիսոցկին երգում էր он не вернулся из боя, էս մասին էր մտածում: Դու այդ ինձնից էլ լավ կհասկանաս: Բայց ինչո՞ւ միայն կռվից: Կարելի է չվերադառնալ սովորական խանութից կամ էլ մետրոյից աշնանային մի օր: Չնայած, կարելի է եւ վերադառնալ:

Երբեմն ես այ էսքան լուրջ եմ, թեպետ դու ինձ տեսնում ես հաճախ երեխա, ինչպիսին եղել եմ ինչ-որ ժամանակ եւ հիմա գուցե չեմ… Դա մի ժամանակ էր, որին հիշում եմ այսօր այն նույն ժպիտով, որով, ենթադրենք, երկնքով անցնող ինքնաթիռին կնայեմ, որի մեջ գուցե դու կլինես մի օր, ու այդ ժամանակը նույն ինքնաթիռի նման կփոքրանա անվերջ, մինչեւ ինչ-որ պահի կկորչի տեսադաշտիցս իսպառ:

Բարեւ, իսկ դու ինչպե՞ս ես:

Մայրամուտի երանգները

Շատ եմ սիրում մայրամուտը: Ամեն օր երեկոյան դուրս գալով տանից` զարմանում եմ, թե ինչպիսի հրաշք է ստեղծել բնությունը: Նայում և չեմ հագենում: Արևը կարմրում է: Նրա ճառագայթները, ընկնելով ամպերի վրա, երկինքը գունավորում են վարդագույն, նարնջագույն, դեղին, երկնագույն, վառ կարմիր և առահասարակ, ծիածանի բոլոր գույներով: Գույները միաձուլված են մեկը մյուսին: Կարմիրը, սկիզբ առնելով արևից, ձուլվելով նարնջագույնին, անցնում է դեղինի, դեղինը` վարդագույնի, իսկ այդ ամբողջ տեսարանը շողշողում է արդեն խամրող երկնագույնի վրա։


Ամեն մայրամուտ առանձնահատուկ է իր երանգներով։ Մայրամուտն ամենագեղեցիկ նկարներից է, որ նկարել եմ կյանքումս։ Ամեն անգամ վայելում եմ մայրամուտը և մտածում, որ ամենակարող է Աստված, միայն նա կարող է շրջակա միջավայրը ներկել այսպիսի գեղեցիկ գույներով։
Սիրում եմ մայրամուտը, սիրում եմ մենակ նստել ու նայել արևին, դա լավագույն ժամանակն է մտածելու, որ չնայած կյանքի անարդարություններին՝ կյանքն իր մեջ ունի նաև լավ կողմեր՝ գեղեցիկ բնություն, բարություն, որ մնացել է քիչ մարդկանց մեջ, սեր և մի փոքր հավատ դեպի լավը…Կյանքում լինում են պահեր, որոնց համար արժե ապրել, և դրանցից մեկը մայրամուտն է:


Ամեն անգամ նայելով մայրամուտին՝ հիշում եմ հայտնի հեքիաթից մի հատված.
«Մի օր ես քսաներեք անգամ տեսա, թե ինչպես է մայր մտնում արևը: Գիտե՞ս, երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը:
-Ուրեմն այն օրը, երբ դու քսաներեք անգամ տեսար վերջալույսը, շատ էիր տխուր»: