hayk kostandyan

«Սաղ լավ ա էղնելու…»

Ընկերներիցս երկուսի հետ նույն համալսարանում ենք սովորում: Չնայած այն բանին, որ տարբեր բաժիններ ենք ընտրել՝ միշտ օգնում ենք իրար: Ամեն քննությունից առաջ նրանց ասում եմ.

-Սաղ լավ ա էղնելու, չմտածեք…

Լսում են ինձ, բայց շարունակում են անհանգստանալ:

Քննությունից մեկ օր առաջ ընկերոջս հետ հեռախոսով էինք խոսում.

-Ախպեր, ո՞նց եմ քննությունս տալու, բան չեմ սովորել:

-Շատ մի մտածի, սաղ լավ ա էղնելու, մինչև քնելդ մի երկու բան կարդա:

-Կարդըմ եմ՝ բան չեմ կարըմ հիշեմ։ Բանակից առաջ ոնց որ գուբկա էղնեի՝ ինչ կարդըմ էի, սաղ քաշըմ էի ուղեղիս մեջ:

-Էսա ֆեյսբուքով վիդեո կուղարկեմ հիշողությունը լավացնելու համար:

-Ուղարկի, նայեմ տենամ՝ կօգնի՞:

-Դե, էսա ուղարկեմ, դու նայի ու էդքան մի մտածի, սաղ լավ ա էղնելու…

Հաջորդ օրը քննությունից հետո հանդիպեցինք, ու առանց բարևելու միանգամից հարցրեցի.

-Հը՞, ի՞նչ ստացար:

-Չորս ա դրել:

-Բա որ ասում էի՝ սաղ լավ ա էղնելու:

Ու ընկերս, համաձայն իր բնավորության, սկսեց.

-Բանակից առաջ իմ նման սովորող չկար, կարաս՝ տղերքին հարցնես:

-Հա, գիտեմ, ասել ես մի հազար անգամ (ամենաքիչը): Ասում եմ՝ տենց էլ չսովորեցիր էլի ինձ լսելը:

-Այսի՞նքն:

-Սաղ լավ ա էղնելու…

Իմ հայրենակիցը

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների Միության (ԵԿՄ) Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ, գեներալ-մայոր Աշոտ Գասպարյանի հետ, ով պարբերաբար մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված ազատագրական-ինքնապաշտպանական մարտական գործողություններին:

-Հարգելի՛ պարոն Գասպարյան, ծնվել և մեծացել եք մի ընտանիքում, որտեղ բարի գործ կատարելը ապրելակերպ է եղել: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ստալինյան վարչակարգի անհիմն մեղադրանքներով սկսվում են ձերբակալությունները: Իմ նախապապին՝ Միսակ Գասպարյանին, ով Կարմիրգյուղի գյուղապետն էր, փակում են նույն խցում, ուր փակված էր նաև Եղիշե Չարենցը: Իսկ դրա պատճառն այն էր, որ նա ընդամենը մտերիմ է եղել Աղասի Խանջյանի հետ: Մի գիշեր էլ նրանց ձիակառքով անվերադարձ տանում են անհայտ ուղղությամբ, իսկ պապիս որբացած երեք աղջիկները Չարենցի աղջիկների հետ մեծացել են նույն որբանոցում: 12 տարեկան հայրս՝ Տաճատը, կորցրեց հորը, որպես հակահեղափոխականի որդի՝ շատ ճնշումների ենթարկվեց, բայց կարողացավ ամուր կառչել այս հողին ու երկրին: Այն հայրենասիրությունը, որը կա իմ մեջ, եկել է իմ նախնիներից:

- Կասե՞ք մի քանի նվաճումներ, որոնցով ամենաշատն եք հպարտանում:

-Առաջին ուրախությունս ու հպարտությունս անկախություն ձեռք բերելն է, երկրորդը՝ Լաչինի հետ վերցնելը, երրորդը՝ Շուշիի ազատագրումը: Իմ ուրախությունն ու հպարտությունը անկախության հասնելն ու մեր հաղթանակներն են:

-Ի՞նչն եք կարևորում կյանքում տարիների հեռվից նայելով Ձեր անցած ուղուն:

-Ես առաջին հերթին կարևորում եմ հայրենիքը, ուր ծնվել ենք: Կյանքում միշտ պիտի միասնական լինենք, որ կարողանանք հաղթել մեր թշնամուն և հզոր պահենք մեր հայրենիքը:

-Ինչպե՞ս դարձաք ԵԿՄ նախագահ:

-Ես երկրապահի կողքին եմ եղել դեռ 1991թ.-ից: Երբևէ չեմ ցանկացել դառնալ ԵԿՄ նախագահ: Իմ աշխատանքները տեսնելով, առաջարկեցին, և, ես, որոշ ժամանակ մտածելուց հետո ընդունեցի:-Պարո՛ն Գասպարյան, ապրիլի 2-ը ճակատագրական դարձավ հայ ժողովրդի համար: Կհիշե՞ք այդ օրը: 

-Ապրիլի երկուսին՝ երեկոյան ժամը յոթին, ԵԿՄ նախագահությունից հրաման ստացանք, որ կազմակերպենք հավաք և առավոտ շուտ գնանք պատերազմի դաշտ: Ամբողջ Գավառի տարածաշրջանից հավաքվեցին 300 կամավորներ: Ի դեպ ասեմ, որ ամենաշատը մեր գյուղացիներն էին հավաքվել: Հավաքվեցինք և վաղ առավոտյան մեկնեցինք Արցախ: Ես նշանակվեցի Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Բյուրեղավանի ջոկատների հրամանատար: Եվ քանի որ ես Թալիշի ու Մատաղիսի դիրքերին էի ծանոթ, որոշեցինք, որ կմնանք այնտեղ (այդ դիրքերը մենք ենք պաշտպանել դեռ1994թ.-ից):

Ես վիրավորվեցի անօդաչու սարքի արձակած կրակից, բայց բարեբախտաբար զոհ չտվեցինք: 300 հոգի մարդ եմ տարել ու ոչ մի զոհ չեմ ունեցել:

-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին:

-Երիտասարդ սերնդին ես առաջին հերթին խորհուրդ կտամ լավ սովորել, պիտանի մարդ դառնալ: Այսօր մեր երիտասարդները այնքան ուժեղ են, մեզանից էլ են հմուտ: Ես մեր այսօրվա երիտասարդությանը խորհուրդ կտամ, որ միշտ մնան հայրենասեր, չլքեն Հայաստանը, արարեն, աշխատեն: Հիմա դարը երիտասարդներին է, իրենք պիտի մտածեն, թե ինչպիսի ապագա պիտի ստեղծեն Հայաստանի համար:

stella avetiqyan

Հունիսյան արտագաղթն ու օգոստոսյան ներգաղթը

Ամեն ուսումնական տարին ավարտվելուց հետո հունիսին մեկը հիշում է իր Ռուսաստանում ապրող մորաքրոջը, մեկը՝ Երևանում ապրող մորեղբորը, մեկն էլ՝ հարևան գյուղի տատին ու պապին:

Դե հասկացաք, որ խոսքն ամառային արձակուրդներին հանգստի գնալու մասին է: Ինձ համար, կարծես, այս երևույթը հունիսյան արտագաղթ լինի, բայց սեզոնային:

Իսկ օգոստոսի վերջին բոլորը հետ են գալիս ու պատրաստվում դասերին: Սա էլ օգոստոսյան ներգաղթն է՝ հայրենադարձության նման մի բան:

Կուզենայի, որ բոլոր արտագաղթերն այսպիսին լինեին՝ սեզոնային, հարազատներին տեսնելու, հանգստանալու և տպավորություններվ վերադառնալու ներգաղթով:

violeta mkrtchyan

Մեծանում ենք

-Վիոլ, որոշե՞լ ես՝ ինչ ես դառնալու,- հարցրեց ընկերուհիս:

-Լավ հարց էր, բայց դեռ ոչ:

-Ինչո՞ւ:

-Դե, եսիմ, չեմ կարողանում կողմնորոշվել:

-Բալես, ե՞րբ ես մասնագիտություն ընտրելու,- հիմա էլ մայրս է հարցնում:

-Մամ, դե ամեն օր բոլորը նույն հարցն են տալիս: Մի բան կընտրեմ էլի, դեռ ժամանակ կա:

-Մնաց մեկ տարի: Ո՞նց ես հասցնելու պարապել

-Ուֆ, մամ, չգիտեմ: Դժվար բան ա մեծանալը:

Երբ հասնում է չափահասության սահմանը, պետք է կարևոր որոշումներ կայացնել: Դրանցից մեկը մասնագիտության ընտրությունն է, որը շատ որոշիչ է ամբողջ կյանքի համար::

Նախ, մասնագիտությունը պետք է դուր գա, որպեսզի հետագայում սիրով աշխատես, ոչ թե անիմաստ և ձանձրալի թվա: Ես բարդ մարդ եմ, քանի որ ամեն ինչ հետաքրքրում է ինձ, դրա համար չեմ կարողանում կողմնորոշվել: Փոքր տարիքում շատ էի սիրում խոհարարության և դիզայնի հետ կապված ամեն ինչ: Ընտանիքս, նկատելով նկարչական ունակություններս, տարան գեղարվեստի դպրոց: Բայց ինձ այդ ոլորտում չգտնելու պատճառով չսիրեցի և չշարունակեցի: Այժմ նկարչությունը իմ հոբիներից մեկն եմ համարում: Շատ-շատ սիրում եմ հայոց լեզուն, կուզենայի բանասեր դառնալ, բայց ցավոք, ընդհանրապես չեմ սիրում գրականությունը և կարդալը: Ինչպես վերջերս եմ պարզել. ինֆորմատիկան, կայքի ծրագրավորումն ու դիզայնը իմն են: Այս մասնագիտությունը ինձ դուր է գալիս, բայց դե իհարկե, մաթեմատիկա իմանալ է անհրաժեշտ:

Ի՞նչ կասեք, որոնք են այժմ ավելի արդիական, պահանջված, հետաքրքիր և հաճելի մասնագիտությունները:

nina arsutamyan portret

Սնկի «բիզնես»

Գուցե հիմա հոդվածիս վերնագիրը քեզ տարօրինակ թվա: Ին՞չ սնկի բիզնես: Հիմա այդպես ես չ՞է մտածում: 

Ես ապրում եմ Սյունիքի մարզի Գորայք գյուղում: Մեր գյուղի թե մեծահասակները, թե փոքրերը, մայիս ամսից վաղ առավոտյան գնում են դաշտերը և բերում են սունկ:

Իմ փորքրիկ եղբայրը՝ Արթուրը, արդեն 2-3 տարի է, ինչ մայիսից սունկ է բերում և վաճառում: Առավոտյան ժամը 6-ին արթնանում է, վերցնում դանակ և մեծ պոլիէթիլենային տոպրակ, և գնում դեպի հեռավոր դաշտերը: Դաշտից դուն է գալիս ժամը 10-11-ին:

-Հը՞, Արթ, ին- որ բան բերե՞լ ես:

-Հա, տես, կոկոմ-կոկոմ սնկեր եմ բերել: Հըլը արագ վեդրոները տուր, ու մեկ էլ խոնավ կտոր, որ մաքրեմ:

-Արթ, մեծ-մեծ սնկեր են, լավ գին կասես:

-Վա՜յ, Նինա, լավ էլի, հո ես վեդրոին չե՞մ ասելու 3000 կամ 4000, ասելու եմ՝ 1000-1500 կամ էլ՝ 2000:

-Բա էժան չի՞:

-Հա, թող էժան լինի, բայց ծախվի:

Եղբայրս բոլոր սնկերը մաքրում է կտորով, կտրում է սնկի ոչ պիտանի մասերը, գեղեցիկ շարում դույլերի մեջ և գնում դեպի ճանապարհը: Այնտեղ ուրիշ շատ երեխաներ կան:

Գիտե՞ք, սնկի ամիսների ժամանակ եղբորս տրամադրությունը կախված է լինում իր աշխատանքից: Եթե վաճառված է լինում սունկը, ապա բարձր տրամադրություն է ունենոմ, իսկ եթե չի կարողանում վաճառել… Այդ օրերին մռայլ դեմքով մտնում է տուն, նստում աթոռի վրա և ոչ-ոքի հետ չի խոսում: Եթե այդ օրվանը չի վաճառվում, ապա հաջորդ օը կրկին գնում է, նորից սունկ է բերում և, չգիտես ինչպես, արդեն «լավ գնով» վաճառում է:

-Ա՜յ ջան, ըհը, էսօր էլ ծախամ:

Երբ մայրս աշխատանքի է լինում, եղբայրս արագ-արագ գումարը հանում է և տալիս է հայրիկիս, որ պահի:

-Պապ, պահի մոտդ, որ մաման գործից գա՝ ես տունը չլինեմ, կտաս իրան:

Մայրս, երբ աշխատանքից տուն է գալիս, իսկ Արթուրը տանն է լինում, արագ-արագ գնում կանգնում է դռան դիմաց, և երբ մայրս դուռը բացում է.

-Մա՜մ, էսօր էլ եմ է ծախել: Փողը տվել եմ պապային, կպահես, որ ես պետք ա հեծանիվիս համար անիվ գնեմ:

Այսօր եղբայրս անտրամադիր մտավ տուն:

-Հը՞, չծախվե՞ց:

-Չէ:

Դե ինչ, ով զբաղվում է սնկի «բիզնեսով», ապա կհասկանա եղբորս:

Anushik Mkrtchyan

Քամու բերած նամակը

Երբ փոքր էի, շատ բաների վրա էի ուրախանում: Դրանցից մեկը խատուտիկ էր: Երբ տեսնում էի խատուտիկի բմբուլը օդում, ասում էի, որ ինչ-որ մեկն ինձ նամակ է ուղարկել: Խատուտիկն օդում ճախրում էր, իսկ ես փորձում էի բռնել և տալիս էի մեկի անունը և փչելով հետ ուղարկում: Մտածում էի, որ նամակս կհասնի հասցեատիրոջը: Ես հավատում էի, որ բամբակի նման թեթև իմ փետուրը քամին ուր ասես, կարող է տանել:

Երբ տալիս էի մեկի անունը և ուղարկում, նայում էի, թե ինչպես է խատուտիկս օդ բարձրանում ու քամու թևին պարելով հետզհետե հեռանում ինձնից: Մտածում էի, որ եթե այդպես բարձրանում է օդ ու հեռանում, ուրեմն հաստատ գնում է հասցեատիրոջ մոտ:

Քիչ առաջ խատուտիկի մի փոքրիկ փետուր դիմացովս անցավ: Երբ քամին քիչ մեղմացավ, այն դանդաղ իջավ ներքև: Ես էլ ձեռքս պարզեցի, և խատուտիկն ընկավ ուղիղ ափիս մեջ: Խատուտիկ, քեզ նորից ուղարկե՞մ հեռու երկրներ: Ափիս մեջ պահած նայում էի, հանկարծ առաջվա պես պինդ հավատացի, որ գնալու է, իմ նամակը տեղ է հասցնելու… Ծնողներիս անունը տվեցի, «նամակս» շշնջացի նրան:

Խատուտիկների փետուրները՝ սերմերը, տարածվում են հունիս ամսվա սկզբներին: Հիմա ճիշտ ժամանակն է «նամակներ» ուղարկելու:

elita balyan

Ցանկապատն ու կծան աքլորը

Տատիկս անընդհատ պապիկիս ասում էր.

-Հավաբնի աղաքը սետկա քաշի, վեր հավերին կարամ տյուս անեմ, ղրղին տանի վեչ:

Ամեն անգամ լսում էի այս արտահայտությունը, երբ գնում էի տատիկենցս այցելության: Պապիկս ասում էր.

-Վե՞նց սարքեմ, սաղ օրը բխճեքումը գործ եմ անում:

Մի օր էլ գնացի տատիկենցս տուն ու տեսա, որ պապիկս ցանկապատում է հավաբնի դիմացը:

-Էդ արդեն սարքո՞ւմ ես, պապի:

-Էհ, բալես, բա հի՞նչ անեմ:

Ու գնացի, որ տատիկիս ասեմ:

-Տատ, գիտե՞ս, պապին հավաբնի դիմացը ցանկապատում է:

-Հա, էդ տունը շինվածը լավ ա սկսեց սարքիլը: Արդեն կարամ հավերին տյուս անեմ:

Մի քանի շաբաթ անց ցանկապատը պատրաստ էր, ու հավերն այնտեղ քուջուջ էին անում:

Տատիկս քսան հավ ունի, մի աքլոր: Այդ աքլորը շատ վախենալու աչքեր ունի: Ամեն անգամ այդտեղով անցնելիս մայրիկիս ասում էի.

-Էս աքլորը աչքիս ալաբուլայա էրևում…

Մի օր էլ տատիկիս հետ գնացինք հավերին կուտ տալու, ես կանգնեցի դրսում, որովհետև վախենում էի աքլորից, իսկ նա փայտով ներս գնաց: Դուրս գալուց աքլորը վրա տվեց տատիկին , ես միանգամից գոռացի.

-Տա՜տ, էկա~վ…

-Բա կյալիս ա էլի, էս տերը մեռածը,- ասաց ու փայտով խփեց աքլորին:

Սա էլ պապիկիս սարքած ցանկապատը, տատիկիս հավերն ու կծան աքլորը:

anna gasparyan aragats

Սարերում

Ուզում եմ ձեզ մի բան պատմել մանկությունիցս: Երբ փոքր էի, 4-5-րդ դասարան, ատում էի ամեն մի օրս, ատում էի, որ գալիս էին ամառային արձակուրդները: Հիմա կմտածեք, թե ինչու, չէ որ բոլոր երեխաներն անհամբեր սպասում են արձակուրդներին:

Երբ փոքր էի, ամառային արձակուրդների սկսվելուն պես ես, եղբայրս, հորեղբորս երեխաները տատիկիս և պապիկիս հետ բարձրանում էինք սար`այնտեղ մնալու: Երեք ամիս մնում էինք սարերում, պահում էինք անասուններին`կովերի, ոչխարների:

Մեր օրը սկսվում էր այսպես: Առավոտյան արթնանում էինք ժամը 6-ին: Տատիկս և պապիկս գնում էին գոմ, որպեսզի տատիկս կթի կովերին, իսկ պապիկս էլ կովերին տանի սարը արածեցնելու, հետո կթում էր ոչխարներին, ոչխարներին էլ եզդի հովիվներն էին տանում ավելի բարձր սարը և իրիկունը բերում: Իսկ մենք խաղում էինք և օգնում նրանց: Ի դեպ, այդ երեք ամիսներին մենք մնում էինք վրանի մեջ:

Հետաքրքիր է, չէ՞: Այո’, իհարկե, կարդացողի համար ամեն ինչ հետաքրքիր է ու հեշտ, իսկ այդ ամենը ապրողի համար ուղղակի տառապանք ու չարչարանք: Մի հետաքրքիր քար կար այնտեղ: Մենք նստում էինք այդ քարի վրա և սահում`խաղում էինք, խաղում, որ այդ օրերը շուտ անցնեն: Այնտեղ կար մի լքված ավտոբուս: Ավտոբուսի մեջ էլ խաղում էինք տուն-տունիկ: Երբ գալիս էր օգոստոս ամիսը, մենք երեխաներով իջնում էինք սարից, որ պատրաստվենք դպրոց գնալուն:
Սեպտեմբերի 1-ին դասղեկս երեխաներին հարցնում էր, թե ինչպես ենք անցկացրել մեր ամառային արձակուրդները: Բոլորը պատմում էին, թե ինչ են արել, ինչով են զբաղվել, ուրախ-ուրախ պատմում էին, թե ուր են գնացել հանգստանալու, իսկ ես լուռ նստում էի: Ուսուցչուհիս  հասկացել էր, որ ես ոչ մի տեղ էլ չեմ գնացել հանգստանալու, այլ գնացել եմ սար՝ օգնելու տատիկիս ու պապիկիս: Ուսուցչուհիս բոլորին լռեցրեց, և ինձ կանչեց իր մոտ: Անկեղծ ասած, մի պահ զարմացա, բայց գնացի կանգնեցի ուսուցչուհուս կողքին: Ուսուցչուհիս ասաց, որ արձակուրդները ամենալավը անցկացրել եմ ես: Ինքս ինձ հարց տվեցի՝ ե՞ս, ինչո՞ւ: Ու շարունակեց՝ ասելով, որ ես գնացել եմ սար, ուր կար մաքուր օդ է, բնություն, օգնել եմ ընտանիքիս անդամներին: Այդ ամենը ասում էր, որ ես ինձ վատ չզգամ, դա ես հասկանում էի և լուռ լսում: Ուսուցչուհիս վերջացրեց և գնաց: Դասընկերներս մոտեցան ինձ և սկսեցին հարցեր տալ: Ես պատմեցի ամեն ինչ, ինչ կատարվել էր սարերում: Պատմելիս ինքս էլ հասկացա, թե ինչ հետաքրքիր էր սարերում:

Հիմա ես չեմ ատում մանկությունս, այլ կարոտում եմ: Կարոտում եմ սարերում անցկացրած ամեն մի օրս: Մեր խաղերը, մեր կատարած ամեն հիմար արարքները: Արդեն 4-5 տարի է, չեմ գնացել սար, չեմ տեսել այն վայրը, որտեղ մնում էինք, այն քարը, որի վրայից սահում էինք, ավտոբուսը, որ մեր տուն-տունիկի թագավորությունն էր…

Հիմա արձակուրդներս այլ կերպ են անցնում, մի տեսակ շրջանակի մեջ… 

anush mkrtchyan

Շենիկի ՏնաՇենը

Գյուղում ապրելու ամենամեծ առավելությունը քաղաքից չլինելն է, իսկ քաղաքից լինելու միակ առավելությունը՝ քաղաքից լինելը:

Երբեք չեմ փայլել երաժշտական ունակություններովս, թեև ինձ մեծ երգչուհի էի համարում ՝ սանրը ձեռքիս: Չնայած երաժշտական լսողությու չունենալուս, մայրս միշտ ինձ դաշնակահար էր պատկերացնում, տատս էլ ՝ քանոնահար: Երևի, եթե գյուղում չլինեի, ստիպված կլինեի նոտա սովորել ու որևէ գործիք նվագել, բայց գյուղս փրկեց ինձ:

Ի պատասխան իմ անտաղանդ կերպարի, գյուղում շատ երեխաներ կան, որոնք արվեստի հետ մեծ առնչություն ունեն: Իմ միակ տաղանդը՝ քիչումիչ գրելն է, և թունդ սուրճ պատրաստելը:

Ու այդ շատ ու շատ երեխաներ՝ զարգանալու ու կատարելագործվելու հնարավորությունից զրկված լինելով, իրենց տաղանդը ներդնում են դարպասներին կավիճով նկարելու ու դպրոցական հանդեսներին՝ բերանը բացել-փակելու մեջ:

Երևի կհամաձայնեք, որ դպրոցում երեխաները ոչ միշտ են իրենց ազատ դրսևորում , ու շատ տաղանդներ մնում են անհայտ: Հենց այս տաղանդներին որոնելու ու բացահայտելու ձգտումով էլ մի երկու ընկերներով որոշեցինք գյուղում զարգացման կենտրոն բացել:

30 տարվա ստաժավոր ուսուցիչներից հետո 15 տարեկան աղջկան «ուսուցչի» դերում դժվար է պատկերացնել: Խնդրել եմ, որ ինձ ազգանունով կամ «ընկեր»- ով չդիմեն. ինձ իմ անունը դուր է գալիս:

Կենտրոնի անունը բավականին ոգևորիչ է Շենիկի «ՏնաՇեն» ակումբ: Երեխաների թիվը գնալով շատանում է, ու դրան նպաստում է ծրագրի անվճար լինելը: Ակումբում աթոռներ չունենք, մենք նստում ենք բարձերին, խոսելուց կանգնել պետք չէ, իսկ ձեռքի փոխարեն՝ մատ ենք բարձրացնում:

Մենք գտել ենք գյուղի երեխաներին «դաշնակահար» ու «քանոնահար» դարձնելու մեր բանաձևը: Դրա համար նոտա սովորել պետք չի, պարզապես պետք է հավատալ ու չսահմանափակել մեզ գյուղի ներսում, ինչու չէ՝ ձգտել քաղաքին, բայց լինել գյուղացի:

svetlana davtyan

Լավագույն ժամանակը

Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը

 Մարսել Պրեվո

Գրքեր կարդալու համար երևի թե ամենալավ շրջանը ամառն է: Իհարկե, դպրոցը ինձ չի խանգարում գիրք կարդալ, բայց ամռանը ազատ ես, չունես գործեր, չկան դասեր, կարող ես առավոտից մինչև ուշ գիշեր հանգիստ կարդալ: Սիրում եմ կարդալ արկածային գրականություն, պատմվածքներ, սիրային պատմություններ: Կարդում եմ ամեն ժամանակ, անգամ, երբ տխուր եմ լինում, կարդում եմ և մոռանում եմ տխրությանս մասին՝ տարվելով կերպարների կյանքով: Իհարկե, ես սիրում եմ հայ գրողների ստեղծագործությունները, բայց արտասահմանյան գրականությունը տարբերվում է: Շատ սիրելի գրողներ ունեմ որոնցից են՝ Ալեքսանդր Դյուման, Վիկտոր Հյուգոն, Գարսիա Մարկեսը, Բալզակը և այլն: Բայց բոլոր գրողներից ինձ համար տարբերվում է Գարսիա Մարկեսը իր «Հարյուր տարվա մենություն» վեպով:

Գրողներ իրենց ամբողջ կյանքը նվիրում են իրենց աշխատանքին, գրում են ամբողջ կյանքի ընթացքում և մեծ ժառանգություն են փոխանցում ապագա սերունդներին: Գրքեր կարդալու միջոցով կարողանում ես ավելի շուտ ճանաչել մարդկանց, շատ հաճախ կյանքիդ մեջ բախվում ես մի է իրավիճակի, որը կարծես կարդացել ես, կարողանում ես հասկանալ, թե ինչ քայլ կատարես:

Ասում են՝ գրքեր այրելուց բացի կա ավելի մեծ մեղք՝ դա գրքեր չկարդալն է: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ այդ հանցագործներից չեմ: Բոլոր մարդիկ, անկախ տարիքից, պետք է կարդան գրքեր: Հիմա ամառ է, գրքի հետ ծանոթանալու լավագույն ժամանակը: